№ 16 / 30 սեպտեմբեր

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

ԼՂՀ-ում անցկացված նախագահական 4-րդ ընտրություններից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ նոր նախագահի պաշտոնամուտից՝ ուղիղ մեկ տարի, այնպես որ, կամա թե ակամա, հակվում ես շարքային քաղաքացու դիտանկյունից հանրագումարի բերելու նոր ղեկավարության մեկամյա գործունեության արդյունքները:

Ինչ խոսք, այդ մեկ տարում դրական տեղաշարժեր եղել են: Ըստ իս, ամենաէական ու սկզբունքային առաջխաղացումն այն է, որ նոր նախագահի ու նոր իշխանությունների գործունեությունը միտված է ավելի հստակ «հասցեատերերի» կամ, ավելի ճիշտ՝ բնակչության կոնկրետ խավերի: Այսինքն՝ բարեփոխումներն ու սոցիալական քաղաքականությունը ոչ թե ընդհանրական են, այլ կա ակնհայտ ձգտում դրանք կոնկրետ «հասցեագրելու», և գնալով ավելի շատ մարդիկ են իրենց վրա զգում դա: Զորօրինակ, նորապսակ զույգերին տրվող 300 հազարական գումարը էական օգնություն ու խթան է երիտասարդ ընտանիքներին՝ առանց բացառության: Կամ՝ դիցուք, հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը:

Նոր իշխանությունների փոքր ինչ ավելի մերձ լինելը ժողովրդին հատկապես երևակվեց մարտի վերջի աննախադեպ հողմի ժամանակ, երբ եղավ սրտացավ վերաբերմունք, հստակ կազմակերպված ջանքեր, իսկ նախագահն էլ լինում էր «թեժ կետերում»: Ինչ վերաբերում է նոր վարչապետին, ապա նախորդից նրա տարբերությունը, շահեկան առումով, միանշանակ տեսանելի է: Եռանդի ու աշխատունակության պակաս չկա, ինչը դրականորեն է անդրադառնում բնակչության ամենատարբեր խավերի ու հատկապես գյուղական բնակչության հետ նրա շփումների վրա:

Այս ամենն, իրոք, կա, և հնարավոր չէ չտեսնել: Բայց նաև չես կարող չփաստել, որ իրական ժողովրդավարություն ապահովելու համար սկզբունքային ու համակարգային փոփոխություններ ոչ միայն չկան, այլև նման ցանկությունն անգամ տեսանելի չէ: Նոր իշխանությունը, բնականաբար, ստիպված էր առաջին հերթին զբաղվել կադրային հարցով, ավելին՝ գործունեության ամենառեալ ոլորտը դա էր, որով էլ հիմնականում զբաղված էր: Ցավալի է, բայց փաստ՝ կադրային հարցում նոր մոտեցում ու «հեղափոխություն» այդպես էլ չեղավ:  Չժխտելով մի քանի հաջող  նշանակումների հանգամանքը, այդուամենայնիվ, կարելի է ասել, որ կադրային քաղաքականությունն ընդհանուր առմամբ անհաջող էր: Մասամբ այն պատճառով, որ նախկին նախագահի կադրային «զգեստապահարանը» դեռ «մոդայից» դուրս չի եկել, մասամբ էլ շարունակվող վերաբերմունքը առկա կադրերը յուրայինների ու ոչ յուրայինների բաժանելու հարցում: Այս հարցում նույնիսկ որոշակի ետընթաց կա այն առումով, որ արհեստավարժությունը (պրոֆեսիոնալիզմը) կարծես թե երկրորդ պլան մղվեց, և հանրությանը կրկին սկսեցին համոզել, որ լավ ղեկավարը կարող է նաև լավ մասնագետ չլինել, կամ այլ ոլորտից լինել: Կադրային անհասկանալի տեղաշարժերը և «քոչվորությունը» դրա վառ ապացույցն են:

Բացի այդ, տեղեկատվական դաշտում լուրջ փոփոխություններ չեղան, ներքին և արտաքին տեղեկատվական քաղաքականությունն իր էությամբ շարունակում է ժամանակա-վրեպ մնալ: Ղարաբաղյան կար-գավորման հարցում ևս էական փոփոխություններ չկան, նոր իշխանությունները նույնպես հակված չեն ինքնուրույն քաղաքականություն վարելու և վերածնելու ղարաբաղյան գործոնը որպես տարածաշրջանային ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն, առանց որի հնարավոր չէ նորանկախ երկրի միջազգային ճանաչումը:

Բայց ամենակարևոր ու սկզբունքային թերացումն, ըստ իս, հետևյալն է: Նոր նախագահը, վարչապետը, ընդհանրապես՝ նոր իշխանությունը որքանով որ փորձում են առավել մոտ լինել ժողովրդին, նույնքանով նպաստում են հանրային կառավարման ինստիտուտների չկայացմանը: Նրանք ուզում են ամեն ինչ իրենք անել, իրենք վերահսկել, նոր իշխանությունն ուզում է ամեն ինչում իր մասնակցությունը երևակել: Արդյունքում ունենում ենք բարձրագույն ղեկավարությունից անմիջական կախման մեջ գտնվող, այլ ոչ թե ինքնակարգավորվող ու հանրության կողմից վերահսկվող համակարգ: Արդյունքում՝ լուրջ (և ոչ միայն) հարցերը հնարավոր չի լինում լուծել առանց բարձրագույն ղեկավարության միջամտության: «Մի տվեք ինձ ձուկ, այլ տվեք կարթ, որ ինքս ձուկ որսամ» մոտեցումը չկա, մերոնք գերադասում են «ձուկ տալ», որպեսզի ստացողն իրենցից կախված ու իրենց երախտապարտ մնա: Սա է սկզբունքային հարցը:

Լավ ղեկավարը նա է, ով ոչ թե ինքն է զբաղվում բոլոր հարցերով, այլ այնպիսի արդյունավետությամբ է գործարկում պետական կառավարման համակարգը, որ քաղաքացին նրա մոտ գնալու կարիքը չունենա, նա է, ով գործարկում է արդյունավետ մեխանիզմ, որի ամեն պտուտակ ու լիսեռ ինքնաբավ աշխատում է:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Ներպետական

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ»

«Մի քանի ամիսը շատ քիչ է՝ մեր հանրապետությունում քաղաքացու իրավունքների պաշտպանվածության վիճակը ուսումնասիրելու եւ գնահատելու համար, սակայն կարող եմ ասել, որ կոպիտ խախտումներ կատարելու համար այստեղ նախապայմաններ չկան»,- այս մասին վերջերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, որն ամփոփել է գործունեության մի քանի ամիսների արդյունքները:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով՝ այդ ընթացքում 118 անձանցից 85 դիմում-բողոք է ստացվել /մի մասը կոլեկտիվ դիմումներ են/: Շուրջ 50 դիմումատուի տրամադրվել է համապատասխան իրավաբանական օգնություն, քանի որ նրանց կողմից ներկայացված չէին այնպիսի խախտումներ, որոնք ենթակա են մարդու իրավունքների պաշտպանի քննարկմանը, ուստի այդ դիմումատուներին խորհուրդ է տրվել դիմել համապատասախան մարմիններին:

ՄԻՊ-ի քննարկմանը ենթակա 19 դիմումից 9-ով մարդու իրավունքների խախտման փաստերն արդեն իսկ հաստատվել են, ըստ այդմ էլ համապատասխան որոշումներ են կայացվել, որոնցից 5-ի քննարկումը դրական արդյունք է ունեցել: 8-ի քննարկումը ընթացքի մեջ է, իսկ 2 բողոքի քննարկում դիմումատուի խնդրանքով դադարեցվել է, քանի որ մինչեւ ՄԻՊ աշխատակազմի կողմից որոշում կայացնելը համապատասխան մարմիններն արդեն վերականգնել էին այդ քաղաքացիների իրավունքները: Բողոքները հիմնականում վերաբերում են սոցիալական եւ աշխատանքային իրավունքներին:

Շարունակելով թեման՝ Յու. Հայրապետյանը տեղեկացրել է, որ մեկ անգամ ընդունելություն են կազմակերպել Մարտունի շրջկենտրոնում, երկու անգամ՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում եւ մեկ անգամ էլ՝ քննչական մեկուսարանում, որտեղ օրենքով նախատեսված կարգով համապատասխան դիմումներ են ստացել:

Աշխատակազմը նաեւ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում գործող օրենքների վերլուծության ուղղությամբ, ինչպես նաեւ պարզել դրանց համապատասխանությունը ԼՂՀ Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին: Արդյունքում «Սոցիալական ապահովագրության քարտերի մասին» օրենքում հայտնաբերվել է անհամապատասխանություն: «Օրենքի մի հոդվածում ամրագրված է, որ քաղաքացին իրավունք ունի քարտ ունենալ, այսինքն՝ օրենքը չի պարտադրում, սակայն մեկ այլ հոդվածում նշվում է, որ սոցքարտի տվյալներն օգտագործվում են մի շարք մարմինների կողմից քաղաքացիների օգտին որեւէ գործողություն կատարելիս /աշխատավարձ, սոցապահովության եւ ապահովագրության պետական եւ ոչ պետական ծրագրերով կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու եւ վճարելու ժամանակ, բանկային հաշիվ բացելու համար եւ այլն/: Բանը հասել էր նրան, որ քարտի առկայությունը պահանջվում էր նաեւ օրենքով չնախատեսված դեպքերում, ասենք՝ դատարան դիմելուց»,- պարզաբանել է Պաշտպանը: Սոցիալական քարտի պարտադիր լինելը հակասահմանադրական համարելով՝ նա դիմել է Գերագույն դատարանի Սահմանադրական պալատ, որտեղ էլ միայն մի քանի ամիս հետո կքննարկվի այդ հարցը՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործընթացը կարգավորող օրենքի բացակայության պատճառով: ՄԻՊ-ը, ելնելով հարցի հրատապությունից, օրենքի նախագիծ է մշակել, որտեղ ուժը կորցրած է ճանաչվում հակասահմանադրական հոդվածը: Նախագիծն այժմ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել:

Բացի քաղաքացիների ընդունելությունից, Պաշտպանի հավաստմամբ, աշխատակազմը փորձել է կապեր հաստատել ինչպես Հայաստանի համանուն ինստիտուտի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ. կապեր են հաստատել Մերձդնեստրի Հանրապետությունում գործող մարդու իրավունքների լիազորի հետ, ինչպես նաեւ փորձ է արվել  անդամակցելու օմբուդսմենի եվրոպական ինստիտուտին: Համապատասխան նամակով Յուրի Հայրապետյանը դիմել է այդ ինստիտուտի վարչությանը, որը գտնվում է Ավստրիայում: Վերջինիս խնդրանքով ուղարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի ռուսերեն տարբերակը, այժմ սպասում են պատասխանի: «Ճիշտ է, այդ հարցում մեզ ակտիվորեն խանգարում է Ադրբեջանի օմբուդսմենը, որը դիմել է համապատասխան միջազգային ինստիտուտներին՝ խնդրելով չճանաչել մեզ, սակայն գտնում եմ, որ այդ ինստիտուտների վարչության անդամները կկարեւորեն ոչ թե այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից ճանաչված չէ, այլ այն, որ մենք, չնայած դրան, ունենք մարդու իրավունքները կարգավորող համապատասխան օրենքներ եւ դրանք պաշտպանում ենք»,- շեշտել է մարդու իրավունքների պաշտպանը:

Խոսելով ՄԻՊ-ի որոշումների ազդեցության մասին, նա նկատել է, որ հանրապետությունում մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմիններն ունեն հարկադրելու մեխանիզմներ, սակայն մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ավելի շատ խորհրդատվական բնույթ ունեն: «Իսկ ինչպե՞ս վարվել, եթե այդ առաջարկը չի կատարվում: Այդ դեպքում, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի համաձայն, Պաշտպանը կարող է դիմել նաեւ հանրապետության նախագահին, որը հանդիսանում է Սահմանադրության եւ օրենքների կատարման երաշխավոր, ինչպես նաեւ դիմել  ԱԺ-ին, կառավարությանը, որոնք իրենց լիազորությունների շրջանակներում կնպաստեն մեր օրինական որոշումների կատարմանը: Սակայն, համաձայնվեք, որ այս գործառույթը պետք է օգտագործվի հնարավորինս չափավոր: Եվ այդ առումով լրատվամիջոցների ազդեցությունը շատ եմ կարեւորում: Նույն օրենքի համաձայն՝ եթե Պաշտպանին ժամանակին չեն ուղարկում պահանջվող նյութերը՝ բողոքը քննարկելու համար, կամ չեն կատարվում առաջարկի պահանջները, Պաշտպանը իրավասու է հրապարակել այդ պաշտոնատար անձի կամ մարմնի մասին նյութեր՝ նշելով մարմնի կամ անձի անունը, գործի բնույթը, իր նամակը, առաջարկը, ստացված պատասխանը եւ այլն»,- տեղեկացրել է Յու. Հայրապետյանը:

Պաշտպանը, սակայն, նախընտրեց անուններ չտալ օրինակներ բերելիս, նա միայն փաստեց մի դեպք, որը տեղի է ունեցել 3 ամիս առաջ՝ առողջապահության համակարգում. գործատուն աշխատանքից անօրեն ազատել էր աշխատողներից մեկին: Արդյունքում հարցը լուծվեց դատարանի միջոցով եւ որոշում կայացվեց վերականգնել աշխատակցի աշխատանքային իրավունքը:

Յուրի Հայրապետյանի հավաստիացմամբ, առայսօր իրենց աշխատանքը կատարելու ժամանակ ոչ մի մարմնի կողմից խոչընդոտներ չեն եղել, ավելին՝ «չկա որեւէ մարմին, որը ուշացնում է իր պատասխանները, կամ չի տրամադրում գործի ուսումնասիրության համար պահանջվող նյութերը»:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝  ՇՈՒՇԻՈՒՄ

Շուշիի հայ բնակչության բռնի տեղահանության 20-րդ տարելիցի առթիվ սեպտեմբերի 20-ին Շուշիում տեղի ունեցավ Ադրբեջանի պետական ահաբեկչության եւ հայ ազգաբնակչության էթնիկական զտումների քաղաքականությունը դատապարտող ակցիա, որը կազմակերպել էր «Կաճառ» գիտական կենտրոնի հակամարտաբանության մասնախումբը: Միջոցառմանը մասնակցում էին Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, Շուշի քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների եւ ուսումնական հաստատությունների կոլեկտիվների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, ուսանողներ: Հանրահավաքի կողմից ընդունվեց միջազգային հանրությանը  եւ բարի կամքի տեր կառավարություններին հասցեագրված կոչ-դիմում:

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԿՈՉ-ԴԻՄՈՒՄԸ

20-րդ հարյուրամյակի ողջ ընթացքում Արեւելյան Անդրկովկասում  եկվոր քոչվորական տարրերը եւ արհեստածին Ադրբեջանի բոլոր կառավարությունները հետեւողականորեն իրականացրել են էթնիկական զտման քաղաքականություն, որի արդյունքում հայ ազգաբնակչությունը բռնատեղահանվել է իր հայրենի եզերքից: Այդ քաղաքականության բաղադրիչներն էին ահաբեկչությունը, դաժան սպանությունները, ունեցվածքի կողոպուտները, պատմամշակութային արժեքների ոչնչացումը, պատանդառությունը եւ այլ բռնարարքներ, որոնց նպատակն էր նվաճել հայ ազգաբնակչության բնատարածքը: Անառարկելի փաստերը վկայում են, որ Ադրբեջանի կուսակցական ու խորհրդային ղեկավար մարմինները արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության համար ծավալված օրինական պայքարը ճնշելու նպատակով վերստին դիմեցին ահաբեկչության ու շանտաժի: Չարդախլուի (1987թ.), Սումգայիթի (1988թ.), Գանձակի եւ Բաքվի (1988-1990), Կամոյի, Ազատի, Ղուշչի Արմավիրի (1989թ.) ջարդերը եւ Ասկերան ավանի վրա արշավանքը (1988թ. փետրվարի 22) արցախահայությանն ահաբեկելու նպատակ են հետապնդել: Հարկ է այդ հարթությունում դիտարկել նաեւ 1988թ. մայիսի 16-18-ի եւ սեպտեմբերի 18-21-ի ընթացքում Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի տեղահանությունը, ինչը հանդիսանում է 80-ականների առաջին էթնիկական զտումը Լեռնային Ղարաբաղում: Շուշիի նկատմամբ ադրբեջանցիների հավակնությունների եւ Արցախի համար այդ բերդաքաղաքի ունեցած նշանակության տեսակետից նրա լրիվ ադրբեջանականացումը  նշանակում էր հայ բնակչության նկատմամբ հետագա զանգվածային բռնությունների գլխավոր փորձը: Սումգայիթյան ցեղասպանությանը քաղաքական գնահատական չտալը, անպատժելիության մթնոլորտը, ոճրագործին ու անմեղ զոհին նույն հարթության վրա դնելու փորձերը, քրեական հանցագործին հերոսացնելու ադրբեջանական բնածին մոլուցքը եւ այլ գործոններ հնարավոր դարձրին Շուշիի հայ բնակչության նկատմամբ գործադրված բռնարարքները եւ տեղահանությունը: Պատմությունը դրվագ առ դրվագ պահպանել է Շուշիում 1905-06, 1918-1920 թթ. կրոնական մոլեռանդության ու թուրքական ոճրագործ քաղաքականության արդյունք հանդիսացող արյունահեղ ջարդերի սարսափները: Երբեմնի ծաղկուն քաղաքի ավերակների ուրվականներն ամեն օր, ամեն ժամ հիշեցնում էին շուշեցի հայերի դեմ ապերախտ հարեւանների գործած ոճիրի մասին:

Հարկ է նշել, որ 1988 թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին կազմակերպված բոլոր բռնարարքներին ու գործողություններին ադրբեջանական իշխանությունները լայնորեն ներգրավում էին Հայկական ԽՍՀ ադրբեջանաբնակ մի քանի շրջաններից հատուկ այդ ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական կազմը փոխելու նպատակով բերված «փախստականներին»:

1988-ի մայիսի 16-18-ի դեպքերը շարունակվեցին մինչեւ 1988թ. սեպտեմբերի 21-ը, երբ Շուշիի հայ բնակչությունը լրիվությամբ վտարվեց հարազատ քաղաքից, ինչից հետո ադրբեջանցիները այն վերածեցին հզոր ռազ-մական հենակետի, մահացու կրակակետի եւ Արցախի դեմ ագրեսիայի մշտական աղբյուրի:

Այդ դեպքերից 20 տարի անց վերստին դատապարտում ենք Ադրբեջանի պետական ահաբեկչության եւ էթնիկական զտումների քաղաքականությունը: Ինչպես հետագա իրադարձությունները, այնպես էլ Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու առայսօր շարունակվող սպառնալիքները անպատժելիության եւ այդ ամենին համարժեք քաղաքական գնահատական տալուց միջազգային հանրության խուսափելու արդյունք են: Դեռ ավելին, որոշ գործիչներ խոսում են երկու կողմերի համատեղ ապրելու հնարավորության մասին, մինչդեռ ագրեսիա, հայերի բռնատեղահանություն, կոտորածներ ու էթնիկական զտումներ իրագործած պետությունը շարունակում է հավատարիմ մնալ պետական տեռորի հետեւողական քաղաքականությանը, դրանով ոչ մի հնարավորություն չթողնելով հարաբերությունների կարգավորման համար:

Ադրբեջան-ԼՂՀ հակամարտությամբ հետաքրքրվողների ուշադրությունն ենք հրավիրում վերոնշյալ փաստերի վրա, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների էթնիկական զտումների ու ահաբեկչական գործողությունների քաղաքական գիծը, որի ականատեսն ենք ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ դարերում: Մենք դատապարտում ենք հակահայկական այդ քաղաքականությունը, անընդունելի ենք համարում ահաբեկչական միջոցներով ու պատերազմ սանձազերծելու սպառնալիքով մեր ժողովրդի վզին որոշումներ փաթաթելու փորձերը եւ կոչ ենք անում համայն հայությանը միահամուռ դիմագրավել մեզ նետված մարտահրավերներին:

Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ տարածաշրջանի կայունությամբ ու անվտանգությամբ իրապես շահագրգռված պետություններին քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի տեւական ահաբեկչական քաղաքականությանը եւ անհապաղ ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչն արցախահայության անվտանգության եւ տարածաշրջանի կայունության երաշխիքը կլիներ:

ք.Շուշի
20 սեպտեմբերի  2008 թ.

 

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ

Օրերս ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ստեղծման 10-ամյակին (գիտաժողովին մասնակցելու նպատակով Արցախ էր այցելել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ներկայացուցչական պատվիրակության հետ), որի ընթացքում բազմաթիվ ելույթներից բացի, ժամանակակից եւ հետաքրքիր մեթոդներով իրենց գործունեությունը ներկայացրեցին հենց վերականգնողական կենտրոնի աշխատակիցները՝ բժիշկներ եւ բուժքույրեր:

Հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Ստեփանակերտում կազմակերպել բերքի տոն՝ նվիրված մայրաքաղաքի օրվան:

Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում կառուցված Հադրութի շրջանի Տող գյուղի Վ.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի եւ Հադրութ քաղաքի ջրատարի բացումը:

Սեպտեմբերի 25-ին ԱրՊՀ նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ մեխանիկայի հարցերով միջազգային 6-րդ գիտաժողովը:

Հանրապետությունում գործող 14 պետական մանկապարտեզներից 9-ը բացվել է այս տարի, իսկ առաջիկա տարիներին Ստեփանակերտում կբացվի եւս 5-6 մանկապարտեզ:

«Մարտ ամսից սկսած ղարաբաղյան մասնագետները կգործուղվեն ՀՀ՝  ուսումնասիրելու ավագ դպրոցի փորձը, որից հետո կառավարություն կներկայացվի այն դպրոցների ցանկը, որոնք կարող են անցնել ավագ դպրոցի»,- ասել է ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը՝ «Ազատ Արցախ»-ին տված հարցազրույցում:

Կառավարության նիստում գործադիրի հավանությանն արժանացավ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող բնակարանների կահավորման մասին որոշման նախագիծը, ըստ որի գույքի կազմը եւ չափը որոշվում է ԼՂՀ սոցապնախարարության կողմից՝ յուրաքանչյուր բնակարանի համար առանձին՝ երկու միլիոն դրամից ոչ ավել գումարի չափով:

Գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է կատարել ԼՂՀ-ում անձնագրային համակարգի հետագա կատարելագործմանը նվիրված որոշման մեջ, որով սահմանվել է, որ 16 տարին չլրացած ԼՂՀ քաղաքացիներին ԼՂՀ քաղաքացու անձնագիր տրվում է ըստ ցանկության՝ մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ 3  տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին՝ մինչեւ 18 տարին լրանալը:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, այս տարի ստացվել է բարձր բերք՝ 74.500 տոննա հացահատիկ, միջին բերքատվությունը կազմել է 21,2 ցենտներ, որը 10 ցենտներով գերազանցում է վերջին երկու տարվա ցուցանիշները:

Առողջապահության համակարգում ձեռքբերված վելոէրգոմետրը հնարավորություն է տալիս հայտնաբերել սիրտ-անոթային տարբեր հիվանդությունները, ինչպես նաեւ սրտամկանի թաքնված իշեմիկ հիվանդությունը եւ ճիշտ ախտորոշման միջոցով նպատակային բուժում իրականացնել, որի շահագործման եւ արդյունավետ օգտագործման նպատակով «Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա»-ի բժիշկ-սրտաբան Արմինե Ալեքսանյանը համապատասխան վերապատրաստում է ստացել ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2008թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրացվել է 16100.7 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, կամ՝ 2007թ. հունվար-օգոստոսի համանուն ցուցանիշի 80.4 տոկոսը, արտադրվել է 212892.1 տոննա կաթ կամ 101.2 տոկոսը, 12669.5 հազ. հատ ձու կամ 134.7 տոկոսը:

Հունվար-օգոստոսին հանրապետությունում իրականացվել է 12572.2 մլն դրամի շինարարություն, որը 2007թ. հունվար-օգոստոսի համեմատությամբ կազմել է 100.1 տոկոս կամ աճել է 12.5 մլն դրամով:

Քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանի հավաստմամբ, 2009 թվականից կսկսվի Ճարտարի թիվ 2 միջնակարգ դպրոցի վերակառուցումը, ինչպես նաեւ Ստեփանակերտի ավտոկայանից մինչեւ ԱրՊՀ ընկած ճանապարհի բարեկարգումը, համալսարանի հին մասնաշենքի եւ նրա դիմային հատվածի վերակառուցումը:

Այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին, ԼՂՀ փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկությունների համաձայն, հանրապետության տարածքում գրանցվել է 332 արտակարգ իրավիճակ, որից 187-ը՝ հրդեհ, 15-ը՝ զենք-զինամթերքի հայտնաբերում, 4-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահար:

——————————————————————————————

Կարգավորում

ԱԲԽԱԶԻԱՅԻՑ ԵԿԵԼ ԵՆ ԿԻՍԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ ուսումնական տարվանից Հայաստանի եւ Արցախի ուսանողները հնարավորություն կունենան պետպատվերի շրջանակներում ուսում ստանալ Աբխազիայի պետական համալսարանում, ինչպես նաեւ այնտեղի հայ ուսանողները՝ Հայաստանում եւ Արցախում:  Այս մասին «Դեմո»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել են Աբխազիայից վերջերս ՀՀ, այնուհետեւ ԼՂՀ ժամանած պատվիրակության անդամներ, Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական, հայ համայնքի խորհրդի նախագահ Գարեգին Ղազարյանը եւ սոցիալական ապահովության փոխնախարար Գալուստ Տրապիզոնյանը: Նրանք հանդիպել են ՀՀ կրթության եւ գիտության ոլորտի աշխատակիցների, ապա ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հետ:

Գարեգին Ղազարյանը խոստովանել է, որ բացի գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելուց, իրենց այցի նպատակը նաեւ հայրենակիցների հետ իրենց ուրախությունը կիսելն էր. «Աբխազիայում տոնական տրամադրություն է տիրում: Վերջապես այդքան տառապած եւ իր անկախության համար պայքարած մեր ժողովուրդը հասել է իր նպատակին»:

Աբխազիայում հայերն ապրում են վաղեմի ժամանակներից, ներկայումս այնտեղ գործում է 37 հայկական դպրոց: Գալուստ Տրապիզոնյանը վստահեցնում է, որ հայերն այնտեղ ունեն հավասար իրավունքներ եւ իրենց լավ են զգում: «Արցախում եւ Հայաստանում անցկացվել են սոցհարցումներ՝ պարզելու համար, թե ինչպես են հասարակ մարդիկ վերաբերվում Աբխազիայի ճանաչմանը: Բոլորը միաբերան պատասխանում էին «դրական» եւ անմիջապես էլ հարցնում, թե ի՞նչ է փոխվելու Աբխազիայի ճանաչումից հետո այնտեղ ապրող հայերի կյանքում: Դե, իհարկե, շատ բան է փոխվելու: Մարդկանց կենսամակարդակն է բարձրանալու, նոր աշխատատեղեր են ստեղծվելու»,- համոզված է Աբխազիայի սոցիալական ապահովության փոխնախարարը:

Հետխորհրդային տարածքի 4 ինքնահռչակ պետություններից առաջինը ճանաչում ստացած Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Գարեգին Ղազարյանը, զուգահեռներ անցկացնելով ԼՂՀ ճանաչման գործընթացի հետ, կարծում է, որ այդ  մասին դեռ վաղ է խոսել. «Արդեն իսկ լինելով ճանաչված երկիր՝ Աբխազիան իրավունք ունի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բայց, հաշվի առնելով Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական համագործակցությունը, մեր կողմից քայլերը պետք է շատ գիտակցված լինեն»:

Գալուստ Տրապիզոնյանն էլ համոզված է, որ Կոսովոյի եւ Աբխազիայի օրինակները նախադեպ են ԼՂՀ ճանաչման գործընթացում. «Ամբողջ աշխարհն է տեսնում, թե ինչպես է Ղարաբաղի ժողովուրդը կառուցում իր երկիրը, ինչպես է պայքարում իր անկախության համար: Կամաց-կամաց մոտենում է նաեւ ԼՂՀ անկախությունը աշխարհի կողմից ճանաչելու պահը»:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՆԱ ՎՍՏԱՀ Է

ՀՅԴ Բյուրոյի անդամ, խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ ղարաբաղցիների հավաքական տեսակետը չի փոխվի:

«Համոզված եմ, որ գոնե մոտ ժամանակներս, ինչ էլ լինի, ցանկացած հանրաքվե միայն մի արդյունք կունենա՝ ղարաբաղցիները չեն ցանկանա լինել Ադրբեջանի կազմում»,- ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շաբաթավերջին մի խումբ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներն անմիջապես տարածեցին նշված հանդիպման ժամանակ BBC գործակալության ադրբեջանական ծառայության թղթակցի հարցերին պատասխանից մի հատված, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Սերժ Սարգսյանն իբր ասել է. «Առաջարկել եմ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիեւին, որպեսզի նա փորձի այս ժամանակաշրջանում ներդրումներ կատարել Ղարաբաղում, ցույց տալ ղարաբաղցիներին, որ ադրբեջանցիները խիստ շահագրգռված են Ղարաբաղի բարեկեցիկ եւ անվտանգ կյանքով, ապագայով, որից հետո միգուցե հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները կցանկանան ապրել Ադրբեջանի կազմում»: Հետո եղավ հերքում, թե խոսքը ներկայացվել է կոնտեքստից դուրս: «Ամեն դեպքում, թեկուզ ենթատեքստում, նման բան ասվել է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով»,- այս հարցով դիմեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին:

– Տեսեք, վրացիները երբեք չեն խուսափել բանակցել իրենց անջատված ռեգիոնների ղեկավարության հետ: Բանակցել եւ ունեցել են ուղղակի շփումներ ե°ւ Սուխումի, ե°ւ Ցխենվալիի հետ: Որովհետեւ, եթե պնդում ես, թե դա քո տարածքն է եւ քո քաղաքացիներն են, ուրեմն, պետք է նրանց հետ ուղիղ շփումից չխուսափես: Ադրբեջանը դա երբեք չի արել, եւ ես միջազգային կազմակերպություններում կամ արտասահմանյան ներկայացուցիչների հետ հանդիպելիս հաճախ ներկայացնում էի վրացիների այս վարվելակերպը՝ որպես օրինակ Ադրբեջանին, հուսով, որ նրա անհանդուրժողական դիրքը Ղարաբաղի նկատմամբ կփոխվի: Կարծում եմ, որ ՀՀ նախագահն այլ կերպ է փորձել արտահայտել այս միտքը: Վստահ եմ, որ ոչ մի պարագայում, անգամ՝ ամենաճոխ ներդրումների պարագայում ղարաբաղցիների հավաքական տեսակետն իրենց անկախության վերաբերյալ չի փոխվի, վստահ եմ նաեւ, որ սրանում վստահ է մեր նախագահը:

Հ. Գ. «ՀՀ նախագահի հարցազրույցի՝ ձեր ուշադրությանն արժանացած դրվագը ակնհայտորեն դիվանագիտական եւ, ըստ իս, քաղաքական սարկազմի դրսեւորում է, որի իմաստը հետեւյալն է՝ Ադրբեջանի ղեկավարություն, եթե դուք իրապես գտնում էիք, որ ԼՂ-ն ձեր տարածքն է, իսկ բնակիչները ձեր քաղաքացիներն են, ապա հետաքրքրվեիք Ղարաբաղի ժողովրդով: Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի նպաստել, այլեւ ակնհայտորեն խոչընդոտել է ԼՂ տնտեսության զարգացմանը՝ օրինակ, խոչընդոտելով արտերկրի կազմակերպությունների գործունեությանը, որոնք բիզնես հետաքրքրություններ ունեին Ղարաբաղում: Պետք չէ քաղաքական սարկազմը դարձնել քաղաքական շահարկման թեմա: Նախագահը քանիցս շատ հստակ նշել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման միակ եւ ընդունելի տարբերակը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի անխախտելիությունն է»,- ԲՀԿ տեսակետը «Առավոտ»-ին փոխանցեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

http://www.aravot.am

 

ՊԵՏՔ Է ՇՏԱՊԵԼ

Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե Ադրբեջանը կարող էր ներդրումներ անել Ղարաբաղում, Բաքվում իսկական խառնաշփոթ են առաջացրել: Հերթապահ քաղաքագետներն ու տնտեսագետները նետվեցին մեկնաբանելու Սերժ Սարգսյանի արտահայտությունները եւ արդեն լրջորեն դիտարկում են Ղարաբաղում ներդրումների հնարավորությունը:

Ղարաբաղում Սերժ Սարգսյանի արտահայտություններին վերաբերում են հոռետեսորեն: Դրական կամ բացասական կարծիքներ չհնչեցին: Մարդիկ պարզապես մտածում են, թե կոնկրետ ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, խոսելով ներդրումների մասին: Հնարավոր է, նա նկատի ուներ երկաթուղու վերականգնումը, որը չի գործում 1991 թվականից: Ի վերջո, բոլորին է արդեն պարզ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է նախեւառաջ հաղորդակցությունների վերականգնմամբ, եւ առաջին հերթին` երկաթուղու: Հնարավոր է, Սերժ Սարգսյանը, խոսելով ներդրումների մասին, Ադրբեջանին կոչ է արել ժամանակ չկորցնել եւ վերականգնել երկաթուղու իր հատվածը: Որովհետեւ, երեւում է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը քիչ է մնացել, եւ պետք է դրան պատրաստ լինել ցանկացած օր: Օրինակ, Ախուրյան երկաթուղային կայարանն արդեն պատրաստում են հայ-թուրքական սահմանի բացմանը: Այնպես որ, պետք է շտապել:

http://www.lragir.am

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

———————————————-

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

0010 Երեւան, Հանրապետության Հրապարակ, Կառավարության տուն 2

Հեռ. +37410544041202, Ֆաքս. +37410565601, էլ. փոստ. press@mfa.am

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս. թ. սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ`  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/, Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովի /Ռուսաստան/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Հանդիպման օրակարգում է եղել Մինսկի խմբի շրջանակներում 2007 թ. համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով եւ խաղաղ ճանապարհով:

Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, որի ընթացքում  քննարկվել  են հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցման ուղիները եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությունը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները` երկու երկրների նախագահների հանձնարարությունների հիման վրա, շարունակել են երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումները:

Այնուհետեւ կայացել է եռակողմ ձեւաչափով հանդիպումը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ, որին քննարկվել են  տարածաշրջանային վերջին զարգացումները եւ կովկասյան պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը:

Սեպտեմբերի 26-ին նախարար Նալբանդյանը որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նախագահ աշխատանքային ճաշ է տվել Նյու-Յորքում գտնվող ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների պատվին: Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ  դիրքորոշումների համակարգման հետ կապված հարցեր:

——————————————————————————————

Համահայկական

ՀԱՅԻ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Արդի ժամանակաշրջանում արագ թափով ծավալվում է  համաշխարհայնացման (գլոբալիզացիա) գործընթացը,  որի գաղափարախոսությունը հիմնականում տարվում է երեք ուղղություններով` գաղափարաքաղաքական, կրոնադավանական եւ տնտեսական: Համաշխարհայնացման գաղափարախոսության արժեհամակարգի երեք հիմնական կետերն են՝ ժողովրդավարությունը (ի հակադրություն բռնապետության), ազատ շուկան (ի հակադրություն վարչահրամայական, պլանային տնտեսության) եւ ինտեգրացիան (ի հակադրություն ինքնամեկուսացման): Այս երեք կետերից առավել գործածական է եւ «դյուրամարս» ժողովրդավարությունը: Նախ, այն արտահանելու եւ այլ պետություններում ցանկալիորեն ներդնելու համար մեծ ջանքեր եւ նյութական միջոցներ չեն պահանջվում, մյուս կողմից էլ, համարյա բոլոր պետությունները սահմանադրորեն պարտավորված են կառուցելու ժողովրդավարական պետություն: Այսինքն՝ կողմերի միջեւ կան «փոխադարձ ըմբռնում» եւ ընդհանուր շահեր, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:  Այստեղ կարեւոր խնդիրը այն է, թե տվյալ ազգը կամ պետությունը ինչպես է ընկալում այդ «ժողովրդավարություն» ասվածը եւ դա ինչքանով է համապատասխանում արեւմտյան կամ եվրոպական չափանիշներին:

Ժողովրդավարության մասին այնքան շատ է գրվել ու տարբեր տեսանկյուններից ներկայացվել, որ ցանկացած այլ մոտեցում, որը չի համապատասխանում «նախանշված ստանդարտներին», շահարկումների եւ քննադատության նյութ է դառնում: Միջանկյալ նշենք, որ այդ երեւույթը, եթե համեմատելու լինենք  հայկական  կերպարվեստի հետ,  նման է Հրաչյա Ռուխկյանի «Սայաթ-Նովա» նկարի ճակատագրին: Հայ նկարիչներից ով նկարում է մեծ գուսանին, կերպարվեստի սիրահարները, մտապատկերում ունենալով Ռուխկյանի նկարը, դժկամությամբ են ընդունում «նոր» Սայաթ-Նովային, թեկուզ այն լինի հանճարեղ ստեղծագործություն: Ուստի, զգուշությամբ մոտենալով  ժողովրդավարությանը, այնուամենայնիվ, նշենք, որ դրա հիմքում ընկած են մարդու եւ քաղաքացու իրավունքները, որտեղ  առանցքային դերակատարություն ունի  մարդու ազատ ընտրության իրավունքը: Իսկ ի՞նչ է ազատ ընտրությունը: Հարցին ամբողջական պատասխանելու համար՝ այն դիտարկենք տարբեր տեսանկյուններից:

Քրիստոնյաներին (եւ ոչ միայն)   հայտնի է, որ Աստծո արարչագործության դրդապատճառը Սիրո Օրենքն է, որը հանդիսանում է ազատ, բանական էակի երջանկության եւ յուրաքանչյուր արդարացի սկզբունքի հիմքը: Աստված իր ստեղծած էակին ազատություն եւ կամք է պարգեւել, հաճելով, որ նրա հնազանդությունը լինի ոչ թե անբանական, այլ գիտակցված, սիրուց դրդված: Քանի որ բռնի հնազանդությունը երբեք չի կարող ուրախություն պատճառել: Բայց Աստված միեւնույն ժամանակ Ադամին տվել է պատվիրան՝ չճաշակելու բարու եւ չարի պտուղը: Աստված մարդուն տալով ազատ ընտրություն կատարելու իրավունք, միեւնույն ժամանակ տալիս է ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն: Այդ ազատությունը, որ Ադամը ստացել էր Աստծուց, բացարձակ լինել չէր կարող: Ադամին շատ որոշակի ձեւով պատվիրված եւ զգուշացված էր, որ եթե  Աստծո կամքին հակառակ գնա, անհնազանդ լինի, ապա կզրկվի այդ երանական վիճակից:

Ինչպես գիտենք, առաջին մարդը՝ Ադամը, արտահայտելով իր ազատ կամքը, կատարել է սխալ ընտրություն: Բարձրյալը կարող էր Ադամին հետ պահել արգելված պտուղը ճաշակելուց, բայց այդ դեպքում մարդը կդառնար մի կատարող մեքենա, այլ ոչ մտածող էակ: Աստված միայն բանական արարածին՝ մարդուն է տվել ազատ ընտրության իրավունքը, առանց որի սերը, հնազանդությունը առ Աստված կլինեին հարկադրական, իսկ մարդը կմնար միայն ծրագրված կաղապարների ներսում:

Ազատ ընտրության իրավունքը դիտարկենք այլ տեսանկյունից: Մարդը նաեւ հասարակական էակ է, նրա տեղը եւ դերը վերջին հաշվով պայմանավորված է նրա կողմից եւ նրա նկատմամբ կատարված ընտրություններից:  Ընտրությունը տրված է մարդուն իր ազատ կամքը դրսեւորելու համար, սակայն այն, ինչպես  ցույց տվեցինք Աստվածաշնչի օրինակով, բացարձակ լինել չի կարող: Այն ցանկացած դեպքում սահմանափակվում է բարին կատարելու եզրով:  Նման սահմանափակումները հասարակության մեջ, պետության պարագայում կատարվում են  Սահմանադրությամբ եւ օրենքներով, որոնց արդյունավետությունը կախված է մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների արդարացի հավասարակշռումից: Սահմանափակումների նպատակը պետք է լինի ոչ թե հասարակությունը կազմող անհատների իրավունքներն եւ ազատությունները փականքի տակ դնելը, այլ՝  ազգի եւ հասարակության բարոյակարգավորումը:  Ազգային պետություններում, սովորաբար, սահմանափակումները ունենում են ազգային-ավանդական եւ հոգեւոր-կրոնական բնույթ, որոնք, որպես կանոն,  իրավական ավելի մեծ ուժ ունեն,  քան օրենքները: Դժբախտաբար, ՀՀ-ում եւ Արցախում վերոհիշյալ սահմանափակումներն այլ բնույթ ունեն: Հայ հասարակության մեջ ստեղծված ներկա կացությունը հիմնականում պայմանավորված է  նրանով, որ հեղափոխության եւ պատերազմի սինդրոմների առկայության պայմաններում եւ արտաքին ուժերի «խրախուսմամբ» հայ օրենսդիրները ընդունել են այնպիսի օրենքներ, որոնք միշտ չէ, որ բխել են մեր ազգային-հոգեւոր շահերից: Դրա վառ ապացույցը եւ վկան ՀՀ առաջին Սահմանադրությունն է: Հայկական Հանրապետության իշխանական վերնախավը (էլիտան) այնքա¯ն է ցանկացել միջազգային հանրությանը ցույց տալ, որ ՀՀ-ն աշխարհիկ երկիր է կառուցում, որ Սահմանադրության մեջ «մոռացել են» հիշատակելու հայկական ազգային հիմնասյուներից մեկի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին: Բացի դրանից՝ եվրոպական (հիմնականում՝ ֆրանսիական) մի շարք օրենքներ նմանօրինակելիս, ստեղծել են այնպիսի օրենքներ, որտեղ ամրագրել են մարդկությանը հայտնի բոլոր իրավունքներն ու ազատությունները, առանց հաշվի առնելու դրանց իրականացման հնարավորությունները եւ համատեղելիությունը հայի ազգային-հոգեւոր կենսակերպին: Հայկական օրենսդրությունը առանձնապես տուժել է Եվրախորհրդի առաջ Հայաստանի կողմից ստանձնած իրավական պարտականությունների կատարումից հետո: Իսկ Արցախի Հանրապետությունում…

ԼՂՀ Սահմանադրությամբ՝ «Յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները»: Սահմանադրական այդ նորմը «ուժեղացնելու» համար մի այլ հոդվածում ամրագրված է. «Օրենքներն ու այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ նորմերին»: Կարծում եմ, ավելորդ ժամանակի վատնում է պարզաբանելը, թե ովքե՞ր եւ ի՞նչ նպատակի համար են ստեղծել «միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները եւ նորմերը», եւ ինչու՞ պիտի բոլոր ազգերը ենթարկվեն այդ նորմերին: Բայց մի բան փորձենք հստակեցնել՝ այդ նորմերը միջազգային հանրության համա՞ր են ստեղծված, թե՞ հանրությունը կազմող մեծաթիվ ու փոքրաթիվ ազգերի:  Թվում է, թե տվյալ հարցադրումը զուտ սոփեստական բնույթ է կրում, բայց իրականում այդպես չէ: Համայն մարդկությունը, ինչպես ընդունված է ասել՝ միջազգային հանրությունը, չունի նպատակասլաց ընթացք, այնինչ ազգերը եւ անհատները՝ ունեն: Ուստի Սահմանադրությունում եւ այլ օրենքներում մարդասիրական եւ ժողովրդավարական դրույթների ամրագրումը պետք է բխի տվյալ ազգի կողմից կատարված ազատ ընտրության եւ ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն կառուցելու հաստատակամությունից եւ ցանկությունից, այլ ոչ թե կատարվի «միջազգային հանրության» կամ ինչ-որ ուժի պահանջը: Խնդիրը կայանում է նրանում, որ նման միջոցներով եւ մեթոդներով ազգերին եւ պետություններին աստիճանաբար ընտելացնում են այն  մտքին, որ ինչ-որ մի ուժ՝ «միջազգային հանրություն», գերակայող է եւ պետք է անպայմանորեն վերահսկի իրենց: Մնացածը ժամանակի եւ պահի խնդիր է:  Այդ «միջազգային հանրություն» կոչվածը հետագայում հեշտությամբ փոխարինվելու  է իրական «տիրոջով»՝ միջազգային գերտերությունով:

Նորից անդրադառնալով բուն թեմային, նշենք, որ Բաբելոնի աշտարակաշինությունից առաջ եւ հետո Հայկ Նահապետի կատարած ազատ ընտրությունները մարդկության պատմության մեջ հայտնի են որպես առաջին  լուրջ ազատ ու արդար ընտրությունները  բարու եւ չարի միջեւ: Ինչպես հայտնի է՝ Հայկը իր ազգակիցներով չի  մասնակցել Բաբելոնի աշտարակաշինությանը,  դրանով իսկ իր հնազանդությունը  ցուցաբերել Աստծուն: Այնուհետեւ Հայկը չի ընդունել Բելին հնազանդվելու պահանջը, որն այդ ժամանակ գերիշխանություն ուներ բոլոր ազգերի նկատմամբ: Հայկը պատերազմել է Բելի դեմ, հաղթել նրան եւ իր երեք հարյուր ազգակիցների եւ ընդոծիների հետ միասին հեռացել Արարատի երկիրը: Ըստ Մաղաքիա Օրմանյանի՝ Բելի դեմ պատերազմելուց հետո Հայկ Նահապետը գնացել է Նոյի մոտ եւ նրանից օրհնություն ստացել: Մի խոսքով, մենք՝ հայերս, կարող ենք հպարտանալ, որ մեր նախահայրը՝ Հայկ Նահապետը, ի սկզբանե կատարել է ճիշտ ընտրություն: Իսկ այն տարածքները, որ Աստված տվել է Հայկի սերունդներին… Այդ մասին գրելիս նպատակահարմար է մեջբերել Պողոս առաքյալի ճառից մի հատված, որն արտասանել է Աթենքի կենտրոնում՝ Արիսպագոսում. «…Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի վրա, հաստատեց նախակարգյալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան»: Կարծում ենք, ցանկացած հայի համար անվիճելի է հայության բնակության սահմանների հարցը:

Հայկ Նահապետի սերունդները, բնակվելով Հայկական բարձրավանդակում, դարեր շարունակ կատարել են բյուրավոր ընտրություններ: Մեր Հայրենիքը իր աշխարհագրական դիրքով գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում, բնականաբար, դարձել է բազմաթիվ պատերազմների  թատերաբեմ եւ, կամա-ակամա, հայությունը մասնակցել է դրանց: Հայաստանը իր գոյության հինգ հազարամյա պատմության ընթացքում հազիվ 4-5 դար է խաղաղ պայմաններում գոյատեւել: Հայոց աշխարհի ճակատագիրը միշտ էլ կախված է եղել ազգի առաջնորդների կատարած ընտրությունից: Հարկ է առանձնացնել հին աշխարհի հզոր ռազմաքաղաքական գործիչներից մեկին՝ Տիգրան Մեծին: Նրա շնորհիվ է, որ հայությունը կարող է դասվել աշխարհի այն փոքրաթիվ ազգերի շարքին, որոնք ժամանակին ստեղծել են գերտերություն: Բայց, թերեւս, հայության կողմից  կատարած ամենանշանակալից ընտրությունը՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելն է: 301 թվականին Տրդատ Գ-ի եւ Գրիգոր Լուսավորչի համատեղ կատարած ընտրության շնորհիվ է, որ հայությունը մտել է 21-րդ դար որպես քրիստոնեական բարձր մշակույթ ունեցող ազգ:

Վերջերս էլ հայտնի եւ անհայտ որոշ հեղինակներ փորձում են կասկածի տակ դնել հայության կողմից Քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունման  անհրաժեշտությունը եւ ճշմարտացիությունը: Անգամ, շատ չքրքրելով Հայոց պատմությունը, դժվար չէ համոզվել, որ այդ ընտրությունը ազգային-հոգեւոր եւ ընդհանրապես՝ գոյապահպանության  տեսանկյունից վճռորոշ է եղել հայության համար: Ընդդիմախոսներին հիշեցնենք, որ եթե 4-րդ դարի սկզբին մեր նախնիները քրիստոնեություն չընդունեին եւ  մնային հեթանոսներ, հետագայում էլ Ավարայրի ճակատամարտը  տեղի չունենար՝ ընդունեին զրադաշտականությունը կամ մազդեականությունը,  հետաքրքիր է իմանալ՝ 7-րդ դարում պարսիկները իսլամական կրոն ընդունելուց հետո, ինչպիսի՞ն կլիներ հայության հոգեւոր վիճակը:  Իսկ ի՞նչ ճակատագիր էին մեզ խոստանում հայ քրմերը եւ մոգերը արաբների եւ թուրք սելջուկների տիրապետության ժամանակաշրջանում:

Քրիստոնեական առաքելության հետ սկսվել է եվրոպական ազգերի քաղաքակրթությունը: Բավական է հիշել հայերի, սլավոնական ազգերի, գերմանացիների, ֆրանսիացիների, անգլիացիների դպրության եւ քաղաքակրթությունների ծագումը:  Այնպես որ, ժամանակակից հայերիս համար ավելի օգտակար կլինի չկասկածել Գրիգոր Լուսավորչի, Սահակ Պարթեւի, Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու եւ մյուս հայ երեւելիների կատարած ընտրության վրա:

Հայության կատարած ընտրությունների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Դավիթ Բեկի ընտրությունը, որի շնորհիվ է, որ հայությունը վերականգնել է ռազմի դաշտում կռվելու եւ հաղթելու հավատը: Դավիթ Բեկն իր զինակիցների հետ միասին ապացուցել է, որ երբ հայը ապավինում է իր սեփական ուժին ու Աստծուն, անգամ առանց պետականություն ունենալու, կարող է հաղթել ցանկացած թշնամու: Այդ հավատի շնորհիվ է, որ հետագայում Գարեգին Նժդեհը, վերականգնելով Դավիթբեկյան ուխտը, իր հոգեպաշտ 700 զինվորներով մարտնչել եւ հաղթել է փառապանծ 11-րդ Կարմիր բանակի բազմահազարանոց «ազատարարներին», Սյունիքը փրկել  վերահաս կործանումից:

Հիշելով մեր ազգի ողբերգական եւ եղեռական անցյալը, լռությամբ գլուխ խոնարհելով միլիոնավոր նահատակների առաջ,  հարգենք նրանց հիշատակը եւ առանց մեկնաբանությունների, թռուցիկ անդրադառնանք  20-րդ դարի առաջին եւ երկրորդ տասնամյակներին հայության կողմից կատարած ընտրություններին: Թե ի՞նչ են տվել այդ ընտրությունները, վկան ներկայիս բզկտված հայկական կենսատարածքները՝ կիսաանկախ Հայաստանի Հանրապետությունը, չճանաչված ԼՂՀ-ն, հայաթափված Նախիջեւանը, օտարի տիրապետության տակ գտնվող Ջավախքը եւ Սեւրի չիրականացված պայմանագիրը:

Հայի ազատ ընտրության պատճառով է, որ անցյալ դարի 50-60-ական թվականներին  ավելի քան 205 հազար հայկական բնակչություն ունեցող Բաքվում, որտեղ գործում էին 70-ից ավելի հայկական դպրոցներ, 15-20 տարիների ընթացքում փակվեցին եւ մնացին ընդամենը երկուսը: Մոտ անցյալից հիշենք, թե Հայաստանում եւ Արցախում ինչպես էին ռուսական դպրոցները դուրս մղում  հայկական դպրոցներին: Բանը միայն դպրոցներով չէր վերջանում, այլ ամբողջ հայկական միտքն էր աստիճանաբար տեղը զիջում ռուսականին: Ներկայումս, ճիշտ է,  այդ վտանգը նվազագույնի է հասցված, բայց օտարամոլությունը ցավալիորեն չի վերացել: Այս տարի Ստեփանակերտի 3-րդ դպրոցը, ըստ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի հավաստման, դառնալու է   ռուսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոց: Հիշեցնենք, որ ըստ գործող օրենքի. «ԼՂՀ  տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ»: Հուսանք, որ Արցախի Հանրապետությունում հաշվի կառնվի անցյալ երեք դարերի  դառը փորձը, եւ ազգակործան սխալները երբեք չեն կրկնվի:

Ժամանակակից հայի ազատ ընտրության մասին գրել ու շրջանցել հոգեւոր բնագավառը՝ անհնար է, քանի որ մարդու եւ քաղաքացու իրավունքների մի ստվար մասը վերաբերում է այդ բնագավառին: Մի հետաքրքիր փաստ: Աշխարհի որեւէ պետության Սահմանադրության մեջ չեք հանդիպի այնպիսի դրույթի, որը բացահայտ դեմ լինի խղճի ազատությանը, բայց եւ դժվար թե գտնվի մի պետություն, որը չզգուշանա եւ հատուկ վերաբերմունք չցուցաբերի «խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու» սկզբունքին: Պատճառը այն է, որ ցանկացած ազգ պատմության ընթացքում ըստ հավատամքի եւ կրոնի է ձեւավորում իր արժեքների համակարգը, սոցիալական գոյաձեւը եւ քաղաքակրթությունը: Արցախի պարագայում, ըստ ԼՂՀ Սահմանադրության՝ եկեղեցին անջատ է պետությունից: Այդ դրույթը Արցախի օրենսդիրները «որդեգրել են» ՀՀ Սահմանադրությունից, իսկ ՀՀ օրենսդիրները՝ Ֆրանսիայից: Եկեղեցին անջատելով պետությունից, այսինքն՝ օտարելով հոգեւոր իշխանությունը, փաստացի նշանակում է հրաժարում հասարակության լինելիության ու զարգացման աստվածային ներգործությունից, որը նույնն է թե՝ հրաժարում հասարակության ինքնակարգավորումային եւ բնականոն զարգացումից: Այդ մի կողմից: Մյուս կողմից էլ՝ հասարակության անդամներին սահմանադրորեն տալով ցանկացած կրոն ազատ դավանելու իրավունք եւ խղճի ազատություն, ազգի անվտանգությունն ու գոյապահպանությունը  դրվում է կախյալ վիճակում: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը՝ օգտվելով  «խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու» սահմանադրական իրավունքից, ընդունեն իսլամ կամ այլ կրոն… Հետեւանքների մասին թողնենք օտար մատենագիրները ուրախությամբ գրեն:

Ի՞նչ է ստացվում. միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները եւ նորմերը կատարելու դեպքում ազգի անվտանգությունն է տուժում, չկատարելու դեպքում միջազգային հանրությունն է «խիստ նեղանում»՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Ի՞նչ անել: Սովորաբար նման իրավիճակներից դուրս գալու ելքը եւ ընդհանրապես՝ ազգային ցանկացած խնդիրների լուծման պատասխանները տրված են լինում ազգային գաղափարախոսության մեջ: Բայց քանի որ մենք՝ հայերս, ազգային գաղափարախոսություն դեռ չունենք, հույսներս պետք է դնենք  ազգի ներքին բանականության եւ ինքնապահպանության վրա, որ, ցավոք, գործում է միայն կրիտիկական պահերին: Ուստի, որպեսզի չսպասենք, ինչպես ասում են՝ «դանակը հասնի ոսկորին», հարկավոր է, որ Հայկական պետությունը  ազգային անվտանգության բաղադրիչ մաս ընդունի հոգեւոր անվտանգությունը եւ օրենքով Հայկական բարձրավանդակը հայտարարվի բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածք, մյուս կրոնները եւ եկեղեցիները վերապահվի ազգային փոքրամասնություններին: Այս մոտեցումը  նորություն չէ, մեր հարեւան Իրանը դարեր շարունակ առաջնորդվում է դրանով եւ դա է հիմնական պատճառը, որ ներկայիս 70 միլիոնանոց Իրանը, որի միայն 51 տոկոսն է պարսիկ, կարողանում է պահպանել ազգի դիմագիծը, միասնությունը, ապահովել դինամիկ զարգացում եւ դիմակայել արտաքին ցանկացած ոտնձգության: Իսկ մեր երեք միլիոնանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը) ի՞նչ միասնության մասին կարող է խոսք լինել, երբ մի կողմից կուսակցական թայֆաներն են ազգը պառակտում ու պարարտ հող նախապատրաստում գույնզգույն հեղափոխությունների համար, մյուս կողմից էլ կրոնական կազմակերպություններն են  հայությանը բաժանում իրար չհանդուրժող կրոնական համայնքների:

Վերջին անգամ անդրադառնալով հայի ազատ ընտրության իրավունքին, հիշենք ու խորհենք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի մի պատգամի շուրջ. «Թշնամու գործը չվերջացավ Դեր Զորով, այն շարունակվում է նաեւ այսօր մեր մեջ, հանդարտ, դանդաղ ու գաղտնի՝ լեզվի, հավատքի, հայրենիքի գաղափարի եւ Հայ Դատի մահացումով: Ուստի, պիտի ամուր պահենք մեր ինքնության չորս սյուները՝ կրոնը, հայրենիքը, լեզուն եւ հայության իրավունքները»:

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ

——————————————————————————————

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ  ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆ

(սկիզբը` նախորդ համարներում)

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ

Հասարակական անհրաժեշտ ակտիվություն ապահովելու համար հարկավոր է ճանաչել ներքին խանգարիչ գործոնները, իմանալ ներքին թշնամուն, եթե այն  կա. «Քանի դեռ հայ մարդու փառասիրությանը չի միանում վտանգն ու մահը անգիտացող արիությունը, քանի դեռ կա անարի հայը  կլինի ներքին թշնամին. իսկ քանի դեռ կա այդ հրեշը,  քաղաքական ավելի բարվոք վիճակը երազ պիտի մնա մեզ համար:

Անարիություն – ահա վատ հայի գոյության պատճառը:

Վատ հայը – ահա հայ ժողովրդի դարերի և այսօրվա դժբախտության գլխավոր պատճառը»:

Նման բնույթի ներքին թշնամի ունենալու դեպքում, անշուշտ, հարկավոր է գործել շատ զգույշ` քաղաքացիական ընդհարումներ հրահրելուց և սեփական տեսակի գոյությունը վտանգի տակ չդնելու համար:

ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻ

Երևի թե կարիք չկա անդրադառնալու այն հարցին, թե Նժդեհը որ չափով էր կիրառում ժողովրդին զգոնացնելու այս գործոնը:

ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

«Ինքնապաշտպանություն –  ահա մեր նոր կրոնը:

Ինքնապաշտպանություն – միակ միջոցը` որ թե ժողովուրդների և թե սրանց աստվածների գոյությունն է ապահովում:

…Եկեղեցին վերագնահատումի պիտի ենթարկի քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել և սպանել մեր ժողովրդի կամքը»:

ՏՈՆԵՐ ԵՎ ԾԵՍԵՐ

«Հավաքեք մարդկանց և դուք նրանց կդարձնեք ավելի բարի: Հավաքված մարդիկ պիտի աշխատեն հաճոյանալ իրար, իսկ հաճոյանալ կարող են միայն գործերով, որոնք նրանց դարձնում են հարգանքի արժանի: Տվեք նրանց միության մի ուժեղ մղում -բարոյական, քաղաքական – և սերը դեպի ազնիվ գործերը, բավականության հետ, կթափանցեն նրանց սրտերի մեջ: … Ամենափառավորը տեսարաններից` դա ժողովն է մի մեծ ժողովրդի»:

ՈԳԵՎՈՐՈՒՄ

Վերափոխման տարվող ժողովրդին հարկավոր է նախևառաջ ոգևորել, հավատ առաջացնել նրա մոտ սեփական ուժերի և ուրվագծվող լուսավոր ապագային հասնելու հնարավորության հանդեպ: Հայ ժողովրդին բավականին կոշտ քննադատության ենթարկելով, Նժդեհը նաև ոգևորելու ուղին է գտել:

Ներկայացնենք  հատվածներ նրա «Հայը» գործից.

«Ո՞րն է հայկական նկարագրի հիմնական գիծը:

– Լրջութի°ւնը, հայու մտաւոր եւ բարոյական լրջութիւնը, որն ամէն բանից առաջ ծանրախոհութիւն է ենթադրում: Խօսքիս ճշմարտութիւնը վճռապէս հաստատում են`

– Հայ ժողովրդի գործերի հազարամեայ վկան` իր պատմութիւնը եւ իր էպոսը, որի հերոսների բարքն ու գործերը խոր յարգանք են պարտադրում.

– Իր հեթանոս աստուածները, որոնց նա օժտել է իր բարձր հոգեգծերով.

– Վերջապէս, իր ինքնատիպ ճարտարապետութի°ւնը, որի կոթողները, շէն թէ կիսաւեր, կը նմանուեն հսկաների, որոնք հայոց երկնքի տակ նստած` ձեռն ի ծնօտ` կարծես աշխարհի բաներն են խոկում:

…Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներյատուկ է տառապանքը: Բոցից, երկունքից, ցաւից ծնաւ իր Վահագնը- ահա° հայու կենսազգացողութիւնը, նրա աշխարհիւրացումը: Նրա համար չէ լոկ կեցութեան ուրախութիւնը: Հայու համար` աշխարհի հետ հաշտ եւ ուրախ լինելու համար բաւական չէ կուշտ լինելը:

Ժողովուրդներ կան, որոնք կեանքն ու աշխարհը ընդունում են այնպէս, ինչպէս որ նրանք տրուած են բնորէն, ինչպէս որ նրանք կան առարկայօրէն:

Իր էութեան բերումով` հայն իր գոյութեանը հաղորդում է որոշ սրբազանութիւն եւ նպատակ` ձգտելով իմաստաւորել եւ կատարելագործել այն:

…Հայն իդէալի ժողովուրդ է, իսկ իդէալը ենթադրում է ոգու խռովք, նպատակասլացութիւն, լաւագոյնի կարօտ:

Խօսեցրէ°ք իր էպոսը, իր ֆոլկլորը եւ պիտի համոզուէք, որ հայու համար հացը` կեցութեան բարիքների շարքում առաջինը չէ°:

«Ձեռքը բարձրացրեց Դաւիթը` մանուկ, ուզեց ոսկին վերցնել. հրեշտակը, հեռացնելով ձեռքը, դրեց կրակի վրայ, մատը կրակին սեղմեց եւ այրեց մատը. մատը բերանը դրեց եւ լեզուն այրեց. լեզուն այրուեց` սակաւ համրացաւ նա: Եւ սկսան նրան կանչել կակազ Դաւիթ»:

Այսպէ°ս, պատժելով իր ապագայ հերոսի միամիտ արարքը` հայը հաստատել է իր անընչասիրութիւնը, իր հոգեկան պայազատութիւնը:

…Հայն իր Վահագնը ունէր – աստուա°ծը քաջութեան: Քաջ եւ քաջապաշտ է նա:

Հոգեկան այդ պաթոսին` քաջութեան կը պարտի հայը իր բազմավտանգ գոյութիւնը: Քաջ են, ընդհանրապէս, ոգու ժողովուրդները:

Սրանցից է հայը` գերազանցօրէն: Հեթանոս հայու քաջութիւնը չտկարացաւ նաեւ քրիստոնէական Հայաստանում: Սխրագործելու իր տենչանքին զուգահեռ` դա ընդունեց արտայայտութեան մի նոր ձեւ եւս – նահատակութիւնը կամաւոր, որն իր խորքի մէջ ոչ այլ ինչ է, բայց եթէ` գիտակցական մահուամբ քաջաբար անմահանալու ձգտումը: Ըստ էութեան` մահամերժ ոգու խիզախանքն է – քաջութիւն թէ նահատակութիւն:

…Նաեւ ասպետական է հայավայել քաջութիւնը: Հայ էպոսի հերոսը առաջին հարուածը զիջում է Մսրամելիքին, առանց մտածելու, թէ դա կարող է մահացու լինել իրեն համար: Այժմ հարուածելու հերթը Դաւիթինն է, սակայն, միջամտում է հակառակորդի քոյրը, եւ հայ հերոսը խնայում է իր առաջին երկու հարուածները Մսրամելիքին:

– Հէ°յ, հէ°յ, – ձայն է տալիս Դաւիթը, նախազգուշացնում թշնամուն, թէ գալիս է: Հին գող է Մսրամելիքը. հայ հսկան` բարեմիտ, միամիտ կոչուելու աստիճան:

Այսպիսին է հայու քաջը` արդարօրէն հպարտ, բայց ոչ` բարձրագլուխ, գոռոզ:

Զարկ միայն նրան, որն ի վիճակի է պատասխանելու զարկիդ -ահա° հայու մորալը:

…Սահմանակցել իդէալականին, սրբազանին եւ յաւերժին, նրանց շունչը խառնել իր առօրէական կեանքին, նրանցով սնուցանել իր ստեղծագործական աւիւնը – ահա° հայ հոգին…»:

ԵԼՔ

Նժդեհը, սեփական վերլուծություններից ելնելով, իր ժամանակների հայության համար առաջարկել է ելքի մի տարբերակ. «Բուն հայկական խնդիրը լուծել… հնարավոր է միայն քաղաքական միակրոնությամբ, մի բան, որ կընձեռնի մեզ ցեղը, Ցեղակրոնությունը: Ցեղակրոնություն – ահա համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը: …Միայն խորապես ցեղազգային հեղափոխությունը կարող էր գլուխ հանել դարերով օտար լծերի իր տոհմիկ առաքինության մեջ տկարացած մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության վերազարթնումը, միայն դա կարող էր համախմբել ու ակտիվացնել հայության ուժերը – անհրաժեշտ նախապայման ազգային ամեն պայքարի հաջողության: … Միայն ցեղակրոնութեան… միջոցով կարելի պիտի լինի պառակտուած ժողովուրդը վերածել ազգի, փրկելով վերջինը իր բացասական տարրերի չարաշահութիւնից:

Վերածնունդ – հեղափոխություն` այդպիսին պիտի լիներ մեր հեղափոխական շարժումը»:

Թե որքանով է Նժդեհի առաջարկած տարբերակն այժմեական, քննարկելու հարց է, բայց և փաստ է, որ Նժդեհն իր իսկ առաջարկած ելքի տարբերակը փորձարկելով` լուրջ հաջողություններ է արձանագրել:

«ԴԱՎԻԹԲԵԿՅԱՆ ՈՒԽՏ»

Նժդեհը ստեղծելով գաղափարախոսական կուռ մի համակարգ,  հասցրել է մասնակիորեն կյանքի կոչել այն: Նա Լեռնահայաստանում ստեղծել էր «Դավիթբեկյան ուխտ» անվանումով կառույց, որն առաջնորդվում էր նրա կողմից մշակված գաղափարախոսությամբ: «Ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան ուխտերը Սյունաց աշխարհում, այն ուխտերը, որոնց զարկերի տակ փրկվեց բազմահազար հայ մտավորականությունը բոլշեվիկյան տապարից, ինչպես և Ադրբեջանին թողնված հայոց լեռնաշխարհը ճանաչվեց որպես Հայաստանի անբաժան մասը: Ցեղակրոնություն ասելով` Լեռնահայաստանում ժամանակին հասկանում էին ցեղային առյուծություն: Ամերիկայի մեր ուխտերի խորհրդանշանն էլ առյուծն է, որ վեդական կրոնի մեջ խորհրդանշում էր երեք բան` կռիվ թշնամու դեմ, պաշտամունքի հասնող սեր և գերագույն հրաժարում անձնական «ես»-ից: Իսկ բագրատունյան զինվորի համար, Անիի շրջանի, առյուծը խորհրդանշում էր` հայ մարդու հավատը դեպի իր ցեղի ուժը»:

ՈՒխտին ներկայացվող նրա գաղափարախոսությունը ասես նախատիպն է հետագայում գործած գերմանական համանման կառույցների: Նժդեհը ևս մարդկանց վարժեցնում էր մահից չվախենալուն: «Այն օրից, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում»,- գտնում էր նա: Այս մեկ հատիկ նախադասությամբ արտահայտվում է խոր իմաստ: Իսկ ո՞ր դեպքում է մարդը դադարում վախենալ մահից. երբ ունի գիտակցական շատ բարձր մակարդակ, համապատասխան պատկերացումներ կյանքի իմաստի, Տիեզերքի, Աստծո վերաբերյալ, ու դրանցից բխող համոզմունքներ:

Կարողանալ հաղթահարել վախը մահվան հանդեպ` այսպիսի որակ ունեցող հանրությունն արդեն սովորական ժողովուրդ չէ, այլ գերազգ: Այն իր զորամիավորումների մեջ մասամբ իրականացրել է նաև Նժդեհը (հիշենք «Մեզ մահ չկա, մահ թշնամուն» կարգախոսը):

ԱՐԴՅՈՒՆՔ

Որպես Նժդեհի մշակած գաղափարախոսության կիրառման դրական արդյունք՝ ներկայացնենք հետևյալ փաստը: 1919-20 թվականներին կար երկու Հայաստան` Առաջին կամ Արարատյան Հանրապետությունը և Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանը:   Առաջին Հանրապետության ներսում տիրած իրավիճակը ձեզ ներկայացվել է արդեն: Իսկ Լեռնահայաստանում, ուր իշխանական կառույցը և հանրության մի մասը առաջնորդվում էր ազգայնական գաղափարախոսությամբ, երկրի գործերն անհամեմատ լավ էին ընթանում և փոքրաքանակ բնակչությունը մեկը մյուսի ետևից ռազմական լուրջ հաղթանակներ էր գրանցում:

Առաջին Հանրապետության անկումից հետո երևանյան իշխանավորները տեղափոխվեցին հարավ, այնտեղ ձևավորեցին նոր իշխանություն: Բայց քանի որ «եկվորները» կրողն էին այն ժամանակվա սովորական, խեղաթյուրված, ոչ-նժդեհական աշխարհընկալումի, հանրային կյանքն արագ կերպով ապականվեց ստորին կրքերով ու մղումներով, իշխանական համակարգն արատավորվեց և տարիներ շարունակ հզոր ախոյաններին դիմակայած Լեռնահայաստանը մի քանի ամսում, կարելի է ասել, ինքնասպան եղավ:

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Ընթերցողն, անշուշտ, սույն գիրքը կարդալու ընթացքում ինքնաբերաբար զուգահեռներ է անցկացրել նաև 1988-ին սկսված Շարժման հետ: Եվ իսկապես, տեղի ունեցածը որոշ մոտավորություններով կարելի է բնորոշել որպես կոնսերվատիվ հեղափոխության իրականացման ակամա փորձարկում. ըստ ամենայնի, կոնսերվատիվ հեղափոխության տարրերն ի հայտ են եկել հընթացս, ինքնաբերաբար և ոչ թե արդյունք են եղել նախապես մշակված սցենարի: Այլապես Շարժման արդյունքն ինքը այլ կլիներ:

Որպես Շարժման գերխնդիր և խնդիր սահմանելով միևնույն նպատակը` Արցախի ազատագրումը, քաղաքական մեր առաջնորդներին այն ժամանակ հաջողվեց ժողովրդին համակել պատմական Հայաստանի մի հատվածն ազատագրելու առաքելությամբ, ազգագրական երգերի շնորհիվ արթնացավ հայի քնած հոգին:

Ունեցանք աննախադեպ հատկանիշներով օժտված (իհարկե, գերմանականի հետ համեմատած` բավականին պարզունակ) հռետոր-առաջնորդներ, ունեցանք գրավոր քարոզչամիջոց` ժողովրդի մեջ շրջանառվող թռուցիկների, անտիպ հոդվածների և այլնի տեսքով, ունեցանք նպատակային երաժշտություն (շեփոր), իհարկե, նույնպես պարզագույն, բայցևայնպես, բավականին ազդու:

Բոլոր այս գործոնների համադրման արդյունքում քաղաքական մեր առաջնորդներն այն ժամանակ կարողացան արմատական փոփոխություն իրականացնել հանրային գիտակցության մեջ և նոր գիտակցություն ունեցող ժողովրդի (առանց սխալվելու ռիսկի կարելի է ասել` ազգի) միջոցով լուծել գերխնդիրը (և խնդիրը): Այն ժամանակ մենք չնկատեցինք, որ վերափոխվելով, մենք ինքնաբերաբար ետ գնացինք մեր իսկ պատմության ճանապարհով ու «հանգրվանեցինք» մեր անցյալի այնպիսի փուլերից մեկում, երբ եղել էինք միաբան, փոխադարձաբար հարգալից ու վառ էր եղել էթնոսի`  ճակատագրորեն միմյանց կապվածության զգացողությունը, երբ եղել էինք մարտունակ ու հմուտ զինվոր: Այնքան էլ կարևոր չէ, թե մեր պատմության կոնկրետ որ փուլն ենք վերակենդանացրել 1988 թվականին, կարևորն այն է, որ դա իրականացել է, ինչն էլ հետագա վերափոխման հույս է տալիս:

Հայ հանրության մեջ նկատելի է որոշակի տրտունջ Շարժման արդյունքների հետ կապված: Բայց չմոռանանք, որ Շարժման առաջ դրված էր խնդիր` ազատագրել Արցախը, ինչը և արվել է: Շարժումից այլ բան պահանջելը տեղին չէ ամենևին: Եթե մենք այն ժամանակ անհրաժեշտ փորձառություն ունենայինք և ավելի մեծ խնդիր դնեինք ժողովրդի առջև, ապա այսօր այլ իրականություն կունենայինք:

Կա տեսակետ, թե Շարժման նախաձեռնումն ու կառավարումն իրականացվել է օտար մի երկրի հատուկ ծառայությունների կողմից: Եթե անգամ այդպես է, ապա միևնույն է` հիմք ունենալով 1988-90-ականներին տեղի ունեցածը, կարող ենք փաստել,  որ հազարամյա ամլությունը չէր կարողացել սպառել հայ ժողովրդին` որպես էթնոս, և անհրաժեշտ ազդման համակարգի միջոցով հնարավոր եղավ նրան դրդել հրաշքների իրագործման: Եթե այլ երկրի հատուկ ծառայությունները կարողանում են մեզ հրաշքների մղել, ի՞նչն է խանգարում, որ մի օր մենք (իսկ մենք մեզ ճանաչում ենք բոլորից լավ) ինքներս դա անենք` մեզ անհրաժեշտ նպատակն ու գերխնդիրն ունենալով:

ԱՄՓՈՓՈՒՄ

Դարերի բերումով հայ ժողովուրդն ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը կաշկանդում է իր իսկ արդյունավետ  զարգացումը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում սեփական անվտանգությանը: Լուծման ռացիոնալ առաջարկները, ինչպես նշվել է սույն գրքի այլ հատվածներում, դժվար թե ի զորու լինեն շտկել իրավիճակը պահանջվող ժամկետում: Հարկավոր է ունենալ իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ: Եվ որպես այդպիսին ներկայանում է կոնսերվատիվ հեղափոխության իրականացումը` գրեթե այլընտրանք չունենալով: Այս հեղափոխության դեպքում, ինչպես արդեն ասվել է, հասարակությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ է գնում, այլ` ետ դեպի իր անցյալի որևէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը: Եվ  խոսքն ամենևին ամբողջական վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է ոչ թե կոնկրետ պատմական կացութաձևը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգը:

Գրեթե այլընտրանք չունենալով հանդերձ, կոնսերվատիվ հեղափոխության իրականացումն ամենևին դյուրին չէ, բայց և սույն գրքում բերված օրինակներն ապացուցում են այդ մեթոդի ոչ ուտոպիական լինելը:

Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի Նվիրյալների խումբը, որի կազմում դասական քաղաքագետներից բացի պարտադիր ընդգրկվելու են և խմբի հիմքն են կազմելու էզոթերիկայից և ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ,

– հստակորեն ձևակերպի լուծման կարիք զգացող, հասարակության առջև ծառացած ԽՆԴԻՐԸ, որի կարգավորումը կհանգեցնի ազգային վերափոխման,

– ընդունի, որ մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը և համապատասխան ազդման (ոչ ստանդարտ) համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է մարդու մոտ գրգռել նրա պատմության այս կամ այլ շրջանի «գենային կոդը»,

– պարզի, թե մեր պատմության հերոսական ո՞ր շրջանը կարելի է համարել վերականգնման արժանի (Նժդեհի պատկերացումներով` դա մամիկոնյանների շրջանի Հայաստանն է, որոշ քաղաքագետներ հին-արիական շրջանն են տեսնում որպես այդպիսին), վեր հանի այդ ժամանակվա արժեքային համակարգը,

– ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ մասին ունեցած բավարար տեղեկությունների հիման վրա մշակի ԳԵՐԽՆԴԻՐ, որը կլինի ներդաշնակ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՆ և որին ձգտելու ճանապարհին հասարակությունը կլուծի իր առջև դրված  ԽՆԴԻՐԸ,

– գիտակցի, որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում ներկա, պարզունակ դրսևորումներով և որ  մարդու հոգու ԳԱՂՏՆԻ ՈՒԺԻ բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան,

– ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՑ և ԳԵՐԽՆԴՐԻՑ ելնելով` սահմանի  ազգի համար համամարդկային առաքելություն, որի առկայությունն արմատապես կփոխի հայի վերաբերմունքն իր ազգակցի հանդեպ  և վերջինս բնազդային «թշնամուց» կվերածվի գաղափարակրի և զինակցի` մեծ իդեալին հասնելու ճանապարհին: Այդ դեպքում սփյուռքի հայը կիմանա, թե ո՞րն է իմաստն իր հայ մնալու և իրեն տարակուսանքով նման հարց չի տա: Հայը կարեկից կլինի հային ավելի, քան 1988-ին էր: Այդ դեպքում պարզ կլինեն հաճախ հնչող այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են` հանուն ինչի՞ լինեմ ազնիվ,  օրինապահ, հարկերը վճարեմ և այն, և այլն,

– մշակի մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար (հանրային գիտակցության խաթարված լինելու պատճառով) նախատեսված Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգ, որը նպատակ կունենա արթնացնել նրա գենային հիշողությունը:

Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացրած այլ ժողովուրդների վերը ներկայացված փորձը հաշվի առնելով, ցանկալի է, որ Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգն իր մեջ ներառի`

– Արտառոց հատկանիշներով օժտված, Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ Առաքելակիր-առաջնորդի(ների) կայացումը,

– հանրության մոտ Առաքելակիր-առաջնորդի սպասման ձևավորումը, առաջնորդ, ով կվերադարձնի հերոսական հին շրջանը,

–  հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության մոտ,

-վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը,

– հայկական ավետարանի կազմումը` կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների  իրականացմամբ,

-հայկական էպոսի և բանահյուսության մյուս դրսևորումների մեջ առկա գաղտնիքների պարզումը և քաղաքականության գործիքները դրանցով շաղախումը,

– հայկական էպոսի, լեգենդների, հերոսական պատումների հանրամատչելի տարբերակների ստեղծումը և տարածումը,

– հերոսական հին շրջանի հանդեպ կարոտի առաջացումը,

–  հայի բարոյական կոդեքսկանոնագրքի կազմումը,

– հանրությանն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին (եթե անհրաժեշտությունը կա) և արտաքին թշնամու կերպարի ձևավորումը,

– ազդու կարգախոսների ստեղծումը,

– ազգը միավորող թագավորների, հերոս հայորդիների կերպարների ստեղծումը,

ազդման ոչ ստանդարտ մեթոդներին տիրապետող հռետորների ձևավորումը,

-ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթքարոզչամիջոցի ստեղծումը,

– ենթագիտակցության վրա շռնդալից ազդեցության ունեցող, գիտակցությունը շրջանցող երաժշտության (համակարգի) ստեղծումը,

– հանրային գիտակցության վրա ազդող ծեսերի, տոների ստեղծումը,

– վերիշխանական բարոյական դատարանի ստեղծումը,

– մոգական խորհրդանիշների ստեղծումը,

– հասարակության ոգևորումը նրա դրական հատկանիշների ներկայացմամբ,

– համապատասխան հասարակական Շարժման ստեղծումը,

– հաշվի առնելով հայի զգացմունքային լինելը` դեպի նրա սիրտ տանող «ճանապարհի» հայտնաբերումը,

– խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ձևավորումը,

– հասարակական աջակցությունն ապահելու նպատակով Շարժման արտաքին գործունեության կառնավալային պրակտիկայի կիրառումը,

– Շարժումը հանրությանը որպես ուժի կրողի ներկայացումը և այլն:

Օգտակար կարող է լինել Շարժումն ա’յն մարզի կամ շրջանի ներկայացուցիչների ղեկավարմանը հանձնելը, որի բնակիչներն արդարության, պետականության ընկալման առումով առավել պիտանի են:

Այս խնդիրները լուծելուն զուգընթաց անհրաժեշտ է իրականացնել հասարակության կազմակերպում ներքևից, քանի որ մեր հանրությունն իր պատմության պատճառով որպես սոցիում գոյություն չունի և այն իրենից միայնակ անհատների բազմություն է ներկայացնում: Հանրությանը հարկավոր են փոքրիկ հաղթանակներ, որոնց ձեռքբերման ճանապարհին մարդիկ կհամոզվեն, որ երկրում իրենցից ինչ-որ բան կախված է և հավաքանությունն իսկապես իրենից ուժ է ներկայացնում: Առանձին խմբերի, շերտերի, դասերի համախմբումը կարելի է իրականացնել մասնագիտական (արհմիութենական), սոցիալական, իրավական խնդիրների շուրջ` Նվիրյալների աչալուրջ կառավարման ներքո, որպեսզի համախմբման փորձերը չձախողվեն և պատճառ չդառնան նոր հուսալքությունների:

Հեղինակն իր նախաձեռնած «Վերելք» ակումբի ուսումնասիրությունների արդյունքում ունի որոշակի պատկերացումներ ներկայացված կետերի բովանդակության վերաբերյալ և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգիռ են կոնսերվատիվ հեղափոխության իրականացման հայկական համակարգի մշակման հարցում:

Հեղինակը պատրաստ է հետաքրքրվողներին տրամադրել «Վերելք» ակումբի մշակած կոնկրետ նյութեր:

Վերջ

—————-

հեռ. 091512575

a.pepanyan@mnp.am

a.pepanyan@mail.ru

——————————————————————————————

Համահայկական

ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼԸ, ԿԱՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ

Շանթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ինչպես գիտենք, հինգերորդ դարի պատմիչների աշխատությունները վերնագրված են որպես «Հայոց պատմություն»:

Հետագա դարերում գրված հայ պատմիչների կամ գրիչների աշխատությունները վերնագրվում էին այլ կերպ՝ «Տարոնի պատմություն», «Արծրունիների տան պատմություն», ուղղակի՝ «Պատմություն», բայց այլեւս չէր գրվում «Հայոց պատմություն»: Այս երկրամասային պատմությունները գրվում էին ոչ այն պատճառով, որ այս կամ այն պատմիչը ներկայացնում էր որեւէ մի նախարարական տան շահերը: Նախկինում եւս հին պատմիչներն իրենց «Հայոց պատմությունը» գրելիս ներկայացնում էին որեւէ նախարարության շահերը եւ կատարում նրա պատվերը: Քանի որ հայությունն արդեն դադարել էր որպես հավաքական ժողովուրդ հանդես գալ, ենթադրելի է, որ հայ ժողովրդի պատմություն այլեւս չէր կերտվում: Բնականաբար, չէր կարող գրվել մի բանի մասին, որ չկար: Սրա փոխարեն, բավական ակտիվ գործում էր կազմալուծված հայ ժողովրդի այս կամ այն հայրենակցական հատվածը: Ճիշտ է, այդ դարաշրջանի Եվրոպայում նույնպես պատմությունները գրվում էին որեւէ կոնկրետ երկրամասի անունով, բայց չէ՞ որ այդ ժամանակ դեռ ձեւավորված չէին Եվրոպական ժողովուրդները: Հռոմեական ժողովրդի կազմալուծումից հետո երկար դարեր Եվրոպայում չկային ձեւավորված ժողովուրդներ, եւ եթե Եվրոպայում որեւէ անձի, տարածքի մասին գրված պատմությունները հետագայում դառնում էին որեւէ ժողովրդի ձեւավորման պատմության հիմքը, ապա Հայաստանում այս պատմություններն ընդամենն արձանագրում էին հայ ժողովրդի կազմալուծման փաստը: Ինչեւէ: Պատմությունը, մեկ անգամ եւս, հայերին հնարավորություն ընձեռեց վերագտնելու իրենց հավաքական իդեալը եւ վերականգնվելու որպես ժողովուրդ: Դա տեղի ունեցավ դարձյալ աշխարհակարգի փոփոխության արդյունքում:

Մուհամեդն, իր շուրջը համախմբելով բավականաչափ համախոհների, իսլամական վարդապետություն ստեղծելու միջոցով կարողացավ արաբական ցեղերին ու տոհմերին մատուցել հավաքական իդեալ՝ նրանց վերածելով կազմակերպված ժողովրդի: Իսլամի ծնունդն ու հավաքական իդեալի ներքո՝ արաբական ազգի ձեւավորումը համընկավ զրադաշտական Պարսկաստանի մշակութային անկմանը: Զրադաշտական իդեալներն այլեւս չէին ոգեշնչում պարսկական հոծ զանգվածներին: Առաջ էին եկել բազմաթիվ աղանդներ, որոնք թեեւ չէին կարողացել հաստատվել որպես համազգային կրոն, բայց հաջողացրել էին խարխլել, քայքայել գոյություն ունեցող իշխող իդեալները, որոնք այլեւս չէին խանդավառում պարսիկ ժողովրդին: Այս պայմաններում իսլամական առաջադիմական իդեալների ներքո համախմբված ու գործող արաբ ժողովուրդը պետք է նվաճեր եւ նվաճեց պարսկական պետությունը: Արաբական խալիֆայության ստեղծումը հանգեցրեց նոր աշխարհակարգի ձեւավորման:

Բագրատունիների հայկական պետությունը 

Գործող աշխարհակարգի փլուզման եւ նոր աշխարհակարգի ձեւավորման արդյունք էր նաեւ Բագրատունիների պետությունը: Սակայն, ինչպես եւ Արշակունիների պետությունը, սա նույնպես ամրապնդված չէր ժողովրդի հավաքական իդեալով եւ չուներ որեւէ ազգային նախագիծ: Արաբական խալիֆայությունը, նվաճելով Հարավային Կովկասը, կազմավորեց Արմինիա կուսակալությունը, որի մեջ ընդգրկվեցին Հայաստանը, Վրաստանը եւ Աղվանքը: Տարածաշրջանը Բյուզանդիայի ազդեցությունից զերծ պահելու համար արաբները փորձեցին հենվել հայկական տարրի վրա: Բարեբախտաբար, այս առաքելությունն իրականացնելու համար Հայաստանում գտնվեցին բավականաչափ ուժեր, որոնցից էին Բագրատունիներն ու Արծրունիները: Իրենց խելամիտ քաղաքականության շնորհիվ Բագրատունիները խալիֆայության կողմից ճանաչվեցին կուսակալությանը ենթակա երկրների կառավարիչ: Նրանք հռչակվեցին Իշխանաց իշխաններ՝ վերահսկելով ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ Վրաստանն ու Աղվանքը: Հետագայում, խալիֆայության թուլացմանը զուգահեռ, որպեսզի Բյուզանդիան տարածաշրջանում չվերականգնի իր նախկին ազդեցությունը, արաբները ճանաչեցին երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Աղվանքի անկախությունը՝ նրանց մեջ գահերեց եւ շահնշահ հռչակելով Հայաստանի թագավոր Բագրատունիներին:

Հայաստանի պետականության վերածնունդն ու տարածաշրջանի լիդեր դառնալն արդյունք էր ոչ միայն աշխարհակարգի փոփոխության, այլեւ հայկական նոր էլիտայի ձեւավորման: Դեռ 705թ.-ին արաբները Նախիջեւանում մի քանի հարյուր բյուզանդասեր հայ նախարարների հավաքելով, սպանել էին՝ կրակի մատնելով նրանց: Փաստորեն, բյուզանդասեր էլիտայի ոչնչացումը պետության վերականգնման կողմնակից էլիտային հնարավորություն էր տվել տասնամյակների ընթացքում ամրապնդել իր դիրքերը հայության մեջ, որն անխուսափելիորեն տալու էր իր դրական արդյունքները: Ցավոք, իր 150 տարվա գոյության ընթացքում հայկական պետության էլիտան չկարողացավ ձեւավորել որեւէ ազգային նախագիծ, հայությանն առաջադրել որեւէ առաջադիմական իդեալ: Հետեւաբար, Արաբական խալիֆայության քայքայմանը զուգընթաց, տարածաշրջանում ավարտվեց հայկական պետության միսիան: Արաբների թուլացմանը զուգընթաց տարածաշրջանում նորից ուժեղացան Բյուզանդիայի դիրքերը, որի միջոցով Հայաստանում գլուխ բարձրացրեց պետական անկախության թշնամի՝ բյուզանդասեր էլիտան: Ինչպես Արշակունիների ժամանակ, այս անգամ եւս, հայկական էլիտան սեփական նախաձեռնությամբ ոչնչացրեց հայկական պետությունը: Հայ եկեղեցականները՝ կաթողիկոսի գլխավորությամբ, կազմեցին մի կտակ, որով Հայկական պետությունը հանձնեցին Բյուզանդիային: Վեց դար առաջ Մովսես Խորենացին կարծես հենց սրանց մասին էր գրել իր հայտնի «Ողբը».

«Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ՝ բեմիդ բարեկարգությունից անշքացած, քաջ հովվից և հովվակցից զրկված: Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում»: «Եվ չգիտեմ ինչպես հորինեմ իմ ողբը, և կամ ում արտասվեմ.-արդյո՞ք իմ թշվառ մանուկ թագավորին, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը, անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ… արդյոք մեր երկրին արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվածները»:

Դեպի ոչնչություն 

Բագրատունիների պետության կործանումից հետո, անշուշտ, եղել են այնպիսի գործիչներ և մարդկանց խմբեր, որոնք ձգտել են հայ զանգվածներին մատուցել որևէ ազգային նախագիծ, որևէ հավաքական առաջադիմական իդեալ. բայց, ցավոք, դա նրանց չի հաջողվել: Այն ժողովուրդները, որոնք դադարում են հավատալ իրենց հավաքական իդեալներին կամ կորցնում են իրենց իդեալները, վերածվում են մարդկային ամբոխի և ընդգրկվելով որևէ հավաքական իդեալ դավանող ժողովուրդների մշակութային համակարգում՝ ձուլվելով վերանում են պատմական թատերաբեմից: Այս տեսանկյունից դիտելով, զարմանալի է, թե ինչպես չունենալով որևէ հավաքական իդեալ և 1045թ.-ին, հայրենիքում կորցնելով իր վերջին՝ Բագրատունիների թագավորությունը, հայությունը չվերացավ, կարողացավ գոյատևել ևս հազար տարի:

Ուսումնասիրելով հայության վերջին հազար տարվա պատմությունը, համոզվում ենք, որ նա որևէ ջանք չի թափել իր գոյությունն ապահովելու համար և իր գոյության համար պարտական է միմիայն արտաքին պայմաններին: Պարզաբանեմ միտքս. նախ, հայությունն ապրում էր այնպիսի պետության մեջ, որի պետական կրոնը իսլամն էր, այսինքն՝ իսլամական կրոնապետություն էր: Սա առաջին պայմանն էր, որ հայությանը թույլ չէր տալիս տարրալուծվել այդ պետության ժողովրդի հետ: Մինչ օրս հայությունն իր, կարելի է ասել, ազգային դիմագիծն ավելի լավ պահպանում է իսլամական երկրներում, մինչդեռ բազմաթիվ օրինակներ գիտենք, թե ինչ հեշտությամբ երեք-չորս սերունդ հետո ձուլվել է քրիստոնյա ժողովուրդների հետ: Երկրորդ գլխավոր պատճառը համաշխարհային երկու կրոնների՝ քրիստոնեության և իսլամի հակամարտությունն էր: Քրիստոնեական աշխարհն այդ հակամարտության պատճառով պարբերաբար բորբոքում էր իսլամական երկրներում ապրող քրիստոնյաների կրոնական հավատը, որի համար Հռոմի Պապերը Վատիկանում հատուկ ստեղծել էին պրոպագանդայի բաժին:

Հայության գոյատևման երրորդ՝ հիմնական պատճառն այն էր, որ նա չունենալով հավաքական իդեալ, մեծ հաշվով, չուներ նաև անհատին հատուկ բարձր իդեալներ: Ընդհանրապես, մարդուն կենդանուց տարբերող գլխավոր պայմանը իդեալի առկայությունն է: Եվ որքան բարձր ու վեհ է մարդու դավանած իդեալը, նույնքան նա հեռու է կենդանուց: Հայ մարդը դավանում էր այնպիսի իդեալներ, որոնք խորհրդանշում էին ոչ թե Հայրենիք, այլ՝ կենսատարածք, ոչ թե Պետություն, այլ՝ ծննդավայր: Հայ մարդու իդեալներն այնքան էին նսեմացել, որ լուծում էին շատ փոքր, շատ սահմանափակ խնդիրներ, ինչպիսիք էին ֆիզիկական գոյության ապահովումը, որը, որքան հաջողվում էր, լուծվում էր հնազանդության միջոցով, ապա սննդի հայթայթումը, որը ձեռք էր բերվում դառը քրտինքով, նաև՝ սերունդների ծնելիությունը: Ահա այս երեքն են այն հիմնական խնդիրները, որ հատուկ են բնության ցանկացած կենդանի օրգանիզմի: Այս երեք խնդիրների լուծմանն էր կոչված ծառայելու հայ մարդու իդեալը: Եվ այս երեք խնդիրները լուծելու համար բոլորովին անհրաժեշտ չէր, որ հայ մարդն ինտեգրվեր թուրքական հասարակությանը և ենթարկվեր ձուլման վտանգին: Իհարկե, հայության մեջ ծնվում էին փոքրաքանակ այնպիսի մարդիկ, ովքեր դավանում էին անհատական բարձր իդեալներ և իրականացնում իրենց ձգտումներն ու խնդիրները՝ ինտեգրվելով թուրքական հասարակությանը և ձուլվելով նրանց էլիտային կամ լքելով ծննդավայրը, իրենց իդեալներն իրականացնում էին որևէ օտար քրիստոնյա երկրում: Ի տարբերություն շարքային հայ մարդու, հայության գիտակից հատվածը` առանձնացված եկեղեցիներում և վանքերում, սեփական փրկության համար աղոթում էր Աստծուն՝ չմոռանալով երբեմն-երբեմն էլ մեծահոգաբար փրկություն խնդրել ողջ քրիստոնյա հայության համար:

17-18-րդ դարերում հայության գոյատևման այս երեք հիմնական պատճառներին ավելանում է նաև չորրորդը: Թուրքական և Պարսկական պետությունները ներսից թուլացնելու համար օտար պետությունները սկսում են օգտագործել քրիստոնյա ազգային փոքրամասնություններին՝ կազմակերպված ձևով նրանց մեջ սերմանելով ազգային ինքնագիտակցություն: Այս չորս բացասական պատճառները, որքան էլ տարօրինակ է, ծառայեցին հայության գոյատևմանը, որոնք, սակայն, տարածաշրջանում նոր աշխարհակարգի ձևավորումից հետո փոխվեցին և դարձան հայության դժբախտությունների և ոչնչացման պատճառ: Իսկ տարածաշրջանային նոր աշխարհակարգը ձևավորվեց, երբ Ցարական Ռուսաստանը ձեռնարկեց իր հարավ-կովկասյան նվաճումները:

Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտահայաստանում հավաքական իդեալ չունեցող, որպես ժողովուրդ կազմալուծված հայության ողբերգությունն ավարտվեց 1915-20թթ. ամենադաժան ձևով՝ Ցեղասպանությամբ: Ավաղ, մի ժողովուրդ, որ ենթակա է ցեղասպանության, իրականացնողներ միշտ կգտնվեն,- հաստատում էր հայոց պատմությունը: Այն, որ երկուսուկես միլիոն արևմտահայությունը 30 տարվա ազգային-ազատագրական պայքարի ընթացքում երեք հազար մարդ չկարողացավ ոտքի հանել, մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայությունը որպես ժողովուրդ վաղուց արդեն չկար: Այս փաստն են հաստատում նույնիսկ մեր ֆիդայական երգերն ու պատմությունները՝ «Անդրանիկ յուր 37 քաջերով…», «Բաբկեն Սյունին 26 հոգով…» և այլն: Ի վերջո, պատմությունից հայտնի ամենախոշոր մարտական խումբը Խանասորի ջոկատն էր՝ կազմված 250 հոգուց, որը մեծ մասամբ համալրված էր արևելահայերով, քանի որ այդ ժամանակ Ցարական Ռուսաստանի իշխանությունները գաղտնի խրախուսում էին հակաթուրքական ցանկացած գործողություն, թեկուզև տվյալ դեպքում էլ Խանասորի արշավանքն ուղղված էր քրդական ցեղի դեմ: Եվ Կուկունյանի խմբի, և Կովկասում ստեղծվող տասնյակ այլ խմբերի նպատակն էր ռուս-թուրքական սահմանն անցնելով, պայքարել արևմտահայերի ազատագրության համար, այն դեպքում, երբ Արևմտահայաստանում ապրում էր երկուսուկես միլիոն հայ, իսկ ողջ Կովկասում՝ ընդամենը մեկ միլիոն: Ինչ վերաբերում է Թուրքիայի տարբեր տարածքներում տեղի ունեցած ինքնապաշտպանական կռիվներին` մղված թե° թուրքական իշխանությունների, թե’ քրդական հրոսակախմբերի դեմ, ապա դրանք որևէ ուղղակի կապ չունեն ազգային-ազատագրական պայքարի հետ, որին բնորոշ են ազատության հստակ նպատակները, զոհաբերության մղող որոշակի իդեալն ու ամենակարևորը՝ նախաձեռնության կամքը, իսկ ինքնապաշտպանական կռիվները մղվում են անձի ինքնապահպանման բնազդով և լուծում տվյալ պահի գոյության խնդիրը: Եթե այդ ինքնապաշտպանական կռիվներին մասնակցած հարյուր կամ հազարավոր մարդկանց համարենք ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներ, ապա այդ դեպքում չէ՞ որ հայերն ինքնապաշտպանության դիմել են ոչ միայն Արևմտահայաստանում, այլև հունական և այլ բնակավայրերում, որտեղ գոյություն չուներ Հայաստանն ազատագրելու խնդիր: Եթե որևէ մեկը կարծում է, թե այդ ինքնապաշտպանական կռիվներն օգնել են հայության ազատագրական պայքարին, ապա օգնել են այնքան, որքան օտար պետությունների, քրդական հրոսակախմբերի և թուրք ընդդիմադիրների` թուրքական պետության դեմ ուղղված պայքարն է օգնել, բայց, ըստ իս, ոչ մեկի մտքով չի անցնում սրանցից որևէ մեկին համարել հայության ազատագրական պայքարի բաղկացուցիչ մաս:

Կարծում եմ, կարողացա բավականաչափ հիմնավորված պատասխանել, թե ինչպես Արևմտահայաստանում գոյատևեց և ինչպես կործանվեց վաղուց հավաքական իդեալ չունեցող և որպես ժողովուրդ կազմալուծված հայությունը: Ինչ վերաբերում է արևելահայության ճակատագրին, ապա որքան էլ ցավալի է, այն գոյատևեց արևմտահայերի ողբերգությունների հետևանքով: 19-րդ դարում, երբ Ցարական Ռուսաստանը նվաճեց հարավային Կովկասը, արևելահայությունը, իրեն հոգեհարազատ քրիստոնեական մշակույթի և առաջադիմական կայսերական իդեալների շնորհիվ, արագորեն սկսեց ձուլվել ռուս և, նույնիսկ, ցարական կայսրությունում իր շատ արտոնությունները պահպանած վրաց ժողովուրդներին: Հայությունն այստեղ էլ ոչ մի ջանք չթափեց իր գոյությունը պահպանելու համար: Նա դարձյալ գոյատևեց արտաքին երկու հիմնական գործոնների շնորհիվ: Առաջին գործոնը Ռուսաստանի պարբերաբար պատերազմներն էին Թուրքիայի դեմ, որ ամեն անգամ ավարտվելով՝ տասնյակ ու հարյուր-հազարավոր հայերի ներգաղթ էին ապահովում դեպի Արևելահայաստան, որոնք դեռ երկար պահպանում էին իրենց ավանդական կենցաղը: Երկրորդ գործոնն այն էր, որ ցարական իշխանությունները հայերին փորձելով օգտագործել ընդդեմ թշնամական Թուրքիայի, ստիպված էին ոչ միայն թույլ տալ, այլ իրենք ևս սնուցել ու ձևավորել հայ տարրի ազգային ինքնագիտակցությունը: Ռուսական մշակույթի և նրա միջոցով եվրոպական մշակույթի հետ շփումն, անշուշտ, հայության մեջ ձևավորեցին որոշակի առաջադիմական մտավորականություն, որ փորձում էին կազմակերպել հայությանը, ձևավորել ժողովուրդ: Ի վերջո, թուրքահայերի ոչնչացումն ու ռուս-թուրքական պատերազմների ավարտը հանգեցնելու էր արևելահայերի ձուլմանը, եթե Ռուսաստանում տեղի չունենար բոլշևիկյան հեղաշրջումը:

(շարունակելի)

———————–

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին Երևանի «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական ուղուն եւ բանակի հրամանատար Սամվել Բաբայանի գործունեությանը նվիրված «Հաղթանակներն՝ ինչպես եղել են. ազդականչ 44» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին արցախյան ազգային-ազատագրական շարժմանն ուղղակի կամ անուղղակի առնչված հայտնի դեմքեր, քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, լրագրողներ ու հասարակական գործիչներ:

Գիրքը նվիրված է հայոց նորագույն պատմության անհատկանություններից մեկի՝ ռազմական, պետական եւ քաղաքական գործիչ Սամվել Անդրանիկի Բաբայանի բարդ ու բազմարժեք ճանապարհի լուսաբանմանը:

«Հաղթանակներն՝ ինչպես եղել են. ազդականչ 44» գրքի ծանրության կենտրոն հանդիսացող առաջին գլխում («Օմարից մինչեւ Արաքս») փաստավավերագրական նյութերի հիման վրա արտացոլված է Պաշտպանության բանակի եւ նրա հրամանատարի մարտական ուղին (1991-1994):

Երկրորդ գլուխը («Պետականաշինության բավիղներում») պատմում է զինադադարից հետո կայացման ու զարգացման նոր փուլ թեւակոխած ԼՂՀ պետականաշինության անդաստանում Սամվել Բաբայանի դերակատարության մասին:

Երրորդ գլուխը («Հարցազրույցների ընտրանի») ամբողջական է դարձնում Սամվել Բաբայան ազգային հերոսի կերպարը:

Գիրքը պատրաստել է «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը, տպագրվել է «Անտարես» հրատարակչատանը, հեղինակներն են Հենրիկ Խաչատրյանը, Գարեգին Ղազարյանը եւ Սիրվարդ Մարգարյանը:

Սեփ. լրատվություն

 

ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(հատված՝ առաջաբանից)

Պատմությունը մութ, չբացահայտված էջեր չի հանդուրժում: Վաղ թե ուշ սերունդների պատմական գիտակցության մեջ դրանք ճշմարտացի լուծում են ստանում, արժանանում արդարացի գնահատականի: Բազում արքաներ, իշխաններ, զորավարներ եւ այլ նշանավոր պատմական այրեր պահել են տարեգիրների, վարձել պատմիչների, հօգուտ իրենց կեղծել իրականությունը: Բայց ապարդյուն. պատմությունը, անողոք ժամանակի հրամայականով, սովորաբար յուրաքանչյուրին դնում է իր իրական տեղը: Ավելորդ եւ անիմաստ հավակնությունները դառնում են անցյալ, նետվում պատմության գզրոցը: Սերունդներին հասնում է նորին մեծություն ճշմարտությունը՝ մերկ ու տեսանելի, վեհ ու գեղեցիկ: Եվ որ կարեւոր է՝ օգտակար ուղեցույց ապրողների համար: Փա՛ռք այն երկրին եւ ժողովրդին, որոնք առաջնորդվում են նշված ճշմարտությամբ: Դա հենց այն է, ինչն այնքան փայլուն սահմանել է 19-րդ դարի իտալացի մեծ ազատամարտիկ եւ իմաստասեր Ջուզեպե Մաձինին /1805-1872/` ազգը պետք է ապրի համընդհանուր ճշմարտության միասնական սկզբունքով:

Ահա մի այդպիսի համընդհանուր ճշմարտության մասին է պատմում ընթերցողին առաջարկվող այս յուրահատուկ գիրքը: Յուրահատուկ, քանզի գրքի գլխավոր գործող անձինք շարունակում են ապրել, կերտել մեր օրերի այնպես հակասական, որոգայթներով լի պատմությունը: Անշուշտ՝ բաղձալի ճշմարտությունը հենց այդ պատճառով մինչեւ վերջ չի բացահայտված: Մենք ազգովին դրան հասու դառնալու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու:

Այս երկասիրության հեղինակները (Հենրիկ Խաչատրյան՝ առաջին գլուխ, Գարեգին Ղազարյան՝ երկրորդ գլուխ), մեր խորին համոզմամբ, պատմական ներկա պահի համար շատ ճիշտ են ընտրել իրենց հերոսին՝ Սամվել Բաբայանին:

Ընդհանրապես, առաջին հայացքից պարզ թվացող ազ-գային հերոս երեւույթն ինքնին բարդ է եւ դժվար բացատրելի: Հին հույների պատկերացմամբ՝ հերոսը նա է, ով իր բարոյական պարտքը հասարակության առջեւ կատարում է մինչեւ վերջ: Հետագա ընկալումները քիչ են փոխվել: Հասկանալի է, որ բարոյական պարտքը, նրա ընդգրկման սահմանները որոշվում են տվյալ դարաշրջանի հասարակության կողմից ընդունված չափանիշներով:

Անցյալի պատմական փորձը ցույց է տալիս, որ հերոսները սովորաբար ունենում են ողբերգական ճակատագիր: Եթե մենք փորձենք բանաձեւել համընդհանուր պատճառը, ապա հանգում ենք բազմիցս արտահայտված մտքին. հերոսը /կամ զինվորը/ հայրենիքն ավելի է սիրում, քան հայրենիքը՝ հերոսին:

Իսկ դրա գլխավոր պատճառը, ինչպես արդեն նշեցինք, մեկն է՝ հերոսը գնում է մինչեւ վերջ: Իսկական հերոսը չի կարող կեսճանապարհին կանգ առնել եւ ասել՝ բավական է, ես հոգնեցի, հիմա էլ թող ուրիշներն անեն: Հերոսին միշտ անհասկանալի է մնում, թե ինչու ուրիշներն էլ իր նման մինչեւ վերջ չեն գնում: Այստեղից էլ նրա դրամատիկ հակադրությունները շատերին եւ նույնիսկ հասարակական առանձին խմբերի: Շատերը չեն հանդուրժում հերոսի ուղղամտությունը, շիտակությունը, վճռականությունը, անշահախնդրությունը, անձնազոհությունը, որովհետեւ իրենք այդպիսին չեն: Հենց այս պատճառով է, որ չի ներվում հերոսի նույնիսկ չնչին վրիպումը, էլ չեն ասում՝ սխալը: Իսկ եթե ազգը կարիք ունի ոչ միայն ազատագրվելու օտարի տիրապետությունից, այլեւ՝ հասարակական կյանքի նորացման, ապա վրիպելու կամ սխալվելու հավանականությունը մեծանում է: Կա մի այնպիսի չարդարացված համոզում, ըստ որի՝ պատերազմի հերոսի առաքելությունը ռազմադաշտն է. նա գործ չունի հասարակության չլուծված հիմնախնդիրների, առավել եւս՝ քաղաքականության հետ: Այդպես մտածողները մոռանում են, որ թշնամու դեմ յուրաքանչյուր ազատագրական պատերազմ անխուսափելիորեն իր հետ բերում է ազգային համընդհանուր վերածնունդ՝ վերակառուցում եւ բարեփոխում: Եվ դրանք բոլորը փոխկապակցված գործընթացներ են, որոնցից մեկին հերոսը կարող է մասնակցել, մյուսին՝ ոչ: Եվ որ հերոսը չի կարող հանդուրժել, որ ազատագրված /առավել եւս այդ գործընթացում գտնվող/ տարածքում հասարակությունը պառակտվում է անձնական շահերով առաջնորդվող «իմ թիմի» եւ «նրանց թիմի»: Հերոսն անկարող է անտարբեր նայել, թե ինչպես են տեղի ունենում համընդհանուր բարոյազրկում, հուսալքում եւ բարձր արժեքների անկում: Ազգի համախմբումը ամեն մի հերոսի մեծ երազանքն է, քանզի առանց դրա հնարավոր չէ ազատագրումը: Այդպիսի իրավիճակում հերոսը ստիպված է լինում բացելու «երկրորդ ճակատը», պայքարելու ներքին հակառակորդների դեմ՝ շատ ավելի բազմադեմ, հաճախ՝ անտեսանելի:

Եթե փորձենք «ազգային հերոս» երեւույթի այս բանաձեւումները կիրառել Սամվել Բաբայանի նկատմամբ, ապա կստանանք հույժ հետաքրքրական եւ օգտակար արդյունքներ: Եվ այդ գործում մեզ կօգնեն ոչ միայն նրա մասին նախկինում ասված բազմաթիվ կարծիքներն ու տրված գնահատականները, այլեւ՝ նախ եւ առաջ այս գիրքը:

Վալերի ՂԼԵՉՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ես խոնարհվում եմ այն 6 հազար զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց արյունով վերագծեցին 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները: Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց տալու:

Սամվել ԲԱԲԱՅԱՆ

——————————————————————————————

Մունք

ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊՆԵՐ ԵՎ ՇԵՆՔԱԿՈՒՅՏԵՐ
 «Օ՛ ժամանակներ, օ՛ բարքեր» շարքից

Երբ տարիներ առաջ Անուշավան Դանիելյանը վարչապետ կարգվեց մեր գլխին, ընդհանուր էր տարակուսանքը: Մարդիկ իրար անցան եւ փորձում էին իմանալ, թե որտեղից եկավ եւ ինչ նպատակով: Իսկ երբ որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ղրիմի ինքնավարության խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնից է աճապարել Արցախ, տարակուսանքին փոխարինեց զարմանքը՝ խելքի մոտ բա՞ն է թողնել բարձր պաշտոնը մի երկրամասում, որն ունի մոտ քսաներեք անգամ ավել բնակչություն, քան մերը, մերից էլ մեղմ կլիմա, բարվոք, մերի պես քարուքանդ չեղած տնտեսություն, իր ափերը ողողող երկու ծով, ողջ երկրում եւ նրա սահմաններից դուրս հռչակված եւ մինչեւ հարյուրի հասնող առողջարաններ: Դժվար է ասել, թե որքանով է համապատասխանում ճշմարտությանը, մամուլում էլ տեղեկություն եղավ, որ Ա.Դանիելյանը մեզ է ներկայացել՝ ետեւից քարշ տալով քրեական գործ:

Եկողն էլ ճարպիկ գտնվեց, նստեց վարչապետի աթոռին թե չէ՝ խոստում խոստումի ետեւից տվեց: Ականջ արեք, արցախցիներ, ասաց նա, ձեր ապրուստն ապրուստի նման չէ, ես հոգ կտանեմ, որ մարդավարի ապրեք, բնակչության քանակն էլ 130 հազարից 300 հազարի կհասցնեմ:

Նորից մարդիկ տարակուսանքի մեջ ընկան՝ վարչապետները քանի անգամ փոխվել են, բայց իրենց կյանքում էական ոչինչ էլ չի փոխվել, հիմա սա ո՞նց պետք է մեզ հասցնի երանելի ափ, ամռան տապի տակ ընկած գետափի պես ցամաքել է մեր բնակչությունը եւ հիմա պիտի ավելի քան կկրկնապատկվի՞: Արցախի կանա՞յք կունկնդրեն նոր վարչապետին եւ ավելի շատ երեխաներ կունենան, թե՞ օտար ափերում խոր արմատներ ձգած մեր հարյուրհազարավոր հայրենակիցները ետ կդառնան իրենց խարխլված օջախները:

Ի՞նչ չափեր ունի այսօր գործազրկությունն Արցախում: Եթե հավատալու լինենք մեր վիճակագրական ծառայությանը, վիճակն իդեալական է եւ այն էլ այնչափ, որ մեզ նախանձել կարող է ցանկացածդ եվրոպական երկիր: Մեզ մոտ գործազրկությունը 5.8 տոկոս է՝ վերջերս ունեցած իր հարցազրույցում վկայեց մեր վիճակագրական ծառայության տնօրեն Մանուշ Մինասյանը: Բայց, մեկ է, որքան էլ աքլորին սիրամարգի թեւերով զուգես, սիրամարգ չի դառնա, առնվազն կմատնի անհաճո կտուցը:

Ուստի եկեք ծուռ նստենք, բայց վկայենք իսկությունը: Անցյալ դարի 80-ականների սկզբներին Ստեփանակերտում, որն այդ ժամանակ քառասուն հազարանոց էր եւ ոչ հիսուն հազարանոց, ինչպես այժմ, արդյունաբերական-արտադրական անձնակազմի թվաքանակը 22 հազար էր, իսկ այսօր՝ 3 հազար: Տարբերությունը՝ 19 հազար: Դրանից էլ եթե հանենք շուկայականի «հրաշալիքների» ծնունդ հանդիսացող, մեր չափից դուրս ուռճեցված կառավարման համակարգում եւ մինչեւ վերջին ծա-կուծուկն զբաղեցրած մեր խանութային բումում ընդգրկվածներին, որ շատ-շատ կազմի մի չորս հազար, հայտարարում կստացվի 15 հազար: Ահա սա է, թեկուզ կոպիտ հաշվումներով, մեր գործազուրկների թիվը: Ասել է թե՝ նրանց թիվն արդյունաբերական-արտադրական ոլորտում կկազմի մոտ 68 տոկոս: Սա հենց այն խարիսխն է, որի շուրջն էլ պետք է գտնվի մեր գործազրկության իրական տոկոսը:

Ժամանակին Պ. Սեւակը հաշվիչ մեքենաներից պահանջում էր հաշվել նույնիսկ մեր սրտի զարկերը, հուզմունքը, թախիծը: Մենք մեր վիճակագրությունից դա չենք պահանջում: Բայց այն, որ պետք է, նույնիսկ պարտավոր է դուրս գալ տարիներ շարունակ գծված իր նեղ շրջանակներից, դա այսօր անհրաժեշտություն է: Չարժե՞, օրինակ, պատասխան տալ այն հարցին, թե ինչո՞ւ մենք ի վիճակի չենք աշխատանքում տեղավորելու մեր բուհերն ու ուսումնարանները, նաեւ միջնակարգներ վերջերս ավարտածներին, որոնց թվաքանակը երկու հազարի է հասնում: Նրանցից շատ-շատերը, որ հարազատներ ունեն այլ երկրներում, չե՞ն գնա նրանց մոտ` իրենց մասնագիտությամբ աշխատելու: Եթե ոչ, ապա ինչո՞ւ մեր մայրաքաղաքի շենքերի պատերին կպցված “րՐՏփվՏ տՐՏՊՈþ ՍՉՈՐՑՌՐց” ազդագրերի քանակը ոչ թե նվազում, այլ աճում է: Պա՞րզ չէ, որ իրենց բնակարանները “րՐՏփվՏ” վաճառողների հայացքներն արդեն օտար հորիզոնների են ուղղված:

Սոսկ մեր վիճակագրության աշխատողները չէ, բոլորս էլ անտարբեր ենք անցնում այդ ազդագրերի կողքով: Մամուլն էլ, նաեւ նրանք, որ պարտավոր են մտահոգվել ի պաշտոնե: Ո՞վ գիտե, չե՞ն մտածում այսպես՝ ճանապարհը բաց է, թող գնան, մեկ գործազուրկ էլ, մեկ բողոքարկու էլ կպակասի: Հա, չուրանանք, ինչպես Մ. Մինասյանն է արձանագրում իր հարցազրույցում, ետ եկողներ էլ կան, նույնիսկ մի քիչ թվաքանակով ավելին, քան հայրենի հողը թողնողները: Բայց ովքե՞ր են այդ վերադարձողները, արդյո՞ք, ոչ նրանք, որ բարձր որակավորում չունեն եւ չեն կարողացել հիմնավորվել նոր վայրերում: Կա՞ պատասխան այս հարցին: Ոչ, չկա:

Ծանր, երկարատեւ երկունքով ծնունդ առավ Ստեփանակերտի հեռախոսակայանը, թեկուզ հինն արդեն շարքից դուրս էր եկել եւ չէր գործում: Ուրիշ երկրներում կապի միջոցները հազվադեպ են սեփականաշնորհում, ուրիշի ձեռք չեն տալիս, թողնում են պետական:

Կարո՞ղ էինք այդպես վարվել եւ մենք: Կարող էինք, ինչո՞ւ չէ, երբ մեր պետբյուջեն արդեն երկու-երկուսուկես անգամ գերազանցում էր խորհրդայինի մակարդակը: Բացի այդ, մի՞թե չէր կարելի միջոցներ կուտակած մեր մեծահարուստներին պարտադրել, իհարկե, ոչ թե դառնալու մանթաշովներ, քանի որ նրանք, թող ներեն ինձ, հոգեկերտվածքով այդպիսին չեն, այլ ժամանակավորապես հրաժարվելու էլիտար շենքեր, թանկարժեք դղյակներ կառուցելուց եւ իրենց միջոցները հատկացնելու պետությանը, ասենք, վարկավորման կամ երկուստեք ձեռնտու այլ կարգով:

Ցանկացածդ փողատերը չէր կարող չմտածել՝ արժե՞ մտնել այդպիսի գործարքի մեջ, երբ կա առավել շահավետը: Սոլիդ գումար ունես՝ մարդ դիր ցանկացածդ վայրի վրա, «տես», ում պետք է, եւ այն քոնը կլինի: Շինություն է կանգնած հավանածդ տեղը՝ կկարգադրվի քանդել, շենքերի արանք է՝ չթույլատրված շինարարության համար, կթույլատրվի: Այլ փողոցներով էլ եթե չեն երթեւեկում, Ազատամարտիկների պողոտայով հո մեր մեծամեծերը, մի տարի առաջ նաեւ մեր նախկին վարչապետը, հո երթեւեկում են: Կարո՞ղ է՝ չեն նկատում, որ եթե չկանխվի նոր շենքերով հներն իրար կապակցելու մոլուցքը, ապա շատ շուտով մենք կունենանք չինական պարիսպ հիշեցնող քարե մի ամբողջություն, որին արդեն իսկ կարելի է ականատես լինել՝ այցելելով Կ. Ալվարյանի անվան փողոցը:

Չժխտենք, վերջերս արշավ ձեռնարկվեց անօրեն շինարարության հայտնաբերման եւ վերացման նպատակով: Բայց, կարելի է ասել, մկները հայտնաբերվեցին եւ ոչ՝ փղերը: Հողին հավասարվեցին այսուայնտեղ գոյացած մինի-օբյեկտները, որոնց տերերը դրանք կառուցել էին օրվա հացի փող վաստակելու համար: Ոչ օրինավոր կերպով կառուցված միջին եւ խոշոր շենքերի կողմը նայող էլ չեղավ: Ոչ էլ երեւացին թիվ 7 դպրոցի եւ զինկոմիսարիատի շրջակայքում, ուր չկանխատեսված, լրացուցիչ շինարարության իրականացման պատճառով շենքը շենքի համար դարձել է թիկունք եւ, թե նրանց միջեւ մնացել է մի կածան, քո տնից ելնելու եւ ետ դառնալու համար, աղոթիր Աստծոն եւ գոհացիր նրանով, որ գոնե դրանով հոգացել են քո մասին: Շենքակույտեր, շենքակույտեր՝ դիտիր եւ հիացիր:

Գուցե անհրաժեշտությու՞ն էր այս ամենը, եւ չկար օրինախախտումը շրջանցելու հնարավորություն: Անհրաժեշտություն, իրոք, կար, բայց ոչ մեզ՝ «շարքայիններիս», այլ նորակառույցների տերերի համար, որ մեր օլիգարխներից մինչեւ իշխանավորներն են: Մեզ բոլորովին էլ պետք չէր, որ մեր հարյուրավոր, իսկ որոշ անձանց հաշիվներով՝ արդեն հազար թվանշանը գերազանցած մեր խանութների, սրճարանների, զվարճատների շարաններն ավելանան նորերով, քանի որ եղածն էլ քիչ չէ եւ կհերիքի ոչ թե Ստեփանակերտի հիսուն հազարանոց, այլեւ միլիոնանոց քաղաքի բնակչությանն սպասարկելու համար: Եվ ոչ էլ պետք էր, որ մեր կենտրոնական շուկայում եւ նրա շրջակայքում, ուր խեղդամահ են լինում առանց այն էլ բազում խանութների, խորովածանոցների եւ նմանատիպ օբյեկտների շնչառությունից, միայն այս տարվա անցած ամիսներին դրանց քանակն ավելանա եւս հարյուրով:

Ուր է, թե մենք մարաթոնյան եթե ոչ այսպիսի, այլ գոնե քսանապատիկ եւ ավելի դանդաղ վազք ունենայինք մեզ համար իրոք որ հույժ կարեւորություն ունեցող այնպիսի ոլորտում, ինչպիսին մեր արդյունաբերությունն է: Եթե մենք ոչ թե քարուքանդ անեինք մեր ձեռնարկությունները, այլ մտահոգվեինք դրանք գոնե կիսով չափ, մեկ երկրորդական-չորրորդականով վերագործարկելու, հնարավորն ու առաջին հայացքից անհնարին թվացողն անելու մասին, վիճակը բոլորովին այլ կլիներ: Ի դեպ, հենց այդ ճանապարհով ընթացավ եւ այժմ էլ ընթանում է ընդերքի եւ ոչ մի հարստություն չունեցող Բելոռուսը, ուր այսօր բնակչության կենսամակարդակը եթե դեռ հավասար էլ չէ արեւմտաեվրոպականին, ապա մոտ է նրան: Չկա այսօր մեզ համար ավելի կարեւոր գործ, քան մեր արդյունաբերության փլուզումի պատճառով մեր հազարավոր հայրենակիցներին արտադրական բարիքների ոչ թե վաճառքի, այլ ստեղծման ոլորտում աշխատանքով ապահովելը: Միայն ու միայն այս դեպքում արցախցին չի թողնի հայրենի օջախը, դրսի մեր հայրենակիցն էլ, չի բացառված, ետ կգա Արցախ եւ, թող չլինի անհավատալի, ունենալով հավատ վաղվա օրվա նկատմամբ, մեր երիտասարդներն էլ ընտանիք կկազմեն, կունենան երեխաներ:  Սա չէ՞ երեք հարյուր բնակիչ ունենալու մեր երազանքին հասնելու ճանապարհը: Կարծում եմ, սա է:

Ահա այն ամենը, որ ես նկատել եմ ոչ մասնագետի աչքով: Կարելի է չկասկածել, որ բացթողումներն ու չարաշահումներն անհամեմատ շատ են, քան արձանագրվել են այս հրապարակման մեջ: Ուստի նպատակահարմար է, ավելին՝ օրվա պահանջ է դարձել ստեղծելու անկողմնակալ մասնագետներից կազմված իրավասու մի հանձնաժողով՝ քաղաքաշինության բնագավառում մեր կատարածին ճիշտ գնահատական տալու, բոլոր խախտումներն ու չարաշահումները, ճարտարապետական թերացումները (որ առանձին թեմայի նյութ է) ի հայտ բերելու, երկրի ղեկավարությանը ներկայացնելու առաջարկները, մեր մայրաքաղաքի եւ մյուս բնակավայրերի կառուցապատումը օրինավոր հունով առաջ տանելու համար:

Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ

——————————————————————————————

Մամուլ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 

Սեպտեմբերի կեսերին Հայաստանի Գրողների ստեղծագործական տանը (Ծաղկաձոր)   անցկացվեց համահայկական լրատվամիջոցների ղեկավարների հերթական համաժողովը: «Աշխարհի հետ՝ մեր ինքնությամբ» նշանաբանով կազմակերպված համաժողովը ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի բացման խոսքից հետո Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի ողջույնի ուղերձը եւ օրհնությունը փոխանցեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, մշակույթի նախարարինը՝ նախարարության գրահրատարակչության վարչության պետ, գրող Էդվարդ Միլիտոնյանը, իսկ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի ողջույնն ու զեկույցը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Արտակ Զաքարյանը: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ նրա նախագահ Արա Աբրահամյանի անունից ելույթ ունեցավ կոնգրեսի նախագահի տեղակալ Արամ Սարգսյանը:

Համաժողովին մասնակցեցին ՀՀ, ԼՂՀ, Ռուսաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի, Հունաստանի, Վրաստանի, Աջարիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հայկական առաջատար թերթերի ներկայացուցիչներ: Արցախից մասնակցում էին «Ապառաժ» թերթի ներկայացուցիչներ Հասմիկ Շինդյանն ու Անի Ազատյանը և «Դեմո» հանրային թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:

Համաժողովը շնորհավորեց «Ասպարեզ» (ԱՄՆ), «Ժամանակ» (Սթամբուլ) թերթերի 100-ամյակները, նաեւ «Նաիրի» (Կալինինգրադ) թերթի 5-ամյակը:

Համաժողովում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ դասախոս Գրիգոր Գույումջյանը, «Ոսկե գրիչ» մրցույթի դափնեկիր Գրիգոր Ջանիկյանը, «Բագին» ամսագրի խմբագրապետ Հակոբ Պալյանը (Բեյրութ), «Ազատ ձայն» թերթի խմբագիր Երան Գույումճյանը (Կիպրոս), «Սարդարապատ» թերթի խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը (Բուենոս Այրես), «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Դեմո» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, պատմաբան-հրապարակախոս Գեւորգ Յազըճյանը, Թեհրանի «Ալիք» թերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Սթամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը և այլք, հնչեցին բազմաթիվ ելույթներ:

Ելույթների ու զեկույցների խնդրո առարկան հայկական տեղեկատվական դաշտի տարբեր հատվածների հիմնախնդիրներն ու հեռանկարներն էին, ինչպես նաև համահայկական տեղեկատվական ցանցի, համահայկական լրատվամիջոցների ստեղծման, հայերենի անաղարտության պահպանման և այլ հարցեր:

Թեև համաժողովն անցկացվում էր կառավարության հովանավորությամբ, այնուամենայնիվ, ցավով պիտի արձանագրել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ներկայությամբ չպատվեցին միջոցառումը, ինչը անդրադարձավ նաև հայաստանյան պատասխանատու լրատվամիջոցների վարքագծի վրա: Դրանք, և առաջին հերթին՝ Հ1-ը, պարզապես արհամարհեցին համաժողովը: Իսկ ահա շահեկանորեն տարբերվում էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պահվածքը: Այս հեռուստաընկերությունը ոչ միայն ըստ ամենայնի լուսաբանեց համաժողովը, այլև նրա տնօրեն Դավիթ Հակոբյանը վարեց համաժողովի նիստերից մեկը:

Բարձրաստիճան պաշտոնյաները չներկայացան Ծաղկաձոր, բայց հանդիպումներ, այնուամենայնիվ, կայացան Երևանում: Խմբագիրներին նախ ընդունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ապա` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Համաժողովում ընդգծվեց այն միտքը, որ նման միջոցառումները պիտի շարունակական բնույթ կրեն: Ասենք, սա նմանատիպ թվով չորրորդ համաժողովն էր, սակայն առկա փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ կարևորը ոչ թե պարբերականությունն է, այլ նպատակամիտվածությունը, մասնակիցների հստակեցումն այն առումով, որ համաժողովներն ի վերջո նպաստեն իրական գործին ու առաջընթացին:

Սեփ. լրատվություն

«Աշխարհի հետ՝ մեր ինքնությամբ» համահայկական լրատվամիջոցների ղեկավարների IV համաժողովի ԲԱՆԱՁԵՎ 

«Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում, «Աշխարհի հետ՝ մեր ինքնությամբ» կարգախոսով Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների IV համաժողովը, 2008 թվականի սեպտեմբերի 17-22-ը իր լիագումար նիստերի ընթացքում քննարկելով հայ ազգային մամուլի հիմնարար խնդիրները աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների համատեքստում, առաջնային է համարում Հայոց պետականության հետագա ամրապնդման եւ զարգացման համար համահայկական ազգային գաղափարախոսության պարզաբանումն ու քարոզումը, երրորդ հազարամյակում հայ ազգային քաղաքակրթության ձեւի, աշխարհում նրա տեղի ու դերի նշանակության կարեւորումը:

Ժամանակակից համաշխարհայնացման անկանխատեսելի ու փոքր ազգերի համար վտանգավոր կտրուկ շրջադարձերի հորձանուտում, մեր ազգային ինքնության դրսեւորումը եւ ազգային արժեքները համաշխարհային նոր որակների վերածելու համար հայապահպանման գերխնդիրը Հայ աշխարհի, հայ ազգի, հայոց պետականության մերօրյա մարտահրավերն է եւ գոյության երաշխիքը:

Հայալեզու եւ օտարալեզու հայ մամուլը իր ամենօրյա գործունեության կարեւորագույն խնդիրն է համարում 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնը որպես համաշխարհային քաղաքակրթության նորագույն պատմության համամարդկային մեծագույն աղետի՝ որպես Ցեղասպանության ճանաչման, հայ ժողովրդի պահանջատիրության արդարացիության հիմնավոր մեկնաբանման համար միջազգային հասարակական կարծիքի ձեւավորումը ողջ աշխարհում:

Աշխարհասփյուռ հայ մամուլը դեռեւս լուրջ անելիքներ ունի Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման, միջազգային իրավական նորմերի հիման վրա Արցախի ժողովրդի արդարացի ինքնորոշման իրավունքի պատմական հիմնավորման ու պարզաբանման ուղղությամբ:

Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների IV համաժողովը փաստում է, որ աշխարհի հայ մամուլը բազմադարյա իր փորձով ու հեղինակությամբ հսկայական ներուժ եւ լավագույն ավանդույթներ ունի ազգային կրթական, մշակութային, համայնքային, նոր սերնդի դաստիարակության համահայկական բազում խնդիրների լուծման գործընթացների կազմակերպման խրախուսման եւ աջակցության ուղղությամբ:

Հայալեզու մամուլի ներկայացուցիչները գիտակցում են մայրենի լեզվի անաղարտության, ազգային մշակույթի, ժողովրդական ավանդույթների պահպանման, հայ ժողովրդի պատմական անցյալի, նրա հետ կապված վիճահարույց հարցերի անաչառ մեկնաբանման գործում մամուլի տեղի եւ դերի ողջ պատասխանատվությունը:

Համաժողովը նշում է, որ ազգային բոլոր հիմնահարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ հայ մամուլի կենսագործունեության համար անչափ կարեւոր է միասնական հայկական տեղեկատվական դաշտի, համահայկական տպագիր եւ էլեկտրոնային պարբերականի, համահայկական մամուլի էլեկտրոնային շտեմարանի, տեղեկատվական հայալեզու տեխնոլոգիաների ստեղծումը, երիտասարդ կադրերի պատրաստումը, թափանցիկ լրատվության, բազմակարծության եւ հանդուրժողականության, պետական, քաղաքական եւ հասարակական կառուցողական վերաբերմունքի ապահովումը համայն հայության Հայրենիքում՝ Հայաստանում:

Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովը քաջալերված է եւ ողջունում է Սփյուռքի հարցերով նախարարության ստեղծման հարցում Հայաստանի Հանրապետության նախագահի պետական, քաղաքական եւ ազգային դիրքորոշումն ու վճռականությունը:

Հայ մամուլի ղեկավարները լի են վճռականությամբ՝ Համաժողովը շարունակական գործընթացի վերածելու եւ լիագումար նիստերում արծարծված բոլոր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ստեղծված հանձնաժողովի ուժերով գործնական քայլեր ձեռնարկելու համար:

Ավարտելով իր աշխատանքները Հայոց պետականության 17-րդ տարելիցի նախօրեին, Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովը իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը, հայ աշխարհի պետական, քաղաքական եւ հասարակական բոլոր կառույցներին ու կազմակերպություններին եւ կոչ անում համախմբվելու մեր` դարերով փափագած ու անչափ թանկ գնով ձեռք բերված պետականության շուրջ, գիտակցելով ազգային ինքնահաստատման ճանապարհին մեր ինքնությամբ աշխարհի հետ մեր քաղաքակիրթ երկխոսության ու համաքայլ երթի լիարժեք իրավունքը:

Երեւան
22 սեպտեմբերի, 2008թ.

——————————————————————————————

Մշակույթ

ՆԱ ՆԿԱՐՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ… ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆԻ

Օրերս Ստեփանակերտի երիտասարդության պալատում բացվեց Ղարաբաղում ճանաչված, 37 տարվա մանկավարժական  աշխատանքի փորձ ունեցող ուսուցչուհի Ելենա ԲԱԲԱՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվել են ուսուցչուհու թվով 28 գործեր, որոնք նվիրված են Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Ելենա Բաբայանը խոստովանել է, որ «գիտակցաբար» սկսել է նկարել պատերազմի ժամանակ:

«Երբ առաջին ռումբի ձայնը լսեցի, չոքեցի եւ սկսեցի աղոթել Աստծուն՝ լինելով մոլի աթեիստ: Այդ օրվանից մինչ այսօր ես նկարում եմ: Երբեք չեմ պլանավորում, թե ինչ է լինելու կտավի վրա, ձեռքս ինքն իրեն նկարում է»:

«Իմ նկարներում հիմնականում ծառեր են՝ տերեւներով կամ առանց տերեւ, ջրեր, որոնք մաքրության խորհրդանիշ են եւ եկեղեցիներ, որոնք կամ թաքնված են ստվերում, կամ՝ պայծառ լույսի տակ: Հա, մեկ-մեկ էլ ինձ կարելի է տեսնել մի անկյունում: Բայց դրա համար շատ սուր աչք է պետք»:

«Ունեմ ընդամենը մեկ նկար, որում կարելի է տեսնել կարմիր գույնը: Դա էլ արել եմ թոռնուհուս խնդրանքով: Երբեք չեմ օգտագործում կարմիր գույնը: Եթե հատուկ պլանավորեի, թե ինչ եմ նկարում, միգուցե օգտագործեի»:

«Նկարներիս միջոցով ցանկանում եմ մարդկանց ասել, թե ինչքան հիասքանչ է աշխարհը: Ուզում եմ, որ բոլորը հավատան: Կարեւոր չէ ինչին կամ ում, բայց անպայման հավատան»:

«Ամեն առավոտ ժամը 6-ին զարթնում եմ եւ աղոթում»:

«Մեջս ցավ կա` մեծ ցավ: Նկարներիս մեջ էլ կա ցավ, բայց այն գեղեցիկ է»:

«Պատերազմի թեժ օրերին էր: Մի օր ես պատահաբար լսեցի, թե ինչպես մի կին չոքեչոք խնդրում էր Աստծուն՝ «Գոնե վաղը անձրեւ գա, ձյուն գա, բայց ռումբ չլինի,  որ հնարավոր լինի միակ տղայիս հողին հանձնենք»: Այդ օրը ես երբեք չեմ մոռանա: Այդ պահին, առանց մտածելու, վերցրել եմ վրձինս ու սկսել նկարել: Որտեղի՞ց ինձ այդքան ուժ…»:

«Պատերազմի ժամանակ պատերազմի մեջ էի՝ սպասողական վիճակում…»:

«Սպասում» կոչվող նկարս նկարել եմ 27 օր… Եվ, վերջապես,  27-րդ օրը որդիս պատերազմից տուն վերադարձավ»:

«Առաջին սեր» նկա՞րը: Մի նայեք, որ ես 79-ամյա սպիտակած մազերով տատիկ եմ, որն ունի սպիտակած մազերով աշակերտներ եւ թոռնիկներ: Իմ սրտում դեռ պահպանվում են առաջին սիրո հիշողությունները»:

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ 

Սարյանի ողջ ստեղծագործությունը  պայծառ օրինակն է այն բանի, որ նկարիչը ոչ արձանագրիչ է, ոչ ինչ-որ սարքին կամ անսարք  մեխանիզմի սեփականություն:

 Հենրիկ ԻԳԻԹՅԱՆ

Հենրիկ Իգիթյանի այս իմաստուն խոսքերը կարելի է վերագրել նաեւ մեր հայրենակից, գեղանկարիչ Աշոտ  Առաքելյանին: Պատմաբան-նկարիչը ծնվել է պատմական Ննգի գյուղում, պատմաբանի ընտանիքում:

Ննգին գեղեցիկ գյուղ է, մանկության երազի նման գեղեցիկ: Գյուղում երախտավորներ շատ են եղել, եւ գյուղացիները նրանց մեծարել, գնահատել են պարզ, համեստ մի բառով. մեր Լյուդվիկը, մեր Բոգդանը, մեր Փառանձեմը, մեր Մովսեսը, մեր Աշոտը:

Աշոտ Առաքելյանը բնության, հողի ծնունդ է, իր ժողովրդի մասնիկը, որի հետ կիսում է նրա ցավն ու ուրախությունը: Մանուկ հասակից նա սկսել է նկարել, ավելի շատ սիրում էր ծաղիկներ նկարել: Այժմ, երբ բոլորել է 60 տարին, դեռ շարունակում է ծաղիկներ նկարել: Պատահական չէ, որ դարձավ հայտնի գեղանկարիչ, ծաղկանկարիչ: Նա Հայաստանի եւ Արցախի նկարիչների միության անդամ է:

Իմ հարցին, թե ինչու է ծաղկանկարիչ դարձել, պատասխանեց.

– Ծաղիկները միշտ ուղեկցում են մեզ, պարգեւելով երջանկություն եւ մարմնավորելով սեր ու ուշադրություն: Մարդիկ հաճախ դիմում են  նրանց  քնքուշ վստահությանը եւ ռոմանտիկ լեզվին, որպեսզի առանց բառերի խոսեն թանկ բաների մասին:

Այո, ծաղիկներն ամեն ինչ կարող են պատմել մարդու մասին: Մենք կարող ենք սիրել մի ծաղիկ, բայց տանել չկարողանալ մեկ ուրիշը: Եվ դա գույնից, հոտից ու ծաղկի ձեւից   կախված չէ: Դա կախված է այն բանից, թե որ ծաղիկն է մեզ ավելի հոգեհարազատ, եւ հենց մեր սիրած ծաղիկն էլ խոսում է մեր իսկ բնավորության մասին:

Ծաղիկների լեզվի մասին խոսվել է 18-րդ դարի սկզբին: Շվեդիայի թագավոր Կարլ 2-ը, լինելով Պարսկաստանում եւ ծանոթանալով այդտեղի ծաղիկներին, Եվրոպա է բերում մի նոր լեզու՝ «Ծաղիկների լեզուն»: Ծաղիկների լեզվի բառարանը տարածվեց 18-րդ դարում: Այդ ժամանակ արդեն պատմում էին շուշանի ու յասամանի գաղտնիքների մասին, մինչդեռ մինչ այդ նրանք օգտագործում էին միայն ծաղկեփնջեր կազմելիս: Ցավոք, ծաղիկների լեզուն, որով նախկինում բացատրվում էին սիրահարները, այժմ գրեթե մոռացվել է:

Աշոտ Առաքելյանը ներքուստ հակված է դեպի գեղեցիկը, դեպի արվեստը: Բնության կերպարը, ծաղիկների քնքշությունը գտնելու համար ամենից շատ կիրառում է գեղանկարչական միջոցներ: Նկարները մեղմ են, չունեն հակադրություններ եւ ամփոփված են մեկ ընդհանուր գույնի հարակից նրբերանգներով եւ թափանցիկ են:

Բնությունը դեռ նոր է թեւակոխել աշուն և, կարծես թե, մարդիկ մոռացել են գարնանային ու ամառային ծաղիկների բուրմունքն ու կախարդանքը: Բայց այցելեք ծաղկանկարների ցուցահանդես, և դուք նորից կըմբոշխնեք դրանց բույրը և այնտեղից դուրս կգաք քնքուշ, բարի եւ հոգով հարուստ:

Կենսագրություն կա, որ բառերով չի պատմվի: Վաստակաշատ կյանք. այդպիսին է Աշոտ Առաքելյանի կենսագրության բնորոշումը: Նա ամեն  տարի իր նոր գործերով ներկայանում է արվեստասեր ղարաբաղցու դատին: Ցուցահանդեսներում ամեն անգամ ներկայանում էր ղարաբաղյան  ծաղկատեսակներով, իսկ այս անգամ ընդլայնել է շրջանակները, ցուցադրելով 60 նկար: Քանզի լրացել է մեր արվեստագետի 60-ամյակը: Դիտելով ցուցահանդեսը, զգում ես, որ ծաղիկները ղարաբաղյան չեն, եվրոպական են: Դրանով նկարիչը ցանկանում է ցույց տալ եվրոպական երկրների ծաղկատեսակները: Նա հասցրել է կարճ ժամանակում ուսումնասիրել իր երկրորդ հայրենիքի` Չեխիայի շռայլ ծաղիկները: Նրա յուրաքանչյուր նոր ստեղծագործություն չի կրկնում նախորդներին, այլ մի նորովի հայացք է, նոր մոտեցում բնության այն հատվածներին, որ դեռ ոչ ոք այդկերպ չի տեսել:

Աշոտ Առաքելյանի հայրենասիրությունը բխում է նրա բնատուր տաղանդից, նկարչական օժտվածությունից: Ամեն տարի հաճախում է մայր Հայաստան, չմոռանալով հայրենի Ննգի գյուղը, որ նորից ու նորից վերապրի իր մանկությունը: Գալիս է, որ ապրի իր հայրենիքի, հայրենակցի ուրախությամբ ու հաջողությամբ: Գալիս է, որ ինչ-որ չափով օգնած լինի գյուղին: Գալիս է, որ արցախյան պատերազմում զոհված ննգեցի ազատամարտիկների հիշատակին իր միջոցներով հուշարձան կանգնեցնի, գալիս է, որ թարմ նկարներ նվիրի հայրենի գյուղին, իր հայրենակիցներին:

Սիրելի Աշոտ, շնորհավորում եմ քո ծննդյան 60-ամյակը, ցանկանում եմ առողջություն, ղարաբաղյան երկարակեցություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Ռոբերտ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s