№ 21 / 16 դեկտեմբեր

ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆՈՒՄ

Նորերս ԼՂՀ Ազգային ժողովում քննարկվեց «Խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին» օրինագիծը, որը բուռն քննարկումների տեղիք տվեց: Մի շարք պատգամավորների կարծիքով՝ այնտեղ կան բավականին կոշտ դրույթներ, իսկ որոշ հարցերում էլ հիմնական շեշտադրումն արված է արգելիչ միջոցների վրա: Շատ այլ պատգամավորներ էլ բևեռային կարծիքի էին, այն է՝ հարկ է ավելի խստացնել նույն այդ դրույթները և առաջնորդվելով ռազմական դրության մասին օրենքով՝ արգելել Հայ առաքելական եկեղեցուց բացի գործող կրոնական կազմակերպությունները կամ մեկուսացնել դրանց ներկայացուցիչներին:

Ուշագրավ է, որ ոչ ոք էլ չէր թերագնահատում աղանդներից բխող վտանգը, պարզապես մոտեցումներն էին տարբեր: Մասնավորապես, հնչեց այն միտքը, որ միայն արգելիչ միջոցներով հնարավոր չէ լուծել հարցը ժամանակակից աշխարհում, որ գաղափարի դեմ պիտի պայքարել գաղափարով, որ ժամանակի հրամայականով մեր ավանդական եկեղեցին պիտի վերարժևորի իր գործելակերպը:

Մեր եկեղեցին, ինչպես հայտնի է, առաքելական է: Քրիստոնեության տարածման վաղ շրջանում առաքյալները շրջում էին գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ու զրուցում մարդկանց հետ, մինչդեռ այսօր մեր եկեղեցին կորցրել է դեպի մարդկանց տունն ու հոգին տանող ճանապարհը: Ինչպես կատակեց պատգամավորներից մեկը, Քրիստոսն ավանակի վրա նստած այցելում էր մարդկանց, իսկ մեր քահանաները հիմա «Ջիպ»-ով անգամ մարդկանց մոտ չեն գնում:

Իհարկե, կարելի է արգելել ուրիշների մուտքը մեր քաղաքացիների տունն ու հոգին, բայց սոսկ դրանով մեր ներկայությունն այնտեղ չի ամրանալու, մեր բացակայությունն այնտեղ այս կամ այն կերպ լրացվելու է, քանի որ, ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում:

Ինչ վերաբերում է կրոնական այլ կազմակերպություններին, ապա նրանց նկատմամբ ևս միանշանակ կոշտ վերաբերմունքը ոչ մի լավ բանի չի հասցնի: Աշխարհում թափ է առնում ամենատարբեր եկեղեցիների համագործակցությունը, այն է՝ էկումենիկ շարժումը, որին ակտիվորեն մասնակցում է նաև Հայ առաքելական եկեղեցին: Բացի դրանից, ոչ առաքելական մի շարք կազմակերպություններ բավականին նպաստավոր գործ են արել Հայաստանի ու Արցախի համար, և մենք չենք կարող հենց այնպես նրանց երեսին շրխկացնել դուռը: Շատ ավելի խոհեմ կլիներ համագործակցության մեզ համար ընդունելի տարբերակ մշակել:

Ինչ վերաբերում է այն բանին, որ մեր եկեղեցին կարծես թե հեռացել է մարդկանց առօրյա հոգսերից, ապա այստեղ երկու կարևոր գործոն կա: Նախ՝ մեր բազմաչարչար պատմության մեջ հայ եկեղեցին ստիպված է եղել պետականության կորստի ու օտարերկրյա տիրապետության պայմաններում հիմնականում զբաղվել ազգապահպանությամբ: Այլ ուղղություններով գործունեության համար լիարժեք հնարավորություններ քիչ են եղել:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նկատում են մի շարք հայ դավանաբաններ, չունի սոցիալական ուսմունք, մինչդեռ եկեղեցիների սոցիալական ուսմունքները կարևորագույն դեր են կատարում ժամանակակից հասարակությունների սոցիալական կյանքում: Ինչպես նշում է դավանաբաններից մեկը, մեզ մոտ քրիստոնեությունը գոյություն ունի միայն վանքերում (նկատի ունի եկեղեցու գործունեության ներկայիս հիմնական՝ ծիսական կողմը): Հայ առաքելական եկեղեցին առավելապես դիմում է անհատներին՝ առանց դիտարկելու հասարակության մեջ առկա սոցիալական ուժերը և մեխանիզմները, եկեղեցական վերնախավը սովորաբար խուսափում է սոցիալական թեմաներին անդրադառնալուց, հիմնականում կենտրոնանալով հոգու փրկության խնդրին: Մինչդեռ, փաստում են դավանաբանները, եթե Հայ առաքելական եկեղեցին հավակնում է ունենալ հովվություն մարդկանց հոգեկան կյանքի, ապա պետք է ունենա որոշակի հայացք հասարակական կյանքի նկատմամբ:

Իսկ դա հնարավոր չէ անել առանց մարդկանց հետ սերտ շփումների: Նման շփումների կարիքն ունի հատկապես սոցիալապես անապահով խավը, որն էլ ամենախոցելին է հոգեորսության որոգայթներում:

—————————————————————————————–

Լուրեր

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 25-ին, ԼՂՀ իշխանությունների նախաձեռնությամբ, ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում անցկացնելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավ-արեւելյան դիրքերի այն հատվածում, որտեղ նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել էր կրակի դադարեցման ռեժիմը, արձանագրել է բոլոր տվյալները՝ հետագայում հաշվետվության մեջ ներառելու համար:

Վերջերս Արցախյան պատերազմի 1-ին կարգի 9 հաշմանդամի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանձնեցին ձեռքի կառավարման ավտոմեքենաների բանալիները, որոնցից այս տարվա ընթացքում հանձնվել էր եւս 16 հաշմանդամների:

«Ընթացքի մեջ է Կարմիր Շուկա-Սոս-Ճարտար-Խնուշինակ-Գիշի-Մարտունի ճանապարհահատվածի կառուցումը, ասֆալտապատված ճանապարհը Կարմիր Շուկայից հասնում է մինչեւ Խնուշինակ գյուղի մատույցները»,- այս մասին տեղեկացել ենք ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Խաչատրյանից, ով միաժամանակ հայտնեց, որ  ճանապարհահատվածը, ըստ ծրագրի, լրիվությամբ ասֆալտապատված կլինի 2009-ին:

Ավարտին է հասցվում Սոս-Ամարաս ճանապարհահատվածի կառուցումը, որը ֆինանսավորում է ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը, ում միջոցներով է պահպանվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածը:

«Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի շինարարությունը, որը նախատեսվում է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, շուտով կսկսվի. արդեն պատրաստ է նախագիծը, շինարարության համար անց է կացվել մրցույթ»,- այս մասին հայտնել է ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

Կառավարության վերջին նիստում հաստատվեց «Պետական պահուստ» ՊՈԱԿ ստեղծելու եւ նրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը, որը թույլ է տալու սկսել Արցախում պետական պահուստի ստեղծմանն ուղղված աշխատանքները:

Կառավարությունում քննարկվեց նաեւ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի գործունեությունն ապահովելու միջոցառումների մասին որոշման նախագիծը, ըստ որի Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջը միացվելու է վերոնշյալ մասնաճյուղին՝ որպես միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոն, մասնաճյուղում է ընդգրկվելու նաեւ Արցախի պետհամալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2008»-Ի ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 35 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

“Հեռուստամարաթոն 2008”-ն արձանագրեց 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է, որ «Հեռուստամարաթոն 2008»-ն արձանագրեց 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ` կրկնապատկելով նախորդ տարվա արդեն տպավորիչ ցուցանիշը: Ամիսներ տեւած նախամարաթոնյան անընդմեջ աշխատանքի ու նվիրումի արդյունքը, ավելի քան գոհացուցիչ էր: 100 հազարավոր հայորդիներ համախմբվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ` վերականգնել Հայաստանի եւ Արցախի գյուղերը:

Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները հետեւյալն են` նշված ԱՄՆ դոլարով. Լոս Անջելես – շուրջ 1 300 000, Լիբանան – շուրջ 200 000, Մոնրեալ – շուրջ 130 000, Արգենտինա – 100 000, Մեծ Բրիտանիա – 200 000, Հոլանդիա – 40 000, Ավստրալիա – 50 000, Նյու Յորք – 200 000, Ֆրանսիա – շուրջ 1 500 000, Գերմանիա – 85 000, Շվեյցարիա – շուրջ 33 000, Տորոնտո 250 000, Հունաստան եւ Կիպրոս – շուրջ 40 000:

Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքը ներառում է նախորդ ամիսների ընթացքում կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների ընթացքում հանգանակված գումարները եւս, այդ թվում` հեռախոսամարաթոնները, հեծանվամարաթոնը, բարեգործական համերգները, Լիբանանում անցկացվող ռադիոմարաթոնը եւ այլն:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է 15 միլիոն ԱՄՆ դոլար նվիրտավության մասին, որը կուղղվի Ստեփանակերտում հիվանդանոցի կառուցմանը: Այս տարի փոքր եւ միջին նվիրատվությունների զգալի աճ է գրանցվել: Հեռուստամարաթոն 2008-ի խոշոր նվիրատուներից են Վիվասել ՄՏՍ-ը, Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը, Էդուարդո Էռնեկյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վարուժան Գրիգորյանը, Գագիկ Զաքարյանը, Նորիկ Պետրոսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ Ալեքսանյանը, եւ այլ նվիրատուներ:

Տասնմեկ տարի շարունակ Գոհունակության օրը Լոս Անջելեսում անցկացվող այս միջոցառումը հարյուր հազարավոր մարդկանց 12 ժամ շարունակ պահում է հեռուստաէկրանների առջեւ: Այս տարի աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցները հեռուստամարաթոնը դիտեցին կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով: Աշխարհով մեկ սփռված Հիմնադրամի նվիրատուների հայրենասիրության եւ առատաձեռնության շնորհիվ կլուծվեն պատերազմի եւ տնտեսական ցնցումների հետեւանքով ծանր կացության մեջ հայտնված հայրենի գյուղերի կենսական հիմնախնդիրները:

http://www.himnadram.org

——————————————————————————————-

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՎԱՀԵ ՖԱԹԱԼՆ Է

1992 թվականի սկզբներին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը, նախաձեռնելով նորանկախ երկրի դրոշի ստեղծման գործընթացը, այդ գործում ներգրավել է նաև մեր ֆրանսահայ բարեկամ, մտավորական ու բարերար Օշին Եղիազարյանին: Ա.Մկրտչյանը նաև հայտնել է իր մտորումներն ու խորհրդածություններն ստեղծվելիք դրոշի էսքիզի վերաբերյալ:

Օ. Եղիազարյանը, վերադառնալով Ֆրանսիա, ձեռնամուխ է եղել այս գործին, խնդրելով նաև իր ամերիկահայ ընկերոջ, բավականին ճանաչված նկարիչ Վահե Ֆաթալի աջակցությունը: Վերջինս խանդավառությամբ է ընդունել առաջարկը և անմիջապես ձեռնամուխ եղել գործին: Օ.Եղիազարյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ. Ֆաթալի հետ միասին գործուն մասնակցություն է ունեցել դրոշի էսքիզների ստեղծման գործում:

Պատրաստվել է երկու էսքիզ: Մեկը ԼՂՀ ներկայիս դրոշն է, մյուսի մոտավոր նկարագրությունը հետևյալն է՝ սպիտակ ֆոնի վրա պատկերված է արծիվ՝ թռիչքի մեջ (երևում են գլուխն ու մի թևը), կա սև գույնի կալիգրաֆիա, արծիվի հետ միասին թևածում է ՀՀ դրոշը: Ցավալի է, բայց առաջին տարբերակն ընտրելուց հետո այս երկրորդ տարբերակը չի պահպանվել:

Այսպիսով, կարելի է միանշանակ պնդել, որ ԼՂՀ դրոշի հեղինակը ամերիկահայ նկարիչ Վահե Ֆաթալն է, նաև այն, որ էսքիզների ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել Օշին Եղիազարյանը:

Եւ ամենակարևորը՝ դրոշի ստեղծման գործընթացն անձամբ նախաձեռնել ու վերահսկում էր ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը: Ցավոք սրտի, նրան չվիճակվեց տեսնելու երկրորդ հայկական պետականության դրոշի իր իսկ պատվիրած էսքիզները:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Կարգավորում

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ՂԱՐԱԲԱՂԸ

Ղարաբաղյան կարգավորման թեմայով քաղաքական քննարկումներն ակնհայտորեն աշխուժացել են: Համենայնդեպս, Հայաստանի քաղաքական ուժերը աննախադեպ են որակել նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված «կլոր սեղանը», որին մասնակցել են մոտ 50 կուսակցությունների ղեկավարներ: Ճիշտ է, քննարկումից հետո այդ կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ ոք կարգին բան չասաց հանրությանը, դրա փախարեն բոլորը նկատեցին, որ հանդիպումն աննախադեպ է, որ մինչեւ Սերժ Սարգսյանը ոչ մի նախագահ «չէր իջնում» մինչեւ կուսակցություններ եւ չէր բարեհաճում խոսել ղարաբաղյան խնդրի մասին:

Ամենաառաջին տպավորությունը հանդիպումից դուրս եկած քաղաքական գործիչների հարցազրույցներից այն էր, որ խորհրդակցությունում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման ոչ թե ներկայիս կամ, առավել եւս, ապագա, այլ անցյալ փուլը: Բոլորը դուրս էին գալիս եւ հայտարարում, որ հանդիպման գլխավոր «մեսիջն» այն էր, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եւ այնպես էին հայտարարում, կարծես մինչ օրս Հայաստանը քննարկում էր այլ տարբերակներ, որոնք ենթադրում էին Ղարաբաղի ենթակայությունը Ադրբեջանին: Ու քաղաքական գործիչներն էլ քննարկում էին հենց այդ տարբերակը:

Սակայն, ելնելով միջնորդների, նույնիսկ ադրբեջանցիների խոսքերից, կարելի է պնդել, որ Ղարաբաղի ենթակայությունն Ադրբեջանին վաղուց ոչ մեկի մտքով չէր անցնում: Ղարաբաղի ինքնորոշման անհրաժեշտության մասին խոսում էին Միացյալ Նահանգները, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ մեկտեղ նշում էին Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը: Այդ մասին է վկայում նաև մադրիդյան սկզբունքներում հանրաքվեի մասին դրույթը: Նույնիսկ Ադրբեջանում արդեն քննարկում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Համենայնդեպս, երբ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հարց են տվել, թե կողմ է նա, արդյո՞ք, Ադրբեջանի նախագահի երրորդ ժամկետի գաղափարին, նա խորհուրդ է տվել այդ կապակցությամբ փոփոխությունները մտցնել Սահմանադրության մեջ «Ղարաբաղի հետ կապված փոփոխությունների հետ մեկտեղ»:

Եթե, իհարկե, այդ մասին խոսելը հնարք չէր՝ շրջանցելու համար առավել էական հարցերը: Մասնավորապես, ի՞նչ է նշանակում «Ղարաբաղ», որն էլ պետք է անկախանա: Դա դարձել է կարգավորման հիմնական հարցը: Նույնիսկ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն է այդ հարցն ուղղել հայաստանյան լրագրողներին: Ի՞նչ է Ղարաբաղը. նախկին ԼՂԻ՞Մ-ը, թե՞ 1991-ին հռչակած ԼՂՀ-ն՝ ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջան: Իսկ գուցե այսօրվա՞ ԼՂՀ-ն՝ իր փաստացի տարածքներով:

Հենց այստեղ են տարանջատվում կարծիքները: Ադրբեջանը կանգ է առնում առաջին տարբերակի վրա, պնդելով, որ նույնիսկ եթե համաձայնվի Ղարաբաղի անկախությանը, ապա միայն ԼՂԻՄ սահմաններում: Ղարաբաղը՝ ի դեմս մեկ-մեկ հնչող պաշտոնական կարծիքների, նախընտրում է երկրորդ եւ երրորդ տարբերակները միասին, ասելով, որ ԼՂՀ ինքնիշխանությունը տարածվում է ներկայիս ամբողջ տարածքի վրա, եւ դեռ Շահումյան ունենք ազատագրելու: Այդ մասին օրերս Երեւանում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Իսկ Հայաստանը մինչ օրս չի որոշել, թե ինչ է իր համար Ղարաբաղը: Տարբեր կարծիքներ են հնչում. «Ժառանգության» մի հատվածը առաջարկում է փոխանակել Աղդամը Շահումյանով, մյուսը պնդում է՝ ոչ մի թիզ հող: Դաշնակցությունը մի քանի պայման է դնում, նշելով, որ դեմ է հողերի հանձնմանը: Ղարաբաղյան հարցում նույնիսկ «արմատական» ընդդիմություն է ձեւավորվել ի դեմս «Միացում» կազմակերպության, որն ակցիաներ է անցկացնում, պահանջելով պահպանել ԼՂՀ տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին, որի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ապա, դրա ներկայացուցիչների հավաստմամբ, ղարաբաղյան հարցով Կոնգրեսի անդամների կարծիքը կիսվում է:

Եւ եւս մի հետեւություն, որն արել են նախագահի հետ հանդիպման մասնակիցները՝ հակամարտության շուտափույթ լուծում չի ակնկալվում: Մի կողմից, դա կարելի է ընկալել որպես հասարակությանը հանգստացնելու փորձ, որպեսզի հնարավոր լինի հանգիստ կնքել ցանկացած փաստաթուղթ: Մյուս կողմից էլ հարց է ծագում՝ որտեղի՞ց է եկել հասարակական անհանգստությունը, եթե իշխանությունները պնդում են, որ հանգուցալուծումը դեռ հեռու է: Իհարկե, սկիզբը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարելով, որ դեկտեմբերին հարցը կլուծվի, եւ իրենք դադարեցնում են իրենց հանրահավաքները, որպեսզի չխառնվեն այդ ամենին: Սակայն դրան հետեւած իրադարձությունները, կարծես, հաստատել են նրա խոսքերը. մոսկովյան հռչակագիրը, օգոստոսյան իրադարձություններից հետո համանախագահների առաջին այցը Ղարաբաղ եւ նույնիսկ հանդիպումը պատգամավորների հետ, եւ այլն:

Այնպես որ, անհասկանալի է. իրո՞ք հանգուցալուծումը հեռու է: Եւ ո՞րն է հայաստանյան ներքաղաքական գործոնի բաժինը այս ամենի մեջ: Ու ամենակարեւորը՝ ե՞րբ են Հայաստանում միասնական կարծիք ձեւավորելու, թե ինչ է Հայաստանի համար Ղարաբաղը:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ՎԵՐՋԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԸ ԽՈՍԵՑ, ԹԵԿՈՒԶ «ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻ» ՇՈՒՐԹԵՐՈՎ

ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նոյեմբերի 21-ին Տեսակետ մամուլի ակումբում պատասխանել է հայաստանցի լրագրողների հարցերին, մինչ այդ ասելով, թե խոսում է որպես մասնավոր անձ Վահրամ Աթանեսյան, եւ չի ներկայացնում ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը:

Մասնավոր անձ Վահրամ Աթանեսյանին լրագրողները հարցրել են, թե ինչպես է Ղարաբաղը գնահատում հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: Աթանեսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի համար կա օրակարգային մեկ խնդիր` ԼՂՀ միջազգային ճանաչում ԼՂՀ ժողովրդի համար ընդունելի սահմաններում եւ անվտանգության ազգային համակարգի գերակայությամբ: Վահրամ Աթանեսյանը հայտարարել է, թե ԼՂՀ ժողովրդի համար ընդունելի սահմանը ամրագրված է Սահմանադրությամբ, ուր նշվում է, որ մինչեւ ԼՂՀ տարածքային ամբողջության վերականգնումը, ԼՂՀ ինքնիշխանությունը տարածվում է փաստացի սահմանների վրա: Այսինքն, դրա մեջ ներառվում են նաեւ ազատագրված տարածքները, իսկ ԼՂՀ տարածքային ամբողջության վերականգնումն էլ ենթադրում է Շահումյանի շրջանը, որն օկուպացված է, բայց ըստ Վահրամ Աթանեսյանի, հանդիսանում է ԼՂՀ մաս:

Աթանեսյանն ասել է, թե Ղարաբաղը ունի հակամարտության կարգավորման հստակ մոտեցում: Ի դեպ, նա նշել է, թե այդ մոտեցումը տարբերվում է Հայաստանի մոտեցումից: Ընդ որում, ըստ Վահրամ Աթանեսյանի, Հայաստանի եւ Ղարաբաղի մոտեցումները կարգավորման բոլոր տարիներին էլ միշտ եղել են տարբեր, երբեմն՝ սուր, երբեմն՝ քիչ տարբերությամբ: Ի դեպ, որպես տարբերություն Հայաստանի եւ Ղարաբաղի մոտեցումների միջեւ, Աթանեսյանը մատնանշել է իր այն խոսքը, որ ԼՂՀ համար այսօր կա բացառապես մեկ խնդիր` միջազգային ճանաչում: Տարածքների հարցի քննարկումը, ըստ Վահրամ Աթանեսյանի, Ղարաբաղը չի համարում առարկայական եւ դա «այս պահի դրութամբ չի կարող լինել օրակարգային հարց»: Իսկ Հայաստանի հետ այլ տարբերությունների մասին Վահրամ Աթանեսյանը հույս ունի խոսել հայաստանցի լրագրողների հետ նոր հանդիպման դեպքում:

Ինչ վերաբերում է մոսկովյան հռչակագրին, ապա Վահրամ Աթանեսյանի խոսքով, Ղարաբաղը այն չի դիտում իբրեւ կարգավորում կանխորոշող փաստաթուղթ, իսկ մադրիդյան սկզբունքների մասին Վահրամ Աթանեսյանն ասում է, որ դրանց վերաբերյալ կարող է խոսել գործադիր իշխանությունը, քանի որ բանակցային մանրամասները այդ տիրույթում է: Վահրամ Աթանեսյանը դրական է գնահատել Հայաստանի կուսակցությունների հետ Հայաստանի նախագահի խորհրդակցության անցկացումը, ասելով նաեւ, թե Ղարաբաղում այդօրինակ կուսակցական խորհրդակցություն քննարկումներ սկսել են դեռ տարվա սկզբից, եւ ինքը հույս ունի, որ մինչեւ տարեվերջ դրանք կավարտվեն, եւ ԼՂՀ Ազգային Ժողովը հանդես կգա ամփոփիչ եզրակացությամբ: Ի դեպ, Աթանեսյանն ասել է, թե երբ Սերժ Սարգսյանն օրեր առաջ այցելել էր Ղարաբաղ, ինքը անձնական գործով զբաղված է եղել եւ չգիտե, արդյոք, Սարգսյանը հանդիպել է խորհրդարանականների հետ:

Վահրամ Աթանեսյանը ասել է նաեւ, թե չի կիսում այն գնահատականը, որ հանգուցալուծումը մոտ է: Նա չի կիսում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովի այն խոսքը, թե դժվար է ասել` արդյո՞ք, Ղարաբաղի ամբողջ ժողովուրդն է դեմ հող հանձնելուն: Նա հայտարարել է նաեւ, որ Ղարաբաղի համար որեւէ միջնորդի կամ փորձագետի կարծիք գերակա չէ: Վահրամ Աթանեսյանը նշում է նաեւ, թե Ղարաբաղի ժողովրդի մոտ չկա խուճապ այն կապակցությամբ, որ եթե հողերը չհանձնեն, նորից պատերազմ կլինի:

Ինչ վերաբերում է բանակցությանը Ղարաբաղի լիարժեք մասնակցությանը, ապա Վահրամ Աթանեսյանը հայտարարել է, թե, իհարկե, ուզում են, որ ԼՂՀ-ն լինի բանակցային կողմ, սակայն պետք է ելնենք փաստերից: Իսկ փաստը, ըստ Վահրամ Աթանեսյանի, այն է, որ անգամ 1994 թվականին ԼՂՀ-ն լիարժեք կողմ չէր, որովհետեւ ԼՂՀ արտգործնախարարի դիմաց բանակցությունների ժամանակ նստում էր նաեւ Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարը: ԼՂՀ ցանկությունը, ըստ Վահրամ Աթանեսյանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԼՂՀ հավասար, նույն մակարդակի մասնակցության մասին է: Դա, Վահրամ Աթանեսյանի կարծիքով, կապված է դժվարությունների հետ, սակայն այդ դժվարությունները հաղթահարելի են:

«Լրագիր»

——————————————————————————————-

Գյուղ

«ԵՐԲ ՀԻՇՈՒՄ ԵՄ ԴԵՄՔԴ ԾԵՐ…»

(գյուղական էսքիզներ)

Դաշուշենը փոքրիկ գյուղ է, մայրաքաղաքին համարյա կպած: Այստեղ ոչ գյուղաբնակ են, ոչ քաղաքաբնակ: Գյուղում ապրում են, քաղաքում աշխատում, գերադասում մայրաքաղաքն ու ռուսաստանները: Դրսեկներն էլ իրենց գույնն են հաղորդում տեղի ներկապնակին, սակայն, միեւնույն է, լիարժեք չի դառնում գունապնակը: Հատե տի… 

Դաշուշեն

Այսօրվա «գյուղ» հասկացությունը միանգամայն բարդ հասկացողություն է: Առաջներում գյուղաբնակներն անխտիր ընդգրկված էին գյուղատնտեսության եւ անասնապահության մեջ, ու մի հափուռ էլ մտավորականություն ունեին՝ ուսուցիչների տեսքով: Իսկ հիմա՞… Եթե խոսքը այս ծերացող եւ օրեցօր հալվող գյուղի մասին է, ապա պետք է հասկանալ երկու-երեք տաքսիստներ, քաղաքի տարբեր հիմնարկներում վարորդություն անող, ալյուր անող, բենզին ծախող-մեքենագործ, սպայության մեջ գտնվող … Բայց նրանց բոլորի «կազարման» իրենց ծննդավայրն է: Ճիշտ է, թանկ է նստում վրաները՝ իրենց ամենօրյա գնալ-գալը, բենզինի մերօրյա գնակրակ պայմաններում, բայց, դե, ի՞նչ անեն…

Թե ասես էն մի հանրապետությունից այստեղ վերաբնակության եկած Գագիկ Միրզոյանը տանը նստելու է, թե ով է մեքենայի խախտված մի մոտոր բերում… Չէ, ո՞վ պիտի բերի, երբ քաղաքում էդ մասնագիտության տեր քառասուն մարդ ու կանտոր կա: Թե ասես Գագիկը տանը նստի, Արեւը կանաչի աճեցնելով-ծախելով ընտանիք պահի, էդ մեկը արդեն չկարծեք: Յա կամ թե չէ՝ Վիտոն նստի, Էրիկը նստի, Եգորը նստի… բա որ կանայք էլ էդ բոստանաբանջարաբանությունը չիմանայի՞ն…

Հիմա դաշուշենցուն (եղածին, էլի…) էդ բոստանն է պահում: Դաշուշենի անցյալն այնքան փառավոր չէ, որքան նրա խորհրդային բոստանաբանության հուշը: Մի HKAO էր, մի Դաշուշեն: Ստեփանակերտի շուկայում եթե մի կանաչ բան կար, նշանակում էր՝ Դաշուշենի «յառլիկ ունի», ժենգյալով հացն էլ հետը: Հիմա կարծես ամեն ինչ չորացել է բառի բուն իմաստով: Մի երկու դրսաշունչ բանջարանոց է մնացել, մի երկու գյուղամերձ բոստան: Դաշուշենցիների քանակն էլ ուղիղ համեմատական է գործող բոստանների քանակին:       Այսինքն…

Կարեւորն այն չէ, կատակը մի կողմ, որ աճող ընտանիքները երկու-երեքից մի փոքր ավելի են: Տեսանելին այն է, որ մեր թաղում (երկրորդ տարվա բնակիչ եմ)  բնակարանների երկու երրորդում կամ մարդ չի ապրում, կամ «լեզվակը պոկած զանգի են նման»: Լացդ գալիս է: Դրա համար ենք կատակի տալիս, թե չէ՝ էս գերեզմանախառն գյուղում եթե «գյափ-գյուփը» չլինի, շատ դժվար է ապրել: Ամենից շատ կատակասեր ու, առավել եւս, աշխատասեր է բոլորի համար, բոլորի բառերով ասած՝

«Յուրա դային»

«Քեռի»-ն չի աճում այս գյուղում, սրանցը «դայի»-ն է: Հա¯ բախտ, հա¯ ճակատագիր… Կյանքում քարագլխեցի (քարինտակցի չեմ ասում, հա¯…), հադրութեցի Քյասունց Ավետիքը կհավատա՞ր, կամ կմտածե՞ր, թե ինքը մի օր ընտանյոք հանդերձ կդառնա դաշուշենցի «Յուրա դայի»: Եթե հարեւանդ ազերին է,  ամեն ինչ հնարավոր է: Եւ Քիրս – Գժասարից (էն որ Դալիդաղ են դարձրել, է¯…) մինչեւ Հորադիզ ու Գանձակ անուն ու ճանաչում ունեցող Ավետիք Գասպարյանը, որ լավ տուն-տեղ դրած, մի բան էլ բանկում դրած վաստակավոր վարորդ էր ու նրա Սոնա տիկինն էլ՝ գյուղական խանութի հարգ-ված վարչուհի, ազերական վտանգից հրաշքով փրկվելով, հայտնվեցին Կարկառի ձորում: Դաշուշենում: Դաշուշենին էլ հենց նրա նմանն էր պետք: Վարորդություն արեց, ջաղացպանություն արեց, տնտեսության վերստուգիչ հանձնաժողովում գործեց, տնտեսությունը լուծարող հանձնաժողովում, կողքից էլ՝ նորից տուն ու տեղ դրեց, արտ ու խոտհարք պահեց, կով ու հավ, էշ ու բոստան… Հեռուստալրագրողական «ֆինտով» ասած՝ և սա դեռ ամենը չէր… Բա թիթեղագործությունը, բա «ազիադսկի» բժշկի համբավը, բա բանջարաբույծ-անասնապահ- այգեգործ լինելը, բա…

Խնամի Յուրան (նաև նրա կյանքի ընկերուհի Սոնան) նաեւ պերճախոս մարդ է: Նա ոչ միայն չի սիրում, այլեւ ատում է պորտաբույծ մարդուն, անբանին, ծուլացողին: Էդպիսիներին գյուղամիջում թղթախաղ-դոմինոյի սեղանների շուրջ հաճախ տեսնելով, մի անգամ նայել, նայել, ծիծաղել ու հարցրել է. «Սահանք հինչ ը՞ն օտում…»:

Ինքը երբեք իր արածի համար վարձ չի պահանջել: «Այ մարդ, ի՞նչ գին, ի՞նչ տալիք… Մարդ չե՞նք, հարեւան-ընկեր-համագյուղացի չե՞նք…»: Իսկական դիզակցի-հադրութեցի է Յուրան: Գիտեք, չէ՞, դա ինչ է նշանակում. արցախցի՝ որակի նշանով:

Յուրա եւ Սոնա ամուսիններն արդեն թոշակառուներ են, ութսունահասի կածանն ընտրած: Ու չնայած Յուրան արդեն ասում է. «Արա, պա ես ըստի՞ ըմ իլալ… պա ես ըստի՞ ըմ իլալ», դարձյալ չեն հավատում, որովհետեւ նրանք (ձեռք-ձեռքի, մեջք-մեջքի տված՝ «Կարոն ու Մարոն» երգի հերոսների պես) տարեկան աշխատում են 732 օր. միջին հաշվով արտադրում 400-450 կգ միս, 2 տոննա բանջարեղեն (չհաշված 2-3 հազար փունջ կոտեմը, ռեհանը, թարխունը, սոխն ու փիփերթը), խոտը՝ հեչ, տավարն է ուտում, որ միս ու կաթ տա, կուտը հավերին է գնում, միս ու ձու են տալիս եւ, ասենք, Վիտո Գալստյանի կամ Գագիկ Միրզոյանի քեֆները գալիս է, երբ հյուրընկալվում են «Յուրա դայու» օջախում:

-Էս պանիրը տնակա՞ն ա,- միամիտ-միամիտ հարցնում են:
-Չէ, քաղաքական ա,- կատակում է «Յուրան»:
-Էս ձուն խանութի՞ ա,- շարունակում են հարցնել:
-Չէ, պարսիկի ա,- ասում է ծիծաղելով, խնդալով:
-Էս…

-Էս էլ, էդ էլ, էն էլ կեր, էս սեղանին ինչ դնում ենք, յուրայական ա (երեւի յուրայնական էր ուզում ասել Երեւանից եկածին կամ յուրային), մենք արտադրում ենք, մենք սպառում, շաբաթը մեկ էլ շուկա ենք հանում… ջրի գնով. կեսը՝ «ալվերչուն», կեսը՝ տաքսիստին, ամեն տարածի դիմաց՝ մի ձեթաշիշ, մի տուփ շաքար կամ աղ…

Եւ Ավետիք Գասպարյանը լուրջն ու կատակը շուլալելով, ավարտում է իր խոսքը. «Հալա ըսես ըն, թա սա փիս աշխարհ ա, վեր գործ չըս ընես՝ հինչ բիդի ուտես…»:

Հասկացա՞ք, սա դեռ Եզոպոսի առակներից են սովորել, Կռիլովի ու Խնկո ապոր առակներից, թե. «Ով աշխատի, նա էլ կուտի»: Յուրայի արածը, ամբարածը, որ միայն ինքն ուտի՝ մի չորս-հինգ հարյուր տարի է հարկավոր:  Բայց ուտելը չէ, որ ստիպում է եւ անասուններ, թռչուններ պահել, եւ առատ բանջարեղեն աճեցնել, եւ ուստայություն անել… Պարզապես չի կարողանում պարապ նստել: Դե, հարցրու. «Էլ ո՞վ է քո տեսակը այս գյուղում», իսկույն կասի՝

Ավագյան Գավրուշան

Հիմա գնանք Ավագյան Գավրուշայի բոստանը: Հենց մայրուղուց ձախ ես ծռվում, որ ուղղություն վերցնես դեպի Դաշուշեն, գազի բաշխիչ կայանի հարեւանությամբ մի սիրուն բալենու ծառաշարապարիսպ բոստան կա, դա է, որ կա Գավրուշայի բոստանը:

Գավրուշը մինչեւ 1988-ը բոլորովին այլ աշխատանքներ է կատարել, իսկ 1994-ից հետ, երբ արդեն ոչ քաղաքի կենցաղն է գերադասելի, ոչ էլ տնահարդարչի իր մասնագիտությունը, քաշվեց հայրենի գյուղ ու զորավիգ լինելով նաեւ ավագ եղբորը, որ Սումգայիթից էր ընտանիքով բռնագաղթվել, սկսեց բոլորովին ուրիշ գործ: Զուր չեն ասում, որ պատերազմից հետո, կամ սովի պայմաններում (իսկ 1992-94—ը ինչո՞վ չէր սով մեծամասնության համար) պետք է հողին ապավինել:

Գավրուշան էլ էդպես սկսեց: Եւ հողը նրան չխաբեց: Սնեց, կյանքի շեմ բերեց զավակներին, ամուսնացրեց, թոռներ ունեցավ եւ հիմա կրտսեր տղայի՝ Գառնիկի հետ ապրում է իր դաշուշենյան օջախում: Թոշակառու մարդ է, հասկանում ենք, բայց առանց թոշակառուի «ամագ»-ի (օգտաբերության) ի՞նչ առատություն: Մի անգամ քաղաքից տուն հասած տղային տեսնելով շուկայից առած-բերած մեծաքանակ բանջարեղենով, Գավրուշը հարցրել է.

-Էսքանն ի՞նչ արժե…
-5 հազար,- ասել է տղան:
-Դու ինչքա՞ն ես ստանում:
-27 հազար:

-Ասել է թե՝ 5-6 օրվա ապրուստի փող: Բա մնացած 20-25 օրե՞րը: Տես, արցախցու ասացվածքներից մեկն էլ այսպես է ասում. «Գյոգի, տու ըրածե քըզետե, ես էլ ճըպըռոտիմ քըզետե…»: Աշխատասեր պիտի լինես, որ տունդ կարողանաս պահել: Ուրեմն, ես էս տարիքում ապահովելու եմ մեր տան բանջարեղենը՝ օրական հինգ հազարի: Ո՞նց է…

Վա՛հ, քու տունը՝ շեն: Որ չապահովես՝ տնից քշելո՞ւ են, թե՞ գյուղամեջի «կոտլան» իր շարքերից քեզ վտարելու է:

Եվ այդպես, ամեն տարի, Կարկառի ձորում, մի դրախտատեսիլ տեղում, Գավրուշ Ավագյանը բոստան անելով՝ կարտոֆիլ ու լոբի է ցանում, լոլիկ ու կաղամբ, սմբուկ ու բազուկ, կանաչի ու սոխ: Համ թարմ ու անարատ վիճակում են վայելում, համ՝ կլոր տարին, համ էլ եղածից իր քաղաքաբնակ ու դրսաբնակ որդուն ու դստերն է բաժին հանում:

-Իսկ ե՞րբ ես հանգստանում,- երբ հարցնում են՝ ասում է.
-Արցախցին միայն էն աշխարհում է հանգստանում, երբ էլ հոգս ու դարդ չունի:
-Ընդհանրապես չե՞ս հան-գստանում…
-Դե, հասկանալի է. երբ անձրեւ է, ձյուն է, ցեխ է…

«ՇԵՆԻՆ ԿՆԱՆԵՔԸ»

Դաշուշենում չես գտնի որեւէ տնային տնտեսուհու, որ բանջարեղեն կամ կանաչի պետք գալիս խնդրի հարեւանից: Չէ, կարծեմ մեկը կա, թե՞ երկուսը: Նրանք՝ հեչ… Ահա Նինա տատիկը. տարեկան շուրջ երկու տոննա բանջարեղեն է արտադրում մեծ հարսի օգնությամբ, 83 տարեկան հալով: Պատկերացնո՞ւմ եք: Սա Գինեսի գրքին արժանի փաստ է: Կամ Վալիկ տատին՝ դարձյալ 81 տարեկան, միայնակ կին, բայց ի¯նչ փոքրիկ բոստան, կռացած արմատ պաչող ճյուղերով խնձորուտ, ի¯նչ վարդեր… Մի օրվա մեջ 400 ժինգյալով հաց թխող Ժուլա (Ջուլիետա կասեր Ռոմեոն, իսկ Վալիկն էլ Վարյան է) Ավագյանը, մեր գյուղապես Ռուդիկի մայրիկ-բաբոն, երիտասարդ ուսուցչուհի Ալինա Գաբրիելյանը, Գենա Սամսոնովիչի կին Սեդան, խնամի Սոնան…

Էս կանանց արածը տեսնելով՝ հաճախ մտածում ես, եւ գտնում, թե ինչու, աշխարհը ինչու չի ուզում ճանաչել այս կանանց ու իրենց տղամարդկանց ինքնիշխան պետականությունը: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ մեր կանանց կին չի հասնի, մեր սիրունությանը սիրունություն չի հասնի: Բա մատ ու ոտ ներկած, սաղ օրը առաջին ու երկրորդ հարկի օրգանները ցուցադիր արած, էդ բիկինավոր-«լիֆչիգավոր» եվրոմադամները կուզե՞ն, որ ճանաչվի Արցախը, ճանաչվենք մենք: Ոչ: Իրենց էսպես է հարմար, որ դաշուշենցի 78 կին, տարեկան 40 հազար փունջ կանաչի արտադրեն (միջնորդ-ալվերչիների ձեռքով 80 հազար փունջ դարձող եւ իրենց հիսունտոկոսյա օգուտը կորզող): Այսինքն՝ 55-60 տոննա: Բա էդ համաշխարհային ռեկորդ ու գինեսավարի չէ՞… Բա իրենց օջախի համար արտադրա՞ծը, բա՞…

Աշխարհի ոչ մի անկյունում կինն այնքան աշխատասեր ու պատվախնդիր չէ, որքան հետպատերազմյան Արցախում: Ո՞վ կդիմանար, ո՞ր երկրի կանայք, եթե նրանց մոտ էլ կրկնվեր 1988 -91 (խուլ շրջափակման եւ անօրեն ինքնադատաստանի ժամանակները), 1992-94 (չհայտարարված լայնամասշտաբ պատերազմի փուլը՝ ժամանակակից բոլոր զենքերի կիրառմամբ): Բայց արցախցին դիմացավ: Որովհետեւ մարտնչող արցախցու թիկունքին արցախցի կին կար:

ԱՅՍՕՐԸ

Հետպատերազմյան փոքրիկ հայաշեն:

Արցախյան ազատամարտում 10-ի չափ ազատամարտիկներ են իրենց կյանքի գնով կռել իրենց որդիների եւ իրենց հարազատների ինքնիշխան ապրելու իրավունքը: Նրանց հիշատակին գյուղամիջում խաչքար-հուշարձան է դրված վաղուց: Պետության կողմից զոհվածների ընտանիքները  ֆինանսապես եւ բարոյապես խրախուսվում են:

Բացի գյուղապետարան-ակումբ-բուժկետ հիմնարկից (4-5 աշխատատեղ) աշխատանքի այլ տեղեր չկան: Դպրոցում կա ընդամենը չորս-հինգ դասարան, կամ՝ շուրջ 20 աշակերտ: Այս թվերն ու փաստերն ամեն ինչ ասում են: Թե սա ինչի՞ հետեւանք է, բոլորին հայտնի է: Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞ւր կգնա Դաշուշենը, եթե շարունակի այդպես գնալ: Դեպի Կարկառի ձորը՝ կատարյալ ամայություն: Էգ առյուծ…

ԱՊԱԳԱՆ

2025 թվականին ով տեսնի՝ կտեսնի Դաշուշեն գյուղը բոլորովին այլակերպ վիճակում: Նորակառույց կամ նորոգված ժամանակակից բնակարաններով, տնամերձներով եւ անպայման՝ աշխատատեղերով, կուլտուր-կենցաղային սպասարկման կետերով, եթե …

«Եթե»-ն շաղկապ է, ճիշտ է՝ բառեր եւ նախադասություններ է կապում իրար, բայց կարո՞ղ է Այսօրն ու Ապագան էլ իրար կապել:

Հիմա մանրենք «եթե»-ն…

Ի՞նչ եք կարծում, մեր կառավարության վրա կարելի՞ է հույս դնել, թե դաշուշենյան պրոբլեմները /բնակարանաշինություն, ջրամատակարարում, ճանապարհաշինություն, կենցաղսպասարկում եւ այլն/ կարող է լուծել առաջիկա 5-10 տարում: Միանշանակ՝ ոչ: Որովհետեւ կառավարության համար առաջնահերթային է սահմանամերձ գյուղը, քաղաքը, ռազմավարական նշանակության տեղաշրջանները: Ինչեւիցե:

Իսկ ի՞նչ կարելի է անել, որ Դաշուշենում առկա խնդիրները լուծվեն:

Ռուդիկ Ասլանյանի նախաձեռնությամբ բազմիցս ստուգ-վել ու ստուգվում է գյուղամիջյան աղբյուրի ջրատար-ջրաբերի խաթարումը: Գիտե՞ք որ թվի կառուցվածն է: Էստեղ նորոգում ես, էնտեղ կոռոզիան հարձակվում է: Ասել է թե՝ հարկավոր է նոր ջրագիծ:

Իսկ ո՞վ կհայթայթի միջոցները:

Կարծում ենք, այլ գյուղերի օրինակով (Ճարտար, Վանք, Մատաղիս, Հեր-հեր, Շեխեր, Բերդաձոր եւ այլն) պետք է ձեռնամուխ լինել ամենամսյա համագյուղական հավաքների կազմակերպմանը  (մանավանդ, որ 2009-ին լրանում է Սարիբեկի մատուռի (եւ աղբյուրի) հիմնադրման 1600-ամյակը: Դա նշանակում է, որ գյուղն էլ այդ տարիքն ունի, հետեւապես՝ գյուղի (առաջին) հիմնադրման ամյակը: Կարեւորը սա չէ: Կարեւորը հավաքն է եւ այն ամենամյա դարձնելը՝ իր հիմնադրամի ստեղծումով:

Երիցս ճիշտ ու օգտակար է Կոնստանտին Մելիք-Շահնազարյանի (Տըմբըլաչի Խաչանի) մի ասույթը, տպագրված «Մշակ» թերթում 1911թ.

«Ես հույս օնիմ, վեր մեր Ղարաբաղա ահվալաթը (վիճակը- Է.Ե.) էտ կազեթումը կիրիլավ, պըտմելավ, ընդրա խերն ու շառը լուս աշխարհ քցիլավ, ըշխարքավըս մին շաղ եկած ղարաբաղցեք էնքան նամուս կունենան, վեր թողել չըն էս ասլան բալասոց երկիրը անդար-անտիրական մնա, ղեյրաթ կանին, վերը՝ փողավ, վերը՝ բարի գործավ, վերը՝ խորհուրթ տալով, վեր մին ղոլավ ուսումն ու արվեստը ապրուստեն հետը ձեռք-ձեռքի տված առաջ քինան, պտկին, ծաղկին, մյուս ղոլավ՝ սեր-պարիկամությունը, մին-մինու թասիբը քաշիլը ամեն տեղ պյուն տինին, մեր էս՝ ըշխարհա կըտըրված երգիրն էլ լուսավեր երգիրներեն ջարգն ընգե, ազատ շունչ քաշի»:

Կարծես թե այսօր է ասվում, կամ երեկ է ասվել:

Ահա թե որքան կարեւոր է այն ձեռնարկումը, որ կոչում ենք, ասենք, դաշուշենցիների կամ հոնուտցիների հավաք: Ով հրավիրյալ կերպով ներկայանում է այդ հավաքին, նշանակում է նա իսկական դաշուշենցի է, նշանակում է նա պատրաստ է իր կարեցածին չափով նպաստել դաշուշենյան պրոբլեմների վերացմանը:

Եվ քանի որ խոսքը այս մասին է, ուզում եմ այս անդրադարձն ավարտել մեր նշանավոր բանաստեղծ Հովհաննես Շիրազի մի զրույց-ասույթով: Ահա.

«Շահումյանցի բանաստեղծ Հովիկ Պետրոսյանը Շիրազին մի անգամ հարցրել է.

– Վարպետ, սաղ աշխարհը կարելի՞ է դրախտ դարձնել:

– Կարելի է,- պատասխանել է Շիրազը,- կարելի է, եթե աշխարհում բոլորը ուզենան եւ մի բանով նպաստեն…»:

Տեսա՞ք…

Էռնեստ ԵՍԱՅԱՆ

********************************************************************************

ՈՒԼՈՒԲԱԲ

Ճանաչված մտավորական Ժորա Գրիգորյանը տպագրության է պատրաստել հայրենի գյուղի մասին «Ուլուբաբ» գիրքը, որը գյուղի անցյալի վերարժեվորմանն ու այդ հինավուրց բնակավայրի վերածննդին է միտված: Գիրքը շուտով լույս կտեսնի և կարժանանա ընթերցողների դատին: «Դեմո»-ի ընթերցողներին ենք ներկայացնում հեղինակի մուտքի խոսքը:

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Հայրենի գյուղիս՝ Ուլուբաբի նախնիները Խաչենի արգավանդ հովտում շեն կյանքով ապրել են դեռեւս մեր թվարկությունից առաջ: Խաչենի ափին եղել են նաեւ շատ գյուղեր, եղել է մեծ քաղաք՝ Տիգրանակերտը: Խաչենի ափին խաղաղ կյանքը շարունակվել է մինչեւ 10-րդ դարը, մինչեւ մեր կողմերում հայտնվել են քոչվոր խաշնարածները: Միջին Ասիայի անապատներից փախած քոչվորներն իրենց ճանապարհին ավերել են ամեն ինչ, սպանել բնակավայրերի բնիկ բնակիչներին՝ իրենց համար հայրենիք ստեղծելու համար: Սկզբում Տիգրանակերտն են ավերել, այն թաղել հողի մեջ: Հետո էլ ավերել-թալանել են Խաչենի հովտի մյուս բնակավայրերը:

Ողբերգական այս դեպքերն ու իրադարձությունները մեզ են հասցրել հաջորդ սերունդները՝ բերնեբերան իրար փոխանցելով: Շամիր Պետրոսյանի պատմածի համաձայն՝ Տիգրանակերտն ավերվելուց հետո շատերն են քաղաքից եկել Ուրախաչ՝ Ուլուբաբի առաջին բնակավայրը, իսկ Ուրախաչն ավերվելուց հետո մեր գյուղի նախկին բնակիչները (ուրախաչցիները եւ տիգրանակերտցիները) անտառի թաքնված տեղերում նոր բնակավայրեր են կառուցել: Հաջորդ չորս բնակավայրերում հետքեր են թողել (հանգստարան, եկեղեցի, արձանագրություններով խաչքարեր): Նախավերջին բնակավայրում՝ Մաչի շենում, ծանր ու վարակչ հիվանդության պատճառով իմ նախկին հայրենակցիների կյանքը վերջանալու վտանգի առաջ կանգնեց: Միայն Խաչենի իշխանության օգնության շնորհիվ կյանքը շարունակվեց նոր տեղում՝ ներկայիս Ուլուբաբում, 1750 թվականին:

Խաչենի իշխանությունից եկած Ուլուի բազմանդամ ընտանիքի շնորհիվ կառուցվեց գյուղ, շատ դժվարությամբ՝ աղբյուր, իսկ Սուրբ Գեւորգ սարի գագաթին՝ վանք: Նոր բնակավայրը շուտով դարձավ մելիքական գյուղ մեծ պապի՝ Ուլուպապի-Ուլուբաբի անունով: Ուլուբաբում երկու մելիքներ են իշխել՝ Մելիք-Ալավերդին եւ Մելիք-Ուլուբաբը, երկուսն էլ քաջ ու հայրենասեր: Երկու մելիքներն էլ չեն հնազանդվել Շուշիի խաներին, որի համար էլ նրանց միջեւ եղել են ընդհարումներ, պատերազմներ, ինչի արդյունքում սպանում են Մելիք-Ալավերդուն, իսկ Մելիք-Ուլուբաբը փախչում-թաքնվում է Մուշկապատում: Մուշկապատի Ուլուբաբյանները, այսպիսով, գենետիկական (ծագումնաբանական) կապ ունեն Հասան-Ջալալյանների հայտնի տոհմից սերված Ուլուի հետ:

Դժբախտաբար, Ուլուբաբը որպես գյուղ վերացավ կոլտնտեսությունների խոշորացման սխալ քաղաքականության պատճառով, որի հետեւանքով, ըստ էության, մի տոհմ համարվող ուլուբաբցիները ցրվեցին աշխարհով մեկ: Ցրվում են նաեւ Մուշկապատի Ուլուբաբյանները, բայց ուրախալի է, որ նրանք որտեղ էլ գնում՝ իրենց հետ տանում են Ուլուբաբյան ազգանունը:

Թախանձագին խնդրում եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, վարչապետ Արա Հարությունյանին՝ օգնել Ուլուբաբի վերականգնման գործին՝ առաջին բնակավայրի տեղում, Խաչենի ափին բնակեցնելով հիմնականում ուլուբաբցիներին, Ուլուբաբյաններին:

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ 

——————————————————————————————-

«կոչեմ ապրողաց»
ՍՊԻՏԱԿՆ ԱՅՍՕՐ…

Հուշեր, հույզեր, իրականություն

Քնար ԲԱԲԱՅԱՆ

Երևան, հատուկ՝ «Դեմո»-ի համար

1988 թ. դեկտեմբերի 7: Սպիտակ, գյուղ Նալբանդ… Պատից կախված ժամացույցը ժամը 11-ն անց 41 րոպ էր ցույց տալիս: Գետինը մի ակնթարթում երկու անգամ ուժեղ ցնցվեց ու ամեն ինչ թղթե դղյակի պես հավասարվեց գետնին՝ ճզմելով մարդկային հազարավոր կյանքեր: Երկու ուժեղ ցնցումից հետո հողը սկսեց տենդագին դողալ… Գյուղը հիշեցնում էր դանթեական դժոխք՝ բաց երկնքի տակ…

2008 թվական նոյեմբերի 11: Սպիտակ, գյուղ Նալբանդ: Դրսում տիրող խաղաղությունը մերթ ընդ մերթ խախտում է ուստա Լևոնի մուրճի ձայնը: Լևոն Պապիկյանը Նալբանդ գյուղի բնակիչ է, երկրաշարժի հետևանքով զրկվել է գլխավերևում տանիք ունենալուց: Այլևս չկարողանալով ապրել «դոմիկում»՝ 20 տարիների ընթացքում իր ուժերով «դոմիկի» տնամերձ տարածքում իր նոր տունն է կառուցում: Պետությունից  ոչ մի գումար չի ստացել, ավելին՝ իրենից մեկ միլիոն դրամ գումար են պահանջում այն հողատարածքի համար, որտեղ ինքն իր միջոցներով տուն է կառուցում: «Որ այդքան գումար ունենամ՝ էլ ի՞նչ դարդ: Ուստա մարդ եմ, մի կերպ երկու կոպեկ եմ աշխատում: Չեն օգնում՝ հերիք չէ, դեռ մի բան էլ մեզանից են ուզում: Թե ի՞նչ է նրանց նպատակը՝ չգիտեմ: Ախր մեր հողն ու ջուրը թողնենք ու՞ր գնանք…»:

Ուստա Լևոնը այն «երջանիկներից» է, ովքեր հողի ու իշխանությունների հետ կռիվ տալով իրենց տունն են կառուցում: Իսկ ահա նրա համագյուղացի 47-ամյա Լիանան երկրաշարժից հետո երկու անչափահաս զավակների հետ մնացել է անօթևան: «Ամուսնուս վերջին լավությունն այն էր (հիմա նույնիսկ չգիտեմ՝ լավությու՞ն էր, թե՞…), որ ինձ հանեց փլատակների տակից: Այդ օրը ես նրան տեսա վերջին անգամ: Նա մեզ թողեց ու հեռացավ և այսքան տարիների ընթացքում ոչ մի օգնություն չի ցուցաբերել»: Պետության կողմից ստացած գրոշներով (ընդամենը՝ 7000 դրամ) երեխաներին մեծացրել է, աղջկան ամուսնացրել: Լիանան իր բախտակիցների պես ինչպես 20 տարի առաջ սկսել է ապրել ժամանակավոր կացարաններում («դոմիկում»), մինչ այսօր էլ չի հասկացել, թե որն է այդ ժամանակավոր կոչվածը: Այսօր Լիանան մենակ է ապրում իր ցուրտ տնակում՝ առանց փայտի, նպաստի, թոշակի ու որևէ հույսի: Նա գոյատևում է միայն շնորհիվ ծանոթ-բարեկամների օգնության: Ու սպասում է որդու զորացրմանը…

Նալբանդում այսօրվա դրությամբ դեռ բավական ընտանիքներ շարունակում են ապրել «դոմիկներում»: Նրանց հատկացվել է որոշակի հողատարածք, որը օգտագործել ըստ նպատակի, բնակիչների խոսքերով, ուղղակի հնարավորություն չկա: Այլ է, սակայն, գյուղի կենտրոնական մասը: Այնտեղ երկրաշարժից հետո, դեռևս խորհրդային ժամանակներում, ռուսների ֆինանսական աջակցությամբ տներ են կառուցվել: Եվ փողոցն էլ կոչել են «Կրասնադարսկայա»:

Գյուղի հիմնական խնդիրներից է նաև աշխատատեղերի բացակայությունը: Տղամարդկանց մեծ մասը մեկնել են արտերկիր: Եվ այնտեղից ուղարկված գումարով, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, ապրում են նրանց ընտանիքները:

Ահա այսպես են 20 տարի անց ապրում ամբողջ աշխարհը ցնցած երկրաշարժի «կենդանի զոհերը»: Ժամանակն ու մարդիկ կարողացել են հողով ու անձրևաջրերով լցնել ու փակել գետնի ճաքերը: Եվ եթե բնության մեջ հնարավոր է անգամ աղբով լցնել հողի ճաքերը, ապա նույնը չի կարելի անել մարդկանց սրտերի հետ, նամանավանդ, նման դժոխքով անցած մարդկանց: Առավել ևս հանգիստ նայել, թե ինչպես են մարդիկ 20 տարի շարունակ առնետների հետ սեղան նստում. մի տարբերությամբ՝ առնետները ներքևում են, իսկ իրենք՝ վերևում: «Մենք էլ ենք յուրովի այդ առնետների վիճակում: Եթե այդպես չլիներ, և նրանք համոզված չլինեին, որ մենք կարող ենք ապրել առնետների նման խոնավ տնակներում ու սնվել փշրանքներով, ապա այս տարիների ընթացքում գոնե մի բան կփոխվեր»,- արցունքն աչքերին գանգատվում էր մի կին :

Լեռնապատ՝ մի կրակից մյուսը

1988թ. դեկտեմբերի 6-ին 6-ամյա Մանուշակը, իր ծնողների, եղբոր ու քրոջ նորածին երեխայի հետ, տուն ու տեղ թողած Կիրովաբադում, մազապուրծ փախչում են: Լավ հարևանի խորհրդով նրանք հաստատվում են Սպիտակի Լեռնապատ (Հաջղար) գյուղում: «Չենք հասցրել մի կրակից պրծնել, նորից մյուս կրակն ընկանք»,- հիշում է արդեն երկու զավակի մայր Մանուշակը: «Երկրաշարժն այսօրվա պես հիշում եմ: Դրսում խաղում էի, երբ եղավ առաջին ցնցումը: Ինձ թվաց, թե այդ «ոչ ապրած» թուրքերն են ինչ-որ բան պայթեցրել, ու վախից տուն վազելով՝ մի անկյունում պատսպարվեցի: Մեր հարևանի բարեկամն ինձ ասաց, որ դուրս գամ: Հենց դուրս եկա՝ տունը փլվեց»: Մանուշի մայրը երկրաշարժից հետո ուժեղ սթրես ապրեց: Շուտով մահացավ նաև հայրը: Վրաններից դոմիկներ, դոմիկներից՝ բարեկամների տուն, նորից՝ դոմիկներ… Նման քոչվորական կյանքը շարունակվեց մինչև 2006 թվականը: Փախստականներին օգնության ծրագրի շրջանակներում նրանց վճարվեց տուն ձեռք բերելու համար գումարի կեսը: Մյուս կեսն էլ ավելացնելով բարեկամների օգնությամբ՝ այսօր վերջապես սեփական քարակառույց տուն ունեն:

Այս 20 տարիների ընթացքում գյուղը փորձել է շտկել իր կորացած մեջքը: Սակայն այսօր դեռ կան ընտանիքներ, որ ապրում են դոմիկներում: Ընտանիք կերակրելու համար շատերը, ինչպես Մանուշի ամուսինը, մեկնում են արտերկիր գումար վաստակելու:

Ներկա դրությամբ գյուղում ապրում է 600-700 ընտանիք: Գյուղն ունի նոր դպրոց: Մարդիկ, դիմանալով ցավին ու հոգսերին, փորձում են ապրել…

Միջազգային տնակների ազգային բնակիչները

1988թ. երկրաշարժի բոթն անմիջապես հասավ աշխարհի գրեթե բոլոր ծագերը: Եւ իսկույն տարբեր երկրներից սկսեցին հումանիտար օգնություն ուղարկել:

Սակայն հումանիտար օգնությամբ ամեն ինչ չսահմանափակվեց: Եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, Նորվեգիան, Շվեյցարիան,  Էստոնիան և Իտալիան, Սպիտակում կառուցեցին ժամանակավոր կացարաններ: Այդ տնակների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր պետություն այն կառուցել է իր երկրին ու ազգային ճարտարապետությանը հատուկ ոճով: Այդտեղից էլ թաղամասը ստացել է «Միջազգային գյուղ» անվանումը, իսկ առանձին թաղամասեր էլ՝ իտալական, գերմանական, էստոնական և այլն:

Իտալական տնակում է ապրում չորս երեխայի միայնակ մայր Ժաննա Բոյախչյանը: Նրա զավակներից երկուսը հաշմանդամ են (որդիներից մեկը ընկնավոր է, իսկ մյուսը, դրա հետ միասին, «նաև շաքար ունի»): Երկրաշարժից հետո Ժաննայի հայրը՝ Մեծ հայրենականի գեհենով անցած այդ մարդը, չդիմանալով վշտին՝ մահացել է: Մինչ այդ նրան մի կերպ հանել էին փլատակների տակից: «Երկրաշարժն անհնար է մոռանալ: Դպրոցում էի: Անգլերենի դասն էր, ուսուցչուհին մեր հարսն էր, ու ես ինձ շատ ազատ էի պահում: Դասի ժամանակ դուրս էի գալիս, ներս մտնում: Նոր էի ներս մտել, երբ դասարանի պատուհանից նկատեցի, թե ինչպես մի ակնթարթում գետնին հավասարվեց դպրոցի դիմացի բարձրահարկ շենքը: Քանի որ դեկտեմբերի 6-ին էլ մի թեթև ցնցում էր եղել, հայրս ասել էր, որ զգույշ լինենք, կարող է այն կրկնվի: Ես իսկույն հասկացա, թե ինչ է կատարվում ու երեխաներին ասացի, որ իսկույն դուրս գան դասասենյակից: Սակայն արդեն առաջին ցնցումն եղել էր, և դուռն անհնար էր բացել: Դռան ու պատուհանների մոտ պատսպարվեցինք: Այդպես Աստծո գթությամբ փրկվեցինք: Եղբորս հետ միասին փլատակների տակից հանեցինք հորս ու մորս»,- հիշում է Ժաննան:

Այդօրվանից սկսած նա դժվարությունների, իշխանավորների հետ կռիվս տալով, հաշմանդամ երեխաների 36000 դրամ նպաստով ու կողքից սրա-նրա օգնությամբ պահում է իր ընտանիքը:  «Մինչև հիմա տուն չենք ստացել, և անգամ չգիտեմ՝ կստանա՞նք երբևէ: Այս կյանքում ինձ համար մի բան է պարզ. ով տեր ունի՝ ամեն ինչ ունի, ով տեր չունի՝ անօթևան շուն ա»:

Փոխքաղաքապետ Սարգիս Մարկոսյանը քաղաքի մասին

Ի՞նչ է արվել, ի՞նչ է արվում և դեռ ինչե՞ր կան անելու…

– Պարոն Մարկոսյան, ի՞նչ փուլում է գտնվում երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելու գործընթացը և ի՞նչ չափանիշներով է իրականացվում գործընթացը:

– Գոյություն ունի հերթացուցակ: Մարդիկ, ովքեր երկրաշարժի ժամանակ կորցրել են բազմահարկ շենքում գտնվող իրենց բնակարանը, դիմում են ներկայացնում քաղաքապետարան՝ կցելով նաև համապատասխան փաստաթղթեր, մասնավորպես՝ տան վկայական, ընտանիքի կազմի մասին փաստաթուղթ: Այս համակարգը գործում է երկրաշարժից անմիջապես հետո: Ներկա դրությամբ կա 400 ընտանիք, ովքեր դեռ բնակարան չեն ստացել: Նախապես քաղաքապետարան ներկայացված դիմումները ստուգվում են հատուկ հանձնաժողովի կողմից և հետո ներկայացվում ՀՀ կառավարությանը: Երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ կառավարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որը կառավարական ծրագրերի շրջանակներում նախատեսում է Սպիտակում ծավալել բնակարանաշինական աշխատանքներ:

Մեկ տարի առաջ գործում էր նաև բնակարանի գնման վկայագրերի ծրագիրը: Այս տարի դեռ չկա, բայց, եթե ճիշտ ասենք, Սպիտակի համար ավելի նախընտրելի է, որ բնակարան կառուցեն, քան վկայագիր տան: Բանն այն է, որ տրվող գումարով անհնար է բնակարան ձեռք բերել:

Իսկ ինչ վերաբերում է սեփական տներ կորցրածներին, ապա, դժբախտաբար, այսօր նրանք այդ հերթացուցակում չկան այն պատճառով, որ երկրաշարժից անմիջապես հետո մարդկանց խնայբանկի հաշիվներին ինչ-որ գումար էր փոխանցվել: Բայց, ինչպես գիտեք, այդ փողերը ժամանակին արժեզրկվեցին: Ու այսօր այդ մարդիկ հայտնվել են կոտրած տաշտակի առջև: Պետության կողմից միայն օգնություն են ստանում մասնակի կառուցված տների տերերը: Եվ նման անելանելի վիճակում գտնվողների թիվը երկու անգամ ավելի շատ է հերթագրվածներից:

-Ուրիշ ի՞նչ խնդիրներ ունի այսօր Սպիտակը:

-Մինչ երկրաշարժը Սպիտակը եղել է արդյունաբերական կենտրոն: Հանրապետության խոշորագույն գործարաններից մի քանիսը կենտրոնացված են եղել այստեղ: Գործարաններում աշխատել են ոչ միայն սպիտակցիները, այլև քաղաքի հարակից բնակավայրերի բնակիչները: Չնայած այսօր այդ ամենից ոչինչ չի մնացել, բայց արտադրական ներուժ ներկա դրությամբ էլ կա, որին մեծապես նպաստում են քաղաքի աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները: Քաղաքի վաղեմի փառքը  վերականգնելու համար մենք որոշ քայլեր ենք ձեռնարկում, փորձում պայմանավորվածություններ ձեռք բերել ներդրողների հետ: Մենք անընդհատ փնտրտուքի մեջ ենք և հիմնական շեշտը դնում ենք ներդրողներին շահագրգռելու վրա, ինչը, ըստ մեզ, Սպիտակի զարգացման ու կայացման հիմնական գրավականը կարող է լինել: Իսկ ներկա դրությամբ Սպիտակը շատ խնդիրներ ունի, մասնավորապես՝ բնակարանաշինության, աշխատատեղերի բացակայության, երիտասարդների զբաղվածության, ճանապարհաշինության, ջրագծերի, կոյուղագծերի, մանկապարտեզի քարե շենքի, որոշ թաղամասերում գազիֆիկացման և այլն: Մարդիկ այսօր հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, հողագործությամբ, որոշ չափով աշխուժացել է սպասարկման ոլորտը:

——————————————————————————————

Նամականի

ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա ազատ շուկայական հարաբերություններում դժվար է ասել՝ «բոսսը» կառավարի՞չ է, թե՞ միապետ: Թվում էր՝ վաղուց ենք հրաժեշտ տվել անհատի պաշտամունքին, հրաժարվել միապետի քմահաճույքներին ենթարկվելուց… Բայց, արի ու տես, որ 21-րդդարյան մեր հանրապետությունում շարունակվում են սեփական կամքը թելադրելը այն մարդկանց, ովքեր տվյալ պարագայում ստիպված են կախված լինել մի մարդուց:

Ազատ շուկայական հարաբերություններն, ինչ խոսք, ունեն իրենց դրական կողմը՝ մարդ կարող է սեփական բիզնես ունենալ,  ըստ այդմ էլ կա մրցակցություն, երկիրը բարգավաճում է: Բայց դա մեդալի մի երեսն է միայն: Մյուս կողմից էլ դեռևս լիովին չկայացած շուկայական տնտեսությունում տուժում են հասարակ բանվորը կամ աշխատակիցը: Արդյոք, պե՞տք է անհատ ձեռնարկատերը ունենա այնքան ազատություն եւ իրավունքներ, որ կարողանա ասել. «Դու պետք է ամբողջ գիշերն աշխատես եւ իրավունք չունես մի րոպե անգամ տեղիցդ բացակայելու…»: Թե փորձեցիր հակաճառել՝ երեսիդ կնետեն. «Եթե դուր չի գալիս, կարող ես ազատվել աշխատանքից»:

Մերօրյա հայտնի եւ հարուստ ձեռնարկատիրական ընկերություններից մեկում հաճախ են պատահում այնպիսի դեպքեր, երբ  հարբած կամ պարզապես բարկացած հաճախորդը հարձակվում է աշխատակցուհու վրա եւ հայհոյում, թե ինչու այս կամ այն գործը չի ստացվում: Փոխարենը աշխատակցուհին պետք է, շեշտում եմ՝ պետք է ժպտա եւ թողնի, որ իր իրավունքները եւ արժանապատվությունը ոտնահարվեն, ինչ է թե ֆիրմայի հեղինակությունը չընկնի: Եվ այս ամենը պետք է համբերել, քանի որ ուրիշ ելք չկա, ամենուրեք մասնավոր սեփականություն է, իսկ գոյություն պահպանելու համար պիտի աշխատել:

Հաճախ է պատահում, որ մայրս աշխատանքից հոգնած ու բարկացած է տուն վերադառնում: Այն հարցին, թե ինչ է պատահել, նա պատասխանում է, որ տնօրենը գործից հետո իրենց պահում է, դեռ ավելին՝ ստիպում նաեւ կատարել ուրիշ աշխատանքներ, որոնք չկան աշխատանքային պայմանագրում:

Ժամանակի ընթացքում սույն սեփականատերերը վերածվում են այնպիսի մարդկանց, որոնք սովոր են միայն «երաժշտություն պատվիրել», իսկ թե դա ինչքանով է օրինական կամ մարդկային՝ նրանց չի հետաքրքրում: Այսինքն՝ որևէ մեկը կարող է անել ինչ-որ իրեն հաճելի է, քանի որ դիմացինը չի կարող իր իրավունքները պաշտպանել, իսկ եթե պաշտպանի էլ, միեւնույն է, կզրկվի իր աշխատանքից եւ դրանից ոչինչ չի փոխվի: Մնում է միայն Սահյանի տողերը հիշել, որոնք առաջին հայացքից կապ չունեն թեմայի հետ, բայց միայն առաջին հայացքից…

«Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ…»:

Գայանե ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԴՊՐՈՑԸ «ՆԵՐՎԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ» ՀԱՄԱՐ Է 

Հասարակության մեջ բարոյական բարձրագույն արժանիքներով մարդկային տեսակի ձեւավորման գործում անվիճելի է դպրոցի դերը: Այսօրվա դպրոցականը վաղվա քաղաքացին է՝ իր բարոյականությամբ, մտածողությամբ եւ գործելաոճով: Ահա թե ինչու երիցս կարևոր է ուսուցչի դերը: Արդյո՞ք մեր դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչներն են պատրաստ այդ դժվարին առաքելությանը:

Պատմեմ բարեկամուհուս հետ պատահածը, իսկ ընթերցողներն էլ թող իրենք եզրակացություններ անեն:

Նա սովորում է 9-րդ դասարանում, նորերս տհաճ իրավիճակում հայտնվեց: Ուսուցիչը նրան «բացատրեց», որ աշակերտին լրջանալ հորդորելու պահին ինքը կարող է ոչ միայն դիմել բառերի օգնությանը, այլև ձեռնարկել ծայրահեղ միջոցներ: Ու… սուր փայտով ծակեց քրոջս ձեռքը:

Մի՞թե փոքրոգություն չէ ուսուցչի այն պատճառաբանությունը, թե ինքը պատերազմի մասնակից է եւ «ներվեր չունի»: Բայց, սիրելիներս, մեր գոյապայքարի ընթացքում ո՞ւմ նյարդերը չեն քայքայվել: Իսկը տեղն է ասելու, որ տուժածի հայրը «պակաս ազատամարտիկ չէ» եւ «պակաս ներվեր չունեցող» քաղաքացիներից է (ի դեպ, հայրը չգիտի աղջկա հետ կատարվածի մասին):

Մնում է խորհուրդ տալ, որ մեր դպրոցներում դասավանդեն լիարժեք ուսուցիչներ, իսկ «ներվեր չունեցողներն» աշխատեն այնտեղ, որտեղ մատաղ սերնդի հոգու հետ գործ չունեն:

Նանար ԱՎԱԳԻՄՅԱՆ

ԱՄԵՆԱԿԱՐՈՂ «ԿԱՆԱՉԸ»

-Բարեւ, ինչպե՞ս ես, վերջապես ստացա՞ր դիպլոմդ:
-Ստացա:

-Շնորհավորում եմ: Բայց ինչպե՞ս հաջողացրիր, չէ՞ որ նույնիսկ փորձուսուցումը չկարողացար անցնել, էլ չեմ խոսում քննությունների մասին:

-Ինձ ես մի ձեռով վերցրել, հո հորս մասի՞ն էլ չես էդ կարծիքին, ես չհանձնեցի, նա «հանձնեց», ոնց ինձ ընդունեց, թող այնպես էլ դիպլոմս վերցնի:

-Չնշե՞նք հաջողությունը:
-Նշեեեեենք:

Զրույցը շարունակվեց սեղանի շուրջ՝ գինու շշի ներկայությամբ:

-Դե չես աշխատի, չէ,՞ էդ մասնագիտությամբ, երկուսս էլ գիտենք, որ դա քո համար չէ, քոնը միայն դիսկոտեկներում պարելն ու մեքենաների մրցումներին մասնակցելն է:

-Այո, ճիշտ ես, ես էլ էի էդ մտածում, բայց հերս պնդեց, որ աշխատեմ, նույնիսկ արդեն աշխատանքի տեղ է արել: Չեմ էլ հիշում, թե ինչ ասաց՝ հանրապետական հիվանդանոցու՞մ եմ աշխատելու, թե՞ …

-Նույնիսկ կույր աղիքի տեղը չգիտես, մոռացել ես, որ փորձուսուցման ժամանակ քեզ քիչ մնաց վռնդեին վիրահատարանից, առանց անզգայացնելու սկսեցիր վիրահատությունը, խեղճը քիչ մնաց այդ նույն վայրկյանին մեռներ:

-Հա, հիշում եմ, խեղճ հերս էնքան փող տվեց, որպեսզի նորից ինձ ընդունեին համալսարան:

Արդեն կեսգիշեր էր: Գինին արեց իր գործը, չէին կարողանում նույնիսկ ոտքի կանգնել:

Առավոտյան զարթուցիչի ձայնից մի կերպ արթնացավ: Աշխատանքի էր: Գլուխը ցավում էր, բացեց դեղերի տուփը, նույնիսկ չգիտեր՝ ինչ դեղ խմել, որ գլխացավն անցնի: Տնից դուրս եկավ, հիվանդանոցի տեղն էլ չգիտեր, հայրը մեքենայում սպասում էր, որ «բժիշկ» որդուն հասցնի աշխատանքի վայրը: Քիչ անց արդեն հիվանդանոցում էին: Մեկ այլ բժիշկի օգնությամբ գտավ իր աշխատասենյակը: Սենյակը գրավիչ էր, կահավորված էր եվրոպական չափանիշներով: Հպարտ ու ինքնագոհ նստեց իր «թագավորական» աթոռին, նույնիսկ մոռացավ, որ հիվանդանոցում է:

Դուռը ծեծեցին: Բուժքույրն էր:

-Բժիշկ, դուք տասը րոպեից պիտի վիրահատարանում լինեք, շտապ վիրահատություն կա:

-Ի՞նչ, ի՞նչ, վիրահատարանո՞ւմ…

Անցավ տաս րոպեն, բուժքույրը նորից եկավ «բժշկի» ետեւից: Ստիպված գնաց:

-Բժիշկ, հագեք ձեռնոցները, հիվանդին անզգայացնե՞նք:
-Ի՞նչ… Հա, հա, տվեք:
-Բժիշկ, պետք է երիկամներից մեկը հանել:
-Երիկամների՞ց, իսկ քանի՞սն ունի, որ մեկն էլ հանենք:
-Լավ կատակ էր, բժիշկ:

-Հա, հանեք, ի՞նչ ասեմ, դեմ չեմ, տենց եք ճիշտ գտնում՝ տենց արեք, գտնում եք, որ երիկամի կարիք չունի, սաղ հանեք, ներքին օրգանները ավելի լավ կշնչեն, տեղ կազատվի:

-Բժիշկ, դե սկսեք:

-Սկսե՞մ, բայց ի՞նչ: Ոչ, ոչ, այսօր դուք կանեք վիրահատությունը, բուժքույր, ես էլ կհետեւեմ, եթե չկարողանաք՝ կօգնեմ, համ էլ տեսնեմ՝ լա՞վ մասնագետներ են աշխատում մեր հիվանդանոցում, թե «ԽԾԲ» կապն է գործում:

Վիրահատությունն ավարտվեց, ամեն ինչ հաջող անցավ: Բժիշկն անասելի հոգնել էր, քանի որ ամբողջ վիրահատության ընթացքում ստիպված էր հինգ րոպեն մեկ սրբել բուժքրոջ ճակատի քրտինքը… Դա բուժքրոջ առաջին վիրահատությունն էր՝ առանց բժշկի մասնակցության:

Աննա ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

ՈՐՊԵՍԶԻ ԻՐԱԿԱՆԱՆԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Երկրում գործող գրեթե բոլոր ծառայություններն էլ մշտապես փորձում են ըստ պատշաճի կատարել իրենց պարտականությունները և գոհացնել մարդկանց: Բայց, արի ու տես, որ երբեմն բախվում ես անցանկալի երևույթների, երբ անելանելի վիճակից դուրս գալուն օգնում է միայնումիայն անսպառ համբերությունդ կամ քաղաքավարությունդ: Այլապես հնարավոր չի լինի խուսափել վիճաբանությունից ու լեզվակռվից: Օրինակ, քաղաքային երթուղային ու մասնավոր տաքսիներում:

Սկսենք հենց երթուղայիններից: Ամեն անգամ, երբ մամուլում և մյուս ԶԼՄ-ներով քննարկվում է այս թեման՝ ուրախանում ես, բայց, միևնույն ժամանակ, վիճակը գրեթե չի փոխվում:

Երբեմն ստիպված ես լինում ոտքի վրա մնալ երթուղայինում, «վերամբարձ կռունկի» պես կանգնած մնալ, լինում են դեպքեր, չես կարողանում անգամ ներբանդ հարմարեցնելու տեղ գտնել: Մեկ-մեկ զարմանում ես երթուղայինների տարողունակությունից: «Փրկում» է վարորդի «մարդասիրական» կոչը՝ «մի կերպ տեղավորվեք»:

Թվում էր՝ մի քանի տարի առաջ Երևանում տեղի ունեցած մեծ պատահարը, որը խլեց մարդկանց կյանքեր, ունեցավ իր ազդեցությունը, վարորդները դասեր քաղեցին այդ ողբերգությունից, բայց… այսօր էլ նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը:

Ուղևորները ևս «նվեր» չեն, նրանք ևս զերծ չեն մնում իրենց քմահաճություններից: Շատերը կանոններից անտեղյակ են, ուր ասես պահանջում են կանգնեցնել մեքենան: Իսկ երբ իրենց ասածը չեն անում՝ 50-դրամանոցն այնպես են շպրտում…

Ուշացումից խուսափելու համար ամենաարդյունավետ տարբերակն էլ մնում է «գովազդային աննախադեպ հոսքով» միմյանց հետ մրցակցող մասնավոր-տաքսի ծառայություններից օգտվելը: Բայց այս դեպքում էլ երբեմն կամ ստիպված ես լինում 20-30 րոպե սպասել, կամ էլ տեղանքին անտեղյակ, սկսնակ վարորդին երկար բացատրել, թե ուր ես գնում:

Բայց սրանք մեքենաների հետ կապված մեր բոլոր պրոբլեմները չեն: Մի կողմից ուրախանում ես, որ քաղաքում ավելանում են շքեղ մեքենաները, մյուս կողմից էլ նյարդայնանում ես, երբ մի մայթից մյուսն անցնելու համար ստիպված ես ուղղակի փախչել այդ «հեղինակավոր» անձանց «թևավոր նժույգներից»: Դրանք, ի տարբերություն սովորական մեքենաների, կարող են կայծակնային արագությամբ անցնել փողոցով: Տարբերվելու համար դրանք մգացված ապակիներ ունեն, նաև տեսանելի են իրենց հետաքրքիր համարանիշերով: Սրանց տերերը, որպես կանոն, չեն արժանանում տույժերի: Հարկ է նշել, որ ավտովթարների մեծ մասի պատճառ են հանդիսանում հենց բարձր արագությունն ու կարգին քշելը չիմանալը: Այո, բոլորն էլ վարորդական իրավունք ունեն, բայց մեր օրերում վարորդական իրավունք կարող է ստանալ ամեն ոք…

Մեկ այլ պրոբլեմ է այն, որ շատ մայթեր գրեթե չեն տարբերվում անցուղուց, կամ էլ շատ նեղ են,  օրինակ՝ Նաբերեժնայա փողոցինը: Էլ չենք խոսում այն մասին, որ այսօր մայթերի տարածքն անգամ փորձում են ծառայեցնել իրենց անհատական շինությունների, տնամերձ կառույցների համար:

Քանիցս գրվել է այս մասին: Մի անգամ էլ գրվեց, հետո՞… Կարդացին ու անցան: Մարդիկ պիտի սովորեն պաշտպանել իրենց իրավունքները, որպեսզի իրականացվեն ցանկալի սպասելիքները:

Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ

——————————————————————————————-

Չորրորդ իշխանություն

Բռնություն է կիրառվել լրագրող Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ

Նոյեմբերի 18-ին երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա:

Հարձակումը տեղի է ունեցել Ժամը 20-ի սահմաններում, երբ լրագրողը դուրս է եկել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հետք» ինտերնետային պարբերականի գրասենյակից եւ մոտեցել է իր ավտոմեքենային:

«Միանգամից երկու հոգի հարձակվեցին` հենց մեքենայի դիմացից: Խփեցին, նոր հասկացա, որ ինձ խփում են: Սկսեցինք իրար խփել` իրենք ինձ, ես` իրենց», – այսօր «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Էդիկ Բաղդասարյանը: – «Հեռախոսս ձեռքիս էր: Մեկին` բերանին խփեցի: Նույնիսկ` հեռախոսը արյունոտ է, ըստ երեւույթին` նրա բերանի արյունն էր: Ինքն ահագին հետ գնաց: Որ հետ գնաց` ես իր դեմքը տեսա: Մենակ այդ մեկի դեմքն եմ աղոտ հիշում, որ փորձեմ` կարող եմ վերարտադրել»:

Հարձակվողները երեքն են եղել: Երրորդը վերջում է հարձակվել Էդիկ Բաղդասարյանի վրա:

«Մեկ էլ հետեւից հարվածեց գլխիս: Ես չգիտեմ ինչու, ինձ թվում է, քարով էր [հարվածը], անընդհատ ասում եմ քարով, բայց կարող է` երկաթով էր», – պատմեց լրագրողը:

Հարվածից Էդիկ Բաղդասարյանը ուշաթափվել է, հետո ուշքի է եկել, ինչպես ինքն է ասում` հարձակվողների ոտքերի հարվածներից, որոնք փախուստի են դիմել միայն այն ժամանակ, երբ մոտակա շինության պարեկապահակային ծառայության աշխատակիցը օդ է կրակել:

Միջադեպից անմիջապես հետո Էդիկ Բաղդասարյանին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, եւ լրագրողը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք` գանգուղեղային վնասվածքներով: Գլուխը վնասված էր երկու տեղից, եւ կարեր են դրվել:

Էդիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ոչ ոքի չի կասկածում իր դեմ հարձակումը պատվիրելու մեջ:

Մեկնաբանելով տեղի ունեցածը` Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «լրագրողի նկատմամբ բռնության ցանկացած դրսեւորում անընդունելի եւ դատապարտելի է»: Ֆարմանյանը տեղեկացրեց, որ Էդիկ Բաղդասարյանի հետ կատարվածի փաստի առիթով հանրապետության նախագահի կողմից իրավապահ մարմիններին տրվել է խիստ ցուցում` հնարավորինս արագ բացահայտելու եւ պատասխանատվության կանչելու բոլոր մեղավորներին:

Դեպքի առիթով ոստիկանության Կենտրոն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ, մի քանի հոգու կողմից անձին միջին ծանրության վնասվածք հասցնելու հոդվածով: Կատարողները դեռ պարզված չեն` «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիվանդանոցում Էդիկ Բաղդասարյանին այցելեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ «հետաքննությունը շատ արագ տեմպերով առաջ է ընթանում, եւ մենք համոզված ենք, որ կարճ ժամանակում մեղավորները կբացահայտվեն»:

Հարցին` արդյոք պետական օղակներում լուրջ քննարկումներ տեղի ունենո՞ւմ են Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների հետ կապված, որոնք հատկապես վերջերս շատացել են, վարչապետը արձագանքեց. «Անշուշտ, մենք մտահոգված ենք իրադարձությունների այսպիսի զարգացմամբ: Կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի երկխոսություն լինի լրատվական միջոցների հետ` ընդհանուր առմամբ խաղի կանոնները հստակեցնելու համար: Միջավայրը այնպիսին պետք է լինի, որ հարգալից վերաբերմունք լինի` փոխադարձաբար: Եվ կարծում եմ, դրա անհրաժեշտությունը կա, եւ կարծում եմ, այս դիալոգը, որ հիմա մենք տեսնում ենք, որ կա լրատվական միջոցների, կառավարության եւ հասարակության միջեւ, մեզ կհուշի, թե որոնք են ճիշտ լուծումները: Մենք ակնկալում ենք, որ կլինեն նախաձեռնություններ նաեւ լրատվական միջոցների կողմից»:

Այս հարձակումը տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության յոթերորդ դեպքն է: Նախագահական ընտրությունների օրը Երեւանի Էրեբունի համայնքի ընտրատեղամասերից մեկում ծեծեցին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Լուսինե Բարսեղյանին: Մարտի 1-ին հարձակման ենթարկվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Մյասնիկյանի արձանի մոտ քաշքշել էին «Հայլուր» լրատվականի օպերատորին: Օգոստոսին երեք լրագրողներ հարձակման ենթարկվեցին. կրկին Լուսինե Բարսեղյանը, «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար Հրաչ Մելքումյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը, ում դատական կարգադրիչները բռնությամբ հեռացրեցին դատարանի դահլիճից: Այս միջադեպերից որեւէ մեկի մեղավորները հայտնաբերված եւ պատժված չեն:

http://www.armenialiberty.org

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

2008 թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Երեւանում հարձակման եւ ծեծի է ենթարկվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ եւ «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Լրագրողը ստացել է ուղեղի ցնցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նրա գլխին մի քանի կար են դրել:

Էդիկ Բաղդասարյանին նախկինում էլ սպառնացել են, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այս հարձակումն անմիջական կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ:

Արդեն որերորդ դեպքն է, որ լրագրողները ենթարկվում են ստոր հաշվեհարդարի, իշխանությունները հավաստիացնում են, թե ամեն ինչ անելու են չարագործներին հայտնաբերելու համար, սակայն հանցագործությունները մնում են չբացահայտված, կատարողներն ու կազմակերպիչները` անպատիժ: Եվ այդ անպատժելիությունը արձակում է նրանց ձեռքերը, ովքեր կցանկանային լռեցնել ազատ խոսքը:

Մենք դատապարտում ենք այս բռնարարքը եւ կոչ ենք անում իշխանություններին` հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին:

Երեւանի մամուլի ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Հայաստանի ժուռնալիստների միություն
«ԹԻՄ» հետազոտությունների կենտրոն
«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հետաքննական լրագրության Scoop դանիական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա

18 նոյեմբերի 2008 թ.

«Դեմո» թերթը դատապարտում է հարձակումը եւ զորակցում լրագրողին 

Արցախյան «Դեմո» հանրային թերթի խմբագրակազմի անունից դատապարտում եմ «Հետք» էլեկտրոնային թերթի  գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակումը և զորակցում լրագրողին:

Միևնույն ժամանակ առանձնակի ընդգծում ենք անաչառ ու օպերատիվ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը, այլապես  լրագրողների նկատմամբ ապօրինի պատժամիջոցների կիրառումը սպառնում է ավանդույթ դառնալ:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Դեմո» թերթի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
 18 նոյեմբերի

Միկլոշ Հարաշտի. «Լրագրողների դեմ վերջին հարձակումները վտանգում են մամուլի ազատությունը Հայաստանում»

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այսօր անհանգստություն է հայտնել «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի դեմ կատարված հարձակման առիթով:

«Լրագրողների դեմ բռնությունը «սովորական հանցագործություն» չէ, որովհետեւ այն վտանգում է ժողովրդավարության հիմնարար ինստիտուտներից մեկը` ազատ մամուլը», – Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հղած նամակում գրել է Հարաշտին:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է Հայաստանում լրագրողների դեմ բռնությունների ավելի վաղ տեղի ունեցած դեպքերին, այդ թվում` «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի եւ «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի դեմ հարձակումներին` ընդգծելով, որ այդ գործերն առայժմ բացահայտված չեն:

«Նման հանցագործությունների նպատակը երկրում լրատվական ոլորտի աշխատակիցներին ահաբեկելն ու հետաքննական լրագրությանը խոչընդոտելն է: Այս միջադեպերի բացահայտման գործում առաջընթացի բացակայությունը կարող է լրագրողների դեմ հետագա բռնությունների առիթ հանդիսանալ», – գրել է Հարաշտին` շեշտելով լրագրողների դեմ հարձակումների բոլոր դեպքերը արագ բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

http://www.armenialiberty.org

Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակվողներից մեկի ինքնությունը պարզված է 

Նոյեմբերի 17-ի երեկոյան «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում կազմվել է կատարված հանցագործության մասնակիցներից մեկի նկարագիրը, պարզվել ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում այդ անձին, մյուս հանցակիցներին, ինչպես նաեւ ականատես վկաներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Է. Բաղդասարյանը ճանաչվել է որպես տուժող: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Բաղդասարյանի մարմնական վնասվածքները՝ գանգուղեղային տրավմայի՝ գլխուղեղի ցնցման, գլխի ձախ կողմնա-ծոծրակային շրջանների սալջարդ վերքերի, կրծքային 2-րդ ողի, աջ ուսահոդի շրջանների քերծվածքների, աջից թիակային, աջ ուսահոդի, աջ բազկի շրջանների արյունազեղումների ձեւով պատճառված են բութ առարկաների ազդեցությամբ: Ծոծրակային շրջանի սալջարդ վերքի եւ կրծքային 2-րդ ողի շրջանի քերծվածքի առաջացումը բացառված չէ լրացուցիչ ուժի ազդեցության պայմաններում, վայր ընկնելու հետեւանքով: Փորձագետի տեղեկացմամբ մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը հնարավոր է որոշել միայն դեպքից 21 օր հետո՝ 08.12.08թ-ին»,-նշված է հաղորդագրությունում:

Աղբյուրի փոխանցմամբ` նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ՝ դեպքի վայրի հարակից տարածքներում գտնվող շենքերի բնակիչները, կրպակների, հանրային նշանակության օբյեկտների աշխատակիցները: Դեպքի վերաբերյալ գրավոր զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչը, ով ականատես էր եղել լրագրողի նկատմամբ կատարված բռնությանը:

today.hetq.am

Լրագրողին ծեծի ենթարկած անձը հրաժարվում է ցուցմունք տալ

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը Tert.am–ին հայտնել է, որ ոստիկանության բաժանմունք է ներկայացել լրագրող Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու համար կասկածվող անձը: Ըստ նրա` ոստիկանության Կենտրոն բաժանմունք ներկայացած ոմն Կարեն Հարությունյանը հրաժարվում է ցուցմունք տալ: Նշենք, որ Կ.Հարությունյանը հենց այն մարդն է, որին իրավապահ մարմինները որոնում էին Բաղդասարյանի վրա հարձակման կասկածանքով, որի բանավոր դիմանկարը կազմվել էր օրեր առաջ:

 Tert.am

——————————————————————————————-

Մշակույթ

ՆԱ ԿԻԹԱՌՆ ՈՒ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԶԵՆՔՈՎ

Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում վերջերս անցկացված հուշ-երեկոն հանդիսատեսներից շատերի հուշերում դեռ երկար կմնա: Երեկոյի մթնոլորտն այնքան անմիջական էր ու այնքան հուզիչ, որ ակամայից ձգտում էիր բաց չթողնել ոչ մի դրվագ, ակնթարթ կամ բառ անգամ, քանի որ ամեն ինչ առնչվում էր ստեփանակերտցիներից շատերի համար սիրված երաժիշտ ու երգահան, հայրենիքի պաշտպանությանն իր կյանքը զոհաբերած Օլեգ Փիրումյանի հետ: Երեկոյի ընթացքում բոլորը պատմում էին նրա կյանքի, գործունեության եւ բնավորության, նրա սրտաբաց, լավ երաժիշտ ու երգահան լինելու եւ ամեն ինչ երեխաներին նվիրաբերելու մշտարթուն պատրաստակամության մասին: Խոսում էին նրա բարեկամները, ընկերները, սաները:

Օլեգ Փիրումյանը, կամ ինչպես մտերմավարի նրան անվանում էին՝ Ալեշկան, ավարտելով երաժշտական ուսումնարանը, երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի երաժշտական դպրոցում: Նա առաջին մանկական ստեղծագործական խմբերի ստեղծողն էր Ղարաբաղում: «Ամբողջովին նվիրվում էր երեխաներին, եւ նման մասնագետի կարիք, անկեղծ ասած, Ալեշկայի մահից հետո շատ էր զգացվում»,- իր խոսքում այս կարծիքն արտահայտեց երաժշտական դպրոցի տնօրեն Կարինե Մաջարյանը: «Բարի էր, հումորի զգացումով, եւ որտեղ հայտնվում էր՝ այնտեղ իսկույն աշխուժություն էր տիրում»,- շարունակում է նա:

Ալեշկայի մասին պատմություններն ուղեկցվում էին իր իսկ գրած երգերով, որոնք կատարում էին հիմնականում նրա սաներն ու ընկերները: Իսկ նրա երգերը մեկ անգամ ևս հանդիսատեսին տանում էին դեպի հող-հայրենին, դեպի արցախյան ազգային-ազատագրական շարժումը, դեպի պատերազմական գործողություններ եւ վերջապես՝ դեպի Շուշիի ազատագրում, որի համար մղված մարտում էլ զոհվեց Ալեշկան: «Երբ ասում են, որ Շուշին ազատագրվել է քիչ կորուստների գնով, ամեն անգամ մեր ընտանիքի ապրումներն այլ են լինում, քանի որ այդ կորստի մի մասն էլ մեր Ալեշկան էր»,- ասում է ընտանիքի բարեկամ, բժիշկ Լյուդմիլա Գրիգորյանը, ով էլ վարում էր երեկոն:

Երբ սկսվեց պատերազմը, Ալեշկան կիթառն ու դաշնամուրը փոխարինեց զենքով: Ինչպես ընկերներից մեկն էր պատմում, երբ հորդորում էին չմասնակցել մարտերին, այլ զբաղվել իր գործով, նա միշտ պատասխանում էր, որ մարտերից հետո էլ կարող է կիթառ նվագել ու երգեր գրել: Եվ գնաց, մասնակցեց մարտերին, սակայն կյանքի թելը շատ վաղ կտրվեց: Նա կնոջ՝ Իրինայի ուսերին թողեց երկու դուստրերի ապագան: Իրինան հիմա էլ շարունակում է աշխատել երաժշտական ասպարեզում ու ստեղծագործել: Նա ստեղծագործություններից մեկն էլ՝ Ալեշկային նվիրված էլեգիան, երեկոյի ընթացքում ներկայացրեց հանդիսատեսի դատին:

Երեկոն վարողը հիշեց նաեւ 1988-ի փետրվարի 13-ը, երբ Ալեշկան զանգեց ու շտապ հրավիրեց իրենց տուն. «Ալեշկան ու Իրինան մեզ ներկայացրեցին Իրինայի ռուսերեն տառերով, բայց հայերեն բառերով 10 րոպեի ընթացքում ծնունդ առած երգը, որը հետագայում դարձավ շարժման օրհներգի պես մի բան, այն հայտնի է «Մայրիկ» անունով»:

Երեկոյի ընթացքում կատարեցին նաեւ Օլեգին նվիրված երգեր, ինչպես նաեւ նրա սիրած երգերից, որոնցից մեկն էլ Ալեշկայի ընկեր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգն էր: «Ես որոշել էի ընդհանրապես չերգել, բայց այս երգը, որը Ալեշկայի սիրած երգերից է, կերգեմ հիմա»,- ասաց նա:

Հիշելով Օլեգ Փիրումյանին, այդ օրը երեւի թե շատերը հիշեցին իրենց այն հարազատներին ու բարեկամներին, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն երկրի պաշտպանության ու ազատության, ում շնորհիվ, ինչպես ասում էր վարողը, ապրում  ենք ու նման միջոցառումներ կազմակերպում: «Այսօր էլ, երբ կարծես թե ղարաբաղյան հարցի վճռորոշ պահն է մոտենում, ինչ-որ որոշում ընդունելուց առաջ բոլորը պետք է հիշեն մեր տղաներին, Արեւիկի եւ Սոֆիայի (Ալեշկայի դուստրերն են) արցունքները… Մենք սխալվելու իրավունք չունենք»,- այս միտքն է արտահայտել հանդիսության վարողը՝ զոհված ազատամարտիկի այրի Լյուդմիլա Գրիգորյանը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կարծիք
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ՝ ՇՔԱՆՇԱՆ… Ի՞ՆՉԸ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդները չունեն ավելի մեծ թշնամի, քան վատ գիրքը՝՝  դրված իրենց նորահաս սերնդի ձեռքը եւ թունավոր գիրք, թերթ գրողը»:

Գարեգին Նժդեհ, հատընտիր, էջ 578, Երեւան, 2006 թ. 

Համլետ Մարտիրոսյանի այլ գրքերի ծանոթ չեմ, բայց այս մեկը՝ «Հրեշտակին այցելիր գիշերով», «գիրք» անվանելը գրեթե սրբապղծություն է, դրա համար էլ այն չակերտներում եմ դնում:

Կազմը, թղթատեսակը, արտաքին ձեւավորումը բավականին շքեղ ու առինքնող են, վերնագիրը՝ նույնպես, քանի որ հրեշտակն, ինքնին, աստվածային, մաքուր ու վեհ խորհուրդ է ենթադրում: Բարձր գաղափարներով եւ բարոյականությամբ շնչող գրական արժեք ըմբոշխնելու ակնկալությամբ սկսեցի ընթերցումը, բայց եղավ միանգամայն հակառակը՝ նստվածք թողեցին անբարո սյուժեները… Ո՞վ է Ոբնի հրեշտակը (Ոբնը հեղինակի գրական անունն է – Ս.Խ.): Ո՞վ կպատկերացներ, թե նրա հրեշտակը մարմնավաճառ աղջիկն է կամ ամուսնուն դավաճանող կինը, որոնց հետ կենակցելու համար հերթի են կանգնում անչափահաս պատանիները, որոնք էլ հանդիսանում են «գրքի» «հերոսները», եւ որում հոլովվող հիմնական բառերն են՝ հեշտանք, կայֆ, հաշիշամոլ, կիրք, հեշտասեր եւ այլն: Սույնին «Երկու խոսք»-ում կանաչ ճանապարհ է մաղթել ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, բարձր գնահատելով նրա «ինքնատիպ դիտարկումները» եւ «ոչ ստանդարտ» լինելը:

Ծեր ու գեր, հարբած ռուս կնոջ բնակարանում հերթի կանգնած անչափահասների գարշանք հարուցող, սանձաթող արտահայտությունների ու գործողությունների մանրակրկիտ ու գռեհիկ նկարագրությունները եւ որպես գող, գիշերով ուրիշի օջախը մտնելը, «թեկուզ նրա կնոջ կանչով», անբարո տղամարդու կենդանական աստիճանի հասնող բնազդային գրգիռների պատկերումը եթե ինքնատիպություն է, ապա՝ մեղա¯ քեզ… Ի՞նչ նպատակ ունեն գրեթե բոլոր սյուժեներում առկա ճղճիմ կրքերի նկարագրությունները, ի՞նչ կմտածի կրտսեր կամ ավագ դպրոցականը, երբ կարդա այդ ամենը:

Սովորաբար գիրքը գրախոսում են, արժեվորում կամ քննադատում՝ բերելով փաստարկներ, ասվածը հիմնավորելով համապատասխան հատվածներ մեջբերելով գրախոսվող գրքից: Սակայն, դա հնարավոր չէ անել, որովհետեւ չեմ կարողանում թույլ տալ ինձ հատվածներ մեջբերելու, քանի որ մշակույթ է եւ սերունդ է դաստիարակվում: Կամ էլ կսահմանափակվեմ համեմատաբար «անմեղ» մեջբերումներով:

Հեղինակի հեշտասեր հերոսի հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է թեթեւաբարո աղջիկներով ու կանանցով միայն: Այս «հերոսը» մի դեպքում բաղնիքի ներկած ապակու ներկն է մի աչքաչափ մաքրում եւ դիտում լողացող աղջիկներին, մյուս դեպքում մի այլ պատուհանից դիտում է իր քեռու եւ նրա սիրուհու ինտիմ հարաբերությունները, մինչ այդ հարբած ռուս կնոջը բռնաբարելու հերթում է հայտնվում, եւ այլն, եւ այլն: Այդ կնորսի աչքից, անգամ գերեզմանոցում, ուր այցելել է մանկության ընկերոջ շիրմին, չեն վրիպում «կնոջ մսոտ կոնքերը», իսկ այդ կինը, ա¯յ քեզ բան, գերեզմանված ընկերոջ քույրն է, որին սիրել է տարիներ առաջ: Ներողություն խնդրելով ընթերցողներից, այնուհանդերձ, ուզում եմ նրանց ուշադրությանը ներկայացնել համեմատաբար «պարկեշտ» մի հատված, մի երկխոսություն, որը տեղի է ունենում պատմվածքներից մեկի «հերոսի» եւ «հերոսուհու» միջեւ, որոնք, կյանքում առաջին անգամ հանդիպելով իրար, անմիջապես այսպիսի խոսակցություն են սկսում.

«-Անկեղծ ասա, պրոֆեսոր, ի՞նչ ես մտածում իմ մասին,- հարցնում է աղջիկը եւ պատասխան ստանում.

-Պարզ է, միայն լավը:
-Իսկ ավելի անկեղծ:
-Շուտ հասնենք ապարանքս, տիրանամ:
Զանգակ ծիծաղում է.
-Հենց այդպես միանգամի՞ց:
-Ի՞նչ արած, տեխնիկայի դար է:
-Գոնե ինձ համար բացառություն արա: Մի՞թե արժանի չեմ:
-Այսի՞նքն:
-Ես նախաբանով եմ սիրում:
-Ուրեմն, նախաբան էլ կլինի»:

Արհեստական, շինծու, լկտի, անհոգի, նվիրական թրթիռներից զուրկ, հիասթափեցնող այս կարգի էջերով հեղեղված է «գիրքը»:

«Գիրքը» եզրափակող «Թերեզը, Տրեզորը եւ մահը» պատմվածքը կատարման «տեխնիկայով» գերազանցում է մյուսներին, հույսով սպասում ես, որ կյանքի ու մահվան փիլիսոփայական արծարծումներում հերոսը կշոշափի նաեւ հանրությանը հուզող խնդիրներ, սակայն, ավաղ, այստեղ նույնպես նրան զբաղեցնողը «վարտիք սահեցնելն է». նրա հետաքրքրությունները, դժբախտաբար, անկողնուց այն կողմ չեն անցնում:

Եւ այսպես, հարաբերական հրադադարի մեջ գտնվող մեր երկրի սուղ միջոցներով տպագրվել է նման «գիրք», որի հեղինակը պարտավոր է ստեղծել սերունդ դաստիարակող, բարձր բարոյականություն ունեցող կերպարներ, որոնց հոգսերի հոգսը մեր ափաչափ երկիրը պիտի լինի, հնօրյա եւ մերօրյա դյուցազունների արյամբ սրբացած հող-հայրենին: Մի՞թե, իսկապես, այդ պատանիներին, որոնց հասունացման ընթացքը պատկերում է Ոբնը, անասնական բնազդներից ու ճղճիմ կրքերից բացի ուրիշ խնդիր չի զբաղեցնում: Ի՞նչ առաքելություն ունի կատարելու Ոբնի խղճուկ, վեհ գաղափարներից զուրկ, սոսկ իր զգայական հաճույքներին գերի այդ տիպը: Սերնդի առողջ եւ հայեցի դաստիարակության խնդրով եթե ոչ գրողը, ուրիշ էլ ո՞վ պետք է մտահոգվի:

Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքի համանուն հերոսը, գտնելով, որ հայոց այբուբենի յուրաքանչյուր տառ մի հայրենապահ զինվոր է եւ զենք, պահանջում է, որ այդ տառերով պետք է սերունդ կրթել, հայրենիք շենացնել եւ պայքարել արդարության համար: Իսկ մեր ազգային հանճար Գարեգին Նժդեհն զգուշացնում է. «Հասարակության մեջ շատերը կարող են մեղանչել օրենքի, բարոյականի հավաքական շահերի դեմ, բայց այդ մեղանչումներից չի խախտվի հանրային բարոյականը, չի անբարոյականանա հասարակությունը: Սակայն, բավական է, որ ազգի ընտրանիին պատկանող մեկը կոպտորեն մեղանչեց իր կոչման դեմ, այլեւս քանդված համարեք ժողովրդի հավատը. երկրի աղը նրա ընտրանին է՝ եկեղեցականը, ուսուցիչը, գրողը, գիտնականը, զորականը: Նրա միջոցով են բարձրանում եւ նրա հետ են ընկնում ազգերը» /Գ.Նժդեհ, Հատընտիր, էջ 649/:

Վերջում կուզեի ընդգծել հետևյալը: Ես հասկանում եմ, որ որքան էլ պայքարում ենք, միևնույն է՝ կյանքում Աստծո սպասավորի կողքին շարունակում է գոյություն ունենալ խաչագողը, բարեկիրթ օրիորդի կողքին՝ մարմնավաճառը, տաղանդի կողքին՝ անտաղանդը, օրինապաշտի կողքին՝ օրինախախտը, ազգայինի կողքին՝ ապազգայինը: Բայց կարևորը ազգային, պետական ու հանրային արժեհամակարգն է, իշխանությունների կողմից նախանշված առաջնահերթությունները: Ողբեր-գությունն այն չէ, որ առկա են նաև կյանքի ստվերոտ կողմերը, այլ այն, թե ինչն ենք խրախուսում՝ ստվե՞րը, թե՞ լույսը: Եթե չենք պայքարում ստվերի դեմ, ապա գոնե չընդարձակենք այն:

Ի վերջո, թող գրեն՝ ինչ ուզում են, և թող դատեն ընթերցողները, հանրությունը, բայց ինչու՞ հրատարակել պետության սուղ միջոցներով, մեր բոլորիս՝ հարկատուների միջոցներով, որոնք կարելի է լավ նպատակներով օգտագործել: Այլապես ստացվում է, որ մեզ էլ են  հանցակից դարձնում:

Եւ, վերջապես, ինչի՞ համար են շքանշան տալիս՝ նման անբարեպաշտ «գրքի» համա՞ր, այն էլ «Վաչագան Բարեպաշտի՞» շքանշան…

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու

——————————————————————————————

Հումոր

«ԱՐՑՈՒՆՔ ԵՎ ԺՊԻՏ»

Լույս է տեսել Արցախի պետական համալսարանի երկարամյա դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լենա (Հեղինե) Գրիգորյանի «Արցունք և ժպիտ» գիրքը, որում հեղինակի երգիծական և ոչ երգիծական ստեղծագործություններն են: «Դեմո»-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատված գրքից:

ՍՈՒՏԼԻԿ ՈՒՍԱՆՈՂԸ
(Համարյա ըստ Հովհաննես Թումանյանի)

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով մի թուբուն «շպարգալկայով» գնացինք քննության: Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, կուրսի ավագն էր, ես էի, գնացինք քննության: Որտեղ ուսանող կար, դուզ ու դուզ գնացինք, որտեղ դասախոս կար, կուզեկուզ գնացինք: Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մին էլ ըհը՝ երեք լսարան, երկուսը փակ էր, էն մինն էլ իսկի բաց չէր: Սուսուփուս մտանք էդ չբաց լսարանը, տեսնենք ներսում՝ երեք դասախոս, երկուսը քնած էին, էն մինն էլ իսկի արթուն չէր: Մոտեցանք էդ չարթուն դասախոսին: Դես՝ քննացուցակ, դեն՝ քննացուցակ, քննացուցակ չկա: Թե՝

-Հադի, գնա դեկանատ, բեր…
-Թե՝ տալ չեն:
-Հյուդի, դու…
-Ոտքերս ցավում են…
-Չատի, Մատի…
-Դեկանատը շատ է հեռու…

Բա ի՞նչ անենք: Ես գնացի: Դեկանատը կար, դեկանը չկար: Դես՝ դեկան, դեկան չկա, դեն՝ դեկան, դեկան չկա, մի կերպ դեկանին գտա: Հիմա էլ՝ դես՝ քննացուցակ, քննացուցակ չկա, դեն՝ քննացուցակ, քննացուցակ չկա, մին էլ ըհը՝ երեք քննացուցակ, երկուսը մեր կուրսինը չէր, էն մինն էլ դեկանը ստորագրած չէր, էդ չստորագրածը վերցրի ու եկա:

-Հադի, տոմս վերցրու…
-Կարալ չեմ:
-Հյուդի, տոմս վերցրու:
Թե՝ ո՞ր օրվա համար:
-Չատի, Մատի, տոմս վերցրեք:
Թե՝ ինքնաթիռի՞, ավտոբուսի՞, գնացքի՞…
Կուրսի ավագն էլ ձեն չհանեց: Ես ստիպված տոմս վերցրի:
-Հադի, «շպարգալկա»:
Թե՝ տալ չեմ:
– Հյուդի, «շպարգալկա»:
Թե՝ կորցրել եմ, գտնում չեմ:
-Չատի, Մատի, «շպարգալկա»:
Թե՝ միջանցքում ընկել են:
Ես էլ «շպարգալկա» ունեի, կարդացվում չէր:
-Հադի, կարդա, գրեմ:
Թե՝ կարդալ չեմ:
-Հյուդի, կարդա:
-Ակնոցներս բերել չեմ:
-Չատի, Մատի…
Ձեն չկար:

Դես՝ խոշորացույց, խոշորացույց չկա, դեն խոշորացույց, խոշորացույց չկա, մին էլ ըհը՝ երեք խոշորացույց, երկուսը կոտրած էին, մեկն էլ ապակի չուներ: Էդ առանց ապակի խոշորացույցով սկսեցի «շպարգալկան» կարդալ: Բան դուրս չեկավ:

-Հադի, ծանոթ…
-Ծանոթ չունեմ:
-Հյուդի, ծանոթ…
-Անծանոթ եմ:
-Չատի, Մատի…
Ձեն չկար:

Ես էլ ծանոթ ունեի, կշիռ չուներ: Էդ անկշիռ ծանոթս բերի, գրածներս սկսեցի կարդալ:

Կարդացի՛, կարդացի՛, ուսման ծարավ մարդիկ, ես կարդացի, իրենք քրտնեցին, ես կարդացի, ու իմ կարդացածներից ոչ իրենք բան հասկացան, ոչ՝ ես:

ԹԱՐՄ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ ՆՈՐ ՌՈՒՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

Ծովաշրջիկներով լեցուն նավը վթարի ենթարկվեց եւ խորտակվեց: Երեսուն հոգի փրկվեցին եւ ափ իջան անմարդաբնակ կղզում: Մի քանի օր անց սկսվեց սովը: Որոշեցին վիճակ գցել, թե ում ուտեն առաջինը: Կերան առաջինին: Մի քանի օր անց՝ երկրորդին եւ այդպես շարունակ: Հերթը հասավ նոր ռուսին.

-Արդեն վերջ: Հանիր մորեգույն պիջակդ, քեզ պիտի ուտենք:
-Դուք պացաննե՞ր եք, ինչ է: Ես հիմա ախպեր-տղերքին բջջայինով կզանգեմ, նրանք ուղղաթիռով կբերեն ուտելիք, խմիչք, իսկ եթե պետք է՝ բոլորին կտանեն իրենց տները:

-Իսկ ինչո՞ւ էիր լռել: Այդքան մարդկանց կերանք:
-Կարծում էի, որ այդ բոլորը նախատեսված է զբոսաշրջության ծրագրով:

***

Երկու նոր ռուսներ թատրոնում են: Դիրիժորը բեմում է: Նոր ռուսներից մեկը մյուսին հարցնում է՝ ձեռքը մեկնելով բեմի կողմը.

-Բեթհովե՞նն է:
-Չգիտեմ, մեջքից հնարավոր չէ որոշել:

***

Մետրոյի վերջին կայանը: Ոստիկանը ստուգում է վագոնները՝ դեպոյի մուտքի մոտ: Վագոններից մեկում տեսնում է մի քնած մուժիկի՝ արտաքինով մի իսկական բոմժ: Մոտենում է.

-Է՛յ, բոմժ, արթնացիր, տեղ եք հասել:
-Ես բոմժ չեմ: Ես «նոր ռուս» եմ:
-Այդ դեպքում այստեղ ի՞նչ գործ ունեք եւ այն էլ՝ այդ տեսքով:
-Հարկերը վճարել եմ եւ ինձ համար հանգիստ քնել եմ:

***

Նոր ռուսին հարցնում են.

-Ինչպե՞ս եք վաստակել այդքան կարողություն:
-Դե, սկզբի համար անհրաժեշտ է մեկնարկային կապիտալ:
-Իսկ դուք ինչպե՞ս եք վաստակել այդ մեկնարկային կապիտալը:
-Դե, ո՞նց ասեմ, սկզբի համար անհրաժեշտ է գոնե մեկնարկային ատրճանակ…

***

-Փոխեք մեքենայիս յուղը, ֆիլտրերը, բռնակները եւ սալոնի աղջիկներին:

***

Նոր ռուսը մթերքներ է գնում շուկայում.
-Էդ ի՞նչ ես վաճառում:
-Խնձոր:
-Երկու կիլո կշռիր եւ մեկ-մեկ փաթեթավորիր: Իսկ սա՞ ինչ է:
-Բալ է:
-Երկու կիլո էլ դրանից կշռիր եւ էլի մեկ-մեկ փաթեթավորիր: Իսկ սա՞…
-Հնդկացորեն է… չի վաճառվում:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Թարգմանություն՝ “Новые анекдоты для нетрезвой компании” գրքից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s