№ 19 / 15 նոյեմբեր

Ջրափոս
ՈՉ` ԱՂԲԱՆՈՑԻՆ

Այս այգեստանցիներն ուղղակի պատուհաս են դարձել Հադրութի վարչակազմի համար: Հիմա էլ պահանջում են փակել ու հողով ծածկել Հադրութ քաղաքի՝ գյուղի հարեւանությամբ գտնվող աղբանոցը՝ պատճառաբանելով, թե իբր գյուղի տեսարանը փչացնելուց բացի՝ այնտեղից գարշահոտություն է գալիս, որից իրենց երեխաները հիվանդանում են:

– Ինչպե՞ս փակել,- զարմանում է իշխանավորը,- կարո՞ղ է՝ իմանում եք, թե Ցորի դպրոցն է, որ փակենք, կամ էլ կազինո է, որ փակենք ու Խուրհատի լանջերին ձեզ համար լասվեգասներ կառուցենք: Աղբանոցը պետական ռեգիստրով հաստատված տարածք է: Պատկերացնո՞ւմ եք, թե մեր շրջանի մասին ինչ կմտածեն եվրոպական կառույցներում, եթե խախտենք աղբանոցի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է գյուղի տեսարանին, ապա, ի՞նչ իմանաս, գուցե գյո՞ւղն է փչացնում աղբանոցի համայնապատկերը, քանի որ գեղեցիկը հարաբերական հասկացություն է՝ նայած՝ ում տեսանկյունից ես նայում,- ներողամիտ ժպտալով՝ ավարտեց իշխանավորը:

Ի պաշտպանություն վարչակազմի՝ նշեմ, որ նեապոլյան վերջին դեպքերը ցույց տվեցին, որ աղբի հարցը լուծված չէ նույնիսկ քաղաքակիրթ Եվրոպայում: Աշխարհում չկա նման հարցի լուծման որեւէ նախադեպ: Իտալիայում աղբը  համարվում է ազգային հարստություն. հիշո՞ւմ եք, թե ինչպես Բերլուսկոնիի ձեռքից մաֆիան խլեց ցախավելը, երբ նա փորձում էր մի բուռ աղբ յուրացնել:

Այգեստանի դեպքում Հադրութ քաղաքի եւ N զորամասի կենցաղային ու շինարարական աղբի խառնուրդը դուրս է հորդում գյուղամերձ տարածքը ինչպես առատության եղջյուրից, ու այդ ամենը՝ ձրի: Կուտակիր՝ ինչքան ուզում ես, մեկ էլ տեսար՝ գյուղական ակումբը կվերանորոգես: Բայց քաղաքակրթությունից շատ հեռու այգեստանցիները, թքած ունենալով աղբի վերաբերյալ եվրոպական մոտեցումների վրա, ղարաբաղցու համառությամբ պահանջում են՝ կա’մ ձեր «ազգային հարստությունը» պահեք ձեր տներում, կա°մ մենք դուրս ենք գալիս Հադրութի շրջանի վարչական տարածքից ու միանում Մարտունու շրջանի վարչական տարածքին՝ համոզված լինելով, որ Մարտունին իր «ազգային հարստությունը» 60 կմ չի տեղափոխի մինչեւ Այգեստան:

Նման անջատողական պահվածքը, իհարկե, այգեստանամոլ մի քանի ծայրահեղականների (էքստրեմիստների) ձեռքի գործն է, որոնք նպատակ են հետապնդում միջազգային հանրության աչքում գցել Հադրութի շրջանի վարկանիշը եւ կասկածի տակ դնել այդ շրջանում ղեկավար ունենալու անհրաժեշտությունը: Հադրութում ասում են, որ քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, վարչակազմը հապշտապ որոշում է պատրաստում, համաձայն որի՝ պաշտպանելով քաղաքային աղբանոցի տարածքային ամբողջականությունը եւ այգեստանցիների ապրելու իրավունքը՝ տարհանել Այգեստանը եւ վերաբնակեցնել լեռնային Տյաք գյուղում (պատմությունը հիշում է նման տարբերակ, երբ Շահ Աբասի օրոք տարհանեցին Ջուղան): Սողոմոնյան այս որոշմամբ կվերակենդանանա մարդաթափման եզրին գտնվող Տյաքը իր դոնոր բնակիչներով: Կշահեն նաև այգեստանցիները՝ շնչելով մաքուր լեռնային օդ ու նվեր ստանալով իրենց երազանքի ակումբի վերանորոգված շենքը: Տյաքը կունենա գյուղապետ եւ ավագանի, որոնք, օգտագործելով իրենց փորձը, կանվանակոչեն նույնիսկ գյուղի ցանկապատերը, եւ եթե պետք լինի… նույնիսկ գյուղը, որը համագյուղացու թեթեւ ձեռքով իսկույն կհաստատվի:

Հադրութ-Մարտունի մայրուղու այգեստանյան հատվածում առավոտյան ժամերին կվերանան գյուղի նախիրի մեղքով առաջացող ու ժամերով տեւող խցանումները: Ուրիշները նման որոշման համար խրախճանքներ կսարքեին, բայց ոչ կասկածամիտ այգեստանցիները, ովքեր չարամտորեն ենթադրում են՝ «իսկ միգուցե մեզ տարհանում են, որպեսզի մեր աչքից հեռու քանդեն ու վաճառքի հանեն գյուղի ջրատարը, ինչպես արեցին շրջանի մյուս ջրատարները»… Ափսո՛ս:

Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

——————————————————————————————

Կարգավորում

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով հանդիպելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում, կառուցողական մթնոլորտում առարկայական եւ բովանդակային քննարկելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական միջոցներով, ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը և հեռանկարները`

1. Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար:

2. Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց՝ 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:

3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների և փուլերի՝ իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով:

4. Նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ, այդ թվում նաև բարձրագույն մակարդակով հետագա շփումների ընթացքում, և հանձնարարեցին իրենց արտաքին գործերի նախարարներին` ակտիվացնել հետագա քայլերը բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փոխգործակցությամբ:

5. Կարևոր են համարում խրախուսել կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծումը:

Բելգիայի հայ համայնքի առջև Ս. Սարգսյանի ելույթից

Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ մենք համատեղ հռչակագիր ստորագրեցինք, որը, կարծում եմ, նախանշում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նոր՝ առավել ակտիվ փուլի սկիզբը:

Lragir.am

Ի. Ալիեւ. Մոսկովյան հռչակագիրը հիմք կդառնա Ղարաբաղի շուրջ խաղաղ համաձայնության համար 

«Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների մոսկովյան հռչակագիրը հիմք է հանդիսանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնության համար»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ վերընտրումից հետո առաջին պաշտոնական այցով գտնվելով Թուրքիայում: Ի.Ալիեւի խոսքերով, հակամարտության լուծման համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները:

PanARMENIAN

Է. Մամեդյարով. Բաքուն ճանաչում է ինքնորոշման իրավունքը, քանի որ ընդունում է միջազգային  իրավունքի նորմերը

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ առանց Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչման հնարավոր չի լինի խոսել խնդրի հաջող լուծման մասին՝ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը ճանաչում է ինքնորոշման սկզբունքը, քանի որ, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ եւ ստորագրելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, ընդունում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, սակայն, մյուս կողմից, ազգերի ինքնորոշման իրավունքը չի նշանակում, թե «տարածքային ամբողջականությունը կարող է խախտվել ռազմական միջամտության ճանապարհով»: «Եթե դիմենք միջազգային իրավական փաստաթղթերին, ապա տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայող է մյուս սկզբունքների համեմատ»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՈՉ ԹԵ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԱՅԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ  ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ»

«Ազատագրված տարածքները եղել են 1990-ական թվականների սկզբներին: Այսօր մենք ունենք Սահմանադրությամբ ամրագրված շրջան: Ինչքան գոյություն ունենա Արցախը, այնքան գոյություն կունենա նաեւ Քաշաթաղի շրջանը»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջերս Քաշաթաղի շրջանի համայնքապետերի եւ բերձորցիների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Արցախի հանրային հեռուստատեսության՝ նա հավաքվածներին հորդորեց չհավատալ այն լուրերին, թե իբր շրջանը ժամանակավոր կարգավիճակ ունի: Ըստ նախագահի՝ պետք է այդ լուրերի մասին մոռանալ, ինչը թույլ կտա կարճ ժամանակահատվածում լուծում տալ շրջանի առջեւ ծառացած խնդիրներին: Նախագահը, հանդիպելով Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչների հետ, հավաստեց, որ մոտակա տարիներին ավելի մեծ թափով են սկսվելու երկու շրջանների զարգացմանն ուղղված աշխատանքները: «2009 թվականին մենք նախատեսում ենք ավելի քան 5 միլիարդ դրամ գումար ուղղել Քաշաթաղի շրջանի զարգացմանը»,- տեղեկացրել է Բ. Սահակյանը: Իսկ ծրագրերը կլինեն ե°ւ սոցիալական, ե°ւ տնտեսական, որոնք հիմնված են լուրջ ուսումնասիրությունների վրա: Շահումյանի շրջանի զարգացման ծրագիրը կյանքի կկոչվի 2009-ին: «Մենք շրջանը դիտում ենք որպես երկրի համար ռազմավարական շրջան, եւ մեր մոտեցումը լինելու է այդպիսին»,- ընդգծել է երկրի ղեկավարը Շահումյանի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանությունը մոսկովյան հռչակագրի վերաբերյալ 

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հռչակագիրը վկայում է Ռուսաստանի Դաշնության` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունավետ միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին:

Հանդիպումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանի եւ Հայաստանի` քաղաքական մեթոդներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ դիրքերը հստակեցնելու փորձ՝ այդ թվում հաշվի առնելով նաեւ ս.թ. օգոստոսին հայտնի իրադարձություններից հետո տարածաշրջանում փոփոխված իրավիճակը:

Անցած տարիների կարգավորման գործընթացը ցույց տվեց, որ բանակցությունների արդյունավետության համար պակասում է շահագրգիռ կողմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքին լրիվությամբ համապատասխանող կայացած պետություն:

Եթե Ադրբեջանը իսկապես շահագրգռված է հակամարտության կարգավորման մեջ, ապա վաղուց պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ նստեր բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե տարբեր միջազգային ատյանների եւ երկրների միջոցով փորձեր ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա եւ ապակողմնորոշեր միջազգային հանրությանը:

Ամեն դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատությունն ու անկախ կարգավիճակը եւ դրանով իսկ պայմանավորված ժողովրդի անվտանգությունը ԼՂՀ քաղաքականության բացարձակապես փոխկապակցված հիմքերն են:

Մեթյու Բրայզա. «Մեզ մնում է օգնել` վերջնական տեսքի բերելու պայմանավորվածությունները»

Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը մինչեւ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի լիազորությունների ավարտը, Մեթյու Բրայզան արձագանքեց. «Դա լիովին հնարավոր է, իհարկե: Ես չեմ կանխատեսում, թե այդպես կլինի, բայց ասում եմ, որ դա հնարավոր է, եւ ես կանեմ հնարավոր ամենը դա իրականություն դարձնելու համար»:

Ամերիկացի համանախագահը համոզված է, որ մոսկովյան բանակցությունների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից քայլ արվեց այդ ուղղությամբ. «Նախ եւ առաջ՝  նրանց միջեւ ձեւավորվեց վստահության եւ հարգանքի մթնոլորտ, եւ երկրորդ՝ գալով բուն նյութին` թվում է, թե նախագահները վերջապես սկսում են հաղթահարել հիմնական սկզբունքների շուրջ եղած հակասությունները»:

Բրայզան նաեւ հաստատեց, որ համաձայնության շուրջ բանակցությունների հիմքում մադրիդյան սկզբունքներն են. «Եթե դիտարկում ենք Մոսկվայում ստորագրված հռչակագրի հստակ ձեւակերպումները, հասկանում ենք, որ Մադրիդում անցկացված քննարկումները կազմել են այս բանակցությունների հիմքը, եւ մեզ` եռանախագահներիս, մնում է օգնել նախագահներին` վերջնական տեսքի բերելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանք, իհարկե, 10 պատվիրանները չեն. կարող են ճշգրտվել եւ, հուսով ենք, նաեւ բարելավվել, սակայն հիմքը հենց մադրիդյան սկզբունքներն են»:

Օրերս Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մոսկովյան հանդիպումը թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է: Այժմ այդ գործընթացը շարունակվում է Եվրոպայում, իսկ ավարտվելու է, ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում»:

Այս կապակցությամբ Մեթյու Բրայզան ասաց. «Շատ լավ գաղափար է: Կուզենայի, որ կարողանայինք իրականացնել: Այն, ինչ ասել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը, ամբիցիոզ նպատակ է, բայց թերեւս փոքր-ինչ ավելի ամբիցիոզ է, քան իրականությունը կարող է թույլ տալ»:

Armenialiberty.am

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ. «15 տոկոսն այն տարածքների, որոնց վրա հռչակվել է ԼՂՀ-ն, ցայսօր զավթված է մնում Ադրբեջանի կողմից»

– Պարոն Մայիլյան, ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների խնդրին եւ ղարաբաղյան կարգավորման գոտում միջազգային խաղաղարար ուժերի հնարավոր տեղակայմանը:

– Այդ հարցերի վերաբերյալ արդեն վաղուց ունեմ իմ դիրքորոշումը, եւ մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն արտահայտել եմ: Կրկնեմ մեկ անգամ եւս: Մեր հասարակության համար տարածքների խնդիրը, անկասկած, ամենակարեւոր տարրն է Արցախի ժողովրդի անվտանգության եւ պետական անկախության իրավունքի իրագործման եւ պաշտպանության գործում: Պաշտոնական Բաքուն հաճախակի է հղում կատարում Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչման վրա՝ կամայականորեն իր օգտին մեկնաբանելով «միջազգայնորեն ճանաչված սահմաններում» արտահայտությունը, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Հարկ է նշել, որ միջազգային իրավունքում պետության ճանաչումը ինքնաբերաբար չի նշանակում սեփական հռչակված սահմանների ճանաչում: Համաշխարհային փորձը վկայում է, որ սահմանակից երկրների միջեւ տարածքային սահմանազատումը կարող է լուծվել միայն ու միայն միմյանց պետական անկախության ճանաչման դեպքում: Առանց կողմերի միջազգային իրավասուբյեկտության եւ պետական անկախության ճանաչման տարածքային սահմանազատման հարցերի լուծման ցանկացած փորձ իրավաչափ չէ:

Ես գտնում եմ, որ պիտի խոսվի ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահմանի հստակեցման մասին, իսկ ԼՂՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ դե-ֆակտո գոյություն ունեցող սահմանների զատման հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը հնարավոր է Ադրբեջանի կողմից Արցախի պետական անկախության ճանաչման դեպքում միայն:

Սահմանազատման ընթացքում էլ պետք է ելնել ԼՂՀ սահմանադրությունում իրավական ձեւակերպում ստացած տարածքային իրողություններից` նկատի ունենալով, որ ԼՂՀ-ի համար միակ չափանիշը կարող է լինել Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության եւ պետական անկախության իրավունքի ապահովման հրամայականը:

Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ մեր երկիրը չի կարող ինքնուրույն զարգանալ եւ ապահովել ռազմական եւ պարենային անվտանգությունը ԼՂԻՄ-ի՝ ի սկզբանե ոչ իրավազոր անկլավային սահմաններում: Քննարկելով տարածքների եւ սահմանների հարցերը` մենք մշտապես պետք է հիշենք նաեւ այն հանգամանքի մասին, որ 15 տոկոսն այն տարածքների, որոնց վրա հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ցայսօր զավթված է մնում Ադրբեջանի կողմից:

Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղության պահպանման նպատակով միջազգային ուժերի հնարավոր տեղակայմանը, ապա գտնում եմ, որ ԼՂՀ-ում զինված ուժերի հայտնվելը, թող որ նույնիսկ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների դրոշի ներքո, անխուսափելիորեն կհանգեցնի մեր ինքնիշխանության կտրուկ սահմանափակմանը:

Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռեւս միջազգային հանրության կողմից չի ճանաչվել, եւ մենք ներկայացված չենք վերոնշյալ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ մեր երկիրը անկարող կլինի նույն այդ ուժերի վրա ներգործել միջազգային որեւէ իրավունքով երաշխավորված լծակներով: Նման պայմաններում խաղաղարար ուժերի հնարավոր տեղաբաշխումը, որի մասին, ենթադրաբար, խոսվում է նոյեմբերի 2-ին ընդունված հռչակագրի 3-րդ կետում, արմատապես կհակասի մեր ազգային շահերին: Մենք չենք կարող սահմանափակել մեր պետական ինքնիշխանությունը՝ չստանալով դրա միջազգային համապարփակ ճանաչումը:

Բացի այդ՝ բոլորին է հայտնի, որ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջեւ կրակի դադարեցումը խարսխված է բացառապես կողմերի ռազմաքաղաքական հավասարակշռության ստեղծված համակարգի վրա, որում մեզ պարտադրված պատերազմի ընթացքում ազատագրված տարածքներն ունեն ռազմավարական գործառույթ:

Այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք արտահայտում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում իրենց շահագրգռվածությունը, տրամաբանորեն պիտի պահպանեն այդ ռազմավարական հավասարակշռությունը, սթափ գնահատեն իրավիճակի ամբողջ բարդությունն ու փխրունությունը, նախաձեռնեն եւ պնդեն այնպիսի քայլերի անհրաժեշտությունը, որոնք միանշանակորեն կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության եւ հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը համակարգային ապահովմանը: Այս պարագայում կիմաստազրկվեն խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտության մասին խոսակցությունները:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ոչ առանց ԼՂՀ-ի

«Իմ կարծիքով, մադրիդյան սկզբունքները անընդունելի են: ԼՂ ինքնորոշումը պիտի լինի ԼՂՀ տարածքային ամբողջականության վրա՝ ներկայիս սահմաններով»,-  մեզ հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:

Վերջինս նաեւ հայտարարել է, որ եթե որեւէ երկիր փորձում է հանդես գալ որպես միջնորդ, ապա այդ միջնորդությունը պետք է ուղղված լինի միայն պատերազմ չսկսելու մասին պայմանագրի կնքմանը: «Մնացած հարցերում Ադրբեջանի հետ պետք է բանակցի Ղարաբաղը: Իսկ Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի անկախության եւ անվտանգության երաշխավորը»,- ասել է Արմեն Սարգսյանը: Դաշնակցական պատգամավորը հավելել է նաեւ, թե Հայաստանը Ադրբեջանի հետ կարող է հանդիպել միայն մի նպատակով՝ հաջորդ հանդիպմանը ԼՂՀ-ի մասնակցությունը պատրաստելու համար:

«Հայկական ժամանակ»

ՂԱՐԱԲԱՂԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը հանրության մի մասին հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանը արդեն զիջել է ազատագրված տարածքները եւ նույնիսկ արդեն հանձնել է Ղարաբաղը: Թե հռչակագրի հատկապես որ դրույթն է տվել այդօրինակ մտահոգության տեղիք, թերեւս այդքան էլ հստակ չէ, բայց խնդիրն այն է, որ Մոսկվայում ստորագրված հռչակագիրը փաստացի չի պարունակում որեւէ նոր բան, որ կարող է նկատվել հակամարտության կարգավորման գործընթացի եւ, մասնավորապես, Հայաստանի իշխանության դիրքորոշման առումով: Հետեւաբար, եթե կա մտահոգություն, որ Հայաստանի իշխանությունը տվել է հողերն ու Ղարաբաղը, ապա այդ մտահոգությունը պետք է որ լիներ շատ ավելի վաղ, քան Մոսկվայի հռչակագիրը, քան Սերժ Սարգսյանի նախագահությունը, եւ գուցե ավելի վաղ, քան Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը:

Հողերը եւ Ղարաբաղը հանձնելու մտահոգության հիմքը պետք է լիներ ոչ թե Մոսկվայի հռչակագիրը, այլ, ասենք, ազատագրված տարածքները գեներալների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների համար մաքսազերծված կալվածքների վերածելը: Հողերը եւ տարածքները հանձնելու մտահոգության հիմք պետք է լիներ ոչ թե Մոսկվայի հռչակագիրը, այլ, ասենք, Ղարաբաղում ուռա-պատրիոտական ընտրություններ անցկացնելն ու ընդդիմության եւ այլակարծության վերջին նշույլները վերացնելը, երբ աշխարհում թերեւս միայն երկու երկրում են 88 տոկոս ձայնով նախագահ դառնում` Ադրբեջանում եւ Ղարաբաղում, մեկ էլ գուցե Վենեսուելայում: Հողերը եւ Ղարաբաղը հանձնելու մտահոգության հիմք պետք է լիներ Հայաստանի ներքին կյանքի, հասարակական եւ քաղաքական հարաբերությունների, իշխանության ձեւավորման մեխանիզմը, որ արդեն մոտ մեկուկես տասնամյակ է, ինչ հաջողությամբ աշխատում է Հայաստանում եւ բարեխղճորեն վաճառվում արտասահմանում:

Երբ այդ ամենից մտահոգությունն ավելի քիչ է լինում, քան, ասենք, որեւէ համանախագահի հայտարարությունից կամ հենց որեւէ ընդունված բանաձեւից ու ստորագրված հռչակագրից, ապա այդ մտահոգության արժեքը կամ, ավելի շուտ, կշիռը գրեթե զրո է: Ղարաբաղի հարցը, տարածքների հարցը, Ղարաբաղի անկախությունն ու Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը վճռվում են ոչ թե Մոսկվայում, ոչ թե հռչակագրով, բանաձեւով կամ որեւէ այլ ձեւով, այլ Հայաստանում եւ Ղարաբաղում կառուցված պետությունների որակով: Եթե որեւէ մեկին հետաքրքրում է Ղարաբաղի ճակատագիրը, անվտանգությունը, ապա այդ մարդը պետք է առաջին հերթին հետաքրքրվի Հայաստանի եւ Ղարաբաղի պետականությունների որակով:

Կասկածից վեր է, որ մոսկովյան հռչակագիրը ոչինչ էլ ավելի չի ենթադրում տարածքները հանձնելու կամ Ղարաբաղը զիջելու առումով, քան առկա է մինչեւ այժմ: Հռչակագիրն իրականում ոչ մոտեցնում, ոչ էլ հեռացնում է այն վտանգը, որ կա Ղարաբաղի եւ տարածքների հարցում: Այդ վտանգը ներքին այն քաղաքականությունն է, որ Հայաստանում անփոփոխ է արդեն մոտ մեկուկես տասնամյակ եւ արդեն մի քանի տարի է, ինչ սկսել է ներառել նաեւ Լեռնային Ղարաբաղը: Ղարաբաղի հարցում բոլոր զարգացումներն ընդամենը այդ ներքին քաղաքականությունից ստեղծված իրավիճակի հետեւանք են, որոնք իրենց ամբողջ ծանրությամբ չեն իջնում մեզ վրա միայն այն պարզ պատճառով, որ համընկնում են ոչ բոլոր միջնորդների շահերին:

Ջեյմս ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.lragir.am

Սկսել երկրորդ խաղակեսը՝ ճանաչելով առաջին խաղակեսի արդյունքները

Հոկտեմբերի 27-30-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական քաղաքացիական ֆորում, որի թեման էր «Եվրաինտեգրումը՝ որպես ղարաբաղյան հակամարտության փոխակերպման (տրանսֆորմացիայի) հնարավոր մեխանիզմ»: Ֆորումը, որին մասնակցել են նաեւ ԼՂՀ ներկայացուցիչները, կազմակերպվել է International Alert միջազգային կազմակերպության ծրագրերի շրջանակներում:

Տեղեկության կարգով նշենք, որ Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում արդեն մի տարի է, ինչ իրականացվում է եվրաինտեգրման ուղղություն ունեցող ծրագիր: Ծրագրի շրջանակներում մեզ մոտ անց է կացվել լրագրողների համար թրենինգ, պարբերաբար դիտարկվում էին տեղական լրատվամիջոցները՝ պարզելու համար, թե որքանով են ղարաբաղցիները հետաքրքրված եւ տեղեկացված եվրոպական թեմաներից: Իսկ այս տարվա մայիս-հունիսին ծրագրի շրջանակներում կայացել են քննարկումներ Հադրութում  եւ Մարտակերտում, ապա նաև Ստեփանակերտում՝ պետական եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ:

Սակայն Բրյուսելում գրեթե չխոսվեց եվրաինտեգրման մասին: Ավելի ճիշտ, բոլորն ընդգծել են, որ եվրաինտեգրումը կարող է մերձեցնել հակամարտող կողմերին, քանի որ դրանցից ոչ ոք չի հրաժարվում եվրոպական ուղղությունից: Դրա հետ մեկտեղ, սակայն, նշվեց, որ նույնիսկ եվրաինտեգրումը հնարավոր է հակամարտության քաղաքական լուծումից հետո միայն:

Այդ իսկ պատճառով հիմնական շեշտը ֆորումի ժամանակ դրվել է հենց հակամարտության լուծման ուղիների վրա: Ընդ որում, այն արվել է Հյուսիսային Օսիայում օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց հետևանքով փոփոխված տարածաշրջանի ֆոնի վրա: Ֆորումի մասնակից բավականին հեղինակավոր ադրբեջանական փորձագետներ, ինչպիսիք են Էլդար Նամազովը, Ռասիմ Մուսաբեկովը և Իլգար Մամեդովը, բավականին հստակ ներկայացրեցին իրավիճակը: Օրինակ, Ռ. Մուսաբեկովը նշեց, որ տարածաշրջանում ավելացել են հակամարտությունները ռազմական հարթություն տեղափոխելու հնարավորությունները, և թեկուզ Ալիեւը դադարել է ռազմական լուծման մասին հայտարարություններ անելուց, փաստ է, որ Մինսկի խմբի աշխատանքները կաթվածահար են եղել, եւ Մոսկվան անպայման կակտիվանա: Հայաստանյան փորձագետ Կարեն Բեքարյանի կարծիքով, տարածաշրջանում հնարավոր են գործընթացներ, որոնք ուղղված կլինեն Իրանի մեկուսացմանը եւ ղարաբաղյան խնդրում որեւէ կողմի մենաշնորհի հաստատմանը: Ադրբեջանցի պատմաբան Իրադա Հուսեյնովայի կարծիքով, փոխվել է նաեւ Հայաստանը, որի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկվող մադրիդյան սկզբունքները անվանել է կապիտուլյացիոն: Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Գեորգի Սահակյանը նկատել է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում ոչինչ չի փոխվել, եւ չնայած խաղաղ կարգավորման մասին հայտարարություններին՝ Ադրբեջանը շարունակում է սպառազինության մրցավազք հրահրել: «Այդ ծավալի զենքն ու զինամթերքը, միեւնույն է, իրենց ցույց են տալու տարածաշրջանում»,- նկատել է Գ. Սահակյանը:

Խելոք եւ բարի մտքեր շատ հնչեցին, սակայն նկատելի էր մի բան. ադրբեջանցի փորձագետները, հմուտ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս աշխարհաքաղաքական ֆոնը, միայն մեկ փաստարկ էին բերում՝ «շուտով մենք կհարստանանք, կուժեղանանք եւ ձեզ ուժով կհաղթենք», ինչին ի պատասխան՝  հայաստանյան փորձագետ Միքայել Զոլյանը նկատել է, որ նույնիսկ քաղաքացիական ֆորումի ժամանակ խոսվում է ուժային ճանապարհների մասին: «Այդ դեպքում ինչի՞ համար ենք մենք այստեղ հավաքվել»,- հարցրել է նա՝  նշելով, որ հակամարտությունների կարգավորման գործընթացում բացակայում է մարդկային գործոնը:

Ֆորումի վերջին օրը կայացել է նաեւ կլոր սեղան՝ «Ստատուս-քվոյի, ռազմական գործողությունների եւ խաղաղ պայմանագրի գինն ու առավելությունները» թեմայով: Դրան մասնակցել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբին, Եվրախորհրդարանի աշխատակիցներ: International Alert կազմակերպության գլխավոր քարտուղար Դեն Սմիթն իր զեկույցում նշել է, որ ստատուս-քվոն երեւույթ չէ, դա կյանք է: Մնում է միայն պարզել՝ ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական կողմեր ունի այն: Նրա կարծիքով, բացասականը շատ է, եւ պետք  է փոխել  իրավիճակը: Նա նշեց, որ ստատուս-քվոյի պատճառով չեն զարգանում հեռահաղորդակցություններն ու տնտեսությունը, դրա պահպանումը մեծ ծախսեր է պահանջում, իսկ երբեմն արտաքին հարցերի կարգավորված չլինելը լավ «արդարացում» է տեղական իշխանությունների համար:

Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար Ավազ Հասանովն ասել է, որ իր երկրում որպես ստատուս-քվոյի դրական կողմ նշում են կրակի դադարեցումը, սակայն գտնում են, որ այդպես հավերժ չի կարող շարունակվել: Ստեփանակերտի «Ռեսուրս» կենտրոնի տնօրեն Իրինա Գրիգորյանն էլ, ներկայացնելով փորձագետների եւ հանրության հարցման արդյունքները, նշել է, որ ստատուս-քվոն Ղարաբաղում ընկալվում է որպես տարածաշրջանային կայունության պահպանման միակ միջոց: Նա ասել է, որ ղարաբաղցիների կարծիքով, ստատուս-քվոյից դուրս գալու միակ «անարյուն» ձեւը կլինի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը:

Հայաստանյան սոցիոլոգ Սամվել Մանուկյանը ներկայացրել է իր կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքները: Պարզվել է, որ Հայաստանում ընդդիմությունը դժգոհ է ստատուս-քվոյից, իսկ իշխանական ուժերը՝ գոհ: Նա ներկայացրել է նաեւ ստատուս-քվոյի դրական եւ բացասական կողմերը՝ նշելով, որ մարդիկ այն կարծիքին են, որ զիջումները կլինեն ոչ թե խաղաղության, այլ թշնամու օգտին: Եվ այդ պատճառով էլ շահավետ է պահպանել ստատուս-քվոն: «Հասարակությունը կարծում է, որ այսօր հաշտեցումն անհնար է»,- հավելել է Սամվել Մանուկյանը:

Փիտեր Սեմնեբին նշել է, որ վրացական իրադարձությունները ցույց են տվել ստատուս-քվոյի անկայունությունը: «Վրացական պատերազմը ցույց է տվել հակամարտությունների  ոչ մեկուսացված լինելը, դրանց համալիր բնույթը: Եվ նկատի ունենալով այդ հանգամանքը՝ մենք պետք է ընդլայնենք ստատուս-քվոյի համատեքստը եւ ընկալենք հակամարտությունները տարածաշրջանային տեսադաշտում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը: Նա նշել է, որ գոյություն ունի նոր սառեցման վտանգ:

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը համաձայն է, որ ստատուս-քվոն պահպանվում է՝ շնորհիվ ուժերի հավասարակշռության, բայց նաև գտնում է, որ տնտեսությունների անհամաչափ զարգացումը կփոխի այն: Ադրբեջանցի քաղաքագետները չեն տեսնում հաշտեցման այլ ձեւ, քան վերադարձ 1988-ի իրողություններին: Ի պատասխան դրա՝ արցախցի բժիշկ Աշոտ Ադամյանը նկատել է, որ եթե խոսենք ֆուտբոլային տերմիններով, չի կարելի սկսել երկրորդ խաղակեսը՝ չճանաչելով առաջին խաղակեսի արդյունքները:

Կլինի՞ արդյոք նոր սառեցում, թե՞ այս անգամ միջնորդներին «կհաջողվի» կոտրել ստատուս-քվոն: Դա ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, տխրահռչակ Միջազգային ճգնաժամային խումբը, որի զեկույցներով միջնորդները հասարակության մեջ են մտցրել կարգավորման սկզբունքները, չի պատրաստում նոր զեկույց: Դրա մասին «Դեմո»-ին ասել է ՄՃԽ խորհրդատու Մագդալենա Ֆրիչեւան: «Պետք է ոչ թե ռազմական ավանտյուրաներով զբաղվել, այլ վստահություն կառուցել»,- ընդգծել է նա:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Հասարակություն

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՆ ՏՐՎՈՒՄ, ԻՍԿ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԽԱԼՎԵԼ

”Ордена людьми даются, а люди могут ошибаться!”

Այս խոսքերը ռուս նշանավոր գրող եւ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովինն են՝ մեջբերված նրա անմահ «Խելքից պատուհասը» պիեսից: Իմաստն էլ, թեկուզ ասված նուրբ իրոնիայով, հասկանալի է, այսինքն՝ շքանշանը պետք է տալ արժանավորներին։ Զգուշացում եւ հիշեցում թե’ հեղինակի ժամանակակից, թե’ այսօրվա բարձրաստիճան իշխանավորներին:

Շատերն են գտնում, որ մեզ մոտ՝ Արցախում, հենց այնպես, մի նայվածքով են բաշխվում պետական բարձր պարգեւները: Արցախյան մեր ազատամարտի շատ հերոսներ են արժանացել հերոսի կոչման, շքանշանների ու մեդալների: Եվ եթե կան դեռեւս (իսկ հավանական է՝ դեռ կան), Աստված թող զորավիգ լինի նրանց հավուր պատշաճի եւս ըստ արժանվույն գնահատվելու համար:

Բայց կան նաեւ այս գործի ընթացքից դժգոհ լինելու պատճառներ: Ամենից առաջ, չափազանց նեղ են այն շրջանակները, որոնք ընդգրկված են այդ ոլորտում: Առնվազն վերջին տարիներին դժվար է հիշել մի դեպք, երբ պարգեւի արժանացած լինի բանվոր կամ գյուղացի, այսինքն՝ նրանք, ովքեր հասարակության իրական հենասյուներն են, մարդիկ, ովքեր բերք ու բարիք են արարում մեզ համար: Ես (եւ երեւի  շատերը) զույգ ձեռքս կբարձրացնեի, օրինակ, որ կոչում, շքանշան կամ մեդալ ստանա մեր հաջողակ ֆերմերը, այն տրակտորիստը, որ հողը մշակում է խղճով ու որակով: Սա մյուսներին կոգեւորի՝ բարձրացնելու իրենց որակավորումը։ Թող չքմծիծաղեն, թե հիմա սեփականաշնորհված է ամեն ինչ, ուստի, իբր, նման առաջարկը տեղին չէ։ Ո’չ, տեղին է, հարցի ճիշտ դրվածքի դեպքում ձևը կարելի է գտնել, ի վերջո, հո երկրի ապագան է՞լ չեն մասնավորեցրել։

Վերջին տասը տարում երկու անգամ՝ 2003-ին եւ այս տարվա հուլիսին, առաջին անգամ՝ 80, երկրորդ անգամ 85-ամյա իր հոբելյանները տոնեց տասնամյակներ շարունակ միամորիկ թերթը՝ «Խորհրդային Ղարաբաղը», այսօրվա մեր «Ազատ Արցախի» նախորդը: Բայց տոնեց ոչ թե մեր հանրությունը, այլ խմբագրության կոլեկտիվն ինքը՝ մեն-մենակ: Մեր բարձրաստիճան ղեկավարները բավարարվեցին միայն շնորհավորանքներով: Առանձին անհատների համար հոծ դահլիճներում, հանրապետության ղեկավարների մասնակցությամբ շքեղ երեկույթներ, ցերեկույթներ են անցկացվում, մինչդեռ մայր թերթի կոլեկտիվն ուշադրության չարժանացավ:

Ճիշտ է, առաջին անգամ երկրի այն ժամանակվա նախագահը՝ Արկադի Ղուկասյանը, երեւի հիշելով, որ ինքն էլ եղել է մեր կոլեկտիվի անդամներից մեկը, թերթի խմբագրի տեղակալը, ներկայացավ «Ազատ Արցախի» խմբագրություն, շնորհավորեց կոլեկտիվին 80-ամյա հոբելյանի առթիվ, մասնակիցը եղավ այդ առթիվ գցված սեղանին, ջերմ ու սրտալի խոսքեր ասաց իր նախկին գործընկերներից ոմանց մասին եւ, որ կարեւոր է, խոստացավ ինչ-որ գործուղումից վերադառնալուց հետո շուքով, հանդիսավորությամբ եւ արժանավայել խնջույքով նշանավորել թերթի կարեւոր տարեդարձը: Գնա՞ց գործուղման, թե՞ չէ՝ այդ չիմացանք, բայց որ իր խոստումը չկատարեց, այս իմացանք ու իմացանք:

Գտնում եմ, որ այս ամենի մասին գրում եմ օրինական իրավունքով: Իմ աշխատանքային գործունեության գերակշիռ մասը ես նվիրաբերել եմ «Խորհրդային Ղարաբաղին»: Ես նրա աշխատակիցը, ավելի ճիշտ՝ աշխատանքով բոլորից շատ ծանրաբեռնվածն էի, այսինքն՝ պատասխանատու քարտուղարը, երբ ձեռքի շարվածքով էր գլուխ գալիս թերթի լույսընծայումը: Ընդհատվում  էր էլեկտրաէներգիայի մատակարարումը, օրվա համարի հերթապահն ու ես ձեռքով էինք պտտում տպագրիչ մեքենայի թափանիվը եւ եթե գիշերվա ժամը 2-3-ին էինք վերջնագծին հասցնում ամեն ինչ, մեզ բախտավոր էինք համարում: Հետո գլխավոր խմբագիրն էի։

Թող չստեղծվի այն տպավորությունը, որ ես շքանշան կամ մեդալ եմ մուրում: Ես ցավում եմ սոսկ իմ այն գործընկերների համար, ովքեր այսօր մոռացված, տեսադաշտից դուրս են: «Խորհրդային Ղարաբաղը» մեր ժամանակներում ԽՍՀՄ-ում միակ հայատառ թերթն էր, որում հազարից մի անգամ էին տառասխալների հանդիպում: Եվ դա՝ շնորհիվ մեր վերահսկիչ սրբագրիչի՝ Գերասիմ Հովսեփյանի: Անմոռանալի մեր ընկերը նաեւ շնորհալի բանաստեղծ էր՝ ավա՛ղ, այսօր մոռացված: Նրա երբեմնի գործընկերները վերջին երկու-երեք տարում, մինչեւ վերջ քրքրելով իրենց արխիվները, հասցրել են տպագրել 5-7 հատորներ, մինչդեռ Գ. Հովսեփյանից բրոշյուր անգամ լույս չի ընծայվել:

Երկարամյա եւ ազնիվ վաստակի տեր իմ այլ գործընկերների էլ կարող եմ հիշատակել, բայց բավարարվեմ միայն մեկով: Խոսքս Հովհաննես Արզումանյանի մասին է,  ով «Խորհրդային Ղարաբաղի» գլխավոր խմբագրի ծանր, հալումաշ անող պաշտոնը վարել է ոչ ավել, ոչ պակաս 18 տարի: «Գինեսի» մրցանակին նեկայացնելու արժանի թեկնածու: Մանավանդ որ նա  Մեծ Հայրենականի հաշմանդամ է, ճակատում որպես սպա եղել է կյանքի համար ամենից վտանգավոր դերում՝ վաշտի հրամանատար: Մի փոքրիկ պարգեւն էլ, կարծում եմ, կուրախացներ նրան, կառույգացներ, մանավանդ՝ մի քանի տարի է, ինչ գամված է անկողնուն:

Մի կարեւոր հարց եւս: Կար ժամանակ, երբ մամուլում հրապարակված քննադատական ամեն մի խոսք արժանանում էր ուշադրության, մեղավորները պատասխանատվության էին ենթարկվում: Այլ է հիմա վիճակը: Հիշում եմ, այս տարվա սկզբին Շահմասուրի գյուղապետը ՀՅԴ  «Ապառաժ» թերթի միջոցով ահազանգեց՝ կործանվում է գյուղը, 56 ընտանիքից 28-ն են մնացել։  Գրում եւ խնդրում էր արտահոսքի ճանապարհը փակելու համար օգնել գյուղում ստեղծելու որեւէ արտադրամաս: Բայց… ձայն բարբառո հանապատի։ Մնում է եզրակացնել, որ մեր իրավասու պաշտոնյաները կա°մ թերթ չեն ընթերցում, կա°մ գլուխները ցավեցնել չեն ուզում: Եվ ինչո՞ւ ցավեցնել, երբ ճիշտ ժամանակին ստանում են հասանելիք աշխատավարձը, տակներին էլ, փառք Աստծո, ծառայողական մեքենան կա ու կա՝ առոք-փառոք կյանք վարելու համար:

Ինձ՝ որպես լրագրողի, շատ են անհանգստացնում մեր մայրաքաղաքի շենքերի պատերին ամսեամիս ավելացող տագնապիչ ազդերը՝ “րՐՏփվՏ տՐՏՊՈպՎ ՍՉՈՐՑՌՐց”: Մամուլում ահազանգեր եղել են այդ մասին, ինքս էլ արձագանքել եմ դրան իմ հրապարակումներից մեկում: Սակայն մեր պաշտոնյաներից չգտնվեց մեկը, որ հետաքրքրվեր, թե ինչու այդքան աճում է տնավաճառների թիվը: Ինքս այն համոզմանն եմ, որ մարդիկ դժգոհ են ոչ միայն ապրուստից, այլև սոցիալական անարդարությունից, իրենց նկատմամբ անտարբեր վերաբերմունքից:

Կա նորահնար ասացվածք՝ հասարակության հասունությունը բնորոշվում է նրանով, թե շքանշաններ եւ այլ պարգեւներ ստացողների ո°ր մասն է արժանի դրանց: Այլապես՝ որքան շատանում են պրոբլեմները, այնքան ավելանում է պարգևներ ստացողների թիվը։ Անարժան ստացողներինը՝ հատկապես։ Ու արժեզրկվում է շքանշանն ինքը, արժանիներն էլ մի տեսակ են ընդունում դրանք, քանի որ նույնից անարժաններն էլ ունեն։ Մի մշակութային հիմնարկ ունենք, որի բոլոր անդամները վաստակավոր են։ Դե արի ու լավը վատից ջոկիր…

Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Ինչպես ցույց է տալիս փորձը, կառավարությունը ջանքեր է գործադրում, որ հարկատուների մոտ խաբեբաները քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն: Հենց այդ նպատակով կիրարկվեցին հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ), հիմնականում՝ առևտրական կազմակերպությունների համար։ Սակայն կարելի է ասել, որ դրանք ոչ լրիվությամբ են իրենց արդարացնում,  եւ շատ բան թողնված է բնակչության հսկողության վրա։ Բանն այն է, որ առեւտրականների մի մասը չի կատարում իր պարտականությունները, այն է՝ ամեն մի վաճառված արտադրանքի համար, լինի դա սննդամթերք, տնտեսական ապրանք, շինանյութ թե դեղամիջոց, առանց գնորդի պահանջի պետք է տրվի ՀԴՄ-ի կտրոնը։ Մինչդեռ միշտ չէ, որ հենց այդպես էլ լինում է։

Որպեսզի խաբելու հնարավորություն չլինի, առաջարկում եմ հետեւյալը: Օրինակ, խանութի ապրանքների փաստացի մնացորդը առ 01.01.08 թ. կազմել է 3 մլն դրամ, հունվար ամսում ձեռք է բերել 10 մլն դրամի ապրանք, ՀԴՄ-ով ցույց է տվել առեւտրի ծավալը հունվար ամսում 4 մլն դրամ։ Մնացորդը առ 01.02.08թ. պետք է որ լինի 9 մլն դրամ: Ստուգմամբ եթե պարզվում է, որ փաստացի մնացորդը 2 մլն դրամ է, ուրեմն մնացած գումարը, որը կազմում է 7 մլն, վաճառվել է ՀԴՄ-ից դուրս: Ստացվում է, որ 4 միլիոնից հատկացրել է 100 հազար դրամ, սակայն նա պետք էր վճարեր առեւտրի հարկ եւս 7 մլն-ից, այսինքն՝ 175 հազ. դրամ թաքցրել է:

Իմ առաջարկած տարբերակի դեպքում պետք է ամեն ամիս հաշվետվության հետ միասին ներկայացնել նաև խանութի ապրանքների մնացորդի քանակը եւ գումարը ըստ ապրանքատեսակների։ Այս ճանապարհով կարող ենք անբարեխիղճ հարկատուների թիվը կրճատել եւ ավելացնել պետական բյուջեի եկամուտների մուտքերը:

Եվս մի առաջարկ։ 1994թ. ապրիլի 1-ին արժեզրկվեց նախկին խորհրդային ռուբլին, եւ ԼՂՀ ներմուծվեց հայկական դրամը։ Այն անձինք, ովքեր ունեցել են մեծ գումարներ, դարձել են «չունևոր», կարելի է ասել, որ հավասարվել են գումար չունեցողների հետ, այսինքն՝ բոլորս հավասարվել ենք։ Ուրեմն այդ ինչպե՞ս եղավ, որ կարճ ժամանակում հենց մեր Ղարաբաղում առաջ եկան նորաթուխ փողատերեր, չէ՞ որ նրանց եւս կարելի է դասել խաբեբաների ու գողերի շարքին:

Ահա թե ինչու պետք է անցկացնել շենքերի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների գույքագրում՝ դրանց իրական տերերին հայտնաբերելու համար: Եթե գույքը գրանցված է որեւէ թոշակառուի  կամ սակավատեր այլ անձի վրա,  ապա պարզ է, որ նա չէ իրական տերը, քանի որ կենսաթոշակի գումարը չի հերիքում անգամ նվազագույն կենսական մակարդակն ապահովելու համար։ Ուրեմն գույքը կա°մ ձեռք է բերվել գողությամբ, ապօրինաբար, կա°մ էլ նրա ծանոթ-բարեկամներից մեկն է նրա վրա գրել տվել։ Հետաքրքիրն այն է, որ շարքային քաղաքացիները շատ բան գիտեն այդ ամենի մասին, քանի որ փոքր քաղաք է, բայց ահա պատասխանատու պաշտոնյաները չգիտեն ու չգիտեն։ Գուցե ՀԴՄ-ի նման դա՞ էլ են թողել բնակիչների վրա։ Եթե այդպես է, ապա ինչի՞ համար են պետական կառույցները, ինչո՞ւ ենք ընտրում նախագահ, պատգամավորներ, ձևավորում կառավարություն, որոնք էլ պարտավոր են հակահասարակական երեւույթները վերացնել: Եթե ժողովուրդը սկսեց զբաղվել վերը նշված արատների վերացմամբ, ապա մեր նորաստեղծ պետության վրա դա թանկ կնստի:

Եվս  մի փաստ, որը նպաստում է հարկերից խուսափելուն։ Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ ներմուծելով ապրանք՝ խանութում սահմանվում է այդ վաճառվող ապրանքի նոր գին՝ ծածկելու համար արված ծախսերը։ Ապրանքների թանկացումը դարձել է շարունակական, և երբ լսում են, որ սպասվում է թանկացում, իսկույն թանկացնում են խանութում, պահեստում գտնվող ապրանքները՝  մոռանալով, որ այդ ապրանքների ինքնարժեքը որոշված է, այդ ապրանքների վրա լրացուցիչ ծախս չի կատարվել։ Իրականում թանկացումը կարող է վերաբերել ապրանքների նոր խմբաքանակին, բայց մեզ մոտ ո՞վ է հետևում դրան:

Այսպիսի մի դեպք եմ հիշում։ 1968թ. ԽՍՀՄ կառավարությունն ընդունեց մի որոշում կոլխոզների եւ սովխոզների համար, ըստ որի՝ նրանք, ովքեր թորում են օղի եւ վաճառում ինքնարժեքից բարձր գնով, ավել վաճառված գումարը պետք է մտնի պետական բյուջե։ Օրինակ, թթի օղու ինքնարժեքը սահմանվել էր 2ռ. 50կ., սակայն կոլխոզները եւ սովխոզները վաճառում էին 5 ռուբլով, ավել գումարը անարգել մտնում էր բյուջե:

Նույն տրամաբանությամբ, եթե մինչև թանկացումը ստացված ապրանքները վաճառում են թանկ գնով, ապա հավելյալ գումարը պետք է մտնի պետական բյուջե։ Սա այնքան էլ դժվար չէ, եթե կառավարությունը ընդունի որոշում, եւ այդ որոշումը իրականացնեն մասնագիտորեն ու արհեստավարժ։

Վերոնշյալ քայլերը կօգնեն կոռուպցիայի դեմ պայքարելու, արդյունքում կշահեն ե°ւ պետությունը, ե°ւ բնակչությունը:

Արտո ՍԱՀԱԿՅԱՆ

——————————————————————————————

Մունք

Իմ առաջին նամակը (տե’ս էջ 1 – խմբ.) դեռ չտպագրված՝ դեպքերը նոր զարգացում ստացան։ Այգեստան ժամանեց ԼՂՀ վարչապետի կողմից ուղարկված հանձնաժողովը՝ հարցը տեղում ուսումնասիրելու համար: Թե ինչ եղավ հանձնաժողովի հեռանալուց հետո… Դա մի հին ու ծանոթ պատմություն է, որը կոչվում է

ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ

«Շատ մեղր ուտելը լավ չէ, իր պատիվը որոնելը պատիվ չէ»։

(Առակաց, գլուխ ԻԵ, 28)

ԼՂՀ նախագահին այգեստանցիների դիմումի պատասխանը  երկար սպասել չտվեց: Գյուղաբնակները, որ հավաքվել էին ԼՂՀ վարչապետի կողմից ուղարկված հանձնաժողովին անձամբ հաստատելու իրենց դիմումն ու խնդրանքը, շատ զարմացան, որ իրենց հետ ոչ միայն զրուցում են (քանի տարի է՝ կիրթ պաշտոնյա չեն տեսել), այլեւ նույնիսկ լսում, ընդ որում՝ զրուցելիս էլ խոսում են ցա ծրաձայն՝ կարծես զգալով, որ մարդկանց թմբկաթաղանթները վաղուց են բորբոքվել ղեկավարների սին ճարճատյուններից: Առաջարկություններ խնդրեցին, ինչին ի պատասխան՝ գյուղացիները հաճությամբ առաջարկեցին, իսկ նրանցից մեկը (կարծեմ Գասպարյան էր ազգանունը) զայրույթով դուրս քշեց այծերը գյուղի՝ փարախի վերածված երկհարկանի շենքի ավերակներից: Հրաժեշտից առաջ հանձնաժողովը, արդարացի համարելով մարդկանց բողոքը, խոստացավ այն ներկայացնել անկողմնակալ:

Չուշացավ նաեւ Հադրութի վարչակազմի պատասխանը դիմում-բողոքին: Չանցած մի շաբաթ՝ գյուղապետի ուղեկցությամբ գյուղապետարան մտան երկու ոստիկան ու մի քանի օր շարունակ հարցաքննեցին դիմումը ստորագրողներին, մոտավորապես այսպես՝  «գիտե՞ք, թե ինչ եք ստորագրել», «ովքե՞ր են կազմակերպիչները», «ովքե՞ր են տարածել դիմումը ժողովրդի մեջ»։ Ցավագնորեն ծանոթ պատմություն է, չէ՞…

Մարդիկ տարակուսած են՝ ինչո՞ւմ է իրենց սխալը, ինչո՞ւ են իրենց ենթարկում ստորացուցիչ հարցաքննության: Նախքան հանրապետության նախագահին դիմելը նրանք բազում անգամ դիմել են տեղական իշխանություններին, բայց դիմումները միշտ մնացել են արհամարհված ու անպատասխան, շրջվարչակազմի կողմից այգեստանցիների հանդեպ խախտված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ինչպես նաեւ անարգվել են մարդկանց սահմանադրական իրավունքները՝ նրանց կյանքի համար ստեղծելով մարդկային կյանքի համար  հույժ վտանգավոր միջավայր, ավելին՝ Աստված մի արասցե, համաճարակի բռնկման դեպքում այն չի խնայի նույնիսկ Հադրութին:

Իսկ փոքր տրամաչափի ղեկավարները շարունակում են «մշակել» ստորագրողներին՝ «գյուղապետարանի աշխատակից լինելով՝ ինչպե՞ս եք ստորագրել մեր ղեկավարի հասցեին վիրավորական դիմում, կարո՞ղ է ուրիշ աշխատանք եք ճարել»: Ցավով ու ափսոսանքով ես ընթերցում պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց «բացատրությունը» ոստիկանությանը։ Մարդիկ, ովքեր, վախենալով վտանգել իրենց հանապազօրյա մի կտոր չոր հացը, ստրկամտորեն իրենց «մի խումբ սրիկաների կողմից» խաբվածի դեր են հատկացնում, սրիկաներ, ովքեր «վիրավորել են մեր ղեկավարներին» (կոմունիստական բարքերի վերակենդանացման դասական ձեւ): Ակամայից հիշում ես Գարեգին Նժդեհի խոսքերը. «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, ես տեսա ստրուկը ազատության մեջ ու գարշեցի մարդուց»:

Պարզվում է, որ «մեր ղեկավարներին վիրավորող» տողերը եղել են նախագահին ուղղված դիմումի «առաջին նախադասության մեջ», ինչպես բացատրել է ոստիկանը: Այդ «վիրավորական տողը» ներկայացնում ենք ընթերցողնին. «… հաշվի առնելով մեր ագրարային շրջանի ոչ պատշաճ տնտեսական վիճակն ու ղեկավարությունը…»:

Ահա թե որտեղ է թաղված…

Իհարկե, եթե շրջանի՝ ռուսական կրթությամբ ղեկավարն ունենար հայերենի իմացության պատշաճ մակարդակ, կամ էլ շրջվարչակազմում գտնվեր մեկը, որ պատշաճ (կամ՝ ըմբռնելի, հասանելի, «դոստուպնի») ձեւով բացատրեր նրան, որ «պատշաճ» բառը հոմանիշ չէ որեւէ վիրավորական բառի,  ապա միգուցե ղեկավարն էլ չսկսեր կոմունիստական ժանդարմական հասարակարգից ժառանգած իր վհուկորսը Այգեստանի մտավորականության դեմ։ Նրանց անհնար է ստրկացնել, ինչը, ցավոք, չի կարելի ասել ընտրություններով հաստատված համայնքի ղեկավարի մասին, ով քիչ դեր չի խաղացել համագյուղացիներին ահաբեկելու չեղյալ վիրավորանքի համար՝ դառնալով բարձր տրամաչափի իշխանավորների կամակատարը: Գուցե դա էլ ապրելու ձեւ է (Աստված նրա հետ):

Մենք պատրաստ ենք աղբանոցի փակման հետ մեկընդմիշտ փակել այգեստանյան այս շարքը: Բայց աղբանոցն օրըստօրե ավելի է մոտենում գյուղի տներին:

Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ՄԵԾ ԱՂԲԱՆՈՑ»

Ստեփանակերտի 85-ամյակի առթիվ Արցախի հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ Սերգեյ Շահվերդյանը: Ամենահետաքրքիրը նրա մանկության տարիների հետ կապված հիշողությունն էր Գրիգոր Լուսավորիչ 5 թաղամասի մասին: Նրա պատմելով՝ այդ հին թաղամասից իր հիշողության մեջ մնացել են իրար կողքի շարված խանութները, որտեղից ինքը շոկոլադե յուղ քսած հաց էր գնում։ Եվ հիմա, նրա ասելով, այդ են հիշեցնում թաղամասը շրջապատող քարե կամարները, որոնցից ամեն մեկի տակ խանութ է գտնվում:

Այժմ, երբ նայում ես մեր թաղամասը շրջապատող խանութներին, ակամայից հիշում ես Ավետարանի հետեւյալ խոսքերը. «Նոր շորը չեն կարում հին շորի վրա, դրանից պատռվածքը ավելի մեծ է լինում»: Իսկապես, այդ խանութները նոր կարկատանների պես են մեր հին թաղամասի կողքին, որովհետեւ մեր թաղամասի տները շատ հին են եւ ուր որ է փլվելու վրա են, հատկապես փայտաշեն երկհարկանի շենքը, որտեղ էլ նախկինում բնակվում էր Սերգեյ Շահվերդյանը: Այն կողքից արդեն փլվում է, բայց չնայած շենքի փլվելու վտանգին՝ նա ոգեւորությամբ ու հպարտությամբ է պատմում այդ թաղամասի մասին, որովհետեւ այդտեղ է ծնվել ու մեծացել: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ սովորաբար տեսնում են միայն շենքի քարե կամարներն ու փայտահիմնվածքները ու չեն նկատում այդ թաղամասում բնակվող մարդկանց վիճակը, մարդիկ, ովքեր արդեն գտնվում են անճար ու անհույս վիճակում, քանի որ այդ թաղամասը ոչ քանդում են, ոչ էլ կարգի բերում:

Հնություն համարվող այդ փայտաշեն երկհարկանի շենքում, ասում են, մի կուլակ էր ապրում, իսկ մեր տները, որտեղ ես եմ բնակվում, այդ կուլակի ձիանոցն էր: Հետագայում՝ սովետական կարգերի օրոք, այդ ձիանոցը տվել են մարդկանց՝ որպես կացարան: Դա են վկայում տարբեր տեսակի միջատները, որոնք պատճառ են դարձել, որ մի քանի անգամ դեզինֆեկցիա անեմ տունս: Այդ տների անբարենպաստ վիճակից ելնելով՝ մարդիկ սկսել են նոր «կարկատաններ» անել: Օրինակ, իմ դիմացի հարեւանը նոր «բալկոն» է կառուցել, որպեսզի իր երեխաները արեւի երես տեսնեն ու աղմուկով լցնեն շրջապատը: Մյուս հարեւանս անընդհատ փռշտում է՝ ամառ լինի, թե ձմեռ: Ալերգիկ է դարձել տան խոնավությունից: Տանս հետեւում ապրող հարեւանս իր մյուս հարեւանի տան հետեւում բաղնիք է կառուցել, իսկ իմ տան պատին անմիջապես կպած՝ «կուխնի», դրանով չի բավարարվել, փակել է իմ տան միակ օդափոխող անցքը: Էլ չեմ ասում, թե ինչքան է քաշքշել իմ տան կտուրը ծածկող թիթեղները, ինչի հետեւանքով անձրեւը կաթկթում ու ավելի է խոնավացնում մեր տան պատերը: Դիմացի հարեւանիս նոր կառուցած «բալկոնը» ծածկող կտուրից ձմռանը սառցե լուլաներ են կախվում, որոնք հալելով լցվում են իմ բակը՝ առաջացնելով սառցադաշտ, որտեղով անցնելը վտանգավոր է դառնում:

Թաղամասի հենց կենտրոնում աղբի կույտ է կուտակվել, որից ելնելով էլ այս թաղամասը կարելի է անվանել «մեծ աղբանոց»: Որովհետեւ թաղամասի բնակիչները նույնպես «աղբ» են համարվում, քանի որ նրանց բողոքները ոչ ոք չի լսում: Միայն նկատում են շենքի գեղեցիկ կամարները: Մեր թաղամասը ոչ ոք չի սրբում, անգամ հավաքարար չեն հատկացնում, ասում են՝ ձեզ չի հասնում, դուք պիտի սրբեք:

Իսկ թաղամասը շրջապատող խանութները կարծես կարկատաններ լինեն, որոնք ավելի են ազդում թաղամասի բնակիչների նյարդերի վրա, որովհետեւ դրանք քողարկում են թաղամասի հին լինելը ու մարդկանց «հին» վիճակը:

Որպես մայրաքաղաքի բնակիչ՝  Ստեփանակերտ քաղաքի 85-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ համաքաղաքացիներիս տոնը ու ցանկանում եմ, որ «մեծ աղբանոցի» տեղը նոր շենքեր կառուցվեն, կամ դրանք նորոգվեն, որպեսզի ոչ մի խոնավ ու խարխլված տուն սոսկ հնություն չհամարվի, որպեսզի չվտանգվի Արցախի բնակչության առողջությունը: Խոնավ, ոչ բարենպաստ պայմանները պատճառ են հանդիսանում զանազան հիվանդությունների առաջացման։

Իմ հարեւանները բոլորն էլ լավ մարդիկ են. իրենց պայմանները մի քիչ լավացնելով՝ նրանք նեղություն են տալիս մյուսներին, բայց, միեւնույն է, ես նրանցից չեմ նեղանում, քանի որ ամեն մարդ ստիպված է ինքն իր գլխի ճարը տեսնել:

Շատ լավ է, որ տուրիստներ են գալիս մեր քաղաքը, Սերգեյ Շահվերդյանը նրանց ցույց է տալիս հին ու նոր Ստեփանակերտը: Ես ապրում եմ հին Ստեփանակերտում: Բայց եթե այս հին թաղամասը որպես թանգարան են պահում, ապա լավ կլինի, որ մարդ չբնակվի այնտեղ: Մարդը հնություն չէ, որ թանգարանում ցուցադրվի: Հետեւաբար, խնդրում եմ մեր պետությանը, որ մեզ թանգարանի նմուշ չհամարի, չէ՞ որ մարդ ենք ու լավ ապրելու իրավունք ունենք: Առանց այն էլ մարդու կյանքը կարճ է:

Խնդրում եմ՝ ինձ ճիշտ հասկանան Ս.Շահվերդյանն ու բոլորը։ Իհարկե, հաճելի է հիշել մանկությունը, լսել մանկության հուշեր, տեսնել և ուրիշներին ցույց տալ հնությունները, գեղեցիկ կամարները։ Այդ ամենը պետք է, իհարկե, այդ մարդիկ սիրում են իրենց քաղաքը և ուզում են ուրիշների համար էլ ընկալելի դարձնել այդ գեղեցկությունը, այդ մարդկանց համար թանկ է իրենց մանկության քաղաքը։

Ինձ համար ևս թանկ է, ես ևս սիրում եմ իմ քաղաքը։ Պարզապես զմայլվելուց բացի ուզում եմ մի առաջարկ անել։ Լսել եմ, որ ուրիշ քաղաքներում հնությունների արտաքին տեսքն անպայման պահպանում ու խնամում են, բայց ներսն էլ պարտադիր փոխում ու նորացնում են։ Այսինքն՝ անցյալն ու անցյալի հուշերը խնամքով պահում են արտաքին տեսքում, իսկ ներսն էլ՝ համապատասխանեցնում ժամանակին։ Ասել է թե՝ մարդիկ ապրում են հնություն համարվող շենքում, բայց նորմալ, ժամանակակից պայմաններում։

Հնություն ասելով չպիտի հասկանալ խարխուլ ու օրեցօր քանդվող շենք, որի ծերությունը չպիտի խանգարել։ Ոչ, այնտեղ մարդիկ են ապրում, որոնք իրավունք ունեն լինելու ոչ միայն անցյալում, այլև ներկայում։ Մարդիկ հնություն չեն։

Մարիետա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

——————————————————————————————-

Նամականի

ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՊԱԹԵՏԻԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻՆ ՉԵՆ 

«Դեմո»-ի 17-րդ համարի (2008 թվականի հոկտեմբերի 15) հոդվածները կարդալով՝ չկարողացա մնալ պասիվ ընթերցողի դերում:

Ղարաբաղյան խնդրի գերքաղաքականացումը ավելորդ անգամ ապացուցում է, որ խոշոր տերությունները գործում են՝ առաջնորդվելով բացարձակապես սեփական շահերով: Ժողովրդավարական ազատություններ, մարդու եւ անհատի իրավունքներ շեփորահարող երկրներն իրենց պարագլուխներով բութ համառությամբ չեն ուզում նկատել իր ազատության համար պայքարող ժողովրդին: Ինչեւէ, ստիպված ենք գործ ունենալ եղածի հետ:

Բայց ափսոս, որ մեզանում ցայսօր չկա ուժերի այս դասավորվածության մասին պարզ պատկերացում: Տարվում է քաղաքական պայքար, եւ միանգամայն պարզ պիտի լինի, որ կողմերը դիմելու են ամենավսեմ գաղափարներով քողարկված անազնիվ միջոցների, միայն թե հասնեն իրենց նպատակին: Նման անազնիվ մեթոդ է առաջին հերթին Աբդուլա Գյուլի տված հարցազրույցը, որտեղ խոսվում է հողերի հանձնման մասին։ Իհարկե, հատկանշական է, որ տարածքների հանձնման մասին լուրն առաջինը տարածել է Թուրքիայի նախագահը: Եվ շատ ափսոս, որ մեզանում դեռ կան մարդիկ, որոնք հավատում են թուրքին եւ ենթարկվում նրա սադրանքներին:

Հայաստանի ղեկավարությունը իր համար ոչ շահեկան, անհավասար դիրքերից քաղաքական պայքարի մեջ է ավելի ուժեղների հետ: Միամտություն կլիներ ակնկալել անզեն աչքով տեսանելի դիրքափոխություններ: Շահեկան դիրք ձեռք բերելու համար կպահանջվեն հնարավոր եւ անհնար ճկունություն, դիվանագիտական հմտություն, ինչը եւ անում է Ս.Սարգսյանը: Համոզված եմ, որ ամեն ինչ գտնվում է ընթացքի մեջ, և ոչ մի վերջնական պայմանավորվածություն չկա: Միանշանակ, պաթետիկ հայտարարությունները նման բարդ իրավիճակում տեղին չեն:

Ավելին, իմ համոզմամբ, ՀՀ ղեկավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի ուժեղների համար հստակեցվի երկու հայկական պետությունների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: ՀՀ զինված ուժերը տարածք չեն զավթել, ուստի եւ հանձնելու ոչինչ չունեն: Արդյունավետ ուղին ղարաբաղցու հետ հաշվի նստելն է: Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը, պաշտպանվելով պատերազմով իր դեմ ելած ազերուց, ուղղել են բոլշեւիկների /ներկայիս «ուժեղ» ժողովրդավարական կառավարությունների համար այնքան ատելի/ բիրտ անարգանքը: Այս իրողությունն է տեղ հասցվում: Իրոք, ինքնահրկիզումը երբեք Արցախում հարգի չի եղել, որովհետեւ արցախցին կուռքեր չունի եւ ոչ մեկի նման քայլը չի հանդուրժի:

Ընդսմին, ցավում եմ, որ կա ղարաբաղցի, ում մոտ դեռեւս համոզմունք չի դարձել, որ կա մեկ ԼՂՀ՝ 2006 թվի դեկտեմբերի 10-ի Սահմանադրությամբ ամրագրված սահմաններով: Ուրիշ ԼՂՀ չկա, եւ լրացուցիչ պարզաբանումներն ու մեկնաբանություններն ավելորդ են:

Սույն կարծիքս առանձնակի բացահայտում չի պարունակում: Ավելին, ես չեմ կարծում, որ «Դեմո»-ի խմբագրությունում աշխատում են քաղաքականությանը բոլորովին անտեղյակ անձինք: Սակայն մեծ խանդավառությամբ կկասկածեի, քանի որ մտորումներս առ այն, թե ինչ տրամաբանություններ են մշակում հոդվածների հեղինակները, բերում են ինձ ոչ ցանկալի, անկեղծորեն ասած, ցավալի եզրահանգումների:

Գայանե ԲԱԽՏԱՄՅԱՆ

Հարգելի խմբագրություն 

Մեծ հարգանքով եմ վերաբերվում ձեր թերթին և ընթերցում եմ յուրաքանչյուր համար: Այսօր մի խնդիր է հուզում ինձ, որի մասին նպատակահարմար եմ գտել պատմել Ձեզ: Յուրաքանչյուր ազգ հիշում է իր պատմությունը, սովորույթները, բայց մենք կարծես թե մոռացել ենք: Օրեր առաջ ձեր թերթում կարդացել եմ հայկական տարազի մասին մի նյութ, որն էլ դարձել է այս նամակիս հիմնական դրդապատճառը: Այսօր մեր մայրաքաղաք են այցելում ուրիշ երկրներից ժամանած հյուրեր, որոնք հիանում են մեր բնությամբ եւ պատմաերկրագիտական հուշարձաններով: «Պիտաչոկ» կոչվող հատվածում տեղադրված է Այայի արձանը, որն այսօր փոշով ու կեղտով է պատված: Ամեն անգամ կենտրոնական շուկա գնալիս կանգնում եմ, տխուր նայում այդ արձանին, որն անուշադրության է մատնվել եւ ամաչում է իր կեղտոտ տեսքից: Ուզում եմ ջուր վերցնել եւ գնալ մաքրել, բայց, ախր, մեր տնից շատ է հեռու, եւ մարդիկ կկարծեն, թե խելագարվել եմ: Ես շատ խնդրում ձեր թերթի միջոցով համապատասխան մարմնին դիմեք, եւ այդ հարցով թող որ նրանք զբաղվեն: Մոտակա տարածքում ռեստորան կա, որին էլ կարծես թե քիչ է հետաքրքրում դա, բայց չէ՞ որ նրանց այցելուներից շատերը հենց այդ արձանի համար են մտնում ռեստորան:

Ձեր թերթի մշտական ընթերցող՝ Էմմա ԱՌՍՏԱՄՅԱՆ

ԷԼԻ ՀՈՒՍԱԽԱԲ ԵՂԱ

Մայրս արմատներով ղարաբաղցի է: Ղարաբաղում ծնված, մեծացած, հայ ազգի պարծանք հանդիսացող պետական համալսարանը ավարտած: Քույրերս եւս ղարաբաղցի են ոչ միայն ծագումով, այլև կրթությամբ, ապրելակերպով եւ անձնագրով: Ես էլ մորս հետ միասին գրանցված եմ այդտեղ, բայց միշտ չեմ ապրում Ղարաբաղում: Շատ եմ ուզում մշտաբնակ ղարաբաղցի լինել, բայց ծնողներս Ղարաբաղում աշխատանք չեն գտնում, իսկ ես դեռ փոքր եմ, առանց ծնողների չեմ կարող ապրել ոչ մի տեղ: Չեմ ուզում քույրերիս մոտ մնալ, նրանք ծեծում են ինձ՝ իրենց չլսելու համար, մեր խնամքի տակ գտնվող զինվոր մորաքույրս էլ տառապում է կրկնվող կոնտուզիայով: Այդտեղ էլ առանց ծնողների չեմ կարող մնալ: Ամեն տարի Ղարաբաղի ղեկավարները աշխատանք են խոստանում, բայց դե… չի ստացվում: Այս տարի էլ հույս ունեի, որ կդառնամ մշտաբնակ ղարաբաղցի, դպրոց կգնամ, խմբակներ կգնամ, կվերականգնեմ բնածին ընդունակություններս շախմատի գծով, ծնողներս էլ կաշխատեն, մեր տոկոսները կամաց-կամաց կքչացնենք ու ամբողջ ընտանիքով շնորհակալ կլինենք Ղարաբաղի ղեկավարներին: Ափսոս, էլի հուսախաբ եղա, ու իմ բոլոր երազանքները օդը թռան, ի չիք դարձան: Նորից գնչուական գավազանս պիտի վերցնեմ ու որտեղ ծնողներս՝ այնտեղ էլ ես:

Արամ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
11 տարեկան

Մեծարգո պարոն Գ. Բաղդասարյան

Ծնվել եմ Ղարաբաղյան շարժման հետ եւ մանկությունից սկսած՝ երկրպագել եմ Ղարաբաղն ու ղարաբաղցիներին: Մինչդեռ մտքովս չէր անցնում, որ իմ փրկությունը եւս կգտնեմ Արցախում, որտեղ հրաշք կատարվեց ինձ հետ:

Տարիներ շարունակ տառապել եմ մաշկային բարդ մի հիվանդությամբ` փսորիազով, որը աշխարհին ու բժշկությանը հայտնի է իբրեւ անբուժելի հիվանդություն: Եվ, ո՛վ զարմանք, կարճ ժամանակում լրիվ բուժվեցի՝ զարմացնելով ողջ շրջապատիս, որոնք տեղյակ էին, որ ծնողներս փորձել էին ինձ բուժել աշխարհի տարբեր ծայրերում, սակայն ապարդյուն: Ստեփանակերտաբնակ բարեկամուհուս երաշխավորությամբ եղա այդ մարդու՝ մասնագիտությամբ անասնաբույժ, բարձրագույն կրթությամբ, մաշկային հիվանդությունների խորագիտակ Լեւոն Հովսեփյանի մոտ, եւ ցնցվեցինք տեղի ունեցածից. ես ապաքինվել եմ եւ աշխարհն արդեն իմն է…

Երբ առաջին անգամ Էջմիածնից եկանք, ու մտա այն անշուք բնակարանը, որտեղ ապրում է այդ հրաշք-բժիշկը, եւ այն սենյակը, որի պատին փակցված էին ընտանիքի երկու զոհերի լուսանկարները, շատ ճնշված ու տպավորված էի, սակայն մտածում էի, թե ինչ կարող է անել այդ տարեց մարդը նման անփառունակ բնակարանում, անբարենպաստ պայմաններում: Սակայն, իրոք, եղավ հրաշքը:

Իմացե°ք, որ աշխարհում առաջին անգամ անբուժելի համարվող մաշկային հիվանդությունը բուժում է ղարաբաղցին՝ Լ. Հովսեփյանը, ում հնարավորությունների օգտագործումը անկասկած կցնցի աշխարհը: Դա ոչ միայն իմ, այլեւ նրա մոտ բուժված բոլոր հիվանդների կարծիքն է նաեւ: Ցավալի է, որ նման անշուք պայմաններում է այդ հրաշագործ մարդը օգնություն ցույց տալիս կյանքից հուսահատ մարդկանց: Ճանաչե°ք, խնդրում եմ, այդ մարդուն, առանց չափազանցության՝ մերօրյա Ամիրդովլաթին, որն ապրում է ձեր քաղաքում, ձեր կողքին: Ստեղծեք, խնդրում ենք, նրա համար  բնակարանային նորմալ պայմաններ. չէ՞ որ նա այսօր կարող է մեծ հռչակ բերել Ղարաբաղին՝ բուժելով բազում հիվանդների:

Ընդունեք այս նամակը իբրեւ հայ մի ուսանողուհու երախտագիտության խոսք ու ցանկություն Արցախին ու մեծ արցախցուն՝ Լեւոն Հովսեփյանին։ Հուսով եմ, որ անտարբեր չեք լինի ձեր կողքին ապրող, աստվածային առաքելությամբ օժտված բժշկի հանդեպ, որն աշխարհ է եկել ծառայելու անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց: Փայփայել ու խնայել է պետք նման մարդուն:

Կանխավ շնորհակալությամբ՝ Վ. ՄԵԼՔՈՆՅԱՆ
Էջմիածին

ՀԱԿԱԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴԸ

Երեք րոպե առաջ ֆիլմում ամեն ինչ լավ էր՝ սեր, հավատարմություն, հաջողություններ, իսկ ահա տեղական գովազդային բլոկից հետո… ատելություն, դավաճանություն, անհաջողություններ: Եվ պատճառը … գովազդն է:

Երեքրոպեանոց ռուսական գովազդային փաթեթի փոխարեն հնչում է չորսրոպեանոց տեղականը: Արդյունքում կինոյի սիրահարները կորցնում են իրենց թանկագին ֆիլմից ստանալիք հաճույքի մեկ րոպեն, իսկ սերիալում երբեմն դա մեկ դար է: Վերջապես գովազդի ավարտից հետո հեռուստադիտողը  խոր շունչ է քաշում, որ հանկարծ ավելի չնյարդայնանա: Բայց դա դեռ ամենը չէ, առաջ է գալիս նոր խոչընդոտ. էկրանին դեռ երեւում է գովազդատուի խորհրդանիշը: Երեք, չորս, հինգ վայրկյան, երբեմն նաեւ մեկ րոպե՝ պատկերի բացակայություն։ Իսկ այդ նույն ժամանակ «կուլիսների հետեւում» տեղի է ունեցել չորս ամուսնություն, երեք դավաճանություն եւ նորանոր գաղտնիքների բացահայտում:

Մեր անհամբեր գովազդատուները շտապում են հայտնել մեզ այն կարեւոր փաստը, որ պետք է «դրամ» բառով SMS ուղարկել՝ արտարժույթն իմանալու համար, իսկ «պոգոդա» բառը՝ եղանակն իմանալու համար: Պարզվում է, որ «պոգոդա» բառի հայերեն համարժեքը չունենք…

Բոլորիս է հայտնի, թե ինչպես են մեր խորամանկ գովազդատուները փորձում գնորդի ուշադրությունը սեւեռել այս կամ այն խանութի կամ ապրանքի վրա: Ասում են՝ ֆանտաստիկ ցածր գներ, աննախադեպ սուպերակցիա և այլն: Բայց հաճախորդի «ֆանտազիան»  առավել զարգացած է, և նա գիտի, թե իրականում ինչն ինչոց է: Հաջորդ խաբուսիկ քայլը զեղչերն են: Պարզվում է, որ ապրանքի վրա 20% զեղչ կատարվում է հաճախ դրա գինը թանկացնելուց հետո: Երբեմն էլ զեղչերը գործում են միայն  հին, ավելի ճիշտ՝ հնագույն ապրանքների վրա: Այդ թաքնված փաստը հաջողվում է պարզել միայն առավել հետաքրքրասերներին: Երբ խանութում վաճառվող մի քանի իրերի արժեքն իմանալուց հետո հարցնում ես. «Բա ո՞ր ապրանքի վրա է զեղչ», պատասխանում են. «Բացի դրանից, բացի սրանից, բացի այդ մեկից» եւ այլն:

Այս կամա-ակամա հակագովազդը կամուկացի մեջ է գցում մարդկանց, առավել ևս, երբ հետաքրքիր ֆիլմ են դիտելիս լինում։ Դիմելով մի շարք բախտակից հեռուստադիտողների՝ փորձեցի պարզել, թե որքանով է նրանց նյարդայնացնում տեղական գովազդային բլոկի անժամանակ ցուցադրումը:

Հերմինե, ուսանող. «Հաճախ գովազդը միացնում են այնպիսի պահերի, երբ համակ ուշադրությամբ դիտում ես քեզ շատ սիրելի որեւէ հաղորդում կամ ֆիլմ: Այն պահին, երբ հաղորդումը պիտի հանգուցալուծման հասնի, մեկ էլ հանկարծ գովազդային հոլովակներն են ներս խուժում, եւ գլխիդ ոնց որ սառը ջուր լցնեն: Իհարկե, հասկանալի է, որ գովազդներն այսօր ԶԼՄ-ի համար եկամտի մեծ աղբյուր են եւ նաեւ անհրաժեշտ են լսարանին, սակայն, բոլոր դեպքերում, ամեն ինչ լավ ու հաճելի է, եթե չափավոր է:

Քնար, դպրոցական. «Անկասկած խանգարում է, մանավանդ, որ սովորականից երկար է տևում: Արդյունքում՝ քայքայված նյարդեր»:

Տաթեւիկ, ուսանող. «Երբեմն խանգարում է։ Իսկ ամենաձանձրալին ինձ համար այն է, երբ փոխում ես ալիքը, բայց ամենուր նույն գովազդներին ես հանդիպում»:

Նարինե, դասախոս. «Իհարկե խանգարում է: Բայց գովազդն էլ ինքնին հաղորդակցության հետաքրքիր տեսակ է, եթե, իհարկե, պրոֆեսիոնալ է պատրաստված: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Այն պիտի տեղավորվի սահմանված ժամկետում»:

Ահա այսպիսի կարծիքներ։ Եթե չեմ սխալվում, մեզ մոտ ևս օրենսդրությամբ սահմանված է, թե մեկ ժամվա ընթացքում քանի րոպե կարելի է գովազդ հեռաձակել։

Գայանե ԵՂԻԱԶԱՐՅԱՆ / ԱրՊՀ ուսանող

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՊՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ՝ ՇԱՏԵՐԻՆ ՀԱՅՏՆԻ, ԲԱՅՑ ՔԻՉ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

Ցանկացած երեւույթի կամ մարդու մեջ կարելի է բացահայտել թե° դրական եւ թե° բացասական բազմաթիվ կողմեր, եւ բոլոր այն դեպքերում, երբ մենք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի պատճառով բացասական ապրումներ ենք ունենում, նշանակում է՝ մի կողմ ենք նետել դրական, օգտակար պահերը եւ կենտրոնացել միայն բացասականի վրա: Փոխելով այդ դիրքորոշումը, այսինքն՝ փնտրելով իրադարձության /մարդու/ դրական կողմերը՝ կարելի է հեշտությամբ հաղթահարել տհաճ ապրումները: Հոգեթերապևտի փորձից վերցրած հետեւյալ օրինակները կօգնեն ավելի հստակ պատկերացնելու ասվածը:

Մի կին դիմում է հոգեթերապեւտին բնակարանի մաքրության վրա իր սեւեռվածության եւ այդ հողի վրա ընտանիքի անդամների հետ անընդհատ կոնֆլիկտների պատճառով: Օրվա ընթացքում նա մի քանի անգամ մաքրում էր բնակարանը, հատկապես գորգերը: Տան անդամների աննշան փնթիությունը ընկալվում էր որպես անձնական վիրավորանք եւ պատերազմական վիճակ ստեղծում տանը: Այս պարագայում հոգեթերապեւտն ընտրում է հետեւյալ պրակտիկան. «Փակեք աչքերը եւ պատկերացրեք ձեր գորգը: Այն մաքուր է, գեղեցիկ, ոչ մի հետք չկա նրա վրա»: Կինն իրեն յոթերորդ երկնքում էր զգում, իսկ դեմքին երանության ժպիտն էր խաղում: Լեսլին /հոգեթերապեւտը/ շարունակեց. «Բայց ինչպես հարկն է պատկերացրեք, թե ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ դուք լրիվ մենակ եք, չկա մեկը, որ սիրի ձեզ, հոգ տանի ձեր մասին»: Կնոջ դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց. նա սարսափի մեջ էր։ Ապա Լեսլին ասաց. «Հիմա գորգի վրա մի քանի ոտնահետք պատկերացրեք եւ ուշադիր նայեք դրանց: Ձեր կողքին են աշխարհում ձեզ համար ամենաթանկագին մարդիկ»: Դրանից հետո կինը նորից իրեն լավ զգաց։ Այս դեպքը Լեսլի Կամերոն-Բենդլերի պրակտիկայից է:

Մեկ այլ դեպքում հայրն անընդհատ կոնֆլիկտների մեջ էր իր դստեր հետ, որին համարում էր համառ, ուրիշների կարծիքը հաշվի չառնող անձնավորություն (իմիջիայլոց, այդ գծերն աղջիկը հենց հորից էր ժառանգել): Այս դեպքում հոգեթերապեւտը (նշանավոր Վիրգինիա Սատիրը) հետեւյալ տեսանկյունից է հարցին մոտենում.

– Դուք քիչ բանի չեք հասել կյանքում, այնպես չէ՞:

– Այո°,- պատասխանում է հայրը:

– Եվ ի՞նչ, Դուք այդ ամենին հենց այնպե՞ս եք հասել: Ձեր հայրը Ձեզ բանկ է նվիրել եւ ասե՞լ. «Դե հիմա դու կլինես պրեզիդենտը»:

– Ո°չ, ո°չ, ես ամեն ինչին իմ ուժերով եմ հասել:

– Իսկ դա չի՞ նշանակում, որ Դուք բավական համառ եք:

– Այո°:

– Նշանակում է՝ Ձեր մեջ ինչ-որ բան կա, որը Ձեզ հնարավորություն է տվել լավ բանկիր դառնալու եւ հասնելու ներկայիս դիրքին: Միեւնույն ժամանակ, Դուք ստիպված եք ինչ-որ բանում երբեմն մերժել մարդկանց, քանի որ հակառակ դեպքում  կհայտնվեք տհաճ իրավիճակներում:

– Այո°:

– Երբեմն Ձեր մեջ բավական համառություն կա, եւ այն օգնում է Ձեզ խուսափելու վտանգներից:

– Այո°, իհարկե: Նման հարցերում պետք է զգոն լինել:

– Եթե Դուք լավ ուսումնասիրեք Ձեր աղջկան, կնկատեք, որ հենց Դուք եք նրան սովորեցրել, որ համառ լինի եւ պաշտպանի ինքն իրեն: Դա շատ լավ է: Դուք մի նվեր եք արել, որը նա ոչ մի տեղից չէր կարող գնել, եւ որը կարող էր փրկել նրա կյանքը: Պատկերացրեք, թե ինչ նշանակություն կարող է ունենալ այդ համառությունը, եթե, ասենք, Ձեր աղջիկը հանդիպել է վատ մտադրություն ունեցող մի տղամարդու:

Գայանե ԴԱՆԻԵԼՅԱՆ / ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի ԼՂՀ մասնաճյուղի մասնագետ, հոգեբան-մանկավարժ

ԼԱՎ Է ՈՏՔՈՎ, ՔԱՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՈՎ

Եթե որոշել եք քաղաքի մի մասից տեղափոխվել մի այլ՝ հեռավոր մաս, ապա խորհուրդ եմ տալիս քայլել ոտքով. այդպես ավելի ապահով եւ արագ կհասնեք, քան երթուղային տաքսով: Չե՞ք հավատում։ Ուրեմն լսեք պատմությունս։

Երկար ժամանակ կանգառում սպասելով եւ չհայտնաբերելով ոչ մի ազատ նստատեղով երթուղային տաքսի՝ վերջապես, կարծես որպես փրկություն, հայտնվեց մի կիսադատարկը: Ուրախությամբ մոտեցա, բացեցի դուռը եւ հազիվ էի հասցրել ինձ գցել երթուղայինի մեջ, երբ վարորդը միացրեց շարժիչը, եւ ես ամբողջ թափով շպրտվեցի դեպի հետեւի նստարանները, ոտքս դիպավ հատակին դրված ինչ-որ իրերի՝ պարգևատրվելով մի «գեղեցիկ» կապտուկով (մոտակա մեկ շաբթում պետք է մոռանամ կիսաշրջազգեստ հագնելու մասին): Մի կերպ ինձ կարգի բերեցի ու նստեցի: Բոլորի մոտ սա հիացմունք առաջացրեց: «Ինչ անշնորհք վարորդ է»,- ասացի ես, բայց վարորդի «վեջն» էլ չէր. միացրել էր ինչ-որ երաժշտություն, որից չէր հասկացվում՝ հայերե՞ն էր, թուրքերե՞ն, թե՞ վերջերս հայտնաբերված ինչ-որ նոր լեզվով:

Հաջորդ կանգառներում մարդիկ այնքան շատացան, որ մի նստարանին երեք հոգով էինք նստում, իսկ վարորդն ամեն կանգառում կանգնեցնում էր եւ նորից մարդիկ վերցնում, հետն էլ գոռգոռում. «Կանգնած մարդ չլինի»: Էլ չեմ խոսում, թե ինչպիսի ծուխ էր երթուղայինում, կարծես Լոնդոնի երկնքի սմոգը լիներ: Վերջապես տեղ հասանք, մի կերպ ձեռքս դեպի գրպանս տարա եւ հանեցի մանրադրամը: Մեկ ոստյունով դուրս ցատկեցի երթուղային տաքսուց, որ նորից նույն բախտին չարժանանամ: «Օ՛, մի՞թե դժոխքն այլեւս հետեւում է մնացել»,- մտածում էի ես: Տուն վերադառնալիս, որպեսզի նորից նույն փորձությանը չենթարկվենք, ես ու ընկերուհիս որոշեցինք տաքսի նստել: Հենց ճանապարհի կողքին մի ազատ տաքսի կար: Էս է, որ կա: Նստեցինք: Հանկարծ լսվեց ինչ-որ խլացնող ձայն՝ «գարդաշ, գարդաշ…»։ Սարսափահար վեր թռանք:

– Հո դեմ չե՞ք, որ թուրքերեն երաժշտություն եմ միացրել, -հարցրեց «սիրալիր» վարորդը:

– Չէ°, ինչո՞ւ պիտի դեմ լինենք: Մենք էլ ենք թուրք,- փորձեցինք ծաղրանքով հասկացնել վարորդին, որ դեմ ենք: Բայց վարորդը մեր խոսելու տոնից ոչինչ չհասկացավ եւ երեւի կարծեց, որ թուրք երգչին մենք դասում ենք աշխարհի լավագույն երգիչների շարքին: Ճիշտ են ասում՝ մարդ որ անհասկացող է լինում, լուրջ ասես, թե ծաղրանքով, միեւնույն է, գլխուղեղին չի հասնում:

Ի՞նչ ասեմ, այս «ոդիսականից» հետո խախտված նյարդային համակարգով հասանք տուն: Լավ է ոտքով, քան փոխադրամիջոցով: Եվ իրոք, լավ է ոտքերդ մի քիչ ցավեն, քան նյարդերդ:

Անահիտ ԲԱԴԱԴՅԱՆ / ԱրՊՀ ուսանող

ՄԱՐԴ ԵՂԵՔ

Մեզնից յուրաքանչյուրն  աշխատում է հնարավորինս հետաքրքիր ու արդյունավետ անցկացնել իր ժամանակը, հատկապես՝ ամռանը: Ոմանք տարվա այդ շոգ օրերը դիմավորում են ծովափին և այլուր, իսկ բնակչության մեծ մասն իր ամառային հանգիստն անց է կացնում քաղաքում կամ էլ հանրապետության հանգստյան գոտիներում:

Համաձայնելով «Արցախը փոքրիկ Շվեյցարիա է» արտահայտության հետ՝ ընկերներով հաճախ ենք լինում ղարաբաղյան անկրկնելի բնության գրկում, բայց թե այնտեղ անցկացրած մեր ժամանակը հանգիստ անվանենք, չափազանցրած կլինենք: Ինչո՞ւ: Որովհետև Արցախում չկա գոնե մի գետակ, ոչ սեփականացված ու մարդու հանգստին հարիր մի վայր, ուր ոտք դնելու տեղ լինի: Ամենուրեք հանդիպում ես աղբակույտերի, ծառերից կախված տոպրակների և նմանօրինակ այլ բաների:

Սկզբում թողնում-հեռանում էինք՝ ավելի լավ տեղ գտնելու հույսով: Բայց հետո, տեսնելով, որ այլ ելք չկա, սկսեցինք մաքրել տեղանքը: Ողջ մեր օրն անցնում էր աղբ այրելով ու հատուկ ցուցապաստառներ գրելով: Վերջիններիս բովանդակությունը հետևյալն էր. «Հարգելի՛՛ հանգստացողներ, խնդրում ենք աղբը հավաքել ձեր հետևից, եկեք պահպանենք բնությունը»:

Մի օր, հետաքրքրությունից դրդված, որոշեցինք կրկին այցելել մի շաբաթ  առաջ մեր կողմից «կարգի հրավիրված» վայրն ու ստուգել այնտեղի մաքրության աստիճանը: Եվ որքան մեծ էին մեր զարմանքն ու ջղայնությունը, ափսոսանքն ու կարեկցանքը, երբ այդ նույն տեղանքը տեսանք ավելի կեղտոտ ու ողորմելի, քան առաջին այցի ժամանակ: Կոտրատված ծառերի ճյուղեր, գույնզգույն տոպրակներ, փալասի կտորներ: Թող չզարմանա ընթերցողը, բայց հենց գետի մեջ էին նետված փոքրիկների «Պամպերս»-ներ ու ապակե շշեր… Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ մեր ազդերի տակ մարդիկ այն կարգի արտահայտություններ էին գրել, որ վերարտադրել այստեղ չեմ կարող:

Ուզում եմ տեղեկացնել այդկերպ բնությունը «սպառող» մարդկանց, որ միայն խոզն է լափում կաղինն ու հետո կրծոտում իր այդքան սիրելի պտղի ծառի բույնը՝ չորացնելով այն:

Իսկ մենք մարդ ենք։

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ / ԱրՊՀ ուսանող

ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՂԱԴՐԵԼ, ԱՅԼ ՆԱԵՎ ՀԱՍԿԱՆԱԼ

Ինչպիսի՞ կյանք է վարում այսօրվա երիտասարդը: Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին: Ժամանակակից երիտասարդները դարձել են ծայրաստիճան դյուրագրգիռ, տաքարյուն ու բծախնդիր, տարբեր են նրանց մտածելակերպը, աշխարհայացքը, ապրելու սկզբունքները: Ընդունված է ասել, որ երիտասարդությունը պետության հայելին է, նրա հենարանը, հպարտությունն ու պարծանքը, ներկան ու ապագան: Սակայն իրականում նրանցից շատերին հետաքրքրում է միայն փողը, նրանք կյանքի իմաստը տեսնում են վայելքների մեջ: «Եթե փող կա, ուրեմն ամեն ինչ էլ կա». ցավոք, սա է այսօրվա երիտասարդների մի զգալի մասի ապրելու սկզբունքը: Ավագ սերնդի ներկայացուցիչներից հաճախ ենք լսում՝ «փուչ աշխարհ է», «մեր ժամանակ ուրիշ էր», «կապը կտրածներ», «անամոթ երիտասարդներ»: Այս արտահայտությունները բոլորին էլ կոշտ ու կոպիտ են թվում, բայց եթե խորը մտածենք, ապա կտեսնենք, որ նրանց որակումների մեջ ճշմարտություն կա:

Իսկ ո՞վ է մեղավոր, որ այսօրվա երիտասարդն այսպիսի կյանք է վարում: Երիտասարդներին մտահոգում է այն, որ բացարձակ անտարբերություն են ցուցաբերում իրենց նկատմամբ, որ անուշադրության են մատնված իրենց հոգսերն ու հուզող հարցերը: Իհարկե, ոչ բոլորն են դժգոհ իրենց ապրելակերպից, բայց երիտասարդության մի մասը այդպես էլ չի գտնում իրեն հուզող հարցերի պատասխանները և միայնակ է մնացել իր հոգսերում:

Այնպես որ, միայն մեղադրելը ճիշտ չէր լինի, նաև հասկանալ է պետք։

Պիլարա ԲԱԼԱՅԱՆ / ԱրՊՀ ուսանող

ՆԱԽԱՐԱՐ ՏՂԱ ԵՄ, ՄԻ ԲԱՆ ԿԱՆԵՄ

Հեռախոսը չի վերցնում. տեսնես ինչ է եղել: Հո չի՞ ուզում ինձ մերժել, չէ, չի կարող պատահել, այդ կլորիկ գումարը բավական էր, որ խնդրանքս չմերժի: Նյարդայնացա՞ծ էր, թե ուղղակի ուրախությունից էր ինքնիրեն խոսում: Ժամը 7-ն էր, երբ լսվեց հեռախոսի ձայնը: Նա էր, և այդ զանգը փոխեց ամեն ինչ. ինքն արդեն նախարար է:

Բացվեց նախարարական առավոտը նախարարավայել նախաճաշով: Արթնացավ, կապեց իր ամենասիրելի փողկապը, որը նրան ամեն անգամ հաջողություն էր բերում, նույնիսկ սուրճ չխմեց, անհամբեր սպասում էր տեսնել իր աշխատասենյակը: Դրսում սպասում էր իր երազանքի մեքենան, ղեկին էլ անձնական վարորդը: Ուրախությանը չափ չկար, նստեց մեքենան: Ահա նա աշխատանքի վայրում է, իրեն աշխատասենյակ ուղեկցեց քարտուղարուհին: Հպարտ ու ինքնագոհ նստեց իր աթոռին: Ահա եւ իր ուզածը, ահա ինչին էր ձգտում այդքան տարիներ:

Հեռախոսը զանգեց: Կինն էր, շնորհավորեց ամուսնուն եւ շտապեց ասել, որ խանութում նոր ոսկյա ապարանջան է տեսել եւ ուզում է գնել: Ամուսինը չմերժեց, հո այդ երջանկության րոպեները մի քանի հազար դոլարը չեն փչացնելու, մտածեց, որ դեռ «տենց փողեր» շատ են գալու ու գնալու: Բոլորը շտապեցին շնորհավորել նորանշանակ նախարարին:

Օրն ավարտված էր: Արդեն տանն էր: Հոգնած էր, ընթրելուց հետո պառկեց քնելու, նույնիսկ երեկոյան նորությունները չնայեց, մտածեց՝ վաղը ինտերնետից կիմանա:

Առավոտյան նախաճաշին որդին շտապեց հորը տեղեկացնել, որ նոր մոդելի մեքենա է տեսել ու դեմ չի լինի, եթե ինքն էլ ունենա:

-Բայց դու մեքենա ունես, ինչի՞դ է պետք ուրիշը:

-Հա, ճիշտ ես: Բայց էն ժամանակ հայրս պաշտոն չուներ, էն ժամանակ ոչինչ, բայց հիմա ի՞նչ կասեն, նախարարի տղա եմ, ինձ սազում ա լավ մեքենա քշեմ: Չէ, պապ ջան, էդ ինձ սազական չէ:

Ինքը մի քիչ մտածելուց հետո խոստացավ գնել: Բայց ի՞նչ փողերով, չէ՞ որ վերջին դոլարնեը տվեց, որ պաշտոն ստանա:

-Մի բան կանեմ, նախարար տղա եմ:

Վարորդը սպասում էր բակում: Այսօր կարեւոր ժողովի պիտի մասնակցի, ելույթ պիտի ունենա, բայց դեռ ներկայացնելիք նյութն էլ պատրաստ չէր, իսկ առանց դրա ո՞նց կարելի է: Չէ՞ որ նույնիսկ իր ծննդյան օրը ճառ չկարողացավ ասել, իսկ հիմա կարծիք պիտի արտահայտի, համաձայնության գա, հրամաններ տա:

Ժողովն ավարտվեց: Բոլորի հետ համաձայնության եկավ. չէ՞ որ բոլորի ասածները խոստացավ կատարել, նույնիսկ այն, որ աշխատավայրի մոտակայքում եկեղեցի պիտի կառուցել, ամեն մի մեղք գործելուց մոմ վառեին, թե չէ ամբողջ օրը պիտի աղոթարանի ճանապարհներին լինեին: Բոլորը գոհ էին նոր նախարարից:

Աշխատանքը ավարտվեց: Նոր ընկեր կոչվածները նրան հրավիրեցին ընթրիքի: Բուռն զրույց ծավալվեց սեղանի շուրջ, նոր մտահղացումներ ու պայմանագրեր, նոր ապագա ու նոր ապրելակերպ: Ամենանկատ նախարարի աչքից չվրիպեց մի «կարեւոր» հանգամանք եւս. «փիսիկս, եթե հաջողվի գոմեշիցս մի կերպ պրծնել, կերեւամ»: Եվ այս «պատասխանատու» պահին նախարարի գլխում մի միտք ծագեց. «վատ չէր լինի` ես էլ ձեռքիս տակ փիսիկ ունենամ»:

Սեղանի շուրջ նստածներից մեկը,  չկորցնելով պահը,  հանեց գրպանից մի փաստաթուղթ ու տվեց նախարարին, որ ստորագրի` ասելով, որ նրա համաձայնությունն է պետք, որ սկսեն գործը: Նախարարը ստորագրեց ու հավանություն տվեց, ասաց, որ լավ ապագա կունենա այդ մտահղացումը, թեև նույնիսկ չիմացավ, թե ինչի մասին է խոսքը ու ինչ է ստորագրում:

Հետո… Անկում: Նախարարին հեռացրին աշխատանքից: Ո՞վ գիտե, միգուցե նա ստորագրել է… «Ես անգրագետ եմ» փաստաթուղթը:

Չստացվեց հավիտյան նախարար լինել, մեկ այլ բնագավառում հանդես կգա. հո չի՞ կորչի… Նախարար տղա է, մի բան կանի:

Աննա ՆԱՐԻՄԱՆՅԱՆ / ԱրՊՀ ուսանող

ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ, ԿԼԻՆԵՆՔ

Վերջերս ՀՀ ԿԳՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից Հայաստանում 4-րդ անգամ կազմակերպվեց «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» նշանաբանով գրական-գեղարվեստական ստեղծագործությունների միջազգային մրցույթ: Ահա թե ինչ է պատմում մրցույթի մասնակիցներից մեկը՝  ԱրՊՀ լրագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Ավագյանը:

-Ինչպես գիտենք, մրցույթին ներկայացվել են մոտ 500 աշխատանքներ: Իսկ ի՞նչ չափանիշներով են գնահատվել նյութերը:

-Հարյուրավոր աշխատանքներից ընտրվել են 21 լավագույն աշխատանքներ, դրանք զետեղվել ու լույս են տեսել առանձին գրքույկի տեսքով: Դրանցից 6 աշխատանքներ սահմանվել են որպես գլխավոր մրցանակակիրներ, իսկ մյուս 15-ը՝ տարբեր անվանակարգերում հաղթողներ: Գնահատման ժամանակ, ինչպես ժյուրին է նշել, հաշվի է առվել այն, թե ինչպես են մասնակիցները ըմբռնել ու բացահայտել թեման, շարադրել այն սահուն ու իմաստալից:

-Քո աշխատանքը ևս լավագույնների շարքում էր. ինչի՞ մասին էր այն:

-Ստեղծագործական աշխատանքս դիմանկարային ակնարկ էր՝ «Հորս մասին, ով պարզապես Հայ էր» վերնագրով: Ես այն նվիրել էի հայրիկիս՝ Արցախյան շարժման առաջամարտիկ ու Մարտունու շրջանի Աշան գյուղի կամավորական ջոկատի հրամանատար Արմեն Ավագյանին: Աշխատանքս արժանացել է «Ամենաբովանդակալից աշխատանքի համար» մրցանակին:

-Ինչպիսի՞ մթնոլորտում անցավ մրցույթը:

-Միջոցառումն անցավ կազմակերպված, անմիջական, ջերմ շփման մթնոլորտում: Անչափ ուրախալի էր ապրել այն գիտակցումով, որ այս մրցույթը կարողացել է աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան բերել այնպիսի հայ երիտասարդների, ովքեր առաջին անգամ բախտ ունեցան լինելու մայր հայրենիքում: Կարծում եմ, շատերի սրտերում խոր արմատներ գցեց «միասնություն» արժեքը:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ

ԶԻՆՎՈՐԻ ՄԵԿ ՕՐԸ

Գիշերվա կեսին զինվորը հանկարծակի արթնացավ եւ նիհար մարմնում դող զգաց: Բավականին նեղ ու անհարմար մահճակալից սահել ու գետնին էր ընկել վերմակը։ Օդը սառը չէր, բայց ինքը մրսում էր: Ծածկվեց ու շրջվեց դեպի պատը, որ քնի, բայց չկարողացավ: Պատի գաղջ հոտը միանգամից սթափեցրեց նրան: Շրջվեց մեջքով դեպի պատը: Քիչ հետո էլ զգաց, որ մեջքն ամբողջովին սառել է: Փռշտաց մի քանի անգամ, ու կրկին ծանոթ հազը իրեն զգալ տվեց: Այդ պահին եթե թոքերը լեզու ունենային, անպայման կհայհոյեին նրան ամենակոպիտ խոսքերով, երիկամները եւս չէին հրաժարվի: Փաթաթվեց վերմակի մեջ ու կծկվեց` չիմանալով դեպի որ կողմը շրջվի քնելու համար: «Երկհարկանի» մահճակալի երկրորդ հարկում քնած զինվորն ամբողջ գիշեր իր խռմփոցով չթողեց, որ քնի: «Երանի նրան, երեւի տեղը շատ տաք է, չէ՞ որ ջերմությունը վերեւում ավելի շատ է, քան այստեղ»,- մտածեց նա: Իր տեղը միայն ամառվա ամենաշոգ օրերին կարելի էր նախընտրել: Հանկարծ լսեց ինչ-որ մեկի սրտակեղեք հազը: Պարզվեց, որ իր բախտակիցն է:

Սրտնեղեց մի քիչ։ Նոր է զորակոչվել, դեռ չի հարմարվել դժվարություններին։ Հանկարծ արցունքի մի քանի կաթիլներ ընկան ու հոսեցին դեռատի այտերն ի վար: Ինչ լավ էր, որ ոչ ոք չտեսավ, այլապես վաղը լուրը կտարածվեր, ու իրեն կծաղրեին: Դե, մարդ ես, պատահում է:

Լուսաբացին արդեն ծանոթ ու սովորական դարձած «վեր կաց»-ի ձայնից վայրկենաբար բոլորն արթնացան ու հագնվեցին: Հայելու մեջ տեսավ իր կարմրած աչքերը կոկորդը ցավում էր հազելուց, մաշկը փշաքաղվում խոնավությունից:

Իր ծառայությունն ընդհանուր առմամբ վատ չէր անցնում: Շրջապատը լավ էր, սպաների հետ լեզու էր գտնում, օրը հագեցած էր անցնում: Նրան զայրացնում էր միայն այն, որ բոլորն իրենց ելույթներում նշում են, որ «բանակն է ազգի հույսը», «որ տղան բանակում է փոխվում ու տղամարդ դառնում, ամեն մի դժվարության պետք է կարողանա դիմանա» եւ այլն: «Կարծես թե միտումնավոր են դժվարություններ ստեղծում» – մտածեց նա: Ինքը, իհարկե, համաձայն է, որ բանակն է տղային, ինչպես ասում են, տղամարդ դարձնում, բայց դե այնպես են ասում, կարծես թե ասողների գործը միայն դժվարություններ ստեղծելն է:

Ճաշին ընկերների հետ նստած ուտում ու զրուցում էր և հիշում մոր պատրաստած կերակուրները: «Ոչինչ, ի՞նչ  է մնացել, ծառայությունս կավարտեմ ու տուն կգնամ» – հաճույքով մտածեց նա:

Դեռ լավ է, որ ընդհանրապես աշխարհից անտեղյակ չեն, գոնե օրվա մեջ մի փոքր ժամանակահատված հեռուստատեսությանն են տրամադրում:

Ինչպես ասում են, այդ օրն էլ մթնեց. արդեն քնելու ժամն է։ Սովորության համաձայն` գրպանից հանեց փոքրիկ օրացույցն ու շրջանակի մեջ դրեց եւս մեկ օր: Կրկին հաշվեց, թե քանի օր է մնացել։ Ու պատրաստվեց քնելու:

Նարինե ՄԱՐԿՈՍՅԱՆ / ԱրՊՀ ուսանող

——————————————————————————————-

Մի խումբ ուսանողների եւ Արցախի բարեկամ, մեր ամերիկացի հեղինակ Նիկ Վագների առաջարկով սույն նյութը տպագրում ենք առանց թարգմանության՝ անգլերեն, ինչը նաև ուսուցողական նպատակ ունի։

«ԴԵՄՈ»

Once in Avetaranots … 
Finding Araxya Babo

By Marut Vanyan & Nick Wagner

9 November 2008

On a foggy Saturday, the 8th of November 2008, we traveled via taxi to Avertaranots, a village in Western Askeron Region (formerly Varanda) to wish Araxya Babo a “Happy Birthday” and to meet her grandchildren. Little did we know that the day would be filled with many, many delightful adventures!
The taxi driver turned south from the Stepanakert -Goris Roadand drove to the Avetaranots turnoff, which was covered with more fog than in Stepanakert. The scenery didn’t change much, yet the temperature dropped.  A quick stop was made to take a photo of icy tree. This, the three of us agreed that the first snow left a pleasant wonder.

Then, the road changed from asphalt to mud. We arrived in Avetaranots where there was more mud and the need to find Araxya Babo. Directions to her home were obtained, and the taxi driver left us in the center of the Village where her street began and circled downward.

As the mud quickly coated our shoes and pant cuffs, we trudged and found her home. Alas, there was no one home except the chickens! Who greeted us with “Cluck-cluck.” A nice neighbor said that Araxya Babo was in Stepanakert, her son Sergey and daughter-in-law Emma at work and  the three children had walked to school. In a little shop, we learned that Araxya Babo would be home at six and, that Sergey would be at the shop sometime.  Thus, another short walk through the mud and pools of water to the school to find the grandchildren was begun.

AtAvertaranotsSchool, after cleaning our shoes as the children do, warm greetings were given by Director Alvina Khachatryan.  She sent for Meri, the granddaughter of Araxya Babo, who confirmed that her grandmother would be home around six.  Meri returned to class; we enjoyed a cup of tea, then were escorted to Meri’s 8th grade English class where we were greeted by Ludmilla Melkumyan, the teacher, and her 15-students. The lesson was about Bill’s apartment inEngland. The children were sharing two books for the reading of the short selection, and then answering questions given by their teacher.  The lesson was interesting and the teacher and the students did very well interacting! There was a photo of Avo along with other Artsakyan War soldiers at the front of the classroom.  When asked, “Who was Avo?” the response was “A Hero!” Later in a military training classroom, we noticed a small sign, which announced the celebration for Avo’s 50th birthday last November 25th.

The bell rang and the children went to their next class.

Over lunch with the Director Khachatryan and the Assistant Director, we learned that many positive things are being done in the classrooms and that the government is assisting more financially for the school teachers, children, and facility.  Even so, there are many items still in need of improvement especially books, playground, and internet access.

The opportunity of visiting a 7th grade Russian language class was the next adventure.  During the 12-minutes, which stretched into20, apleasant dialogue ensued between the students, their teacher, her two colleagues, and us. The main question was, “Why are You in our school today?” That was answered. Then, during another discussion, someone said “Mud,” and a Haiku (Japanese poem style) was composed with an Armenian translation on the board.

Mud, mud, mud, mud, mud
Mud, pools of water, mud, mud
Mud, mud, and more mud!

The final great adventure, after visiting the physics classroom with its fascinating, functioning Soviet-era equipment, was to the Kindergarten with only 15 of the 25-children present. They initially were unable to understand us and were quite shy, yet our smiles, games, and their laughter especially that of Vahe, Araxya Babo’s grandson! made the activity an exciting, joyful one. The bell rang; school was over for the day … the children donned their coats and walked home.  We thanked Director Khachatryan for her hospitality and set out for Araxya Babo’s home were we found Emma and Vahe.  “Where was Araxya Babo?” we asked?  “She is on her way home Meri and her Father.” After a short wait, they arrived and Araxya Babo was elated because to see us.

When she learned we had met Meri and Vahe at school, she was happier!  We learned that today’s Stepanakert trip was to meet with Prime Minister Haroutunyan regarding village needs especially one related to mud! Araxya Babo arranged for a face-to-face meeting rather than in letter form because of the importance of the issues. Her speaking ability and personal strength enabled her to present the Avertaranotyans’ desires well.  She and the villagers anxiously await a response.

This delightful village of Araxya Babo and her Family  was truly an excellent way to spend a foggy November Saturday even with the mud … it was great to find her, and extend a wish for many more birthdays!

——————————————————————————————

Էռ ԿԱՄՍԱՐ

(Էռնեստ Եսայան)

ԵՐԳԻԾԱՆՔԻ ՄԻՋՕՐԵԱԿԱՆ

Էսքան նախանձկոտ, մոտ՝ անասունի,
Ո՞նց է սա հասել յոթանասունին…

***

Վ.Խ.-ին

Ով իմ վատն է ուզել,
Գերեզման է վաղուց սուզվել…

***

Նա համարվում է պետական գործիչ,
Բայց միշտ եղել է միջոց ու գործիք:

***

Հիսուն տարի քայլեց բեմին,
Հետք չթողեց բեմում դեռ մի…

***

Սա էլ է գրող՝ Ատոմ Նեռունին.
Մատնագրության հատորներ ունի:

***

Ուսերը բաց, կրծքերը բաց, պորտը բաց,
Ողբամ զքեզ… հայ տարազի արցախական լուսաբաց…

***

ՖԱԼԱՔԻՆ

Տուր, տուր քո սուր Եռաժանին
Թե սատար ես դեռ արժանին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s