№ 18 / 31 հոկտեմբեր

ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՆ ԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է

Վերնագրի չարենցյան բնօրինակը, գիտեք, իրականում այլ կերպ է հնչում՝ ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: Իրականում, սակայն, այդ հավաքական ուժին չի հաջողվել ու չի հաջողվում ականատես լինել հայկական որևիցե սերնդի, ուստի ստիպված ենք լինում թե-ական խոսել հավանական ուժի մասին՝ թե ինչ կլիներ, եթե…

 

Հույսդ դիր միայն քեզ վրա՝ խորհուրդ էին տալիս մեր մտավորականներից ոմանք, հերթական անգամ հիասթափվելով միջազգային հանրության, լուսավորյալ Եվրոպայի և այլոց անհոգի վերաբերմունքից: Ոմանք էլ շարունակում են քամահրանքով վերաբերվել մեր սեփական ներուժին և պնդում աշխարհի այս կամ այն ուժեղի թևի տակ մտնելու պատմական անհրաժեշտությունը:

Սեփական ներուժի վրա ոչ թե պարզապես հույս դնելը, այլ այն մշտապես առավելագույնս «մոբիլիզացված» պահելը միշտ էլ օդի պես անհրաժեշտ է եղել և այսօր էլ անհրաժեշտ է: Եւ այս հենքի վրա կարելի է կառուցել հարաբերությունները արտաքին աշխարհի հետ ու հաջողության հասնել: Բայց կառուցել, անպայման կառուցել նման հարաբերություններ, այլ ոչ թե հույսդ դնել միայն քեզ վրա կամ էլ վարակվել թերարժեքության բարդույթով: Աշխարհը մեր թշնամին չէ բնավ, ոչ էլ ամենևին մեր բարեկամը: Մեր շահերը պարզապես պիտի կարողանանք ընկալելի դարձնել աշխարհի համար և ի ցույց դնել մեր պատրաստակամությունն ու ունակությունը՝ դրանք ըստ ամենայնի պաշտպանելու:

Բայց բոլոր դեպքերում էլ հավաքական ուժն անհրաժեշտ պայման է՝ դեպքերի զարգացման ինչպես ցանկալի, այնպես էլ ոչ ցանկալի տարբերակների դեպքում: Առավելագույնը կորզելու կամ նվազագույնը կորցնելու համար: Մեր իսկ պատմությունն է քանիցս վկայել, որ մեր ներքին ռեսուրսների մոբիլիզացման նույնիսկ անհաջող փորձերն էին որոշակի հաջողություն ապահովում:

Ընդհանրապես, շատ դժվար է միջազգային քաղաքական կյանքի, աշխարհաքաղաքական զարգացումների վայրիվերումներում հստակ կողմնորոշվելը: Դրա համար մեծ հեռատեսություն է պետք, դրա համար պիտի տիրապետել մեծ ինֆորմացիայի, դրա համար, վերջապես, մեծ խելք է պետք: Ցավալի է, բայց դրանցից և ոչ մեկը ներկա պահի դրությամբ մենք չունենք: Եւ, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս չենք էլ ունենալու, քանի որ դրանք երկնային մանանայի պես չեն թափվում, մանավանդ, որ ունենալու առանձնապես մեծ ցանկություն էլ չունենք:

Ուրեմն ի՞նչ անել: Նման իրավիճակներում, երբ շատ բան չես հասկանում ու չգիտես ինչ անել, միակ խելամիտը ներքին ռեսուրսների արդար ժողովումն ու ամրապնդումն է, ներքին առողջությունն ու ամրությունը: Այստեղ հասկանալու մեծ բան չկա, այստեղ, մեծ հաշվով, խանգարող էլ չկա: Այստեղ ոչ մեծ հեռատեսություն է պետք, ոչ ինֆորմացիա և, շատ կներեք, ոչ էլ մեծ խելք: Այստեղ արդեն պետք են ազնվություն ու հայրենասիրություն:

Մեր բոլոր դժբախտությունների հիմնական պատճառն այն է եղել, որ ի վիճակի չենք եղել ժողովելու մեր ամբողջ ներուժը: Ավելին՝ ամենաքիչը մենք ենք հավատացել այդ ներուժին: Ամենաշատ չհավատացողներն էլ մեր իսկ իշխանություններն են եղել: Իսկ այդպես է եղել, որովհետև իշխանությունն ու ժողովուրդը տարանջատված են եղել, ունեցել են միանգամայն տարբեր շահեր ու նպատակներ: Բայց անգամ այս պարագայում՝ անգամ ջլատված ուժերի մի մասի ժողովումը թույլ է տվել գոնե հիմնովին չոչնչանալ: Իսկ ամբողջի ժողովու՞մն ինչ կաներ…

«Դեմո»-ի այս համարում ներկայացնում ենք  Սարդարապատի հերոսամարտի նորովի ընկալում: Այն ցավալի, շատ ցավալի է լինելու, բայց գոնե մի անգամ մենք պիտի սերտենք մեր պատմությունը ու ցավի պես դառը դասեր քաղենք: Որպեսզի մեր հավանական ուժը գոնե մեկ անգամ մինչև վերջ հավաքական դառնա:

Որովհետև զուգահեռներն ուղղակի ահասարսուռ են: Այն ժամանակ ևս մեր բանակն ամենամարտունակն էր, այն ժամանակ ևս մեծ տարածքներ ունեինք, այն ժամանակ ևս մեր դիվանագիտությունը, մեղմ ասած, չէր համապատասխանում առաջին երկու նախադրյալներին…

Մի խոսքով, դատեք ինքներդ:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Կարգավորում

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ  ԵՆԹԱԿԱ  ՉԵՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ»

“Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ եւ քննարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ կապված ցանկացած հարց, սակայն ոչ մեր անկախության եւ անվտանգության հաշվին”,- այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ղարաբաղում անցկացված զինավարժություններից հետո լրագրողներին հետ ճեպազրույցի ժամանակ:

“Ղարաբաղի անկախությունը եւ անվտանգությունը ենթակա չեն որեւէ սակարկության եւ շահարկումների”,- նշել է Բակո Սահակյանը, միաժամանակ ընդգծելով, որ 1990-ականների սկզբներին ազատագրված տարածքները ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությունում եւ որակված որպես անվտանգության գոտի:

25 հոկտեմբերի

 

ՍԱՐԳՍՅԱՆ-ՄԵԴՎԵԴԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

“Ես հասկանում եմ, որ խնդիրը կա, եւ մենք պետք է այդ խնդիրը լուծենք: Այսօր, մեր բանակցության ընթացքում բնականաբար մենք խոսել ենք նաեւ Ղարաբաղի մասին: Ուզում եմ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է, պատրաստ է շարունակել բանակցությունը մադրիդյան սկզբունքի հիման վրա: Ինչ է նշանակում մադրիդյան սկզբունքը, ես կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է Ինտերնետում կարդալ այդ փաստաթուղթը, քանի որ այդ փաստաթուղթը համանախագահները գրանցել են, իմ կարծիքով, կոնկրետ կազմակերպության դեպոզիտարիայում: Այնտեղ ոչ մի գաղտնի բան չկա: Դա հիմք է, որը հնարավորություն է տալիս ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ մի քանի այլ, մեզ համար սկզբունքային պահեր: Ամենից կարեւորը, որ մենք իսկապես վստահ ենք, որ հարցը իրապես կարող է լուծվել փոխզիջման հիմքով եւ բանակցության ճանապարհով”,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

“Քննարկեցինք շատ կարեւոր հարցեր: Ռուսաստանը այսուհետ էլ պետք է աջակցի այդ ոչ հեշտ խնդրի փոխադարձ ընդունելի լուծման տարբերակի որոնմանը”,- հայտարարել է Մեդվեդեւը: “Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացի աստիճանին: Այսօրվա դրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մակարդակը որոշելը բարդ է, ես հուսով եմ, որ մենք գտնվում ենք առաջընթացի փուլում: Համենայն դեպս, երկու կողմերը պատրաստ են փնտրել լուծում: Մենք Սերժ Ազատիչի հետ իսկապես շատ մանրամասն խոսել ենք այդ մասին, ես չեմ մեկնաբանի նրբերանգները, քանի որ դրանք բանակցային նրբերանգներ են, դա է նրանց արժեքը: Բայց հուսով եմ, որ շատ մոտ ժամանակներս տեղի կունենա երեք նախագահների հանդիպում՝ այդ թեմայի քննարկումը շարունակելու համար: Հուսով եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում: Դա առայժմ ամենն է, ինչ ես կարող եմ ասել”,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:

«Լրագիր»

 

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է

«Այսպիսով, մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները: Մենք ուշի-ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու ենք կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները: Նույն սրտացավությունը մենք ակնկալում ենք ազգի եւ պետության բախտով մտահոգված բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերից»,- երեկ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ Համազգային շարժումն առժամանակ դադարեցնում է երթերի ու հանրահավաքների անցկացումը, եւ իր այս որոշման առիթով կանխագուշակում է իշխանական ճամբարի չարախնդությունը:

«Առավոտ»

 

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է

Հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներն անհասկանալի են համարում ԼՂ իշխանությունների եւ քաղաքական էլիտայի քար լռությունը՝ ԼՂ շուրջ ծավալվող իրադարձությունների, «մադրիդյան» կոչվող սկզբունքների շուրջ հնչող տեսակետների վերաբերյալ: Նրանք պահանջում են ԼՂ պատկան մարմիններից՝ արձագանքել ՀՀ-ում առկա մտավախություններին եւ քաղաքական գնահատականներ տալ այդ սկզբունքներին, մանավանդ, որ դրանց առնչությամբ ոչ պաշտոնական աղբյուրներից մտահոգիչ տեղեկություններ են ստացվում: Օրինակ, ասվում է, թե այն տարածքներում, որոնցից առաջարկվում է դուրս բերել հայկական զինուժը, կարող են տեղակայվել ռուսական 58-րդ բանակային ուժերը:

«Առավոտ»

 

ԱՍԵԼ ԵՆ` ԿՕԳՏՎԵՆ 

Ուրբաթ օրը երկու տարով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրված Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե առաջիկա երկու տարում ինչ առաջնային հարցեր են փորձելու լուծել` օգտվելով իրենց նոր կարգավիճակից:

Մասնավորապես, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջը երեկ Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, ջանք չի խնայելու` ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար: «Թուրքիան ամեն հնարավոր բան կանի` ՄԱԿ-ում Ադրբեջանին վերաբերող ընդունված բոլոր 4 բանաձեւերը կյանքի կոչելու համար, որոնցով Հայաստանից պահանջվում է ազատել ադրբեջանական գրավյալ տարածքները»,- ասել է դեսպանը: Հիշեցնենք, որ Թուրքիան որոշակի հավակնություններ ունի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու առումով: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ կազմում այս երկրի ընդգրկումը մեծ ոգեւորություն է առաջացրել Ադրբեջանում:

«Հայկական ժամանակ»

 

ՀՀ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հոկտեմբերի 22-ին Թեհրանի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մեզ համար ընդունելի չէ, որ Հայաստանը սահմանը բացելու համար տեղի տա որեւէ նախապայմանի դիմաց: Մեզ համար ընդունելի չէ որեւէ զիջում՝ սերունդների իրավունքների առումով: Մեզ համար անընդունելի է, որ Թուրքիան միջնորդի կամ որեւէ դերակատարություն ստանձնի հայ-ադրբեջանական հարաբերությունների կամ էլ Ղարաբաղի հարցով: Մեզ համար անընդունելի է ամեն գնով մաս կազմել Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան նախագծին՝ առանց Իրանի»: Մինչդեռ ԱՊԱ գործակալությունը հաղորդել է, որ ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե իր երեւանյան այցելության ժամանակ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդական առաքելության վերաբերյալ հարցը բարձրացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. «Թուրքիայի միջնորդության մասին հարցը իմ կողմից չի առաջադրվել: Այդ հարցը Երեւանում մեր զրույցի ժամանակ բարձրացրել է Սերժ Սարգսյանը»:

«Առավոտ»

 

ԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՉ ՄԵԿԸ ՉՈՒՆԻ 

«Ստեղծված իրավիճակն այնքանով է խնդրահարույց, որքանով այսօրվա դրությամբ մոտալուտ է թվում գոնե մադրիդյան սկզբունքների իրականացման գործընթացը: Եվ այս իրավիճակի ստեղծման հիմնական պատասխանատուն իհարկե մեր ժողովուրդն է՝ ի դեմս քաղաքական միավորումների, հասարակական կազմակերպությունների եւ այլն: Այսօր ունենք պետական քաղաքականություն, որը բացառապես չի արտացոլում հայ ժողովրդի իրական շահը, ունենք հայ ժողովուրդ, որը չի խորհում այն մասին, թե ինչպես այդ քաղաքականությունը տանի դեպի նորմալ հուն: Ստեղծվել է մի վիճակ, երբ մեր ժողովրդի բարոյական հիմքերը քարկոծվել են, ժողովուրդը որպես ազգ կազմալուծվում է: Դա է պատճառը, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը կարողացավ հասնել այն վիճակին, որը կա: Դա է պատճառը, որ մեզ «հաջողվեց» ամենաանցանկալի իրավիճակում հայտնվել»,- այս կարծիքն է նորերս Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից անցկացված քննարկումների ժամանակ արտահայտել ՀՅԴ անդամ Սերգեյ Շահվերդյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին հայտարարություններին ու ստեղծված իրավիճակին:

Շարունակելով միտքը՝ նա ընդգծել է. «Այդուհանդերձ, վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ իրավիճակը փակուղային է իր համար, եւ ժողովուրդը չի կարող թույլ տալ բանակցությունների այս տեսակ ավարտ: Նաեւ վստահ եմ, որ Հայաստանի նախագահը հարկ եղած դեպքում հրաժարական կտա եւ այս տեսակ իրավիճակի չի մատնի ժողովրդին»:

Այս պայմաններում, ըստ Ս. Շահվերդյանի, ամենակարեւորը մարդկային գործոնի դերի բարձրացումն է: Հասարակությունը լուռ է, լուռ են նաեւ պետական պաշտոնյաները: Իսկ այդ վիճակը պետք է փոխել, ինչը, նրա կարծիքով, հնարավոր է միայն հասարակական բողոք բարձրացնելով. այն մարդիկ, ովքեր մտահոգ են իրենց երկրի ճակատագրով, պետք է կարողանան հասարակությանը համախմբել: Ամենակարեւոր գործոններից մեկն էլ, անշուշտ, ԼՂՀ ղեկավարության կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ միանշանակ եւ հստակ դիրքորոշման հրապարակային արտահայտումն է: «Մարդիկ պետք է իմանան, թե ինչ դիրքորոշում ունի մեր երկրի ղեկավարությունը՝ անկախ նրանից, թե որքանով դա դուր կգա կամ դուր չի գա Հայաստանի այսօրվա իշխանությանը»,- եզրահանգել է ՀՅԴ անդամը:

Նա նաև ընդգծել է, որ «կան սահմաններ, որոնք անցնելու իրավունք ոչ մեկը չունի, եւ ԼՂՀ-ն այսօր այդ սահմաններում է»: Ուստի, ըստ Շահվերդյանի, պետք է չլռել ու ցանկացած ամբիոն օգտագործել դիրքորոշումը արտահայտելու համար:

ՀՅԴ մեկ այլ անդամ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանի կարծիքով էլ՝ մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ «կարծես թե պարտված երկիր ենք եւ որոնում ենք պարտությունից դուրս գալու ուղիներ»: «Հաղթանակից հետո կարծես ապացուցում ենք, որ չենք կարող այդ հաղթանակը պահել»,- շարունակել է նա, նկատելով, որ «Ղարաբաղի հարցում Ադրբեջանին փաստի առաջ կանգնեցնելու փոխարեն՝ նրա ոտքերն ենք ընկնում ու փոխզիջում խնդրում»: Ա.Սարգսյանը կարևորել է արտաքին քաղաքականության հայեցակարգի մշակման եւ Ղարաբաղի ճանաչմանն ուղղված գործընթացները:

Իսկ լրագրող Նարինե Աղաբալյանի կարծիքով, ղարաբաղյան կարգավորման շուրջ լռությունը եւ սպասողական վիճակը հենց գալիս են Ղարաբաղի քաղաքական ուժերի պասիվությունից ու քաղաքական դաշտի չկայացվածությունից: Ըստ նրա, քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն աշխատում հասարակության հետ եւ, կարծես թե, կտրվել են ժողովրդից:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————

Կարգավորում

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին կայացած հանրահավաքում Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը մոտենում է իր հանգուցալուծմանը, ավելի ստույգ՝ 2-3 ամիս անց հարցը լուծված կլինի: Նա մեղադրել է իշխանություններին բանակցություններում թույլ տված սխալների համար, ընդսմին հայտարարելով, որ ընդդիմությունը դադարեցնում է իր ակտիվությունը, որպեսզի թույլ տա Սերժ Սարգսյանին բևեռացնել իր ուշադրությունը  արտաքին քաղաքականության վրա:

Թե ինչով է առաջնորդվել Տեր-Պետրոսյանը, կատարելով այս քայլը, պարզ չէ. կամ, իրոք, իրադրությունն այնքան լուրջ է, որ նա պայմանավորվել է իշխանությունների հետ թայմ-աուտ վերցնել, կամ նա պարզապես չի ուզում կապված լինի ընդունվելիք որոշումների պատասխանատվության հետ: Իսկ միգուցե այդ քայլը պայմանավորված է նաև նրանով, որ ընդդիմությունը համաձայնությո՞ւն է տվել մասնակցել նախագահի հրամանագրով ստեղծված փաստահավաք խմբի աշխատանքներին:

Այսպես թե այնպես, առաջին նախագահի հայտարարությունը բավականին փոխեց քաղաքական իրավիճակը Հայաստանում: Եւ, ինչպես ցանկացած փոփոխություն, այն ենթադրում է վերադասավորումների մի ամբողջ շղթա:

Նախ՝ մի փոքր «թոթափվեց» կոալիցիան. Դաշնակցությունը, որը կոալիցիայի անդամ է, հայտարարել է, որ համաձայն չէ հայ-թուրքական հարաբերություններում եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում իշխանությունների վարած քաղաքականությանը: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարել է, որ կոալիցիայում իրենց պահում է միայն իշխանության վրա ազդելու հնարավորությունը: «Բարգավաճ Հայաստան»-ի խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ քննադատել է կառավարության տնտեսական քաղաքականությունը: Դա, իհարկե, չքանդեց կոալիցիան, սակայն ազդանշան էր, որ ամեն ինչ փայլուն չէ:

Երկրորդ ուղղությունը Ռոբերտ Քոչարյանն է: Հոկտեմբերի կեսերին մի խումբ լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտնեց, որ նոյեմբերին կվերադառնա ակտիվ քաղաքականություն: Դրան հետեւեց նախկին նախագահի մասնակցությունը Մեդվեդեւի պատվին տրված պաշտոնական ճաշկերույթին: Իսկ մինչ այդ տեղի է ունեցել Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի բացումը, որի ժամանակ նախկին արտգործնախարարը մի քանի կոշտ արտահայտություններ է թույլ տվել գործող իշխանությունների հասցեին: Մասնավորապես, դրանք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված քաղաքականությանը, որի մեջ ինքը սխալներ է գտել: Բավականին սուր քննադատական հարցազրույցներ է տալիս նաեւ Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Այս ամենը հիշեցնում էր թռիչքի նախապատրաստում: Սակայն փաստահավաք խմբի ստեղծումը, կարծես, ազդարարեց, որ ներկայիս իշխանությունները գերադասել են համաձայնության գալ արմատական ընդդիմության հետ, քան լուռ սպասել մինչեւ կվերադառնա Ռ. Քոչարյանի թիմը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը հրաման է ստորագրել փաստահավաք խումբ ստեղծելու եւ դրա մեջ ընդդիմության ներկայացուցիչներին ընդգրկելու մասին: Կարելի է ենթադրել, որ մինչեւ այդ խմբի աշխատանքի ավարտը, ներքին իրավիճակը Հայաստանում համեմատաբար կայուն կմնա:

Եթե, իհարկե, չլինեն էքսցեսներ: Իսկ դրանք սպասվում են Ղարաբաղյան կարգավորումից: Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած այցից հետո պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակներով սկսեցին խոսել, որ Ռուսաստանը կարող է պայմանավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ՝ իր զորքերը ղարաբաղյան հակամարտության գոտի մտցնելու հարցում: Խոսվում է նաեւ Իջեւանում նոր ռուսական ռազմակայանի ստեղծման մասին: Մեդվեդեւը նույնիսկ հայտարարել է, որ Ռուսաստանը վերցնում է նախաձեռնությունը եւ պատրաստում նախագահների եռակողմ հանդիպում: Եթե Հայաստանի իշխանությունները գնան զիջումների ղարաբաղյան հարցում եւ թույլ տան ռուսների մուտքը հակամարտության գոտի, Հայաստանի ներսում եւ դրսում անպայման դժգոհներ կգտնվեն: Եւ պարզ չէ, թե ինչով կավարտվի «դժգոհության ակցիան»:

Երկրորդ «վտանգավոր» դրվագը, կարծես թե, սպառվել է. Հայաստանում դժգոհություն առաջացրած «թուրքամետ» ֆուտբոլային նախաձեռնությունը, ըստ երեւույթին, չստացվեց: Համենայն դեպս, դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերից, Թուրքիան չուզեց հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ դա Հայաստանին դուր չեկավ: Թե չէ, եթե հարաբերությունները հաստատվեին, Հայաստանի քաղաքական ուժերը մեկ առիթ եւս կունենային իշխանություններից դժգոհելու:

Եւ այսպես, Հայաստանի իշխանությունները փորձում են կանխել իրենց սպառնացող ներքին եւ արտաքին վտանգները: Ընդգրկելով ընդդիմությանը մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման գործում, նրանք փոքր ինչ չեզոքացրին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Կարելի է ենթադրել, որ մինչեւ 2009-ի հունվար կազատվեն նաեւ մինչ օրս անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչները: Որպեսզի ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ չկիրառվեն:

Մնում է միայն կանխել արտաքին վտանգը՝ չխախտելով 1994-ին հաստատված ստատուս-քվոն ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ 

Ազատագրված տարածքները վերադարձնելու պատրաստակամությունը, որ հայտնում է Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում, շատ հաճախ հենց այդ նույն իշխանության ներկայացուցիչները մատուցում են իբրեւ դիվանագիտական հնարք: Այսինքն, ներկայացվում է, որ Հայաստանը հայտարարում է վերադարձնելու պատրաստակամության մասին, բայց իրականում ոչ մեկն էլ չի վերադարձնի որեւէ տարածք: Այս պնդումը իհարկե ինքնին բավական տարօրինակ է եւ նկատելիորեն անհիմն եւ անտրամաբանական:

Խնդիրը հետեւյալն է: Եթե Հայաստանի իշխանությունն ինքն է որոշում վերադարձնել-չվերադարձնելու հարցը, ապա բացարձակապես անհասկանալի է, թե ինչու եւ ում համար է մանեւրում: Եթե Հայաստանը ուզի կվերադարձնի, չի ուզի` չի վերադարձնի, ապա էլ ինչ կարիք կա հայտարարելու, որ պատրաստ ենք վերադարձնել, բայց իրականում տարածքները պահելու մեզ: Կարող է Հայաստանը հայտարարել, որ ոչ մի տարածք էլ չի վերադարձնի, դուրս գալ բանակցությունից, եթե Ադրբեջանն այլ պայմանով պատրաստ չէ բանակցել Ղարաբաղի կարգավիճակի համար եւ ձեռնամուխ լինել տարածքների սոցիալ-տնտեսական իրացմանը:

Դիվանագիտական մանեւրի վարկածի կողմնակիցները կարող են ասել, որ այդ մանեւրը աշխարհի ճնշումից խուսափելու համար է: Այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանն, այդուամենայնիվ, անկարող է պահել տարածքները, եթե ինքը նույնիսկ այդպես է ցանկանում: Այսինքն, եթե մեզ ստիպեն, ապա չենք կարող չտալ: Հետեւաբար եթե հիմա չենք տալիս, ապա միայն այն պատճառով, որ մեզ չեն ստիպում: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանն է մանեւրի միջոցով պահում տարածքները, այլ պարզապես աշխարհը, ի դեմս որի հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեզանից չի պահանջում այդ տարածքը վերադարձնել Ադրբեջանին: Միգուցե տարբեր ժամանակ տարբեր պետություններ պահանջում են, առանձին-առանձին, ասենք մեկ ամերիկացիները, հիմա՝ ռուսները, վաղը՝ գուցե Եվրոպան կամ էլի ամերիկացիները, բայց դեռեւս չի ստացվել, որ տարածքների վերադարձի հարցում «աշխարհը» գա կոնսենսուսի, եւ այդ իսկ պատճառով էլ փաստացի դրանք մնում են հայկական վերահսկողության տակ: Ստացվում է, որ Ղարաբաղի հակամարտության գործընթացում «ոչ մի թիզ հող» իրավիճակը ոչ թե հայկական դիվանագիտության, որքան աշխարհաքաղաքական իրադրության արդյունք է, եւ եթե հանկարծ ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիները որոշեն, որ տարածքները պետք է վերադարձնել, Հայաստանը փաստացի չունի այլեւս պահելու որեւէ փաստարկ, քանի որ մշտապես հայտնել է կարգավիճակի դիմաց դրանք վերադարձնելու պատրաստակամություն: Ընդ որում, խոսքը կարգավիճակի անորոշ հեռանկարի մասին է, քանի որ այդ հարցը քննարկվում է ինչ որ տասնամյակ կամ մեկուկես տասնամյակ հետո անցկացվելիք հանրաքվեի կամ պլեբեսցիտի համատեքստում:

Այսինքն, ստացվում է, որ տարածքների խնդրի պարագայում Հայաստանի դիվանագիտական «մանեւրը» կառուցված է ընդամենը «համաշխարհային» կոնսենսուսի բացակայության վրա: Պաշտոնական Երեւանը համոզված է, եւ թերեւս եղել է նաեւ վերջին տարիներին, որ միեւնույն է, եթե ասենք Ամերիկան պահանջի հող հանձնել, ապա ռուսները դա թույլ չեն տա եւ կհակադրվեն դրան, իսկ եթե, օրինակ, ռուսները պահանջեն հող հանձնել, ապա դրան կհակադրվի Ամերիկան: Առայժմ այդ մեխանիզմը աշխատել է հաջողությամբ, եւ կարգավորման բոլոր հանգուցային թվացող պահերին միշտ եղել է մի գագաթնակետ, որից այն կողմ գործընթացը հետ է շրջվել, տարբեր առիթներով ու պատճառներով, եւ ամեն ինչ փաստացի սկսել է մեկնարկային կետից: Դրա վկայությունն են կարգավորման գործընթացի ժամանակահատվածում տարատեսակ սկզբունքների պարբերական առկայությունը` «փարիզյան սկզբունք», «քի ուեսթյան տարբերակ», «պրահյան գործընթաց», հիմա էլ «մադրիդյան սկզբունք»: Թերեւս պետք է սպասել, որ նախագահների եռակողմ հանդիպման նախաձեռնությունը, որ ցուցաբերում է Ռուսաստանը, կլինի «մադրիդյան սկզբունքիե դարաշրջանի վերջը կամ վերջի սկիզբը, քանի որ ակնհայտ է, որ այժմ չկա տարածքների հարցում «աշխարհի» կոնսենսուսի որեւէ շանս: Հետեւաբար, դա շանս է Հայաստանի իշխանության համար, որն այս անգամ էլ, անկասկած, կօգտագործվի, թերեւս անկախ այն բանից` ժամանակավորապես դադար վերցրել է ընդդիմությունը, թե ոչ:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.lragir.am

 

Տիգրան Թորոսյան. «Տեւական ժամանակ Ղարաբաղի հարցը չի լուծվելու»

Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը համոզված է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը շարունակելու է ձգձգվել` չնայած վերջին շրջանում հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հաճախ հնչող հայտարարություններին:

«Ես համոզված եմ, որ տեւական ժամանակ Ղարաբաղի հարցը չի լուծվելու: Մի շարք դեպքեր են եղել, երբ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ հարցը լուծվում է, բայց կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Տիգրան Թորոսյանը: – «Ի վերջո` որեւէ մեկը որեւէ փաստաթուղթ չի կարող թաքուն ստորագրել, եւ ամեն ինչ փակվի: Փաստաթղթերը պիտի ներկայացվեն հանրությանը»:

Նախկին խոսնակը վստահ է` եթե կլինեն իսկապես արդարացի լուծումներ, հանրությունը կարձագանքի:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե որպես Ազգային Ժողովի նախագահ` տեղյակ եղե՞լ է այն փաստաթղթի կամ փաստաթղթերի բովանդակությանը, որոնք քննարկվել են Ադրբեջանի ղեկավարության հետ, Թորոսյանը պատասխանեց. – «Ես միշտ տեղյակ եմ եղել այն բոլոր իրողություններին, որոնք առնչվել են իմ պաշտոնին: Ես կարծում եմ, առայժմ գոյություն չունի որեւէ փաստաթուղթ կամ փաստաթղթի նախագիծ, որը համապարփակ է»:

«Այնպես որ, դա եւս վկայում է, որ առջեւում ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված որեւէ էական տեղաշարժ չի լինելու», – եզրակացրեց խորհրդարանի նախկին խոսնակը:

Աստղիկ Բեդեւյան
Armenialiberty.am

——————————————————————————————

Հիշողություն

ՇՈՒՇԻԻ ԱԳՈՒԼԵՑՈՑ ԹԱՂԱՄԱՍԻ ԵՎ  «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ» ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ

Ագուլիս, Ագուլիք: 11-րդ դարում հիշատակվող քաղաքատիպ ավան էր պատմական Վասպուրականի Գողթն գավառի (այժմ Նախիջևանի Օրդուբադի շրջան) համանուն գետի միջին հոսանքում, շրջապատված այգիներով:

Ավանն ունեցել է 8 հազար ընտանիք: Այնտեղ գործել են մետաքսի գործարաններ: Ագուլիսը հայտնի է եղել որպես առևտրականների բնակավայր. ուներ հարմար դիրք` առևտրական ճանապարհների մի յուրատեսակ խաչմերուկ էր: Ուներ նաև գեղեցիկ եկեղեցիներ1:

Թավրիզում հաստատված ծագումով ուզբեկ Ազադ խանը 1752թ. փորձել էր զավթել Երևանի խանությունը, սակայն անհաջող արդյունքի էր հասել: Նահանջի ճանապարհին անցնելով Արաքսի աջ ափը, գրավել է Ագուլիսն ու թալանել, հրի ու սրի մատնել ժողովրդին: Հայերի կողոպուտն այստեղ շարունակվել է 3 օր: Կողոպտվել են նաև ավանին հարակից բոլոր գյուղերը: Բնակչության մի մասը փախուստով փրկված, մերկ ու սոված հասել է Շուշի2 :

Իսկ ինչպե՞ս է դասավորվել Ագուլիսից Շուշի եկած, վերաբնակված հայերի կյանքը: Ամեն ինչ սկսել են զրոյից: Կառուցել են  տուն, դպրոց, շուկա, խանութներ, արհեստանոցներ, հարմարվել նոր պայմաններին հայաշատ  Շուշիում: Քաղաքում նրանց թաղամասը կոչվում էր «Ագուլեցոց թաղամաս» և զբաղեցնում էր քաղաքային պուրակի հարևանությամբ գտնվող փոստի շենքի, շուկայի և ներկայիս Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի միջև ընկած տարածքը: Հենց դպրոցի շենքի ձախ թևի տեղում կառուցված է եղել ագուլեցոց «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, որն ուներ 30մ երկարություն, 17,5մ լայնություն: Բարձրությունն անհայտ է, քանի որ դեռ 1905թ. էր ավերվել 2-րդ հարկը: Այն կառուցվել է 1822թ. Թառամյանների մեծ գերդաստանի կողմից: Այդ մասին վկայող արձանագրությունը, որ գրված է եղել հարավային դռան ճակատակալի սրբատաշ քարին, ասում է.

«Կամաւն Աստուծոյ Սուրբ Աստուածածնայ աւագ եկեղեցիս կառուցին արդեամբք և ծախիւք իւրեանց իշխանք ազնուազգի հարազատ աղայք Զօհրապ. Յովհանջան.

Մարկոս և Բաբա տէր Մատթէոսեն Թառումեանց ընդ որս և որդիք նոցա Յովհաննէս աղայն և Աւետիս աղայ ի յիշատակ և ի փրկութիւն հոգւոց իւրեանց և սոցա ծնողաց. ամուսնոց. որդւոց. դստերաց իւրեանց ամենից և առհասարակ ննջեցելոցն ի Տէր ի կայանս երկնից.

ի 1822 ամի Տեառն»3:

Թառամյանների տոհմական գերեզմանոցը Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու հարավ-արևելյան կողմի հին հայկական գերեզմանատան տարածքում է: Չնայած գերեզմանատունը լրիվ ավերված է քաղաքի «ադրբեջանցիների» կողմից, սակայն որոշ շիրմաքարեր դեռ պահպանվում են, որոնց թվում՝ նաև Աղա Մարկոս Թառամյանցի շիրմաքարը (մահացել է 25.03.1892թ.):

Եկեղեցին եղել է երկհարկանի: Առաջին հարկը կառուցված է եղել տեղական սրբատաշ քարից, իսկ երկրորդը` փայտաշեն, որտեղ եղել է նաև զանգակատունը: Պատերն ունեցել են 1,1մ հաստություն: Ունեցել է մուտքի երկու դուռ: Գլխավոր մուտքի դարպասը բացվում էր դեպի արևելք, որտեղ հատվում էին Ագուլեցոց և Փոստի փողոցները: Այստեղից լավ տեսանելի էր 2-րդ հարկում գտնվող զանգակատունը: Երկրորդ մուտքի դարպասը բացվում էր դեպի հյուսիս (Ղազանչեցոց փողոց): Փոստի շենքից ցած գտնվող «Բորժոմի» երկհարկանի հյուրանոցից (տեղում կառուցված  է ներկայիս 9 հարկանին) մինչև շուկա կողք-կողքի կառուցված էին ագուլեցոց խանութներն ու արհեստանոցները: Սրբատաշ քարից կառուցված այդ խանութները նույն նպատակին ծառայել են նաև խորհրդային տարիներին, մինչև 1970-ական թվականները: Նշված տարիներին դրանց տեղում կառուցվել է երկու բնակելի հինգհարկանի շենք:

Ինչպես Շուշիի բնիկ հայերը, այնպես էլ ագուլեցիները խաղաղ կյանքով  ապրել են  մինչեւ 1905 թիվը: Թիվ, որը պատմության էջերում նշանավոր է որպես Կովկասում հայ-թուրքական զինված ընդհարումներ սկսվելու տարեթիվ:

Ագուլեցոց Ս.Աստվածածին եկեղեցին հայերի շուկայի հետ միասին գտնվում էին թուրքերի (փաստորեն Պարսկաստանից, Իրաքից եկած ցեղեր.-Հ.Հ.) թաղամասին մոտ: Նույնիսկ եկեղեցուց ոչ հեռու կար թուրքի տուն ու պատկանում էր ոմն Սալմանովի:

Պատմական աղբյուրներում նշվում է. «Նախապես վճարելով, հենց առաջին ընդհարման առաջին էլ օրը հրկիզում են տունը, որպեսզի հրկիզեն նաև եկեղեցին: Եվ դա հաջողվում է թուրքերին»4:

Քաղաքի հարավային կողմում, ռեալական ուսումնարանի ու Ժամհարյանների հիվանդանոցի շենքից վերև տեղակայված հին հայկական գերեզմանատան տարածքում (հիմնականում ընդհարման ժամանակ զոհված հայերի շիրիմներն են)  ի հայտ եկած արձանագրության տողերն ասում են, որ եկեղեցու պաշտպանությունն իրականացրել է հայդուկների մի տասնյակ, որի հրամանատարն է եղել 25-ամյա Ասլան Աղաբաբյանը (զոհվել է մարտի ժամանակ):

Ագուլեցուց Ս.Աստվածածին եկեղեցու ներսում դիրքավորված, ուժեղ էլ զինված թուրքերը զոհեր տալով, հետներն էլ վիրավորներ տանելով, թողել են եկեղեցու շենքը: Այն կանգուն (թեկուզ կիսավեր) մնացել է մինչև 1960-ական թվականների վերջերը: Ազերիներն այն ծառայեցնում էին տարբեր նպատակների համար: Եղել են տարիներ, երբ այնտեղ պահվել են վառելիք ու տարբեր տեսակի քսայուղեր, ավտոպահեստամասեր գյուղատնտեսական մեքենաների համար:  1972թ. հիմնովին քանդեցին ու սկսեցին հիմնադրել դպրոցի շենք, ուր տեղափոխվեց Շուշիի թիվ 4 ադրբեջանական դպրոցը 1974 թվականին:

Այս եկեղեցում շուրջ չորս տասնամյակ իր պարտականությունն  է կատարել Ստեփանոս Քահանա տեր Գրիգորյանը: Նրա և տիկնոջ` Մարգարիտ Պարոնյանի աճյունները կողք-կողքի հողին են հանձնված քաղաքի հին հայկական գերեզմանատանը5: Շիրմաքարի հարավահայաց կողին գրված է.

Ի տապանս ամփոփեալ է մարմին լուսայ
Հոգի ստեփանոս Քհնյի
տիրացու Հայր
ապետեան տեր գրիգորեանց որ ՀայրենեօՔն
էր յագարակ գեղջէն
բարկիւշատայ ծա
ռայելով սբ ածածնայ
եկեղեցւոյն ագուլ
եց շուշի ՔաղաՔի ամս 42 ծնեալ 1776
ամի 8 Մայիսի վախճան 1871 ամի 16 փետր.

Իսկ ինչպե՞ս են քանդվել եկեղեցու սրբատաշ քարերից շարված պատերը: Շատերին կթվա, թե բանվորներն այն քանդած կլինեն լինգերով ու քլունգներով: Մենք էլ այդ կարծիքին էինք: Ամենևին էլ ո՛չ: Հսկա կառույցի քանդելու մասին պարզապես վերջերս, 2007թ. ապրիլին Քարին տակ-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսում պատմեց Շուշիի երբեմնի թիվ 92 շինվարչության բանվոր, ծնված Քարին տակ գյուղում, այժմ Ստեփանակերտ քաղաքի Կրուգովայա փողոցի թիվ 4 տան բնակիչ Սամվել Բաբայանը: Մեջբերում եմ նրա պատմածը. «Ունեինք երկու աշխղեկ: Եկեղեցու շենքը քանդում էր Ավազ Հյուսեյնովի բրիգադը, որտեղ աշխատում էինք նաև 4-5 հայեր մեր գյուղից: Սկզբում փորձում էինք քանդել լինգերով՝ չստացվեց: Որոշեցին քիչ քանակով պայթուցիկ նյութերով քանդել, դարձյալ չստացվեց: Չնայած քարերը պոկվում էին, սակայն ուժանակի հոտից ու փոշուց խեղդվում էինք, շնչելը դժվարանում էր, կոկորդներս չորանում: Վերամբարձ կռունկի համար ծանր հարվածող  մուրճ  պատրաստեցին ու սկսեցին քանդել: Քանդած քարերը տեղափոխեցին և օգտագործեցին Ղազանչեցոց եկեղեցուց քիչ հեռու կառուցվող շենքի համար որպես հիմնաքար: Նրա քարերից նույնիսկ իրավունք էր տրվում տանել Շուշիից դուրս, միայն թե տանեին: Այդ քարից մի ավտո էլ ես եմ տարել Քարին տակ»:

Այժմ լրիվ ավերված է քաղաքի “Ագուլեցուց թաղամասը”: Հսկա թաղամասից փլատակներում մնացել է արձանագրության մի կտոր, որի սրբատաշ ուղղանկյունաձև քարը տեղադրված է եղել խանութներից մեկի մուտքի դռան վերնամասում6:

Սա մի կատարյալ աղետ է  1752թ. աղետից հետո, այն էլ ոչ  միայն ագուլեցոց, այլ համայն հայության համար:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրականություն

1. ՀՍՀ, հատ. 1, Երևան, 1973թ.:
2. Չամչյան, Պատմություն հայոց, հատ. 3, Վենետիկ, 1897:
3. Մ.Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895թ., էջ 92-93:
4. Ա-Դո, Հայ թուքական ընդհարումները Կովկասում 1905-06թթ.,
Թիֆլիս, 1907թ.:
5. Շուշի, Երևանյան դռների հարավ-արևմտյան կողմի
գերեզմանատուն,
արձ.N 232:
6. Ագուլեցոց խանութներից
մեկի մուտքի ջարդված ճակատաքարի արձանագրության լուսանկարը:

«ՎԱ՛Յ, ՏՈ՛ՒՆՍ, ՏՈ՛ՒՆՍ…»

(իրապատում)

Թոշակառու վաղեմի ընկերոջը տեսակցության գնալու համար Հակոբ պապը, թեեւ սիրտը շատ բան էր ուզում, կարողացավ միայն մի քիչ միրգ գնել: Տնից դուրս գալու ժամանակ կնոջը պատվիրեց ուրիշ տեղ չգնալ: Չէր սիրում, երբ որեւէ տեղից վերադառնում էր, մտնում նկուղային խոնավ սենյակ ու միայնության մեջ մտորում փախստականի իր դաժան ճակատագրի մասին, վերհիշում մեկը մյուսից ծանր իր կորուստները, աշխարհի անարդարությունները, փակուղու մեջ հայտնված իր անիմաստ, անորոշ օրերը:

… Վաղեմի հավատարիմ ընկերների հանդիպումը ջերմ էր, սրտառուչ: Ողջագուրվելուց հետո նստեցին սեղանի շուրջը, քաղցր զրուցելով թեյ խմեցին ու հին սովորությամբ սկսեցին շախմատ խաղալ: Այդ պահին տանտիրոջ հինգ, թե վեց տարեկան թոռնիկը ներս վազեց, մոտեցավ, սեղանից քաղցրավենիք վերցրեց, ոտքի վրա կերավ ու դուրս եկավ: Քիչ հետո նա կարտոնե մի արկղ գրկած ներս մտավ, սենյակի հատակին փռած գորգի վրա արկղը շուռ տվեց, պապի կողմը նայելով՝ ծիծաղեց, ուրախ, զրնգուն ծիծաղեց:

-Պապի՛ ջան, գիտե՞ս ինչ եմ ուզում անել:

-Չէ, բալիկ ջան, չգիտեմ:

-Սպասի’ր. սպասի’ր, հիմա կտեսնես, թե ինչ եմ անելու,- խնդալով ասաց փոքրիկն ու գործի անցավ:

Շախմատի տախտակի վրա խաղը լարված բնույթ էր կրում, փոքրիկն էլ լրջորեն իր գործով զբաղված, խաղալիքներից տուն էր կառուցում: Զանազան փոքրիկ տուփեր, կոնստրուկտոր խաղալիքի մասեր, լուցկու դատարկ տուփեր եւ այլն օգտագործում էր որպես շինանյութ եւ իրար վրա դասավորելով հարմարեցնում, պատ էր շարում, զգուշորեն «քարը քարին» դնելով տուն էր կառուցում: Առաջին հարկից հետո անցավ երկրորդ հարկի քրտնաջան աշխատանքին: Ամեն մի պատ, դուռ, պատուհան հաջողությամբ ավարտելուց հետո ստեղծագործական ոգեւորությամբ երջանիկ ցատկոտում էր, գուցե արյան կանչն էր դա, արտահայտված մանկական խաղում:

Վերջապես ավարտեց նաեւ երկրորդ հարկն ու զգուշորեն սկսեց տանիքը ծածկել: Իրոք, ամեն ինչ իրականի էր նման: Երբ տանինքն էլ ծածկեց, մոտեցավ, պապի ձեռքից բռնեց ու խնդրեց.

-Պապի՛ ջան, արի՛ մոտիկից նայիր, տես՝ տունս լա՞վն է:

Պապը վեր կացավ, ժպտալով գնաց կանգնեց թոռնիկի կառուցած տան կողքին:

– Ապրե՛ս, կեցցե՛ս, շատ լավ շինարար ես դառնալու, իմ գործը շարունակողը դու ես լինելու,- ասաց պապը, հուզված գրկեց թոռնիկին, համբուրեց, վերադարձավ ու նստեց տեղը:

Այդ պահին դպրոցից վերադարձավ փոքրիկ «շինարարի» քույրը`  պայուսակը ձեռքին: Նա նոր էր  ներս մտել, երբ տղան վազեց ընդառաջ ու բացականչեց.

-Արի, արի տես ինչ տուն եմ կառուցել, պապիկն ասաց իսկական տան նման է:

Քույրը հետաքրքրությամբ դիտելով «նորակառույց տունը», ժպտալով ասաց.

-Իրոք, իսկական տուն է, ապրես, շատ լավ է, էդ ո՞նց ես սարքել, մեծ շնորհք ունես, չգիտեի:

Քույրը չորս կողմից զննելով եղբոր կառուցած տունը, իր հիացմունքը, գոհունակությունն էր արտահայտում, իսկ փոքրիկ տղան ուրախ ցատկոտում, ծափ էր տալիս: Հակոբ պապը խաղը թողած, աչքերում թախիծ, ուշադրությամբ հետեւում էր երեխաների ցնծությանը, թեեւ խաղատախտակի վրա իր հերթական քայլն էր: Եղել է ժամանակ, երբ այնտեղ՝ հեռվում, ինքն էլ իր տունը հաջողությամբ կառուցելիս էր ուրախանում, իրեն երջանիկ զգում: Պահը խորհրդավոր էր:

Բայց հանկարծ, մի ակնթարթում սենյակը լցվեց աղեկտուր ճիչ ու ծվվոցով: Տանտերը եւ Հակոբ պապը վեր թռան, արագ մոտեցան դեպքի վայրին: Աղջիկը շփոթված մի կողմ էր կանգնել: Մեղավորը գրքերով լիքը  պայուսակն էր, դիպել էր «տանը», քարուքանդ արել:

-Վա՛յ, տո՛ւնս, տո՛ւնս, տունս քանդվեց, վա՛յ, վա՛յ, տո՛ւնս, տո՛ւնս,-  ճչում, ողբում էր փոքրիկ տղան ու հոնգուր-հոնգուր լացում:

-Այ տղա, գժվե՞լ ես, ի՞նչ է պատահել, սուս արա, հիմա ես ինքս քեզ համար այնպիսի տուն կառուցեմ, որ ավելի լավը լինի,- հորդորում էր պապը:

-Չէ՛, չէ՛, չեմ ուզում, ես իմ ձեռքով կառուցած իմ տունն եմ ուզում, ուրիշը չեմ ուզում, վա՛յ, տո՛ւնս, տո՛ ւնս եմ  ուզում, ուրիշը չեմ ուզում, վա՛յ, տո՛ւնս, տո՛ւնս,- անընդհատ ճչում էր  փոքրիկ տղան:

Հակոբ պապին թվաց, թե ինչ-որ հեռավոր ձորերից, կիրճերից իր իսկ սեփական ձայնն է գալիս, հեռո՛ւ-հեռուներից իր սրտից բխած ողբի արձագանքն է տարածվում սենյակում:  Աչքերը թացացան, քիչ էր մնում հեկեկար երեխայի պես:

«Այս երեխան ողբում է խաղալիքներից կառուցած իր տան համար, իսկ ես ո՞նց եմ դիմանում,- մտածեց Հակոբ պապը,- ավելի քան տասը  տարվա ընթացքում հոյակապ երկհարկանի տուն եմ կառուցել սեփական ձեռքերով, որ տղաներս կողք- կողքի ապրեն, աչքիս առաջ թոռ, ծոռ  լինեն, տունս ուրախությամբ լցնեն, ո՞ւր են նրանք… Ոչ մի մեղք չգործած տնաքանդ եղա, վա՛յ, տո՛ւնս, տո՛ւնս, քանդվեց… Մարդ չսպանես, գողություն չանես, որեւէ հանցանք չգործես եւ դաժանորեն պատժվե՞ս, աշխարհի ո՞ր օրենքով, ինչո՞ւ, ինչո՞ւ…»:

Այդ գիշեր, օտարի նկուղում Հակոբ պապը առաջին անգամ տեսավ իր վաղեմի երկհարկանի լուսավոր տունը, բակը, վարդերով լի պարտեզը:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

——————————————————————————————

Մունք

Վերջերս մի անիմաստ, այն էլ տևական ու չավարտվող բանավեճ-բանակռվի հետևանքով հանիրավի ստվեր է նետվել արցախյան գրականության մեծերից մեկի՝ երջանկահիշատակ Վազգեն Օվյանի գրական ժառանգության, անվան ու պատվի վրա: Ընթերցողներին ներկայացվող ընտրանին նպատակ ունի թարմացնելու մեր գրական լսարանի հիշողությունն ու հեռացնելու գրողի վրա նետված ստվերը:

«ԴԵՄՈ»

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Վանքեր նկարիր ու բերդեր անառ,
Լեռները դարձրու հավերժի արձան,
Գետերը՝ զնգուն տավիղների լար:
Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր,
Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ,
Արծիվներ՝ թառած լեռան կատարին,
Արտույտներ՝ երկնի լազուրով արբած:
Մաշտոցյան անմահ գիրը նկարիր,
Պատմությունը մեր՝ գրված այդ գրով,
Որ անզոր էին ջնջել սրտերից-
Աշխարհակործան յաթաղաններով:
Եվ ծռությունը նկարիր նաև
Ու մերկությունը ծռված աշխարհի,
Որ ճիշտն ու սխալը իրար է խառնել
Այս պատմությունը երկերեսանի:
Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝
Տրորված օտար կրունկների տակ,
Ոգին նկարիր Մելիք Ավանի
Ու մեր լինելու ձգտումը արդար:
Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք,
Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,
Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք,
Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին:
Որ մենք ենք ահա  ու մեր լեռները,
Մեր Գանձասարը, վանքը Ամարաս,
Բաց են միշտ էլ մեր սրտի դռները,
Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ:
Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր,
Մեր կամքը դարձրու հավերժի արձան,
Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ:

1983 թ.

* * *

Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել,
Բայց ես ուղտ չէի, այլ՝ արշավաձի,
Հետո փորձեցին ինձ քեզնից պոկել,
Դարձնել թևատված, անարգված արծիվ:

Ես ամուր էի լեռներդ գրկել,
Քո հողի մեջ էր ուժն իմ առնացի…
Չկարողացան ինձ քեզնից պոկել,
Բայց քեզ ինձանից ինչպե՛ս պոկեցին:

Այդպես պոկում են սիրտը մարմնից,
Այդպես հոգին են հավատից վանում,
Այդպես խլում են լույսը աչքերից,
Այդպես հավատն են միայն սպանում:

Եվ կա՞ ավելի պատիժ մի դաժան,
Քան այս զրկանքը բիրտ ու ահավոր,
Երբ հողիդ վրա տերդ չես քո տան,
Քո տնկած ծառը ու՞մ է հարկավոր:

* * *

Թե իմ Մռավ սարից զատվեմ
Եվ ծուռ նայեմ Շաղասարիս-
Առվի նման պիտի հալվեմ,
Մնամ իմ կես ճանապարհին:

Թե որ լքեմ Գանձասարս,
Ջրաբերդս՝ լեռան արծիվ-
Կչորանա թթի ծառս,
Գտիչ վանքը ինձ կանիծի:

Թե իմ Կիշկում ծաղկաժպիտ
Բուն չունենա հավքը գարնան-
Սևաձորիս ժայռերը բիրտ՝
Սրտիս ծանր սար կդառնան:

Թե որ թողնեմ ճաք տա պատս,
Ցամաքի մեր դռան առուն-
Հարյուր պատան մաշած պապս
Շուռ կգա իր գերեզմանում:

Թե հանդերն այս չնաշխարհիկ
Ու լեռները թողնեմ անտեր-
Ամպրոպագոռ մեր Քիրս սարի
Կայծակները ինձ կշանթեն:

Թե որ դառնամ ես տարագիր
Ու ոտքիս տակ հող չունենամ-
Ղարաբաղս կաղաղակի.
– Քեզ պես որդին թող չունենամ:

1984 թ.

***

Հիմի է՞լ լռենք…

Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆ

Հիմա է՞լ լռենք, եղբայրք, հիմա է՞լ,
Երբ թուրքը եկել, մտել տունը մեր,
Ոտնատակ տվել այգի ու պարտեզ,
Օրը ցերեկով անպատվում է մեզ,
Ասում է՝ այստեղ այգի, բաղ չունեք,
Դուք այս աշխարհում Ղարաբաղ չունեք:

Հիմա է՞լ լռենք, երբ մեր քաղաքում
Շեյխի թոռները շիքաստ են երգում,
Իրենց համարում տիրակալ ու տեր,
Առևանգում են աղջիկներին մեր,
Կաշառքի ուժով պաշտոն են ճանկում,
Մեր սրբությունը ծաղրում, ծանակում:

Հիմա է՞լ լռենք, երբ ղաչաղ Նաբին,
Այդ մարդասպանը, ավազակը բիրտ-
Մաքուր ազգային հերոս է դարձել,
Մեր հայ թատրոնի բեմը բարձրացել,
Երբ Ռասուլ Ռզան ոռնում է ահա.
«Այս հողում ոչ մի Սմբատ չմնա»:

Հիմա է՞լ լռենք, ասեք, հիմա է՞լ,
Երբ մեր վանքերը փարախ են դառել,
Մեսրոպյան գիրը ջնջում քարերից,
Գրում են իրենց անունները պիղծ,
Թե՝ ձայն չհանեք, չխոսեք, տղերք,
Ձեր Ղարաբաղը միշտ մերն է եղել:

Հիմա է՞լ լռենք, երբ Ալի բաբան
Կեղծավոր լեզվով փակել մեր ճամփան,
Մեր ով լինելը, մեր պատիվը թանկ՝
Դրել է ահա հարցականի տակ,
Եվ ցանկանում է մեզնից մեզ վանել,
Իր ճախարակով մեր թելը մանել:

Հիմա է՞լ լռենք, երբ շողոքորթը
Համբուրում է մեզ խեղդողի ոտը,
Մեր տան դռները բացում է խնդուն
Եվ նրան «բարի գալուստ» է մաղթում,
Ոտի տակ ոչխար ու գառ է մորթում,
Թողած մեր աստծոն՝ նրան աղոթում:

Հիմա է՞լ լռենք, երբ գող Բասարը
Թողել իր օբան, թողել իր սարը,
Եկել մեր գլխին դառել տիրակալ,
Եկել մեր գլխին դառել բռնակալ,
Կոկորդ է պատռում. «Ալլահը վկա,
Ալլահից բացի այլ ալլահ չկա»:

Հիմա է՞լ լռենք՝ լռենք, չխոսենք,
Թող մեր փոխարեն քարերը խոսեն,
Մեր քաջ նախնիքը հարություն առնեն,
Թուք-նախատինքով մեզ խեղդեն, վառեն,
Ասեն՝ դուք պատիվ ու նամուս չունեք,
Մինչև ե՞րբ պիտի լռեք ու ներեք:

Մենք, որ ոչ մունջ ենք, ոչ անդամալույծ,
Չենք սարսել կյանքում ոչ մի թշնամուց,
Նույն ուժգնությամբ մեր երակներում
Թե մեր պապերի արյունն է եռում,
Ինչու՞ որբի պես մեր վիզը ծռենք
Եվ ինչու՞ լռենք:

***

Դու հպարտ չես, իմ հայրենիք…

Վ. ՏԵՐՅԱՆ

Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ,
Ինչո՞վ պիտի հպարտանաս-
Զավակներո՞վ քո տարաբախտ,
Թե ծխանիդ ծխով նվազ:
Այդ ե՞րբ այդքան դու հեզացար
Սանձին գերի նժույգի պես,
Քեզանից դու ո՞նց հեռացար,
Որ փնտրում ու չես գտնում քեզ:
Չար կատա՞կ չէր և խաղ մի խենթ,
Բարբարոսի հեգնանք անծիր-
Նշանեցին քեզ հայի հետ,
Բայց թուրքի հետ պսակեցին:
Անուն չունես, սակայն, ավաղ,
Չունես հիմա դու ազգանուն,
Եվ երբ ասում են Ղարաբաղ-
Ծռություն եմ ես հասկանում:

***

Մի՞թե վերջին պոետն եմ ես…

Վ. ՏԵՐՅԱՆ

Կկորչեն հավետ և փառք, և անուն,
Ինչպես հողմի դեմ ծաղկունքը անզոր,
Եվ կգա մի օր, որ Ղարաբաղում
Մի հայ չես գտնի հայերեն խոսող:

Ես կլինեմ քո պոետը վերջին,
Քո վերջին բողոքն ու նամականին:
Ձեռքս կդնեմ իմ անմեղ խղճին,
Ողբամ՝ օ՛, տուր ինձ ծուխն իմ ծխանի:

Քո ողբասացը կլինեմ վերջին,
Օտար ոտքի տակ տրորված ածուդ,
Կլինեմ վերջին հառաչանքը քո,
Վերջին հանդուգն ու վերջին ծաղրածուն:

Եվ ինձ կանվանեն ցնորված ու խենթ
Թոռն ու ծոռները նենգ Փեղամբարի,
Ինձ կքարկոծի ամբոխը անգետ-
Դասական ոճով քսաներորդ դարի:

Եվ ես կլինեմ մոռացված հավետ՝
Վերջին պոետը իմ լեռնաշխարհի:

ՓԱՌԱԲԱՆՈՒՄՆ

Թե իմ մայր հողն ես,
Ես քո հողմաթեք թթենու բունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
Ապրեմ-չապրեմիդ տոկունությունն եմ:
Քո քաված մեղքն եմ, քո անմեղ մեղան,
Խաչված Հիսուսդ՝ աշխարհին ի ցույց,
Ես՝ վանքում փակված քո խեղճ աբեղան,
Որ հառաչում է իր անհույս սիրուց:
Հնձաններիդ մեջ քլթքլթացող լուռ-
Ես քո խաղողի քաղցրությունն եմ,
Ես քո աղեղը, քո վահանը կուռ
Եվ քո ժայռերի կարծրությունն եմ:
Ամառվա տապին մեղմ զեփյուռ դառած-
Քո Մռավ ու Քիրս սարերի ձյունն եմ,
Հարսների աչքին արցունքով վառված-
Ես քո թախիծն ու տրտմությունն եմ:
Վաղվա գեղեցիկ հավատով ապրող,
Ցրտից չխամրող ծաղկունքիդ գույնն եմ,
Արևի փոքրիկ շողից չխաբվող-
Ես քո բողբոջի զսպվածությունն եմ:
Ես երազներն եմ քո հազարաձև,
Ես քո իմաստուն համբերությունն եմ,
Մելիք, խան ու բեկ կգան ու կանցնեն,
Ես, սրբազան հող, քո զորությունն եմ:
Ես՝ ապացուցված քո վեհությունը
Եվ քո ոգին ու երգը քաղցրաբառ,
Դու իմ հայրենի օջախն ու տունը,
Ճիչս՝ Ղարաբաղ, խիղճս՝ Ղարաբաղ:

ՎԱՍՆ  ՀՈՒԴԱՅՈՒԹՅԱՆ

Օ՛,  Հուդա, Հուդա,
Դու չես վերանա, քանի որ ծնվել
Ու կծնվեն դեռ նոր Քրիստոսներ,
Նոր առաքյալներ կգան ասպարեզ-
Սուրբ Քրիստոսի լուսապսակով,
Միշտ էլ աշխարհում կշարունակվես,
Քանզի ապրում են հետնորդները քո:

Նոր ուժ ու կորով կառնեն քեզանից
Թոռնեթոռներն ու ծոռները Նեռի,
Համբույրներով ու երդումներով պիղծ-
Հարություն առած կքայլեն նորից.
Բանսարկուների դու քաջ դաշնակից,
Հզոր բարեկամ շողոքորթների:

Նոյից մինչ այսօր անհետ, անանուն
Կորել են քանի՛-քանի ազգ ու ցեղ,
Բայց դու անմահ ես, քանի աշխարհում
Հուդայությունը դեռ չի վերացել:

ՄԵԼԻՔ ԵՍԱՅՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ձերը լինեն ու ձեզ մնան
պարտեզները ոսկեբեհեզ,
Հայրենաշեն մեր լեռների
մի չոր քարն էլ հերիք է մեզ:
Ձերը լինեն ու ձեզ մնան
պալատները ձեր փառավոր,
Մենք մեր անշուք խրճիթի մեջ
և՛ իշխան ենք, և՛ թագավոր:
Ձերը լինեն ու ձեզ մնան
հարեմները ձեր հեշտագին,
Մեր օրենքով սերը մեկն է,
մենք տրված ենք միայն մեկին:
Ձերը լինեն ու ձեզ մնան
աղոթքները ձեր մոգերի,
Մենք մեր ամուր հավատն ունենք,
մեր հավատին ենք մենք գերի:
Ձերը լինեն ու ձեզ մնան և՛ գահ,
և՛ թագ, և՛ փառք, անուն,
Սակայն այնպես դուք ապրեցեք
այս աշխարհում,
Որ այլևս ձեր դաշտերի ագռավները
մեր լեռներում չկռնչան,
Մեր սանձակոծ նժույգները
ձեր դաշտերում չխրխնջան,
Մեր լեռների ջինջ գետերը
չպղտորվեն ձեր հանդերում,
Ձեր աշխարհի սև հողմերը
չգալարվեն մեր արտերում,
Ձեր կռվատենչ զինվորները
մեր լեռներում չհառաչեն,
Մեր լեռների կայծակները
ձեր աշխարհում չշառաչեն:

***

Ղարաբաղ եմ ասում՝
Հոգիս բաց է լինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս լաց է լինում:

Ղարաբաղ եմ ասում՝
Երգս թև է առնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս սև է դառնում:

Ղարաբաղ եմ ասում՝
Երազներ եմ հինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Թևաթափ եմ լինում:

Ղարաբաղ եմ ասում՝
Հավքս ձագ է տալիս,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Պատս ճաք է տալիս:

Ղարաբաղ եմ ասում՝
Սիրտս պար է ընկնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Գլխիս քար է ընկնում:

Ղարաբաղ եմ ասում՝
Դրախտին եմ հասել,
Ղարաբաղ եմ տեսնում…
Ա՛խ, ես ձեր ինչն ասեմ:

1981 թ.

——————————————————————————————

Համահայկական

ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼԸ, ԿԱՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ

(սկիզբը` նախորդ համարներում)

Շանթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Եթե հայությունը դեռ չի սպառել իր կենսունակության ռեսուրսները, ապա իր արժանապատիվ գոյությունն ապահովելու համար ստիպված է ծնել մի նոր Արտաշես կամ այսօրվա արժեքներին համապատասխան՝ հայկական Ջորջ Վաշինգթոն: Կծնվի՞ հայկական անհատը, ուրեմն հայությունը կունենա որոշակի առաջադիմական նախագիծ, որի շուրջն էլ համախմբվելով՝ կձևավորվի մերօրյա ազգային էլիտան: Կարծում եմ, որևէ նոր նախագիծ իրագործելիս կարիք չի լինի Արտաշես արքայի նման «սրի քաշել» նախկին էլիտային: Նոր նախագծի իրագործմանն անընդունակ՝ նրանք կամավոր կհեռանան իրենց զբաղեցրած դիրքերից: Քանի դեռ գոյություն չունի նոր ազգային նախագիծ, հին էլիտան իրավացիորեն համոզված է՝ «Իբր թե, այդ ինչ է իրագործվում երկրում, որ մենք չենք կարող իրագործել»: Այսօր բարձր իդեալներով ամրապնդված այդ նոր նախագծի բացակայությունն է, որ թշվառության է մատնում հայությանը, դարձնում դժբախտ ազգ:

Վերլուծելով հայության արտագաղթի հազարամյա պատմությունը և համեմատելով այսօրվա արտագաղթի պատճառների հետ, տեսնում ենք, որ պատերազմի վտանգը և նյութական կարիքը սոսկ արտաքին պատրվակ են՝ խորքային բուն պատճառները քողարկող: Որքան էլ մարդը, և մասնավորապես, հայ մարդը լինի նյութապաշտ ու որկրամոլ, միևնույն է, նա ձգտում է տարբերվել կենդանուց: Ձգտում է մարդ զգալ իրեն: Իսկ մարդը կենդանուց տարբերվում է նախևառաջ իր իդեալով: Իդեալը մարդու համար ոչ միայն հույս ու հավատ է, այլև կյանքը գեղեցկացնելու, երջանկացնելու, մի խոսքով՝ իմաստավորելու միակ միջոցը: Մարդը, եթե ոչ գիտակցում, ապա գոնե միայն իրեն հատուկ մարդկային բնազդով զգում է, որ իր կոչումը միայն ուտելն ու քնելը չէ, այլ կա մի ավելի վեհ բան, մի միսիա, որին կոչված է ինքը: Նա հասկանում է, որ կորցնելով հաղթանակի բերկրանքի զգացումը, հիանալու և այլ զգացողությունները, կորցնում է նաև երջանկության իրական զգացումը, դառնում դժբախտ սեփական հայրենիքում: Ահա, գլխավորապես սրանց բացակայությունն է, որ հայ մարդուն մղում է արտագաղթի: Հայ մարդը նույնպես ուզում է ոչ միայն հաղորդակիցը լինել, այլև մասնակիցը, կամ գոնե ձևանալ այդպիսին, բոլոր այն վեհ իրագործումների, որը շոյում է նշված բոլոր մարդկային զգացողությունները և առաջացնում հպարտության և երջանկության զգացում: Եվ եթե Սովետական Միության փակ սահմանների պարտադրանքը հայությանը հիմնականում պահում էր հայրենիքում, ապա այսօրվա գործող աշխարհակարգը սահմաններ չի ճանաչում, և հայությունը դատապարտված է հայրենիքը լքելու և շատ արագ ձուլվելու վտանգին: Իսկ եթե հայությունը ցանկանում է գոյատևել որպես ժողովուրդ և պահպանել սեփական պետությունը, ապա իր համար պետք է ձևավորի այնպիսի հավաքական իդեալ, որը կբավարարի մարդկային բոլոր զգացողությունները և կպարգևի երջանկության զգացում:

Հայության համար հավաքական իդեալը պետք է ձևավորեն երկրի իշխանությունները, որոնք ոչ միայն չեն կատարում իրենց պարտքը, այլև խոչընդոտում են իդեալ ձևավորելու ցանկացած փորձ: Նրանք շատ լավ հասկանում են, որ հավաքական իդեալ ունեցող ժողովուրդը շատ արագ իշխանությունից կքշի-կհեռացնի ցանկացած քաղաքական ուժի, որը չի համապատասխանի իր իդալներին: Հայաստանի իշխանություններն, իրենց տիրապետությունը երկարաձգելու համար, հայության մրցակիցների ցնծության ներքո, ոչ միայն խոչընդոտում են իդեալի ձևավորմանը, այլև աղավաղում շատ թե քիչ առաջադիմական բոլոր արժեքների չափորոշիչները, կազմալուծում գործող արժեքային համակարգերը: Այս պայմաններում, հայ մշակութաստեղծ էլիտան, ցավոք, անընդունակ եղավ հասարակության համար ձևավորել մի հավաքական իդեալ և միշտ կապկեց դրսից ներմուծված որևէ իդեալ՝ իր մշակույթը ծառայեցնելով այդ ներմուծված իդեալի հաղթանակին, որը շատ հաճախ ընդհանուր ոչինչ չունի հայության շահերի հետ: Նաև այս է պատճառը, որ հայությունը, ծնելով բազմաթիվ տաղանդավոր մշակութային գործիչներ, իր բազմադարյա գոյության ողջ ընթացքում անընդունակ գտնվեց համաշխարհային մշակույթի մեջ սկզբնավորելու որևէ ինքնատիպ ուղղություն, որևէ դպրոց: Սովետահայ տաղանդավոր մտավորականները չէին ծնվի՝ «Թե հոկտեմբերյան դրոշի փայլից չշիկներ գագաթն Արագածի» … Բայց այս անգամ, ի տարբերություն սովետական ?երկաթյա վարագույրի «պարտադրանքի, արևմտ-յան թափանցիկ քաղաքակրթությունը չի խոչընդոտի հայության արտագաղթին: Ընդհանրապես, ցանկացած մարդ իր հոգում կրելով որևէ բարձր իդեալ՝ կրկնապատկում, տասնապատկում է իր հոգու ուժը, որը վերաճում է ֆիզիկական ուժերի զարթոնքի: Բարձր իդեալը ոգեշնչում, ստեղծագործական նվաճումների է մղում ոչ միայն մտավորականին ու արվեստագետին, այլև մեծ գործերի, խիզախումների մասնակցության զգացում է ապահովում երկրի տիրոջ՝ «փոքր մարդու», աշխատավորի հոգում»:

Այն պետություններն են հզորանում և առաջադիմում, որոնք իրենց ժողովուրդների համար առաջ են քաշում բարձր իդեալներ: Պետությունների հզորությունը պայմանավորված է ինչպես իդեալի վեհությամբ, այնպես էլ նրա գրավչությամբ: Այսինքն՝ բավարար չէ իդեալ հռչակելը, այլև այդ իդեալին պետք է անկեղծորեն հավատա ժողովուրդը: Որքան մեծ է իդեալին հավատացող մարդկանց քանակը, այնքան հզոր և զարգացած է տվյալ ժողովրդի պետությունը: Ընդհանրապես, մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում դավանել է երեք հիմնական իդեալ՝ ազատություն, հավասարություն և եղբայրություն: Ոչ մի դարաշրջանում մարդկության մոտ այս երեք իդեալները չեն փոխվում, փոխվում են միայն այս իդեալների իրականացման նկատմամբ ունեցած մարդկանց ընկալումներն ու պատկերացումները: Երբ մարդկությունը դադարում է հավատալ և ոգեշնչվել այս իդեալների հին մեկնաբանություններից, անհրաժեշտություն է առաջանում այդ իդեալները մեկնաբանել նորովի: Եվ այն մեկնաբանությունը, որն առավել սրտամոտ, շահավետ և ոգեշնչող է թվում մարդկանց, իր շուրջն է համախմբում հոծ զանգվածներին՝ ձգտելով իրականացնել այն:

Այսօր իշխող ամենավեհ իդեալի լավագույն մեկնաբանությունն աշխարհի ժողովուրդներին մատուցում է աշխարհի ամենահզոր երկիրը՝ Միացյալ Նաhանգները: Նա ժողովուրդների համար ամենաբարձր իդեալ է հայտարարել մարդու ազատությունը, իհարկե, սեփական մեկնաբանությամբ: ԱՄՆ-ը այնքան ժամանակ կպահպանի իր առաջատար դերն աշխարհում, որքան ազատության իդեալի ամերիկյան մեկնաբանությանը անկեղծորեն կհավատան և նրանով կոգեշնչվեն նախ՝ ամերիկյան, և ապա մյուս ժողովուրդները: Ամերիկացի զինվորը որքան կհավատա մարդու ազատության ամերիկյան իդեալին, այնքան նա հաղթական պատերազմներ կմղի երկրագնդի ցանկացած կետում` հանուն մարդկության ապագայի: Ամերիկյան ազատության իդեալը լինելով բարձրագույն, իհարկե, միակը չէ, այլ ամրապնդված է, ինչպես նշեցի, հավասարության, եղբայրության, խաղաղության, երջանկության և ամերիկյան այլ իդեալներով:

Տեսականորեն, յուրաքանչյուր ժողովուրդ ի վիճակի է, գոնե իր համար, ստեղծել բարձրագույն իդեալներ, բայց գործնականում այն հաջողվել է շատ քիչ ժողովուրդների: Եթե հայությունը չի ցանկանում վերանալ պատմության ասպարեզից, ապա պետք է ձևավորի որևէ հավաքական առաջադիմական իդեալ: Հայությունը պետք է ձևակերպի երջանկության, ազատության, խաղաղության և այլ համամարդկային իդեալների սեփական մեկնաբանությունը, որը պետք է ունենա որոշակի միսիա` ծառայել ոչ միայն սեփական ժողովրդի զարգացմանն ու հզորացմանը, այլ հարևան այն ժողովուրդների առաջադիմությանը, որոնք կաղապարված են հետադիմական և մեռնող արժեքներով: Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր ժողովուրդները պատրաստ են ծառայել հանուն այն ժողովրդի ներկայի, ով պատրաստ է ծառայել հանուն մարդկության ապագայի: Այսօր հայությունն, արդյո՞ք, ունի ազատության կամ երջանկության հավաքական իդեալի որևէ շատ թե քիչ ընդունելի մեկնաբանություն: Ցավոք, Հայաստանում որքան հայ կա` նույնքան էլ նշված իդեալների ընկալում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում գոյություն չունեն կայուն արժեքներ, այլ քաոս է և անկում: Որպեսզի հայությունը կազմակեպվի որպես ժողովուրդ և դադարի դժբախտ զգալ իրեն, անհրաժեշտ է, որ երջանկության, ազատության եւ այլ իդեալներ ունենան ընդամենը մեկ կամ երկու մեկնաբանություն: Այսինքն` հայության մեծամասնությունը երջանկության մասին պետք է ունենա նույնատիպ ընկալում: Հայության համար կարևոր հռչակված արժեքների նույնատիպ իդեալականացված ընկալումն իր հետ կբերի հզոր մշակութային զարթոնք: Սպասարկելով հռչակված իդեալներին? Հայաստանում կկայանա բարձր մշակույթ: Մշակութային զարթոնքը հայ մարդուն կներարկի հանուն բարձր արժեքների զոհաբերվելու առաքինությունը, հաղթանակի բերկրանքի վայելքը, արժանապատվորեն հաղթահարելու կորուստների դառնությունը, գիտակցելու իր առաքելությունը ոչ միայն սեփական սերունդների, այլ տարածաշրջանի ժողովուրդների ու մարդկության ապագայի առաջ: Եթե հայությունն այսօր ընդունակ չէ համաշխարհային չափանիշներով մրցունակ, ուրույն արժեքային համակարգ ստեղծել, ապա կարող է գոնե որդեգրել իշխող համաշխարհային քաղաքականության առաջադիմական իդեալները` երջանկություն կերտելով իր եւ դրացի ժողովուրդների համար: Իդեալները հարկավոր են ժողովրդի լայն զանգվածներին, որոնք նրանց կհաղորդեն իրական թե թվացյալ, բայց լիարժեք երջանկության բերկրանքը:

Ընդհանրապես, մարդը «պրոպագանդայի» արդյունք է: Ինչ իդեալ կքարոզվի, այնպիսինն էլ կկերտվի մարդը: Իդեալի դերն ու նշանակությունը մարդու կյանքում, լավագույնս, հասկացել և կիրառում է Միացյալ Նահանգները: ԱՄՆ իշխանությունները գիտակցում են, որ բոլորը չեն կարող հարուստ լինել, որ բոլորը չեն կարող հզոր և ճանաչված լինել, բայց բոլորն իրավունք ունեն երջանիկ զգալ իրենց: Երջանկության զգացում կարող է պարգևել նաև ազատության վայելքը: ԱՄՆ-ում հարգվում են մարդու իրավունքներն անխտիր, բայց առավել հարգվում է ?փոքր? մարդու իրավունքը: Չէ՞ որ «փոքր» մարդն առանց այդ էլ շատ սահմանափակ հնարավորություններ ունի իր իրավունքները գործադրելու: Որքան քիչ է ?փոքր? մարդու իրավունքները գործադրելու հնարավորությունը, նույնքան մեծ է նրա ազատության վայելքի սահմանը: Եթե հայությունը չկարողանա յուրացնել և իր շահերին ծառայեցնել արևմտյան քաղաքակրթության կողմից առաջ քաշված առաջադիմական իդեալները՝ դրանց շուրջ ձևավորելով ու կայացնելով հայ ժողովրդին, միևնույն է, այդ իդեալները կպարտադրվեն հայությանը, բայց արդեն նրան ծառայեցնելով այդ իդեալներին ու դրանց կրողներին, այնպես, ինչպես ծագումով հայ կայսրերը ծառայում էին Բյուզանդիային, Արտյոմ Միկոյանի ստեղծած ինքնաթիռները՝ ՍՍՀՄ հզորությանը, իսկ Շառլ Ազնավուրի երգը՝ ֆրանսիական մշակույթին:

Ինչպես բոլոր ժամանակներում որևէ հզոր քաղաքակրթության, այնպես էլ այսօր՝ ամերիկյան քաղաքակրթական քաղաքականությունն ուղղված հայությանը և նման կարգավիճակի մյուս ժողովուրդներին, հեռավոր նմանություն ունի հելլենների հարաբերություններին բարբարոսների հետ: Անշուշտ, նրանք ոչ հայերին, ոչ էլ մյուս ժողովուրդներին բարբարոսներ չեն դիտում, սակայն դրանից հարաբերությունների որակն ու պատկերը չի փոխվում: Նրանք միշտ պահպանում են էթիկայի նորմերը: Այլապես, ինչո՞վ բացատրել Հայաստանում ամերիկացիների իրականացրած ծրագրերը՝ ընտրությունների անցկացման, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և այլ հարցերի շուրջ: Այդպես, ժամանակին, ռուսական կամ սովետական իշխանությունն էր ծրագրեր իրականացնում` հայությանը պարտադրելով, օրինակ՝ թերթերի համընդհանուր բաժանորդագրություն: Այսօր, երբ ռուսական պարտադրանքը չի գործում, տեսնում ենք, թե ինչպես երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում, թերթերի առավելագույն տպաքանակը չի գերազանցում հինգ հազարը: Փաստորեն, հանրապետական մամուլում քննարկվող հասարակական, քաղաքական, մշակութային կամ գիտական որևէ խնդիր չի հետաքրքրում բնակչության մեծամասնությանը: Հայությունն այսօր նույնպես, որպես ժողովուրդ, գտնվում է կազմալուծված վիճակում: Սրա ապացույց է նաև բազմաթիվ հայրենակցական միությունների գոյությունը: Ընդհանրապես, ժողովուրդ հասկացությունը մարդկանց ավելի մեծ, ընդգրկուն միավոր է՝ համախմբված մեկ այնպիսի գերագույն նպատակի, իդեալի իրականացման համար, որը փոքրաթիվ մարդկանց խմբերն ի վիճակի չեն կենսագործել: Այսօր  հայկական էլիտան հայ հասարակության համար առաջ է քաշել և ձևավորել այնպիսի փոքր ու նսեմ իդեալ, որի իրականացման համար  մարդիկ կարծում են, թե բավարար է մաս կազմել որևէ հայրենակցական միության՝ և իդեալը կիրականանա:

Այսօր բարձր ու վեհ իդեալների դատարկություն է ոչ միայն հայության, այլև՝ աշխարհի շատ ժողովուրդների համար: Պատմությանը նայելիս, տեսնում ենք, որ մարդկության համար իդեալների համաշխարհային մեծ ճգնաժամ է եղել մեր թվարկության առաջին, տասնմեկերորդ դարերում, ինչպես նաև այսօր՝ քսանմեկերորդ դարում: Այն ժողովուրդները, ովքեր կարողացել են համախմբվել որևէ առաջադիմական իդեալի շուրջ, միշտ հաղթահարել են այդ ճգնաժամը և գոյատևել: Իսկ այն ժողովուրդները, որոնք չեն ստեղծել կամ որդեգրել որևէ նոր, ոգեշնչող իդեալ՝ դատապարտվել են մահվան: Հայ ժողովրդի պատմությունը հուշում է, որ հայությունը որպես ժողովուրդ կարող է կազմակերպվել և հանդես գալ միայն մի դեպքում՝ երբ նա դավանում է ազատության իդեալ: Այն պատմափուլերում, երբ հայությունը դադարել է հավատալ ազատության իդեալին, ձգտել այդ իդեալը փոխել այլ նյութական արժեքներով՝ չարաչար պատժվել է ճակատագրից՝ օտարների ձեռքով: Այսօր աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որոնք կարող են հպարտանալ, որ իրենք ձևավորվել են ազատության իդեալի իրականացման համար մղված պայքարի արդյունքում: Ազատության իդեալի նկատմամբ հայերի պաշտամունքն այնքան մեծ էր, որ նրանք, որպես ժողովուրդ, իրենց կոչեցին ազատության առաջնորդի՝ Հայկի անունով: Ազատության նման պաշտամունք չեն ունեցել ոչ միայն հին աշխարհի ժողովուրդները, այլև մերօրյա ազատության դրոշակակիր ամերիկացիները: Այո, ամերիկյան ժողովուրդն, իսկապես, ձևավորվել է ազատության համար պայքարում, ազատության իդեալի ներքո, և իրավամբ, կարող է կոչվել ազատության ժողովուրդ: Բայց ի տարբերություն հայերի, ամերիկացիներն իրենց ազատության առաջնորդի անունով կոչեցին ոչ թե իրենց, այլ՝ իրենց մայրաքաղաքը: Իհարկե, անցյալով հպարտանալը անմիտ զբաղմունք է՝ եթե այն չի ծառայում ներկային: Հայությունն իր ձևավորման օրվանից ոչ միայն իր հոգում կրել է ազատության իդեալը, այլև ճակատագրի կամքով իրականացրել է որոշակի միսիա՝ ազատություն և առաջադիմություն ապահովել Կովկասի հարևան ժողովուրդների համար: Հայ ժողովուրդը տարածաշրջանում եղել է ազատության, խաղաղության և առաջադիմության ջահակիր: Դեռևս Արտաշես արքայի օրոք, կովկասյան տարածաշրջանի կարգուկանոնը, խաղաղությունը և առաջադիմությունն ապահովել է հայկական պետությունը: Հայ ժողովուրդը, տարածաշրջանում դարեր շարունակ լինելով քրիստոնեական քաղաքակրթության դրոշակակիրն ու առաջամարտիկը, պաշտպանել և հովանավորել է Վրաց և Աղվանից եկեղեցիներին: Նա քրիստոնեական արժեքներն ու մշակույթն է տարածել Կովկասի հյուսիսային ժողովուրդների մոտ, զենքը ձեռքին պաշտպանել ոչ միայն իր, այլև վրաց և աղվան ժողովուրդների դավանանքի ազատությունը: Պատմական հիշատակություն կա այն մասին, թե Մաշտոցն է ստեղծել հարևան ժողովուրդների այբուբենը: Հայոց Այրուձին, դարեր շարունակ հսկել է Դարիալի կիրճը՝ պաշտպանելով Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի խաղաղությունը, որի համար ռոճիկ է ստացել Հռոմեական և Պարսկական պետություններից: Քանի դեռ հայությունը դավանում էր ազատության իդեալներ և հավատում հարևան ժողովուրդների նկատմամբ ունեցած իր առաքելությանը՝ վտանգված չէր և նրա գոյությունը: Լավ կամ վատ՝ հայ ժողովուրդը հարևանների նկատմամբ իր միսիան իրականացրեց, մոտավորապես, մինչև տասնմեկերորդ դարը: Սակայն եղավ մի պահ, երբ հայության մոտ թուլացավ հավատն ազատության իդեալի նկատմամբ և Բյուզանդիան, օգտվելով դրանից, փորձեց տարածաշրջանի լիդեր դարձնել իր հավատակից Վրաստանին: Բյուզանդիայի կողմից  Վրաստանի վրա դրվեց այն միսիան, որը մինչ այդ իրականացնում էր հայ ժողովուրդը: Հետագա հազարամյա պատմությունը ցույց տվեց, որ Վրաստանն ի վիճակի չեղավ իրականացնել այդ միսիան: Նախ՝ ասպարեզից վերացավ աղվանական ժողովուրդը: Հայաթափվեց Հայաստանը:

Փոփոխություն կրեց տարածաշրջանի էթնիկական կազմը: Տարածաշրջանում վերացավ խաղաղությունն ու կարգուկանոնը: Քրիստոնեական հավատից ու մշակույթից հրաժարվեցին և դավանափոխ լինելով՝ իսլամացան Կովկասի հյուսիսային շատ ժողովուրդներ: Վրացիները չկարողացան պաշտպանել նույնիսկ իրենց քաղկեդոնական հավատը. նրանց մի մասը մուսուլման դարձավ: Վերացավ Վրաց միասնական պետությունը, որը երկար ժամանակ պաշտպանվում էր հայ զինվորի օգնությամբ: Փաստորեն, վրացական ազգային էլիտան, չկարողացավ իրականացնել տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ ունեցած իր միսիան, օգտագործեց այդ կարգավիճակը, թեկուզ փոքր և մասնատված, բայց սեփական պետությունների գոյությունն ապահովելու համար: Եթե դիտենք նեղ ազգային շահերի տեսանկյունից, սա լիովին արդարացված քաղաքականություն էր: Իհարկե, Բյուզանդիայի այդպիսի քայլն անհետևանք չմնաց հենց իր՝ Բյուզանդիայի համար: Հայ ժողովուրդը, մասնավորապես Հայկական Կիլիկիան, իր մեծ ներդրումն ունեցավ Բյուզանդիայի կործանման գործում: Հետագայում, Ռուսաստանը նվաճելով Կովկասը և իրեն համարելով Բյուզանդական կայսրության ժառանգորդ, որդեգրեց նույն բյուզանդական քաղաքականությունը՝ տարածաշրջանի լիդեր տեսնելով Վրաստանին: Թե ի՞նչ ճակատագիր կունենա Ռուսական կայսրությունը՝ ժամանակը ցույց կտա: Իսկ հայ ժողովուրդը 1988թ. սկսած պայքարը պետք է հասցնի իր տրամաբանական ավարտին: Թե ի՞նչ են շահում կամ կորցնում կայսրությունները՝ նման քաղաքականության արդյունքում, թող որոշեն նրանց քաղաքագետներն ու պատմաբանները, բայց որ տարածաշրջանը դրանից միայն տուժել է՝ փաստ է: Հուսով եմ, արևմտյան քաղաքակրթության լիդերները չեն կրկնի Բյուզանդիայի և Ռուսաստանի կատարած վրիպումները, այլ կիրականացնեն Հռոմեական կայսրության կառավարման մոդելը: Մինչ օրս Կովկասը նման է եռացող կաթսայի: Չեն դադարում ազգամիջյան թշնամանքն ու ռազմական բախումները: Այս պայմաններում, հայ ժողովուրդը չի կարող հույս ունենալ ոչ խաղաղ գոյության, ոչ էլ, առավել ևս, զարգացման և առաջադիմության: Որպեսզի հայությունը սեփական երկրում, իր սերունդների համար կարողանա ապահովել խաղաղ և բարեկեցիկ կյանք, պետք է չհրաժարվի հարևան ժողովուրդների նկատմամբ ունեցած պարտականություններից ու միայնակ կերտի իր ապագան: Դա նրան ոչ ոք թույլ չի տա:

——————————————————————————————

Պատմություն

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ DEJA VU

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի պետական պատվերով նկարահանված «Սարդարապատ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսն արգելվել է: Այն նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 26-ին եւ 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Հետք» էլետրոնային թերթի խնդրանքով Տիգրան  Խզմալյանը տրամադրել է ֆիլմի սցենարը, որը ներկայացնում ենք նաեւ «Դեմո»-ի ընթերցողներին:

1918 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը, ժամը 11-անց 11 րոպեին հանդիսավորապես հայտարարվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: Այդ օրացուցային պաթոսն արտացոլում էր հաղթողների այն միամիտ պատրանքը, թե մարդկային պատմության մեջ այլեւս երբեք չի կրկնվի այդպիսի սարսափելի սխալ, որը 10 միլիոն կյանք խլեց, քարտեզից ջնջեց չորս հսկայական կայսրություն եւ ոչնչացման եզրին հասցրեց մի քանի ազգի:

Ինչպես հայտնի է` այդ պատրանքը դիմացավ ընդամենը 20 տարի` մինչեւ Երկրորդ աշխարհամարտի սկիզբը, սակայն մինչ այդ Առաջին համաշխարհային պատերազմի շատ մարտեր հավերժացան մարդկային պատմության մեջ` Սոմն ու Իպրը, Վերդենն ու Գալապոլին: Ի տարբերություն դրանց` աշխարհի համար գրեթե անհայտ մնաց Արաքս գետի մերձափնյա երկաթուղային փոքրիկ կայարանի մոտ հինգ օր տեւած մի ճակատամարտ, որը կանխորոշեց կովկասյան երեք երկրների ու նրանց մայրաքաղաքների ճակատագիրը, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի ապագան: Այս կայարանն այսօր էլ կոչվում է Սարդարապատ:

20-րդ դարը պատմության մեջ ներխուժեց երկաթգծով: Առաջին աշխարհամարտը եւս երկաթուղիների պատերազմ էր: Երկաթե մարդկանց ձեռքով գծված երկաթե քարտեզներով երկաթե գնացքները սլանում էին երկաթե գծերով` անիվների տակ ճզմելով ճանապարհին պատահած փոքրիկ երկրները, ազգերին ու ճակատագրերը: Պատահական չէ, որ Օսմանյան Թուրքիայում պատերազմի ու Հայոց ցեղասպանության ուղիները նույնպես համընկնում էին երկաթուղու գծերին: Պատահական չէ, որ մասնատված Հայաստանի տարածքում այդ պատերազմն ու ցեղասպանությունը կասեցվեցին հենց երկաթուղային կայարանում:

Փորձենք անցնել այդ ճանապարհը…

1918 թվականի գարնանը` չորսամյա համաշխարհային մսաղացից հետո, բոլոր մարտնչող ազգերը հոգեվարքի մեջ էին:

Հեղափոխվող Ռուսաստանը հրաժարվեց եւ պատերազմից, եւ միլիոնավոր զոհերի գնով նվաճած տարածքներից` փլվող կայսրության արեւմուտքը հանձնելով Գերմանիային, իսկ հարավը` Թուրքիային:

Ֆրանսիական զորքը նահանջել էր մինչեւ Փարիզի արվարձանները եւ վերջին ճիգերով հետ էր մղում գերմանական գրոհները:

Բրիտանիան իր բանակի մեծ մասը հանել էր եվրոպական ռազմաճակատից եւ ուղարկել Արաբիա, Եգիպտոս ու Հնդկաստան` իր գաղութները պաշտպանելու: Սակայն գրեթե թվացյալ հաղթանակի հասած Գերմանիան նույնպես կաթվածահար վիճակում էր: Տասնամյակներ անց որոշ վերլուծաբաններ մատնանշում էին երկու գործիչների անուններ, որոնց պատճառով կայզերական Գերմանիան արդեն գրեթե հաղթած պատերազմում պարտություն կրեց: Առաջինն ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն էր, ով երկրի սահմանադրությունից հանեց ամերիկյան զորքն արտասահման ուղարկելու արգելքը` այսպիսով Գերմանիայի դեմ բացելով երրորդ ռազմաճակատը:

Երկրորդ անձնավորությունը, ով գերմանական բանակին, նավատորմին եւ օդուժին զրկեց Կասպից ծովի նավթային պաշարներից` Բաքվի կոմունայի առաջնորդ Ստեփան Շահումյանն էր: Նա կատարելով Լենինի առաջադրանքը` առաջացող գերմանական զորքերին սպառնացել էր պայթեցնել ու այրել բոլոր նավթահորերը, ինչից հետո պատերազմը շարունակելը կդառնար անհնարին:

Ծանրագույն վիճակում հայտնվեց նաեւ Գերմանիայի հիմնական դաշնակիցը` Թուրքիան: Օսմանյան կայսրությունը պատերազմի ընթացքում կորցրել էր Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Արաբական Արեւելքի գրեթե բոլոր գաղութները, ուստի երիտթուրքերի կառավարությունն այժմ ձգտում էր իրագործել զինվորական նախարար Էնվեր Փաշայի եւ նրա գաղափարախոս-խորհրդատու Բեհաեդդին Շաքիրի արկածախնդիր ծրագիրը` Կովկասի, Ադրբեջանի ու Միջին Ասիայի տարածքներում համաթուրանական նոր գերտերության ստեղծումը: 1918 թ. ամռանը Բաթումի բանակցություններում դոկտոր Շաքիրը հայ պատվիրակությանն ասաց. «Հայերը կանգնած են մեր համաիսլամական եւ համաթուրքական սրբազան իդեալներու իրականացման ճամփու վրա, եւ մենք անխուսափելիորեն կբախվինք անոնց հետ: Ատիկա վեր է եւ դուրս է մեր անձնական զգացումներեն ու տրամադրություններեն: Մենք հարկադրված ենք տարերայնորեն ոչնչացնել մեր ճամփու վրայեն այն ամենը, ինչ որ արգելք կհանդիսանա մեր ազգային սրբազան իդեալներուն: Եվ հետո դուք միշտ ռուսներուն հետ եք. դուք անոնց առաջապահն եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են: Պատմական թշնամիները»1:

Դեպի Արեւելք այս ճակատագրական ցատկի համար 1918թ. գարնանը 10 միլիոնանոց թուրք ազգը հավաքագրեց 4-ամյա մսաղացից մնացած իր վերջին ուժերը: Բավական է ասել, որ այդ պահին Անդրկովկաս էին ուղարկվել Ստամբուլը պաշտպանող թուրքական 5 դիվիզիաները` սեփական մայրաքաղաքի ապահովությունը թողնելով ժամանակավոր դաշնակից Բուլղարիայի զորքին:

Այսպիսով` 1918թ. Կովկասյան ռազմաճակատում թուրքերն ունեին ընդամենը շուրջ 35 հազար զինվոր, որոնց աջակցում էին տեղական մուսուլման բնակչությունից կազմված անկանոն զինված խմբերը: Կովկասում թուրքական բանակի կորիզը դեռեւս պատերազմի սկզբին Ստամբուլի նեղուցներում բրիտանա-ավստրալիական դեսանտը ջախջախած ընտիր զորամասն էր, որ այդ հաղթանակի պատվին կրում էր «Գալաբոլու» (Դարդանել) անունը: Արեւելյան ճակատի հրամանատարն էր թուրքական բանակի ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող ֆերիկ` մարշալ` Վեհիբ փաշա Մոհամեդը: Արշավի նշանակությունն ավելի ընդգծելու համար ընդհանուր ռազմավարության մշակումը ստանձնել էր երիտթուրքերի եռապետության անդամ, ռազմական նախարար Էնվերը:

Իսկ ինչպիսի՞ն էին նրանց դիմակայող ուժերը, նախեւառաջ` հայկականը: Մեր թուլության եւ անպաշտպանվածության վտանգավոր առասպելն առաջացավ ավելի ուշ` քողարկելու համար մեր անճարությունն ու անկազմակերպությունը: Պատերազմի եւ ցեղասպանության նախօրեին հայերի թիվն աշխարհում շուրջ 5 միլիոն էր, այդ թվում` 2,5 միլիոնն Օսմանյան կայսրությունում, 1,5 միլիոնը՝ Ռուսաստանում, եւս 1 միլիոնը՝ Միջին Արեւելքի, Եվրոպայի, Ասիայի եւ Ամերիկայի երկրներում: Հայերն ունեին մի շարք քաղաքական կուսակցություններ, պատգամավորներ` տարբեր պետությունների խորհրդարաններում, հազարավոր եկեղեցիներ, հարյուրավոր բազմալեզու թերթեր ու ամսագրեր, քաղաքական ու ռազմական շատ բարձրաստիճան գործիչներ, միջազգային մակարդակի ֆինանսական ու տնտեսական վիթխարի կարողություն: Բավական է հիշատակել համաշխարհային նավթարտադրության եկամուտների 5 տոկոսի սեփականատեր Գալուստ Գյուլբենկյանի կամ առաջին միջմայրցամաքային Բաքու- Բաթում նավթամուղը կառուցած Լեւոն Մանթաշեւի անունները:

1914 թվականին` Առաջին համաշխարհային պատերազմի զորակոչին տարբեր երկրներում ներկայացավ շուրջ 300 000 հայ, ընդ որում միայն Ռուսաստանում` 200 000 զինվոր եւ 2000 սպա: Հետագայում շատ էր ասվում, որ մենք պատրաստ չեղանք դեպքերի զարգացմանը, չէինք սպասում անկախության հնարավորությանը: Բայց չէ՞ որ դեռ 18-րդ դարում հեռավոր Հնդկաստանում Շ. Շահամիրյանն արդեն գրում էր ապագա անկախ Հայաստանի սահմանադրությունը, իսկ Իսրայել Օրուց մինչեւ Լորիս-Մելիքով` հայ գործիչները ռուս կայսրերի հետ մշակում էին մեր ինքնավարության նախագծերը: Չէ՞ որ դեռեւս 1914 թ. նոյեմբերին Թիֆլիս ժամանած ռուս արքա Նիկոլայ 2-րդը հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ի հետ քննարկում էր պատերազմից հետո Արեւմտյան Հայաստանի 6 նահանգների եւ Կիլիկիայի տարածքում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը: Մի՞թե այս ամենից անտեղյակ էին հայ քաղաքական ու կուսակցական գործիչները, մտավորական ու տնտեսական վերնախավը: Եվ կատարվեց այն, ինչը մեր ազգային ու համաշխարհային պատմության մեջ գրանցվեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մեր ողբերգությունն սկսվեց ոչ 1915 թվականին եւ միգուցե շարունակվում է առայսօր, քանի որ չեն վերացել մեր մեջ արմատացած հիմնական պատճառները: 1918թ. գարնանը հայությունը պառակտված ու բեւեռացած մի հասարակություն էր` լցված աղքատների ու հարուստների դասակարգային ատելությամբ, սոցիալական անարդարությամբ, ժողովրդի ու ղեկավարների միջեւ աճող օտարությամբ, կաշառակերությամբ ու կոռուպցիայով, կուսակցական գզվռտոցով, քաղաքական մանր նկրտումներով, գաղափարական սնանկությամբ, օլիգարխների նյութապաշտությամբ ու ագահությամբ, մամուլի ու մտավորականների թուլությամբ կամ ծախվածությամբ, բոլոր տեսակի վերնախավերի բացակայությամբ կամ լավագույն դեպքում` ազգի առջեւ ծառացող ահեղ խնդիրներին նրանց բացարձակ անհամապատասխանությամբ: Սարդարապատի թանգարանում հերոսամարտի զենքերի կողքին ցուցադրվում են 20-րդ դարասկզբի ազգային կյանքի ու կենցաղի նմուշները` գութան ու խնոցի, գորգ ու ժանյակ: Դրանց շարքում ես նկատեցի ժողովրդական հին, պարզ ու խորիմաստ մի զվարճանք` կոշկատակերի կտորներից ձեւած-կտրած տիկնիկներ, ստվերների թատրոնի հավերժական հերոսներին` խելոք ու հիմար, աղքատ ու հարուստ: Ի՛նչ քիչ են փոխվել մարդիկ, ի՛նչ նման են իրար դարաշրջանները: Հատկապես` XX եւ XXI դարասկիզբները: Պատերազմի ու հեղափոխության պատճառով փլուզված Ռուսական կայսրության փոխարեն Կովկասում առաջացավ հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին միավորող դաշինք` Անդրկովկասյան սեյմը: Այս տարօրինակ միավորման անբնականությունը գալիս էր նրանից, որ դաշնակից ազգերը գտնվում էին տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացման միանգամայն տարբեր փուլերում, իսկ նրանց ղեկավարներն ունեին բացարձակապես տարբեր ու իրարամերժ նպատակներ: Վրաստանում հեղափոխությունից հետո իրենց ժողովրդավար հռչակած հին ազնվական ցեղերի ներկայացուցիչներ Ծերեթելին, Չխենկելին, Չխեիձեն, Ժորդանիան, Ռամիշվիլին, Գեորգաձեն, Գեգեչկորին, Դեդերիանին փորձառու ազգային գործիչներ էին, հմուտ ու ճկուն դիվանագետներ, սառն ու ճարպիկ քաղաքագետներ: Սեյմում Ադրբեջանը ներկայացնում էին խոշոր կալվածատերեր Խան-Խոյսկին, Ալի Բեյ Պեպինովը, Թոփչիբաշեւը, որոնք ձգտում էին պահպանել եւ ամրապնդել ֆեոդալական կարգերը: Իսկ հայ քաղաքական միտքը պառակտված էր Բաքվի` մեծամասամբ հայերից կազմված բանվորական դասակարգը ղեկավարող բոլշեւիկների եւ Թիֆլիսի հայ բուրժուաների ու Հայաստանի գյուղացիների վստահությունը վայելող այլ կուսակցությունների, հիմնականում` դաշնակների պատճառով: Սեյմում այս խայտաբղետ միավորումն ավելի անհամադրելի էր դառնում նաեւ մասնակիցների միանգամայն տարբեր արտաքին քաղաքականության պատճառով: Ադրբեջանցիները չէին թաքցնում Թուրքիայի հանդեպ իրենց խոր համակրանքը եւ եռանդով աջակցում էին երիտթուրքերի համաթուրանական ծրագրին: Կովկասում սկսված պատերազմի օրերին նրանք անվերապահորեն կատարում էին Թուրքիայի 5-րդ շարասյան դերը, իսկ ադրբեջանական կանոնավոր զորամասը 1918 թ. ամռանը ողջ կազմով անցավ թուրքերի կողմը:

Վրացիներն իրենց հերթին ազգային դիվանագիտությունը կառուցում էին երկու գործոնների վրա` սեւծովյան նավահանգիստների առկայության եւ Ռուսաստանի ազդեցությունից հօգուտ գերմանա-թուրքական դաշինքի ազատվելու: Կովկասյան ճակատում վրացական բանակը շարունակ փորձում էր չեզոքություն պահպանել: Միակ դեպքը, երբ այդ բանակը դիմեց մարտական լուրջ գործողությունների` 1918 թվականի դեկտեմբերն էր` Առաջին աշխարհամարտի ավարտից մեկ ամիս անց, երբ գեներալ Ծուլուկիձեի 12-հազարանոց զորքը զրահագնացքով ներխուժեց Հայաստան եւ փորձեց Ջավախքից բացի գրավել նաեւ Լոռին, մինչեւ որ Սանահին կայարանում գեներալ Դրաստամատ Կանայանի 6-հազարանոց հայկական կորպուսը կանգնեցրեց գրոհը եւ վրացիներին հետ մղեց մինչեւ Սադախլո կայարան, որտեղով այսօր էլ անցնում է սահմանը:

Իսկ ո՞վ էր ներկայացնում հայ ժողովրդի շահերը Անդրկովկասյան սեյմում եւ Հայոց ազգային խորհրդում: Իմիջիայլոց վերջինս հայ-թուրքական ողջ պատերազմի ընթացքում նստում ու գործում էր Թիֆլիսում, իր ազգի եւ բանակի հետ առնչվելով հիմնականում հեռագրերով ու անկայուն հեռախոսակապով:

Պատմաբան Լեոյի, բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, ինչպես նաեւ նույն այդ ղեկավարների կազմից որոշ անկեղծ մարդկանց բնութագրմամբ` դա վարժապետների ու լրագրողների, միամիտ ու անպատրաստ մարդկանց մի խումբ էր, որոնց մեջ լավագույն դեպքում կային համեստ ու ազնիվ Արամի ու Ռուբենի նման արեւմտահայերի հերոսական ինքնապաշտպանությունը կազմակերպած գործիչներ, բայց ավելի շատ էին նրանց հետ հաշվի չնստող միջակությունները` բժիշկ Զավրիեւի, հրապարակախոսներ Ահարոնյանի ու Խատիսովի, նախկին ճարտարապետ Քաջազնունու, հաշվապահ Կարճիկյանի, Գրուզինյան-Վրացյանի պես:

Դաշնակցական Մինաս Տեր-Մինասյանի` նույն ինքը Ռուբենի հուշերում կարդում ենք. «Ազգերի, այսպես ասած, «ալան-թալանի» վայրկյանին, երբ անհատի դերը մեծ էր, հայերը չունեին ո՞չ Պետերբուրգում եւ ո՞չ էլ Կովկասում մի պաշտոնական անձ, ձեւակերպելու ու ընթացք տալու իրենց պահանջներին: Այս հանգամանքը շեշտեցի նրա համար, որովհետեւ Անդրկովկասյան երկրամասում ներկա սահմանային դրությունները հետեւանքն են մեր ցուցադրած ապիկարության ու անկարողության….»2:

Ամենազարհուրելին այն է, որ այս պայմաններում մեր վերնախավը անթաքույց թշնամաբար տրամադրված ազերի ու վրաց «դաշնակիցների» տրամադրությանը հանձնեց հայ ժողովրդի փրկության միակ ու ամենաթանկ միջոցը` հայոց բանակը:

Անգամ կոպիտ հաշվարկով հայոց բանակն այդ պահին ուներ 30 հազար զինվոր ու մոտ 1000 սպա եւ Կովկասի զինված ուժերի շարքում ամենապատրաստվածն ու մարտունակն էր: Լեոն գրել է. «Վրացիները մեծ հույս ունեին հայ զորքերի ու հայդուկային խմբերի քաջության ու դիմացկունության վրա: Նրանցից ոմանք մեզ ասում էին, թե իրանց սպասելիքը մեր զինվորներից ավելի շատ է, քան իրենց զինվորներից»3:

Սակայն չնայած դրան կամ միգուցե հենց այդ պատճառով` Անդրկովկասյան սեյմի իրար հաջորդող բոլոր կառավարությունների կազմում վարչապետի, ռազմական նախարարի, արտաքին ու ներքին գործերի ղեկավար պաշտոնները մշտապես ստանձնում էին վրացիները` Գեգեչկորին, ապա Չխենկելին, Գեորգաձեն, Մդիվանին, Օդիշելիձեն: Միաժամանակ ազերիներին տրվում էին կապի, տրանսպորտի ու հաղորդակցության նախարարությունները, մինչդեռ հայերը բավարարվում էին ֆինանսների, պարենի ու խնայողությունների նախարարություններով: Հայ ղեկավարներից Ալեքսանդր Խատիսովն իր հուշերում, արդեն Խատիսյան ազգանունով, խոստովանում է.

«Անդրկովկասյան իշխանության զինվորական ղեկավարությունը հայերի ձեռքը չէր, ուստի այն կծառայեր հակահայկական, այսինքն` ռազմաճակատին հակառակ նպատակների: Որովհետեւ թաթարները պարզապես թուրքերի կողմն էին, իսկ վրացիները` անոնց ուժ կուտային փաստորեն: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ երկաթուղիներն ալ հայերու ձեռքը չէին, այլ թաթարներու ու վրացիներու, որոնք կմերժեին մեզ վագոններ տալ ճակատ զորք փոխադրելու համար»4:

Եվ գանգատվողը տարածաշրջանում ամենամարտունակ զորք ունեցող ազգի ղեկավարն է… Ո՞վ էր մեղավոր այս հանցագործ անհեթեթության համար` թուրքե՞րը, վրացինե՞րը, ազերինե՞րը: Բնավ ո՛չ: Նրանք պաշտպանում էին սեփական ազգային ու դասակարգային շահերը եւ ինչպես պարզ դարձավ ընդամենը 1-2 տարի անց` մեզնից շատ ավելի լավ: Մեր դժբախտությունների ու սխալների մեղավորները միայն մենք ենք:

Իսկ կա՞ր, արդյոք, այլընտրանք այն վտանգավոր ու անհեռատես քաղաքական գծին, որը Թիֆլիսում վարում էր Ազգային խորհուրդը: 1917 թ. դեկտեմբերին հայ քաղաքական գործիչներից Ռուբենը /Մինաս Տեր-Մինասյան/, որ Թիֆլիսում գլխավորում էր հայկական զինված ուժերը, եւ Արամ Մանուկյանը, որ Երեւանի նահանգում տնօրինում էր հայոց զորքը, հանդիպումներ ունեցան Ռուսաստանի կողմից Կովկասի արտակարգ կոմիսար նշանակված, Բաքվի Սովետի նախագահ Ստեփան Շահումյանի հետ: Սա պատմական եզակի հնարավորություն էր` միավորելու Կովկասի հայկական զինված ուժերը եւ շուրջ 60-հազարանոց բանակով վերահսկելու ամբողջ տարածաշրջանը` այն փրկելով թուրքական զավթումից եւ ապահովելով Հայաստանի համար առավել նպաստավոր դիրքը հետպատերազմյան տարածքային կարգավորման ժամանակ…

Սակայն դա տեղի չունեցավ: Արամի ու Ռուբենի հորդորները մերժվեցին բյուրոյի մեծամասնության ձայներով: Սիմոն Վրացյանն իր հուշերում դա հաստատում է.

«Կային մարդիկ, որոնք այդ օրերին ցույց էին տալիս Խորհրդային Ռուսաստանի ճամփան, առաջարկելով ձեռք մեկնել բոլշեւիկներին… Այս տրամադրություններին որոշ չափով նպաստում էին եւ Թիֆլիսում ստացվող աղոտ լուրերը, որ իբր թե Լենինն առանձին դեկրետով հայտարարել է Հայաստանի անկախությունը: Սակայն այդ մտքի անհեթեթությունը այնքան էր ակներեւ… Ռուսաստանը շատ էր հեռու, իսկ բոլշեւիկների ուժը` ավելի քան խնդրական…»5:

Հետաքրքիր է, որ ընդամենը 2 տարի անց, երբ Կարմիր բանակը շքերթով մտավ Երեւան, այդ նույն մարդկանց արդեն ոչ Ռուսաստանն էր հեռու թվում, ոչ էլ բոլշեւիկների ուժը` խնդրական: Սակայն այդ երկու տարիները դեռեւս առջեւում էին, իսկ տվյալ պահին հայ վերնախավն ընդունեց ճակատագրական որոշում` ենթարկվել ոչ թե Արամի ու Ռուբենի հորդորներին, այլ վրաց-ադրբեջանական սեյմի որոշմանը, որի խոսնակներ Օնիշվիլին ու Չխեիձեն հայտարարում էին, թե ավելի լավ է ընկնել Թուրքիայի, քան Ռուսաստանի գիրկը:

Ճակատագրի հեգնանքով` այս խոսքերը բառացի կրկնությունն էին 5 դար առաջ Կոստանդնուպոլսի անկման նախօրեին բյուզանդացիների ասածի, թե լավ է խոնարհվել թուրքական չալմայի, քան հռոմեական թագի առջեւ: Հրաժարվելով արեւմտյան օգնությունից ու փոշիացնելով սեփական ուժերը` Բյուզանդիան 1453 թվականին տապալվեց թուրքերի հարվածներից ու անհետացավ աշխարհի երեսից:

Այսպիսին էր իրականությունը, երբ թուրքերը 1918 թ. գարնանը հավաքելով շուրջ 35 հազար մարտունակ զինվոր` շարժվում էին դեպի Կովկաս:

Նապոլեոնյան նվաճումներից մինչեւ հիտլերյան զավթումները` նորագույն պատմությունը չգիտի մեկ այլ դեպք, որ համեմատաբար փոքրաթիվ բանակը 2 ամսվա ընթացքում կարողանա նվաճել շուրջ 200 000 քառակուսի կիլոմետր տարածք` գրավելով մի քանի անառիկ բերդաքաղաք, զինաթափելով կայազորի տասնյակ հազարավոր զինվորներին եւ առգրավելով անթիվ զենք ու մթերք: Ահա այդ ռազմարշավի համառոտ նկարագիրը. 1918 թ. մարտի 12-ին ընկավ Էրզրումը, ապրիլի 5-ին` Սարիղամիշը, ապրիլի 14-ին թուրքերը մտան Բաթում, ապրիլի 25-ին հանձնվեց Կարսը, մայիսի 15-ին հայերը թողեցին Ալեքսանդրապոլը:

Ինչպե՞ս կատարվեց այդ խայտառակությունը: Այս հարցը նույն օրերին տալիս էր դաշնակցական «Աշխատանք» թերթն ու պատասխանում. «Ըսել, որ թշնամին գերազանց ուժն էր, որ մերոնց հարկադրեց քաղաքը թողուլ. – ո՞չ երբեք, որովհետեւ անիկա հազիվ 4 000 հոգի ըլլար, իսկ մեր զինվորներուն թիվը 9-10 000 կհասներ: Ըսել, որ պետք եղած անհրաժեշտ ռազմամթերքը կպակսեր` ամենեւին ոչ, որովհետեւ հոն այնքան ռազմանյութ կար, որ նույնիսկ հսկողության տակ պահել կարելի չէր: Ըսել, որ թշնամիի դիրքերը մերոնցմե ավելի նպաստավոր էին, նույնպես ճիշտ չէ, որովհետեւ մերոնք 500-ե ավելի թնդանոթներով ապահովված բերդերով շրջապատված էին, մինչդեռ թշնամին բաց դաշտին մեջ կկռվեր…»6:

Հայտնի երգիծաբան Լեռ Կամսարն իր «Ազգային Այբբենարանում» դառը հեգնանքով նկարագրեց Կարին-Էրզրումի անկումը. «Տաճիկի ուժը կբաղկանար 300 զինվորներէ, որոնց կառաջնորդէին նույն թվով շվաքները անոնց առաջնին ընկած: Խորամանկ տաճիկը իր հարձակման ատենները դիտմամբ երեկո էր ընտրեր, երբ շվաքները երկար կըլլան ու ահարկու: Երբ Տաճիկը Կարնո պատին մոտեցավ, 600 թնդանոթները մեկեն… լռեցին: Կռվին հաջողությունը մեր կողմն էր դարձել, երբ արեւի տաք ժամանակ հանկարծ մեր զորաց շվաքները դավաճանությամբ կռվողներու ետեւեն անցան: Այս դեպքը լքում առաջացուց մերիններուն մեջ եւ զորքը կռնակ դարձնելով փախավ: Տաճիկը մեր թնդանոթներու տեղատարափ լռության տակ քաղաք մտավ…»7:

Իհարկե, արցունքները թաքցնող այս ծիծաղն ուռճացնում էր իրողությունը, բայց ոչ անճանաչելիության աստիճան: Գրեթե նույն պատկերը կրկնվեց 20 օր անց Սարիղամիշում, իսկ 40 օր անց` Կարսում:

Իսկ այլ կերպ ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է լիներ, եթե հայոց հազարամյա Կարին-Էրզրում ու Կարս բերդաքաղաքների ռազմական ղեկավարությունն ու պաշտպանությունը Հայոց ազգային խորհուրդը վստահեց ու հանձնեց օտարներին` Էրզրումի քաղաքապետ մենշեւիկ Ստավրոնսկուն, փոխքաղաքապետ մուսավաթական Ալի Բեյ Պեպինովին, կայազորի պարետ գեներալ Օդիշելիձեին եւ հրետանու հրամանատար շտաբս-կապիտան Տվերդոխլեբովին: Ոչ, մեկ հայ էլ կար` քաղաքի միլպետ Արմենակ Միրոյանը, որն աչքի ընկավ բերդի զենքն ու պարենը ամիսներ շարունակ վաճառելով շրջակա գյուղերի մուսուլմաններին: Իհարկե, կային հայ գործիչներ, որ անգամ այդ պայմաններում փորձում էին պաշտպանել Հայրենիքը: Այդպիսին էին հայդուկային ջոկատների հրամանատարներ Սեբաստացի Մուրադն ու Սեպուհը, որոնք պաշարման նախօրեին առաջարկեցին գիշերային հարձակում կազմակերպել թուրքերի թիկունքի վրա` համակարգելով այն բերդի մարտկոցների կրակի հետ: Սակայն Սարիղամիշի գծի հրամանատար գեներալ Արեշյանն առաջարկը համարեց «անիրական», իսկ հերոս պարտիզանների ջոկատները` «անվստահելի ու անկանոն» խմբավորումներ… Զայրացած Սեպուհն ու Մուրադը իրենց ձիավորներով հեռացան:

Այլ օրինակ. զորավար Թորգոմը դեռեւս հունվարի 25-ին տեսնելով Էրզրումի ղեկավարության հայատյաց ու դավաճանական կեցվածքը` ըմբոստացավ ու քաղաքում հռչակեց հայկական անկախություն եւ ինքնավարություն: Նրան ձերբակալեցին եւ ուղարկեցին Թիֆլիս, որտեղ Հայոց ազգային խորհուրդը չհամաձայնեցված անկախություն հռչակելու համար զրկեց նրան գնդապետի ուսադիրներից եւ կոչումն իջեցրեց մինչեւ տասնապետ:

Ամոթալի կերպով հանձնվեց եւ Կարսի բերդը: Թուրքերի միակ լուրջ գրոհը տեղի ունեցավ ապրիլի 24-ին, որը հաջողությամբ հետ մղեց Թիֆլիսի դպրոցների շրջանավարտներից կազմված եւ ռուս գեներալ Դեեւի հրամանատարության տակ գործող հայկական հրետանին: Թուրքերը նահանջեցին` հարյուրավոր դիակներ թողնելով Հարամ-Վարդան կոչվող մարտկոցի դիմաց: Սակայն մյուս առավոտ, ապրիլի 25-ին, Անդրկովկասյան կառավարության նախագահ Ակակի Չխենկելին Կարսի պաշտպանության հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկովին հեռագրով կարգադրեց անառիկ բերդաքաղաքը հանձնել թուրքերին: Եվ Նազարբեկովը, չնայած հերոսական ու հաջող դիմադրությանը, հրամայում է հանձնել Կարսը` հիմք ընդունելով ընդամենը մի հեռագիր… Աննախադեպ դեպք` պատմության մեջ:

Ինչպես հետո գրեց Սիմոն Վրացյանը` «Ոչ ոք տեղեկություն չուներ Չխենկելու արած քայլերի մասին: Եվ, ինչ որ պակաս տարօրինակ չէ, հեռագրական կապն էլ հայկական զորքի եւ Հայոց խորհրդի միջեւ կտրված էր, եւ Թիֆլիսում մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում հայկական ռազմաճակատում…»8:

Այս խայտառակությունը քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ առաջացրեց: Թիֆլիսում հայ նախարարներն՝ ի նշան բողոքի, անգամ հրաժարական ներկայացրին, եւ վարչապետ Չխենկելին այնքան ցնցվեց նրանց սկզբունքայնությունից, որ ինքն էլ պատրաստակամություն հայտնեց թողնել իր պաշտոնը ու այն առաջարկեց հայ գործիչներից մեկին, օրինակ` ընկեր Քաջազնունուն: Վրացյանը գրեց, որ հայերը, բնականաբար, հրաժարվեցին: Ճիշտն ասած` մեզ համար այսօր դժվար է հասկանալ` ինչո՞ւ հրաժարվեցին հայերը եւ, հատկապես` ինչո՞ւ, բնականաբար: Ինչեւէ` Չխենկելին մնաց վարչապետ, երեք հայ նախարարները հետ վերցրին իրենց դիմումները` մնալով վրացա-ադրբեջանա-հայ կառավարության կազմում, Կարսն էլ մնաց թուրքերին… Իսկ 20 օր անց հանձնվեց նաեւ Ալեքսանդրապոլը:

Վերջինիս անկումը, թերեւս, վերոնշյալ բոլոր պարտությունների ու դավաճանությունների խայտառակ շղթայի «պսակն» է:

Կարսի գրավումից հետո թուրքերը տիրացան երկաթուղային հանգույցին, որից ուղիղ ու հուսալի ճամփաներ էին բացվում բոլոր ուղղություններով` հյուսիսով դեպի Թիֆլիս, հարավով` դեպի Երեւան ու Թավրիզ /Արաքսի հովտով/, արեւելքով` դեպի Գանձակ ու Բաքու:

1918 թ. մայիսի 13-ին Բաթումի բանակցություններում թուրքերը պահանջեցին իրենց տրամադրել Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգիծը:

Թուրքերից, վրացիներից, ադրբեջանցիներից բազմիցս խաբված, բայց այդպես էլ ոչինչ չսովորած հայ դիվանագետները Բաթումից գրում էին Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին: Քաջազնունի. «…Իմ մեջ /կարծեմ նաեւ Խատիսովի մեջ/ այն համոզմունքը գոյացավ, որ թուրքերն այս անգամ չեն ստում, որ նրանց իսկապես որ խիստ անհրաժեշտ է անցնել Թավրիզ, եւ որ տվյալ, համենայն դեպս, պահին նրանք ուրիշ նկատառումներ ու դիտավորություններ չունեն…»9:

O Sancta Simplicita! սուրբ միամտություն, հիմարության հոմանիշ… Ընդամենը երկու շաբաթ անց Բաթումի բանակցություններում թուրք պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշան կուշտ անկեղծության պահին խելք է սովորեցնում նույն Խատիսովին. «Ճակատագիրը կը քշե Թուրքիան արեւելք: Մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաեւ Ափրիկայեն, բայց մենք պետք է տարածվենք դեպի արեւելք, հոն է մեր արյունը, մեր կրոնքը եւ լեզուն: Եվ ասիկա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Դաղստան, Թուրքեստան եւ Ադրպեճան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի հոն: Եվ դուք` հայերըդ, կանգնած եք մեր այդ ճամփուն վրա: Պահանջելով Վանը` դուք կը փակեք մեր ճամփան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը` դուք արգելք կը դառնաք մեզ իջնելու Քուռի հովիտը եւ երթալու Բաքու: Կարսն ու Ախալքալակը կը փակեն մեր ճամփան դեպի Ղազախ ու Գանձակ: Դուք պետք է մեկ կողմ քաշվեք եւ մեզ ճամփա տաք: Ահա թե ուր է մեր հիմնական վեճը… »10:

Այսպես` Սարդարապատի ճակատամարտից յոթ օր առաջ, մայիսի 15-ին թուրքերը վերջնագիր են ներկայացնում Կարսը հանձնած եւ Ալեքսանդրապոլը պաշտպանող նույն գեներալ Նազարբեկովին, ընդ որում` խորամանկորեն գրված պարսկերեն: Նազարբեկովը, որը հայերեն անգամ չգիտեր, Ալեքսանդրապոլի բերդի պարետ գնդապետ Յանկեւսկուն հանձնարարում է այն թարգմանել: Նա շտաբում պարսկերեն իմացող ոչ մի հայ սպա չի գտնում, քանի որ Զատիկի կապակցությամբ հրամանատարությունը նրանց բաց էր թողել քաղաք` տոնն ընտանիքների հետ անցկացնելու: Հիշեցնենք, որ թուրքերը 20 օր պաշարել էին Ալեքսանդրապոլը եւ արդեն քաղաքից հրացանի կրակոցի հեռավորության վրա էին: Սակայն ողբերգական անեկդոտը նոր է սկսվում: Կատարելով հրամանատարի առաջադրանքը` քաջ պարետը ավելի խելացի բան չի գտնում, քան թուրքերի մոտ գնալը, որպեսզի հենց նրանք էլ թարգմանեն սեփական վերջնագիրը: Տեսնելով պաշարված բերդի` սպիտակ դրոշով մոտեցող պարետին, թուրքերն անմիջապես հարձակվում են անպաշտպան մնացած քաղաքի վրա: Գեներալ Նազարբեկովը իր հրամանատարական «Մերսեդեսով» /ինչպես տեսնում ենք` գեներալների ճաշակը չի փոխվում/, փախուստի է դիմում դեպի Ջաջուռ կայարան, սակայն փախչող ժողովրդի պատճառով խցանման մեջ է ընկնում եւ ռուսերեն պահանջում ճանապարհը զիջել իրեն` գեներալ Նազարբեկովին: Լսելով նրա անունն ու կոչումը` մի անհայտ գյումրեցի նույնպես կիսառուսերեն սրամտում է. «Տո դու ի՞նչ գեներալ քաջ Նազար բեգով, դու գեներալ Նազադ բեգոմն էս»: Այս բառերն առանց թարգմանչի հասկանալով` հրամանատարն ամոթից հետ է դարձնում մեքենան ու վերադառնում քաղաք` կարգավորելու զորքի նահանջը:

Վերջին բերդաքաղաքի անփառունակ անկումը վերջնականապես կազմալուծեց հայոց քաղաքական ու զինվորական ղեկավարությունը11:

Սակայն հենց այդ փակուղային ու անելանելի թվացող իրավիճակը Հայաստանում զարմանալիորեն ստեղծեց միանգամայն նոր կացություն: Կորցնելով արտաքին աշխարհի հետ երկաթուղային կապը, հետեւաբար նաեւ Թիֆլիսում լռված իր տխրահռչակ ղեկավարների հետ, հայ ժողովուրդն սկսեց գործել ինքնուրույն, ապավինելով միայն սեփական ուժերին: Հենց դա էլ դարձավ ազգային փրկության գլխավոր խթանը:

1918 թ. մայիսի 19-ին թուրք պատվիրակության ղեկավար Խալիլ բեյը Բաթումում հայտարարեց, թե «հայերը պարտված են եւ պետք է ենթարկվեն»: Նույն օրը հայ պատվիրակներ Խատիսյանն ու Քաջազնունին հեռագրեցին Թիֆլիս` «Ազգային խորհրդին խորհուրդ տալով ռազմական դիմադրություն ցույց չտալ թուրքերին»12:

Իր հերթին Երեւանի քաղաքային խորհուրդն ընդունեց քաղաքագլուխ Թուշյանի առաջարկը` Երեւանն առանց դիմադրության հանձնել թուրքերի ողորմածությանը:

Մայիսի 20-ին Երեւանի զորամասի պետ գեներալ Մովսես Սիլիկովը զորքին հրամայեց թողնել Սուրմալուն ու Էջմիածինը, իսկ ինքն անձամբ գնաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանի մոտ եւ առաջարկեց իր օգնությունը` Մայր Աթոռը Սեւանի վանք տեղափոխելու համար: Սակայն Վեհափառ հայրապետը կտրուկ հրաժարվեց մեկնել, ասելով, որ եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կմեռնի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Էջմիածնից:

Սա բեկումնային պահ էր հայոց նոր պատմության մեջ: Կաթողիկոսի պատասխանը կայծակի արագությամբ տարածվեց բնակչության մեջ եւ նրա խիզախ կեցվածքը խոր տպավորություն գործեց զորքի ու ողջ ազգի վրա:

Փաստորեն գլխատված երկրում, ուր կառավարիչները ծառից պոկված տերեւի պես քարշ էին գալիս Թիֆլիսում, ուր գլխավոր հրամանատարը զորքի մեծ մասի հետ պատսպարվել էր Դիլիջանի անտառներում, որի մայրաքաղաքը պատրաստվում էր հանձնվել, միակ ձայնը, որ ժողովրդին կոչ արեց կռվել թշնամու դեմ` եկեղեցունն էր: Եվ այդ ձայնը հնչեց ոչ միայն վերացական, բանաստեղծական իմաստով: Մայիսի 22-ի առավոտյան Վեհափառ հայրապետ Գեւորգ Ե-ի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին, դրանց սկսեցին ձայնակցել մյուս եկեղեցիների զանգերը` Էջմիածնից մինչեւ Երեւան, Արագածից մինչեւ Սեւան: Ութ օր ու գիշեր շարունակ, անդադար, մինչեւ մայիսի 29-ը:

451 թվականից ի վեր, Ավարայրի ճակատամարտից հետո առաջին անգամ, 15 դար անց հայ ազգը նորից վեր կանգնեց ու համախմբվեց ժողովրդական պատերազմի համար: Բայց Հայ առաքելական եկեղեցու մասնակցությունն այս պայքարին չէր սահմանափակվում զանգերի ղողանջով:

Կուսակցական ու քաղաքական դատարկախոսների բացակայության ու դասալքության պայմաններում ինքնապաշտպանական պայքարը գլխավորեցին Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Էրզրումի հոգեւոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, վարդապետներ Եզնիկն ու Թադեւոսը, քահանա տեր Հովհաննես Տեր-Մկրտչյանը:

Մայիսի 22-ի վաղ առավոտյան Գարեգին եւ Զավեն եպիսկոպոսները ձիեր հեծած գնացին Էջմիածնի շրջանի Հայի Զեյվա ու Քյորփալու գյուղեր, որտեղ տեղակայված էր գնդապետ Պողոսբեկ Փիրումյանի գլխավորած 5-րդ գունդը /հիմնականում կազմված ղարաբաղցիներից/ եւ կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը` 10 թնդանոթով: Երկու եկեղեցականներն օրհնեցին զինվորներին եւ հորդորելով չենթարկվել նահանջելու հրամանին` զորամասը վերանվանեցին Մահապարտների գունդ: Ապա խաչերը բարձր պահած` նրանք զորքն առաջնորդեցին դեպի մարտի դաշտ: Այսպես սկսվեց Սարդարապատի հերոսական ճակատամարտը:

Ցերեկվա ժամը ուղիղ 12-ին կապիտան Իգիթխանյանի մարտկոցը կրակի տակ է առնում Ղամշլու /Արաքս/ կիսակայարանը եւ Կուլիբեյլի գյուղի տարածքում պատսպարված թուրքական զորքերը: Մահապարտների գունդը գրոհի է անցնում` բարձրաձայն երգելով «Գացողը ետ չեկավ, Բայբուրդ» կոտորածի ժամանակ տարածում գտած երգը: Աջ թեւից նրան միացավ Աղթամարի միաբանության վարդապետ Եզնիկի ջոկատը` կազմավորված ճեմարանի 500 սաներից, որոնք մարտի դաշտ եկան իրենց պատանքներով, նրանք նման էին խաչակիր ասպետներին: Նրանց մեջ կային հմուտ նշանաձիգներ, որոնք դիպուկ կրակոցներն այդ օրն ուղեկցում էին «Անտեր մնար Հասան լալեն, մեռնի Էնվեր փաշի բալեն» երգով: Կարելի է պատկերացնել, թե թուրքերի վրա ինչ տպավորություն էին թողնում զանգերի անդադար ղողանջների ներքո հարյուրավոր ձայներով երգող մահապարտների ու միաբանների սեւ շղթաները, որ մահաբեր կրակի տակ նորից ու նորից անցնում էին գրոհի:

Համարյա տարերայնորեն սկսված կռվի ղեկավարությունն ստանձնեց մարտի դաշտում կռվող հայ սպաներից ամենաբարձր զինվորական կոչում ունեցող գնդապետ Դանիելբեկ Փիրումյանը: Կռվի թեժ պահին նա հանկարծ հագի մոխրագույն զինվորական շինելը շուռ տվեց ու հագավ կարմիր աստառը դեպի դուրս եւ այսպես ոգեւորելով զինվորներին` անձամբ առաջ տարավ հարձակվող զորքը:

Սարդարապատի դաշտում այդ օրերին կարծես ներկայացված լինեին հայ ազգի անցյալ, ներկա ու ապագա փառքը: Ապագա գրող Ակսել Բակունցը եւ ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ապագա ակադեմիկոսներ Արարատ Ղարիբյանն ու Գրիգոր Ղափանցյանը: Մարտի դաշտում ուս-ուսի կռվում էին դաշնակներն ու բոլշեւիկները, հնչակյաններն ու ռամկավարները, հոգեւորականներն ու անգրագետ գյուղացիները: Սարդարապատում հայոց զորքը բաղկացած էր նաեւ Հայաստանում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչներից: Իրենց անսահման քաջությունը դրսեւորեցին Ջհանգիր աղայի ղեկավարած եզդի հեծյալները, հույն կապիտան Սակելյարիի եւ ռուս կապիտան Կլիչի հրետանային մարտկոցներն ու գնդացրային գումարտակները, գնդապետ Պերեկրյոստովի պարտիզանական գունդը եւ փոխգնդապետ Կորոլկովի հեծյալ կազակները, գերմանացի Ալեքս Շնեուրը` ահա Սարդարապատի մեր մարտական եղբայրների ոչ ամբողջ ցանկը:

Իսկ այդ նույն պահին` ճակատամարտի սկզբից մի քանի ժամ անց, Երեւանում հավաքված ղեկավարությունը դեռեւս քննարկում էր թշնամուն դիմադրելու նպատակահարմարության հարցը: Այդ մասին վկայում է Երեւանի ազգային խորհրդի նախագահ Ա.Շահխաթունին, իր հուշերում արձանագրելով, որ հավաքն անցնում էր Սարդարապատից լսվող թնդանոթների որոտի եւ եկեղեցիների զանգերի ձայնի ներքո. «Վերջապես հավաքվեցինք: Երկու վայրկյան հետո եկավ սպարապետ Նազարբեգյանը: Ներկա էր նաեւ գծից մասնավորապես եկած զորավար Սիլիկյանը: Երկու հարց կար` առաջինը նահանջել ու լքել Երեւանը…, երկրորդը` դիմել ամեն միջոցի, որպեսզի թույլ չտրվի տաճիկներին մտնելու Երեւան ու Էջմիածին»13:

Հիշենք, որ ղեկավարների նիստը կայանում էր մայիսի 22-ին, ճակատամարտի ընթացքում, երբ ժողովուրդն արդեն կայացրել էր մարտնչելու իր որոշումը, որից այդքան խուսափում էին պաշտոնյաները: Վրացյանը լրացնում է պատկերը. «Դիմադրությունը շատերին թվում էր անհնար ու անիմաստ: Հաղթության վստահություն չէին ներշնչում եւ մինչեւ այդ բանակից հասնող տեղեկությունները: Հոռետես զորավար Սիլիկյանի հաղորդագրությունները մռայլ գույներով էին ներկայացնում զորամասերի դիմադրական կարողությունները…»14:

Սակայն առանձնասենյակներից վերադառնանք մարտի դաշտ: Օրվա երկրորդ կեսին հասնում են փոխգնդապետ Կարաքեշիշյանի եւ կապիտան Կլիչի մարտկոցները` իրենց 28 թնդանոթներով, որոնք մահաբեր կրակ են բացում Սարդարապատ կայարանում դիրքավորված թուրքերի հիմնական ուժերի վրա: Ռումբերից մեկը պայթեցնում է կայարանի ջրհան աշտարակը եւ ջրից զրկված թուրքերը փորձում են տեղափոխվել ավելի բարենպաստ դիրքեր, սակայն ընկնում են Տաճատ Հովակիմյանի եւ Թեւիկ Առաքելյանի գնդացրային վաշտերի հնձիչ կրակահերթերի տակ: Քիչ անց գնդապետ Պերեկրյոստովի պարտիզանական գունդը երկաթգիծը հարավից շրջանցելով` անսպասելիորեն ներխուժում է կայարանի եւ գյուղի տարածք, իսկ Մահապարտների գունդը ճակատային հարձակում է սկսում թշնամու վրա:

Թուրքերը խուճապահար նահանջում են Ալեքսանդրապոլի ուղղությամբ եւ մինչեւ կեսգիշեր Սարդարապատից հեռանում շուրջ 20 կիլոմետր: Մարտի դաշտում մնում է 3500 ասկյարի դիակ, հիմնականում էլիտար համարվող «Գալիբոլու» դիվիզիայից, որը 3 տարի առաջ Դարդանելում ջախջախել էր բրիտանա-ավստրալիական դեսանտը, իսկ այդ օրը մահկանացուն կնքեց Սարդարապատում: Այդ օրը թուրքերի կորուստներն ավելի մեծ էին, քան նախորդ երեք ամսվա ընթացքում, երբ Էրզրումից մինչեւ Բաթում անցան զինվորական շքերթով: Հեշտությամբ նվաճած հզոր բերդաքաղաքներից հետո փոքրիկ կիսակայարանում կրած պարտությունը թուրքերի համար միանգամայն անսպասելի էր եւ նրանց ստիպեց կտրուկ փոխել ռազմարշավի մարտավարությունը: Եթե մինչ այդ նրանց կովկասյան բանակը բաժանված էր երեք մասի, որից մեկը հյուսիսով մոտենում էր Թիֆլիսին, մյուսը Գանձակով շարժվում դեպի Բաքու, իսկ երրորդը Երեւանով պատրաստվում հասնել Թավրիզ, ապա Սարդարապատի ճակատամարտը խառնեց այդ հսկայական ծրագրերը: Փաստորեն, այս աննշան երկաթուղային կիսակայարանը ճակատագրական կանգառ դարձավ երիտթուրքերի ողջ արեւելյան քաղաքականության ու գաղափարախոսության ճանապարհին: Հանդիպելով թվացյալ թիկունքում հայերի կատաղի դիմադրությանը` Վեհիբ փաշան հրամայեց դեպի Թիֆլիս շարժվող Ջավիդ փաշայի զորքին անմիջապես հետ դառնալ Հայաստան, իսկ Քյազիմ Ղարաբեկիրի եւ Հիլկի փաշայի բանակին` ընդհատել երթը դեպի Բաքու: Այսպիսով` փոքր ու անհայտ Սարդարապատը թուրքական ներխուժումից փրկեց ոչ միայն Երեւանն ու Էջմիածինը, այլեւ Թիֆլիսն ու Թավրիզը եւ զգալիորեն օգնեց Բաքվին, ուր հետագայում թուրքերը կարողացան ուղարկել ընդամենը մեկ դիվիզիա: Սակայն փրկագինը չափազանց բարձր էր, եւ այն կրկին պետք է վճարեին հայերը:

Պարտությունից կատաղած Էնվերը Վեհիբին փոխարինում է Խալիլ փաշայով, եւ թուրք նոր հրամանատարը ողջ զորքը շրջում է Հայաստանի դեմ` կազմելով 200-կիլոմետրանոց ընդհանուր ռազմաճակատ, որտեղ Սարդարապատը հայտնվում է ձախ թեւում, աջ կողմից մնում է Ղարաքիլիսան, իսկ կենտրոնը դառնում է Բաշ-Ապարանը: Մայիսի 24-ին մարտերը վերսկսվել էին բոլոր ուղղություններով:

Բայց առաջին հաղթանակից անցած ժամերը հայ ժողովրդի գիտակցության մեջ փոխել էին պայքարի ոգին: Թշնամու հետ մեն-մենակ մնացած եւ իր ուժին ապավինած ազգը սկսեց ժողովրդական պատերազմը: Արդեն 22-ի երեկոյան, երբ թշնամու նահանջի լուրը հասավ Երեւան, քաղաքի բնակչությունն ինքնաբերաբար ոտքի ելավ, անմիջապես սկսեց երկաթուղային կայարանում հաց, ջուր, շաքար, ծխախոտ հավաքել` Սարդարապատ ուղարկելու համար: Այս աշխատանքը գլխավորեցին վանեցի կանայք, ովքեր ինքնապաշտպանության մեծ փորձ ունեին եւ նրանց շնորհիվ առաջին օգնության գնացքն ազատագրված Սարդարապատ հասավ արդեն մայիսի 22-ի երեկոյան: Իսկ Երեւանի Անգլիական այգում ողջ գիշեր մոմերի լույսի տակ կամավորները ցուցակագրվում էին, բանակ, վաշտեր ու գումարտակներ էին կազմվում, որպեսզի մյուս առավոտյան մեկնեն ռազմաճակատ:

Մայիսի 23-ին թուրքերի հակահարվածն իր վրա ընդունեց Բաշ-Ապարանը: Ճակատի այս հատվածում կանոնավոր հայ զորքեր չկային, ողջ դիմադրությունն իրագործվում էր ապարանցի կամավորների, Էջմիածնի աշխարհազորայինների եւ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ տեղ հասած դաշնակցական ջոկատների շնորհիվ: Ճկունությամբ օգտվելով իրավիճակի փոփոխությունից` Սարդարապատից նույն օրը Ապարան եկան Կորոլկովի պարտիզանական հեծյալ գունդը եւ կապիտան Սակելյարիի հրետանային մարտկոցը: Բացի դրանից` Գարեգին Նժդեհի եւ Դրոյի ջանքերով Բաշ-Ապարանի կռվին մասնակցեցին նաեւ Արագածի գյուղերից հավաքված շուրջ 1500 հեծյալ եզդիները` Ջհանգիր Աղայի եւ Ուսուբ Բեյի գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ՝ ճակատի կենտրոնական մասում 5500 մարտիկ ունեցող հայոց զորքը եռօրյա դաժան կռվով Շեւքի փաշայի թուրքական բանակը հետ է շպրտել Արագածոտնի շրջանից:

Մայիսի 24-ին Վրաստանի ու Ադրբեջանի ուղղություններից հավաքված թուրքական պահեստային զորքերը Սարդարապատի վրա նոր հակագրոհ ձեռնարկեցին: Հայերը պատասխանեցին Աթանեսյանի, Իգիթխանյանի, Կարաքեշիշյանի ու Կլիչի մարտկոցների համատեղ կրակով եւ կանգնեցրին հարձակումը: Երկօրյա հրետանային փոխհրաձգությունից հետո գնդապետ Պողոսբեկ Փիրումյանը Մահապարտների գնդով ճակատային գրոհ է սկսում թուրքերի դեմ, իսկ փոխգնդապետ Ղասաբբաշյանի գումարտակը թիկունքից մոտենում է թշնամու դիրքերին` հնչակյան հայդուկ Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի եւ Կոշ գյուղի կամավորների հետ: Թակարդում հայտնված թուրքերը մայիսի 27-ի ցերեկվա ժամը 2-ին դիմեցին փախուստի` մարտի դաշտում թողնելով հարյուրավոր սպանվածներ:

Այլ պատկեր էր Ղարաքիլիսայում: Այստեղ ունենալով համեմատաբար ամենախոշոր եւ կանոնավոր հայկական զորամասերը` մոտ 15 հազար զինվոր, այսինքն՝ համարյա երեք անգամ շատ, քան Սարդարապատում եւ Ապարանում, մեր տխրահռչակ գլխավոր հրամանատար Նազարբեկովը կարողացավ այնպես տրոհել ու փոշիացնել իր ուժերը, որ, օրինակ, Անդրանիկն իր 5 հազարանոց զորքով ամբողջ մարտի ժամանակ երկուսուկես օր անշարժ մնաց Դսեղ գյուղում, կատարելով Նազարբեկովի` դատարկ երկաթգիծը հսկելու անիմաստ հրամանը15: Ռազմավարական աններելի սխալ կատարելով` հրամանատարությունը մեր բանակի խոշոր զորամիավորումները խցկեց երկաթուղու նեղ կիրճը, որտեղ նրանք անպաշտպան թիրախ դարձան բարձունքից կրակող թուրքական գնդացիրների համար եւ ծանր կորուստներ կրեցին: Ճակատամարտի ականատես Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը հետագայում գրեց. «Եթե Ղարաքիլիսայի պատերազմը, հակառակ հայ զինվորի անվեհեր քաջության, այնքան անփառունակ վերջացավ, դրա մեղքը ընկնում է միմիայն ապաշնորհ ղեկավարների վրա»16:

Ինչո՞ւ Սարդարապատում եւ Ապարանում փոքրաթիվ հայ աշխարհազորը փայլուն հաղթանակներ տարավ` կռվելով առանց արհեստավարժ զինվորական հրամանատարների, մինչդեռ Ղարաքիլիսայում ծանր պարտություն կրեց բոլոր ղեկավարների ներկայությամբ: Իհարկե` պատճառները տարբեր են ու ոչ միանշանակ: Սարդարապատում ժողովուրդը կրծքով պաշտպանեց իր հոգեւոր կենտրոնը` Էջմիածինը: Ապարանում կռվի ելավ ամբողջ շրջանի բնակչությունը, մինչդեռ ղարաքիլիսացիները ոչ միայն նախապես հանձնվելու առաջարկով պատվիրակություն ուղարկեցին Ջավիդ փաշային, այլեւ թուրքերին սիրաշահելու համար դավաճանաբար ազատ արձակեցին Սարիղամիշում ապրիլին գերի վերցրած եւ քաղաքում պահվող 2000 ասկյարներին, որոնք մյուս օրը համալրեցին թուրքական բանակը: Սակայն գլխավոր պատճառն ավելի խորն է ու բարդ: Զարմանալիորեն հաղթանակները գրանցվում էին հենց այնտեղ եւ այնժամ, ուր չկար քաղաքական ու ռազմական ղեկավարությունը, եւ ժողովուրդն իր ձեռքն էր վերցնում ինքնապաշտպանության գործը: Սարդարապատի դաշտում մարտիկների ճնշող մեծամասնությունը կազմում էին կամավորական ջոկատները, պարտիզաններն ու աշխարհազորը: Ապարանում կանոնավոր հայ զորամասեր ընդհանրապես չկային` բացառությամբ հրետանու երկու մարտկոցի: Երկու դեպքում էլ հրամանատարությունն ստանձնեցին ինքնաբերաբար պատասխանատվությունն իրենց վրա վերցրած Դանիելբեկ Փիրումյանը եւ Դրաստամատ Կանայանը: Մինչդեռ Ղարաքիլիսայի մարտերում աշխարհազորը կանոնավոր բանակի շարքերում հազիվ 10 տոկոսն էր կազմում, իսկ ժողովրդական սերն ու վստահությունը վայելող Անդրանիկն ու Նժդեհը զինվորական կարգապահությամբ հնազանդվեցին գլխավոր շտաբի եւ զորավար Նազարբեկովի ապիկար ու ապաշնորհ հրամաններին: Բայց մի՞թե ցարական Ռուսաստանի ռազմական դպրոցն ու պատերազմ անցած գեներալներ Նազարբեկովը, Սիլիկովը եւ դրանց նմանները անհույս հիմարներ կամ դավաճաններ էին: Բնավ` ոչ: Նազարբեկովը ռուսական բանակի կազմում գլխավորել էր 1916 թ. Բիթլիսի ազատագրումը, Սիլիկովը խիզախ գործեց Սարդարապատի մարտի վերջին օրերին: Սակայն այս եւ մյուս հայ ղեկավարները չհասկացան պարզ ու կարեւոր մի բան, որն իմիջիայլոց` շատ լավ ըմբռնեցին թուրքերը: 1918 թ. մայիսի 22-ին հայ ժողովուրդը թշնամու դեմ սկսեց ազգային-ազատագրական պայքար, պարտիզանական, համաժողովրդական պատերազմ, որն ունի իրեն հատուկ օրենքներն ու տրամաբանությունը, սակայն որին ոչ պատրաստ էին, ոչ հասկանում էին, ոչ էլ վստահում էին հայ կուսակցական ու ռազմական թշվառ գործիչները, ովքեր կարծես ճակատագրի հեգնանքով հեծել էին ազգը` ինչպես պատահաբար վագրի վրա ընկած Քաջ Նազարը: Այսպես, չհասկանալով ու չհավատալով ժողովրդական պատերազմի հաղթական տարերքին` Հովհաննես Քաջազնունին հեռավոր Թիֆլիսում համոզում էր Հայոց ազգային խորհրդին. «Եթե Վեհիբ փաշան իր զորքերով Երեւանը գրավելու դիտավորություն ունենար, ապա նա հարկ չէր ունենա դիմելու որեւէ խաբեության, որովհետեւ նա այդ բանը կարող էր անել բացեիբաց, ամեն րոպե, երկյուղ չկրելով հանդիպելու որեւէ լուրջ դիմադրության»17:

Բազմիցս խաբված լինելով բոլորից` Բաթումի բախտորոշ բանակցություններում հայ պատվիրակը, իհարկե, նորից խաբվել էր: Բազմափորձ ու խելացի Վեհիբ փաշան Ալեքսանդրապոլից Բաթում մեկնեց արդեն մայիսի 27-ին, այսինքն՝ Սարդարապատում կրած պարտությունից անմիջապես հետո, որպեսզի շտապ սկսի խաղաղ բանակցությունները: Ի տարբերություն հայ ապաշնորհ դիվանագետների` թուրք գործիչը հասկացել էր, որ իր զորքը Հայաստանում հանդիպել էր ցանկացած բանակի համար ամենավտանգավոր հակառակորդին` պարտիզանական, համազգային, ժողովրդական պատերազմին: Ու մինչ հայոց աշխարհազորը մեկ օրում ոչնչացրեց թուրքերի լավագույն դիվիզիայի 3500 ասկյարներին` մեր թշվառ ղեկավարությունը կասկածում էր` արդյո՞ք Վեհիբ փաշան կհանդիպեր «որեւէ լուրջ դիմադրության»: Կարող է անհավանական թվալ, բայց Թիֆլիսում ու Բաթումում մեր ազգի ճակատագիրը որոշող հայ գործիչները անգամ երկու շաբաթ անց դեռեւս գաղափար չունեին Սարդարապատի ու Ապարանի մարտերի մասին եւ սեփական ժողովրդի հաղթանակի կցկտուր լուրը ստացան հենց … թուրքերից18: Մեջբերենք հունիսի 5-ի նամակը, որ Բաթումից Երեւանի ազգային խորհրդին էին ուղարկել Ավետիս Ահարոնյանը եւ Նիկոլ Աղբալյանը. «Ձեր մղած մարտերի մասին իմացանք Վեհիբ փաշայից, չգիտենք, թե որքան են հավաստի նրա տված տեղեկությունները: Համենայն դեպս, մեր թեկուզ եւ փոքր ու թշվառ Հայաստանով պարտական ենք մեր զորքի անձնուրացությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու թուրքերը Կովկասը բաժանել էին Վրաստանի ու Ադրբեջանի մեջ…Պետք է ենթադրել, որ մեր զորքի դիմադրությունը նրանց հարկադրեց ճանաչել Հայաստանը»19:

Եզրակացությունն արդարացի է, սակայն մի կարեւոր ճշտումով. փոքր ու թշվառ Հայաստանը դարձրին հենց իրենք` այդ փոքր ու թշվառ քաղաքական խամաճիկները, որ հեռագրերի հիման վրա հանձնում էին ամրոցները եւ թշնամուց էին տեղեկանում սեփական զորքի հաղթանակների մասին:

Բանն այն է, որ Վեհիբ փաշան գիտեր մի ահավոր գաղտնիք, որից անտեղյակ էին ու որին չէին հավատում մեր ստրկամիտ քաղաքական գործիչները. մայիսի 22-29-ը Հայաստանում տեւած ծանրագույն մարտերից հետո Կովկասում մնացել էր ընդամենը 12 հազարանոց թուրքական կաթվածահար մի զորախումբ, որի չնչին թվաքանակն ու թշվառ վիճակը նրանք շտապում էին թաքցնել հմուտ եւ հին դիվանագիտական միջոցներով: Թուրքերը Բաթումում վարվում էին հայ պատվիրակության հետ գայլի ու ոչխարների մասին մանկական հեքիաթներից հայտնի եղանակով: Սակայն մեր կարկառուն գործիչները կարծես տեղյակ չէին ոչ միայն աշխարհի պատմությանը կամ դիվանագիտությանը, այլեւ մանկական հեքիաթներին: Ահա հատված հունիսի 5-ին Բաթումից Թիֆլիս` Հայոց ազգային խորհրդին ուղղված մեր հիմնական պատվիրակ Ալեքսանդր Խատիսյանի նամակից, որտեղ նա նկարագրում է հայ-թուրքական բանակցությունները Հայաստանի ճակատագրի մասին. «Ճաշը շատ ճոխ էր, սեղանը զարդարված էր ծաղիկներով, գինին առատ էր, երաժշտությունը` քաղցր: Ճաշի ժամանակ Վեհիբ փաշան ակնարկեց, որ իրենք սիրով ռազմական դաշինք կկնքեն հայերի հետ, ինչպես այդ արել են բուլղարների հետ»20:

Ահա՛ թե ինչ` ցեղասպանության զոհերի արյունը դեռ չի ցամաքել Դեր-Զորի ավազուտներում, իսկ ճոխ ճաշն ու քաղցր գինին դահիճներին արդեն մեզ դաշնակի՞ց են դարձնում… Նույն նողկալի քաղքենիությամբ մեր պատվիրակը նկարագրում է իր հանդիպումը հրեշավոր Էնվեր փաշայի հետ: Մեջբերում. «Էնվերը զարմանալի գեղեցիկ կահավորություն ունի, Արեւելյան ճաշակով դահլիճ /«Կարմեն»/, մոմեր…»21:

Եվ այս ողորմելիներին վստահված էր մեր հերոսական ու դժբախտ ազգի ճակատագիրը… Իսկ մինչ հայոց պատվիրակությունը Բաթումում ուսումնասիրում էր թուրքերի ճաշատեսակներն ու կահույքը, մայիսի վերջին շաբաթվա ընթացքում վրացիները գաղտնի բանակցում էին Գերմանիայի, իսկ ադրբեջանցիները Թուրքիայի հետ` Կովկասի ապագա բաժանման մասին: Մայիսի 26-ին Վրաստանը Գերմանիայի հովանավորության տակ հռչակեց իր անկախությունը: 27-ին Անդրկովկասյան միությունից դուրս գալու եւ սեփական երկիր ստեղծելու մասին հայտնեցին նաեւ մուսավաթականները: Իսկ ի՞նչ արեց Հայոց ազգային խորհուրդը, որը Թիֆլիսում նստած` չգիտեր նախորդ օրերին բռնկված ժողովրդական պատերազմի մասին: Բուռն վեճերից հետո, ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ազգային խորհուրդը, չգիտես ինչու, հարկ համարեց… բողոքել Վրաստանի անկախության դեմ22: Ահա մեր քաղաքական մտքի եւս մի գլուխգործոց: Բայց սա դեռ բավական չէ, ողջ իրողությունը պարզելու համար դիմենք սկզբնաղբյուրին: Ապագա վարչապետ Սիմոն Վրացյանը վկայում է. «Հայաստանի անկախության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն՝ այն օրը, երբ վճռվեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող է համարվել անկախության սկիզբ, որովհետեւ թուրքերը հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էին դրել մեր անկախության հայտարարությունը»23: Մեկ անգամ եւս ուշադիր լսենք մեր Առաջին հանրապետության վարչապետին` ուրեմն, Հայաստանի անկախության համար մենք պարտական ենք… թուրքերին, որոնք այն դրել էին որպես նախապայման Բաթումի բանակցություններից առաջ:

Եվ այսպես` 1918 թ. մայիսի 4-ին քաղցր երաժշտությունից եւ առատ գինուց փափկած Ալեքսանդր Խատիսովը եւ Հովհաննես Քաջազնունին հայ ժողովրդի անունից Բաթումում ստորագրում են Թուրքիայի հետ հաշտության պայմանագիրը, որտեղ Սարդարապատի եւ Ապարանի հաղթանակներից մեկ շաբաթ անց եւ դրանցից անտեղյակ` Թիֆլիսում նստած նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնում է Թուրքիային հանձնել իր ամբողջ երկաթուղին, Ալեքսանդրապոլ քաղաքը, Երեւանի եւ Էջմիածնի գավառների կեսը, Նախիջեւանն ու Շարուր-Դարալագյազը: Բացի դա` թուրք զորքերի առջեւ պետք է բացվեին բոլոր կամուրջները, ինչպես նաեւ Դիլիջանի ձորով Գանձակ տանող ճանապարհը: Հատկապես հետաքրքիր է պայմանագրի 5-րդ հոդվածը, համաձայն որի «Հայաստանի կառավարությունը պարտավորվում է եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմավորմանն ու սպառազինմանն իր երկրի սահմաններում»: Այս կետով թուրքերը ձգտում էին իրենց ապահովել ամենավտանգավոր թշնամուց` ժողովրդական ցասումից, որի վտանգը հասկանում էին շատ ավելի լավ, քան իրենց միամիտ հայ խաղակիցները:

Իսկ ինչպե՞ս ընդունվեց նման անկախության լուրը Հայաստանում: Երեւանում լույս տեսնող «Աշխատանք» դաշնակցական թերթը հունիսի 8-ին գրել է. «Այս մեծ դավաճանության հանդեպ, վշտի ծանրության տակ սահմռկած, մենք այլեւս ուղեղ չունինք մտածելու, այլեւս սիրտ չունինք խոսելու, չգիտենք ի՞նչ բառ ու ոճ գործածենք… Գրչի թեթեւ շարժումով մը վերջացավ ամեն ինչ. թաղվեցան ապագա հույսերն ու երազները… Նենգ եւ դավադիր թշնամին այս անգամ ալ հաջողեցավ խաբկանքով ի գլուխ բերել իր զենքի ուժով ընել չի կրցածը…»24:

Երեւանի խորհրդի շենքի առջեւ սկսեց հավաքվել զայրացած ժողովուրդը: Հատկապես փոթորկված էին արեւմտահայ գաղթական-ները, նրանք պահանջում էին հանդիպում Արամ Մանուկյանի հետ: Սակայն նա չհամարձակվեց հետեւել իր սրտի ու ժողովրդի կանչին, հավատարիմ մնալով կուսակցական կեղծ հեղինակությունների հրամաններին ու կրկնելով այն նույն սխալը, որը տասն օր առաջ Ղարաքիլիսայում կատարեց մյուս ժողովրդական հերոսը` Անդրանիկը: Վրացյանի եւ Աստվածատրյանի վկայությամբ. «… հեռագիրը կաշկանդել էր Արամին: Նա ողբերգություն էր ապրում. Լուռ ու մռայլ, նա ամփոփվել էր իր մեջ եւ միայնություն էր փնտրում…»25:

Իսկ ժողովրդի մեկ այլ ընտրյալը` Սարդարապատի հերոս Դանիելբեկ Փիրումյանը, որի զորքերն այդ օրերին պատրաստվում էին ազատագրել Ալեքսանդրապոլը` ըմբոստացավ. «Ես չեմ կարող իմ հաղթական զորքին հայտնել այդ խայտառակ լուրը, նրան ետ դարձնել իր արյամբ նվաճած դիրքերից: Նահանջը կազմալուծիչ կլինի իմ զորքի համար: Ես գիծ չեմ վերադառնա, գնացեք եւ այդ սեւ գործը դուք ինքներդ կատարեցեք»26:

Հունիսի 9-ին աշխարհազորայինների 1200 հոգանոց զինված ջոկատը Ղամարլու գյուղից, որն ըստ պայմանագրի անցնելու էր թուրքերին, Թոխմախան լճի կողմից շարքերով մտավ Երեւան եւ լուռ երթով, ի նշան բողոքի, անցավ Ազգային խորհրդի շենքի առջեւով` խուճապ առաջացնելով պաշտոնյաների շրջանում: Քաղաքի կենտրոնում նրանց ցույցին միացան մի քանի տասնյակ գթության քույրեր: Մյուս օրը Երեւանի պաշտպանության վաշտը հրապարակեց հետեւյալ հայտարարությունը.

«Գործող բանակեն. – Իմանալով հաշտության կնքման մասին, մենք միաձայնությամբ կհայտարարենք. – ո՛չ Թիֆլիսը, ո՛չ էլ Բաթումը լիազորված չեն հայերու անունեն վերջնական բանակցություն վարելու թուրքերու հետ: Հաշտության պայմանները կատարելապես ամոթալի եւ ստորացուցիչ են հայերու համար: Ինչ եզրակացության էլ որ հանգեն այս կամ այն ազգային կազմակերպությունները, քանի դեռ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը կսպառնա ահավոր վտանգը, մենք զենքը չենք թողուր եւ կկռվենք մինչ մեր արյան վերջին կաթիլը: Կորչի՛ ամոթալի հաշտությունը…»27:

Սակայն թուրք հմուտ դիվանագետները հաշտության պայմանագրում իզուր չէին նախատեսել տխրահռչակ 5-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի կառավարությունը պարտավորվում էր եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմավորմանն ու սպառազինմանը` իր տարածքում: Ժողովրդական դիմադրության բոլոր փորձերն ընդդեմ կատարվող դավաճանության` արդեն դիտվում էին որպես հակապետական ահաբեկչություն: Հուլիսի 17-ին` անկախության 40-րդ օրը, նորընտիր Հայոց իշխանությունը մոգոնում է այսպիսի մի խայտառակ փաստաթուղթ.

«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանեան կառավարութեան զինվորական մինիստր` Էնվեր փաշային, Կոստանդնուպոլիս.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ Հ. Քաջազնունի,

Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր Արամ փաշա Մանուկյան,

Հայաստանի կառավարության խորհրդի քարտուղար Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918 թ.»28:

Դարերի ընթացքում դավաճանության գինն աճում է` 30 արծաթից երբեմն հասնելով հափշտակված երկրի խամաճիկ կառավարության պաշտոններին… Նույն ճակատագրին արժանացան ժողովրդական պատերազմի շատ այլ հերոսներ: Անկախության դարավոր երազի դառը իրականությունը նորաստեղծ երկրից ստիպեց հեռանալ «հանցագործ հրոսակախմբեր» հայտարարված պարտիզանական ջոկատների հրամանատարներ Պանդուխտին ու Սմբատին, Թռուցիկ Հովսեփին ու Մակեդոնին, սասունցի Մանուկին, մակվեցի Մեսրոպին, բուլղարացի Գրիգորին եւ շատ ուրիշներին: Ղարաբաղցիների Մահապարտների գունդը գլխավոր շտաբի որոշմամբ շտապ կազմալուծվեց, իսկ նախկին հրամանատար Պողոսբեկ Փիրումյանը փաստորեն աքսորվեց, ուղարկվեց Նոր Բայազետի աննշան մի զորամաս: Փոխարենն ասպարեզ եկան մեծ մաուզերներով զինված եւ մարտի դաշտում առանձնապես աչքի չընկած գողական մականուններով նոր դեմքեր` իգդիրցի Կուկուլ, կողբեցի Կոկոլ, ֆռանգենց Ալեք եւ ուրիշներ: Բնականաբար, խաբված երազանքների ու պղծված սրբությունների վիրավորանքից ժողովրդի մեջ աճում էր տարերային ցասումը: Հաշված ամիսներ անց նորանկախ երկիրը ցնցեց առաջին քաղաքական սպանության լուրը: 1918 թ. նոյեմբերի 14-ին Անդրանիկի կամավորական խմբի նախկին վաշտապետ Եգոր Տեր-Մինասյանը գնդակահարեց հայկական կառավարության ֆինանսների նախարար Խաչիկ Կարճիկյանին: Ալեքսանդր Խատիսովն այսպես մեկնաբանեց այդ վրիժառությունը. «Սպանիչ Եգոր Մինասյանը դաշնակցական մըն էր…Դատարանին մեջ ան հայտնեց, թե սպանած է Կարճիկյանը, նկատելով զայն մեղավոր այն բանի համար, որ Կովկասյան իշխանությունները զրկեցին Կովկասը ռուսական օգնութենե եւ այդպիսով թուրքերուն հնարավորություն տվին կոտորած սարգել»29:

Խատիսովը համեստորեն շրջանցում է ահաբեկիչ Եգորի սպառնալիքներն ուղղված կառավարության մյուս անդամներին` Սարդարապատի հաղթանակը թուրքերին վաճառելու համար:

Այդ հաղթանակը Բաթումում պարտության վերածվեց ոչ միայն ապաշնորհ քաղաքական ու ռազմական ղեկավարության մեղքով: Իրենց այս մեղքը քողարկելու նպատակով նրանք ճգնում էին նսեմացնել կամ ընդհանրապես մոռացության մատնել Սարդարապատը: Այսպես. տասը տարի անց գեներալ Սիլիկովն այդ ճակատամարտի գլխավոր հերոսներից մեկի մասին հեգնանքով գրեց.

«Գնդապետ Դանիէլ բեգի զեկուցմամբ /նա անգամ չի հիշատակում Փիրումյանի ազգանունը/ նրա դեմ գործում էին երկու դիվիզիա, իսկ ես կարծում եմ, որ դա շատ է չափազանցված…»30:

Ի՞նչ կարելի է ասել` թուրքական բանակի լավագույն` «Գալիբոլու» դիվիզիայի 3500 ասկյարների ոչնչացման նշանակությունն առանց չափազանցության գնահատեցին միայն իրենք` թուրքերը, նահանջելով մինչեւ Ալեքսանդրապոլ եւ պատրաստվելով հանձնել նաեւ այդ քաղաքը, եթե միայն դրան չխանգարեին հանձնվելու եկած մեր թշվառ ղեկավարները: Նրանց համար սկսվում էր նոր դարաշրջան` իշխանության քաղցր դարը, որտեղ ժողովրդական պատերազմը եւ ազատ քաղաքացիների պոռթկումը տեղ չունեին: Ճիշտ է, այդ դարը տեւեց միայն երկու տարի, իսկ նրանց քշած բոլշեւիկյան կայսրությունը առավել եւս կարիք չուներ հիշատակելու հայերի հերոսական ինքնապաշտպանությունը: Բայց Սարդարապատի խորհուրդն ու իմաստը հայ ժողովրդի հոգեւոր հիշողության մեջ մնացին անմար, որպեսզի լուսավորեն մեր ճանապարհը 20-րդ դարի վերջին, երբ ազգը կրկին սկսեց ազգային-ազատագրական պայքարը` համաժողովրդական ինքնապաշտպանության միջոցով:

Տա Աստված, որ 21-րդ դարի սկզբին մենք չմոռանանք Սարդարապատի երկրորդ դասը եւ սեփական ապաշնորհության, դավաճանության կամ պատմությունը մոռանալու հիմար սովորության պատճառով չկորցնենք արյունով նվաճած հաղթանակը:

Հ.Գ.- 1918 թվականին, Սարդարապատի հերոսամարտի օրերին հեռավոր Ֆրեզնոյում ծնված ապագա գրող Վիլյամ Սարոյանը 10 տարեկան էր: Կես դար անց, մոտենալով Ռաֆայել Իսրայելյանի կառուցած Հաղթակամարին` նա ասաց առայսօր անլռելի զանգերի պես հնչող խոսքեր.

«Կուզիմ տեսնիլ աշխարհումս ուժ մը, որ կռնար կոտորել աս ազգը, աս պստիկ ու անկարեւոր ժողովուրդ մը, որու պատմություն ավարտած էր, որու բոլոր կռիվները պարտված էին, որու կառույցները ավիրած էին, որու գրածը մնաց անտեսված, երաժիշտությունը` չլսված, իսկ աղոթքը` անպատասխան: Կացեք, կոտորեք այս ցեղը… Ավիրեք Հայաստանը: Նորեն քշեք անոնց անապատներու մեջ: Թողեք անոնց առանց հացի ու ջրի: Այրեք անոնց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` կործանվեցա՞վ այս ազգը: Տեսեք, եթե մի 20 տարի անց անոր մեկ-երկու հոգի նորեն չե՞ն հանդիպիլ մի գինետանը, որ նորեն ծիծաղեն ու խոսեն անոր լեզվով: Ի՞նչ կռնաք անիլ անոնց, դուք, շան ձաքեր, եթե զույգ մը հայեր էլի կուգան ու կխնդան ու մեծ-մեծ կխոսին աշխարհու մասին ու աշխարհու հետ: Բա դուք անոնց կռնա՞ք կործանիլ…»:

_______________________

1. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 60:

2. Ռուբեն, «Հայ հեղափոխականի մը հիշատակները» հ.7,էջ.129-130:

3. Լեո, «Անցյալից», էջ 382:

4. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 20:

5. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 85:

6. “Աշխատանք”, Երևան, 1918, մայիսի 18, # 9:

7. Լեռ Կամսար “Ազգային Այբբենարան”, էջ 79-80:

8. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 90:

9. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 61, թերթ 11:

10. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 70:

11. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 120, գործ 11, թերթ 32-33:

12. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 23, թերթ 112:

13. «Հայրենիք», Բոսթոն, 1959,#6, էջ 98-99:

14. Ս.Վրացյան “Հայաստանի Հանրապետություն”, էջ 118:

15. ՀՀ ԳԱ գրականության ու արվեստի թանգարան, Թումանյանի ֆոնդ, էջ.255:

16. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 222, գործ 12, թերթ 110-111:

17. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 200, գործ 23, թերթ 11:

18. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 23, թերթ 115:

19. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 57, գործ 562, թերթ 11:

20. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 23, թերթ 116:

21. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 68/200, գործ 27, թերթ 118:

22. Ս.Վրացյան «Հայաստանի Հանրապետություն», էջ 130:

23. Ս.Վրացյան «Հայաստանի Հանրապետություն», էջ 132:

24. «Աշխատանք», Երևան, 1918, հունիսի 8:

25. «Հայրենիք», Բոսթոն, 1951,#2, էջ 43:

26. Հ.Թուրշյան, «Սարդարապատի հերոսամարտը», Երևան, 1969, էջ.223:

27. «Աշխատանք», Երևան, 1918, հունիսի 10:

28. Ջ. Կիրակոսյան, «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը», Երևան, 1965, էջ 213:

29. Ա.Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», էջ 97:

30. ՀՀ Պետարխիվ, ֆոնդ 92/45, գործ 18, թերթ 157-164:

http://www.hetq.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s