№ 5 / 31 մարտ

ՊԵՏԱԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ

Մարտի 22-ի աննախադեպ հողմի ժամանակ, ուշ երեկոյան, մութուխավարի մեջ ես այսպիսի SMS ստացա: Այն ստացավ բջջային հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր արցախցի: Հաջորդ օրը շատերի հետ եմ կիսվել այս առիթով ու պարզել, որ բոլորիս զգացողությունն էլ նույնն է եղել՝ հաճելիորեն զարմացած ու զգացված էինք: «Ես այդ դժվար պահին զգացի, որ մենակ չեմ, որ իմ մասին մտածող կա»՝ այսպես արտահայտվեց ամենակրտսեր գործընկերս: Սա, թերևս, ամենաբնորոշ գնահատականն էր:

Պետական նրբանկատության այդաստիճան դրսևորում չկարողացա մտաբերել նախորդ բոլոր հետպատերազմյան տարիներին, որքան էլ քրքրեցի հիշողությունս: Այնպես որ, ում մտքով անցել է դա, և ով իսկույն գնահատել ու կյանքի է կոչել այն՝ կեցցե:

Մեծ հաշվով արտառոց ոչինչ էլ չի կատարվել, մարդիկ պարզապես բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները, պարտականություններ, որոնց համար նրանք աշխատավարձ են ստանում, պարտավորություններ, որ նրանք կամովին ստանձնել են և որոնք մենք՝ հանրությունը, պատվիրակել ենք նրանց:

Սակայն մենք, ցավոք սրտի, այնքան ենք հարմարվել անբարեխղճության ու անպատասխանատվության, թե երեկ և թե այսօր այնքան հաճախակի ենք շփվում այնպիսի պաշտոնյաների հետ, ում համար պաշտոնը պարզապես հաճույքի, լավ կյանք քաշելու, հարստանալու միջոց է, որ անթաքույց զարմանում-հրճվում ենք, երբ պաշտոնյաները միանգամայն այլ վերաբերմունք են դրսևորում:

Իրականում հակառակը պիտի լինի՝ մենք պիտի զարմանանք ու վրդովվենք բոլոր այն դեպքերում, երբ այսպես չի լինում, իմա՝ զարմանալին վատը պիտի լինի, այլ ոչ թե լավը: Ի վերջո, սա բոլորիս պետությունն է, ի վերջո պետական կառավարման համակարգը պահվում է մեր բոլորիս տված հարկերի, մեր՝ հարկատուներիս հաշվին: Ու մենք էլ պարտավոր ենք վերահսկել, պարտավոր ենք «տեղին» զարմանալ: Ի վերջո, պետությունը միայն պատժիչ մարմին չպիտի լինի, այլև հենարան, առաջին հերթին՝ հենարան: Յուրաքանչյուր քաղաքացու համար:

Բայց ամեն ինչ, ինչպես ասում են, համեմատության մեջ է ճանաչվում, այդ թվում՝ քո երկրի տարբեր ժամանակահատվածների հետ համեմատության մեջ: Այնպես որ, եթե անգամ նկատված լավը բացարձակ իմաստով այդպիսին չէ, այլ համեմատության մեջ է այդպիսին, ապա դարձյալ դույզն ինչ չի նսեմացվում այդ լավի արժեքը՝ լավը մնում է լավ, և այն հնարավոր չի լինում չնկատել:

Առավել ևս, որ տվյալ պարագայում մեզ ուղարկված «հեռագիրն» ինքնին սեթեւեթանք կամ պարապ վախտի խաղալիք չէր, այլ ամրապնդված-շարունակված էր կոնկրետ գործերով: Գոնե այս անգամ հաճելի էր գործի մեջ տեսնել ինքն իրեն «համար Մեկ» տված, հողմի ժամանակ ու դրանից հետո ամենուր հասնել փորձող  իշխանությանը: Կարծում եմ՝ հաճելի էր նաև իշխանավորների համար: Հաճելի էր, քանի որ ստացվում էր: Արդյունքներն էլ՝ տեսանելի ու հանրության կողմից գնահատված:

Սա էլ հենց պետական մոտեցումն է, պետազգայությունը, ընդ որում՝ երկուստեք: Թե պետության և թե հանրության կողմից: Այս մի կոնկրետ դեպքում, այս մի կոնկրետ պարագայում այդպես էր: Ինչպես ասում են՝ մնաց մնացածը…

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

ԶԼՄ-ներ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ 

Անժխտելի փաստ է, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո հայ ժողովրդի դեմ ծառացել են նոր մարտահրավերներ: Մեր դեմ հանդիման կանգնած են նաեւ ներքին հասարակական մարտահրավերները, որոնք, ուզենք թե չուզենք, չեն սահմանափակվում միայն Հայաստանի բնակչությամբ:

ՀՅԴ ԳՄ-ն իր հայտարարությամբ փաստում է՝ «Հասարակության մեջ բարոյա-հոգեբանական անկումային տրամադրությունները, հուսահատության, երկփեղկվածության, փոխադարձ անհանդուրժողականության, անվստահության, երկրի զարգացման հեռանկարի նկատմամբ անորոշության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խաթարման զգացումը վտանգավոր աստիճանի է հասել»:

Բազմիցս այս իրավիճակի պատճառահետեւանքային քննարկումները եւս հրապարակվել են. անշուշտ, հարկավոր են դրանք՝ ճիշտ դեղամիջոց նշանակելու համար: Սակայն բոլոր հանգամանքներում, սխալները մի կողմ թողնելով, անհրաժեշտ է անպայման մեր հասարակության յուրաքանչյուր անհատ հաղթական դուրս գա այս իրավիճակից եւ խաբված չհամարի իրեն: Այս բոլոր կարծիքները անհրաժեշտ է վերլուծել համերաշխ մթնոլորտում եւ առանց նախապաշարումների: Ահա թե որտեղ է ձեւավորվելու երկխոսության հիմնաքարը:

Իսկ այս մթնոլորտի ստեղծման համար անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, հատկապես՝ լրատվական եւ տեղեկատվական առողջ մթնոլորտի ձեւավորման իմաստով: Անշուշտ, չձեւավորված հասարակության տարրը, որը, այսպես թե այնպես, կոչում ենք ամբոխ, վերոհիշյալ մթնոլորտի գոյության դեպքում կունենա իր տեսակետների արտահայտման հնարավորություն, եւ իշխանության պատասխանատվությունը հանձն առած տարրերը, ուզեն թե չուզեն, պարտավոր են լսել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել:

Այսօր բոլորի կարծիքի հաշվառումը ոչ թե հասարակության ներկա մթնոլորտի բուժման ելք է, այլ՝ անհրաժեշտություն:

Վերջին հաշվով՝ իրերի հոլովույթը փաստել է, որ նման իրադարձությունների դեպքում թե ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն կանգնում են անվտանգությունը խաթարող իրավիճակի առջեւ:

Վերջին 20 տարիներին, եւ բոլոր ժամանակներում, մեր ձեռք բերած պետականության հաստատման եւ հայ ժողովրդի իղձերի իրականացման հիմնական գրավականներից մեկը հայ ժողովրդի միակամությունն է եղել:

Իսկ դրանց պահպանման, զարգացման եւ բարգավաճման անշրջանցելի պայմանը եւս մնում է նույնը՝ միասնականությունը: Այս իմաստով, հանուն ազգային միասնության՝ անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ:

«ԱՊԱՌԱԺ», թ.8, (խմբագրական)

 

ՕՐԱԽՆԴԻՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Օգնել պետք է տաղանդավորներին, քանի որ անտաղանդներն իրենց ճանապարհը միշտ էլ կարողանում են հարթել 

Մարտի 27-ին կայացան «Մամուլը և գրահրատարակչությունը ԼՂՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումներ, որ նախաձեռնել էին ԼՂՀ ԱԺ Սոցիալական հարցերի եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները: Հրավիրված էին նշյալ ոլորտների առանցքային դեմքերը:

Ինչպես և սպասվում էր՝ հիմնական ուշադրությունը դարձվեց տեղեկատվական ոլորտին, մասնավորապես՝ տպագիր լրատվամիջոցներին, կամ ավելի ճիշտ՝ դրանց պետական աջակցության նպատակահարմարությանն ու եղանակների ճիշտ ընտրությանը: Պետական աջակցության թեման առանցքայինն էր նաև գրահրատարակչության թեմայի քննարկումներում:

Արդյո՞ք ոչ պետական թերթերին պետությունը պիտի աջակցի, եթե այո, ապա ինչպե՞ս, ի՞նչ չափանիշներով: Այս հարցադրումներն իր ողջույնի խոսքում արեց խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ «հրահրելով» աշխույժ քննարկումներ: Մասնակիցները միակարծիք էին, որ պետությունը պիտի խթանի նաև ոչ պետական լրատվամիջոցների գործունեությունը, բայց, ինչպես շեշտեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, խոսքը գնում է ոչ թե պետական ֆինանսավորման, այլ պետական որոշակի աջակցության մասին, ինչը չի կարող ինչպես թերթերի գործունեության հիմնական երաշխիքը լինել, այնպես էլ ազդել դրանց քաղաքականության վրա: Իր ելույթում անդրադառնալով նման աջակցության հասցեների ընտրության չափանիշներին՝ «Դեմո» թերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանն այն կարծիքը հայտնեց, որ որպես հիմնական չափանիշ պիտի լինի շուկան, այլ կերպ՝ պիտի աջակցել պահանջարկ ունեցող, ընթերցողների կողմից հեղինակություն վայելող թերթերին, ընդհանրապես՝ նպաստել մրցունակության ապահովմանը մամուլի և գրահրատարակչության ոլորտներում (վերջինիս առումով ճանաչված բանասեր Շահեն Մկրտչյանը փաստել էր, որ հաճախ պատշաճ արտադրանք՝ գրքեր չունենք դրսում ներկայացնելու համար): ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն էլ թերի համարեց նման մոտեցումը, գտնելով, որ պիտի լինեն նաև պետական ռազմավարությունից ածանցյալ այլ չափանիշներ: Կոնկրետ այս կտրվածքով մտքերի փոխանակությունը շարունակվեց նաև միջոցառումից հետո, ընդգծվեց «շուկայական պայքարից» փրկելու-խնայելու անհրաժեշտությունը այն կազմակերպություններին, որոնք հանրային կարևոր գործառույթներ ունեն: Բայց, միեւնույն ժամանակ, ինչպես մեծերից մեկն է ասել` օգնել պետք է տաղանդավորներին, քանի որ անտաղանդներն իրենց ճանապարհը միշտ էլ կարողանում են հարթել:

Հատկանշական էր իր ելույթում Վ. Աթանեսյանի արտահայտած այն կարծիքը, որ նշյալ ոլորտներին աջակցելիս պետությունը կարող է և պարտավոր է առաջնորդվել պետական առաջնահերթություններով:

ԼՂՀ լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանն առանձնակի ուշադրություն դարձրեց էլեկտրոնային թերթերի աջակցության անհրաժեշտությանը, կարևորելով տեղեկատվական նոր պայմաններում դրանց էական դերը:

Ինչ վերաբերում է գրահրատարակչական ոլորտին, ապա քննարկումներն այստեղ սպասվածին հակառակ պասիվ էին: Այդուհանդերձ, ընդգծվեցին պետական միջոցներով գրքերի հրատարակման հարցում այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսին են ստեղծագործությունների ընտրության, հատկացված միջոցների արդարացի բաշխման ու նպատակային ծախսման անհրաժեշտությունը և աչառու, կամայական որոշումների բացառումը: Մասնավորապես, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, հղում կատարելով պետական միջոցներով հրատարակված գրքերի մասին Կրթության ու գիտության փոխնախարար Սլավա Ասրյանի տեղեկատվությանը, անթույլատրելի համարեց, որ մի քանի հեղինակներ 4-6 գրքեր են տպագրել:

Կազմակերպիչները հրավիրվածներին տեղեկացրին, որ լսումների ժամանակ հնչած առաջարկություններն ու նկատառումները կներառվեն ամփոփ փաստաթղթում եւ կներկայացվեն կառավարությանը:

Սեփ. լրատվություն

 ՀԱՅԱՍՏԱՆ

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը «Ո՞վ է հիպնոսի տակ» վերնագրի ներքո փոխանցել է.  «Վերջին շրջանում շրջանառության մեջ գցված ամենահանճարեղ «միտքն» այն էր, թե անցած ամիսների ընթացքում ժողովուրդը միտինգներում հնչող ելույթների ազդեցության տակ ընկել է «հոգեխանգարմունքների» մեջ, հիպնոսացվել է, զոմբիացվել եւ այլն»։ «Ինչ խոսք, գերհարթ ուղեղ ունեցողների համար հանուն իր ազատությունների ամեն օր հանրահավաքների մասնակցող բազմաթիվ մարդկանց գործողությունները որեւէ այլ բացատրություն չեն կարող ունենալ»,  նկատել է մեկնաբանն ու հիմնավորել. «Հարթու-ղեղների համար ազատությունը անհասկանալի ինչ-որ սուբստանցիա է, որը հնարավոր չէ խաշի սեղանի շուրջ փաթաթել լավաշի մեջ եւ ուտել։ Եվ եթե մարդ պայքարում է մի բանի համար, որը հնարավոր չէ խցկել ստամոքսի մեջ, ապա հարթուղեղների տեսանկյունից նման մարդիկ կա’մ հոգեկան հիվանդներ են, կա’մ հիպնոսացվածներ են, կա’մ էլ հոգեխանգարմունքի մեջ են»։

«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի համոզմամբ` «արդի հայրենի էլիտան հաջողության է հասել միայն երկու հարցում. քաղաքական ընդդիմախոսների ճնշման եւ սեփական դիրքը անձնական ու խմբակային նպատակների համար օգտագործման»։ «Ստիպել գործարար էլիտային կիսվել հասարակության հետ, ընդառաջել նրա հիմնական պահանջներին, կարելի է միայն բառի ուղղակի իմաստով` ատրճանակի փողի տակ»,- գրել է խմբագիրն ու մասնավորեցրել. «Այդպիսի «ատրճանակ» է ծառայում, ըստ էության, պետությունը, որը կոչված է սահմանափակել շահադիտական ու խմբակային շահերը։ Բայց ագռավն ագռավի աչք չի հանի։ Հայրենի էլիտայի տոհմական հատկանիշը (ոչ միայն գործարար, այլեւ պետական-քաղաքական) ճչացող անարդարությունն է հասարակության նկատմամբ»,  որակել է խմբագիրն ու եզրակացրել.- «Առանց ճնշման հայրենի էլիտան չի փոխվի դեպի լավը։ Էլիտայի արմատական ինքնափոխակերպումն առհասարակ հնարավոր է միայն արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերների եւ սպառնալիքների դեպքում։ Ներկայումս հենց այդպիսի իրավիճակ է»։

«Հայք»-ի խմբագրականը փոխանցել է. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում մարտի 1-ից ի վեր՝ սպանություններ, համատարած բռնություններ, ձերբակալություններ, հալածանքներ, ահաբեկումներ, քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ, մարդաորսություն, պատժիչ գործողություններ, հետապնդումներ, անցյալ դարի 20-40-ական թվականներին նույն ձեռագրով եւ նույն ցինիզմով կատարվել են Իտալիայում, Գերմանիայում, ֆաշիզմի թույնով վարակված այլ երկրներում»։ «Եվ եթե եվրոպական դիտորդական առաքելությունները չեն արձանագրում նմանությունները, ապա մեզ թույլ կտանք կասկածել նրանց դիտողականությանը», -գրել է խմբագիրն ու հավելել.  «Մենք՝ հայերս, փաստում ենք այդ նմանությունը եւ առնվազն մեր տարակուսանքն ենք հայտնում, որ քաղաքակիրթ Եվրոպան չի տեսնում, կամ չտեսնելու է տալիս առանձին վերցրած մի փոքրիկ երկրում, որը ընդամենը 10 տարի առաջ նույն Եվրոպայի գնահատականով ժողովրդավարության կղզյակ էր Հարավային Կովկասում»։

«Իրավունք»-ի հարցազրույցում պնդելով, որ մարտի 1-ի եւ 2-ի «ողբերգության պատճառների անկախ միջազգային հետաքննությունն այլընտրանք չունի, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը փաստարկել է. – «Կարծում եմ, որ միայն այդպիսի հետաքննությունը կարող է հանգստացնել հասարակությանը։ Այսօր չի կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Հետաքննությունը պետք է արժանահավատ լինի ոչ միայն զոհերի եւ տուժածների հարազատների համար, այլեւ ողջ հայ ժողովրդի համար, որովհետեւ կատարվածի լիարժեք բացահայտումից է կախված հայության բոլոր հատվածների համերաշխությունն ու միասնականությունը, ազգի բարոյական առողջացումը»։

«Ազատություն»

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ «ԳԱԼԱ»-ՀԱՄԵՐԳ

«ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ

Մարտի 25-ին Ժամը 17:15-ին ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը Ազատությունը հարգող եւ գնահատող հանրության, մոտ 1 տասնյակ հազար հայորդիների եւ այլազգի բարեկամների շնորհիվ ետ մղեց Հարկային տեսչության 161 օր տեւած գրոհը մինչեւ ելման դիրքեր:

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն Համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 ամերիկյան դոլար) «պարտքը»:

Այս փառահեղ պատմությունը 10 հազարից ավելի ընտանիք են գրել: Այդ ամենը հանրությանը կներկայացվի առաջիկայում հնարավոր բոլոր մանրամասներով:

Իսկ մինչ այդ,

Մենք Մարտի 25-ը Խոսքի ազատության պաշտպանության Հաղթանակի Տոն ենք հայտարարում:

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում նվիրատվություններ կատարեցին ԳԱԼԱ ՀԸ եւ իրենց Խոսքի ազատության պաշտպանության օգտին:

Շտաբի համակարգողներ` Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան»

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Այս պատմությունը կմնա Հայաստանի պատմության մեջ որպես քաղաքացիների տեղեկատվության իրավունքի գիտակցման ու պաշտպանության փառավոր նախադեպ: Ովքեր տեղյակ չեն այս պատմությանը՝ տեղեկացնենք. նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը փորձեց լռեցնել միակ անկախ հեռուստաընկերությունը, որը հանդգնել էր առանց քաղաքական նախապատվությունների պարզապես ներկայացնել կարծիքների ամբողջ ներկապնակը, այսինքն՝ կատարել իր հիմնական առաքելությունը՝ տեղեկացնելը: Օրինական ճանապարհով «բերանը փակելու»  անհնարինության պատճառով որոշվել է «հարկախեղդ» անել հեռուստաընկերությանը, և այնպիսի գումար է պարտադրվել, որ ընկերությունն ի վիճակի չլինի մուծել: «ԳԱԼԱ»-ն էլ ճարահատ դիմել է համազգային հանգանակություն-մարաթոնի: Ու ստեղծվել է այս հրաշալի նախադեպը, երբ մարդիկ գիտակցել են տեղեկություններ ստանալու իրենց իրավունքը և տեր են կանգնել դրան, համարելով այն նաև արժանապատվության հարց: Ի վերջո, սա միակ ուղին է՝ քաղաքացին պիտի տեր կանգնի իր այս և մյուս իրավունքներին:

Տեղեկատվության իրավունքի կարևորման ու վերարժեվորման մի հետաքրքիր գործընթաց է սկսվել նաև Վրաստանում, որտեղ ընդդիմությունը պայքարում է Հանրային հեռուստատեսության խորհրդի ձևավորման կարգը փոխելու և բազմակարծությունն ապահովելու համար: Սա կարևոր է բոլոր առումներով, քանի որ միայն տեղեկացված մարդը կարող է ճիշտ ընտրություն կատարել, լինել երկրի քաղաքացին ու տերը:

Ավելացնենք, որ «ԳԱԼԱ»-ն փրկելու հարցում իրենց համեստ ներդրումն են ունեցել նաև արցախյան «Դեմո» հանրային թերթն ու Karabakh-open.com էլեկտրոնային թերթը:

——————————————————————————————-

Կարգավորում

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈԽՎՈՒ՞Մ Է

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ղարաբաղյան կարգավորման ասպարեզում մի քանի հատկանշական իրադարձություն է տեղի ունեցել։ Տպավորություն է ստեղծվում, որ հայկական վերնախավի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում առավել կոշտ եւ իրատեսական է դառնում։

Եթե սկսենք ամենակարեւորից, պետք է նշենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ադրբեջանի ճնշման տակ բանաձեւ է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ։ Ասամբլեայում ընդգրկված 192 պետություններից բանաձեւին կողմ է քվեարկել 39 երկիր, հիմնականում՝ իսլամական երկրներ։ Յոթ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա, դեմ էր, մնացածները կամ չեն մասնակցել քվեարկությանը, կամ էլ ձեռնպահ են մնացել։

Բանաձեւն իր մեջ ներառում է Ադրբեջանի վերջնագրային բոլոր պայմանները՝ դուրս հանել հայկական զորքերը Ղարաբաղից, վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ բոլոր տարածքները, այնտեղ խաղաղարար ուժեր տեղադրել, որոնք կապահովեն ադրբեջանցի փախստականների վերադարձը։

Բանաձեւն այս տեսքով հավանություն ստացավ։ Նախագծին դեմ քվեարկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք միջնորդ են հանդիսանում ղարաբաղյան բանակցություններում, դեմ չէին Ադրբեջանի ներկայացրած պայմաններին, պարզապես գտնում են, որ այն միակողմանի է և չի արտացոլում բանակցային գործընթացի  բոլոր կողմերի շահերը, պարզ ասած՝ կցանկանային, որ մի բառ լիներ այնտեղ առ այն, որ Ադրբեջանը համաձայն է քննարկել նաեւ Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը։

Քվեարկությունից անմիջապես հետո պարզ դարձավ, որ Մինսկի խմբի համանախագահների նույնիսկ նման կեցվածքը չի բավարարում Ադրբեջանին, եւ պաշտոնական Բաքուն արդեն հայտ է ներկայացրել ԵԱՀԿ քարտուղարություն՝ Մինսկի խմբի համանախագահության կազմը փոփոխելու համար։ Նման մտադրության մասին ՄԱԿ-ի քննարկումների հաջորդ օրը հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։ Հետո Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանն է տեղեկացրել, որ Ադրբեջանն արդեն հայտ է ներկայացրել քարտուղարություն, իսկ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան հաստատել է այդ լուրը։ Ընդ որում, նա խոստովանել է, որ չգիտի, թե ինչ կլինի հետո։ Այլ կերպ ասած, ամերիկացի համանախագահը չգիտի, ով է ի վիճակի փոխարինելու ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային (վերջինս ներկայացնում է Եվրամիությունը) որպես միջնորդներ։ Ըստ երեւույթին, Ադրբեջանը կցանկանա որպես միջնորդ ունենա մահմեդական երկրներ, կամ պետություններ, որոնք չեն զսպի իրեն` հարցը լուծել ռազմական ճանապարհով։

Այս ամենի հետեւանք է հանդիսացել այն, որ Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի նման քաղաքականություն, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, նույնը ինքը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան իսկույն արձագանքեց Քոչարյանի հայտարարությանը, ասելով, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը նույնքան վտանգավոր է բանակցային գործընթացի համար, որքան ՄԱԿ-ի ընդունած «միակողմանի» բանաձեւը։ Սակայն դա չասվեց կոշտ եւ սպառնացող տոնով, այլ հենց այնպես, իմիջիայլոց։ Կարծես՝ միջնորդը գիտակցում է, որ բանակցային գործընթաց կոչվածը, մեկ է, ոչինչ չի փրկի։ Եւ կողմերի համար եկել է ժամանակը «պոկելու այնքան, որքան կարողանում են»։

Այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահները նման կազմով դժվար թե հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, խոսվել է դեռ անցած տարվա աշնանը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Հայաստանի նախագահի ընտրությունների մասին էր, այլեւ համանախագահների կազմի փոփոխության։ Իսկ դա, ըստ երեւույթին, կնշանակի միջնորդության ձեւաչափի, հետեւաբար՝ նաև  բովանդակության փոփոխություն։

Գուցե հենց դրանից ելնելով է ՀՅԴ «Հայ դատի» ղեկավար Կիրո Մանոյանն անսպասելիորեն հայտարարել, որ ազատագրված տարածքների շուրջ ոչ թե պետք է բանակցություններ վարել, այլ պիտի վերաբնակեցնել դրանք, այն էլ՝ պետական մակարդակով։ Դա բավականին տարօրինակ հնչեց, քանի որ մի քանի ամիս առաջ նույնիսկ Դաշնակցության ներկայացուցիչներն էին վերապահումներով խոսում ազատագրված տարածքների մասին, նշելով, որ տարածքների հարցը բանակցությունների թեմա է։ Եւ թեկուզ ԼՂՀ վերաբնակեցման եւ փախստականների հարցերով վարչությունն, ըստ ավանդույթի, ղեկավարում են ՀՅԴ ներկայացուցիչները, վերջին մի քանի տարիներին վերաբնակեցմանն ուղղված ֆինանսների ծավալը զգալիորեն չի ավելացել, վերաբնակիչների թիվը՝ նույնպես։ Կարծես, բոլորը սպասում էին, թե ինչով կավարտվեն բանակցությունները, եւ գրեթե համոզված էին, որ տարածքներն, այնուամենայնիվ, պետք է հանձնվեն։ Հենց դրանով էր, ըստ երեւույթին, պայմանավորված, որ, ասենք, Ստեփանակերտը Մարտունու հետ կապող՝ Աղդամով անցնող ճանապարհը տարիներ շարունակ չէր վերանորոգվում։

Եւ հիմա ՀՅԴ ներկայացուցիչը բարձրաձայն ասում է, որ տարածքները պետք է վերաբնակեցվեն։ Քաշաթաղում էլ խոշոր համաժողով է հրավիրվում՝ շրջանի զարգացման հարցերով։ Եւ համաժողովին մասնակցում են աշխարհասփյուռ հայության բազմաթիվ կազմակերպություններ եւ մարդիկ։

Արդյո՞ք սրանից ելնելով կարելի է եզրահանգել, որ հայկական վերնախավի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում փոխվել է։ Արդյո՞ք այն առավել հստակ եւ իրատեսական է դառնում։

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ…

Ըստ ԵԱՀԿ ՄԽ «բլբուլ» Բրայզայի, ԼՂ կարգավիճակը չքննարկելը անիմաստ է դարձնում բանակցությունները

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությունը տարիների պատմություն ունի, որ կարծես թե կարող է դառնալ պատմություն ոչ թե հարցի վերջնական կարգավորման, այլ բանակցությունների այդ ձեւաչափից Ադրբեջանի հրաժարվելու պատճառով:

Երբ Մադրիդում անցյալ տարվա նոյեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին փոխանցվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների, այսպես կոչված, թարմացված փաստաթուղթը, որ նաեւ ամբողջական ու պաշտոնապես էր ներկայացվում համանախագահող երկրների կողմից, միաժամանակ հույս հայտնվեց, թե այսպես հնարավորինս կմոտենանք ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի բազմիցս կրկնած՝ խաղաղության համաձայնագրի «պատը աղյուս առ աղյուս շարելուն»:

Բայց ժամանակն ավելի շուտ ցույց տվեց, որ փոխզիջման անպատրաստ Ադրբեջանը դրա փոխարեն այլ բաների է պատրաստ: Ավելի կոնկրետ, փաստացի անընդհատ ռազմատենչ հայտարարություններ անող ու գոնե ադրբեջանական հասարակությանը հուսադրող առաջնորդ Ալիեւ կրտսերը, բնականաբար, քաջալերվելով այդօրինակ հայտարարությունների անհետեւանք լինելուց, բացարձակապես դեմ արտահայտվեց Ադրբեջանից դուրս Ղարաբաղի կարգավիճակի հարցում որեւէ զիջման:

Ավելին, Ադրբեջանի՝ Մինսկի խմբից հրաժարվելու նախաձեռնությունը եւս կարելի է դիտարկել նույն այդ ռազմատենչության համատեքստում, հատկապես որ ԵԱՀԿ ՄԽ շատախոս ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան փորձում է այլ բացատրություններ տալ: Մասնավորապես, ըստ «Ազերիպրես» ադրբեջանական գործակալությանը Բրայզայի տված հարցազրույցի, հիմնարար կոչվող սկզբունքներն, ըստ էության, իբր «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը, ԼՂ-ից եւ շրջակա գրավյալ տարածքներից զորքի դուրսբերումն է, փախստականների վերադարձը, միջազգային խաղաղապահների տեղակայումը, Հայաստանի հետ միջանցքի ապահովումը, ԼՂ կարգավիճակի որոշումը»:

Ավելի հաճախ հայտարարող, իսկ հետո էլ սեփական խոսքերը թարգմանության խնդիր կամ սխալ մեկնաբանություն որակող Բրայզան բավականին յուրօրինակ բացատրություն է տվել Ադրբեջանի՝ Մինսկի խումբը ցրելու նախաձեռնությանը: Ըստ Բրայզայի, Ադրբեջանը Հայաստանի հետ Արցախը կապող միջանցքի սկզբունքը համարում է հայանպաստ, իսկ կարգավիճակի հարցին ընդհանրապես է դեմ: Ստացվում է, որ վաղուց կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է համաձայնի առաջին չորս կետերին այն դեպքում, երբ կարգավիճակի քննարկումը, ինչպես Ալիեւն էր արտահայտվել «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում, երբեւէ եւ որեւէ տեսքով չի ենթադրվում:

Այն, որ Մինսկի խումբը կարող է ցրվել, հավանականություն ձեռք կբերի, եթե պարզվի, որ Հայաստանն էլ նույն այդ բանակցային գործընթացում չի պատրաստվում արդեն կայացած պետությունը դիտարկել որպես Ադրբեջանի մաս, եւ երբեւէ այդպիսին չի եղել: Բացի այդ, եթե Ադրբեջանը արդեն իսկ մեծագույն զիջում է համարում Հայաստան-Ղարաբաղ միջանցքի առկայությունն ապահովելը, ապա հետաքրքրական է, թե ինչ զիջումների պատրաստակամության մասին կարող է խոսել հայկական կողմը:

Մյուս կողմից, Մինսկի խումբը ոչ Բրայզան է, ոչ Մերզլյակովը, ոչ էլ Ֆասիեն: Մինսկի խումբը պետություններ են, որոնց հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ կարող են այլ բնույթ ստանալ, եթե իրապես սկսվի այնպիսի գործընթաց, որ զրոյի կհավասարեցնի ՄԽ տարիներ տեւած գործունեությունը: Եվ եթե անգամ Բրայզան է հայտարարում, թե կարգավիճակի մասին բանակցելու ադրբեջանական կողմի ցանկության բացակայության դեպքում անիմաստ են բանակցությունները, ուրեմն իսկապես փակվել է «հնարավորությունների պատուհանը», այն էլ՝ շրմփոցով եւ այն էլ՝ Մինսկի խմբի երկրների երեսին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
AZG.am

——————————————————————————————-

Հայրենիք

ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՄԱՔՈՒՐ ԹՂԹԻՑ

«Սա Քաշաթաղի շրջանի այս 15 տարիների զարգացումն է»,- մաքուր սպիտակ թուղթը ցույց տալով «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Քաշաթաղի զարգացման միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին՝ ասել է հիմնադրամի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանը, ով միաժամանակ ցույց տվեց իր ձեռքի տակ ունեցած՝ արցախյան պայքարի մասին պատմող մի հաստափոր գիրք: Նա ընդգծեց այն միտքը, որ շրջանում պետք է մաքուր թղթից սկսել ամեն ինչ: «Այս պայքարի ամենամեծ նվաճումներից է Քաշաթաղի ազատագրումը: Այն ժամանակ, երբ ազատագրվել է Քաշաթաղը, ես նստած էի Նյու-Յորքի իմ տաքուկ բնակարանում, գիտեի պատերազմի մասին, աղոթում էի, սակայն ինքս դրան չեմ մասնակցել: Ես երախտապարտ եմ նրանց, ովքեր կռվել են այստեղ, ովքեր եկել են այստեղ եւ հիմա ապրում են դժվար պայմաններում: Բայց այդ երախտագիտությունը ինչ-որ գործողություններ է պահանջում»,- ընդգծել է նա: Անդրադառնալով խորհրդաժողովի մասնակցության շրջանակներին, նա պատահական չի համարել այն, որ ներկա չեն ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ վարչակազմի, այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչները, որոնց, ըստ նրա, չի մտահոգում Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: «Այստեղ հավաքվել են Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվ եթե Քաշաթաղը պետք է զարգանա, ապա մեր ջանքերով կարող է դա իրականանալ»,-ավելացրել է Ջեյմս Թուֆենկյանը, հատուկ ընդգծելով, որ միջոցառումը հնարավոր է դարձել, քանի որ Ղարաբաղի նախագահը Բակո Սահակյանն է:

Խորհրդաժողովին մասնակցելու համար Քաշաթաղ են այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, կառավարության անդամներ՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին գործերի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, շահագրգիռ անձինք: Նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում շնորհակալություն հայտնելով «Թուֆենկյան» հիմնադրամին նման նախաձեռնության համար, մասնավորապես նշելով. «Այն, որ այսօր դուք այստեղ եք եւ մասնակցում եք այս կարեւորագույն միջոցառմանը, վկայում է, որ մեր քույրերն ու եղբայրները աշխարհի տարբեր ծայրերում անմասն չեն Քաշաթաղի եւ, հետեւաբար, Արցախի ու Հայաստանի ճակատագրից: Քաշաթաղի շրջանը ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի միավոր է: Եվ պատահական չէ, որ մեր հակառակորդը մոտ 70 տարիների ընթացքում այս տարածքը դարձրել էր սեպ՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ: Գիտակցելով Քաշաթաղի թե° քաղաքական եւ թե° տնտեսական կարեւորությունը, բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք շրջանի զարգացման գործին, ստեղծենք կայուն ու մրցունակ տնտեսություն, բարձրացնենք բնակչության կենսամակարդակը, բարելավենք մարդկանց կենսապայմանները: Դա է այսօրվա հրամայականը,  եւ դա են պահանջում մեր ազգային անվտանգության շահերը»:

Նախագահը, կարեւորելով շրջանում վերաբնակեցման քաղաքականության վերանայումը, շեշտել է, որ ուժեղ, զարգացած ու վերաբնակեցված Քաշաթաղի առկայությունը կայուն նախադրյալներ կստեղծի նաեւ ավելի ամրացնելու մեր դիրքերն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ ճակատային գծում, դարձնելով այն առավել պաշտպանված ու անվտանգ:  «Ելնելով մեր ազգային ռազմավարության շահերից՝ ԼՂՀ իշխանությունը նպատակ ունի հզորացնել Քաշաթաղի շրջանը: Այս եւ առաջիկա տարիների ընթացքում շոշափելիորեն կավելանա շրջանի զարգացման նպատակով հատկացված միջոցների ծավալը: Քաշաթաղի շրջանի 2008 թվականի բյուջեն կազմում է 3,7 միլիարդ դրամ, ինչը մոտ 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Կապիտալ շինարարության համար նախատեսված է 1 միլիարդ դրամ»,- տեղեկացրել է երկրի նախագահը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտնել է այն կարծիքը, որ շրջանի գյուղերի զարգացման համար Բերձորն անպայման պետք է դարձնել արդյունաբերական մի փոքր քաղաք: «Գորիսից մինչեւ Ստեփանակերտ մենք լիարժեք բնակավայր չունենք, հարավային Հայաստանում նույնպես լիարժեք քաղաք չկա: Ոչ Գորիսը, ոչ Կապանը այդ դերը չեն կարող տանել, ուստի մեզ պետք է նոր քաղաք, որը կարող է լինել այն, որտեղ գտնվում ենք հիմա,- ասել է նա:- Մեր մի շարք պաշտոնյաների անզգույշ արտահայտությունները՝ տարածքների փոխզիջման վերաբերյալ, ի վերջո մեծապես բացասական դեր են խաղացել մեր այսօրվա խնդրի լուծման իմաստով: Այո, դա հուսալքել է մարդկանց, վստահությամբ չի ներշնչել այստեղի ապրողներին, եւ կարծում եմ, այդ սխալը պետք է ուղղվի»:

«Քաշաթաղում անցկացված խորհրդաժողովը երկու նպատակ ուներ. առաջինը մեր ժողովրդին՝ եւ Հայաստանում, եւ Արցախում արթնացնելն է, որպեսզի նա գիտակցի շրջանի զարգացման կարեւորությունը, որը ոչ միայն Հայաստանը եւ Ղարաբաղը կապող շրջան է, այլ նաեւ մեր ազգային անվտանգության հիմնաքարերից մեկը: Իսկ երկրորդ նպատակը մարդկանց ծանոթացնելն է Քաշաթաղի շրջանի վիճակին, այստեղ առկա պայմաններին, քաշաթաղցիների խնդիրներին, հաջողություններին, տառապանքներին: Եվ այս ամենը գիտակցելով, պետք է նրանք աջակցեն նախատեսված ծրագրերի իրականացմանը»,- իր խոսքում նշել է հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանը:

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին Ամերիկայի հայկական համագումարը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության ֆոնդը, Հայ օգնության միությունը, Համազգային կրթամշակութային միությունը, Կիլիկիո Առաջնորդարանը, Հայ ավետարանչական ընկերակցությունը, Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Կանադայի հայ համայնքների ներկայացուցիչներ, «Հայաստան», «Ագապե», «Ararat-Heritage Trust» (Մեծ Բրիտանիա) եւ Հայ կրթական հիմնադրամները, Հայկական տեխնոլոգիական խումբը, «Armenia Tree Project»-ը, «Հայրենիք» միությունը, «Ձեռք ձեռքի», «Պրովանս Արմենի» կազմակերպությունները, «Իզմիրլյան» /Շվեյցարիա/, «Նաջարյան» /ԱՄՆ/, ինչպես նաեւ «Թուրփանջյան», «Գուրգեն Մելիքյան», «Շեն» հիմնադրամների եւ մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին ներկա էին նաեւ հայաստանյան՝ ՀՅԴ, «Ժառանգություն», ԱԺՄ, «Ազգային միաբանություն», «Բարգավաճ Հայաստան», ինչպես նաեւ ՀՅԴ  Արցախի կազմակերպության եւ «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի մասնակիցներին տրամադրվել են մի շարք ուսումնասիրությունների նյութեր՝ կոնկրետ ծրագրերով: Միջոցառման երկրորդ եւ երրորդ  օրերին պոտենցիալ հովանավորներն այցելել են շրջանի տարբեր բնակավայրեր, որից հետո կամփոփվեն աշխատանքների արդյունքները եւ կկնքվեն կոնկրետ պայմանագրեր:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանը համոզված է, որ խորհրդաժողովն իր պտուղները կտա, քանի որ արդեն իսկ տարբեր առաջարկներ են եղել՝ դպրոցաշինության, ճանապարհաշինարարության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Կրթություն

ՈՒ՞Մ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԱՐԻՔԸ ԿԱՄ՝ ՄԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՃԻՇՏ ԳՐԵՆՔ

Պատահական չէ, որ սույն հոդվածը գրեթե նույնությամբ կրկնում է «Ազատ Արցախ» թերթի ս.թ. փետրվարի 28-ի համարի թեմատիկ երկէջի վերնագիրը, երկէջ, որ կազմվել է Արցախի պետհամալսարանի փետրվարի 22-ի գիտխորհրդի նիստում հնչած ելույթների հիման վրա։  Տարբերությունը սոսկ մեկ, բայց էական շեշտադրման  մեջ է՝ մենք ոչ միայն ինքներս, այլեւ ճիշտ պիտի գրենք մեր կենսագրությունը։

Հանրապետական թերթի վերոհիշյալ հրապարակումը, ինչպես որ համալսարանի գիտխորհրդի նիստը նախաձեռնվել են մեկ հիմնական նպատակով՝ միացյալ ճակատով հակազդելու համար ԼՂՀ մայր բուհի ստեղծման պատմականորեն եւ իրավական առումով ճիշտ տարեթվի վերաբերյալ տողերիս հեղինակի փաստարկներին ու միանգամայն իրատեսական հետեւություններին, որոնք հրապարակվել էին «Ազատ Արցախ»ի  2007թ. հոկտեմբերի 13-ի, ապա՝ 2008թ. փետրվարի 19-ի եւ 26-ի համարներում։

Կարելի է ենթադրել՝ «ԱԱ»-ում հրապարակված ելույթների բազմաժխոր աղմուկը «վերին ատյանի սպառիչ ճշմարտության» հավատ չի ներշնչել նախաձեռնության հեղինակին(ներին), եւ ահա ձեռնարկվել է միացյալ գրոհի եւս մեկ փորձ՝ այս անգամ գրեթե նույն գործող անձանց համատեղ հայտարարության տեսքով, որը զետեղվել է ԼՂՀ ԿԳ նախարարության «Լուսարար» պաշտոնաթերթի ս.թ. փետրվարի 29-ի համարում։

Անդրադառնալով խնդրին, ստիպված ենք արձանագրել, որ երկու դեպքում էլ ներկայացված հակափաստարկներն էապես սնանկ են, եթե չասենք, որ դրանք, անկախ հեղինակների կամքից ու ցանկությունից, հակաարդյունավետ են իրենց իսկ հետապնդած նպատակին հասնելու համար։ Ավելին, կառուցված լինելով           կոլեկտիվ մեղադրանքների ոգով ու ոճով, որ մեր օրերում պատիվ չի բերում, դրանք ի սկզբանե դատապարտված են ձախողման։ Ստիպված ենք ցավ ի սիրտ հայտնել.  պարոնայք ընդդիմախոսները երեւի թե մոռացել կամ անտեսել են, որ Արցախում ժամանակների փոփոխության հետ հասարակարգն Էլ է փոխվել, տեղի է ունեցել արժեքների իրատեսական վերագնահատում, եւ ամեն մերկապարանոց մեղադրանք չէ, որ ընթերցողը  հալած յուղի տեղ է ընդունում։

Այլապես ստացվում է, որ ցանկացած հետադարձ հայացք՝ լինի դա անհատի կենսագրություն, թե ժողովրդի պատմություն, պետության, թե մեկ առանձին պետական կառույցի գործունեության ժամանակագրություն, կարելի է շարադրել ինչպես կամենաս՝ առանց որեւէ փաստարկված հիմնավորման, կամայական մտահայեցողությամբ, բնականաբար, հավուր պատշաճի հաստատում տալով մեծամասնական  «կողմ» քվեարկությամբ։

Այնուամենայնիվ, որպեսզի մեր ընդդիմախոսները՝ ԱրՊՀ-ի մի խումբ պրոֆեսորներ եւ գիտության վաստակավոր գործիչներ, նորից «ի զեն» չկոչեն եւ աշխարհի բոլոր մեղքերը հանիրավի չբարդեն տողերիս հեղինակի վրա, ստիպված ենք եւս մեկ անգամ պարզաբանել՝ արդյո՞ք, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը ԽՍՀՄ կառավարության որոշմամբ փակվելուց հետո իրավազոր է հավակնելու Արցախի պետական համալսարանի իրավանախորդի կարգավիճակին, թե՞ այդպես էլ մնացել է որպես պատմականորեն սպառված իրողություն։

Նախ, դիմենք Կիրովականի (Վանաձորի) Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ռ. Հ. Եդոյանի վկայությանը, մի մտավորականի ու բուհական գործի կազմակերպչի, ում դերակատարությունն (համոզված եմ, ընդդիմախոսներիս համար եւս) անժխտելի է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի փակվելուց հետո արցախցի ուսանող երիտասարդության կրթության հետագա կազմակերպման գործում։ Վկայությունը հրապարակված է «Դեմո» թերթի 2008թ. դեկտեմբերի 16-ի համարում՝  «Բարձրագույն կրթության խնդիրը Արցախում ղարաբաղյան շարժման տարիներին (1988-1992թթ.)» վերնագրով։ Մեջբերում ենք հոդվածից. «Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը վերաբացվելու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Այս ուղղությամբ տարվող բոլոր կարգի միջամտությունները, օրինական եւ անօրինական գործողությունները, խնդրանքները պսակվում էին անհաջողությամբ` մերժվում տարբեր ատյաններում: Բանակցությունները տարվում էին հիմնականում Արկադի Վոլսկու հետ: Նա գտնում էր` հարցը պետք է համաձայնեցնել Ադրբեջանի իշխանությունների հետ: Դրա հետ պետք է լիներ նաեւ ԽՍՀՄ կրթության պետական կոմիտեի, որը գլխավորում էր Գենադի Յագոդինը, թույլտվությունը: Հարցը չէր կարողանում լուծել նաեւ Հայաստանի կառավարությունը եւ կուսակցության կենտրոնական կոմիտեն: Ստեղծված իրավիճակից ելք գտնելու խնդիրը հանձնարարվեց ռեկտորին, այսինքն` Ռ. Եդոյանին, որին խորհուրդ տվեցին օգտագործել Նիկոլայ Ռիժկովի հետ Վանաձորում հանդիպելու հնարավորությունը: Այդ ժամանակ Ռիժկովը գլխավորում էր երկրաշարժի գոտու բոլոր խնդիրները: Մեծ դժվարությամբ եւ ջանքերի գործադրումով հնարավոր եղավ իրականացնել Ռիժկովի հետ հանդիպումը: Ստանալով նրա համաձայնությունը՝ վերսկսվեցին բանակցությունները Ղարաբաղի ժամանակավոր կառավարության հետ: Ծանր եւ քրտնաջան, հետեւողական եւ հիմնավոր աշխատանքը տվեց իր դրական արդյունքը, եւ Ա. Վոլսկին համաձայնեց Ղարաբաղում բացել Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը: Այդ առաջարկի հեղինակը Լյուդվիգ Ղարիբջանյանն էր եւ այստեղ Ռուսաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համաձայնությունը շրջանցվեց:

Հայաստանի ժողովրդական կրթության նախարարության կոլեգիայի 1989թ. մարտի 13-ի որոշմամբ եւ նախարարի մարտի 15-ի թիվ 94-Ե հրամանով ստեղծվեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի  Ստեփանակերտի բաժանմունքը»:

Շարունակենք հետեւել խնդրի զարգացումների տրամաբանությանը, այս անգամ՝ իրավական նորմերի տեսանկյունից։ Ի՞նչ է նշանակում՝ իրավահաջորդ, որպիսին ներկայացվում է Արցախի պետական համալսարանը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի առնչությամբ: Նորից մեջբերում՝ քաղված  այդ կապակցությամբ մեր հարցմանը ԼՂՀ արդարադատության նախարարության պատասխանից. «Ի պատասխան Ձեր 12.12.08թ. թիվ 02-17 գրության հայտնում եմ, որ ԼՂՊՀ (ԱրՊՀ) 1988թ. փակված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի իրավահաջորդը համարելու վերաբերյալ որեւէ իրավական հիմք չկա եւ որպես նրա հիմնադրման տարեթիվ չի կարող ընդունվել 1969 թվականը, քանզի իրավահաջորդության դեպքում իրավահաջորդին են անցնում իրավանախորդի բոլոր իրավունքներն ու պարտականությունները (կամ որեւէ կոնկրետ իրավունք կամ պարտականություն), ինչը տվյալ դեպքում չի կատարվել»:

Եվս մեկ մեջբերում, որ քաղել ենք  մեր ընդդիմախոսների համատեղ հայտարարությունից. «…իրավահաջորդությունը կատարվում է երկու կամ ավելի իրավաբանական անձնաց միաձուլումից մեկ իրավաբանական անձի մեջ` փոխանցելով նախկինի բոլոր իրավունքներն ու պարտականությունները»։ Որքան էլ հայտարարության հեղինակների համար անցանկալի լինի, բայց, ինչպես տեսնում ենք, ըստ «Իրավաբանական հանրագիտարանի» ներկայացված այս  հիմնավորումը լիովին համահունչ է ԼՂՀ արդարադատության նախարարության պարզաբանմանը:

Ներկայացնենք եւս մեկ իրավական նորմ, որ վերաբերում է ինստիտուտը համալսարան վերանվանելու խնդրին: Ահա թե ինչպես է այդ գոծընթացն ամրագրված «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում (հոդված 3, կետ 10, 11).

«Համալսարան` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության եւ տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական եւ լրացուցիչ կրթության հիմնարար գիտական հետազոտությունների եւ ուսումնառության կազմակերպմանը:

Ինստիտուտ` բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության եւ մշակույթի մի շարք ուղղությունների գծով մասնագիտական ու հետբուհական կրթական ծրագրեր ու գիտական ուսումնասիրություններ»:

Կարծում ենք, նշված օրենսդրական սահմանումների հպանցիկ համադրումն անգամ բավական է հասկանալու համար ինստիտուտից համալսարան ձեւավորելու գործընթացի տարրական ճշմարտությունը։

Շարունակենք մեր պատմաիրավական անդրադարձերը։ Համաձայն պրոֆեսոր Ռ. Եդոյանի տեղեկատվության՝ սկսած 1989թ. մարտի 13-ից Հայաստանի ժողովրդական կրթության նախարարի թիվ 94-Ե հրամանով ստեղծվել ու գործում է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը, որը հետագայում, այսինքն՝ 1992թ. հոկտեմբերի 13-ին, որպես իրավաբանական անձ մտել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (ԼՂՊՀ) կազմի մեջ` իր հետ նոր կառույց տանելով բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

ԼՂՊՀ-ի, որպես նորաստեղծ իրավաբանական անձի, մյուս իրավանախորդը հանդիսացել է ավելի բարձր կարգավիճակում գտնվող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Ստեփանակերտի մասնաճյուղը, թեկուզ նրա ուսանողների թիվը, հասկանալի պատճառով, քիչ էր Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի ուսանողների թվաքանակից: Իսկ այն, որ Հայաստանի տարբեր բուհերից հայրենիքի կանչով եկած պատանիներ եւ աղջիկներ էին ուսանում ՀՊՃՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղում, միայն հպարտության տեղիք կարող է տալ, այլ ոչ թե հիմք հանդիսանալ հայտարարելու, թե ՀՊՃՀ-ի մասնաճյուղը միացել է մայր բուհին: Երեւի թե մայր բուհ ասելով նկատի է առնվում Ստեփանակերտի նախկին մանկավարժական ինստիտուտի շենքը, չհասկանալով կամ անտեսելով, որ իրավահաջորդության մասին կատարված հղման մեջ շենքի եւ գույքի մասին խոսք անգամ չկա:

Վերոհիշյալ հայտարարության մեջ առկա եւս մի պնդման մասին.  ԼՂ հատուկ կառավարման կոմիտեի (ղեկավար՝ Ա. Վոլսկի) առաջարկությամբ ընդունվեց այլընտրանքային որոշում` Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը կոչել Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բաժանմունք, պահպանելով ինքնուրույն ինստիտուտների բոլոր բնորոշիչները (ռեկտոր, ֆակուլտետներ, ամբիոններ, կնիք, հաշվապահություն): Ի դեպ՝ բաժանմունքի «ռեկտորի» պաշտոնի մասին։ Ահա քաղվածք Հայկական ԽՍՀ ժողովրդական կրթության նախարար Ս. Հախումյանի 1989թ. մարտի 15-ի թիվ 94-Մ «Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի ստեղծման մասին» հրամանից. «2.3. Մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, մինչեւ ընտրությունների անցկացումը,  ԿՄԻ ՍԲ-ի վարիչի պաշտոնակատարի, առկա եւ հեռակա ուսուցման եւ վարչատնտեսական աշխատանքի գծով նրա տեղակալների, ինչպես նաեւ դեկանների նշանակման մասին»։ Երեւի թե այս պնդման առնչությամբ լրացուցիչ մեկնաբանություններն ավելորդ են։

Ընթերցողի ուշադրությանը ներկայացնենք եւս մեկ մեջբերում, որ քաղել ենք ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանի, Յուրի Սարգսյանի, Վիլեն Հակոբյանի եւ Լենսեր Աղալովյանի ս.թ. փետրվարի 7-ի թվագրությամբ համատեղ նամակից՝ ուղղված ԼՂՀ նախագահին. «Մենք, իհարկե, չենք ժխտում Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մեծ դերակատարությունը Ղարաբաղի կրթության համակարգի գործում, արժեւորելով ինստիտուտի կոլեկտիվի մեծ վաստակն այս բնագավառում: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ չկա որեւէ ինստուտուցիոնալ իրավահաջորդություն ՍՄԻ-ի եւ նրա փակումից` չորս տարի հետո ստեղծված ԼՂՊՀ (ԱրՊՀ)-ի միջեւ, իսկ 1969 թվականը կարող է դիտվել միայն որպես Լեռնային Ղարաբաղում բարձրագույն կրթության սկզբնավորման տարեթիվ: Նման վերաբերմունքը Արցախի անկախ պետականության կարեւոր խորհրդանիշներից մեկի պատմության նկատմամբ անթույլատրելի է եւ անհասկանալի»:

Անթույլատրելին եւ անհասկանալին, մեր համոզմամբ, ոչ միայն պատմաիրավական իրողության խեղաթյուրման բուն փաստն է, այլեւ այդ իսկ միջոցով մեր ժողովրդի 20-րդ դարավերջի ազատամարտի նշանակալի ձեռքբերումներից մեկի՝ ներկայիս Արցախի պետական համալսարանի ստեղծման առաքելությունն Ադրբեջանին հանիրավի վերագրելու՝ հայտարարության հեղինակների կողմից  երեւի թե չգիտակցված փորձը,  որը հղի է անկանխատեսելի քաղաքական հետեւանքներով:

Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը (ԼՂՊՀ-ԱրՊՀ) ղարաբաղյան շարժման ծնունդ է եւ ստեղծվել է ՀՀ կառավարության 1992թ. հոկտեմբերի 13-ի թիվ 509 որոշմամբ, պաշտոնապես բացվել 1993թ. մայիսի 10-ին։ Համալսարանի ստեղծման աշխատանքները պատերազմական պայմաններում իրականացվել են ՀՀ կառավարության եւ ԼՂՀ իշխանությունների՝  Պաշտպանության պետական կոմիտեի  եւ Գերագույն խորհրդի փոխհամաձայնությամբ եւ համատեղ կազմակերպական ջանքերով, Երեւանի մի շարք բուհական հաստատությունների կոլեկտիվների, ՀՊՃՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի աշխատակիցների աջակցությամբ:

Առհասարակ, ելնելով այն հանգամանքից, որ ԼՂՀ բոլոր պետական կառույցները մեր անկախ պետականության ծնունդ են, անհրաժեշտ է նրանց ստեղծման տարեթվերը տեսնել եւ հաշվարկել միայն եւ միայն այդ գործընթացի շրջանակներում՝ նույն կերպ վարվելով նաեւ ԱրՊՀ-ի պարագայում։ Այլապես, գուցե թե անհեթեթ թվա, բայց, այնուամենայնիվ, հարց է ծագում՝ ի՞նչ հիմունքներով պետք է հաշվարկվեն ԼՂՀ մի շարք գերատեսչությունների, զորօրինակ,  ոստիկանության (նախկինում՝ ՆԳ մարզային վարչություն), ազգային անվտանգության ծառայության (նախկինում՝ ՊԱԿ մարզային վարչություն), պետական կառավարման շատ այլ մարմինների ստեղծման տարեթվերը։

Ամփոփենք. հիմք ընդունելով վերը նշված պատմաիրավական փաստարկները, իրավ ենք հավաստել ու պնդել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայր բուհը՝ Արցախի պետական համալսարանը, 15 տարեկան է եւ այն լրանում է 2008 թվականի մայիսի 10-ին։

Արպատ ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

——————————————————————————————-

Հասարակություն

ՀԱՐՑԵՐ, ՈՐ ՊԻՏԻ ՀՈՒԶԵՆ ԲՈԼՈՐԻՍ

Մենք սիրում ենք բողոքել, ուղղակի շատ ենք սիրում, այն աստիճան, որ ցանկացած ասպարեզում մեր ամեն մի քայլ տրտնջոցով ենք անում: Մինչդեռ այսօր կարելի է ապրել, չեմ ասում՝ հաշտվել առկա թերությունների հետ, բայց մտածել ապրելու մասին, ձեռքիդ տակ եղած բոլոր հնարավորություններն օգտագործել, կյանքդ բարելավել, եղածով բավարարվել ու ձգտել ավելիին: Մեր օրերում սոված կամ անգործ մարդ ըստ էության չպիտի լինի: Կարող մարդն ի վիճակի է օրվա հացի հարցը լուծել, մի բանով զբաղվել, փող աշխատել, փառք Աստծո՝ դրա հնարավորությունը կա: Բայց, իմ տպավորությամբ, շատերը նախընտրում են պարապ-սարապ նստել ու սպասել, որ ինչ-որ մեկն իրենց կյանքը կբարելավի: Եթե դա չի լինում, կամ շուտ չի լինում՝ սկսում են բողոքել: Իհարկե, իշխանությունը պարտավոր է ամեն ինչ անել մարդկանց կյանքը թեթևացնելու համար, բայց մարդիկ չպիտի հույսը դնեն միայն իշխանության վրա ու սպասողական կեցվածք ընդունեն:

Ինձ հետաքրքրում էր, թե ինչպիսին են մարդկանց տրամադրություններն այս հարցում, նրանք գո՞հ են կյանքից, իրենց սոցիալական վիճակից, թե՞ դժգոհ: Հարցերիս պատասխաններն ստանալու համար հատուկ այդ նպատակով շրջեցի մայրաքաղաքում ու զրույցի բռնվեցի մեր տասնյակ համերկրացիների հետ:

Առաջին պատահած քսան հոգուց միայն 3-4-ի պատասխաններն էին միանշանակ դժգոհություն պարունակում: Երեք երեխաների մայրը այն հարցին, թե գո՞հ է կյանքից, սկզբում դրական պատասխանեց, բայց հետո բացվեց, պատմելով, որ ծեր-ծերին հազիվ է հասցնում, զբաղվում է կարուձեւով, բայց դա, ըստ նրա, ամենակարևորը չէ՝ «միայն թե խաղաղություն լինի»: Երեք եղբայր ունի տիկինը, երկուսը մասնակցել են ազատագրական պայքարին, բուժման կարիք ունեն, բայց հնարավորություն չկա…

Ծաղկավաճառ խանութպանը ևս դժգոհ էր: Ծնվել է Հրազդանում, իսկ արմատներով արցախցի է: Նա դժգոհեց, որ արցախցիները կոշտ ու կոպիտ են: Դժգոհ էր նաև եկամտից: Ըստ նրա, արցախցին հազիվ օրվա հացն է վաստակում, ուստի ծաղիկներ հաճախակի գնելը շռայլություն է նրա համար:

Մի երիտասարդ ցանկություն հայտնեց իր մասնագիտությամբ աշխատել, համոզմունք հայտնելով, որ այդպես ավելի հետաքրքիր ու շահավետ կլիներ իր համար: Տասից ավելի երիտասարդների հետ զրույցից պարզեցի, որ իրենց երջանիկ զգալու համար նրանք առաջին հերթին կարիք ունեն կայուն, լավ վարձատրվող աշխատանքի, բնակարանի եւ ամեն ինչի չափավոր գների: Իհարկե՝ նաև խաղաղության: Ի դեպ, ձեռներեցի ջիղ ու ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն շատերն ունեին, պարզապես «նախնական կապիտալի», մի փոքրիկ խթանի խիստ կարիք ունեն:

Մարդիկ ամենատարբեր պրոբլեմներ էին մատնանշում: Երկու պապիկներ շատ կարևոր համարեցին ուսանողների եւ աղքատ բնակիչների համար քաղաքային բաղնիքների կառուցումը: Բայց, ըստ իմ դիտարկումների, պրոբլեմների պրոբլեմը գործազրկությունն է, աշխատանք գտնելու դժվարությունը: Առօրյա խոսակցության մեջ «Կոլցեվոյ»  կոչվող հրապարակում էժան կամ «մի փոր հաց»-ով աշխատանքի սպասող մոտ երկու տասնյակ մարդու ևս հարցեր տվի: Նրանք պատմեցին, որ այստեղ հանգրվանողների թիվը  մոտ 60 է, շուկայի մոտ մի 15 հոգի ևս հավաքվում է: Կարելի է պատկերացնել, թե այս մարդիկ ինչպես են ընտանիք պահում՝  մի օր կուշտ, 3-4 օր սոված… Մինչդեռ այդ ընտանիքներում ապագա զինվորներ են մեծանում: Ո՞վ պիտի այս մասին մտածի, եթե ոչ իշխանությունը:

Ի՞նչ են ցանկանում շարքային ընտանիքները՝ կենցաղային նվազագույն պայմաններ, մշտական աշխատանք, բնակարան, կոմունալ ծառայությունների մատչելի (սոցիալապես հասցեականացված) գներ: Մտածում ես՝ որքա՞ն քիչ բան են ցանկանում մեր քաղաքացիները, որքա՞ն քիչ բան է նրանց պետք երջանիկ լինելու համար:

Սակայն միայն սոցիալական պրոբլեմները չէ, որ հուզում են մարդկանց և հատկապես՝ մտավորականներիս: Մի՞թե կարևոր չէ, թե ինչ երաժշտություն են լսում երիտասարդները, ինչ ֆիլմեր են դիտում, մի խոսքով՝ ի՞նչ արժեքներ են նրանց համար կարևոր, ինչպե՞ս են դաստիարակվում: Ինչպե՞ս կարող է մեզ չհուզել ազգային արժեքների ստորադասումը նոր ու ժամանակակից հովերին: Կամ՝ տեսեք, թե ինչպիսի կարևոր արժեք է դարձել բջջային հեռախոսը: Նույնիսկ տարրական դասարանների աշակերտներն են երազում այդպիսի հեռախոս ունենալ, և ունենում են: Իսկ գիրք կարդու՞մ է մեր երիտասարդությունը: Կարդում է՝ պատասխանեց զրուցակից գրավաճառը, դետեկտիվներ է կարդում: Ֆիլմերը՝ «բոեվիկ», գրքերը՝ դետեկտիվ… Ի¯նչ սերունդ ենք աճեցնում:

Սրանք հարցեր են, որ պիտի հուզեն բոլորին:

Վիկտորյա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒ՞Մ, ԹԵ՞ ԿԱՍԵՑՈՒՄ
կամ՝ Ովքե՞ր են ավանդույթի խթանիչ ուժերը

Ավանդույթ, որ երբեմն ստիպում է համակերպվել ճակատագրի դառն հարվածներին:

«Աղջիկ փախցնելն» ընդունված ավանդույթ է, ինչը հասարակության մեջ արմատացած տղամարդկանց ուժի գերակայության դրսևորումներից մեկն է: Ամեն տարի բազմաթիվ աղջիկներ ամուսնանում են հակառակ իրենց կամքի: Ճիշտ է, երբեմն առևանգումը «թատերական» բնույթ է կրում: Լինում են դեպքեր, երբ զույգը «բեմադրում է»  փախցնելը՝  ծնողների համաձայնությանը հասնելու համար: Այնուամենայնիվ, հավատացեք, որ դեպքերի մեծ մասն իրական առևանգումներ են, որտեղ հոժար կամքի մասին խոսք լինել չի կարող: Մի՞թե չի կարելի ասել, որ այս ավանդույթի կենսունակության պատճառը հասարակության հետամնաց հայացքներն են, ինչպես նաև երիտասարդների ցածր կրթամակարդակը:

«Աղջիկ առևանգելու» ավանդույթի ծագումնաբանության շուրջ տարբեր կարծիքներ կան: Ոմանք գտնում են, որ այն սերմանել է օսմանյան տիրապետությունը, ոմանք էլ այլ «ծագումնաբանական աշխարհագրություն» են նախընտրում: Կա նաև կարծիք, որ այս ավանդույթի ծննդավայրը Կովկասն է:

Մեր օրենսդրությունը բավականին խիստ է առևանգողների նկատմամբ: Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածն ասում է. «Մարդուն առևանգելը» (Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություն): Օրինախախտների համար սահմանված պատիժն է՝ 2-5 տարի ազատազրկում: Նույն գործողությունը, եթե կատարվել է խմբով, նախնական համաձայնությամբ, նախատեսվում է 4-8 տարի ազատազրկում»: Թվում է, թե խիստ պատժի առկայությունն ինչ-որ չափով կանխարգելիչ պետք է լինի: Բայց… բազմաթիվ առևանգումներից շատ քիչ դեպքեր են պաշտոնապես գրանցվում: Ահա երևույթի իսպառ չջնջվելու պատճառներից մեկը:

Իսկ ի՞նչ ճակատագիր են ունենում պաշտոնապես գրանցված առևանգումները: Ինչ ճակատագիր կարող են ունենալ, եթե իրավապահ մարմինների ներկայացուցիչը առևանգման հանցափորձը հանցագործություն չի համարում, և գտնում է, որ, ի վերջո, հաշտությունը «անխուսափելի է»: Այստեղ է, որ աղջիկը ստիպված է լինում պատիժ չպահանջել և «ներել» առևանգողին:

Ո՞վ է հանցագործը… Հանցագործությունը կատարո՞ղը, թե՞ այն խթանողը: Չէ՞ որ հանցագործության անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն:

Երևույթը իսպառ  չի վերանում, որովհետև առևանգողները հեշտ են պրծնում, որովհետև հասարակությունը ոչ թե կարեկցանքով, այլ նույնիսկ նախատինքով է վերաբերվում տուժողներին: Սերունդները սխալ են դաստիարակվում, աղջկա նկատմամբ ուժ գործադրած մարդիկ պատասխան չեն տալիս: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ աղջիկը սոցիալապես պաշտպանված չէ:

Ժամանակն է, որ սթափ նայենք այս խնդրին:

 ՄԱՅԱ
Ստեփանակերտ

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԵՐԱԶԱՆՔ

Ստեղծել հարմարավետ պայմաններ բնակարան ձեռք բերելու համար: Նոր՝ 2008 թվականին տեղի ունեցան նորամուծություններ հիպոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու գործընթացում: Այն է՝ քաղաքացիներին հասանելի դարձնել այդ եղանակը:

2008 թվականի մարտի 17-ից արդեն իսկ սկսված է մտահղացումն իրականություն դարձնելու գործընթացը՝ վարկառուների դիմումների ներկայացումը: Բայց ահա այստեղ էլ ի հայտ են գալիս խոչընդոտները: Պարզվում է, որ համակարգը հավասարապես մատչելի չէ բնակչության բոլոր խավերի համար:

Հիպոթեքային վարկավորման միջոցով բնակարան կարող են ձեռք բերել այն քաղաքացիները, ովքեր ունեն բնակարան գնելու համար պահանջվող գումարի 20%-ը: Հաշվի առնելով բնակարանի շուկայական առկա գները եւ մոտավոր հաշվարկներ կատարելով, պատկերացնելը դժվար չէ, թե ինչպիսի գումարներ են անհրաժեշտ աշխատավարձի հույսին մի կերպ ծերը-ծերին հասցնող քաղաքացուն՝ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար:

Հարց է ծագում. «Ո՞րն է ողջ այս գործընթացում պետության դերը»: Դիտարկենք սւսկ մի օրինակ. եթե քաղաքացին ցանկանա հիպոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերել առանց պետական աջակցության, ապա նա վարկատու բանկին տարեկան, բացի մայր գումարից, պետք է վճարի նաեւ 12 եւ ավելի տոկոս վարկ: Իսկ նորամուծության պարագայում 6 տոկոսը, որպես օժանդակություն, սուբսիդավորում է պետությունը:

Արցախյան պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին եւ արցախյան պատերազմի հաշմանդամների համար նախատեսված են ավելի մեղմ պայմաններ նախնական տաստոկոսյա կանխավճարի տեսքով: Այս քայլն, անշուշտ, ողջունելի է, սակայն մի՞թե հնարավոր չէ նույն կամ նման մեկ այլ տարբերակ կիրառել նաեւ մնացած հաշմանդամների համար՝ հանուն հավասարության, քանզի վերջինները եւս մեր հասարակության լիիրավ անդամներ են: Եվ մեկուսացնել նրանց մեզանից նպատակահարմար չէ:

Իմ  սուբյեկտիվ ընկալմամբ՝ սա խոսում է այն մասին, որ համապատասխան մարմիններում չկա օրենքում առկա անհամաձայնությունների եւ հակասությունների մեջ խորանալու սովորույթ, իսկ միգուցե նաեւ՝ ցանկություն:

Հուսով ենք, որ առկա մոտեցումը, բազմիցս քննարկվելուց ու քննադատվելուց հետո, կփոխվի:

Մհեր ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«ՊՏՈՒՅՏ ՄԸ» ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԹԱՂԵՐՈՒՆ ՄԵՋ»

«Մեր քաղաքը մեր տունն է». այս արտահայտությանը շատ հաճախ կարող ենք հանդիպել: Սակայն բոլորի՞ն է արդյոք դուրեկան մեր քաղաքի այսօրվա տեսքը: Որքան էլ խոսելու լինենք մեր քաղաքի, նրա  արտաքին տեսքի մասին, միևնույն է՝ թեման այնքան ժամանակ է մնում բաց, որքան առկա է երևույթը: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են Ադմիրալ Իսակովի   թիվ 4,  2,  2ա  և  2բ շենքերին հարող փողոցների  ու բակամերձ տարածքները:

Վերոնշյալ շենքերի բակերից փողոց դուրս գալը մեծ փորձություն է ցանկացած բնակչի համար: Ադմիրալ Իսակովի փողոցի թիվ 4 շենքից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհին գարնանն ու աշնանը գոյացող ցեխի լճակները իրենց ալիքներում սպառնում են խորտակել ոչ միայն երեխաներին, այլև անվարժ մեծերին: Մեկ այլ էքստրեմալ փորձություն է սպասվում վերոնշյալ շենքի բակից դեպի նույն փողոցի թիվ 2 շենք տանող կարճ ճանապարհին: Ավելացնենք, որ տեղանքը հարուստ է «տեսարժան» վայրերով: Այս ու այնտեղ հավաքված աղբակույտերում պեղումներ կատարելու դեպքում  հնագիտական մեծ արժեք ներկայացնող իրեր,  իսկ առավել բախտավորներին, ուշադրություն,  սպասվում է անակնկալ՝ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի թափք և այն էլ՝ երկու հատ: Շարունակենք ուղևորությունը դեպի նույն հասցեի թիվ 2 շենք, ինչն այդքան էլ դյուրին չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:  Այստեղ տարվա ամեն մի եղանակի կարող ենք հանդիպել համապատասխան պատուհասի:   Գարնան գալուստը այստեղ հատկապես առավելագույնս է երեւում: Կոյուղա- և հալոցքաջրերից գոյացած ցեխը հաղթահարելուց հետո, մեկ այլ սպառնալիք`  կիսաքանդ  անանցանելի  աստիճաններ, որոնց հաղթահարումը կատարյալ հերոսություն է: Ահա այստեղ է, որ սայթաքելու դեպքում զգում ես կյանքի ողջ քաղցրությունը և մի ակնթարթում ողջ կյանքդ անցնում  է աչքիդ առջևով: Ես չգիտեմ, թե որքան մարդ է այս աստիճանները հաշվել երեսնիվայր, սակայն անվիճելի է այն  փաստը,  որ դրա զոհը կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը:

Տեսարանն, երևի թե, անթերի կլիներ, եթե չլիներ թիվ 2բ շենքին հարակից աղբանոցը։ Վերջերս  աղբահեռացման նպատակով,  երկար սպասումից հետո, այստեղ տեղադրված   երկու տարաները, ակնհայտորեն քիչ են ընդհանուր առմամբ 120 ընտանիք ունեցող երկու բնակելի շենքի և հարակից դպրոցի աղբահեռացումն ապահովելու համար, իսկ նախկին  աղբամանները, այլևս պիտանի չլինելով, շպրտվել են հարակից ֆուտբոլի դաշտ:

Թեման շարունակական ու բովանդակալից է: Հետևաբար խոսել կարելի  է, որքան ցանկանանք: Սակայն երևույթի մասին առավել ամբողջական տպավորություն կազմելու համար կհրավիրեի շրջագայության:

Մ. Ի.

——————————————————————————————-

Պատմություն

Հուշեր
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ամենատարբեր, բազմաթիվ հիշողություններ, պատմական տեղեկություններ, հայության հոգեմաշ զգացմունքներ արտահայտող հոդվածների ու զանազան հրապարակումների ասպարեզ հանդիսացավ ղարաբաղյան հիմնախնդիրը: Սակայն տողերիս հեղինակի նպատակը ոչ միայն այս կտրվածքով ժողովրդին հայտնի փաստերի սինթեզումն ու եզրահանգումներն են, այլ նաեւ սեփական դատողությունների, լսածի ու տեսածի հիման վրա որոշ իրադարձությունների հավելյալ մեկնաբանումը: Ներկայացնում եմ մի քանի իրադարձությունների մեկնաբանություններ ու վերհուշներ, փաստերից բխող նոր եզրահանգումներ, երանգավորումներ, որոնք  ընդհանուր պատկերի շտրիխներն են:

Երբ խոսք է գնում մեր շարժման նախապատմության մասին, շատ-շատ պատճառների շարքում հիշում եմ ԼՂ մարզային կուսակցական մի կոնֆերանս, որտեղ դատապարտվում էր մարզկոմի գաղափարախոսության գծով քարտուղար, պատմաբան Հայրո Սարկիսովը, որը համարձակվում էր առաջ քաշել մարզի սոցիալ-տնտեսական բարելավման  (ուշադրություն դարձրեք՝ ոչ թե զարգացման) այն պլանը, որին հարկադրաբար, խուսանավելով ուզում էին անդրադառնալ 1988-ին (400 միլիոն ռուբլու հատկացում խոստանալով Ղարաբաղին): Պատմաբանը նոր ժամանակների պայմաններում ամոթալի էր համարում Շուշի քաղաքում ավերակների գոյությունը, որոնք, ըստ նրա, ազգայնամոլության խորհրդանիշ են եւ անհարիր մեր ժամանակի ոգուն: Կոնֆերանսին ներկա գտնված, Բաքվից ժամանած սեւ ուժերը մեր «Մերուժանների» օգնությամբ,  նրան ազատեցին աշխատանքից, ինչը նշանակում է, որ զրկեցին Ղարաբաղում ապրելու հնարավորությունից: Հետագայում նրա բախտին արժանացան մարզգործկոմի նախկին նախագահ Մուշեղ Օհանջանյանը, մարզկոմի քարտուղարներ Սարգիս Աբրահամյանը, Մեժլում Գասպարյանը, կեւորկովշչինայի դեմ հրապարակավ հանդես եկած Հակոբ Օհանջանյանը եւ 1960-70-ական թվականների ղեկավարների մի ստվար ջոկատ:

Հիշողությանս մեջ դեռ վառ է մարզային կուսակցական այն կոնֆերանսը, որն անցկացվեց զինվորական քաղաքիկում. խիստ հսկողության տակ: Նպատակն էր մարզկոմը իբր թե «մաքրել անհարազատ տարրերից»: Այստեղ է, որ հարկ է հիշել ռուս դեմոկրատ Ա. Գերցենի «անտանելի ժամանակներում ենք ապրում մենք» խոսքերը:

Շատ է խոսվել ու գրվել «Ղարաբաղը ինտերնացիոնալիզմի գիրկը վերադարձնելու» նպատակով անցկացված մարզկոմի հայտնի պլենումի մասին, որին ուղղություն էր տրվել Բաքվից: Քանի որ Ադր. ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վ.Ախունդովի 1967թ. հորդորանքները (Ճարտար գյուղում կայացած մարզային ակտիվում), նրա կեղծ ճառը եւ խոստումները նպատակին չհասնելու պատճառով դեռ շարունակվում էր ազգային զարթոնքը, ապա նա մտածեց, որ նոր ղեկավարությունը (Բ.Կեւորկովը նոր էր նշանակվել) մի շեշտակի հարված հասցնի Ղարաբաղի հայությանը, որից նա ուշքի չգար: Պլանը գլոբալ էր, նպատակը՝ պարզ: Եվ ահա «թխվեց» մարզկոմի՝ այդ ղարաբաղցիներին նացիոնալիզմի մեջ մեղադրող բանաձեւը, որը մարաթոնյան վազքի ընդգրկումով հասավ մինչեւ իսկ ծայրամասային գյուղերը՝ ի հավանություն:

Զարմանալին բանաձեւի միտումը չէր, որում նույնիսկ հայերի 1915թ. եղեռնի կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին, շանսատակ արած եւ Բեռլինի դատարանի կողմից արդարացված Սողոմոն Թեհլերյանը որակավորվել էր որպես ազգայնամոլ, այլ այն, որ ի բնե ինտերնացիոնալիզմի բնօրրան Ղարաբաղը դիտվում էր որպես նացիոնալիստական երկրամաս: Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են, բայց կա մի բան, որ մոռացության չի տրվի երբեք: Դա այդ բանաձեւի քննարկումն էր շրջկոմների պլենումներում, սկզբնական կուսկազմակերպություններում: Երբ մենք տեղերում մեր անհամաձայնությունն էինք հայտնում այդ բանաձեւի առթիվ, կուսշրջկոմի ներկայացուցիչները մեզ սաստում էին, զգուշացնում հետեւանքների մասին:

Հիշողությանս մեջ մեխված է Մարտունու շրջկոմի այն պլենումը, որտեղ մեր անուն հանած, շրջանում որոշակի կշիռ ունեցող մի քանի երեւելիներ, ցուցաբերելով գերինտերնացիոնալիզմ, հարմար գտան Բ. Ուլուբաբյանին, Ա. Մանուչարովին, Բ. Ջանյանին, Ս. Շաքարյանին եւ էլի ոմանց համարել «սպորտի լեզվով ասած՝ խաղից դուրս»: Իսկ մեկ ուրիշը, չհասկանալով բանաձեւի եւ մեր նպատակների տարբերությունները, հոխորտաց՝ «այդ ուլուբաբյանները, ջանյանները, շաքարյանները չեն կարող ինձ բաժանել իմ բալայից, իմ բալըղից»: Է, միամիտ մարդիկ, կարծում եք, թե խոսքը ժողովրդի բարեկամությունից հրաժարվելու, իսկ մարզկոմի բանաձեւը այդ բարեկամությունը ամրապնդելո՞ւ մասին է:

Ինչու՞ եմ սա պատմում: Որովհետև մեր մեծ թերություններից մեկն էլ մոռացկոտությունն է, անցյալից դասեր չքաղելը: Եվ ուզում եմ հարցնել մեր այդ ընկերներին՝ շրջկոմի այն պլենումի «հերոսներին»՝ եթե դուք՝ ուսյալներդ, դեռ քաղաքական թմբիրի մեջ եք, իսկ ի՞նչ դիրք կարող են բռնել ոչ ուսյալները: Հիմա, երեւի, եւ դուք, եւ մենք, եւ բոլորս զղջում ենք մեր ազգային հավկուրության համար: Ահա այդ անտարբերությունն է, որ առիթ է տվել մեր ազգը վարկաբեկելու, մեր ունեցածը մերը չհամարելու, մեր պատմական ոստանը իրենցը համարելու, մեր հայրենիքում մեզ հյուրեր անվանելու մոլուցքին:

Մի առանձին հետաքրքրություն է ներկայացնում մեզանից ոչ շատ հեռու մեկ այլ տարեթիվ՝ 1986 թվականը, դեկտեմբեր ամիսը, երբ Բաքվում կայացած պատմության ուսուցիչների հանրապետական մի խորհրդակցությունում խոսք եղավ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավի մասին, որը Ադրբեջանի հնէաբանների կողմից հայտարարվել էր որպես Ֆիզուլու շրջանի տարածք: Այդ սեմինար-խորհրդակցությունում Ազոխի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Սամվել Օհանյանն ի լուր ամենքի համոզիչ փաստերով հերքեց դա: Նա պահանջեց, որ Ադրբեջանական ԽՍՀ աշխարհագրության գրքի հեղինակը, որ ներկա էր այնտեղ, պարզաբանի «Ազոխ» անվանումը: Չստանալով ոչ մի պատասխան, Օհանյանը պարսիկ պատմաբանի բացատրությամբ ապացուցեց, որ Ազոխ անվանումը պարսկական է, որը նշանակում է «չհասած միրգ»:

Իմիջիայլոց, այդ խորհրդակցությունում ի հայտ եկան նաեւ շատ այլ հարցեր՝ կապված Ադրբեջանի պատմության հետ: Հենց ադրբեջանցի ուսուցիչները, երկյուղելով եւ անհարմար զգալով հայերի ներկայությունից, այնուամենայնիվ բարձրացրին իրենց ազգային պատկանելության, լեզվի, գրերի մասին հարցերը: Խուսանավող մի պատասխան բովանդակում էր այն միտքը, որ իբր սեփական գրերը չունենալու մեղքը մոլլաներինն է, որոնք ցանկացել են խավարամտության մեջ պահել մուսուլմաններին: Դա, իհարկե, հիմքից զուրկ պատասխան էր, քանի որ հենց այդ ուսուցիչները հերքեցին դա՝ արաբների ու պարսիկների այբուբեն ունենալու փաստով, որոնք նույնպես մահմեդական դավանանքին են պատկանում եւ ունեն մոլլաներ: Այստեղ քիչ էր մնում բացվեր կեղծիքի վարագույրը. եւ հենց այդ հարցերի տարափի տակ էլ շրջահայաց նախարարը, որ պատմաբան էր մասնագիտությամբ եւ ղեկավարում էր խորհրդակցությունը, փակեց նիստը եւ ազատ շունչ քաշեց:

Հայ մարդու ուղեղը սղոցող մի դեպք էր անցյալ դարի 50-ականների սկզբին Մարտունու կուսշրջկոմի երկրորդ քարտուղար Խաչատուր Պետրոսյանի առանձնասենյակում մի զրույց, որ տեղի էր ունեցել Ադրբեջանի ԿԿ առաջին քարտուղար Ի.Դ. Մուստաֆաևի եւ տողերիս հեղինակի միջեւ: Այդ վեճ-զրույցի իմաստը գալիս էր նրանից, որ Մարտունու կուսշրջկոմի քարտուղարի մոտ է հրավիրվել տողերիս հեղինակը եւ առաջարկվել նրան մեկնելու Բաքու՝ մասնակցելու պրոպագանդիստների մեկամսյա սեմինարին: Եվ այն պահին, երբ ես հրաժարվում էի քարտուղարի առաջարկից, պատճառաբանելով իմ տնտեսական վատ վիճակը (որպես խորհրդային բանակի նոր զորացրված սպա  ու ժողկրթբաժնում տեղի ցածր աշխատավարձ ստացող), շրջկոմի քարտուղարի սենյակը մտան ԼՂ մարզկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Շահնազարովը եւ վերը նշված Մուստաֆաևը:

Ունկնդիր լինելով իմ ու քարտուղարի վեճ-զրույցին, կենտկոմի առաջին քարտուղարը միջամտեց շատ կոպիտ ձեւով ու, քարտուղարից տեղեկանալով իմ ով լինելու մասին, ուղղակի ասաց. «Դուք, Ղարաբաղի մտավորականներդ, կրթվելու, հատկապես կուսակցական կրթություն ու դաստիարակություն ստանալու մեծ կարիք ունեք: Ձեզ հարկավոր է ոչ թե ամսվա ժամանակով, այլ մի ամբողջ տարի սրսկել մեր գաղափարները, որպեսզի իմանաք մեր կուսակցության պահանջները: Առանց որեւէ պատասխան տալու գնացեք եւ մասնակցեք Բաքվում կազմակերպվող պրոպագանդիստների սեմինարին»: Իմ այն պատճառաբանությունը, որ պատմության ուսուցիչ եմ, խորհրդային բանակի քաղաքական աշխատող եմ եղել… եւ այլն, արհամարհվեց նրա կողմից:

Ես գիտեի, որ Իմամ Դաշդամիրովիչ Մուստաֆաևը կենսաբան-գիտնական է, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնից է բերվել կենտկոմ, նախկին պաշտոնում աշխատելու տարիներին լինելով Մարտակերտում՝ փորձել էր ԼՂԻՄ միակ գիտական բազան վերացնել:

Որոշ ժամանակ անց Ադրբեջանի «կուրսը» փոխվեց: 1954 թվականին, ՍՄԿԿ կենտկոմի հանձնարարությամբ, Ադրբեջանի ԿԿ 6-րդ պլենումը նրան ազատեց Կենտկոմի քարտուղարի պաշտոնից եւ նրա փոխարեն ընտրեց Վելի Ախունդովին, որն էլ սիրամարգի փետուրներ էր ցույց տալիս Ադրբեջանում ապրող հայերին, որ դուր գա, լարախաղում, որ չընկնի:

Միքայել ԲԵԳԼԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Կեսկատակ – կեսլուրջ

ՄԵՐ ԿԱՆԱՉԻՆ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՓՆՋԵՆՔ

«Պրեզիդենտը գալու է կանաչիս փնջի՞»

 (թերթերից)

2007թ. ԼՂՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին մարտունեցի տատիկի՝ «պրեզիդենտը գալու է կանաչիս փնջի՞…» խոսքերը ընթերցողները լավ են հիշում: Ես, իհարկե, չեմ արդարացնում տատիկին, ինչպես եւ բոլոր նրանց, ովքեր անտարբեր կեցվածք են ընդունում երկրի համար բոլոր բախտորոշ նման գործընթացների նկատմամբ: Տարված օրվա հրամայականի պարտադրմամբ, այն ժամանակ մենք այդ խոսքերի իմաստը ըմբռնեցինք միակողմանիորեն: Սակայն այսօր, երբ սթափ վիճակում խորամուխ ենք լինում պատասխանի էության մեջ, այն մեր առջեւ հառնում է նաեւ իմաստային մի շատ կարեւոր երանգով. ամեն մարդ առաջին հերթին պետք է զբաղվի իր գործով, իր գործը ինքը պետք է անի, հասարակության յուրաքանչյուր անդամ իր կանաչին ինքը պետք է փնջի: Թե չէ՝ շատ ու շատ մանր-մունր հարցերով դիմում ենք վերադասին, այն դեպքում, երբ ինքներս կարող ենք հարցը կարգավորել: Սովորույթը գալիս է ոչ հեռու անցյալից, երբ մարդը զրկված էր նախաձեռնելու հնարավորությունից եւ սպասում էր, որ ամենահասարակ հարցն անգամ լուծում ստանա վերադասի միջոցով:

Բնորոշ է հետեւյալ դեպքը. անտառի կողքին գութանով վար անելիս հոտաղի ձեռքի ճիպոտը ջարդվում է, գութանը կանգնեցնում են, գալիս գրասենյակ բրիգադիրին հայտնում, որ հոտաղի ճիպոտը ջարդվել է, ի՞նչ անենք: Այնինչ կարելի է մոտակա տկողնու թփից մի ճիպոտ կտրել եւ… հարցը լուծված է:

Դառնանք մեր օրերին. երբ մեկ գյուղաչափ բնակչություն ունեցող շենքի բնակիչներից մեկը զբաղվում է հարբեցողությամբ եւ գիշեր-ցերեկ լպիրշ հայհոյանքներ տեղում, տեղի-անտեղի վիրավորում մարդկանց, խանգարում նրանց հանգիստը, իր ընտանիքին զրկում նյութական առանց այն էլ սուղ միջոցներից եւ այլն, ո՞վ պետք է զբաղվի մարդանման այդ «մարդու» հարցով: Հարեւանները, ընկերները, կոլեկտիվը «ջաններին ջափա» չեն տալիս զբաղվելու նմանների վերադաստիարակությամբ, այլ հենց միանգամից «վազում են» ոստիկանություն…

Օրերս մի խիստ հակաբարոյական դեպք տեղի ունեցավ. կենտրոնական փոստում. թոշակառու Վ-ի ընտանիքից եկել եւ փոստից ստացել էին հերթական ամսվա թոշակը: Էս թոշակառուն եկել էր փոստ եւ մեծ տարարամ բարձրացրել, թե դուք, փոստի ընկեր աշխատողներ, ի՞նչ իրավունքով եք ինձ հասանելիք  թոշակը տվել իմ ընտանիքին: Բացատրում են, թե ոչինչ, մեծ տարբերություն չկա, թոշակդ ձեր ընտանիքին, հո ուրիշին չե՞նք տվել, մեկ է, չէ՞ որ դու թոշակդ պիտի տնեցոց տայիր: Չէ ու չէ՝ պնդում է թոշակառուն, օրենքի անունից հոխորտալով, գնացեք փողը ետ բերեք եւ տվեք իմ ձեռքը… Ճար չկար, փոստի աշխատողը գնաց ընտանիքից ետ ստացավ թոշակը և բերեց-տվեց թոշակառուի ձեռքը:

Ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչպես ծախսվեց այդ թոշակը, որը կռիվ-ղալմաղալով հայտնվեց թոշակառուի բռան մեջ: Հանրահայտ հարբեցող է այդ թոշակառուն. երկու-երեք օր շարունակ հարբած էր նա եւ իր գոռգոռոցներով ու հայհոյանքներով զզվեցրեց այդ գյուղաչափ շենքի բոլոր հարկերի բնակիչներին: Ցավն այն է, որ այդ հարբեցողները, այդ «ալկագոլիկները» ամենուրեք դրսեւորում են իրենց արգահատելի բնույթը: Նրանք մարդկանց անդորրը թունավորում են նույնիսկ շրջակա միջավայրում. տատիկ-պապիկի հուշակոթողի կողմերում անհատական բոստաններ կան, եւ քաղաքի բնակիչներից շատերը իրենց շաբաթ-կիրակնօրյա հանգիստը անց են կացնում բացօթյա, մայր բնության գրկում: Ավա¯ղ, այստեղ էլ ալկագոլիկներից պրծում  չկա: Հարբեցող Գ-ն նույնպես բոստան ունի հուշակոթողի հարեւանությամբ: Նա խմում-հարբում է եւ անընդմեջ շարունակական ղալմաղալներ, խոսքակռիվներ եւ նույնիսկ կռիվներ սարքում առանց բացառության շրջակա բոլոր բոստանների հարեւանների հետ: Ոստիկանությունը մի քանի անգամ զբաղվել է հարբեցող Գ-ի հարցով, կարգի հրավիրել նրան, սակայն կարճ ժամանակ անց նա վերսկսում է իր անվայել պահվածքը:

Եվ այստեղ դառնանք ամենակարեւորին. ինչո՞ւ նման մարդուն «դարձի բերելու» հարցով զբաղվում է միայն ոստիկանությունը: Ինչո՞ւ այսքան տարիներ շարունակ հիշատակվող շենքի բնակիչները միայն տրտնջում են հարբեցողի հասցեին, բայց իրենց նախաձեռնությամբ ոչ մի հակամիջոց չեն ձեռնարկում: Նույնը եւ բոստանի հարեւանները. չեն զբաղվում իրենց հանգիստը շարունակաբար խաթարող ալկագոլիկով, այլ դիմում են վերին ատյաններին:

Այստեղ է հենց «պրեզիդենտը գալու է կանաչիս փնջի՞…» ասույթի իմաստը, որ մեր կանաչին մենք պետք է փնջենք, դա առաջին հերթին մեր պարտքն է:

Երբեմն հարբեցողները հայտնվում են ուղղակի անկառավարելի-զավեշտական վիճակում. օրերս քաղաքի բնակիչներից մեկը իր բոստանը հասավ այն պահին, երբ հարբեցող հարեւանը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր անում. քանդում հողից հանում- հավաքում էր երկու օր առաջ հողին պահ տված կարտոֆիլի սերմերը: Տեսնելով տիրոջը՝ գողը վայրկենապես չորս կողմը շպրտեց սերմերը եւ… իբր թե ինչ-որ բան է որոնում: Տիրոջ հարցին, թե այստեղ ինչ գործ ունես, գողը անվրդով պատասխանեց.

– Կացինս կորել է, ման եմ գալիս՝ գտնեմ:

– Ես կացիններ չեմ ցանել, որ դու հողը փորես-գտնես,- հումորի անցավ բոստանատերը:- Իսկ հիմա ռադ եղիր այստեղից:

Ի դեպ, բոստանագողությունը սարսափելի տարածված է. շատերը բոստանի մրգերը հավաքում են կիսահաս-կիսախակ վիճակում:

Երբ նրանց ասում են՝
Մի քաղեք, խակ է, թող հասնի,
Պատասխանում են՝
Որ հասնի, էլ մեզ չի հասնի:
Ի՞նչ անել.
Հսկեք՝ հասնի,
Որ ձեզ հասնի:

Սիրելի ընթերցողներ, այս օրինակները զի՞նչ կցուցանեն: Այն, որ ոչ մեկը չի ուզում իր կանաչին ինքը փնջել, այլ սպասում են, որ … ուրիշները փնջեն: Բոստանատերերը կարող են, չէ,՞ մոտակա ընկուզենիներից մեկի տակ հավաքվել, ընկերական դատ կազմակերպել եւ մի լավ քրտնացնել համարյա ամեն օր իրենց հանգիստը խաթարողին: Կարող են, բայց… մտածում են՝ մեր ի՞նչ գործն է, այնինչ, եթե թոշակառու-հարբեցողի  հարեւանները, ընկերները շատե-քչե զբաղվեին նրա վերադաստիարակության դժվարին գործով, ապա այսօր պարտքերի մեջ թաղված հայ ընտանիքը չէր զրկվի իր հիմնական եկամտից՝ թոշակից:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

ՍՈՒՏԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՈՐՍԻՑ ՀԵՏՈ  ԿԱՄ՝ ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Ինչպես գիտենք, լինում է չի լինում՝ մի Քաջ Նազար է լինում: Այս Քաջ Նազարը բախտի բերմամբ, թե պատահմամբ թագավորում էր մի երկրում: Պետք է նշել, որ նա ոչ ուժով էր փայլում, ոչ խելքով, բայց արի ու տես, որ դարձել էր մի ամբողջ թագավորության տեր ու տիրակալ:

Եվ այսպես երջանիկ ու անհոգ նա թագավորում էր այդ երկրում, մինչեւ որ երկիր ներխուժեցին ժողովրդավարական կարգեր: Սարսափահար վեզիրը վազեց Նազարի մոտ եւ տեղեկացրեց, որ իրենց երկիր է ներխուժել ժողովրդավարությունը: Դե, Նազարն էլ շատ չգիտեր, թե ինչ է ժողովրդավարությունը, ուստի ապուշ դեմքն ավելի հիմարացնելով՝ հարցրեց.

– Ո՞վ է ժողովրդավարությունը:

Վեզիրը մի պահ ուզեց ծիծաղել նրա խիստ անգրագետ հարցի վրա, բայց զսպեց իրեն, չէ՞ որ վերջիվերջո իր առաջ թագավորն է կանգնած:

– Ժողովրդավարությունը մարդ չէ, ժողովրդավարական կարգերն այնպիսի կարգեր են, որի դեպքում երկրի ժողովուրդը իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, ընտրելու իր թագավորին, ավելի ճիշտ՝ նախագահին: Այլ խոսքով՝ այն կարելի է անվանել առաջադիմություն,- փորձեց բացատրել վեզիրը:

– Վա՛յ քեզ առաջադիմություն,- բղավեց ապշահար Նազարը:

Եվ այդ պահին Նազարի սրտում նորից բնակություն հաստատեց վաղեմի ընկեր Վախը: Եվ պետք է բնական համարել նրա վախի զգացումը: Ճիշտ է, նա քաջ էր, բայց դե մեկ է, մնում էր նույն Նազարը:

Ի՞նչ աներ, ի՞նչ, այս խեղճ Նազարը, սուտ խելք ու ուժ վերագրելով իրեն՝ դարձրել էին թագավոր, հիմա էլ ասում են՝ ժողովրդավարությո՛ւն, առաջադիմությո՛ւն, ընտրությո՛ւն…

– Վա՛յ, օրս սեւ եղավ,- մտածում էր Նազարը: Բայց հանկարծ Նազարի գլխուղեղի մի փոքրիկ ծալքում մի հուսադրող միտք ծլարձակեց. «Չլինի՞ բախտը ժպտա ինձ եւ ինչ-որ կերպով կարողանամ նախագահ դառնալ»: Բայց ինչպե՞ս, չէ՞ որ նույնիսկ կարգին չգիտեր, թե ինչ է այդ նախագահական ասվածը:

Բայց ոչինչ, վեզիրին մի քիչ շատ կտա, նա էլ աչքերը փայլեցնելով մի բան կմոգոնի Նազարին գահին պահելու համար:

-Որոշված է,- վճռեց Նազարը եւ իր մոտ կանչեց վեզիրին:

Վեզիրը մտամոլոր քայլերով մոտեցավ Նազարին. երկուսն էլ հասկանում էին, որ հարկավոր է ինչ-որ բան անել, բայց թե ինչ՝ նրանցից ոչ մեկի կարճ խելքը չէր կտրում: Եվ քանի որ Նազարի խելքն ավելի կարճ էր, քան վեզիրինը, ուստի ամբողջ հույսը մնում էր միայն վերջինիս վրա: Յոթ օր, յոթ գիշեր մտածում էր վեզիրը եւ յոթ օր, յոթ գիշեր ավելի էր սարսափահարվում Նազարը: Վերջապես ութերորդ օրը իր հանճարեղ ծրագրով երեւաց մեծն մտածող Վեզիրը. Նազարը պետք է ընդունի ժողովրդավարական կարգերը եւ իր թեկնածությունը դնի առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում, ուրիշ ելք չկա: Վեզիրի ծրագիրը Նազարի սրտովը չէր, բայց, դե, մեր Քաջն այլընտրանք չուներ, ժողովրդավարական կարգերն այնպես էին թափանցել ամեն ծակուծուկ, որ ազատվելու հնար չկար:

Բայց Նազարի վշտի օվկիանոսն ավելի մեծացավ, երբ իմացավ, որ իրենից բացի երկու ուրիշ թեկնածուներ էլ կան: Այս անգամ էլ օգնության հասավ վեզիրը, որը հանգստացրեց նրան եւ խորհուրդ տվեց զինվել համբերությամբ: Երբ մյուս օրը թեկնածուները գնացին քարոզարշավի եւ սկսեցին ընտրողներին իրենց կողմը գրավել բավականին շռայլ խոստումներով՝ Նազարն էլ գործի անցավ: Եթե մյուսները խոստանում էին խոսքի ազատություն, ապա Նազարը խոստանում էր ամեն տեսակի ազատություն, եթե մյուսները խոստանում էին աշխատավարձը բարձրացնել կրկնակի, եռակի, ապա Նազարը խոստանում էր քառակի, հնգակի: Եվ այսպես, ստի պարկը բացած, ընտրողներին սար ու ձոր խոստանալով եւ մյուս թեկնածուների վրա ցեխ շպրտելով՝ Նազարն ընտրվեց պետության նախագահ: Վերջապես ահն ու սարսափը լքեցին Նազարին, եւ նա ըմպելով անուշահամ գինին՝ հին սովորությանը համաձայն կսմթում էր կնոջ կարմիր այտն ու ասում.

– Ասում էի, չէ՞, խելք-մելք սուտ բան է, մարդ պիտի բախտ ունենա, բախտ: Մեկ էլ, մեկ էլ կարողանա ստից-մտից խոստումներ տալ:

Անցան տարիներ, Նազարը շարունակում էր մնալ երկրի նախագահ, չնայած խոստումների գեթ մեկ տոկոսն էլ չէր իրականացրել: Բայց մի օր նորից նորություններով զինված վեզիրը /որն այժմ վարչապետ էր/, մտավ Նազարի մոտ եւ հայտնեց, որ հարեւան քոչվորական ցեղախումբը արշավել է երկրի վրա, եւ ժողովուրդը հրաժարվում է դիմակայել թշնամուն՝ մինչեւ Նազարը զորքի գլուխ չանցնի եւ իր քաջությամբ չներշնչի իրենց:

– Ա՛յ քեզ հիմար ժողովուրդ, ո՞վ է դրանց գլուխը մտցրել, թե Նազարը քաջ է, Նազարը նույնիսկ իր շվաքից է վախենում,- քթի տակ մրթմրթում էր Նազարը:

Վեզիր-վարչապետը լսեց Նազարի փնթփնթոցը, քանի որ օժտված էր սուր լսողական համակարգով եւ երկար-բարակ քրքրելով ուղեղի ժանգոտած ծալքերը՝ վերջապես այնտեղ գտավ մի բավականին հաջող միտք.

-Արի պատերազմի դաշտ, բայց ձեւացրու, թե հիվանդ ես եւ արեւի տակ երկար չես կարող մնալ: Կոչ արա ժողովրդին կռվել, իսկ դու նորից ետ արի քո ամրոց ու քեզ համար քեֆ արա:

Նազարն այս անգամ էլ հետեւեց վեզիր-վարչապետի խորհրդին, քանի որ իր փոքրածավալ գլխում այդ պահին պատահականորեն ոչ մի միտք չծագեց: Եվ շալակած ստի պարկը՝ նա շարժվեց պատերազմի դաշտ, գլխին հավաքեց ժողովրդին, կոչ արեց նրանց կռվել եւ խոստացավ լավագույն կռվողներին դրամական պարգեւ: Իսկ քանի որ ինքը «արհեստականորեն» հիվանդ էր, ուստի պատերազմական գործողություններին մասնակցել չէր կարող: ժողովուրդն առանց առաջնորդի հաղթեց պատերազմում եւ երկրից դուրս քշեց քոչվոր ցեղերին: Բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ուներ. այս անգամ նրանք լռել չէին կարող: Կատաղած ամբոխը հարձակվեց Նազարի ամրոցի վրա, սա էլ սրտաճաք եղավ, ամեն ինչ թողնելով՝ փախավ մի հեռավոր գավառ: Իսկ նոր նախագահ ընտրվեց վեզիր-վարչապետը:

Նազարը հայտնվեց կոտրած տաշտակի առաջ: Փոքրիկ, կիսավեր խրճիթում նա ապրում էր իր կնոջ հետ: Ոչ գործ ունեին, ոչ էլ ուտելու բան, ունեցած-չունեցածները մի հրացան էր, բայց Նազարը կրակել չգիտեր: Կնոջ նախատինքներից հոգնած՝ մի օր Նազարը հայտարարեց՝ գնում եմ որսի: Ասաց ու կրակն ընկավ: Կինը տնից վռնդեց ու հայտնեց, որ մինչեւ որս չանի՝ տուն չգա: Նազարը վերցրեց հրացանը, գնաց անտառ: Հանկարծ անտառային լճակի մեջ տեսավ լողացող բադերի: Ուրախացավ, նշան բռնեց եւ կրակեց, բայց բադի փոխարեն մի գորտ սպանեց:

– Այ քեզ ձախորդփանոսություն,- կատաղեց Նազարը:

Դես շրջեց, դեն շրջեց, բայց ոչինչ չորսաց: Հանկարծ նկատեց, որ մութն ընկնում է, լեղին ջուր դարձավ, հրացանը դիմացը պահելով՝ սկսեց վազել դեպի տուն: Փառք Աստծո, դեռ լիովին մութ չէր, երբ նա հասավ տուն: Բայց արի ու տես, որ կինն առանց որսի ամուսնուն չէր ուզում տուն թողել: Եվ Նազարը այս էլ որերորդ անգամ բացեց ստի քսակը եւ սկսեց պատմել, թե ինչպես նա մի ամբողջ երամ բադ էր որսացել, երբ հայտնվեց մի չլսված-չտեսնված չափի գայլ, որն ուղիղ հարձակվեց որսացած բադերի վրա: Նազարն էլ ուզում էր կրակել, երբ պարզվեց, որ հրացանի մեջ փամփուշտ չկա: Ստիպված նա բարձրացավ ծառը, բայց մեկ էլ շրջվեց ու ի¯նչ տեսավ, գայլը ի հետեւից ծառն է բարձրանում: Նազարը նետեց իրեն ծառից, ուշափաթվեց եւ երբ ուշքի եկավ՝ ոչ գայլը կար, ոչ էլ որսացած բադերը կային:

Կինն, իհարկե, չհավատաց Նազարի մոգոնածին եւ թողեց, որ նա գիշերի դրսում: Նազարը վախից սարսռաց, սկսեց աղաչել-պաղատել, բայց ոչինչ օգուտ չարեց: Չիմացավ էլ, թե ինչպես լուսացրեց գիշերը: Աչքերը բացեց եւ ինչ տեսնի՝ ճանճերի բանակը հարձակվել էր Նազարի կեղտոտ երեսի վրա: Ջղայնացավ Նազարը, տարավ-բերեց ու մի լավ հարվածեց, եւ, օ՛ զարմանք, հազարավոր ճանճեր միանգամից ընկան գետնին: Հանեց թաշկինակը, վրան գրեց. «Քաջ Նազարը նորից քաջացել է» եւ նստելով էշին՝ ճանապարհ ընկավ: Թե ուր գնաց, ինչ եղավ նրա հետ՝ այդպես էլ չիմացանք, բայց շատ հավանական է, որ հիմա նա մի որեւէ երկրում թագավոր է, կամ էլ մի ժողովրդավար պետությունում նախագահ է ընտրվել:

Անահիտ ԲԱԴԱԴՅԱՆ, ԱրՊՀ, լրագր. 3-րդ կուրս

——————————————————————————————-

Մշակույթ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՇԻՐՄԱՔԱՐԵՐ

Երբ ազերիները ջարդում-ավերում էին Ջուղայի հին հայկական գերեզմանատները Արաքսի ձախ ափին՝ ավազ ու խճաքար ստանում արվեստի գլուխգործոց խաչքարերից, իսկ աշխարհը քար լռությամբ հետեւում էր, նույն ժամանակ «Ջուղան Շուշիից է սկսվել» վերտառությամբ հոդված էի տպագրել «Դեմո» թերթում: Անցած-գնացած բաներ են, բայց երբեք չի կարելի մոռացության մատնել: Առավել ևս մենք ինքներս իրավունք չունենք մոռացության մատնել մեր մշակութային արժեքները: Մինչդեռ ինքներս էլ ենք հանցավոր անտարբերությամբ վերաբերվում դրանց նկատմամբ:

Հարգելի ընթերցող, այս անգամ, էլի «աթա-բաբաներից» ժառանգած ձեռագրով գրված մի նոր էջի մասին եմ ուզում խոսել: Այն եւս մյուսների նման կապված է Շուշիի հին հայկական ու ռուսական գերեզմանատների հետ:

Ղայբալի գյուղի հին արձանագրությունները հավաքած՝ կարճ ճանապարհով Շուշի էի բարձրանում: Անտառի բացատում երեք խաչքար տեսա, լուսանկարեցի եւ մտածմունքի մեջ ընկած՝ ճանապարհս շարունակեցի: Հետո, երբ այս մասին խոսք բացվեց, անտառապահ Հակոբը (Շահումյանի շրջանից տեղահանված, Շուշիում վերաբնակված) տեղեկացրեց՝ «անտառում մի քանի տեղ գերեզմանաքարեր կան, սակայն տարածքը գերեզմանատան նման չէ, իսկ բենզալցակայանի կողքով դեպի Ղայբալի ու Կրկժան տանող ճանապարհը կարծես գերեզմանաքարերի վրայով է անցնում՝ նկատել եմ խնձորենու շիվ պոկելու ժամանակ»:

Երբ առանց համապատասխան գործիքների, թուղթուգրչի, եղա տեղում, շատ զարմացա: Տարածքը մի լավ զննեցի, մոտենալու հնարավոր տեղ գտա, մոտիկից տեսա, որ այստեղ ազերիները յուրօրինակ ճանապարհաշինարարություն են կատարել 1989-90 թվականներին, երբ կառուցվել է Շուշի-Ղայբալի-Կրկժան-Քյոսալար-Ջանհասան-Խոջալու-Հասանաբադ-Մալիբեկլու ավտոճանապարհն ու օղակվել Ստեփանակերտը:

Մի փոքր հեղեղատի «բերան» փակելու համար ազերի շինարարները մտածել են, որ ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հսկա ժայռաբեկորներով հնարավոր չէ դա անել: Որոշել են հայկական շիրմաքարերով այն փակել: Վերամբարձ կռունկներն ու ինքնաթափ մեքենաները գործի անցան Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հարավ-արեւելյան կողմի հին հայկական գերեզմանատան տարածքում: Ու «մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու» սկզբունքով են առաջնորդվել: Տարածքում սկսել են մասնավոր տների շինարարություն հենց այդ շիրմաքարերով, իսկ մի մասն էլ տեղափոխել են նշյալ վայրը: Ահա թե ինչու այս անգամ թալանից զերծ է մնացել քաղաքի հյուսիսային կողմի գերեզմանատունը:

Սույն թվականի մարտի 3-ին սկսեցի ուսումնասիրել բենզալցակայանից ոչ հեռու այդ ճանապարհահատվածը: Երբ տարածքը մի քանի օրում հազիվ թփերից մաքրեցի, եկա այն եզրահանգման, որ, կա-չկա, մի քանի տասնյակ, գուցե հարյուրից ավել շիրմաքարեր են լինելու թաղված այստեղ: Մարտի 15-ի դրությամբ հաջողվել է խճաքարերից ու կավահողից ազատել 23 շիրմաքար, որոնցից մեկը՝ երեք մասի բաժանված: Լուսանկարեցի տարածքն ու սկսեցի արտագրել արձանագրությունները:

Թեման չեմ փակում, քանի որ պարզ չէ, թե ինչքան ժամանակում ավարտին կհասցնեմ հետազոտական աշխատանքներն այստեղ, սակայն նպատակահարմար եմ գտնում ընթերցողին որոշ տեղեկություններ տալ, խոստանալով վերջում հանդես գալ ծավալուն հոդվածով: Իսկ հիմա բավարարվենք այս պահին իմ ձեռքի տակ գտնվող մի քանի լուսանկարներով ու արձանագրություններով, որոնք իմ տասնամյա հետազոտության ժամանակաշրջանում միանգամայն նոր տեղեկատուներ են:

Ես միշտ փորձում էի ավելի հանգամանալից տեղեկանալ, թե քաղաքում ինչով էին զբաղվում 18-19-րդ դարերում: Առանց օժանդակ աղբյուրի, արձանագրությունների միջոցով, պարզվել էր, որ Շուշիում գործել է արհեստի 44 տեսակ: Զարմանում էի, թե ինչու որեւէ երաժշտի մասին տեղեկատու արձանագրություն չկա 6 գերեզմանատներից գեթ մեկի տարածքում: Եւ հիմա հոգեկան մեծ բավարարվածություն ստացա, երբ հողի տակից հանեցի մի շիրմաքարի կտոր, վրեն գրված՝ «որդի սազանդար»: Եռօրյա փն-տրտուքս տվեց արդյունք՝ գտնվեց շիրմաքարի երկրորդ կեսը եւս: Պարզվեց, որ մաջարի /քարի վրա նուրբ քանդակներ կատարող/ ձեռքով վերջնական տեսքի բերված այս գեղեցիկ շիրմաքարը տեղադրված է եղել սազանդար /երաժիշտ/ Ասլանի շիրմին 1801թ.: Ներկայացնում եմ շիրմաքարի կտորների լուսա-նկարները՝ իրար կողքի, եւ արձանագրությունը, որն ասում է.

Այստեղ ի հայտ եկավ «Ըղեքար» /երեւի՝ Աղաքար/ տեղանուն հիշատակող արձանագրությամբ շիրմաքար էլ, կողին գրված.

Այստեղ շիրմաքար կա նաեւ քաղաքի ռուսական գերեզմանատան տարածքից: Ավելի ճիշտ՝ շիրմաքարից մի կտոր 110x100x90 սմ չափսերի /այս չափսերն ունեցող արձանագրություն պարունակող քարը վեց կտորից բաղկացած բրգաձեւ շիրմաքարի երրորդ կտորն է/, որի երկու կողերին գրված է.

Հնարավոր է, շիրմաքարի մնացած կտորներն էլ այստեղ են, քանի որ ռուսական գերեզմանատան կենտրոնական մասում ցարական սահմանապահ թիվ 6 գնդի հրամանատար Սեմյոնովի շիրմաքարի հարեւանությամբ կա պատվանդան, որը համապատասխանում է նշված չափսերին:

Դե ի՞նչ: Հարկ է տարածքը մաքրել, նույնությամբ պահպանել, որպես մի ուրույն տեսարժան վայր զբոսաշրջիկների եւ արտերկրներից Արցախ ժամանած պաշտոնյաների համար: Թող տեսնեն ու զարմանան:

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Հրապարակելով այս նյութը՝ հերթական անգամ տարակուսում ենք, որ այսպիսի մշակութային-քաղաքական կարևորագուն գործով զբաղվում է մի  անձ: Եթե Հ.Հարությունյանը չլիներ, ապա այս և բազում այլ շիրմաքարեր այդպես էլ կմնային հողի տակ, մենք էլ՝ դրանց անհաղորդ: Եթե Հ.Հարությունյանը չլիներ, ապա մի շարք այլ տապանաքարեր հողի տակ կհայտնվեին՝ արդեն ոչ թե ազերի, այլ մեր իսկ ճանապարհաշինարարների «շնորհքով»: Մարդն աշխատում է, պրպտում, գտնում, խնամում, փրկում, և այս ամենը՝ իր սուղ հնարավորություններով: Մինչդեռ կան պատկան գերատեսչություններ, կարգին աշխատավարձ ստացող բազմաթիվ պաշտոնյաներ, կա, վերջապես, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմ: Թվում է՝ ով-ով, բայց նրանք հաստատ պիտի շահագրգռված լինեն այս ամենով: Թվում է… Իսկ մինչ թվում է՝ մարդն իր հնարավորություններով պայքարում է այսօր, որովհետև վաղը կարող է ուշ լինել: Մինչև աշխատասենյակներում արթնանան՝ նա փորձում է հնարավորինն անել: Այսքանն անում է մի մարդ, մի անհատ: Պատկերացրեք, թե ինչքան կարող է անել մի նախարարություն, մի երկիր, մի ժողովուրդ: Գոնե պատկերացնենք:

 

ԴՐՎԱԳՆԵՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԿՅԱՆՔԻՑ

(ծննդյան 150-ամյակի առթիվ)

Երեւանի նախկին բանվորական թատրոնում խաղում էին Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» կատակերգությունը: Ալեքսանդր Շիրվանզադեն ասաց իր հեղինակավոր կարծիքը. «Պետք է խոստովանել, որ մենք՝ արեւելահայ գրողներս, մեր գրվածքներում թախծել ենք, լացել, ողբացել կամ զայրացել, բողոքել ենք: Տխուր ժողովուրդ ենք եղել, ձանձրանալու չափ լուրջ. ո’չ ծիծաղ կար, ո’չ սրամիտ կատակ, ո’չ զվարճալի արտահայտություններ մեր գրական խոսքերում: Այնինչ արեւմտահայ  գրողներից քչերը չեն, որ աչքի են ընկել իրենց սրախոսություններով, սրամտություններով, առողջ ծիծաղի, երգիծանքի լավագույն օրինակներով: Այդ տեսակետից նրանք մեզ միշտ հաղթել են: Հիմա Դեմիրճյանն ուզում է մեզ պարզերես անել: Նա հիանալի հումոր ունի, ես այդ վաղուց եմ նկատել»:

Որպես վերջին խոսք՝ նա առաջարկեց ներկայացումը տեսնել:

Օրեր անց Դեմիրճյանը մտավ սրճարան, Թոթովենցը՝ կատակերգության հերոսի դերում, ասաց.

– Դաղստանից մինչեւ Հնդըստան երկու իգիթ եմ ճանաչում, մինը Քաջ Նազարն է, մինն էլ Քաջ Նազարն ինքը կասի ով ա:

– Ո’չ, ես մի իգիթ եմ ճանաչում, դա «Քաջ Նազարի» հեղինակն է,- պատասխանեց Շիրվանզադեն եւ հրավիրեց ժպտացող Դեմիրճյանին՝ իր կողքին նստել:

***

Ուսական օպերայի շողշողուն աստղերից մեկին՝ տաղանդավոր երգչուհի Նադեժդա Պապայանին Շիրվանզադեն բարձր գնահատական է տվել. «Ահա մի փայլուն ադամանդ, որով հայերը կարող են պարծենալ, ինչպես նրանց համար քաղցր էր պարծենալ Ադամյանի անունով…»:

Երբ Շիրվանզադեն Փարիզում էր, հանդիպեց երգչուհուն: Քիչ զրուցելուց հետո Պապայանը հայտնեց, որ մի քանի օրից պետք է մեկնի Մոսկվա՝ համերգի: Վիպասանը, չթաքցնելով չար նախազգացումը, խորհուրդ է տալիս չգնալ: Սակայն օրիորդը նրան առարկում է, ասելով, որ արտիստի կյանքը ժողովրդի աչքում անձեռնմխելի է:

Անցնում են օրեր, եւ Շիրվանզադեն լսում է երգչուհու մահվան լուրը:

Պարզվում է, որ Մոսկվայում Պապայանը հեռագիր է ստանում ընտանիքից, որ հայրը մահամերձ հիվանդ է: Պապայանը, արհամարհելով ձմեռային սառնամանիքը, շտապում է ծննդավայրը՝ Աստրախան: Հիվանդը առողջանում է: Քաղաքում արդեն լուր էր տարածվել, որ երգչուհին իր հետ մեծ քանակությամբ ադամանդ ու ոսկեղեն է բերել: Երեք սրիկաներ՝ մեկ հայ, երկուսը թուրք, հարձակվում են նրանց տան վրա՝ պահանջելով այն: Օրիորդի հայրը դիմադրում է, տեղի է ունենում կռիվ, օրիորդը մեջ է ընկնում հորն օգնելու եւ ստանում դաշույնի մահաբեր վերքեր ու մի քանի օրից հետո վախճանվում է: Կործանվեց ծաղիկ հասակում մի աննման երգչուհի:

Հետագայում Շիրվանզադեն նշում է, որ 1919թ., երբ բոլշեւիկները գրավում են Հաշտարխանը, ձերբակալվում է մարդասպանների 50 հոգուց բաղկացած մի բանդա, եւ հանգուցյալ Աթաբեկյանի կարգադրությամբ ամբողջովին գնդակահարվում: Այդ բանդայի մեջ է լինում նաեւ Պապայանին սպանող թուրքերից մեկը:

***

Մի անգամ գրողներից մեկը դիմեց Շիրվանզադեին.

-Լինում են մարդիկ, որոնց հաջողվում է իրենց թույլ պիեսները տպագրել տալ:

Ու տվեց մի հեղինակի անուն:

-Այո, այդ հեղինակը կանի, հավատում եմ: Նա զոռով կգրի պիես, կստիպի պայմանագիր կնքելու դրա համար, զանազան միջոցներով կստիպի հրատարակել իր պիեսը, ճնշում գործ կդնի թատրոնի վրա, որ բեմադրեն: Այդ ամենը նա կանի, հավատում եմ: Բայց մի բան անզոր կլինի անել: Նա չի կարող ստիպել ընթերցողին կամ հանդիսականին հավանել իր «երկը»: Գրախանութի ցուցափեղկում փոշին կնստի նրա պիեսի վրա, իսկ արեւն էլ կչորացնի եւ դեղնահար կանի… Ընթերցողն էլ միշտ անտարբեր կանցնի ցուցափեղկի մոտով:

***

Անչափ կենսուրախ էր եւ չէր սիրում տրտնջացող ծերունիներին: Օրերից մի օր ձեռքն ընկավ մի նկար, որտեղ պատկերված էր տարեց Բեռնարդ Շոուն՝ ծովում լողանալիս:

-Ա¯յ, այսպիսի կենսուրախ ծերուկներին ես սիրում եմ: Քեֆս եկավ… Այդ իռլանդացին ե’ւ իր հումորով, ե’ւ իր անձնական կենցաղով ճարպկորեն կռվում է ծերության դեմ…

***

Բաքվում, երբ Շիրվանզադեն ծառայում էր շինարարական հիմնարկի ղեկավար Աղասի-բեգի մոտ, ծանոթացավ հնդկահավի պես փքված, անտանելի այդ մարդու հետ, որ ապագա վիպասանի գլխին «ճառ» կարդաց հետեւյալ բովանդակությամբ.

– Հայ ազգը աշխարհիս երեսին ամենամեծամիտ, ամենաամբարտավան ազգն է: Դա է պատճառը, որ նա այսօր թագավորություն չունի: Տեսնո՞ւմ եք ինձ, ես էլ ձեզ նման գրագիր եմ եղել, այսօր, գոհություն աստծո, ունեմ հինգերորդ աստիճանի չին, երկու շքանշան, երրորդին սպասում եմ առաջիկա հունվարին: Ինչո՞ւ, որովհետեւ ես հայի պես չեմ պահել ինձ, պարտքս ճանաչել եմ ու կատարել:  Ով ուզում է բարձրանալ, պետք է խոնարհվի իր մեծավորների առաջ:

Շիրվանզադեն ինքնասեր էր, հպարտ ու ինքնակամ, դրա համար երբեք «չխոնարհվեց» ու չդարձավ հինգերորդ աստիճանի չինովնիկ:

***

Եթե Շիրվանզադեն մեկի հետ կատակում էր, նշանակում է համակրում եւ ընդունում է նրան: Չհամակրած մարդու հետ նա շատ զուսպ էր, եթե կուզեք՝ շատ չոր, եւ, ընդգծված կերպով՝ անտարբեր: Իր բուռն համակրանքին արժանացած մարդու հասցեին նա անմեղ կատակներ էր ուղղում՝ բնավ չփչացնելով իրենց միջեւ եղած մտերիմ հարաբերությունները: Համակրած մարդու բացակայության պահին երբեք թույլ չէր տա նրա մասին կատակներ անել: Ընդհակառակը, կպաշտպաներ նրան եւ կընդգծեր բոլոր արժանիքները:

Նրա համակրած մարդկանցից մեկը գրող Արազին էր, որի հետ սիրում էր մտերմիկ զրույցներ ունենալ եւ որին ունկնդրում էր մեծ ուշադրությամբ: Եւ ահա նրա իսկ ներկայությամբ Շիրվանզադեն  կազմում է մի չափածո կատակ եւ արտասանում սուրճի սեղանի շուրջ նստած խմբի առաջ.

Արազի, ա’յ Արազի,
Քանի ասի՝ մի վռազի,
Որսի գնացիր վարազի,
Եկար առանց տարազի,
Սրանից հետո, Արազի,
Քաջությունից վազն արի:

Հետո մոտեցավ Արազուն, բռնեց նրա ուսից եւ քնքշորեն հրեց` ցանկանալով հասկացնել, որ իր անմեղ կատակից չպիտի նեղանալ:

Ժողովեց` Սիրուն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ / ԱրՊՀ ավագ դասախոս

ՄՏՔԵՐԻԴ ՀԵՂԵՂԸ ՊԱՏՆԵՇԻՐ ՄԻ ՊԱՀ

Ոմանք զրուցելիս կամ վիճելիս անընդհատ իրենք են խոսում եւ չեն թողնում, որ մի խոսք էլ դուք ասեք:

Նման դեպքերում Չըխկի Արսենը առանց այլեւայլության ընդհատում է խոսակցին, ասելով.
-Մտքերիդ հեղեղը պատնեշիր մի պահ, որ մի բան էլ մենք ասենք:

ԹԱԽՏԱԲԻԹԻՆ

-Ձեր տանը թախտաբիթի կա՞,- հարցրեց ընկերուհին ընկերուհուն:
-Ի՞նչ ես ասում, էս ո՞ր դարն է, որ տանը թախտաբիթի լինի:
-Աղջի, չե՞ս հասկանում՝ ամուսնուդ տանը մեծահասակ մարդ կա՞:

ԾՈՒՌ ԲԵՐԱՆԸ

-Ասում են՝ Այսինչ Այնինչյանի բերանը ծռվել է, ճի՞շտ է:
-Նրա բերանը երբ է դուզ եղել, որ հիմա էլ ծռվի:

ԱՆՀԱՄ ԳԱԹԱՆ

Կինը ամուսնու միջոցով գաթա ուղարկեց եղբորը: Սակայն երբ ամուսինը տեղ հասավ, աներձագի հետ խմելով ընկավ եւ մոռացավ գաթայի մասին: Երբ վերադարձավ եւ տուն հասավ, ետ բերած գաթան տվեց կնոջը.

-Եղբայրակինդ քեզ գաթա է ուղարկել,- ասաց:

-Վա¯յ, վա¯յ, վա¯յ, բա էսքան անհամ գաթա կթխե՞ն, խեղճ իմ ախպեր,- գաթան համտեսելուց հետո կարծիք հայտնեց կինը:

Ա¯Յ ՔԵԶ ՔԻԹ

– Գրիպը երեք օրում տարածվում է ամբողջ մոլորակում,- ասացի:

Զրուցակիցս՝ ծաղկաշատցի Վլադիկ Սարգսյանը, «միանգամայն լուրջ» նկատեց.

– Ա¯յ քեզ քիթ. մի փռշտալով կարողանում է ընդամենը երեք օրում մոլորակի մարդկանց վարակել գրիպով:

ՊԱՊԻ ԵՎ ԹՈՌԱՆ

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թոռը պապիկին շատ է նման. աչքերը, ունքերը, երեսկահատը, գլխի մազափունջը… Սակայն պապը դժգոհ էր.

– Ամենաաչքի ընկնող նմանության մասին ոչ մի խոսք չեք ասում։

– Էդ ո՞ր մեկն է, պապ:

– Թոռնիկս էլ ինձ նման երեք ատամ ունի:

ՍՈԽԱՐԱԾԸ… ՍՊԱՍՈՒՄ Է

Գնչուն ծեծեց դուռը, տանտիրուհին դուրս եկավ.

-Թող բախտիդ նայեմ, տեսնեմ ձեզ ինչ է սպասում ապագայում:

-Ես արդեն գիտեմ. սոխարածս կրակին սպասում է,- ասաց տանտիրուհին եւ փակեց դուռը:

ՄՍԻ ԵՐԵՍ ՉՏԵՍԱԾ

ՄՈՒՐԱՑԿԱՆԸ

Մի կին միս առած վերադառնում էր տուն.

-Ողորմացեք, տիկին, քանի ամիս է մսի երես չեմ տեսել,- դիմեց մայթեզրին ապաստանած մուրացկանը:

-Տեսեք,- մուրացկանին մի կտոր միս ցույց տվեց կինը եւ շարունակեց տունդարձի ճանապարհը:

ՀՈ ՁԵԶ ՆՄԱՆ ՏԵՏՐԵՐ ՉԵ՞Մ ՍՏՈՒԳԵԼՈՒ

-Լսիր, Թաբա, ամբողջ օրը խմած ես, գլուխդ չի՞ ցավում,- հարցրեց ուսուցիչը հարբեցողին:

-Ցավում է՝ ցավի: Հո ձեզ նման աշակերտների գրավորները չեմ ստուգելու, որ սխալներ անեմ:

Ո՞ՒՄ ԳԼՈՒԽՆ Է ԾԱԿ

Լավություն անողի

գլուխը ծակ է

Ասացվածք

Մի հանրահայտ գիտնականի հայտնեցին, որ Այսինչը նրան վատաբանել է, բամբասել: Գիտնականը անմիջապես չարձագանքեց, այլ սկսեց նայել իր նշումների տետրերը եւ ի վերջո ասաց.

– Ես այդ բամբասողին ոչ մի լավություն չեմ արել: Շատ հետաքրքիր է, թե ինչու է նա ինձ վատաբանում:

ՄԵԿԸ՝ ԶԱՆԳԱԿ, ՄՅՈՒՍԸ՝ ԲԱՄԲԱԿ

Մենք միշտ միաբեւեռ հոգե-բանության

կողմնակից ենք եղել

/թերթերից/

Մեկը՝ զանգակ, մյուսը՝ բամբակ.
Զա¯նգ, քո զանգը տուր բամբակին՝
Անդորրություն ու սեր համակ:
Իսկ թե երկուսն էլ բամբակ են
Եվ բամբակի պես են համակ՝
Ձայն չի ելնում տնից անդին.
Անդորրություն ու սեր համակ:
Բա որ երկուսն էլ զանգակ են
Եվ զանգակը խփեն զանգին.
Ամբողջ կյանքում զընգզընգոց է,
Ձայնը գնում տնից անդին`
Անդորրություն ու սեր չկա¯:
Որ զանգերը հա չզնգան,
Թող մի զանգը դառնա բամբակ՝
Անդորրություն ու սեր համակ:

Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

——————————————————————————————-

2007 թվականի նոյեմբերին արցախյան «Բաց հասարակություն» ՀԿ-ն հայտարարել էր մրցույթ «Ֆոտոակնթարթ՝ անվտանգության, ժողովրդավարության, եվրաինտեգրման և հակամարտության կարգավորման ոլորտում» ծրագրին մասնակցության համար: Մրցույթի արդյունքներով ընտրվել են երեք լավագույն երիտասարդ մասնակիցները: Ներկայացնում ենք մասնակիցների ստեղծագործությունների մի «փունջ»:

——————————————————————————————-

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s