№ 15 / 15 սեպտեմբեր

ՍՊՈՐՏԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ

Սպորտը մնում է սպորտ, քաղաքականությունը՝ քաղաքականություն: Իրար հետ կապ չունեն, սակայն հաճախակի են լինում դեպքեր, երբ սպորտը խցկում են քաղաքականության մեջ, շատ ու շատ զանազան բաների պես այն ևս քաղաքականացնում:

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը վերջին ամիսներին դարձել էր հայկական դիվանագիտության մի մասը՝ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Հայաստան կատարելիք այցի հետ՝ միասին դիտելու երկու ազգային հավաքականների խաղը:

Ըստ իս, մարզասերների և ֆուտբոլիստների համար, բարեբախտաբար, ֆուտբոլային այդ հանդիպումը մնաց սպորտի տիրույթում: Համենայն դեպս, ես այդ տպավորությունը ստացա: Բայց քանի որ ոչ մարզական ճամբարում, այնուամենայնիվ, այն դիտում էին քաղաքական ակնոցներով, փորձեմ իմ մտորումներով կիսվել այդ խաղի և մեր դիվանագիտության շուրջ:

Այն, ինչ տեսանք խաղադաշտում մեկևկես ժամում, առնվազն մեկևկես տասնամյակ է տեսնում ենք մեր դիվանագիտական դաշտում: Նույն դիլետանտությունը, նույն խեղճուկրակությունը, նպատակի բացակայությունն ու բելիկովյան ավելորդ զգուշավորությունը: Մեր ֆուտբոլիստներն ասես խաղադաշտ էին մտել միմիայն մի նպատակով՝ գնդակն իրենցից ցանկացած ուղղությամբ հեռացնելու համար: Այդպես էլ ոչ մի վտանգավոր պահ չստեղծվեց հակառակորդի դարպասի մոտ, անգամ գեղեցիկ մի կոմբինացիա չձեռնարկվեց՝ նրանց դարպասին մոտենալու համար:

Նույն «խաղն են խաղում» նաև մեր դիվանագետները: Մեր աչքի առաջ վերափոխվում է աշխարհի քարտեզը, դե-ֆակտո անկախություն են ձեռք բերում նորանոր երկրներ՝ Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան… Իսկ մենք շարունակում ենք պտտվել ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչվող նույն «տաշտակի» շուրջ, կառչում, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներից  և փորձում ինքներս մեզ համոզել, թե մեր երկրի համար չկա անվտանգության ավելի մեծ երաշխիք, քան ազատագրված շրջանների հանձնումը, հայկական զինուժի դուրսբերումը, ադրբեջանցիների վերադարձը և 10-15 տարի հետո, նրանց հետ ձեռք-ձեռքի տված, հանրաքվե անցկացնելը՝ մեր երկրի կարգավիճակը ինքներս մեզ համար և աշխարհի համար վերջնականապես պարզելու համար:

Ջայլամի պես գլուխներս խցկել ենք ավազի մեջ, սպասում ենք, թե ինչպես են «լուծելու» մեր ապրելու խնդիրը: Մադրիդյան սկզբունքները մենք պաշտպանում ենք, որովհետև Ադրբեջանը չի ընդունում դրանք և, ընդհանրապես, այն ամենը, ինչ չի ընդունում մեր հակառակորդը, մենք պիտի ընդունենք. դիվանագիտությունը դա է պահանջում,- ոչ բառացի ես մեջ եմ բերել մեր դիվանագետներից մեկի խոսքերը: Սա է մեր «ճկուն դիվանագիտությունը»: Իսկ եթե վաղը նույն այդ հակառակորդն ասի, որ տող առ տող ինքն ընդունում է դրանք, այնժամ մենք ի՞նչ ենք անելու, Ղարաբաղի բանալիները հանձնելո՞ւ ենք…

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը մեզանում քիչ էր մնում դարձնեին Հայ Դատի խնդիրներից մեկը: Լավ, ենթադրենք մեր հավաքականը հաղթեց, հետո՞: Դրանից շահելո՞ւ է, արդյոք, մեր երկիրը, Ղարաբաղը անկախանալու կամ միանալո՞ւ է Հայաստանին: Դրանով հայը վե՞րջ է տալու պանդուխտի ցուպն առած՝ երկրից երկիր թափառելու բոշայական սովորությանը:

Թող որ հայ ֆուտբոլիստները պարտվեին թեկուզ 10:0 հաշվով, բայց մեր քաղաքագետները հաղթանակներ տոնեին թե’ երկրի ներսում, թե’ դրսում: Ինձ համար սեփական երկրում արժանապատիվ, խաղաղ ու անվտանգ ապրելու երջանկությունը շատ ավելի վեր է, քան մարզական բազում հաջողության ակնթարթները, քան մեր ժողովրդի պատմությունը լեցուն բարոյական հաղթանակները՝ միասին վերցրած:

Եկեք սպորտն ու քաղաքականությունը չխառնենք իրար: Մեր մարզիկների հաղթանակից ազատագրված տարածքներն ինքնիրեն չեն վերաբնակեցվելու, դրանից Հայաստանն ավելի ժողովրդավարական և օլիգարխներն ավելի հայրենասեր չեն դառնալու, և ոչ էլ նվազելու է աղքատ ու սակավակարող հայ ընտանիքների թիվը:

Ես և տասնյակ, հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ ուզում ենք կրկին Հայրենիք չկորցնել՝ հետո աշխարհով մեկ ողբալու համար: Այլևս հիմարություն է «Ծովից ծով Հայաստանի քարտեզը» գրկած, Տիգրան մեծի հաղթանակների հիշողություններով և քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունելու փաստով ռուսաստաններում ու ամերիկաներում մուրացկանություն անելը:

Հայ ֆուտբոլիստների պարտությունը «դարավոր թշնամուց» ինձ համար ամենևին ողբերգություն չէ: Ողբերգություն կլինի միայն այնժամ, երբ մենք այս անգամ ևս հայկական հող ու Հայրենիք կորցնենք: Նյութական և հոգևոր արժեք, որ շատ ավելի թանկ է, հավատացեք, քան սպորտը կամ քաղաքականությունը:

Վարդգես ՕՎՅԱՆ

——————————————————————————————

Ներպետական

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐԵԼՈՒ 

(«Դեմո»-ի բացառիկ հարցազրույցը ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻ հետ)

– Տիկին Նարիմանյան, արդեն տեղեկացվել է, որ 2009-ից ԼՂՀ-ում ուժի մեջ կմտնի միանգամից 4 օրենսգիրք՝ քրեական, քաղաքացիական, վարչական դատավարությունների եւ դատական: Ինչպե՞ս եք գնահատում արցախյան օրենսդրական դաշտի այսպիսի ծանրակշիռ համալրումը, եւ ինչու՞, ըստ Ձեզ, այսքան ուշացումով է նորանկախ պետությունը սեփական օրենսգրքեր ունենում:

– ԼՂՀ Սահմանադրության ընդունումը խթան հանդիսացավ դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար: Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը մշակելու և օրենսդրական փաթեթը պատրաստելու նպատակով Հանրապետության Նախագահի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որի աշխատանքի արդյունքում էլ մշակվել և ընդունման են ներկայացվել չորս օրենսգրքերի և երկու օրենքների նախագծեր:

«Դատական օրենսգրքի» նախագծով, ներկայումս գործող մի քանի օրենքների փոխարեն, մեկ միասնական եւ համակարգված ակտով սահմանվում են դատական իշխանության կազմավորման եւ գործունեության հիմնական սկզբունքները:

Հաշվի առնելով, որ ԼՂՀ դատական և դատախազական համակարգերը որոշակի տարբերություններ ունեն ՀՀ համապատասխան համակարգերից, անհրաժեշտություն է առաջացել ԼՂՀ–ում կիրարկման մեջ դրված ՀՀ դատավարական օրենսգրքերի փոխարեն ունենալ նոր օրենսգրքեր:

– Ընդունված է ասել, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն նույն իրավական դաշտում են գտնվում, ուստի ինչո՞վ եք բացատրում առկա տարբերությունները և, արդյո՞ք, դրանք էական են:

– ՀՀ և ԼՂՀ միասնական իրավական դաշտի ապահովումը մեզ համար ոչ միայն նպատակահարմար է, այլև՝ անհրաժեշտ: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է լրիվությամբ վերարտադրենք ՀՀ օրենսդրությունը՝ առանց հաշվի առնելու տեղական առանձնահատկությունները:

Դատաիրավական ասպարեզում պրակտիկ աշխատանքը ստիպել է, որպեսզի  կատարվեն որոշ շտկումներ: Վերոհիշյալ նորմատիվ ակտերի նախագծերի հիմքում, անշուշտ, ընկած են ՀՀ համապատասխան օրենսգրքերը և օրենքները՝ հաշվի առնելով ԼՂՀ Սահմանադրության, գոյություն ունեցող դատական և դատախազության մարմինների առանձնահատկությունները, ինչպես նաև ՀՀ-ում տվյալ օրենսդրության կիրարկման և պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները:

ՀՀ-ում գործող վարչական դատարանի լիազորությունները մեր հանրապետությունում կվերապահվեն ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին: Ի տարբերություն ՀՀ օրենսդրության՝ ԼՂՀ-ում սահմանադրական արդարադատությունը իրականացնում է Գերագույն դատարանը: Տարբերություններ կան նաեւ «Դատախազության մասին» օրենքի հետ կապված. օրենքի նախագծի համաձայն դատախազությունից առանձնացվել է նախաքննությունը: ՀՀ-ում գործող հատուկ քննչական ծառայության փոխարեն ԼՂՀ-ում  քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննությունը, «Դատախազության մասին» օրինագծի համաձայն, կիրականացնեն գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր  գործերի ավագ քննիչներն  ու  հատկապես՝ կարևոր  գործերի քննիչները:

– Փաստելով, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունը ներկայումս մեծածավալ աշխատանքներ է իրականացնում, կուզեինք հարցնել՝ կարելի՞ է ասել, որ օրենսգրքերի ընդունումից հետո մեզ մոտ ավարտվում է դատաիրավական բարեփոխումների գործընթացը: Թե՞ անելիքներ դեռ կլինեն:

– Դատաիրավական բարեփոխումների իրականացումը ընդհանրապես բարդ և ծավալուն գործընթաց է և, որպես կանոն, իրականացվում է փուլային եղանակով: Այսօր արդեն ԼՂՀ-ում ձևավորված է եռաստիճան դատական համակարգ: Շուտով կսկսի գործել դատական դեպարտամենտը, որը կապահովի դատարանների և դատական ինքնակառավարման մարմինների լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և մի շարք այլ գործառույթներ:

Օրենսդրական այս ստվար փաթեթի ընդունմամբ կավարտվի դատաիրավական բարեփոխումների հիմնական փուլը: Սակայն բարեփոխումները դրանով չեն ավարտվի և կրելու են շարունակական բնույթ: Սահմանադրությունը դատական համակարգում նախատեսում է նաեւ օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններ, որոնք, իմ կարծիքով, կստեղծվեն ժամանակի թելադրանքով ու պահանջով:

– Ըստ մամուլի հրապարակումների՝ 2008թ. առաջին կիսամյակում հրավիրվել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող պետական հանձնաժողովի ընդամենը մեկ նիստ, որտեղ որոշվել է 5 քաղաքացու շնորհել բռնադատվածի կարգավիճակ, նրանց տալով համապատասխան վկայականներ: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանձնաժողովի աշխատանքը:

– Բռնադատվածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հիմնական գործառույթը հանձնաժողովին դիմած անձանց բռնադատվածի կամ նրանց առաջին հերթի ժառանգի վկայական տալն է, և նրա աշխատանքի ծավալը ուղղակի կապի մեջ է համապատասխան դիմումների քանակի հետ: 2008 թվականի առաջին կիսամյակում հանձնաժողովին հասցեագրվել է ընդամենը 7 դիմում, որոնց քննարկման արդյունքներով 5-ը բավարարվել է, իսկ 2-ը մերժվել՝ օրենքով պահանջվող պայմաններին չհամապատասխանելու հիմքերով:

– Նորերս մեր թերթում գրվել է Ստեփանակերտի մասնաճյուղը փակելու՝ ԹՁը բանկի հայտարարության և Ձեր ոչ միանշանակ մեկնաբանության մասին: Ինչպիսի՞ն է իրողությունը ներկա պահին:

– Նախ, հարկ եմ համարում նշել, որ թե բանկերը, թե նրանց մասնաճյուղերը չեն գրանցվում արդարադատության նախարարության պետական ռեգիստրում: Օտարերկրյա բանկի մասնաճյուղը բանկային գործունեություն եւ ֆինանսական գործառնություններ է իրականացնում լիցենզիայի հիման վրա, որի տրման բացառիկ իրավունքը վերապահված է Կենտրոնական բանկին:

Ինչ վերաբերում է ԹՁը-ի հայտարարությանը՝ Ստեփանակերտում իր մասնաճյուղը փակելու մասին, ապա դա Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ ԼՂՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի դեմ մղվող պատերազմի արդյունք է: Լրատվամիջոցներից քաղած տեղեկության համաձայն՝ Migom համակարգը դադարեցրել է դրամական փոխանցումները, իսկWestern Unionեւ MoneyGram համակարգերը չեն ընդունել Բաքվի անմիտ պահանջները: Այնպես որ, չնայած Բաքվի գործադրած ճիգերին, ԹՁը-ն այսօր էլ գործում է Ղարաբաղում:

– Եւ վերջում՝ մեկ անձնական ու «շաբլոն հարց», բայց «ոչ շաբլոն» պատասխանի ակնկալիքով՝ կնոջ համար հե՞շտ է, արդյոք, նախարար լինելը:

– Նախարարի պաշտոնում աշխատանքը մեծ պատասխանատվություն եւ լուրջ մոտեցում է պահանջում: Ըստ իս, կին թե տղամարդ, զբաղեցնելով այդ պաշտոնը, առաջին իսկ պահից պարտավորվում է արդարացնել իրեն տրված վստահությունը: Բնական է, որ կինը, նախարար լինելուց բացի եւ առաջ, մայր է, ամուսնու հետ միասին՝ ընտանեկան օջախի պահապան: Շատ դժվար եւ շատ հեշտ է… ես իմ օրը սկսում եմ աղոթքով:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԵՑԻՆ ՍՊԱՍԵԼ

Օրերս ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Իրավիճակը Հարավային Կովկասում եւ ԼՂՀ ճանաչման հեռանկարները» թեմայով հերթական «կլոր սեղանը», որին մասնակցում էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Դռնփակ պայմաններում անցկացված քննարկումներին ներկա էին նաեւ արտաքին  գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը եւ արտաքին գերատեսչության վարչությունների պատասխանատուներ:

Քննարկումների  ավարտից հետո արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Վահրամ Աթանեսյանը, ներկայացնելով քննարկումների ընթացքը, տեղեկացրեց, որ  արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հանդես է եկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ եւ վերլուծությամբ, հնարավոր զարգացումների շուրջ արել է իր կանխատեսումները: «Քաղաքական ուժերի մի մասը գտնում է, որ ԼՂՀ-ն պետք է ճանաչի  Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Կոսովոյի անկախությունը՝ ուղղակի հռչակագրային ակտով, իսկ մյուս մասը գտնում է, որ անկախության ճանաչումը միակողմանի ակտ չէ, այլ երկկողմանի, ուստի դրա համար պետք է ժամանակ, անհրաժեշտ են իրավիճակի ավելի համակողմանի վերլուծություններ, շփումներ այն պետությունների հետ, որոնց անկախությունն արդեն ճանաչված է, որից հետո պետությունը կարող է դիմել համապատասխան քայլերի»,- պարզաբանել է Վ.Աթանեսյանը:

Նրա խոսքերով, քննարկումների արդյունքում որոշվել է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ անգամ եւս կամփոփի հնչեցված տեսակետները եւ մոտեցումները, եւ ըստ անհրաժեշտության կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ՝ հանրապետության քաղաքական ուժերի, հասարակական ազդեցիկ կազմակերպությունների, գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն իր հերթին շեշտեց, որ վերջին ժամանակներս տարածաշրջանում իրադարձությունները բավականին արագ են զարգանում, ուստի կարեւոր է այդ զարգացումներին հետեւելն ու արձագանքելը: «Իսկ հնարավո՞ր է այդ արագ զարգացումների ֆոնին ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծում» հարցին ի պատասխան՝ արտգործնախարարն այն կարծիքը հայտնեց, որ «ղարաբաղյան հարցն այնքան հեշտ հարց չէ, որ այս փուլում լուծման առարկա դառնա»: Միևնույն ժամանակ, խոսելով ուժի կիրառմամբ Հարավային Օսիայում հակամարտության կարգավորման վերջին զարգացումների ու դրանց հնարավոր հետևանքների մասին, նա նշեց, որ ամեն դեպքում ոչինչ չի կարելի բացառել:

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ 

Սեպտեմբերի 3-ին մոսկվաբնակ՝ ծննդով արցախցի բարերար, «Լյուդինգ» ընկերության նախագահ Արթուր Վարժապետյանի հովանավորությամբ՝ ձեռքի կառավարմամբ «ԶԱԶ» մակնիշի մեքենաներ տրամադրվեցին արցախյան պատերազմի առաջին կարգի 8 հաշմանդամների, նույն թվով հաշմանդամներ մեքենաներ էին ստացել նաեւ մայիսի 7-ին` պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ստեփանակերտի հացի գործարանը նորից կսկսի իր աշխատանքը. այստեղ հիմնական աշխատանքները կատարված են, սարքավորումները՝ արդիականացված, ինչի շնորհիվ գործարանը օրական կարտադրի տարբեր տեսակի 13-15 հազար կգ հաց, որը Ստեփանակերտ քաղաքում նախատեսվում է իրականացրել գործարանի 13 վաճառակետերում:

Սեպտեմբերի 5-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում տեղի է ունեցել նորակառույց մշակույթի տան եւ հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսքերով, Հադրութի շրջանի Արեւշատ գյուղում առաջիկա մեկ տարում կկառուցվի նոր դպրոց, շարք կմտնի հանդիսությունների տունը, կբարելավվի ջրամատակարարումը:

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում սպառողական գների ինդեքսը 2008 թվականի օգոստոսին 2007 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 103.8 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 107.2, ծառայությունների սակագներինը՝ 105.2 տոկոս. պարենային ապրանքներից աճ է արձանագրվել հացամթերքի` 114.2 տոկոս, մսամթերքի` 111.8 տոկոս, սուրճի, թեյի, կակաոյի՝ 111.6 տոկոս, ոչ ոգելից խմիչքի` 109.5 տոկոս, կենդանական եւ բուսական յուղի ` 103.2 տոկոս,  ապրանքախմբերում:

ԱՌԱՋՄՂԻՉ ԶԱՐԿ՝ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Նորերս լույս տեսավ «Զարկ» («Դու»-ով՝ ժամանակի հետ) տեղեկատվական-ժամանցային ամսագիրը: Նախագծի ղեկավար Վարսիկ Հարությունյանը ընթերցողներին հղած խոսքում պատմում է նման նախաձեռնության առջև ծառացած դժվարությունների մասին, նաև երախտագիտությամբ փաստում, որ Արցախում և նրա սահմաններից դուրս ապրող արժանավոր շատ մարդիկ ոչ միայն ողջունեցին գաղափարը, այլև համագործակցեցին:

Ամսագրի «Հայրենապատում» խորագրի տակ տպագրված նյութերն ընթերցողներին կօգնեն վերհիշել արցախյան պատմության էջերից բազմաթիվ դեպքեր ու իրադարձություններ, «Կապիտալ» խորագրի տակ զետեղված են ինչպես արցախյան, այնպես էլ համաշխարհային գործարար կյանքի մասին պատմող հետաքրքիր և ուսանելի նյութեր: Իսկ «Քառանկյունի» և «Վարագույր» խորագրերը հագեցված են տարաբնույթ թեմաներով՝ նախատեսված ամենատարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց համար:

Ամսագիրն առաջին հերթին գործարարական ջիղ ունի և աչքի է ընկնում գովազդների ճաշակով տեղադրմամբ: Այն կարող է օգտակար լինել ինչպես գործարարների, այնպես էլ սպառողների համար:

Ամսագիրը հրատարակում է «Օկտավա» ՍՊԸ-ն (նախագծի հեղինակ՝ Պարույր Հարությունյան, գլխավոր խմբագիր՝ Սոնա Համբարձումյան), որտեղից էլ կարելի է ձեռք բերել այն՝ 2000 դրամով, ինչպես նաև գովազդ տեղադրել:

Ներկայումս պատրաստվում է ամսագրի հերթական համարը, այնպես որ, իսկը ժամանակն է զանգահարելու՝ 047 95 17 74:

Սեփ. լրատվություն

——————————————————————————————

Հանրային կապեր

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ… ԸՆԹԵՐՑՈՂԸ

Մեր թերթի ընթերցողական արձագանքները, որպես կանոն, հարուստ ու բազմատարր են լինում՝ նամակներ, հեռախոսազանգեր, այցելություններ խմբագրություն: Ընթերցողները քննարկում են այս կամ այն հոդվածը, դիտողություններ ու առաջարկություններ անում, համաձայնվում ու լրացնում: Մեր մշտական ընթերցողների մի մասն էլ պարբերաբար թեմաներ ու գաղափարներ է հուշում, երբեմն գերադասելով չընդգծել «հեղինակային իրավունքները»: Վերջին երկու շաբթվա մեր ընթերցողական արձագանքներն այս անգամ որոշեցինք ներկայացնել խորհրդային ժամանակների ամենահարգված թերթերից մեկի՝ «Մոսկովսկիե նովոստի»-ի նման դասդասելով երեք խորագրի ներքո՝ աշխարհում, երկրում, մարդու մեջ:

«ԴԵՄՈ»

——————————————————————————————

Աշխարհ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ  ԽՍՀՄ ԻՐԱՎԱԺԱՌԱՆԳՈՐԴՆ Է

Մեր լավ ընթերցողներից մեկի հուշած գաղափարը հետևյալն է՝ Ռուսաստանի Դաշնությունն, ըստ էության, ԽՍՀՄ իրավաժառանգորդն է: Ինչ խոսք, խորհրդային կայսրության բաղկացուցիչ մասերը հանդիսացած միութենական հանրապետություններն իրենց մասնաբաժինն ունեին թե երկրի արտաքին պարտքից և թե երկրի ակտիվներից (հարստություններից ու… ուրիշների՝ խորհրդային երկրին պարտքերից): Ինչպես հայտնի է, դրանց առյուծի բաժինը (թե պլյուսների, թե մինուսների) բաժին հասավ հենց ՌԴ-ին: Սակայն մեր ընթերցողի հուշած պարագայում խոսքը նյութական արժեքների մասին չէ, այլ իրավաբարոյական: Ռուսաստանը, ըստ էության, ժառանգել է նաև խորհրդային կայսրության հիմնախնդիրները, որոնց զգալի մասը հենց իր իսկ՝ խորհրդային երկրի ստեղծածն է: Տվյալ դեպքում նկատի է առնվում երկրի վարչատարածքային բաժանումն ու ազգերի «բնակարանային պայմանների» ապահովումը: Ինչպես են խորհրդային երկրում ապրող ազգերն ամփոփվել վարչատարածքային միավորներում: Խոսքը մասնավորաբար և առաջին հերթին Ղարաբաղի մասին է: Մի կողմից՝ Ղարաբաղից անջատվել է նրա դաշտային մասը, մյուս կողմից էլ՝ Լեռնային Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի կազմ: Ընդ որում՝ դա արվել է ոչ միայն անտեսելով երկրամասի բնիկ ազգաբնակչության կամարտահայտությունը, այլև միանգամայն պարզունակ ու վոլյունտարիստական ձևով: Հիշեցնենք՝ 1921 թվականի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովբյուրոն պլենումի նիստում՝ Ստալինի նախաձեռնությամբ ու առանց քվեարկության, Ղարաբաղը տալիս է Ադրբեջանին, թեև դրանից առաջ նույն մարմինը մեկ այլ որոշում էր ընդունել՝ Հայաստանի օգտին: Ահա թե ինչպիսի անհեթեթություն ու անլրջություն:

Փույթ չէ, որ այն ժամանակ ԽՍՀՄ որպես այդպիսին դեռ չկար, այն ստեղծվեց փոքր ինչ ուշ: Փույթ չէ, քանի որ կոմունիստական կուսակցությունն էլ ՌԿ(բ)Կ-ի իրավաժառանգորդն է:

Եւ այսպիսով, ի՞նչ է առաջարկում մեր ընթերցողը: Նա առաջարկում է մեր արտաքին քաղաքականության մեջ այս հանգամանքն անպայման հաշվի առնել: Ի ցույց դնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը Խորհրդային Միության, իսկ ԽՄԿԿ-ն էլ ՌԿ(բ)Կ-ի իրավաժառանգորդն են, ուստի Ռուսաստանն այսօր իրավաբարոյական պարտավորություն ունի ԼՂՀ-ի առջև և կրկնակի պարտավորված է արցախահայության ազատ կամարտահայտության իրականացումն ապահովելուն ուղղված միջոցներ ձեռնարկել:

——————————————————————————————

Երկիր

ԱԿԱՄԱ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ 

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրել էինք մեր ընթերցողներից մեկի հոդվածը «Ղարաբաղ Տելեկոմի» գործունեության, ավելի ճիշտ՝ բջջային հեռախոսակապի սակագների ու բաժանորդավճարի մասին: Որ դրանք, մեղմ ասած, կարող էին ավելի մատչելի լինել բնակչության համար: Հոդվածը լայն արձագանք է գտել: Ահա թե ինչպես է դրան արձագանքել անհատ ձեռներեց Ա.Հարությունյանը.

«Մի քանի ամիս առաջ ղարաբաղյան թերթերում կարդալով և Արցախի հանրային հեռուստատեսությամբ լսելով, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանը բոլոր այն կազմակերպություններին ու ձեռնարկություններին, որոնք եկամուտ են վաստակում, շահույթ են ձեռք բերում, կոչ է արել «որպեսզի այդ եկամուտներից գոնե 0,5 կամ 1 տոկոսը, իսկ գուցե եւ 1,5 տոկոսն ուղղեն սոցիալական ծրագրերի իրականացմանը», որոշեցի անպայման նամակ գրել պրն Եիրիկյանին: Ապա մոռացա դա: Բայց հետո «Դեմո» թերթի համարներից մեկում կարդալով «Ղարաբաղ Տելեկոմի» մասին, կարդալով նաև խմբագրության կողմից գրված խոսքը, որտեղ «Դեմո»-ն իրավացիորեն ասում է, որ արցախցիներին կարելի է համարել «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բարեգործական ծրագրերի համահեղինակ, վերջնականապես որոշեցի գրել այս նամակը:

Ինչպես վերևում հայտնեցի, նամակ գրելու գաղափարն իմ մեջ ծնվել էր պրն Եիրիկյանի կոչի առիթով: Հետաքրքիր է, բարեգործության կոչ է անում մի ՓԲԸ, որը խոսելավարձից բացի յուրաքանչյուր ամիս աբոնենտավճարի անվան տակ 2000 դրամ աբսուրդ «հարկ» է գանձում սեփական բաժանորդներից: Մեր տան հինգ անդամներից երեքը օգտվում են բջջայինի ծառայությունից: Այսինքն՝ մենք յուրաքանչյուր տարի «տՐՏրՑՏ ՑՈՍ» ընկերության գրպանն ենք մտցնում 72 հազար դրամ «բաժանորդավճար», այն դեպքում, երբ բաժանորդահամար վերցնելիս նախապես մուծել ենք 13 հազար դրամ:

Աշխարհի ինձ հայտնի ոչ մի երկրում  բջջայինի բաժանորդներն այսպիսի գումար չեն վճարում: Այդպիսի բան չկա ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում: Եթե ընդունենք, որ  Արցախում մոտավորապես կլինի 50 հազար (մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս) բջջայինից օգտվող բաժանորդ, կստացվի, որ ամեն տարի «Ղարաբաղ Տելեկոմին» նվիրաբերություն են անում մոտ 1 մլրդ 200 միլիոն դրամ: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում ներկայանալով որպես «Վիվա Սել», «ՂՏելեկոմը» հայաստանյան բջջային բաժանորդներին շատ ավելի մատչելի ծառայություններ է մատուցում, քան Ղարաբաղում: Թե որն է պատճառը, չգիտեմ: Մինչդեռ, հաշվի առնելով, որ Ղարաբաղը դեռ շարունակում է մնալ պատերազմական գոտի, հակառակը պիտի լիներ:

Պրն Եիրիկյան, ես շարքային գործարար եմ, բայց, ամենայն պատասխանատվությամբ հավատացնում եմ ձեզ. եթե իմ գրպանն էլ մի տարում «երկնքից» այդքան գումար ընկնի, ապա ձեր ասած ոչ թե 0,5 կամ 1,5 տոկոս կնվիրաբերեի «սոցիալական ծրագրերի իրականացմանը», այլ այդ հսկայական գումարի առնվազն 80-90 տոկոսը: Ի՞նչ մեծ բան է՝ մեզնից վերցնում, դրա չնչին տոկոսով մեզ համար բարեգործություն եք անում և մեզ՝ շարքային գործարարներիս մեծահոգաբար խորհուրդ տալիս «գոնե 0,5 տոկոսն  ուղղել սոցիալական ծրագրերի իրականացմանը»:

Շնորհակալություն՝ խորհրդի համար: Եթե մի օր ես էլ կարողանամ պատերազմ տեսած, խեղճ ու աղքատ իմ ժողովրդից նման գումար «ստանալ», անպայման ես էլ կհետևեմ ձեր օրինակին: Բայց, կրկնում եմ, նմանօրինակ «բարեգործության» նպատակով կտրամադրեի այդ գումարի 80-90 տոկոսը և այդքանից հետո էլ մի տեսակ ամաչելով ինձ բարեգործ կանվանեի»:

——————————————————————————————

Մարդ

ԵՂԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ՝ ԿԼԻՆԵՍ ՈՉԻՆՉ

Խմբագրություն այցելած մեր ընթերցողներից մեկը մի այսպիսի ուշագրավ դիտարկում արեց.

– Նկատե՞լ եք՝ ուղիղ մի տարի է անցել երկրի նախագահի փոխվելուց, և այդ մի տարում որևիցե մի տեղ գոնե մի անգամ չհիշատակվեց նախկին նախագահի անունը: Որևէ հարցում նրա կարծիքը չհարցրին, որևէ մի նախաձեռնության նախապատմությունը հիշատակելիս նրան չհիշեցին: Ինքն էլ երբևէ իր գոյության մասին չհիշեցրեց՝ չաջակցեց, չնախազգուշացրեց, խորհուրդ չտվեց: Էն «խեղճ» Անուշավանի մասին էլ «վաաբշե» հիշող չկա: Ա¯յ թե կյանքն ինչ բան է… Երբ մարդ պաշտոնում է լինում՝ նրան թվում է, թե աշխարհի առանցքն ինքն է՝ առանց իրեն լույսը չի բացվի, բարերարները գումար չեն տա, ծրագրերը չեն իրականանա, երկիրը կքանդվի: Մարդ իր ու իր շրջապատի գնահատականը պիտի տա պաշտոնից զրկվելուց հետո: Սա ասում եմ ներկայիս պաշտոնյաների համար՝ գոնե իրենք դաս քաղեն:

Մեր մեկ այլ այցելու մեկ այլ դիտարկում արեց.

– Էն օրը մեր նախկին պաշտոնյաներից մեկի հարազատներից մեկի թաղման արարողությանն էի մասնակցում: Այնքան էլ շատ մարդ չկար: Համենայն դեպս՝ երբ հիշում ես, թե նրա պաշտոնավարման ժամանակ մահացած նրա մեկ այլ հարազատի թաղմանը որքան մարդ էր մասնակցում, ապա տարբերությունն իսկույն զգում ես:

Դեպքերի բերումով թեման շարունակվեց մեր հոդվածագիրներից մեկի հետ: Վերջինս մի դեպք պատմեց, որի ականատեսն էր եղել.

– Քաղաքի կենտրոնական մասի բացօթյա սրճարաններից մեկում միայնակ նստած էր նախկին նախարարներից մեկը: Մոտակա տարածքը բավականին մարդաշատ էր՝ անընդհատ մարդիկ էին գնում-գալիս: Բայց ոչ ոք չէր մոտենում նրան, նույնիսկ հեռվից գլխի շարժումով չէին բարևում: Ընդ որում, անցնող-գնացողներից շատերը ժամանակին նրան «չեստ էին տալիս»: Նախկին պաշտոնյան, դատելով նրա տեսքից, մտորումների մեջ էր: Համոզված եմ՝ երևի մտածում էր, թե նորից պաշտոն ստանալու դեպքում սրանց գլխին ի¯նչ օյին կդներ: Ուղղակի ցավալի էր այս ամենը տեսնելը՝ ոչ պաշտոնյան է ճիշտ եզրակացություն անում, ոչ էլ մարդիկ:

Սույն թեման կարելի է եզրափակել առաջին դիտարկումն արած մեր ընթերցողի՝ հայտնի մտածողներից մեկից մեջբերած խոսքով՝ «Եղիր այն, ինչ կաս, հակառակ դեպքում՝ կլինես ոչինչ»:

——————————————————————————————

Համահայկական

ԲԱՑԱՌԻԿ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ ժուռնալիստների միության աջակցությամբ, կայացավ ճանաչված լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կարմիր և սև» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին հեղինակը, արցախյան լրատվամիջոցների, ՀԿ-ների, պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև գրքի հերոսներից ոմանք:

600 էջանոց գիրքը նվիրված է ղարաբաղյան հակամարտությանը, և ինչպես գրախոսներից մեկն է արձանագրել՝ այն «ոչ օրագրություն է, ոչ տարեգրություն, ոչ փաստաթղթերի ժողովածու, ոչ էլ սոսկ դեպքերի արձանագրություն, գուցե այդ բոլորն է՝ համահավաք և կարելի ամբողջականությամբ մատուցված»: Աշխատությունն այս բոլոր հատկանիշներն ունի, ինչը երիցս արժեվորում է այն: Ուշագրավ է, որ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող փաստաթղթերի այսպիսի համահավաք հավաքածու որևէ այլ գրքում պարզապես հնարավոր չէ գտնել: Ահա թե ինչու միանշանակ կարելի է համաձայնվել գրքի գրախոսներից մեկի՝ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի այն մտքի հետ, որ «այսուհետ ղարաբաղյան հարցով զբաղվող յուրաքանչյուր վերլուծաբան ու քաղաքագետ ստիպված է այս գրքին դիմելու»:

Հեղինակը գրքի վրա աշխատել է ամբողջ վեց տարի, այդ ընթացքում հանդիպելով և հարցազրույցներ վարելով բազմաթիվ մարդկանց հետ: Ինչպես նշվեց շնորհանդեսի ժամանակ՝ Թ. Հակոբյանը դեպքերը ներկայացրել է դեմքերի միջոցով, ինչն ավելի արժանահավատ է դարձրել պատմությունը և նպաստել սուբյեկտիվիզմը նվազագույնի հասցնելուն:

Ըստ արժանվույն գնահատելով գիրքն ու հեղինակի բազմամյա ջանքերը՝ շնորհանդեսի մասնակիցները ափսոսանքով փաստեցին, որ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված այսպիսի ամփոփ ձեռնարկը լույս է ընծայվել հեղինակի միջոցներով, մինչդեռ կարող էր ներառվել պետպատվերի շրջանակներում տպագրվող գրքերի ցանկում:

Մասնակիցները, մտահոգություն հայտնելով արցախյան ազատամարտի մասին տպագրվող գրքերում աղավաղումների ու աչառու վերաբերմունքի բազմաթիվ դեպքերի կապակցությամբ, հույս հայտնեցին, որ ներկայացվող գիրքը զերծ կլինի դրանցից: Իր հերթին հեղինակը պատրաստակամություն հայտնեց գրքի վերահրատարակման ժամանակ անպայման նկատի ունենալ արվելիք դիտողությունները:

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատված գրքից:

«ԴԵՄՈ»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Կանաչ ու սեւ Արցախյան օրագիր

Գլուխ առաջին

Պատերազմը մտել է մեր տուն 

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լարիսա Չախոյանը 2006թ. փետրվարին՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Ռամբույեի հանդիպման նախօրեին, թերթի միջոցով դիմում է Հայաստանի ղեկավարին եւ խնդրում Ադրբեջանի առաջնորդի հետ քննարկել նաեւ իր որդու եւ հարյուրավոր մյուս անհետ կորածների ճակատագիրը:

«Ես մոր սրտով զգում եմ, որ իմ որդին կենդանի է, գտնվում է Բաքվում, ես ամեն վայրկյան զգում եմ, թե նրա հետ ինչ է կատարվում»,- գրում է ուսուցչուհին:

Օգոստոսի 30-ը Հայկ Գալստյանի եւ մյուս անհետ կորածների օրն է: Վերջին անգամ նա Բաքվի բանտից ծնողներին գրել է 1999թ. հուլիսի 20-ին: «Ինձ շուտ հանեք այստեղից: Ես ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ գալ Հայաստան, աշխատեք թող շուտ լինի: Բարեւեք բոլոր քեռիներին, հորեղբայրներին, Հասմիկին, Հովոյին, Արթուրին, Ռաֆոյին, Ժաննային, Համլետին, Ժոժոյին եւ ով որ հարցնի ինձանից… Համբուրում եմ»,- գրում է Հայկն ու անդադար կրկնում, որ սպասում է ծնողների օգնությանը:

Պառավաքարից տուն՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղ արձակուրդ գալու օրը Հայկը շփոթում է ճանապարհը, գերի ընկնում Ղազախի Ջաֆառլու գյուղում: Գերվելուց երեք օր հետո Չախոյանն ամուսնու հետ ոտքով կտրում է Հայկի անցած ճանապարհը, պատահած մարդկանց հարցուփորձ անում, նկարագրում որդուն: Հայկին գտնելու, տուն բերելու հույսով նա դիմել է տասնյակ մարդկանց՝ հայերի ու ադրբեջանցիների, նախագահների ու եվրոպացի չինովնիկների: Հայկի հայրը եւ եղբայրը մեկնել են Տվեր, ռուսական տափաստաններում նրանք աշխատում են, որպեսզի փակեն հազարավոր դոլարների հասնող պարտքերը, որը նրանք ծախսել են Հայկին գերությունից ազատելու հույսով:

Չախոյանների տուն պատերազմը մտել ու չի հեռանում ավելի քան ինը տարի: Անհետ կորածների ծնողներին, հատկապես մայրերին, անհնար է  մխիթարել, նրանց հոգին խաղաղ չէ: «Գուցե ես հաշտվեի, որ որդիս հայրենիքի համար զոհված լիներ, բայց հիմա ո՞նց հաշտվեմ, երբ Հայկն այնտեղ՝ Բաքվում է տառապում, ես` այստեղ: Ամուսինս ամեն օր զանգում է: Մյուս որդիս ինստիտուտն ավարտելուց հետո մեկնեց Տվեր, չեմ դիմանում, բայց այլ հնար չկար. սարսափելի պարտքերի տակ ընկանք»:

Ամեն տարի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադրություն Է հրավիրում անհետ կորածների ճակատագրերին եւ նրանց ընտանիքների տառապանքներին` դրանք համարելով աշխարհում տեղի ունեցող զինված հակամարտությունների հետեւանքով առաջացած մարդասիրական ամենալուրջ խնդիրներից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինադադարից ավելի քան տասնչորս տարի անց հազարավոր ընտանիքներ դեռեւս տեղեկություններ չունեն անհետ կորած իրենց ազգականներից: 1992թ. ի վեր կոմիտեն ջանքեր է գործադրում սատարելու հակամարտող կողմերի իշխանություններին, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները` համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի եւ բացահայտեն անհետ կորածների ճակատագրերը: 2004թ. փետրվարին կոմիտեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներին փոխանցել է անհետ կորած անձանց ցուցակը՝ 4132 անուն, որոնցից 3286-ը՝ ադրբեջանցի, 834-ը` հայ, 12-ը՝ այլազգի զինվորականներ եւ քաղաքացիական անձինք:

2007թ. տարեվերջի տվյալներով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով անհետ կորած է համարվել 4414 անձ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարվա ընթացքում որոնման 229 նոր հայտ է բացել, այդ թվում` 59 կնոջ եւ 11 անչափահասի համար: Կոմիտեի օգնությամբ 1992թ. ի վեր Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել մոտ 700 գերի ու պատանդ:

Լարիսա Չախոյանն ադրբեջանցի մայրերին գրում է. «Ձեզ դիմում է որդեկորույս մայր, որը տառապում է որդու ճակատագրի անորոշությունից, սպանիչ եւ անսահման կարոտից: Ես գիտեմ, որ Ադրբեջանում էլ ինձ նման շատ դժբախտ մայրեր կան, որոնք արցունքն աչքերին սպասում են իրենց անհետ կորած որդիներից մի լուրի: Տարբեր ատյանների եմ դիմել, Վրաստանում շատ ադրբեջանցիների հանդիպել, շատերը խաբել ու կողոպտել են, շատերն էլ ցանկացել, բայց չեն կարողացել օգնել: Այս տարիների ընթացքում համոզվել եմ, որ միայն մայրը պետք է փնտրի որդուն: Թող սահմանները բացեն մեր՝ մայրերիս առջեւ… Ճիշտ է, մենք տարբեր հավատի ենք, բայց Աստված մեկն է… Ես համերաշխություն եմ հայտնում ադրբեջանցի որդեկորույս մայրերին, միայն մենք կհասկանանք միմյանց, չէ՞ որ նույն սարսափների մեջ ենք: Եկեք հասնենք նրան, որ մեր առաջ բացվեն սահմաններն ու փակ դռները, փնտրենք, գտնենք մեր երեխաներին»:

Նույն բովանդակության նամակներ կարող են գրել նաեւ որդեկորույս հարյուրավոր ադրբեջանցի մայրեր՝ Չախոյանին ու հարյուրավոր հայ մայրերի:

2007թ. մարտի 7-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոյետը հարավկովկասյան երեք զինված հակամարտությունների՝ ղարաբաղյան, աբխազական եւ հարավօսական հետեւանքով անհետ կորածների մասին պատրաստած զեկույցում գրում է, որ 7643 մարդ շարունակում է մնալ անհետ կորած, այդ թվում՝ 4604 ադրբեջանցիներ, 1773 վրացիներ, 947 հայեր (224-ը՝ Հայաստանից, 723-ը՝ Լեռնային Ղարաբաղից), 197 աբխազներ եւ 122 օսեր:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հավատում է, որ Ադրբեջանում հայ պատանդների եւ գերվածների մեջ կան ողջ հայեր: Պատանդների, ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավարը բերում է Նելսոն Մնացականյանի դեպքը. վերջինս վերադարձվել է 1998թ.՝ չորս տարուց ավելի պահվելով մի ադրբեջանցու տանը: Անցնող 15 տարիներին Ադրբեջանից ավելի քան 1800 հայ պատանդ, ռազմագերի է վերադարձվել, հայկական եւ ղարաբաղյան կողմը վերադարձրել է մոտ 3,5-4 հազար ադրբեջանցիների:

Ալավերդյանը կարեւորում է իր ղեկավարած կազմակերպության ջանքերով պատանդների եւ ռազմագերիների վերադարձի հատկապես երկու դեպք:

Առաջին` ադրբեջանցիները ղարաբաղյան կողմին են հանձնում միանգամից 20 երեխաների, որոնց մեջ էր երեքամյա Լյոլյա Համբարձումյանը: Մարաղայում նրանց ամբողջ ընտանիքը պատանդ էր վերցվել, երեխան մեծացել էր մանկատանը եւ խոսում էր ադրբեջաներեն: Երկրորդ` 1994թ. սեպտեմբերին վերադարձվել են ադրբեջանցի 27 մայրեր եւ երեխաներ:

«Նրանք պահվում էին Ստեփանակերտի մանկապարտեզում եւ մանկական հիվանդանոցում, որտեղ մնում էին նաեւ Մարտակերտից փախստական հայերը: Պետք էր տեսնել, թե ինչպես էին բաժանվում հայ եւ ադրբեջանցի երեխաները եւ կանայք: Հաճախ պատշաճ ուշադրություն չի դարձվում մարդկային կյանքի պատմություններին: Ես համոզված եմ, որ այդ մարդիկ մինչեւ կյանքի վերջը իրար հանդեպ տածելու են նույն դժբախտության մեջ հայտնված մարդու զգացմունքները: Պատերազմում սպանված Կորյուն Առաքելյանի մայրը սնունդ էր տանում այդ պատանդներին»,- ասում է Ալավերդյանը:

Ռազմագերիների եւ պատանդների հարցերով զբաղվող կազմակերպությունների աշխատակիցներն անելանելի վիճակում հայտնված ծնողներին խորհուրդ են տալիս չմտնել գործարքների մեջ: Ալավերդյանը, սակայն, հիշում է դեպքեր, երբ ծնողները մտել են գործարքների մեջ եւ վերադարձրել են իրենց որդիներին:

«Մի զավեշտալի դեպք տեղի է ունեցել 1995թ. սկզբին Իջեւանի սահմանային հատվածում. ադրբեջանցիները պատանդի հորն առաջարկում են որոշակի գումար բերել եւ ստանալ որդուն: Մարդիկ աննկարագրելի վիճակներում են հայտնվում: Հայրը չէր կարողացել հավաքել պահանջված գումարը եւ որոշել էր պակասի փոխարեն հանձնվել որդու վերադարձի դիմաց: Ադրբեջանցիները գումարը վերցրել էին, տղային վերադարձրել, սակայն նրան չէին տարել»:

Պատերազմը մտել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի գրեթե յուրաքանչյուր բնակավայր, այս կամ այն ձեւով՝ գրեթե ամեն մի ընտանիք:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆՈՎԻՆ ՊԻՏԻ ՓՈԽՎԻ

այլապես՝ «Քանի քեռին սաղ ա, բալեն պըտի շակալաթ ուտի»

Բոլորդ էլ լսած կլինեք այս հին անեկդոտը, ըստ որի բալեն նույնիսկ «շուշա կանֆետ» էլ չի ուտում: Նման զավեշտական – ողբալի վիճակ է ձևավորվել ԼՂՀ-ի ազատագրված տարածքներում՝ բնակարանաշինության ոլորտում: Գործող կարգի համաձայն՝ պետությունը կառուցում է տներ, իսկ ստացողները, 10 տարի ապրելով այդ տներում, դառնում են դրանց սեփականատերը: Թվում է, թե ամեն ինչ լավ է: Իրականում այդպես կլիներ, եթե ամեն ինչ այդպես անիմաստ չլիներ: Ներկայումս գործող գներով մեկ փոքր առանձնատուն կառուցելու արժեքը կազմում է 15-17 մլն. դրամ: Իմ գնահատականներով՝ միայն Քաշաթաղի շրջանում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը անցնում է 1500-ից, որոնց մեծ մասը՝ գյուղերում: Այս տարի պլանավորվել է կառուցել մեկ բազմաբնակարան շենք Բերձոր քաղաքում և ոչ մի առանձնատուն գյուղերում: Եթե նույնիսկ տարեկան 600 մլն. դրամ էլ հատկացվի /այդպիսի գումար երբեք չի տրամադրվել այդ նպատակներով/ տներ կառուցելուն, ապա դրանով կկառուցվի միայն ոչ ավելի, քան 40 տուն: Այդ տեմպերով առկա բնակչությունը տներով ապահովելու համար կպահանջվի ավելի քան 30 տարի: Մեր առկա բնակիչների թոռները միայն կարող են երազել սեփական տուն ունենալու մասին, եթե մինչ այդ նրանց ծնողները չարտագաղթեն:

Ամեն գնով անհրաժեշտ է ապահովել գոնե շրջանի բնական աճի տեմպից ավելի բարձր արագությամբ տների կառուցումը: Ես չունեմ վիճակագրական տվյալներ, բայց գիտեմ, որ շրջանում առկա են բնակչության աճի բարձր ցուցանիշներ, որոնք գերազանցելու համար հարկավոր է բազմապատկել շինարարության ծավալները:

Առաջարկում եմ առկա բնակիչների տների կառուցման սխեման էականորեն փոխել: Անհրաժեշտ է տների կառուցման հիմնական հոգսը դնել հենց բնակիչների վրա: Եթե նոր հիմնվող բնակավայրերում դա հնարավոր չէ բնակիչների բացակայության պատճառով, ապա Քաշաթաղի շրջանում դա անհրաժեշտ է, որովհետև մենք ունենք 10 տարուց ավելի ժամանակով շրջանում բնակվողներ, ովքեր տնտեսապես ակտիվ են և նույնիսկ առանց նորմալ տան կարողանում են ապրել իրենց աշխատանքի շնորհիվ: Բնակիչներին հատկացվող միջոցները պետք է ձևակերպել որպես պետության կողմից տրվող երկարաժամկետ /20-ից մինչև 50 տարի ժամկետով/ հիփոթեքային անտոկոս վարկ: Տների նախագիծ-նախահաշիվները և տեղանքում դրանց հարմարեցումը պետք է արվի պետության հաշվին, բնակչի պահանջները հաշվի առնելով և նրա համաձայնությամբ: Միջոցների բացթողումը պետք է կատարվի շինարարության փուլերին համապատասխան, պետական տեխհսկիչների կողմից համապատասխան աշխատանքները արձանագրելուց հետո:

Վստահ եմ, որ այս առաջարկն ընդունելուց հետո՝

– նույն միջոցներով կատարվող շինարարության ծավալները առնվազն կտասնապատկվեն: Ավելին, կսկսվի սեփական միջոցներով տների կառուցում, որից շատերը խուսափում էին, զուր հույսեր փայփայելով պետական ձրի տուն ստանալու համար.

– կառաջանա նորմալ, չձևախեղված անշարժ գույքի շուկա, որովհետև բնակիչը միանգամից կդառնա այդ տան սեփականատերը, սահմանափակվելով միայն հիփոթեքով ստացված միջոցները հետ վերադարձնելու պարտավորությամբ: Նա կկարողանա ցանկացած ժամանակ վաճառել այդ տունը և հետ ստանալ հիփոթեքից դուրս իր կատարած լրացուցիչ աշխատանքների արժեքը (տարածքի բարեկարգում, ցանկապատում, գոմի, օժանդակ շինությունների կառուցում և այլն).

– կխթանվեն տարածքում ապրող տնտեսապես ակտիվ, ձեռներեց բնակիչները, ինչպես նաև կզարգանա շինանյութերի և շինարարական ծառայությունների շուկան:

Վստահ եմ, որ իմ առաջարկին հաստատ դեմ կլինի ԼՂՀ-ում բավականին հզոր շինարարական լոբբին: Շինարարության ոլորտում պտտվող գումարները ենթադրում են բավականին մեծ շահույթներ, որոնցից զրկվելը շատերը կարող են ցավագնորեն ընդունել: Բայց տվյալ դեպքում դա պահանջում է ազգային շահը, և դրա համար անհրաժեշտ է ԼՂՀ քաղաքական ղեկավարության բարձրագույն կամքը:

Տիգրան ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԶԼՄ-ների ՀԱՄԱՐ

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին է ուղարկել ադրբեջանահայ փախստականների կողմից ԼՂՀ իշանություններին հասցեագրված դիմումների հերթական խմբաքանակը:

Կից ներկայացվում է “Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցի կողմից ԼՂՀ նախագահին ուղղված գրությունը:

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ  ԵՎ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՑԱՆՑ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին

Մեծարգո պարոն Նախագահ

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը Ձեզ է ուղարկում ադրբեջանահայ փախստականների կողմից Ձեզ հասցեագրված դիմումների չորրորդ խմբաքանակը: Ադրբեջանահայությունը լիահույս է, որ ԼՂՀ իշխանությունները տեր կկանգնեն եղեռնի և բռնագաղթի զոհ դարձած ավելի քան 500 հազար մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելու, կրած բարոյական վնասների դիմաց Ադրբեջանական Հանրապետությունից համարժեք փոխհատուցում ստանալու, իրենց Հայրենիքը և քաղաքացիության երկիրը վերագտնելու պահանջը իրականություն դարձնելու գործընթացին: Ներկայումս ադրբեջանահայությունը, դիմելով ԼՂՀ օրինական իշխանություններին` հստակորեն իր ունեցած վստահությունն է վերահաստատում նրանց նկատմամբ, նաև` տալով իր անունից գործելու լիազորություն: Արդեն իսկ «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի տրամադրության տակ կա Ձեզ ուղղված տասնյակ հազարավոր դիմումներ, որոնց հոսքը գնալով մեծանում է:

Մեր խնդրանքն է Ձեզ կրկին` ընթացք տվեք այդ դիմումներին:

Խորին հարգանքով` «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց 29.08.2008

——————————————————————————————-

Համահայկական

ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԶԵՐԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՆ Է ՏՎԵԼ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ներկա փուլում առանց հետադարձ հայացքի առաջ նայել չենք կարող: Առանց իմանալու, թե վերջին երեքհարյուրամյակում ինչպիսի էթնո-քաղաքական տեղաշարժեր են կատարվել Արևելյան Անդրկովկասում, այդ ընթացքում ինչպիսի մարտահրավերների է դիմակայել հայ ժողովուրդը, ինչ կորուստներ ու ձեռքբերումներ է ունեցել, չենք կարող ճիշտ դիմակայել նոր մարտահրավերներին: Հակառակ դեպքում մեր ֆունդամենտալ  անգիտությամբ մնալու ենք ազերթուրքական մարտնչող քարոզարշավի կցորդը՝ ՄԱԿ ուղարկելով (2001 թ.) հակապատմական, հակահայկական, ազերթուրքերի ջրաղացին ջուր հասցնող «Մեմորանդումներ»:

Հանրահայտ է, որ ղարաբաղյան ազատամարտը և դրանով պայմանավորված հիմնախնդիրը պատմականորեն բաժանվում է երկու հիմնական փուլերի՝ ամեն մեկն ընդգրկելով հարյուրամյա մի ժամանակահատված: Առաջին փուլն ընդգրկում է 18-րդ դարի 20-ական թվականներից մինչև 19-րդ դարի 20-ական թվականները, մինչև երկրատարածքը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելը և խնդիր ուներ պարսկական տիրապետության տակ գտնվող Արևելահայաստանի ազատագրումը: Դա մի Արևելահայաստան էր, որի արևելյան սահմանագլուխը Բաքուն էր, բաժանված յոթ խանությունների՝ Բաքվի, Շամախու, Շաքիի, Գանձակի, Ղարաբաղի, Նախիջևանի և Երևանի: Աշխարհատարածքով շահախնդիր երեք հզոր տերությունների՝ Պարսկաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի հակադիր շահերի բախումների արդյունքում ոչ միայն չիրականացավ այդ ծրագիրը, այլև երկրատարածքում կատարվեցին էթնիկական լուրջ տեղաշարժեր՝ ի վնաս հայ ժողովրդի: Վերջին հարվածը Բաքվի կոմունայի տապալումն էր օսմանյան յաթաղանով և դրան հաջորդած քաղաքական վայրիվերումները, որի արդյունքում Արևելյան Անդրկովկաս ներմուծված թուրքալեզու քոչվորների համար ստեղծեցին կեղծանուն պետություն՝ նրանց տրամադրության տակ դնելով տեղաբնիկ մի շարք ժողովուրդների հայրենիքը:

Թե ղարաբաղյան ազատամարտի առաջին փուլում մարդկային ինչ ներուժ ուներ հայ ժողովուրդը Արևելյան Անդրկովկասի վերոհիշյալ խանություններում, իմանում ենք ժամանակին ստեղծված վավերագրերից: Իսրայել Օրու կազմած վիճակագրության համաձայն՝ 18-րդ դարի սկզբին Շամախու, Շաքիի, Գանձակի և Ղարաբաղի խանությունների բնակչության 87%-ը հայեր էին, 13%-ը՝ մահմեդականներ: Դրանք տեղաբնիկ մահմեդականներն էին. ազերթուրքերին դեռ չէին ներմուծել երկրատարածք: Իսկ 1724 թ. Պետերբուրգ ուղարկված ղարաբաղյան պատվիրակությունը ցարին հայտնում է, որ միայն Ղարաբաղն ունի 100 հազար ծուխ բնակչություն:

Իսկ թե 1724 թվականից մինչև 1918 թվականն ընկած ժամանակահատվածում երկրամասով շահագրգիռ երեք տերություն՝ Պարսկաստանը, Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես ազերթուրքերին ներմուծեցին Անդրկովկաս, ինչպես նրանց համար ստեղծեցին կեղծանուն Ադրբեջան, համարելով այլ խոսակցության նյութ, արձանագրենք միայն, որ ազերթուրքերի առաջին քոչը Արաքսով անց է կացրել Նադիր շահը, իսկ 1897 թ. մեկ միլիոնի հասնող ազերթուրքերի 60 տոկոսը երկրատարածք է մուծվել 1880 թվականից սկսած («Ադրբեջանի պատմություն», ռուսերեն, հ. 2, էջ 253, 261-262):

1921 թ© հունիսի 5-ին Կովբյուրոյի տխրահռչակ որոշմամբ Արցախ-Ղարաբաղն էլ բռնակցեցին նորաթուխ Ադրբեջանին: Թիկունքում ունենալով Լենին-Աթաթուրք գործարքը հայ ժողովրդի դեմ՝ Կովբյուրոյի այդ որոշումը բոլոր առումներով անօրինական ու ավազակային էր, թեկուզ և այն առումով, որ այդ ժամանակ Անդրկովկասը անկախ էր և’ Ռուսաստանից, և’ Թուրքիայից, և անկախ կոչվող Անդրկովկասի տարածքային վեճը լուծեցին դրսի հզոր ուժերը: Ավելի քան ավազակային լուծում ստացավ բռնակցված այդ տարածքում ինքնավար մարզի ստեղծման գործընթացը: Ինքնավար մարզը ստեղծեցին պատմականորեն ստեղծված Ղարաբաղի տարածքի մեկ երրորդ մասում միայն:

Ցույց տալու համար, թե բռնակցված էթնո-աշխարհագրական այդ տարածքը ինչքանով էր մնացել հայկական, հիմք ենք ընդունում 1912 թ. պետական հարկացուցակը, մի փաստաթուղթ, ուր բացառվում է քաղաքական նկատառումներով զեղծարարություն: Նախ նշենք, որ ցարիզմը այնպիսի վարչատարածքային բաժանումներ էր կատարել, որ  որևէ նման միավոր չունենա էթնիկական միատարրություն, որ բոլորն էլ խառը էթնիկական կազմ ունենան: Գավառները սկսվում են Քուռի կամ Արաքսի ափերից, վերջանում Ղարաբաղի լեռներում: Այսպես, Ջեվանշիրի գավառը Եվլախի մոտերքից ձգվում էր մինչև Հաթերք՝ ընդգրկելով և’ տափաստանաբնակ քոչվորներին, և’ լեռնաբնակ հայերին: Չնայած դրան՝ հարկացուցակը որոշակիորեն մատնանշում է այն տարածքները, որոնք 20-րդ դարի սկզբին դեռևս մնացել էին զուտ հայկական էթնոտարածք. բնակիչներն ամբողջապես հայեր էին:

Եվ այսպես, ըստ 1912 թ. պետական հարկացուցակի՝ Քուռի աջափնյակն զբաղեցնող գավառներում, չհաշված քաղաքներն ու վարչական կենտրոնները, հայերն ունեին հետևյալ կազմը՝ 1. Ջեվանշիրի գավառ (Բարդայից մինչև Հաթերք)՝ 24.711 բնակիչ: 2. Ելիզավետապոլի գավառ (Կարաչինար, Գետաշեն, Չարդախլու)՝ 41.215 բնակիչ: 3. Ղազախի գավառ (Բաշքենդ, Թաղաքենդ, Թոուզքենդ)՝ 24.881 բնակիչ: 4. Կարյագինոյի գավառ՝ 23 354 բնակիչ: 5. Շուշիի գավառ՝ 67 333 բնակիչ: Բոլոր գավառները միասին հաշված՝ 203.497 բնակիչ: Այսպիսով՝ 1724 թ. վկայված 100 հազար ծուխ ունեցող Ղարաբաղից երկուհարյուրամյա վայրիվերումների արդյունքում մնացել էր միայն 203.5 հազար բնակիչ, գերագույն զոհողությունների գնով պահպանել հայրենիքը, երկու անգամ՝ 1724 և 1918 թվականներին ջարդել հայրենիքը նվաճել փորձող օսմանյան զորաջոկատներին:

1921 թ. հունիսի 5-ի Կովբյուրոյի որոշման հիման վրա 1923 թ. կազմավորեցին ԼՂԻՄ-ն Շուշիի, Ջեվանշիրի, Կարյագինոյի գավառների որոշակի տարածքներից՝ դուրս թողնելով Ելիզավետապոլի և Ղազախի գավառների միատարր հայկական շրջանները՝ մարզի տարածքին հավասարակշռող տարածքով: Եվ եթե միասնական Ղարաբաղի երկատումը թվերի լեզվով ներկայացնենք, մարզում ընդգրկվեց 117.401 բնակիչ, դուրս մնաց՝ 86.96-ը:

Այսպիսով՝ ոչ միայն նոր ձևավորված մարզի սահմաններից դուրս թողեցին միատարր հայ բնակչություն ունեցող շրջանները՝ սկսած Չարդախլվից մինչև Շահումյան, այլև Ղարաբաղի տարածք թափանցած Աղդամն իր շրջակա ինը գյուղերով, որ ուներ ընդամենը 2094 բնակիչ, կտրեցին մարզից և դարձրին ինքնուրույն շրջան: Համեմատության համար նշենք, որ այդ ժամանակ Չարդախլու գյուղն ուներ 3396 բնակիչ, Գետաշենը՝ 5057, Աղդամը՝ 260: Մարզի տարածքից դուրս թողնված հայկական մի գյուղի բնակչությունը 2.5 անգամ գերազանցում էր Աղդամի ողջ շրջանին: Ավելացնենք, որ հետագա 70 տարիների ընթացքում մարզը և նրանից դուրս թողնված հայկական շրջանները բնակչության աճ համարյա չեն տվել, իսկ Աղդամի շրջանում քաղաքական հեռահար նպատակով կուտակել են 135.9 հազար ազերթուրք: Եթե այս ամենին գումարենք նաև այն իրողությունը, որ Ղարաբաղի դաշտավայրային անբնակ տարածքները, որ ավանդաբար և մինչև 1988 թ. մշակում էին հայերը, չընդգրկեցին մարզի սահմաններում, թողեցին անորոշության մեջ, որպեսզի հետագա յուրացումը դիմադրության չհանդիպի հայերի կողմից, պատկերը կամբողջանա:

Ամբողջ 70 տարի ոչ միայն մարզի, այլև մարզից դուրս թողնված շրջանների հայությունը անհավասար մաքառումների մեջ է եղել ազերթուրքական բռնությունների ու բռնազավթումների դեմ: Վերջինը 1987 թ. ամռանն էր, երբ Բաղրամյանի ու Բաբաջանյանի հայրենի գյուղ Չարդախլվից «ինտերնացիոնալ» հիմունքներով բռնազավթում էին 500 հա հող և գյուղի դիմադրող կանանց ջարդի տակ դրեցին միլիցիայի ջոկատներով:

Մարզի հայությանը հավասար մարզի կազմից դուրս թողնված հայկական շրջանների բնակչությունը ևս կարող էր դիմագրավել հայկական հարցում Լենինի գործի շարունակող Գորբաչովի սանձազերծած ագրեսիային, եթե տեղի հայությունը դիմագրավեր միայն ազերթուրքերին, եթե Գորբաչովը գործի չդներ պետական զորքն ու ծանր տեխնիկան: Այս շրջանները Գորբաչովը բռնագրավեց ազերթուրքերի համար: Գորբաչովի սանձազերծած հակամարտության հետևանքով Ղարաբաղն է տվել տարածքային կորուստներ՝ սկսած Չարդախլուից մինչև Ժդանովի շրջան: Եվ եթե տարածքային ամբողջականության վերականգնման հարց է դրվում, այն վերաբերում է Ղարաբաղին և ոչ թե կեղծանուն ու սարքովի Ադրբեջանին: Պատմականորեն ձևավորված Ղարաբաղը ոչ մի ժամանակ անկախ Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել: Արտաքին հզոր ուժերն են նրան դրել կախման մեջ, և այդ կախումից նա ազատագրվեց մեծագույն կորուստներով:

Ինչ վերաբերում է տարածաշրջանով շահախնդիր հզոր տերություններին «քուն ու հանգստից զրկած» գրավյալ տարածքներին, որ պատմականորեն ձևավորված Ղարաբաղի 1/3-ի մի մասն է, ապա դա միայն ու միայն ազատագրում է: Կրկին նշենք, որ մարզի ձևավորման ժամանակ 2094 բնակիչ ունեցող Աղդամի շրջանում հետագայում՝ 50-ական թվականներից սկսած, արհեստականորեն կուտակեցին 135.9 հազար ազերթուրք, Ղարաբաղի տարածքում ռուսական գաղթօջախ Կարյագինոյից 1918-20 թթ. հայրենիք վերադարձած ռուսների տեղը արհեստականորեն կուտակեցին 90 հազարից ավելի ազերթուրքեր՝ շրջանը վերանվանելով Ֆիզուլի: Ղարաբաղի Արաքսամերձ անբնակ տարածքներում ստեղծեցին Ժդանովի շրջան, այն կտրեցին մարզից և հայերին հետևողականորեն դուրս մղելով՝ լցրին ազերթուրքերով:

Բնավ պատահական չէին պատերազմական գործողությունների ժամանակ հայկական կողմի այդքան շեշտակի հաջողությունները: Քաղաքական հեռահար նպատակներով Ղարաբաղի տարածքներ արհեստականորեն ներմուծված զանգվածները շատ լավ գիտեին, որ իրենց խցկել են ուրիշի տարածքներ, նրանք դեռ չէին մոռացել իրենց նախկին բնակավայրերը: Եվ նրանք, հեռվից կրակոցների ձայն լսելով, մի մարդու պես լքեցին իրենց չպատկանող տարածքները: Ուշագրավ է, որ կրակագծից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվող Ժդանովի շրջանի ազերթուրքերը ևս լքեցին շրջանը՝ համոզված, որ շրջանի իրական տերերը շուտով հասնելու են այնտեղ: Չէ՞որ ընդամենը մի երկու տարի առաջ էին վերջին հայերին դուրս քշել այնտեղից: Ինչպե՞ս կարելի է համեմատության եզրեր գտնել Գետաշենի և, ասենք, Աղդամի կամ Ֆիզուլու միջև, երբ մի դեպքում պետական տանկերի դեմ մաքառելով էին պաշտպանում հայրենի հողը, մյուս դեպքերում, իրենց թվական հսկայական առավելությամբ հանդերձ, դիմադրություն չէին ցուցաբերում:

Որպես ընդհանրացում նշենք, որ ազերթուրքերի առաջին քոչը Անդրկովկաս է մտցրել Նադիր շահը 18-րդ դարի 30-ական թվականներից, որպեսզի ռուսական հարավային ծավալման դեմ մահմեդական ազգաբնակչության պատնեշ ստեղծի: Նույն քաղաքականությունը որդեգրել է ցարիզմը՝ հայերի ազատագրական ձգտումները սանձած պահելու հեռանկարով: Պատահական չէ, որ երբ Բեռլինի վեհաժողովից հուսախաբված հայ ժողովուրդը ազատագրական պայքար սկսեց թեկուզ թուրքական լծի տակ գտնվող Արևմտահայաստանի ազատագրման նշանաբանով, ցարիզմը 1880-97 թթ. ժամանակամիջոցում Արևելյան Անդրկովկաս մտցրեց ազերթուրքերի 60%-ը, և այդ ուժը ըստ ամենայնի օգտագործեց իր հրահրած 1905-07 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ: Երկու անգամ՝ 1724 և 1919 թթ. Թուրքիան ռազմակալեց Անդրկովկասը և հայերին ոչնչացնելու ճանապարհով ոչ միայն նպաստեց Արևելյան Անդրկովկասում ազերթուրքերի համար հայրենիք ձևավորելուն, այլև դարձավ նրանց պետության ձևավորման կնքահայրը:

Ինչպես ցույց են տալիս պատմական իրողությունները, Արևելյան Անդրկովկասում ազերթուրքերի համար հայրենիք են ստեղծել տարածաշրջանով շահագրգիռ արտաքին ուժերը՝ իրենց նպատակներին ծառայեցնելու հեռանկարով: Եվ եթե մի հրաշքով այդ երկրատարածքի բնիկ ժողովուրդները՝ հայերը, լեզգիները, թաթերը, թալիշները, ուդերը և մյուսները, կարողանային տեր դառնալ իրենց պատմական հայրենիքներին, ազերթուրքերը այնտեղ ոտք դնելու տեղ  չէին ունենա:

1988 թ. սկսված հակամարտությունը ևս արտաքին ուժերի սադրանքների արդյունք էր, և հետևողականորեն հետապնդում էր հայերի հաշվին ազերթուրքերի համար տարածքների ընդարձակում: Գորբաչովյան զորքերով արդեն հայաթափել էին մարզի կազմից դուրս թողնված հայկական շրջանները, բռնագաղթի զոհ էին դարձրել մարզի կազմի մեջ մտնող Հադրութի ու Բերդաձորի շրջանների 20-ից ավելի բնակավայրեր, խստագույնս տուժել էր Ասկերանի շրջանը: Ղարաբաղին վերջնական կործանումից փրկեց գորբաչովյան վարչակարգի կրախը, որի հետևանքով մի կարճ ժամանակ ազերթուրքն ու ղարաբաղցին կանգնեցին դեմ դիմաց, առանց արտաքին հզոր ուժերի դերակատարման…

Ահա այդ կարճ ժամանակահատվածը բավական էր, որ Ղարաբաղը ոչ միայն փրկվի իսպառ ոչնչացումից, այլև հետ վերցնի իրենից բռնազավթված որոշ տարածքներ, նվաճի իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելու իրավունքը: Դժբախտաբար, արտաքին ու ներքին հզոր ուժերը թույլ չտվեցին Ղարաբաղի տարածքների ամբողջական ազատագրումը, և արդյունքում Հյուսիսային Ղարաբաղն ու արաքսամերձ հարթավայրը մնացին թշնամական գերության մեջ:

Այսպիսով՝ վերջին հակամարտության ընթացքում Ղարաբաղն է տվել տարածքային կորուստներ:

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

համահայկական

անդրադարձ

ՆՈՐ ԹԱՄԱԴԱՅՈՒԹՅՈՒ՞Ն,

ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Թաղման հայեցի ծեսին կրկին անդրադառնալու առիթը Հենրի Հայրապետյանի «Միայն թամադայի արժեւորումը պակաս-պռատ է» հոդվածն է, որը տպագրվել է «Դեմո» հանրային  թերթում:

Ընդհանրապես, նման թեմաներին անդրադառնալիս, որոնք վերաբերում են հայրենիքին, հայոց լեզվին, ազգային եկեղեցուն, ավանդույթներին,  սովորություններին, մի խոսքով՝ ազգային արժեքներին, միշտ էլ պատկառանքով եւ երկյուղածությամբ եմ մոտենում, որ հանկարծ մի ավելորդ նախադասությամբ անգամ չփորձեմ վնասել այն հիմնասյուները, որոնց վրա դարեր ի վեր կանգուն է այն արժեքը, որը կոչվում է հայկականություն:  Դարերի ընթացքում հայկական ազգային արժեքները խտանալով, իմաստավորվելով եւ դառնալով կուռ համակարգ, հայի համար դարձել են կենսակերպ եւ յուրահատուկ գոյապահպանման ձեւ:

Թաղման հայեցի ծեսի մասին մանրամասն գրել ենք նախորդ հոդվածում, ուստի, վատ թամադայի նման ասելիքը չերկարացնելու համար միայն ավելացնենք, որ այն Հայ Եկեղեցու կողմից կանոնակարգվել է 9-րդ դարի վերջին Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսի օրոք: Ի դեպ, Մաշտոց Եղիվարդեցին Լեւոն Շանթի «Հին աստվածներ»  դրամայի Հովհաննես վանահայրն է:   Թաղման կանոնակարգը հետագայում ենթարկվել է չնչին  փոփոխությունների: Այն տարածվել է համայն հայության շրջանում (անկախ բնակության վայրից) եւ կատարվել է ամենայն բծախնդրությամբ:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելուց հետո, ստեղծված նոր արժեհամակարգի համապատասխան վերաձեւվել, վերափոխվել են նաեւ հայկական ազգային արժեքները: Առանձնապես տուժել են այն արժեքները, որոնք հենված են եղել քրիստոնեական հավատքի վրա կամ ունեցել են ազգային բնույթ: Այդ ավերածություններից անմասն չի մնացել հայկական ավանդական ամուսնության ծեսը՝ պսակը եւ թաղման հայեցի ծեսը: Վերջինիս տալով աթեիստական բնույթ, հայ քրիստոնյային զրկել են հայավայել եւ քրիստոնեավայել  հողին հանձնելուց:  Ստեղծված արարողակարգի համաձայն՝ բացառվում էր քահանայի մասնակցությունը հուղարկավորությանը եւ ընդհանրապես՝ քրիստոնեական ցանկացած այլ դրսեւորում: Բայց, այնուամենայնիվ, համայնավարներին չի հաջողվել իսպառ վերացնել թաղման հայեցի ծիսակարգի մի շարք տարրեր: Բայց, ահա, նրանց հաջողվել է եկեղեցական տաղավարի տոների հաջորդ օրվա՝ հիշատակ մեռելոցի փոխարեն ստեղծել-հորինել այնպիսի անհեթեթ օրեր, ինչպիսիք են՝ հունվարի 2-ը, մարտի 8-ը, մայիսի 2-ը եւ նոյեմբերի 8-ը:  Զավեշտը հասել էր այն աստիճանի, որ մարդիկ հունվարի 2-ին այցելում էին գերեզմանոցները եւ շնորհավորում իրենց ննջեցյալների Նոր տարին: Իսկ ի՞նչ անուն տանք այն երեւույթին, երբ մարդիկ մայիսի 2-ին  գերեզմանոցներում հատուկ ճաշկերույթներ  էին կազմակերպում եւ շնորհավորում իրենց հանգուցյալների «աշխատավորների միջազգային համերաշխության օրը»: Ի դեպ, այդ անփառունակ ավանդույթը նորից է գլուխ  բարձրացրել՝ շնորհիվ մայիսի 1-ը կրկին աշխատավորների տոն պետականորեն նշելու կապակցությամբ:

Չերկարացնելու եւ  առանց մնացած զավեշտների մասին գրելու էլ կարելի է հարց տալ իմ կողմից շատ հարգելի Հենրի Հայրապետյանին. «Հիմա ի՞նչ անենք, վերադառնա՞նք  մեր արմատներին, այսինքն՝ առաջնորդվենք թաղման հայեցի ծիսակարգով, որով ավելի քան 1000 տարի առաջնորդվել են մեր նախնիները, թե՞ ստեղծենք թաղման կարկատաններով ամբողջացրած նոր արարողակարգ»: Ախր, ինչպե՞ս կարելի է առանց թաղման հայեցի ծիսակարգը վերականգնելու եւ նրանով առաջնորդվելու, փոփոխություններ կամ լրացումներ կատարել: Ավելի պատկերավոր ասած, եթե օրենքը դեռ չենք ընդունել, փոփոխություններ կամ առաջարկություններ որտե՞ղ ենք կատարելու: Դա հարցի մի կողմն է: Մյուս կողմից էլ, որպեսզի թաղման ծիսակարգի մեջ փոփոխություններ կատարվեն, այնքա¯ն համոզեցուցիչ կռվաններ են պետք, որ դրանք հիմք հանդիսանան Հայ Եկեղեցու Հոգեւոր Գերագույն Խորհրդի կամ Եպիսկոպոսական ժողովի օրակարգ մտցնելու համար: Համեմատելու համար նշենք, որ այդ գործառույթը ավելի բարդ է, քան Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը:

Հարգարժան հոդվածագիրը գրել է, որ հայ ժողովուրդը հանգուցյալի հիշատակը նշելու, արժեւորելու սովորույթներ, ավանդույթներ շատ ունի եւ Հայաստանի Հանրապետության որոշ մարզերում թույլատրվում է «որպեսզի մի քանի բաժակ օղի խմելուց հետո ելույթ ունեցողները ավել-պակաս չխոսեն, ձայն են տալիս հենց սկզբից, նախքան օղիով նշվող կենացներին անցնելը»: Իհարկե, դա այդպես էր, իսկ հիմա ՀՀ-ում էլ են վերանայում այդ ոչ հայեցի թաղման ծիսակարգին հատուկ տարրերի կիրառումը, որոնք մուտք են գործել կաթոլիկների եւ համայնավարների «ջանքերով»:

Իսկ ինչ մնում է հանգուցյալի հիշատակը նշելուն եւ արժեւորելուն, նշենք՝ ո՞վ է խանգարում կազմակերպել հանգուցյալի հիշատակին նվիրված հուշ-երեկոներ, տարաբնույթ միջոցառումներ: Ահա այդ ժամանակ ինչքան ուզում են թող մարդիկ  ելույթ ունենան, իրենց սրտի խոսքն ասեն, որ հետո չասեն. «Չթողեցին երկու խոսք ասեմ ընկերոջս հիշատակին»:

Ամփոփելով, նշենք, որ սգո արարողությունների ժամանակ, բացի թամադայից, ուրիշներին ելույթ ունենալու հնարավորություն տալու բանավեճի հիմնական պատճառը այն է, որ դրան մասնակցող կողմերը տարբեր պատկերացումներ ունեն մարդու մահվան եւ հոգու մասին: Քրիստոնյաները (եւ ոչ միայն) հավատում են, որ երբ մարդը մահանում է՝ հոգին բաժանվում է մարմնից, հողին են հանձնում մարմինը: Հանգուցյալի հիշատակին նվիրված բոլոր   արարողությունները կատարվում են նրա հոգու փրկության համար եւ նպատակով: Ուստի, սգո արարողությունների մասնակիցները պետք է  աղոթեն հանգուցյալի հոգու փրկության համար, ոչ թե սպասեն կամ հերթագրվեն, որ իրենց բարձրաձայն ելույթ ունենալու հնարավորություն տրվի: Իսկ բոլորի կողմից եւ անունից սրտանց ու շիտակ ելույթ ունեցող թամադայի հիշատակումները (ոչ թե կենացները) ավելի շատ աղոթքի պետք է նմանվեն, այլ ոչ թե՝ խրոխտ, պաթետիկ ոճով արտասանվող բաժակաճառերի:

Ակամայից հիշեցի մի տխուր դեպք: Մի սգո սեղանի թամադա 5-րդ բաժակաճառից հետո ելույթի իրավունք էր տվել մի ալեհեր կնոջ: Նա, օգտվելով ընձեռած հնարավորությունից, արտասանել է մի երկարաշունչ բանաստեղծություն, այն էլ՝ ոչ սահուն:  Թամադան էլ իր գրականության իմացությունը ցուցադրելու համար անմիջապես արտասանել է մի այլ բանաստեղծություն: Դժբախտաբար, դա միակ դեպքը չէ, որ մենք ականատես ենք եղել: Նման օրինակներ կարելի է շատ բերել, բայց պատշաճությունը այլ բան է պահանջում:

Վերջում ավելացնենք, որ ժամանակակից հայերիս պարտքն է՝ անաղարտ պահել հայկական ազգային արժեքները, անշեղորեն առաջնորդվել դրանցով եւ այն փոխանցել եկող սերունդներին:

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ     

——————————————————————————————

Մշակույթ

ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԶԸ

ԱԴԵԼԱ

(Արշալույս ՍԱՐԳՍՅԱՆ)

Երբ թերթում եմ արդեն տպագրության պատրաստ «Արցախի տարազը» պատկերագիրքս, մտովի վերադառնում եմ դեպի արմատներս: Արմատներ, որ գնում են դեպի խոր հնադար, և այնտեղ էլ սկսվում է արարելու, ստեղծելու շնորհն ու տաղանդը: Ահա թե ինչու են արաբ մատենագիրները դեռևս 7-րդ դարում իրենց հիացմունքն արտահայտել Արցախի կանանց արարած գորգերի ու կարպետների, ներկերի /որդան կարմիր/ ու արհեստների նկատմամբ:

Մի քաղցր կարոտ եմ զգում, երբ հիշում եմ Բարիշկա տատիս, նրա գեղահրաշ հագուստը՝ նուրբ եզրազարդերով ու դրամաշարաններով: Այնքան գեղեցիկ էր տատս, երբ հագնում էր ավանդական «հայավարին»: Նա կապուտաչ էր ու սպիտակ մաշկ ուներ, շեկ մազեր՝ իսկն հայուհի: Ես նայում էի նրան ու հիանում, երբ հարդարում էր գլուխը:

Բազմաթիվ եռանկյունաձև, քառանկյունաձև գլխաշորերը, դրամաշարաններով ճակատնոցը /պալին/, գոտին /կյոտի/, նախշազարդ գլխաշորը /չարղաթ/, քիթկալը և այլ պարագաներ: Ամեն ինչ շարում էր հերթականությամբ և սկսում գլխահարդարանքը: Զարմանում էի, թե տատս ինչպես էր այդքան ծանրությունը պահում գլխին:

Հայ ժողովուրդն ապրել ու իր բազմադարյան պատմությունն է կերտել այն երկրամասում, որը հայտնի է Հայկական լեռնաշխարհ անունով:

Լեռները բաժան-բաժան են արել Հայաստան աշխարհը: Աշխարհ, որին անվանում էին նաև լեռնային կղզի:

Այստեղ ապրել է մեկ ժողովուրդ՝ հայ ժողովուրդը, սակայն միմյանցից տարբերվող բարբառներով, տարազներով, սովորություններով և վարք ու բարքով: Նրանք ապրել են իրարից անջատ, աշխատել ու ստեղծագործել են և իրենց լուման ներդրել հայ մշակույթի բազմահարուստ գանձարանը:

Արցախը Հայկական լեռնաշխարհի  արծվաբույներից մեկն է, որը ավելի երկար է պահել իր հայկական անկախությունը: Արցախցին մեծ ներդրում է կատարել հայկական մշակութային տարրերը անթերի պահպանելու մեջ: Ապավինած իր անդնդախոր ձորերին, բարձրաբերձ լեռներին և թավուտ անտառներին՝ Արցախի հայությունը միշտ էլ մարտեր է մղել օտար ներխուժողների դեմ և ձգտել անխառն պահել իր ազգային դիմագիծը:

Սյունիքը Հայաստանի անառիկ միջնաբերդերից է: Այստեղ է ապրել մի չարքաշ ու հերոս ժողովուրդ, որ երբեք գլուխ չի ծռել օտարի առջև, չի վախեցել օտարի սրից: Ապավինած իր անմատչելի լեռներին՝ միշտ բարձր է պահել ազատության դրոշը: Չի կորցրել իր ապրելու կամքը և մաքառելու ավյունը: Նա իր լեռների նման եղել է ամուր ու առնական:

Զանգեզուրը համարվել է «յոթ սարերից այն կողմ գտնվող» հեքիաթային երկիր: Զանգեզուրը, ճիշտ է, փոքր տարածք է, բայց նա իր բնության զարմանալի բազմազանությամբ ու անկրկնելիությամբ մի մեծ աշխարհ է: Նա բարձրաբերձ լեռների, անդնդախոր ձորերի, կիրճերի հովասուն սարահարթի, որոտացող գետերի, ջրվեժների երկիր է:

Այս երկրում ապրել է հայը, իր ձեռքերով մշակելի է դարձրել հողը, մաքառել է բնության ու թշնամիների դեմ՝ միշտ պինդ, ամուր պահելով իր կորովը: Կին թե տղամարդ, կառչած իրենց հողին, շունչ են տվել քարին, հաց են քամել քարից, միշտ պահել հայկական ավանդները, վարքն ու բարքը՝ նաև իրենց ավանդական տարազը:

Արցախ – Սյունիքի տարազը կազմում է հայկական բազմախումբ տարազի անբաժանելի մասը: Այն բնութագրվում է համահայկական բազմաթիվ ընդհանրական գծերով, կառուցվածքի, առանձին տարրերի ձևվածքի, կրելու եղանակներով և այլն:

Հայաստանում կանացի տարազը քաղաքում և գյուղում նույնատիպ է եղել© քաղաքի հայուհիները հագնում էին ավելի թանկարժեք կտորներից կարված հագուստներ և կրում էին թանկարժեք զարդեր:

Հայ կանայք գերադասում էին հագնել կարմրագույն, որը համարվում էր պտղաբերության խորհրդանիշ: Գոտեվորվում էին մետաքսե կամ բրդե շալով: Կանացի տարազի անհրաժեշտ մասն էր կազմում գոգնոցը, հատկապես գեղեցիկ էին հարսանեկան գոգնոցները, որոնք զարդարված էին լինում նուրբ ասեղնագործությամբ և վառ գույների գեղեցիկ համադրությամբ:

Պատմական Հայաստանի տարբեր նահանգների տարազների մասին տեղեկություններն օգնում են ճիշտ լուսաբանելու տարազային նյութերը և աշխարհին ներկայացնելու հայ մշակույթի ժողովրդական արտահայտության ձևերից մեկի՝ հայկական տարազի մասին:

Բարդ ու բազմատարր է նաև աղջիկների և կանանց գլխի հարդարանքը: Արցախ – Սյունիքի տարազը հարուստ չէ ասեղնագործ եզրանախշերով: Եզրազարդերը կազմում են դրամաշարանները կամ արծաթե ուլունքները /թոփեր/, իսկ կրծքի, թևերի քղանցքների, փեշերի եզրազարդերը կարվում են կտորից /քյոպա/: Արցախ – Սյունիքի ավանդապահ կանայք սիրով են կրել իրենց տարազը, ըստ էության տարազ կրելը ընկալվում էր նաև որպես ազգային պատկանելության արտահայտման շեշտված ձև:

Բազմերանգություն է նկատվում Արցախ – Սյունիքի ենթախումբ հանդիսացող Գանձակի, Տավուշի կանանց հագուստի համալիրի յոթներանգ քթակապերում, որը և բնորոշ է այդ տարազաձևին: Գտնվելով օտարության մեջ՝ հայ ժողովուրդը բոլորովին չի կորցրել նախասկզբնական թե° լեզվական և թե° կենցաղային կերպարանքը, նա պահպանել է համեմատաբար ավելի շատ էթնիկ ժառանգություն:

Եզրակացություն: Հայ ժողովրդի տարազը նրա ինքնապահպանման ազդակներից մեկն է եղել: Նույնիսկ օտար փոխառությունների դեպքում էլ պահպանել են տոհմային ճաշակը և դարավոր ավանդույթները: «Բացի դրանից, հայ ժողովուրդը գտնվելով Արևելքի և Արևմուտքի ոճերի բախման ու համադրման մի մարզում, հաճախ ինքն էլ ներգործուն դեր է կատարել հարևան ժողովուրդների տարազի վրա» (Լեո, Երկերի ժողովածու, Հ© 2, Երևան, 1967 էջ 288):

Վերջին տարիներին վերածնունդ ապրեց հայ մշակույթը՝ երգն ու պարը, ազգային տարբեր ծեսեր ու սովորություններ, նոր կյանք ու բովանդակություն ստացան ժողովրդական արվեստները՝ ասեղնագործությունը, հելունագործությունը՝ ձեռարվեստի բոլոր ճյուղերը:

Ինձ և ինձ նման շատերին երևի կհետաքրքրի մի հարց. հնարավո՞ր է, արդյոք, մոռացությունից փրկել հայկական ազգային տարազը, թանգարանային նմուշից այն դարձնել առօրեական: Միշտ բարի նախանձով եմ նայում ժողովուրդներին, որոնք պահպանել ու կրում են իրենց ավանդական տարազը: Պետք է նկատել, որ մոլդովների, մերձբալթյան ժողովուրդների, ուկրաինացիների զգեստները հարուստ են իրենց իսկ ազգային տարազի տարրերով:

Չեմ կարծում, որ ժամանակակից հայ աղջկան կամ տղային կարելի է համոզել հագնվել իր ապուպապերի նման, բայց չէ՞ որ կարելի է զգեստը հարստացնել դարերի քննությունը բռնած Կարինի, Մուշի, Արցախի ասեղնագործության հայտնի նմուշներով՝ որևէ ազգային նախշով:

Եվ ինչու՞ միայն զգեստը. կարելի է «ազգային շունչ» հաղորդել նաև պայուսակին, գոտուն, թաշկինակին, առօրյա օգտագործվող իրերին, սրբիչին և այլն: Գոգնոցն ու գոտին հայ ժողովրդական տարազի բաղկացուցիչներից են, ընդ որում, եթե գոտին բնորոշ է երկու սեռի տարազին, ապա գոգնոցը հատուկ է միայն կանանց տարազային համալիրին: Գոգնոցի գործածությունն անպայմանորեն կապված էր աղջիկների տարիքային հասունացման որոշակի փուլի հետ:

Ծիսագործառնական առումով շապիկի հետ կարևորվում է վարտիքը, որը կոչվում է շապկընկեր, փոխան, ոտաշոր: Տղամարդկանց վարտիքների ծայրերը չեն ասեղնագործվում: Ասեղնագործվում էին միայն գոտեկապը կամ խոնջանակապը:

——————————————————————————————

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Սխալը ժամանակին ուղղելը նույնքան է կարեւոր ու ողջունելի, որքան սխալ չգործելը:

Չափի զգացումն ամեն ինչում է կարեւոր, նույնիսկ՝ սիրելու կամ ատելու դեպքում:

Խելոքի խելոքության ապացույցը նախ եւ առաջ նրա  ազնվությունն ու բարի գործեր կատարելն է:

Ծնողի ամենամեծ ողբերգությունը, հակառակ իր ջանքերին ու երազանքին, զավակի բարոյական անկումը տեսնելն է:

Մարդիկ ինքնահիացման պահեր ունենում են, բայց մշտապես գտնվել ինքնահիացման փրփուրների մեջ՝ վնասակար է:

Կայուն կարգ ու կանոն չունեցող հասարակությունը բացասաբար է ազդում ընտանիքների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Պետությունների միջեւ սահմանի խախտումը խիստ պատժվում է, իսկ մարդկային փոխհարաբերություններում հետեւանքը՝ դժգոհություն, վեճ, ծեծկռտոց, երբեմն նույնիսկ սպանություն է լինում:

Կոնկրետ մի մարդու կյանք փրկելը նույնքան կարեւոր է, որքան մի ամբողջ պետության քաղաքացիների հոգսերի մասին ընդհանուր խոսելը:

Մեծարվելու խիստ պահանջ ունենում են մեծ հավակնություններով տառապողները, բայց ոչ իրական մեծերը:

Անկայուն մարդը երբ կարեւոր ու դժվար գործը տանուլ է տալիս, մեղադրում է ճակատագրին:

Փողով շատ բան կարելի է գնել, բայց պատիվ՝ երբեք:

Ապագայի հույսով են սկսում ապրել բոլոր նրանք, ովքեր ներկայի նկատմամբ անվերադարձ կորցնում են հավատը:

Կարելի է ներել մտերիմի սխալը , բայց՝ ոչ դավաճանությունը:

Մարդ երբ գործից է շատ հոգնում, հանգստանալու հնար է գտնում, երբ կյանքից է շատ հոգնում, դժվար ու ծանր վիճակ է, բայց էլի հնար կգտնվի:

Մեծ նպատակի ձգտողը եթե աննահանջ հաղթահարի խոչընդոտները՝ մի օր կհասնի երազանքին:

Վեճի նպատակը ճշմարտություն հայտնաբերելն է, դա անհնար է դառնում, երբ կողմերը անձնական մեղադրանքների ու վիրավորանքների կրքերով են տարվում:

Հրեշտակի տեսքով հրեշները, երեւի, ավելի շատ են, քան իրական հրեշները:

Մայրական երջանկությունից անտեղյակ անզավակ կինը անտեղյակ է մնում նաեւ ամենօրյա մայրական ծանր հոգսերից ու տառապանքներից:

Հարազատների միջեւ եթե սեր, հավատարմություն, հարգանք չկա, պետք է հանդուրժողականություն լինի, եթե դա էլ չկա, գոնե հակամարտություն չպետք է լինի:

Կան հակառակորդներ, որոնց բաց երկնքի տակ գտնվելը նույն-քան նեղվածք է լինում, որքան՝ միեւնույն սենյակում:

Արդարության ու ճշմարտության նվիրյալ Ջորդանո Բրունոյին խարույկի վրա հրկիզման օրից շատ ժամանակ է անցել, բայց քաղաքակիրթ աշխարհում շատ բան չի փոխվել թույլի եւ ուժեղի, արդարի ու անարդարի միջեւ պայքարի պատժամիջոցներում, որոշ դեպքերում նույնիսկ զանգվածային է դարձել:

Նոր մտածողությունը հասարակության զարգացման համար անհրաժեշտ է, բայց ամեն նորը չէ, որ առաջադիմական է լինում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s