№ 7 / 30 ապրիլ

ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ

«Հայաստանցի-ղարաբաղցի» տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները և վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: Տագնապալից ընթացքի առաջն առնելու ուրիշ ձև չկա, քան միմյանց դարդուցավը հասկանալը, անաչառ լինելու լավագույն ձևն այն է, երբ քեզ դնում ես դիմացինիդ վիճակի մեջ ու փորձում հասկանալ քո հնարավոր վարքագիծը:

Տվյալ պարագայում մտապահելով, որ մենք բոլորս Հայ ենք, ես պայմանականորեն հանդես եմ գալիս միջինվիճակագրական ղարաբաղցու դիրքերից և փորձում մաշկիս վրա կրել այն, ինչ կրել են իմ երևանցի միջինվիճակագրական եղբայրներն ու քույրերը:

Եւ այսպես, ի՞նչ կանեի ես, եթե ԼՂՀ-ում կայացած ընտրություններին ՀՀ-աբնակների չմասնակցության պարագայում մի բնիկ երևանցի մասնակցության իրավունք ձեռքբերեր ու  հասներ իշխանության: Իշխանության հասնելով էլ՝ կամաց-կամաց Ստեփանակերտ տեղափոխեր իր երևանցի ընկեր-բարեկամներին, պարզապես՝ բնիկ երևանցիների, ու նրանց պաշտոններ տար, խանութներ բացելու, արտոնյալ բիզնես ունենալու հնարավորություն ապահովեր: Որպես հենարան էլ ընտրեր ոչ թե ղարաբաղյան ճանաչված ու հարգված մտավորականների ու կադրերի, այլ, մեղմ ասած, տեղի հասարակության հարգանքը չվայելող անձանց:

Ես, որպես միջինվիճակագրական «էշ ղարաբաղցի», հավանաբար, կկատաղեի երևանցի «կատուկրասկատվողների» մերօրյա արշավանքից, իմ հոգում եթե ոչ ատելություն, ապա քամահրանք կառաջանար երևանաբնակների նկատմամբ, և իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու անհնարինության մեջ համոզվելով՝ ես էլ դուրս կգայի հանրահավաքի: Եւ եթե ինձ նման միջինվիճակագրական արցախցի քույրերիս ու եղբայրներիս փորձեին համոզել մահակով, ապա հոգուս քամահրանքը ինձնից անկախ կվերածվեր ատելության, հատկապես եթե հոգիս կրծի այն կասկածը, որ իմ գլխին իջնում է ոչ թե արցախյան սեգ անտառների կաղնու փայտից պատրաստված միջինվիճակագրական հարազատ մահակը, այլ Երևանում ներկված դագանակը՝ ներկողի հետ միասին:

Այո, որպես միջինվիճակագրական ղարաբաղցի՝ ես, երևի, այդպես կանեի: Բայց, որպես հայ մտավորական, ես այլ կերպ կվարվեի: Ես առաջին հերթին կմեղադրեի ինձ ու նմաններիս, որ չենք կարողացել դեպքերի նման զարգացման առաջն առնել: Ես ատելությամբ չէի լցվի շարքային ՀՀ-աբնակների նկատմամբ, լեզուս չէր պտտվի վատ բան ասել երևանցի շինարարի, հացթուխի, մանկավարժի, երաժիշտի, վաճառականի, ֆուտբոլիստի, քաղաքագետի, լրագրողի, բանաստեղծի և այլոց հասցեին: Ես կհասկանայի, որ նրանք մեղավոր չեն, որ նրանք ինձ նման խեղճ ու անպաշտպան են: Ես բոլորին չէի նույնացնի իշխանության հետ, ես չէի սիրի իշխանությանը, նրա կողքին չէի լինի, բայց հոգուս դառնությունը չէի ուղղի այդ իշխանավորների ծագումնաբանական տարածքի ու դրա բնակիչների դեմ: Ես կհասկանայի, որ դա ոչ միայն ծիծաղելի է, այլև նողկալի, որ դա թույլի ու անճարակի հոգեբանություն է:

Որպես հայ մտավորական ես կնկատեի, որ «երևանցի» ղեկավարին բերողը տեղաբնիկ վերնախավն էր, որ նրա ուղեգիծն իրականացնողների ջախջախիչ մեծամասնությունը տեղաբնիկ հայրենակիցներս են, որ տեղաբնիկ մտավորականությունն է ներբողներ ձոնում նրան, որ տեղաբնիկ շոու-աստղերն են նրա փառքը երգում, որ տեղաբնիկ քաղաքական ուժերն են վարձահրավիրվել սատարելու, որ տեղաբնիկ լրատվամիջոցներն են լվանում մեր իսկ ուղեղները, որ տեղաբնիկ գիտնականներն են նրա ուղեգիծը հիմնավորում, որ տեղաբնիկ գործարարներն անհամեմատ շատ են ու ապօրինի ավելի շատ արտոնություններ ունեն…Մի խոսքով՝ որ, ինչպես երգիծաբանն էր ասում՝ «միլիոններով բռակ ենք տվել»: Կնկատեի ու կսարսափեի, կնկատեի ու չէի դիվայնացնի «երևանցի» ղեկավարին, այլ կհասկանայի, որ նա էլ է զոհ՝ մեր իսկ բարքերի, մեր իսկ դարավոր «մենատնտեսական» հոգեբանության զոհն ու պրոդուկտը: Կհասկանայի, որ եթե ընդունեմ, որ երկու «երևանցի» կարողացել են ճկել բազմադարյա քաջությամբ հայտնի իմ ժողովրդին, ապա ստիպված պիտի լինեմ ընդունել նաև իմ բազմադարյա փոքրոգությունը:

Կհասկանայի այս ամենն ու կսարսռայի: Կսարսռայի՝ հասկանալով, որ «երևանցիներից» ազատվելով՝ մենք չենք ազատվելու համազգային միասնության մեր մենատնտեսական ընկալումից, մեր հոռի բարքերից, մեր ստրկամտությունից: Կհասկանայի, որ մինչև ինքներս չփոխվենք՝ իշխանությունը չի փոխվի: Ու քամահրանքիս հասցեն կփոխեի:

Սրանք ընդամենը խոսքեր չեն: Որպես արցախաբնակ հայ մտավորական քանիցս փորձել եմ իմ ուժերի ներածին չափ նպաստել, որ Արցախ աշխարհս ավելի քաղաքակիրթ լինի: Բայց եղած չնչին շանսն էլ միշտ շնչահեղձ է եղել ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով, ընդ որում՝ դա այդպես է եղել և Տեր-Պետրոսյանի, և Քոչարյանի օրոք, քանի որ Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ ձգտել է կառավարելի ու ձեռնասուն իշխանություն ունենալ Արցախում: Ամեն անգամ հույսերս թաղելուց կամ, ավելի ճիշտ՝ անթեղելուց հետո իմ ու նմաններիս մեջ երբևէ ատելություն չի առաջացել ոչ միայն  Մայր Հայաստանում ապրողների, այլ նույնիսկ ՀՀ ղեկավարության նկատմամբ, քանի որ տեսնում էի նաև այն լավը, որ արվել է Արցախ աշխարհիս համար: Ատելություն չի առաջացել, թեև բարեփոխման մեր փորձերն արժանացել են ոչ միայն ՀՀ իշխանությունների հակազդեցությանը, այլև հայաստանյան հանրության քար անտարբերությանը:

Ուստի անիմաստ է այսօր բողոքել կողմերից մեկի անտարբերությունից, քանի դեռ կա այդ արատավոր երևույթը՝ կողմերը, քանի դեռ չենք հասկացել, որ մենք ոչ միայն նույն իրավաքաղաքական ու ֆինանսատնտեսական, այլև նույն դարդուցավի դաշտում ենք, նույն մարտահրավերների դեմ հանդիման ենք: Սա կարող է հասկանալ զտարյուն մտավորականությունը և հասկանալով հանդերձ՝ չլռել: Չլռել ու այսօրվա միջինվիճակագրական ատելությունը հանել մեջներիցս:

Այս պահին մեծ է հատկապես Արցախի մտավորականության անելիքը: Ի վերջո, հնարավոր չէ փախչել այն իրողությունից, որ Հայաստանում ողբերգություն է կատարվել, որն իրավացի-հանիրավի առնչվում է Արցախի հետ, իսկ առնչողներն էլ ոչ թե մեկ կամ տասը մարդ են, այլ հարյուր հազարավորներ: Այս պահին առավել համբերատարն ու սրտացավը, առավել հանդուրժողականն ու պատասխանատուն մենք պիտի լինենք: Որովհետև թեև ցավը բոլոր հայերինս է, բայց առավել ցավեցնողը մեր ՀՀ-աբնակ եղբայրների վերքերն են, նրանք են տուժածը:

Չգիտեմ, թե կոնկրետ ես՝ Գեղամ Բաղդասարյանս, ինչով եմ մեղավոր այդ ամենի համար, բայց ես իմ ու ինձ նմանների անունից ներողություն եմ խնդրում իմ ՀՀ-աբնակ եղբայրներից ու քույրերից ու ասում նրանց՝ կիսում ենք ձեր ցավը:  Ես իմ ու ինձ նման ազատ մարդկանց անունից ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու բարեկամներին, նաև բոլոր նրանց, ում հոգում զոհվել են հավատը, հույսն ու սերը: Ներողություն եմ խնդրում ձեզնից ու ներում եմ ձեզ՝ արցախցուս նկատմամբ հանիրավի ատելության համար: Դառնացած, վիրավոր հոգին նաև աչքերը պղտոր ու անարդար է լինում, և ո՞վ պիտի դա հասկանա, եթե ոչ եղբայրը:

Իսկ մենք եղբայրներ ենք բախտակից: Ու ինչ էլ լինի՝ կառուցելու ենք մեր երազած երկիրը, մեր ընդհանուր հայրենիքը:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Կարգավորում

ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ

Ղարաբաղյան կարգավորումն անցել է մի հետաքրքիր փուլ: Հարաբերությունները պարզվում են ոչ թե հայկական կողմերի եւ Ադրբեջանի կամ այլ երկրների հետ, այլ հենց Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Փառք Աստծո, հարաբերությունների պարզումը չի վերածվում «ռազբորկաների», սակայն ակնհայտ հակասությունները թաքցնելը հղի է վտանգներով: Առավել արդյունավետ է մինչեւ վերջ պարզել երկու կողմերի արած-չարածը, պատասխանատվության չափերն ու ոլորտները:

Սխա՞լ էինք, թե՞ ոչ 

Անհամաձայնություններն իրոք ակնհայտ են: Վերջին 10 տարիների ընթացքում հայ որոշ գործիչներ բազմիցս են հանդես եկել անարձագանք մտահոգությամբ առ այն, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը «այլ» ուղղությամբ է ընթանում: Մասնավորապես, բացասական առումով ճակատագրական էր բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրսբերումը, Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, Սփյուռքի քաղաքական ներուժի ոչ բավարար օգտագործումը, Ղարաբաղում Հայաստանի ռազմական ներկայության իրավական բազայի բացակայությունը եւ վերջապես՝ ակտիվ, խելամիտ տեղեկատվական քաղաքականության բացակայությունը: Ընդ որում, աներկբա նշվում էր, որ այդ ամենի պատճառ է հանդիսացել Ռ. Քոչարյանի որոշումը՝ բանակցություններում ներկայացնել եւ Հայաստանը, եւ Ղարաբաղը:

Հայաստանի իշխանությունները, որոնք իրենց վրա են վերցրել բանակցային գործընթացի ողջ պատասխանատվությունը, չեն խոստովանել այդ սխալները եւ ասել են, որ բանակցություններն ընթանում են հայկական կողմերի օգտին: Սակայն, քանի մոտենում էր  Ռ. Քոչարյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հեռանալու ժամանակը, ուժեղանում էին զրույցները բանակցություններում Ղարաբաղի ներգրավման եւ նույնիսկ Հայաստանի չմասնակցության անհրաժեշտության մասին:

Օրերս Հայաստանի խորհրդարանը շտապ կերպով ընդունել է ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող նի հայտարարություն, որն իր մեջ կրում է մի քանի սկզբունքային մոտեցումներ: Մասնավորապես, պատգամավորները կոչ են անելու նախագահին ավելի նախաձեռնող քաղաքականություն վարել կարգավորման գործընթացում: «Մենք խնդիր ենք դնելու՝ ձեւավորել եւ համակարգել իրավական, գիտական հիմքերը Ղարաբաղի հակամարտության գործում», – ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Հայտարարության երկրորդ եւ հիմնական կետը ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանի կողմից արցախահայության անվտանգության ապահովման համար իրավական հիմքերի ստեղծումն է: Երրորդ՝ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի վերականգնվի Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմի դերը: Եվ չորրորդ՝ ի մի բերել համայն հայության ռեսուրսները ԼՂՀ միջազգային ճանաչման համար:

Դրան զուգահեռ ապրիլի 28-ին ՀՀ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է  Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեռ անցած տարվա աշնանը քննարկման ներկայացված օրինագիծը ԼՂՀ ճանաչման մասին: Ընդ որում, նշվել է, որ դրա փոխարեն խորհրդարանը կընդունի վերոնշյալ հայտարարությունը: Սակայն «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանը նկատել է, որ դա պետք է լինի ոչ թե հայտարարություն, այլ առնվազն որոշում: Բացի այդ, ըստ պատգամավորի, այն ուշացած է:

Ըստ իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ «այս հայտարարությունը կապ չունի նախորդ շրջանի մեր վարած քաղաքականության հետ, որը, ես գտնում եմ, միգուցե կարելի էր ավելի ակտիվացնել»: Նրա կարծիքով, հայտարարությունը մեր արձագանքն է այն բանի, որ Ադրբեջանը խախտեց խաղի կանոնները: «Պատահական երեւույթ չէր, որ դեռ ամիսներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային Ժողով մի նախագիծ բերեց, որպեսզի ճանաչենք Ղարաբաղի անկախությունը: Այսինքն, պարտադրված մի բան էր, որ մենք խաղի կանոնները խախտենք: Մենք խաղի կանոնները գիտակցորեն չխախտեցինք: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանն ընդունում է Ղարաբաղը որպես անկախ պետություն, կամ Հայաստանի մաս: Եթե ընդունեինք այդ օրինագիծը, ապա դա փաստորեն կնշանակեր, որ մենք էինք խաղի կանոնները խախտում, եւ դրա հետեւանքներն ավելի բարդ էին լինելու մեզ համար: Այժմ հետեւանքներն ավելի բարդ են լինելու Ադրբեջանի համար»,- գտնում է Գ. Սահակյանը:

Հատկանշական է, որ մինչ հայտարարության ընդունումը ՀՀ ԱԺ պատգամավորների մի խումբ այցելեց Ղարաբաղ եւ խորհրդակցեց արցախցի գործընկերների հետ: «Արդյունքում, մենք, իհարկե, լսել ենք նոր եւ օգտակար առաջարկներ, սակայն սկզբունքային առումով տարաձայնություններ չկան», – ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը հանդիպումից հետո:

«Ղարաբաղի պատգամավորները հայտնել են, որ չեն ընդունում միջնորդների կողմից առաջարկված «մադրիդյան սկզբունքները», սակայն Հայաստանի նոր իշխանություններն արդեն հայտնել են, որ շարունակելու են բանակցությունները: Շարունակվելո՞ւ են, արդյոք, բանակցությունները մադրիդյան սկզբունքներով»: Պատասխանելով մեր այս հարցին, Տիգրան Թորոսյանը նշել է. «Մամուլում կարդացել եմ ինչ-որ սկզբունքների մասին, չնայած, չկա հստակ ձեւավորված սկզբունքներով փաստաթուղթ: Երկու սկզբունք կա, որոնք ընդունվել են նաեւ համանախագահների կողմից՝ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Եւ արդեն պարզ է, որ հակամարտությունը լուծվելու է այդ սկզբունքների հիման վրա»:

Հայաստանյան գործընկերների այցից առաջ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդլայնված նիստ էր հրավիրել, որտեղ փաստորեն խաչ է դրել այն ամենի վրա, ինչ արվել էր մինչ այսօր: Հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդգծել էր՝ «1998-2008թթ. Հայաստանը հանդես է եկել որպես հիմնական բանակցող: Այսօր նոր շեշտադրումներ կամ նոր ընդգծումներ անելու համար հարկ է ամփոփել անցած ամբողջ փորձը՝ եւ ձեռքբերումները, եւ բացթողումները, եւ ի վերջո որոշարկել՝ մենք աշխարհին ունե՞նք ներկայացնելու այս խնդրի լուծման մեր պատկերացումը»:

Իսկ բանակցությունները կշարունակվե՞ն 

«Հայաստանը պատրաստ է շարունակելու առկա գործընթացը՝ լուծումը գտնելու համար», – հայտարարել է ՀՀ նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իսկ ի՞նչ սկզբունքների հիման վրա է Հայաստանը պատրաստ շարունակել բանակցությունները: Արդյո՞ք նույն մադրիդյան:

«Բանակցությունների առանցքը ԼՂ կարգավիճակի հարցն է, և այն պետք է լուծվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտելու իր կամքը, ինչն էլ բանակցային այս փուլի էությունն է: Կարծում եմ, որ լուծման հնարավորությունն այսօր առկա է, և քաղաքական կամքի դրսևորման դեպքում մենք կկարողանանք հասնել դրան», – նշել է նախարարը:

Մադրիդյան սկզբունքներն ի սկզբանե անընդունելի են ղարաբաղյան կողմի համար, քանի որ դրանցից մի քանիսը չեն համապատասխանում ԼՂՀ Սահմանադրությանը՝ նորերս տեղեկացրել էր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նույն օրը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հայտարարել էր, թե հայկական կողմը պետք է վերախմբագրի իր մոտեցումները բանակցային գործընթացում, հատկապես՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին: Դրանից մի քանի օր առաջ էլ մադրիդյան որոշ սկզբունքների անընդունելիության մասին միանշանակ հայտարարել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Այս ամենից հետո ինչպե՞ս ընկալել ՀՀ ԱԺ խոսնակի պնդումը տարաձայնությունների բացակայության մասին, և ԼՂՀ ԱԺ խոսնակի ու նորանկախ երկրի իշխանությունների լռությունը:

Այսպես թե այնպես, Բուխարեստում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում՝ բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիման վրա լուծելու մասին: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ փաստել էր. «Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը շարունակվելու է»:

Ջրերը դեռ չեն պարզվել 

Նախքան պաշտոնից հեռանալը ՀՀ նախկին նախագան Ռոբերտ Քոչարյանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, շրջանառության մեջ է դրել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջպետական պայմանագրի ստորագրման գաղափարը: Այն, կարծես թե, ընդունվել է եւ Հայաստանում, եւ Ղարաբաղում: Սակայն վերջում մեծ պայմանագրի ստորագրումը վերածվել է իրական ուժ չունեցող մի հայտարարության: Ինչպես և ինչու տեղի ունեցավ այս մետամորֆոզը՝ անհասկանալի է շարքային քաղաքացուս համար: Ճիշտն ասած, շատ բան է անհասկանալի: Տպավորություն է ստեղծվում, որ բոլորը գիտեն, և միայն աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված ձախը:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ՔԱՅԼԸ ՁԵՐՆ Է, ՊԱՐՈՆԱՅՔ

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԼՂՀ դիրքորոշումը ոչ բավարար կերպով է ներկայացվել միջազգային հանրությանը՝ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նորերս Արցախ կատարած այցելության ժամանակ

Այն մասին, որ տեղեկատվական քաղաքականության մեջ զգալիորեն զիջում ենք հարեւան Ադրբեջանին, բազմիցս է խոսվել, սակայն տարիներ շարունակ հայկական իշխանություններն այդ «առաքելությունը» հաջողացրել են, ինչպես ասում են, «ականջի հետեւը գցել»: Արդյունքում ստացվել է այնպես, որ հիմա ամենաբարձր ատյաններից հնչում են տեղեկատվական քաղաքականության ոչ պատշաճ մակարդակի մասին գնահատականներ ու խոստովանություններ, նույնիսկ՝ մեղադրանքներ: Իսկ թե ո՞ւմ են մեղադրում՝ անհասկանալի է, քանի որ, ի վերջո, լրատվամիջոցները չեն այդ ամենի պատասխանատուները, այլ նրանք, ովքեր պետք է այդ քաղաքականության վարման մի մասը կազմեին, լինեին այդ ամենի մատուցման աղբյուրը, այդ քաղաքականության վարողը: Եվ զարմանալին այն է, որ հաճախ այնպիսի մարդիկ են հայտարարություններ անում, որոնց իրավասությունների եւ պարտավորությունների շրջանակներում է հենց այդ նույն գործընթացի իրականացումը:

Տիգրան Թորոսյանի հայտարարությունն ինչ-որ չափով, գուցե թե, ուղղված է նաեւ ՀՀ արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` անցած 10 տարիների գործունեությանը: Չէ՞ որ հենց նրա նախագահ ընտրվելուց հետո Ղարաբաղը դուրս մնաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից այն պատճառաբանությամբ, թե Հայաստանի ղարաբաղցի նախագահը բանակցություններում կարող է ներկայացնել նաև Ղարաբաղի շահերը:

Ինչեւէ, դա միայն բանակցություններին է վերաբերում: Իսկ ի՞նչ են արել մյուս պատասխանատու մարմինները, տեղեկատվական քաղաքականության վարման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկել, ի՞նչ ակտիվությամբ են ԼՂՀ իշխանությունները ներկայացրել ղարաբաղյան հասարակության կարծիքն ու դիրքորոշումը՝ բանակցային սեղանին դրված այս կամ այն տարբերակի վերաբերյալ: Հիմա, հետադարձ հայացք ձգելով անցած տասը տարիների վրա, պարզվում է, որ տեղեկատվական քաղաքականության վարման համար ոչինչ էլ չի արվել, եթե չհաշվենք, որ իշխանություններն իրենց պասիվությամբ նույնիսկ խոչընդոտել են: Եվ դա պսակվեց այն փակուղային վիճակով, որի մեջ հայտնվել ենք այսօր, երբ փաստորեն միջազգային տարբեր կառույցների կողմից խոսվում է ժողովրդի կարծիքի հարգման մասին, սակայն գործնականում շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղը միայն տարածք չէ, այլ այնտեղ նաեւ մարդիկ են ապրում:

Եթե միջազգային հանրությանը, ինչպես նշել է ՀՀ խորհրդարանի նախագահը,  ոչ բավարար կերպով է ներկայացվել ԼՂՀ դիրքորոշումը, ապա մեղավորներ առաջին հերթին մեր մեջ պետք է փնտրել: Իսկ ի՞նչ լուրջ աշխատանք է կատարվել ժողովրդի կարծիքի ուսումնասիրման ուղղությամբ: Երևի՝ ոչ մի: Դա խոստովանում են նաեւ այստեղ: «Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միասնական պետական հայեցակարգ չի ձեւավորվել: Բոլոր դեպքերում՝ եւ հակամարտության զինված փուլի տարիներին, եւ դրան հաջորդած հրադադարի տարիներին փորձ է արվել գտնել խնդրի իրավիճակային լուծում»,- խոստովանում է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Վահրամ Աթանեսյանը: Պատգամավորի կարծիքով, այսօր ի վերջո պետք է  որոշարկել՝ մենք աշխարհին ունե՞նք ներկայացնելու այս խնդրի լուծման մեր պատկերացումը: Եթե ունենք, ապա ամբողջ քարոզչական ճառագայթները՝ եւ ներքին, եւ արտաքին, պետք է բխեն դրանից: «Այս հարցում ընդհանրական մոտեցում մշակելու համար անհրաժեշտ է ունենալ հասարակական հզոր կոնսենսուս: Դժբախտաբար, ես անձնապես տպավորություն ունեմ, որ այսպիսի կոնսենսուս մեր հասարակության մեջ չկա»,- գտնում է նա:

Իսկ ի՞նչ ռեսուրսների  հաշվին պետք էր իրականացնել այդ ամենը: Պարզվում է, որ ոչ համապատասխան կառույցներ ունենք, ոչ համապատասխան մասնագետներ եւ այլն: «Մենք այդպիսի կադրեր չունենք: Չունենք վերլուծաբան, վերլուծական միտք Ղարաբաղում չկա: Այն, ինչ անում ենք՝ դա պրոֆեսիոնալիզմից բավական հեռու մակարդակ է»,- այս կարծիքին է պարոն Աթանեսյանը: Այս ամենի լուծումը նա տեսնում է ազգային անվտանգության հայեցակարգի մշակման, որի մի բաղկացուցիչ մասն էլ պետք է լինի տեղեկատվական քաղաքականությունը, այն որպես օրենք ընդունելու եւ դրանով առաջնորդվելու մեջ: Նրա խոսքերով, Ազգային ժողովի խմբակցությունները մի նախագիծ են ներկայացրել գործադիր իշխանությանը, որում առաջարկվում է մշակել ազգային անվտանգության հայեցակարգ եւ ներկայացնել ԱԺ քննարկմանը, իսկ որպես իրավիճակային լուծում փորձում են առաջարկել գործադիր իշխանության համակարգում ստեղծել ռազմավարական հետազոտությունների եւ տեղեկատվության հատուկ աշխատանքային խումբ: Ասել է թե՝ ամեն ինչ պետք է սկսել զրոյից ու մեծ թափով: Թե չէ, ինչպես պատգամավորն է նշում, եթե անելու ենք այն, ինչ մինչեւ հիմա ենք արել՝ հաջողության չենք հասնելու:

Այսպես թե այնպես, գոնե կարելի է առաջընթաց համարել այն բանի գիտակցումը, որ տեղեկատվական քաղաքականության հաջողությունը կամ անհաջողությունը պայմանավորված է ոչ թե կամ ոչ այնքան լրատվամիջոցների լավ կամ վատ գործունեությամբ, որքան լուրջ արտաքին քաղաքականություն վարելու մեր ունակությամբ: Թե չէ՝ մեզ մոտ արդեն սովորական էր դարձել արտաքին տեղեկատվական քաղաքականության պատասխանատվությունը լրատվամիջոցների վրա բարդելը: Լրատվական դաշտը կրողն է այդ քաղաքականության, այլ ոչ թե վարողը: Ինչպես նորերս կայացած խորհրդարանական քննարկումներում հնչեց՝ բանակցային կողմ դառնալու համար առնվազն պիտի քայլ անել, և քայլ անելուց հետո միայն կարող է գալ «լրատվամիջոցների քայլի ժամանակը»: Հնարավոր չէ արտաքին տեղեկատվական քաղաքականություն իրականացնել, եթե չկա արտաքին քաղաքականություն ընդհանրապես:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Անվտանգություն

ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ՄԻՋՆԱԲԵՐԴ
որ կարող է կորսվել մեր ձեռքով

 

ԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑ

Շարունակելով ազատագրված տարածքներ այցելելու, հայրենիքը նորովի ընկալելու ու մեր հայրենակիցների կյանքը լուսաբանելու «Դեմո»-արշավը, նորերս շրջեցինք Քարվաճառում, կամ ինչպես մենք ենք անխոհեմաբար անվանել՝ Շահումյանի շրջանում: Շատ բան կարելի է գրել Քարվաճառի ու այդտեղի մարդկանց մասին, բայց առաջին ու ամենակարևոր միտքը, որ չի լքում քեզ, այն է, որ այս տեղաշրջանը բնական, անձեռակերտ ու անառիկ միջնաբերդ-ամրոց է: Աստված մի այնպիսի հրաշակերտ, բազմաանվտանգ, բազմածալ, բազմաշերտ ու բազմախորունկ ամրոց է ստեղծել, որ մարդու միտքը երբևէ չի կարող մրցակցել դրա հետ: Բայց կարող է անխռով հանգստանալ այնտեղ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԻԿ

ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Ղարաբաղյան կարգավորման մեզ առաջարկված բոլոր տարբերակներում էլ ամրագրված է ազատագրված տարածքների վերադարձը: Որքան էլ տարօրինակ լինի, բայց մեր ղեկավարներն ու գեներալիտետը երբևէ չեն ժխտել այս հանգամանքը, չեն ժխտել, քանի որ իրենց իսկ ջանքերով հայ հանրությունը շատ հանգիստ, ուղղակի օլիմպիական հանգստությամբ է վերաբերվում դրան: Նրա ուղեղն են մտցրել այն միտքը, որ տարածքների հանձնմամբ կապահովվի մեր անվտանգությունը, ինչն էլ տեղավորվում է փոխզիջումային տրամաբանության շրջանակներում, թեև ոչ ոք հոդաբաշխ ձևով չի բացատրում, թե ադրբեջանական կողմն ինչ է զիջում, իմա՝ որն է փոխզիջման ադրբեջանական «փայը»:

Իհարկե, յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ առանց փոխզիջման ոչ մի հակամարտություն մշտատև լուծում չի ունենում, լինի դա ազգամիջյան, թե միջանձնային հակամարտություն: Բայց փոխզիջում չի կարող լինել, այն ուղղակի աբսուրդ է, եթե ձեռք է բերվում կողմերից մեկի անվտանգության հաշվին: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը, ավելի ճիշտ՝ ղարաբաղյան շարժումն առաջին հերթին հենց անվտանգության ապահովմանն էր միտված:

Այսօր շփման գծում հարաբերական անդորրը պահպանվում է կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ: Պարզից էլ պարզ է, որ այդ հավասարակշռության խախտումն էլ հենց պատերազմի վերսկսման հիմնական պատճառը կարող է լինել: Այսինքն, ավելի պարզ ասած՝ մեր անվտանգության երաշխիքը հանդիսացող տարածքների հանձնմամբ մենք մեզ մերձեցնելու ենք ոչ թե խաղաղությանը, այլ պատերազմին, քանի որ մեծ է լինելու թույլին պատժելու գայթակղությունը:

Այս առումով Քարվաճառը բացառիկ, անգնահատելի ու անփոխարինելի դեր ունի, այն մեր անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Ասում են՝ սա մի հայացքից հասկացել է անգամ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը՝ հայ-ադրբեջանական բանակցություններից մեկի ժամանակ ադրբեջանցի գործընկերներին միանշանակ հակաճառելով՝ «առանց այս տարածքի ուղղակի լուրջ չէ խոսել Ղարաբաղի անվտանգության ու տնտեսական զարգացման մասին»: Ասել է ու իր ադրբեջանցի գործընկերների ուշադրությունը բևեռել քարտեզին:

Եւ այն, ինչ հասկացել է օտարը՝ քարտեզի վրա սոսկ մի հայացք ձգելով, մենք չենք կարողանում հասկանալ` հազար անգամ տեսնելով «օրիգինալը»:

Այսօր միջնորդները մեզ ասում են՝ վերադարձրեք տարածքները, և մենք կապահովենք ձեր անվտանգությունը: Այսինքն՝ տուր ինձ քո անվտանգությունը, և ես կապահովեմ քո անվտանգությունը: Ավելի պարզ՝ տուր ինձ հրացանդ, և ես կապահովեմ քո անվտանգությունը այ էն հրացանավորից, քեզ մի գեղեցիկ, գույնզգույն թուղթ կտամ, որի տակ խայտաբղետ ստորագրությամբ պարտավորվում եմ ապահովել քո անվտանգությունը:  Եղբայր, եթե քեզ իրոք հետաքրքրում է իմ անվտանգությունը, ապա հրացանով ես ինձ ավելի անվտանգ եմ զգում, մանավանդ, որ իմ բազմաչարչար պատմության մեջ քո տված-չտված թղթով-ֆանտիկով երբևիցե չեմ կարողացել պաշտպանվել: Իսկ «միջանցքն» էլ, որ վերապահումով թողնում եք ինձ, փախչելու համար է, այլ ոչ թե պաշտպանվելու:  Առաջարկն ինքնին այնքան անխոհեմ է, որ ուղղակի պիտի մերժես, և շատ հավանական է, որ դրա համար էլ այնպես են առաջարկում՝ որ մերժես: Համենայն դեպս՝ հիմա, ներկայիս աշխարհակարգի ու համաշխարհային բարքերի, տարածաշրջանային հարևանության ներկայիս փորձի պայմաններում:

ՀԱՆՈՒՆ ԱՆԱՌԻԿ  ՄՇԱԿՈՒՅԹԻ

Լինելով Քարվաճառի Ծար բնակավայրում, կարող ես սեփական աչոք պատկերացնել, թե ինչ է ցեղասպանությունը, մշակութային ցեղասպանությունը: Ժամանակին պատմական արցախանիստ այս փառահեղ վայրում հինգ եկեղեցի կար, որոնցից մնացել են երկուսի ավերակները: Թե ինչ է արվել մյուս երեքի ու հատկապես գլխավոր եկեղեցու հետ, կարելի է իմանալ՝ այցելելով այստեղի ադրբեջանական սովետակառույց դպրոց: Սրա պատերը «համեմված» են եկեղեցու քարերով՝ խնամքով թաքցված, թարսադիր: Նաև՝ խաչքարերի ու շիրմաքարերի կտորներով: Ուղղակի հոգիդ է լացում՝ տեսնելով դրանք:

Հենց սա էլ անվտանգության խնդիր է: Մեր անվտանգության խնդիրը լուծելով՝ մենք նաև մեր մշակույթի անվտանգության, նրա անառիկության հարցն ենք լուծելու: Հայ ժողովուրդը միշտ էլ ապրել է արարելու համար, բայց չի կարողացել պահպանել իր իսկ արարածը: Հերիք եղավ մեր արարածը աշխարհով մեկ սփռելուն, եկել է մեր մշակույթը ժողովելու ժամանակը, մեր քարերը հավաքելու ժամանակը: Ու նոր եռանդով, նոր ոգեկոչմամբ արարելու ժամանակը: Այսօր դրա համար պատմական բացառիկ շանս է ընձեռված մեզ:         Մեր մշակույթը պահպանելը մեր իսկ արժանապատվության հարցն է:

ԱՆԱՌԻԿ ԿԵՐՏՈՂՆ ԱՍՏՎԱԾ Է, ԱՆԱՌԻԿ ՊԱՀՈՂԸ՝ ՄԱՐԴԸ

Քարվաճառն, իրավ, բնական, անձեռակերտ ու անառիկ միջնաբերդ-ամրոց է, ավելի ճիշտ՝ այդպիսի առաքելությամբ է արարվել:  Անառիկ կերտողն Աստված է, բայց ահա անառիկ պահողը՝ մարդը: Այս ամրոցը հնարավոր չէ տալ միայն մի դեպքում՝ եթե այստեղ ապրում են այստեղի տերերը, ում համար սա հայրենիք է, պապերի հիշատակ, ազգային-մշակութային արժանապատվության հարց: Այս ամրոցն այդպիսին չէր ազերիների համար, որոնք հանձնեցին այն ֆանտաստիկ հեշտությամբ, ապացուցելով, որ իրենք չեն իսկական տերերը:

Սակայն այսօր էլ մենք գրեթե ոչինչ չենք անում, որպեսզի այստեղ ապրեն տերերը, ավելին՝ ֆեոդալական մեր մոտեցմամբ մենք, կամա թե ակամա, այնպես ենք անում, որ այստեղ ճորտեր ապրեն: Ովքեր չեն ուզում այդպես ապրել՝ հեռանում են: Արդյունքում մենք մեր իսկ ձեռքով սասանում ենք մեր իսկ անվտանգությունը, մենք մեր իսկ խելքով առիկ ենք դարձնում այս անառիկ ամրոցը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

——————————————————————————————-

Համահայկական

ԱՐՑԱԽԻՑ ԵՎ ՈՉ ՈՔ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵԿԱՎ… 


ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՈՂՋՈՒՅՆ

Սիրելի Գեղամ:

Երկար ժամանակ է, որ ցանկանում էի «Դեմո»-ին ու նրա ընթերցողին գրել, սակայն այդ անել միայն հիմա ինձ համար շատ անսովոր ժամանակների «արտակարգ իրավիճակում» ստացվեց: Մարտի 1-ից գտնվում եմ հայկական ազատագրված տարածքներում եւ, ի տարբերություն Հայաստանի բանտերում լցված անմեղ հայորդիների, այստեղ կարողանում եմ գոնե շնչել ազատության մաքրամաքուր օդը: Եվ հայրենի օդը ամեն անգամ թոքերս լցնելիս, նրանց` բանտարկված եղբայրներիս բաժին ազատությունն անարժանորեն վայելելու փաստն ինձ հանգիստ չի տալիս ու այդ պատճառով էլ մշտապես անհարմարության զգացումներ եմ ունենում: Հետո, ենթարկվելով ճակատագրիս, ինքս ինձ մխիթարում, թե իբր ազատությունը նրանց տեղն էլ եմ շնչում, նույնիսկ հենց նրանց համար, ովքեր այսօր կարոտ են դրան:

Ուղիղ 15 տարի առաջ այս օրերին իբրեւ սփյուռքահայ կամավոր՝ այժմ գտնվածս տարածքի ազատագրմանն էի մասնակցել, հիմա թեկուզ ստիպողաբար, բայց, այնուամենայնիվ, հենց այստեղ հայտնվելս ինձ թվում է նախախնամության նշան է կենսագրությանս համար: Երբեմն ինքս ինձ մտածում եմ թե՝ «տես ճակատագրի ինձ պարգեւածին, ժամանակին ես էի մեր բռնազավթած տարածքների ազատության համար մարտնչում, հիմա իր հերթին դա է ինձ ազատություն շնորհում»:

Ինչ որ է, թերթի միջոցով ուզում եմ այսօր դիմել արցախցի եղբայրներիս:

ՍԱՐԳԻՍ

Սիրելի արցախցի եղբայրս:

2008թ. մարտ ամսին իմ Ֆրանսիայից մշտապես Հայաստան տեղափոխման 18 տարին լրացավ: Այս տարիների՝ 1991-1995 թթ., ինձ համար լավագույն ժամանակահատվածը ապրել եմ Արցախ աշխարհում եւ դրանից հետո էլ՝ մինչեւ 2002թ., իմ հայրենակիցների հետպատերազմյան ծանր վիճակից դուրս գալու՝ դեպի բնականոն կյանք վերադարձին ծառայելու նպատակն իրողություն դարձնելուն ուղղված իմ համեստ կարողություններից շատ ավելին փորձել եմ անել: Մի խոսքով՝ ինձ հավերժ հպարտություն շնորհած Արցախի հերոս ժողովրդի հանդեպ ես իմ բաժին պարտքը վճարել եմ ճիշտ ժամանակին, երբ նա դրա կարիքը շատ էր զգում եւ այս առումով միտք ու խիղճս հանգիստ է:

Արցախում ապրած տարիներին տեղաբնակ հայրենակիցներս ինձ «Ֆրանսիայի Սարգիս» էին կոչում, իսկ Հայաստանում՝ «Ղարաբաղի Սարգիս»: Առաջինը իմ քաղաքացիությունն էր մատնանշում, երկրորդը՝ ազգությունս: Հենց այստեղ, մեր այս փոքր աշխարհում ինձ պարգևվեց «իմաստալից ապրելու» վեհագույն գաղափարն իրագործելու դաշտը, ինչի համար Արցախին ու սեփական ճակատագրիս շնորհակալ եմ:

Հաստատվելով Երեւանում՝ ամուսնացա տեղաբնիկ հայուհու հետ, ունեցա աղջիկ եւ տղա. երկու հրաշք երեխաներ ու, ապրելով շատ սովորական կյանքով, բավարարվեցի համեստագույն պայմաններում ընտանեկան առօրյային նվիրվելու՝ հավանաբար բառերով անբացատրելի մեծագույն հաճույքով: Կենսագրությանս արցախյան հպարտ էջերին եկավ հաջորդելու ավելի լուրջ եւ պատասխանատու ժամանակահատված՝ լծվել ապագա երկու ՀՀ քաղաքացի մեծացնելու նվիրյալ գործին: Գիտակցելով, որ քաղաքացին կարող է ձեւավորվել միայն իր կոչմանը համապատասխանող պայմանների առկայության դեպքում, այսինքն՝ քաղաքացիական հասարակության համակարգում, ուստի եւ բոլոր այս տարիներին բացարձակապես փորձել եմ դրա ստեղծմանն ուղղված հասարակական գործունեությամբ զբաղվել: Հաճախ ելույթներով հանդես եմ եկել Հայաստանի գրեթե բոլոր հեռուստա-ռադիոալիքներով, նաեւ հայրենի տպագիր մամուլի տարբեր ներկայացուցիչների՝ ինձ ընծայած հնարավորության շնորհիվ կարողացել եմ սեփական աշխարհայացքիս պատկանող գաղափարները հանրության դատին հասցնելու միջոցով հրապարակախոսական համեստագույն աշխատանք իրականացնել:

Այդ անելիս եղել եմ ազնիվ, անկեղծ ու անկաշկանդ եւ դրա արդյունքում արժանացել հասարակության դրական կարծիքն արտահայտող ժողովրդական վստահության փաստորեն ամենանշանակալից գնահատականին` «այդ տղան ինչ էլ որ ասում է՝՝ դյուզ է ասում»:

Ճշմարտախոսությունը, ժողովրդական լեզվով ասած «դյուզն ասել ու խոսելը» այսօր մեր ապրած իրականության մեջ շատ անտեղի իբրեւ «քաջության- խիզախության» դրսևորում է ընկալվում, «հպարտ կեցվածքի-ըմբոստանալու» հետ է նույնացվում: Կարող է եւ Ստալին տեսած խորհրդային կարգերի ժառանգորդը հանդիսացող homo sovieticus-ի մտածելակերպում այդքան էլ անտեղի չլինել վերոնշյալ բնորոշումները, բայց Ֆրանսիայից եկած իմ նմաններն ազատ մտածելու եւ գործելու ավանդույթների ծնունդ են, որտեղ միայն «դյուզ խոսքն էշին ասելու» վատ սովորությունը չի գործում:

Ինչեւէ, վերջին տաս տարիներին, իմ հայաստանյան կյանքում տեղի ունեցած ամենավատ իրադարձությունը Արցախյան շարժման շնորհիվ գոյություն ունեցող եւ ըստ իս մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը հանդիսացող ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ սպառնացող «հայաստանցի-ղարաբաղցի» ազգի բաժանման նպաստող արտահայտության ի հայտ գալն ու տարի առ տարի արդեն բոլորի մոտ հիմնովին հաստատվող բացասական երեւույթ դառնալու փաստն էր: Հավատա ինձ, որ ուրիշ եւ ոչ մեկ երեւույթից այդքան չեմ վիրավորվել, որքան բոլորի բերանի ծամոն դարձած, ամբողջ Հայաստանով մեկ ամենուր ատելությամբ՝ համարյա թշնամաբար արտահայտվող այս անհավատալի, տխուր փաստի իրողությունից: Եւ ամեն ոք գիտի, թե ինչպես ափերից դուրս գալով, ուժերիցս ավելին օգտագործելով, փորձել եմ անարդար, անհարկի վիրավորանքների ենթարկվող, Լինչի դատաստանին արժանացող անմեղ “ղարաբաղցի”-ներին պաշտպանել:

Ինձ էլ հաճախ կեսկատակ «դե, դու էլ արդեն կես ախպար – կես ղարաբաղցի ես» ասում էին, իսկ ես նման ձեւի արտահայտվող անհույս մոլորյալներին «եթե դուք մի երկու հոգու պատճառով Արցախի ամբողջ բնիկ ժողովրդին անպատվելու ազգակործան հետեւանքները չեք գիտակցում, ուրեմն ինձ այլեւս ձեր հայրենակից եղբայրը մի համարեք»՝ պատասխանում էի: Երեւույթը համատարած էր, դեմն առնելը՝ գրեթե անհնար: Անզորությունից խեղճանում, անելանելի թվացող իրավիճակի ողջ ծանրության տակ ճզմվում էի: Սակայն այս ամբողջի հիմքում եղածը հենց այն էր, ինչին ժողովուրդը «առանց կրակ ծուխ չի լինում» էր ասում՝ առերեւույթ հետեւանքը, բնականաբար, պատճառներ ուներ:

ՀՀ պետական պաշտոնական ատյաններում Արցախից բերված մարդկանց հայտնվելը եւ կարճ ժամանակ անց այս դատապարտելի երեւույթը արդեն համատարած, երկրի ամենաբարձր իշխանավորի կողմից հովանավորվող քաղաքականություն դարձնելու անհերքելի փաստը, ծայրաստիճան աղքատության պայմաններում ապրող, սոցիալական հազար ու մեկ անլուծելի խնդրի հետ դեմ հանդիման գտնվող ժողովրդի մոտ խնդրո առարկայի սերմանման համար սկզբում աննկատ, բայց հետո մեծ արագությամբ զարգացող «ատելության» համար պարարտ հող ու հարմար միջավայր ստեղծեցին:

Մինչեւ ինձ՝ Արցախից ծանոթ երկու հոգու պատահաբար իրավապահ համակարգում հանդիպելուս զարմանալի պահը, ես էլ այս առթիվ լսածներս դեռ ամենասկզբից պարզ բամբասանք, անհիմն «ասեկոսեներ» էի համարում: Իսկ իմ արցախցի ծանոթներս ԼՂՀ-ում մի գործարանի պահակախմբում էին աշխատում եւ ընդհանրապես բարձրագույն կրթություն, իսկ մասնավորապես իրավաբանական կրթությունն ի՞նչ է՝ չգիտեին նույնիսկ: Ծանոթներս «Դե մեզ, քո մոտիկ… զամմինիստրի խոխան ա պիրալ ու գործի տեղավորալ, լի…»-ասելով՝ փորձում էին մի կերպ արդարանալ:

Նմանատիպ առիթների պատճառով զարմանքս գնալով շատացավ եւ մի քանի տարիների ընթացքում Արցախից ինձ ծանոթ մարդկանցից տեղում անտառտնտեսության աշխատողին ՀՀ-ում մաքսավոր, ԼՂՀ ՊԲ նախկին զինվորականին՝ Ազգային անվտանգության համակարգում վարչության պետ, ԼՂՀ ՊԲ սահմանապահ զորքերի սպային՝ զինկոմիսար, հիվանդանոցի գլխավորի կես դրույքով հիվանդապահուհի-սիրածին՝ լուրջ բուժհիմնարկում տնօրենի տեղակալ, կոմբայնավարին՝ հարկային տեսուչ, գյուղատնտեսին՝ «Լինսի հիմնադրամ»-ում շինարարության գծով բարձր պաշտոնյա, ԼՂՀ անվտանգության խորհրդի նախկին անդամին՝ երեւանյան բացօթյա շուկայի տեր, նախկին արտգործնախարարին՝ հիմնադրամի տնօրեն, էլի մի այլ նախկին արտգործնախարարին էլ հենց վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ  նախկին նախարարին՝ փոխնախարար, փոխնախարարին՝ տնտեսվարող սուբյեկտի տնօրենի տեղակալ, շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալին էլ՝ երթուղային գծի տեր, ԼՂՀ տեխնիկումներից մեկում փականագործի մասնագիտություն ձեռք բերածին՝ անսլուխ երգիչ ու դեռ տասնյակ ուրիշ այսօրինակ «յուղոտ-փողոտ» պետական պաշտոններում հանգրվանած նախկին արցախցի հայրենակիցներիս այսպես պարաշուտիստի կարգավիճակում հանդիպելու դժբախտությանն արժանացա:

Իսկ ես այս ընթացքում, արցախցի մտավորական մի ընկերոջս աշխատանք փնտրող հարազատ քրոջը որեւէ կերպ օգնել չկարողացա (քույրը տարիներ Ռուսաստանում ապրելուց հետո հանգամանքների բերումով եւ հարգելի պատճառներով Երեւանում էր հայտնվել, ուներ բարձրագույն կրթություն): Միայն Աստված գիտի, թե այդ պատճառով ինչքան ծանոթ ու անծանոթի դուռ եմ թակել, նույնիսկ իմ պատկերացմամբ ընդամենը մարդու տնազ հանդիսացող անարժան երկոտանիներին դիմելով՝ բերան ծռել, բայց՝ ապարդյուն:  Այն էլ այն դեպքում, երբ երկրի նախագահից սկսած, վարչապետն ու բազմաթիվ նախարարներ պատահաբար ինձ հանդիպելիս միայն «Դուք»-ով էին դիմում եւ իբրեւ մտերմության նշան՝ ջերմորեն ուսս թփթփացնում: Ինչեւէ, կյանքը մարդուս պարտադրում է հաշտվել անհերքելի իրականության հետ, Աստվածաշնչում իզուր նշված չէ. «Նմանն զնմանին գտանե»:

Հայաստանում կաշառատու-կաշառառու փոխհարաբերությունների կեղտոտ համակարգում բարձր համբավ ունեցող մի քանի պետական կառույցներում կաշառակեր աշխատելու մարմաջով, հող ու հայրենիք լքելով՝ բազմաչարչար Արցախ աշխարհից ընդմիշտ հեռացող դասալիքների շարքերը տարիներ շարունակ խտանում, ի տես բոլորի՝ վերոհիշյալ զնմաններով էր համալրվում:

Եթե Արցախը Բաքվի դավադիր ծրագրերով հայաթափ անել փորձեին՝ ես գուցե կհասկանայի պատերազմական իրավիճակում թշնամուց սպասվելիք նման քայլի տրամաբանությունը, բայց որ Երեւանն էր այս դեպքում Արցախն իր բնիկներից դատարկողը, սա, անկեղծորեն խոստովանեմ, այդպես էլ ինձ համար մինչ օրս անհասկանալի մնաց: Ինձ անհանգստացնող տարակուսանքով շվարած, այս անտրամաբանական-անընդունելի երեւույթը շարունակ եւ հրապարակայնորեն դատապարտելուց բացի, ընդունում եմ ցավով, որ չկարողացա այլ բան անելու ընդունակ լինել: Երեւույթը պարտության մատնեց մեզ` բոլորիս ու դրա կանխարգելման, վարակիչ վիրուսի դեմ պայքարելուց անզոր գտնվելուս համար մեղավոր եմ նաեւ ես` նախկին սփյուռքահայ-արցախցիս: Հենց այս մեղքիս համար ես ինձ ցկյանս չեմ ներելու երբեք:

Սակայն բնության մեջ ոչ մի բան հենց այնպես չի լինում, ամեն ինչ ունի պատճառ եւ դրանից բխող հետեւանքներ: Այս ահասարսուռ երեւույթի հիմնական պատճառը, գլխավոր մեղավորն ու պատասխանատուները ՀՀ ղեկավար «ղարաբաղյան դուետն» է անշուշտ: Այսինքն՝ ընդամենը տաս տարում նրանք կարողացան ամբողջ ազգին պառակտման եզրին հասցնել եւ Հայաստանում ազգակործան ատելության միջավայր ստեղծել: Սա ինձ համար մինչեւ վերջերս սոսկ սեփական կարծիք էր դեռեւս, սակայն 2008թ. մարտի 1-ից դարձավ անքննելի համոզմունք այլեւս: Հասկանալի դարձնելու համար ասածներս դրանք հիմնավորեմ այժմ, փորձեմ մի կերպ բացատրել անբացատրելին:

Թեկուզ 18 տարուց ավել ապրում եմ Հայաստանում, այնուամենայնիվ՝ հանդիսանում եմ Ֆրանսիայի քաղաքացի, ուստի եւ ՀՀ բարձրագույն օրենքի՝ Սահմանադրությամբ նախատեսված՝ երկրում իշխանություն ձեւավորելու դրույթների զույգ հոդվածներից օգտվել չեմ կարող: Այսինքն՝ ես, բնականաբար, ՀՀ-ում ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունեմ: Ելնելով իմ չունեցած զույգ իրավունքների փաստացի առկայությունից էլ, իբրեւ օրինապաշտ հայորդի՝ ՀՀ-ում 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին նախորդած ժամանակաշրջանում առկա ուժերի միջեւ անհավասար պայմաններում տեղի ունեցող, ոչ բարեկիրթ, բռնություն եւ սադրանքներով լի, բայց չգիտեմ ու՞մ աչքին թոզ փչելու համար իբրեւ քարոզարշավ կոչված անհեթեթ խայտառակություններին բարեբախտաբար երբեք չեմ մասնակցել:

Սակայն, ինչ մեղքս թաքցնեմ, ընտրություններից առաջ ընդամենը երկու անգամ՝ «Առավոտ» օրաթերթում եւ «168 Ժամ» եռօրյայում հեղինակած զույգ հոդվածներում բացահայտ իմ կարծիքն եմ հայտնել եւ քարոզել եվրոպական արժեքային համակարգի ամենամեծ ձեռքբերման՝ ժողովրդավարության օգտին: Այդտեղ հայտնել եմ արդեն 21-րդ դար թեւակոխած Հայաստան պետությունում այս անգամ գոնե, իմ քաղաքացին հանդիսացած Ֆրանսիայի նման ընտրություններ անցկացնելու հանդեպ ներքուստ փայփայածս հույսն ու հավատքը, շեշտելով դրա անհրաժեշտությունը:

Լավատեսությունս չարդարացավ ափսոս եւ ես փետրվարի 20-ին հեռուստատեսության հաղորդած ակնհայտ սուտի, կեղծիքի եւ խաբեության դեմ մարդկային բողոքս արտահայտելու, անարդարության հանդեպ դիրքորոշումս ցույց տալու, իմ ընտանիքի երկու փոքր երեխաների ապագա ճակատագրով մտահոգված լինելու եւ, վերջապես, Հայաստանում «քաղաքացիական հասարակարգ» ստեղծել ցանկացող անձիս երազանքների վեհության հանդեպ ունեցած հարգանքը պահպանելու համար, հենց նույն օրը տնից դուրս եմ եկել ու… մինչայսօր չեմ վերադարձել:

Այո, կարող է ձեզ համար զարմանալի է, բայց գրածներս իրողություն է՝ հավատացեք: Մի քիչ էլ չարաշահելով ձեր համբերությունը, փորձեմ ամփոփ շարադրել այս ընթացքում անձնապես ինձ հետ տեղի ունեցածը, ավարտին հասցնելով սույն ոդիսականը վերջապես:

Փետրվարի 21-ից մինչեւ մարտի 1-ի առավոտյան մշտապես գտնվել եմ Երեւանի Ազատության հրապարակում, շուրջօրյա ապրել եմ իմ վրանի մեջ, մինչեւ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խնդրանքով այն դադարեցնելու պահը՝ չորս օր հացադուլ եմ արել: Տասը օր շարունակ նույն վայրում եւ նույն պայմաններում ապրող ինձ նման հարյուր հազարներից շարքային մեկն էլ ես եմ եղել, եւ ընդամենը՝ այսքան բան: Այդ անմոռանալի օրերին, շատ հաճախ՝ օրը մի քանի անգամ, հարթակից բարձրախոսով ելույթ եմ ունեցել եւ քաղաքացիական հասարակության նվաճման միտված՝ բոլորիս աչքի առաջ դեռեւս իր առաջին քայլերն անող համաժողովրդական շարժման ծնունդը կարեւորել ճիշտ այդքան, ինչքան որ ինձ համար ազգիս առաջնային ու ամենակարեւոր խնդիրը հանդիսացող Արցախյան արդար դատը:

Նույն հրապարակում ականատես եմ եղել եւ հերթական տհաճությամբ ունկնդրել ինձ համար անընդունելի “հայաստանցի-ղարաբաղցի” դիլեմայի նորանոր դրսեւորումների կիզակետում իբրեւ թիրախ հայտնված մեր արցախցի հայրենակիցներին մատնացույց անող, անանուն եւ անհասցե հնչեցված ծայրաստիճան վիրավորական, շատ-շատերիս մոտ սրտխառնուք առաջացնող նենգաբարո արտահայտությունները (որպիսի տմարդություն թույլ տվողներից ինձ շատ մտերիմ մի ծանոթիս նույնիսկ չխնայելով), հրապարակավ դատապարտել եմ, թեկուզ եւ այդպես մտածելով հանդերձ՝ երբեք այդ առթիվ բարձրաձայն չարտահայտվողներին նույնիսկ արժանացրել բացահայտ պարսավանքի: Հավատացնում եմ ձեզ, որ Ազատության հրապարակում ներկա գրեթե կես միլիոնի հասնող մեր հարյուր հազարավոր հայրենակիցները, բարեբախտաբար, նման ոճով նույն ազգի զավակների միջեւ «եղբայրություն-միասնություն» քարոզող գաղափարներն էին ընկալում, այդ առթիվ արտահայտված խոսքերին երկար ծափողջույններով եւ հաճախ «մի-ա-ցում» վանկարկելով էլ իրենց համաձայնությունը հայտնում:

Արդարեւ, ահավասիկ այսպիսին է իրականությունը, բայց… Այո, իսկապես կա մի բայց, որ ինձ հենց այդ հրապարակի հարթակում եւ ի տես բոլորի ծնկաչոք էր արել: Ես իմ ամենասկզբնական ելույթներից մեկի ժամանակ ասել էի. «Այո, ես հավատում եմ, որ ինչպես եւ եղել է 20 տարի առաջ՝ ոտքով, հիմա եւս Արցախից մեր հայրենակիցներից ամենաազնիվները ելնելու են ու գան հասնեն այստեղ եւ հենց այս հարթակից իրենց քաղցր բարբառով ձայնակցելով մեզ՝ փաստելու են ազգի միասնական ոգու առկայությունը», ավելացնելով, որ այդ հույսով էլ ամեն րոպե ապրում եմ:

Բայց, այո… իրոք որ, բառիս հենց բուն իմաստով, բայց Արցախից եւ ոչ ոք այդպես էլ չեկավ: Ամեն օր  վրանիս մոտ ինձ հանդիպող տասնյակ հայրենակիցներ իրենց «դե, շատ մի տխրիր, Սարգիս ջան, իզուր ես սպասում, այդ քո արցախցիներդ երբեք չեն գա»-ներով ինձ հուսահատեցնում, վհատում էին անվերջ: Ամբողջ տաս օրեր սպասեցի, որ գոնե մի հատ արցախցի կգա, հարթակ կբարձրանա եւ կասի՝ «վերջ տվեք մութ սենյակում չեղած կատուն փնտրելուն, եղբայր ենք մենք»: Ավաղ, երազանքս չիրականացավ: Անուժ, անօգնական, անհույս արդեն հազար անգամ զղջում էի բարձրաձայն արտահայտած մտքերիս համար, հերոս Արցախի իրական հպարտ զավակների կողմից հայոց մայրաքաղաքի ժամանակին հենց արցախահայության ազատություն պարգեւելու սկզբնաքարը հանդիսացող հրապարակում ինձ լքված զգալով, ինքս ինձնից ամաչում, նույնատիպ հարցումների տեղատարափից խույս տալու համար էլ փորձում էի վրանիցս դուրս չգալ:

Ժողովրդական առածն ասում է. «Խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում»: Պատկերացրեք, որ ինձ հետ այդօրինակ մի բան տեղի ունեցավ: Իրոք, հոգեպես ծանր այդ ապրումների ընթացքում բոլորովին պատահաբար վրանիս մոտ հայտնվեց իմ 16 տարուց ավելի ժամանակ ճանաչածս, շատ երկար տարիներ ԼՂՀ ՊԲ թիկունքային ծառայող հանդիսացող, Արցախի Մարտունու շրջանից ինձ մոտիկ մի ծանոթս, ում բացատրելով իրավիճակի լրջությունը, անձնական մտահոգությունս հայտնեցի եւ խնդրեցի իրեն հենց այդ պահին՝ ձեռք-ձեռքի միասնաբար բարձրանալ հարթակ, որպեսզի նա իր հայրենի բարբառով “ազգի միասնության մասին” մի երկու խոսք ասի: Նույն պահին իմ խեղճ բարեկամս “հայաստանցի-ղարաբաղցի” ցավոտ թեմայով գրված իր հոդվածը տպագրած «168 Ժամ» թերթն ինձ մեկնելով ասաց. «Չէ, Սարգիս ջան, ես վախի պատճառով նույնիսկ այս հոդվածն եմ ծածկանունով ստորագրել, խնդրանքդ կատարել չեմ կարող»: Դա իմ վերջին հույսն էր, որ …:

Հետո իր հեղինակած հոդվածն ընթերցելով՝ հասկացա, որ բնիկ արցախցի ծանոթիս վախը հենց իր հայրենակից «ղարաբաղյան զույգից» էր գալիս, բարեկամս չէր ուզում, որ նրանք հանկարծ իմանան, թե ինքն իրականում ինչպես է մտածում: Նա իր հայրենակիցների իշխանության օրոք Հայաստանում իբր թե հրապարակավ հանդես էր գալիս, թերթում հոդված տպագրում, բայց իրականում թաքնվում հորինված մի կեղծանվան ետեւում: Այս ի՞նչ ողբերգություն էր, Աստված իմ, այս ի՞նչ խեղճություն: Հազար ամոթ նմանօրինակ հոգով թույլերին խեղճացնող՝ իրականում նրանցից շատ ավելի խեղճերին եւ հազար ափսոս իրենց ստեղծած ողբերգական այս նողկալի միջավայրը վայելող անասնական գոյություն քարշ տվողներին: Ախր չէ՞ որ երբ պետք էր՝ Հայաստանի ու Սփյուռքի լավագույն զավակները Արցախին թեւ ու թիկունք էին եղել, բայց հիմա մեր ապրած այս ծանր ժամանակներում Արցախի լավագույն զավակները զլացան իրենց ներկայությամբ պատվել մեզ՝ Ազատության հրապարակ եկածներիս:

Եղելության առթիվ ընդհանուր միտք արտահայտելս կարող է եւ ճիշտ չհասկացվել, բայց խոսքս գոնե հատկապես ինձ մոտիկից ճանաչող բոլոր արցախցի քույրերիս ու եղբայրներիս ուղղելով, ասում եմ, որ տողերիս հեղինակ, իր ծննդավայրը այժմ թուրքի զավթած Կիլիկիայի բնիկ հայազգի Գեւորգի որդի Սարգիս Հացպանեանը, երբ դուք դրա կարիքն շատ ունեիք պատերազմի տարիներին, Ֆրանսիայից Արցախ հասնելով՝ ձեզ հետ ճակատագիր ու բախտ կիսեց: Նա իր կյանքում առաջին անգամ, օրուգիշեր մոտ կես միլիոն հայորդու մեջ լինելով հանդերձ, գեթ մեկ անգամ, այդ էլ՝ խաղաղ պայմաններում, ձեր՝ արցախցի հայրենակիցների ներկայության կարիքն զգաց, բայց ճաշակեց ձեր բացակայության դառնությունը: Խնդրում եմ սա ընդունել իբրեւ ափսոսանքի մարդկայնորեն եւ վերին անկեղծությամբ արտահայտված խոսքեր, որոնք հասցեաուղղված են այդ գիտակցողներին միայն: Նրանք, համոզված եմ, շատ լավ պիտի հասկանան իմ՝ վիրավորված հայ մարդուս, սրտի խորքից եկած ցավն ու եղբայրաբար արտահայտած ցասումը: Այսքանը միայն:

Վերադառնալով Երեւանի Ազատության հրապարակ, ցանկանում եմ իմ այդտեղ համառորեն մնալու հիմնական մի պատճառ եւս բացահայտել: Սրանից ընդամենը մի քանի ամիս առաջ, իմ՝ իր լույս աշխարհ եկած օրվանից մշտական ընթերցողը հանդիսացած սիրելի «Դեմո» երկշաբաթաթերթի առաջնորդող հոդվածը մեծատառերով վերնագրված էր «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԽՓԵՆ, ՔԱՆ ԽԱԲԵՆ»: Խոստովանեմ, որ ոչ միայն արտահայտված վերոնշյալը, այլ թերթի ամբողջ առաջին էջում տպված հոդվածը ինձ համար այնքան հոգեհարազատ մտքեր էր պարունակում, որ կարող էի այդտեղ արտահայտված ամեն մի նախադասության տակ անձամբ ստորագրել: Ավելին, ինչ աստիճանի հոգեհարազատ, որ այժմ իմ գտնված ազատագրված տարածքներում՝ սարի գլխին մի վրանի տակ ապրելով հանդերձ, եթե ձեռքիս թուղթ ու գրիչ հայտնվեր, կարող էի այդտեղ արտահայտված միտքը, ծայրից ծայր իմ բառերով վերաշարադրել նույնիսկ:

Ուրեմն, Ազատության հրապարակում գրեթե ամեն օր ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները մոտենալով ինձ, փորձում էին հորդորել այդտեղից հեռանալ: Տեսնելով, որ բոլորովին չեմ պատրաստվում իրենց բարեկամական խորհուրդներին հետեւել, այս անգամ էլ, իբր վախեցնելու համար, խոստովանեցին, որ իրենց համակարգում հրապարակի վրա ամեն պահ զինված հարձակում իրագործելու մշակված ծրագիր կա, եւ ես կարող է պարզապես սապոգների տակն ընկնելով՝ ընդմիշտ մյուս աշխարհ գնամ:

«Ոչինչ,- պատասխանում էի ես,- դա միայն թուրքերին կուրախացնի, եւ եթե դահիճիս ինքնությունը ճշգրիտ իմանալու լինեն, չկասկածես, որ կպարգեւատրեն էլ»  ու հավելեցի, քանի որ «որտեղ իմ ժողովուրդը, այդտեղ էլ՝ ես» մտածում էի, ինչպես ժամանակին Արցախում, հիմա էլ Հայաստանի մայրաքաղաքում էր խրամատը փորված: Ինձ նման կամավորի համար, ի վերջո, ի՞նչ տարբերություն, երբ միտքդ ու սիրտդ մաքուր է եւ խիղճդ հանգիստ ես քնում ամեն գիշեր: Հետո, ավելի լավ չէ՞ քեզ խփեն, քան խաբեն: Անձամբ ես Ազատության հրապարակում էի գտնվում աննկարագրելի մի մեծ խաբեության դեմն առնելու համար եւ պատրաստ էի, որ դրա համար ինձ խփեն:

Չնայած նստացույց-հանրահավաքի բոլոր մասնակիցներով մենք խաղաղ էինք մեր լեռների պես, սակայն 2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում մեզ այլազգի թշնամու տեղ դնող բարբարոսներն որեւէ դիմադրություն իսկ ցույց տալուց զուրկ ինձ նման հազարներով հայերին իրենց վրանների մեջ քնած վիճակում հարձակվելու ստորությունն ունեցան: Չնայած մենք հպարտ էինք մեր լեռների պես, բայց նախընտրեցինք մեր մոլորյալ «իրավապահ» հայրենակիցների տմարդի ծեծ ու ջարդերին որեւէ դիմադրություն ցույց չտալ հանկարծ եւ մեծն Մահաթմա Գանդու փիլիսոփայությամբ բռնությունից զերծ մնացինք մեր անձնազոհության գնով՝ բերանքսիվայր գետնին բրվելով, հարվածները կամովին մեզ վրա վերցրինք:

Բայց… Այո, այստեղ եւս կա մի «բայց», որի բացատրությունը շատ ավելի վիրավորական է, քան մինչեւ այս իմ գրած յուրաքանչյուր բառ ու բան, միտք ու գաղափար: Երեւույթը հիշատակածս օրվա առավոտյան կանուխ համատարած բնույթ կրելով հանդերձ, ես բերում եմ ինձ հետ կատարվածի օրինակը միայն, նախազգուշացնելով ձեզ դրա ահասարսուռ բնույթի առթիվ, ներքոհիշյալ անմարդկային տեսարաններին ձեզ եւս մասնակից դարձնելու համար էլ բոլորից նախօրոք ներողություն եմ խնդրում:

«Ռազմադաշտ հիշեցնող իրավիճակում, ցուցարարների մեծամասնությունը գետնին բրված, աչքերը փակ, եթե ֆիզիկապես դեռ կարողանում էին շարժվել, ապա փորձում էին ձեռքերով մի կերպ իրենց գլուխն ու երեսը պաշտպանել:

Ոստիկանները բարբարոսաբար խփում, 5-6 հոգով մի մարդու վրա հարձակվում, անմարդկային անխղճությամբ հարվածում, սպանելու աստիճան խփում էին: Այդ ընթացքում հեռվից, խզված, խռպոտ գոռալ փորձող տղամարդու ձայն լսեցինք. “Մի խփիր, ախպերս, այդ կինը հղի է”: Քիչ անց նույն ձայնը անասնական վայրագ ճիչի էր վերածվել արդեն. “մի խփիր, անաստված, դու հայ չե՞ս, քույրիկը հղի է՝ ասում եմ”: Ես՝ զգետնված, փորիս վրա շրջվել փորձեցի, ուղղվելով շուրջբոլորս նայել ուզեցի, բայց չկարողացա: Քանի որ մարմնիս տարբեր տեղերում մեջքի կամ փորի վրա ընկած առնվազն երեք-չորս մարդ կլիներ: Նրանք, մեզ վրա հարձակման ամենասկզբում, ինձ պաշտպանելու նպատակով անմիջապես վրանիս մոտ վազող, անձնազոհ, մաքրամաքուր հոգիների տեր տղերքը պիտի լինեին հաստատ՝ Գեւորգ, Աշոտ, Գոռ, Արմեն, Հմայակ, Վարդան, Գնել ու Լյովա: Հենց նրանք էին, որ արցախյան բարբառով ինձ մայր ու քույր հայհոյելով  հարձակվող հրոսակների առաջ պատ կազմելով՝ կանգնում, մեկը մյուսի հետեվից մահակների տեղատարափ հարվածների պատճառով արյան մեջ գետնին ընկնելով հանդերձ, իրենց կյանքի գնով նույնիսկ այդ վիճակում ամեն ինչ անում էին ինձ փրկելու համար: Իսկ ես՝ արնաշաղախ, անշարժ, գետնին բրված, մարդու համար անդիմանալի հուժկու հարվածների տեղատարափին արժանացողս, այդքան ցավ չէի զգում, ինչքան դահիճներիս բերանով ինձ շատ հոգեհարազատ արցախյան բարբառը լսելիս: Եվ նրանց արտաբերած ամեն մի բառից հետո ցնցվում, մարմնովս մեկ դողում, անկախ ինձնից արցախյան իմ երանելի տարիները վերհիշելով, ջղայնությունից հեծկլտալով՝ երեխայի նման լաց էի լինում»:

Ինձ թվում է՝ այսքանով պետք է բավարարվեմ: Սիրտս ավելին գրել չի տանում:

2008թ. փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում անցկացրած անմոռանալի հրաշք օրերի մասին գրառումներս, ըստ իս, այժմ հրապարակման ենթակա չեն: Ուստի «օրը կգա, բարին հետը» ժամանակներում դրանք միասնաբար, խոստանում եմ, կըմբոշխնենք:

Հարգանքներով՝  Սարգիս ՀԱՑՊԱՆԵԱՆ
Մայիսի 9

 

——————————————————————————————-

Մայիսյան եռատոնի նախօրեին մեր ընթերցողներին ենք ներկայացնում երկու պատերազմների մասին երկու նյութ: Հայրենական մեծ պատերազմի մասին նյութի հեղինակը Արցախի տաղանդավոր զավակ, ճանաչված գրող ու հանրային գործիչ, իր երկրի նվիրյալ Սարգիս Աբրահամյանն է: Սա նրա բազմաթիվ լեկցիա-դասախոսություններից մեկն է՝ մինչև օրս անտիպ: Տպագրում ենք մասնակի կրճատումներով:

«ԴԵՄՈ»

 

ՄԵՆՔ` ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐ

Սարգիս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նա՝ ժողովուրդը, հերոսության մայրն է: Հերոսներ ծնող ու սնող արգանդը: Նա է փայփայում ու վեհացնում հերոսներին, նա է ներշնչում նրանց: Նա է իր ծնած հերոսների հենարանն ու գործունեության միջավայրը:

Սակայն ժողովրդի արգանդը ոչ միայն առանց ստերջ մնալու հերոսներ է ծնում ու սնում նրանց, այլ հարկ եղած դեպքում վերահաս անհրաժեշտության պայմաններում, ամբողջ ժողովրդի հերոսապատումը` նրա գերոիզմը, ժայթքում է չտեսնված հորձանքով եւ մարդկության պատմության մեջ աննման հերոսական էջեր գրում:

Ուրեմն՝ ժողովուրդն ինքը տեղովին հերոս է եւ հերոսության սիրահար: Նա իր ամեն մի հերոսի փառքը երգում է դարեդար, տալիս սերունդներին եւ նրանց անմեռ դարձնում:

Հին Հռոմի գլադիատորների դպրոցի ստրուկ սան Սպարտակին տերերի դասակարգը պատրաստում էր, որ Հռոմի ընդարձակ կրկեսների արենաներում իր նմանների արյունը թափելով՝ ուրախացնի արնով ու գինով արբած տերերին ու դավաճան տիրուհիներին:

Ո՞ր տերը կարող էր կարծել, թե երբ հրապարակ գա ստրուկների ազատության հարցը, Սպարտակը կփախչի եւ ստրուկների 70 հազարանոց բանակ կազմելով, ահ ու սարսափի մեջ կդնի ողջ Հռոմը եւ ծնկի կբերի ռազմական փառք հանած զորավարներին ու ցեխում կտրորի նրանց ռազմական դրոշները: Այդպիսինն է ժողովրդական հերոսը, այդպես է ժողովրդի հերոսապատումը:

Եվ ինչ: Անցավ Հռոմն իր լեգիոններով ու զորավարներով, դիկտատորներով ու գանձերով: Անցան Հռոմի հաստափոր ու փափկասուն տիրուհիները: Մնաց միայն Սպարտակի հերոսական փառքը: Նրա մասին վեպեր գրեցին ամեն ազգի լեզուներով: Բոլոր ազգերի մեջ էլ մայրեր գտնվեցին, որոնք իրենց զավակների անունը Սպարտակ մկրտեցին, որ անշեջ մնա մեծ հերոսի հիշատակը, սրտի երջանիկ թրթռոցով սպասելով, որ իրենց զավակը նման լինի Սպարտակին:

Դարերի գլխի վրայով նրա անունը մեզ հասավ եւ կանգնեց Դավթի ու Բաբեկի, Տարիելի ու Վարդանի անունների կողքին, որոնք նույնպես դարերի ճերմակած գլխի վրայով մտերմաբար իրենց հենց ձեռքը մեզ են մեկնում:

Խոսքի վարպետը դրա համար է ասել.

«Անց են կենում սեր ու խնդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ»:

Ժողովուրդը իր հերոսին բարի ոգով է դաստիարակում: Ուստի ամեն մարդ էլ պարտավոր է ընդօրինակել ժողովրդին: Պատմությունը լիքն է իրենց զավակների հերոսության ու ազնվության ոգով դաստիարակող մայրերի ու հայրերի օրինակներով: Ասում են՝ Փարիզի կոմունայի համար մղված մարտերում 16-ամյա մի պատանի կորցնում է իր աջ թեւը: Եվ երբ հիվանդանոցում տաքությունն անցնում է, նա ոտքի է կանգնում եւ, դեն հրելով իրեն պառկեցնել ցանկացող բժիշկներին, գոչում է. «Ինձ մի ձեռք է մնացել՝ այն էլ եմ ուզում ծառայեցնել հայրենիքի շահերին»: Ի՞նչն է ավելի բարձր, քան այսպիսի որդի ունենալը:

Ազգին դավաճան Մերուժանի մայրն ու կինը նրան իրենց տանը չեն ընդունում եւ դռան դարպասից սգո դրոշներ են կախում: Առաջինը՝ իր որդուն, իսկ երկրորդը՝ իր ամուսնուն մահացած են համարում, քանի որ դավաճանությունն անց է մահից:

Երբ սկսվում են հայ ժողովրդի կյանքի եւ մահվան կռիվները պարսիկ բնաջնջողների դեմ, Վարդան Մամիկոնյանի մայրը պահանջում է իր որդուց, որ թոռանը բերել տա Բյուզանդիայից: Տատն ուզում է, որ թոռը որդու հետ միասին կանգնեն հայրենիքի զոհասեղանի քով:

1812թ. Հայրենական պատերազմի ժամանակ մարտկոցի պետ Ռաևսկին մարտի ամենածանր ժամանակ, զինվորներին ոգեւորելու համար, բռնում է իր 15-ամյա մինուճար որդու ձեռքից եւ նետվում կռվի ամենաթեժ տեղը, գոչելով. «Առաջ, հանուն Ռուսաստանի»:

Ասում են՝ Վրաց Վախթանգ թագավորն իր երկրի արեւմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով ցանկացավ ամրոց կառուցել: Այդ նպատակով նա անթիվ ու անհամար մարդիկ բերեց Սուրամի մոտ: Սակայն ամեն անգամ, երբ ամրոցի պատերը մի քիչ բարձրանում էին, նորից իսկույն էլի փլվում էին: Մի անգամ էլ, երբ Վախթանգը տխուր ու տրտում կանգնած էր փլված պատերի մոտ՝ տխուր մարդկանց բազմության մեջ, նրան մոտեցավ պատառոտված շորերով, սազը ձեռքին մի աշուղ եւ այսպես ասաց. «Բերդը կանգուն կմնա այն ժամանակ, երբ Վրաց աշխարհում գտնվի իր մոր մինուճար մի պատանի, որը համաձայնվի իրեն պատում դնեն եւ պատը հիմնեն: Համաձայն պիտի լինի եւ մինուճարի մայրը»:

Ծեր աշուղը դեռ խոսքը չվերջացրած՝ հպարտ քայլերով Վախթանգին է մոտենում մի չքնաղ պատանի: Զոհրաբ էր անունը նրա: Նա դիմում է Վախթանգին այս խոսքերով. «Ես եմ իմ մոր մինուճարը: Ինձ դրեք պատում եւ հիմնեցեք, միայն թե իմ գեղանի Վրաստանը ազատ ու անկախ լինի»: Այնուհետեւ Վախթանգին մոտենում է մի պատկառելի կին եւ ասում. «Այդ պատանին իմ մինուճարն է: Ես համաձայն եմ, որ Վրաց աշխարհի խաթրին նա հիմնվի պատի մեջ»: Պատը սկսում է վեր ելնել: Եվ երբ վերջին քարով պիտի փակեին պատանու բերանը, որ նրա շունչը կտրի, հանկարծ երեւում է ծեր աշուղը սազը ձեռքին ու գոչում. «Քանդեցեք պատը, դուրս հանեք պատանուն: Այն երկիրը, որը այսպիսի մայրեր ու որդիներ ունի՝ առանց բերդ ու ամրոցի էլ կհաղթի»:

Ձեզ եմ հարցնում, ի՞նչն է ավելի քաղցր, քան այսպիսի մայր լինելն ու նման որդի ունենալը: Սակայն որ մեկն ասես: Պատմությունը լիքն է այդպիսի մայրերի ու որդիների օրինակներով: Ահա թե ինչու տաղանդավոր հայ գրող Մուրացանն ասել է. «Ես պիտի ապացուցեմ, որ ամրոցների եւ իշխանական զորության մեջ չէ ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա զավակների անձնվիրության մեջ: Պետք է ապացուցեմ, որ 20 անձնազոհ նահատակներն ավելին արժեն, քան 20 հազար զինվորներից կազմած բանակը, որը ոչ թշնամուն խորը կերպով ատել գիտե եւ ոչ էլ իր հայրենիքը վառվռուն կերպով սիրել»:

Իսկ ո՞վ կարող է ասել, որ որդուն հայրենիքի անձնազոհ նահատակ դարձնելու գործում ծնողը, մայրը հատկապես, քիչ դեր է խաղում: Ամեն մայր էլ պետք է ցանկանա Վարդանի մոր նման որդուն ու թոռանը հայրենիքի զոհասեղանին դնել եւ Զոհրաբի մոր նման հայրենիքի ազատության խաթրին որդուն բերդի պատում դնել: Ճիշտ դաստիարակեցիր զավակիդ, նշանակում է ծերությունդ երջանիկ դարձրիր եւ բախտավոր կմեռնես: Ծուռ դաստիարակեցիր նրան՝ նշանակում է ծերությունդ թունավորեցիր եւ տանջանքներով կմեռնես: Այս է ասում մեզնից առաջ եղած եւ առայժմ ապրող բոլոր ծնողների բազմադարյան փորձը:

Սակայն մեր այս երեք ու կես տարվա Հայրենական պատերազմը արժանի ծնողների եւ նրանց արժանավայել զավակների այնքան բազմամիլիոն ու սրտառուչ օրինակներ տվեց, որոնց հանդեպ նսեմացան պատմության բոլոր սրտաճմլիկ օրինակները:

Գերմանական մարդակերները հարձակվեցին մեր բախտավոր ու խաղաղ կյանքի, ոսկեգլուխ հասկերով մեր անծայրածիր արտերի, երկնահուպ ծխնելույզներով մեր գործարանների ու ֆաբրիկաների, մեր հորդառատ գետերի ու զուլալ աղբյուրների, զմրուխտածածկ մեր լեռների, մարգարտաքար մեր համալսարանների ու դպրոցների եւ մեր խաղողի ու կիտրոնի այգիների վրա:

Մեծ ժողովուրդն իսկույն հասկացավ, որ արյունարբու թշնամին ուզում է լափել Ուկրաինայի հացը, Սեւանի ձուկը, Վրաստանի կիտրոնը, Ադրբեջանի ու Հայաստանի խաղողը: Նա ուզում էր տանել Բաքվի նավթը, Ուրալի երկաթը, Միջին Ասիայի բամբակը, նա ուզում էր լռեցնել Չայկովսկու սիմֆոնիան, ուկրաինացու ուրախ երգը, լեռնցու թափով պարը: Նա ուզում էր խարույկ սարքել Պուշկինի ու Շոթայի, Լերմոնտովի ու Թումանյանի, Շեւչենկոյի ու Նիզամու կոթողներից եւ լաց դարձնել մեր հրաշալի երկրի բազմամիլիոն մայրերի ու դուստրերի զրնգուն ծիծաղը: Ժողովուրդը տեղովին ծառս ելավ, կագնեց հասակից ու սեռից անկախ, պարիսպ դրեց թշնամու առաջխաղացման դեմ, մեկը որդիներին ուղարկեց, երկրորդն ինքն էլ հետը գնաց, երրորդը՝ այս ու այն չկարողանալով, մուրճ ու մանգաղ վերցրեց:

Գաստելլոն իր արծվով թշնամու մի քանի անգղներ ցած գլորեց: Սակայն նրա արծվի թեւը վիրավորվեց, բայց ի՞նչ: Գաստելլոն իջնի թշնամու տերիտորիայում եւ գերի հանձնվի՞… Նա զայրույթից իր մեքենայով երկնքից երկիր վարեց եւ թափով զարնելով թշնամական տանկերի ու զինվորների կուտակումներին, մսեղեն ու երկաթեղեն կտորներ իրար խառնած երկինք բարձրացրեց: Հերոսը մեռավ հերոսի մահով: Փառք Գաստելլոյի եւ նրան երկնող ու սնող մորը:

Քիչ զոհեր տալու գնով, իր ընկերների առաջխաղացումը ապահովելու նպատակով, հերոս մարտիկ Ալեքսանդր Մատրոսովը իր մարմնով ծածկեց թշնամու գնդացրի բերանը եւ շատերի տեղ միայն ինքը մահացավ:

Մեր ազատ ու գեղանի լեռների զավակ Մեսրոբ Ղազարյանը շունչը պահած երկու անգամ անցավ գիժ Թերեքի ցուրտ ջրերի տակով եւ իր երիտասարդ կյանքի գնով երկու կամուրջ երկինք բարձրացրեց:

Իր հայրենիքի ուստրերին ու դուստրերին կյանքի երջանկության համար Զոյայի չքնաղ մարմինը ճոճվեց կախաղանի վրա:

Մի մայր մի զավակ ծնեց, որը մի մեծ երկրի եռակի հերոս դարձավ` Ալեքսանդր Պակրիշկինին ու նրա երկնող մորը փառք:

Միլիոնավոր մայրերի ծնած զավակներ իրենց կրծքերը զարդարեցին շքանշաններով: Քանի¯-քանիսն ընկան հերոսի մահով՝ պատիվ բերելով իրենց տանն ու օջախին:

Հավերժ փառք այդ հերոսներին եւ նրանց երկնող ու սնող մայրերին:

Սակայն քչերը չեն եղել, որ ապրել են վախկոտների նման եւ միայն իրենց կաշին են պաշտպանել: Դրանց նմանների մասին Գորկին ասել է. «Իսկ դուք աշխարհում կապրեք որդերի նման կույր ու սին, ձեր մասին ոչ հեքիաթ կպատմեն, ոչ երգեր կգրեն ձեր մասին»:

Սակայն ոչ ոք իր մորից ոչ հերոս է ծնվում, ոչ անձնազոհ, ոչ էլ տաղանդավոր: Ամեն ինչ ձեռք է բերվում կյանքում, աշխատանքում: Մարդուն ամեն ինչ պատվաստում է հասարակությունը, ծնողը, միջավայրը: Եվ նա, ով լավ ցանեց՝ լավ էլ կհնձի: Մենք բոլորս էլ ծնողներ ենք եւ այդպիսի հունձ մեզ սպասում է: Ուրեմն՝ ամեն ջանք գործադրենք, որպեսզի տեսնենք մեր զավակներին բեղուն բերքով ծանրաբեռնված: Սակայն այսպիսի ցանկություն ունենալը դեռ քիչ է: Դա միայն սկիզբն է մեծ գործի:

Ռուս մեծ քննադատ Բելինսկին ասում էր. «Կենդանին որ ծնվում է էգ առյուծից, առյուծ է դառնում առանց իր կողմից առանձնակի ջանքերի ու ճիգերի, առանց արտասովոր պայմանների բարենպաստ ընթացքի ազդեցության: Իսկ մարդը, որ ծնվում է ոչ միայն առյուծ ու վագր, այլ նույնիսկ մարդ՝ բառիս իսկական իմաստով, կարող է դառնալ եւ գայլ, եւ ապուշ, եւ թեկուզ ինչ որ կուզեք»:

1944թ.

 

ՀԱՐՍԱՆՔԱՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՍԳՈ ԹԱՓՈՐ

Պատերազմն իր օրենքներն ունի, կյանքը՝ իր: Բայց 28-ամյա ազատամարտիկը որոշել էր դեմ գնալ այդ օրենքների անհամատեղելիությանը. ի՞նչ հայրենասիրություն, եթե հայրենիքի համար կռվում, բայց որդի չես նվիրում նրան:

…Իր մշտաժպիտ ու բարի հայացքը հառելով հարազատներին ու զինակիցներին, նա՝ Արցախյան պատերազմի գրեթե բոլոր թեժ կետերում մարտնչած Ասկերանի գնդի Շոշի վաշտի հրամանատար Ալբերտ Մարգարյանը, 1993թ. հուլիսին բոլորին հրավիրեց իր մոտալուտ հարսանիքին: Զինակիցները սրտանց ուրախացել էին. մարտերում թրծված իրենց կարգապահ, անընկճելի, խիստ հրամանատարը միաժամանակ երեխայի նման բարի էր ու երեխայի նման նվիրվող. ո՞վ կար նրանից հանիրավի նեղացած:

… 1993թ. հուլիսի 23-ին՝ նրա հրավերից բառացիորեն 1-2 օր հետո, Աղդամում թեժ մարտեր էին: Վաշտը հանդիպեց թշնամու ուժեղ դիմադրությանը: Ալբերտը, վաշտը թողնելով ապահով տեղում եւ վերցնելով 3 հոգու, գնաց հետախուզության: Ճանապարհն ականազերծվեց, վաշտի տղաների համար այլեւս ճանապարհը բաց էր, բայց … փակվել էր իրենց ճանապարհը՝ երես առ երես հանդիպեցին թշնամու մի ամբողջ վաշտի: Մարտն ընդունեցին, ինչպես վայել էր մարտիկին, տղամարդուն, իր հող-հայրենին եւ նրա պատիվը պաշտպանող հայրենասերին:

… Նրա պայքարը շարունակվեց նաեւ վիրահատական սեղանին՝ երկու վիրահատություն եղավ: Հոգին չէր հանձնվում, բայց եւ … հուլիսի 29-ին մարմինը ի պահ տրվեց հայրենի հողին, որի վրա պետք է ծլարձակեր նա, ուստրեր եւ դուստրեր ունենար եւ մի օր էլ՝ խոր ծերության ժամանակ ծիծաղելով պատմեր, որ հուլիս ամսին թեեւ թեժ մարտեր էին, բայց մտքում դրել էր պսակվել…

Բայց Շոշ գյուղում, որը նրա համար իր կյանքի չափ թանկ էր, եւ Արցախում, որ կյանքից առավել, դեռ շատ Ալբերտներ կծնվեն` որպես հիշատակ հայրենիքի հերոս որդու…

…Հարազատները, բարեկամները, մարտական ընկերները պիտի հավաքվեին՝ մասնակցելու քաջազուն ազատամարտիկի հարսանյաց հանդեսին: Հավաքվեցին … ու սգո թափորը շարժվեց դեպի Շոշի գերեզմանատուն՝ զինվորի դին մայր հողին պահ տալու:

…Եղբայրները՝ Ռոբերտը, Համլետն ու Արարատը, նրա կիսատ թողած կռիվը շարունակեցին մինչեւ վերջ, մինչեւ զինադադար՝ ոսոխին քշելով մեր սահմաններից շատ հեռու:

Նանար ԱՎԱԳԻՄՅԱՆ

——————————————————————————————-

Դարդուցավ

ԿԱԲԻՆԵՏԻՑ ՄԱՐԴՆ ՈՒ ՊՐՈԲԼԵՄԸ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ

Յուրաքանչյուր նորանկախ երկրի զարգացում կախված է նրանից, թե ովքեր են կանգնած նրա ղեկի մոտ: Մեկի օրոք զարգացման արագ տեմպեր են գրանցվում, որովհետեւ խելացի է կազմակերպում աշխատանքը, մյուսը կոշտ վարչարարության տուտն է բռնում՝ մոռանալով տնտեսական զարգացումը, ժողովրդի նյութական պայմանների բարելավումը:

Խորհրդային իշխանության ստեղծումը 1917թ. հեղափոխության արդյունքներով երկար տարիների ընթացքում քիչ հաջողություններ բերեց: Հեղափոխության առաջնորդը շատ շուտ հեռացավ կյանքից, իշխանության գլուխ բարձրացավ վարչարար /դեսպոտ/ Ստալինը, որ շատ քիչ գիտելիքների էր տիրապետում, իր շուրջ հավաքեց գաղտնի ծառայության էմիսարների, որոնց մեջ խղճի, մարդկային զգացմունքների նշույլ անգամ չկար: Անմեղ մարդիկ, ովքեր, փորձում էին որեւիցե խելացի առաջարկությամբ հանդես գալ, աքսորում կամ գնդակահարում էին, մինչեւ անգամ իրենց լավ աշխատանքով աչքի ընկածներին, ակնառու հաջողությունների հասածներին: Դեսպոտի մահից հետո սկսեցին մարդկանց գնահատել, տնտեսական առաջընթաց եղավ, գիտության, արվեստի զարգացում:

Ավետարանոցի կոլտնտեսությունը 60-ականներից մինչեւ արցախյան շարժումը տնտեսական մեծ հաջողություններ է ձեռք բերել, այդ տարիներին տնտեսության համախառն եկամուտը աճել է 10-ից ավելի անգամ եւ այդ ամենի համար նվաճել է սոցիալիստական մրցության շրջանային, մարզային, հանրապետական եւ միութենական փոխանցիկ դրոշներն ու դիպլոմները: Իրենց բարձր ցուցանիշների համար մի շարք կոլտնտեսականներ արժանացել են բարձր կառավարական շքանշանների եւ մեդալների:

Ես ուզում եմ ներկայացնել աշխատանքային բարձր ցուցանիշների հասած մի գերդաստանի:

Հովսեփյան Ալեքսանդր եւ Ժենյա ամուսիններն աշխատել են որպես կթվորներ, ամեն մի ֆուրաժային կովից ստացել են 5000-6000 կգ կաթ: Ալեքսանդր Հովսեփյանը պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշ շքանշանով եւ մի շարք մեդալներով: Իսկ Ժենյա Հովսեփյանը ոչ միայն նույն շքանշանով, այլև ընտրվել է Ադր.ՍՍՀ-ի Գերագույն սովետի դեպուտատ: Ալեքսանդրն իր մահկանացուն կնքեց 1990 թվականին, երբ պետք է թոշակի անցներ, Ժենյան դեռ ողջ է՝ 82 տարեկան:

Հիմա մեջքից կորացած Ժենյան ստանում է ընդամենը 19 հազար դրամ թոշակ: Թե ինչպես կարելի է ապրել այդ գումարով՝ ոչ ոքի չի հետաքրքրում: Այսպիսին է 50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդու գնահատականը հայրենի պետության կողմից:

Խորհրդային տարիներին հերոսական աշխատանքներ շատերն են կատարել, բայց իշխանության փլուզումից շատերը մնացել են այդպես էլ չգնահատված եւ թոշակի ոչ մի հավելում չեն ստանում շքանշանների ու մեդալների համար: Գոնե ներկայիս կառավարությունը հաշվի առնի նմանների վաստակը: Ի վերջո, անկախ այն բանից, որ կար Խորհրդային Միությունը, այդ մարդկանց լավ աշխատանքով էր պայմանավորված Ղարաբաղի բարեկեցության որոշակի մակարդակը, այդ մարդիկ աշխատել են իրենց ժողովրդի համար:

Ներկայիս կառավարությունն ուղղակի պարտավոր է շտկելու անցյալի բացթողումները և ըստ արժանվույն գնահատելու նախկին կադրերին, հատկապես՝ թոշակների նշանակման հարցում: Ուղղակի զավեշտ է, այն էլ՝ երկաստառանի: Զավեշտ է ոչ միայն այն, որ պետությունն ավելի բարձր է գնահատում ոստիկանի աշխատանքը, քան աշխատավորինը, քան նույն ոստիկանին, նախագահին, վարչապետին ու նախարարին կրթած ու դաստիարակած մանկավարժինը, այլև այն, որ տասնապատիկ է բարձր գնահատում: Եւ ինչու զարմանալ, որ մատաղ սերունդն ուզում է ոչ թե աշխատավոր կամ մանկավարժ դառնալ, այլ ոստիկան ու նախարար:

Ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների, արտակարգ իրավիճակների և նման այլ կազմակերպությունների աշխատողները պետության կողմից ստանում են բարձր աշխատավարձ եւ բարձր թոշակ: Իսկ Արշավիր Գալստյանը, Ասրի Ղահրամանյանը եւ շատ ուրիշներ, որոնք 30-35 տարի կոլտնտեսություններ են ղեկավարել, ստանում են չնչին թոշակներ: Ա.Գալստյանը մի ամբողջ քաղաքատիպ գյուղ է կառուցել (Նորագյուղը), նույնը՝ Ա.Ղահրամանյանը՝  Ավետարանոց գյուղում, որտեղ 1960-85 թվականներին կառուցվել է 106 նոր բնակարան, այդ գյուղերի երիտասարդները մնացել են հայրենի երկրամասում եւ մասնակցել արցախյան պատերազմին: Ավետարանոցից արցախյան պատերազմին մասնակցել են 160-ից ավելի երիտասարդներ, զոհվել են 35-ը, շատերը հրամանատարներ են, այժմ էլ շարունակում են ծառայել բանակում:

Նոր կառավարությունն արդեն որոշ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ, բայց անելիքը շատ է: Շատ բացթողումներ կան գյուղատնտեսության բնագավառում, գյուղացին անպաշտպան է, շատերը չեն կարողանում ցանքսը կատարել միջոցներ չունենալու պատճառով, ցանքսը անորակ և ոչ ժամանակին է կատարվում տեխնիկա չլինելու պատճառով:

Ցավոտ հարցեր են, որը լուծում են պահանջում: Ավետարանոցից մոտ 50 տնտեսություն քոչել են Աղդամի տարածք՝ ցանքս կատարելու: Ապրում են խղճուկ խցերում՝ լույս չկա, անասուն են պահում բաց երկնքի տակ, իսկ գյուղի անասնապահական շենքերը քանդվում և որպես շինանյութ վաճառվում են:

Ես ենթադրում եմ, որ այս ամենը լավ ապրուստի նշան չէ: Գյուղում վերացել են հարսանիքները, միջոցներ չկան հարսանիքի համար, ամուսնալուծությունները շատացել են: Լավ է, որ ներկայիս կառավարությունն օրինականացրել է անցյալում ամուսնացած /անօրեն/ զույգերի ամուսնությունը եւ տրամադրում է 300 հազար դրամ:

Ղարաբաղը մեծ ներուժ ունի գյուղատնտեսության արտադրանքի ավելացման ուղղությամբ, մանր գյուղացիական տնտեսություններով առաջ գնալ հնարավոր չէ, պետք է մեքենայացված խոշոր կոոպերատիվներ ստեղծել, ֆերմերային անասնապահությունը խթանել, տրամադրելով ֆերմայամերձ հողամաս անասնագլխաքանակի ամեն գլխի համար նորմատիվային չափով: Քոչվորական անասնապահությամբ հնարավոր չէ հաջողության հասնել, անասունի համար ձմեռվա ամիսներին կերակրելու համար անհրաժեշտ քանակի կեր պետք է կուտակվի, պետք է ուժեղացնել զոոանասնաբուժական սպասարկումը, ժամանակին անցկացնել նախազգուշական ստուգումները, ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, հիվանդությունների բռնկման դեպքերում խստիվ պահպանել կարանտինասանիտարական պահանջները, բարձրացնել կադրերի պատասխանատվությունը:

Գործը և գործի արդյունքը պիտի լինեն կադրերի գնահատման չափանիշները, թե չէ կաբինետային ղեկավարությամբ միայն ուսումնական հաստատություններում է հնարավոր հաջողության հասնել: Արտադրության ղեկավարը, հատկապես՝ գյուղատնտեսության արտադրության, պետք է միշտ  դաշտերում ու գյուղերում լինի, այլ ոչ թե կաբինետում մի բաժակ սուրճի շուրջ դատողություններ անի:

Իսկ այսօր գյուղական համայնքի ղեկավարը չգիտե, թե ով է ցանքս կատարել, իսկ շրջվարչակազմի ղեկավարներն էլ վաղուց մոռացել են գյուղերի ճանապարհները:

Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ
գ. Ավետարանոց

 

——————————————————————————————-

ԹԱՔՆՎԱԾ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Շատերի մոտ է, թերեւս, հարց առաջանում, թե ինչո՞ւ վարորդների մոտ, պետական ավտոտեսչության ծառայողի հանդիպելուց, լավագույն դեպքում ծաղրելու ցանկություն է առաջանում: Կարծում եք լկտիությու՞ն է: Ամենևին: Կան բազմաթիվ դրդապատճառներ, որոնցից շատերն առաջ են գալիս հենց պետավտոտեսչության աշխատակիցների «շնորհիվ»:

ԼՂՀ-ում, եւ հատկապես՝ Ստեփանակերտում, վարորդների տուգանումը ՊԱՏ-ի կողմից կատարվում է անհամաչափ: Առաջին հերթին ահռելի բարձրացվել է տուգանքի չափը, որը համեմատելի չէ տուգանվող վարորդի աշխատավարձի հետ: Կամ մտածում եմ, որ գուցե հենց դա է ճիշտը, միգուցե տուգանքի չափերը հետ պահեն օրինազանց վարորդներին խախտումներից: Բայց, ավա¯ղ…

Ինչպես ասում են, օրենքը օրենք է միայն չունեւորների ու հասարակ ժողովրդի համար, ում գլխին էլ կոտրվում է սահմանված խստությունը, այսպես ասած՝ կուժն ու կուլան:

Գաղտնիք չէ, որ մեզ մոտ գործում է «ընտրյալների ինստիտուտը», ոմանց ներվում է ցանկացած օրինազանցություն: Իսկ երբ ՊԱՏ-ի աշխատակիցներից փորձում ես ճշտել, թե ինչու նույն խախտումը կատարած բավական թանկարժեք մեքենայի վարորդին չի տուգանում, աշխատակիցը ոչինչ չասող հայացքով պատասխանում է՝ «ամեն մարդ իր տեղն է պատասխան տալիս»: Դե, արի ու մի ծիծաղիր այդ խեղճ ու կրակի վրա, ով իր արածի համար պատասխան չունի: Համ էլ ի՞նչ մեղադրես, նա էլ իրավունք ու համարձակություն չունի «ընտրյալից» անգամ փաստաթղթեր պահանջելու, քանի որ վաղը կարող է մի  զանգով աշխատանքը կորցնել:

Գիտենք, որ ՊԱՏ-ի աշխատակիցների գործառույթների մեջ է մտնում նաեւ երթեւեկության ապահովումը՝ թե հետիոտնի, եւ թե վարորդների համար: Բայց նրանց գործելաոճից այնպիսի կարծիք է ստեղծվում, որ նրանք ամբողջ օրը միայն խախտումներ են փնտրում, որոշ տեղեր էլ՝ նույնիսկ աջակցում խախտում կատարելուն:

Ակամայից մի անեկդոտ հիշեցի, երբ ՊԱՏ-ի աշխատակցին նոր տեղամաս են փոխադրում, որտեղ ոչ ծառ կա, ոչ էլ թուփ: Աշխատակիցը, ռադարը ձեռքին, սրտնեղած բողոքում է, որ թաքնվելու տեղ չունի:

Հարգելիներս, չէ՞ որ ձեր գործը միայն թաքնվելն ու տուգանելը չէ: Ինչո՞ւ թաքնվել, միգուցե ձեզ տեսնելով՝ վարորդը խուսափի խախտում կատարելուց, դեպքերն էլ հաջող ընթացք ունենան, ինչո՞ւ սպասել խախտումը կատարվելուն:

Ես անդրադարձա չարչրկված մի թեմայի, եւ տխուր իրականության տգեղ ու ամոթալի լոկ մի փոքրիկ դրվագի, որը, կարծում եմ, պետք է արմատախիլ արվի, չէ՞ որ ձգտում ենք եվրաինտեգրման, մինչդեռ հոգեպես պատրաստ չենք դրան, կատարվող քայլերն էլ ձեւական բնույթ են ստանում:

Գ. Պ. ԵՐԵՄՅԱՆ

 

ԴԱ Է, ՍՐՍԿԻՐ՝ ԳՆԱ, ՄՐՍԱԾ Է
Այսպես կարելի է բնորոշել մեր շտապօգնության նշանաբանը

Այս տարի էր, շտապօգնություն կանչեցինք. ընկերուհիս իրեն շատ վատ էր զգում: Մեջքը «բռնվել էր» ու չէր կարողանում շարժվել: Մի կերպ պառկեցրեցինք: Հինգ րոպեից շտապօգնությունը տեղ հասավ: Երկու կին էին: Դուրս եկա դիմավորելու: Մինչեւ տուն մտնելը հարցրին, թե ինչ է պատահել: Ես պատմեցի եղելությունը: Նշեցի, որ ողնաշարը ահավոր ցավում է: Հանեցին նախապես «զինված» սրսկիչն ու սրսկեցին:

-Մրսա՞ծ ես, շա՞տ է ցավում: Հա¯, ոսկո՞րդ է ցավում: Հաստատ «ռադիկուլիտ» է, եթե ոսկորդ է ցավում:

Այդքանից հետո սկսեցին հարցեր տալ. ուսանողնե՞ր եք, ինչքա՞ն եք վարձ տալիս, ովքե՞ր եք մնում այստեղ եւ այլն: Ապա, «բուժելուց» հետո, նրանցից մեկը վերցրեց մեր տան հեռախոսը, զանգեց ինչ-որ ծանոթի ու սկսեց իրեն հուզող հարցերը լուծել, որոնք բոլորովին մեզ հետաքրքիր չէին ու չէին էլ վերաբերում: Երկար-բարակ խոսելուց հետո գնացին:

Իսկ խեղճ աղջիկն ամբողջ գիշեր չքնեց: Ուղեղն էր մտցրել, որ ինքը տառապում է այդ «ռադիկուլիտ» կոչվող հիվանդությամբ: Այնինչ, նրա մեջքը «բռնվել» էր, որովհետեւ ծանր բան էր վերցրել: Հաջորդ օրն արդեն լավ էր:

Ա¯յ քեզ բան, նրանք հաստատ մեկ արտահայտությամբ կարող են մարդուն «էն աշխարհն ուղարկել»:

Զարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ԱրՊՀ  3-րդ կուրսի ուսանող

——————————————————————————————-

Կյանք

Երջանկության գաղտնիքը

Կհավատա՞ք, արդյոք, որ մարդ կարող է սառնորակ աղբյուրի կողքին կանգնած խմել կժի հնացած ջուրը կամ էլ վարդերի պարտեզում երազել ծաղկի բույր:

Մեզանից շատերն այսօր հենց այդ են անում: Ապրել ներկայում, բայց խոսել անցյալից ու երազել ապագայի մասին ` չհասկանալով, որ երեկն անցել է, վաղը դեռ չի եկել, կա միայն այսօրը, որով էլ պիտի ապրենք:

Ինչ-որ մեկը բողոքում է իր կյանքից, հիշում անցած հաջողակ օրերը, բայց փոխանակ իրադրությանը ճիշտ ընթացք տալու, հույս է դնում ապագայի վրա: Բայց չէ որ կյանքն անցնում է, և ամեն բան պիտի հասցնել: Այդ նույնն է, որ առանց գիրքը կարդալու պատկերացնենք վերջինիս բովանդակությունը: Կյանքի ամեն մի օրը մի էջ է, և ինչպես պատմության մի թերթը պոկելով` խեղաթյուրում ենք գրվածքի ողջ իմաստը, այնպես էլ չապրելով մեր կյանքի մի օրը` անիմաստացնում ենք այն: Ապրելու քաղցրությունը հենց ներկայի մեջ է, ժամանակի սահքի գիտակցման մեջ է: Երջանիկ է այն մարդը, ով ըմպում է աստվածատուր կյանքի ամեն մի վայրկյանը, ինչպես կխմեր ջուրը անապատով երկարաձիգ օրերով քայլող ճամփորդը:

Մի օրվա կյանք ունեցող թիթեռը գեղեցիկ է ապրում այդ ժամերը, իր ներկայությամբ շքեղացնում է աշխարհը` շատ անգամ դժգույն ու դաժան: Եվ ծառից պոկվող տերևը չի մտածում, որ կքայքայվի աշնանային անձրևների տակ, նա հաճույք է ստանում իր սահուն թռիչքից: Մարդ չպիտի դողա ապագայի առջև կամ էլ ընդհակառակը` երազի նրա մասին, մարդ ավելի երջանիկ կլինի, եթե ապրի իր ամեն մի րոպեն իմաստավորված և ամենակարևորը` գեղեցիկ:

Իսկ գեղեցիկ ապրելու համար պարտադիր չէ ունենալ շլացուցիչ արտաքին ու նյութական բարիքների պահեստներ: Իրականում շատերը գեղեցիկ ապրելու իմաստը հենց այդպես են պատկերացնում: Բայց քչերին է բախտ վիճակված հասկանալու, որ գեղեցիկ կյանքի գաղտնիքը հենց ինքը` մարդն է կրում, այն է` բարությամբ լցնել շրջապատը և չսպասել պատասխան բարության, միևնույն է` այն կգա: Չբողոքել սրան-նրան, որովհետև ոչ ոք չի լուծի մեր խնդիրները մեզնից բացի: Չբամբասել, որովհետև իրավունք չունենք մեզ դատավորի տեղ դնել ու մեզ անարատ համարել` քննադատության ենթարկելով ինչ-որ մեկին:

Եվ վերջին` առաջին հայացքից հեշտ, բայց իրականում չափազանց դժվար պայմանը` ժպտալ: Գիտեք ինչքան է դյուրին ժպտալով ապրելը: Մեզնից շատերն այսօր քայլում են մտազբաղ ու ջղային: Շատ հաճախ նման մարդկանց օրն անցնում է գորշ ու տաղտկալի, նրանք անընդհատ հանդիպում են դժվարությունների ու անհարթությունների: Բայց թող նման մարդիկ գոնե մի օր անցկացնեն ժպիտները դեմքներին, և ամեն բան կփոխվի դեպի լավը, որովհետև երջանիկ ժպիտները դեպի իրենց կձգեն նմանատիպ հաջողությամբ պարուրված դեպքեր ու երևույթներ:

Այս ամենը չափազանց անհավատալի էր թվում ԱրՊՀ  մի խումբ ուսանողների, և ես նրանց առաջարկեցի մի ամիս ապրել վերոնշյալ ձևով: Ուսանողները համաձայնվեցին: Նրանց արգելվեց աննպատակ բողոքել կյանքից` փոխարենը սեփական ուժերով լուծել ծառացած խնդիրները, արգելվեց բամբասել` փոխարենը վերանայել իրենց վարած կյանքը ու աշխատել այն «զտել» ստից ու կեղծիքից: Ուսանողները պարտավորվեցին ժպտալ ամեն մի սայթաքման երեսին ու մարդկանց հանդիպել դեմքի բարի արտահայտությամբ: Դրանից բացի նրանք հնարավորինս չափ օգնության ձեռք էին մեկնում կարիք ունեցողներին` առանց պատասխան ակնկալելու:

Ամիսն ավարտվեց: 20 ուսանողներից 5-ը հրաժարվեցին այդ փորձից` ասելով, որ դժվար է հետևել նման կանոնների, 3-ը հայտնեցին, որ ոչ մի փոփոխություն չեն նկատում, իսկ մնացած 12-ը ուրախացած ու ոգևորված ասեցին, որ նման հաջողությունների մասին առաջ միայն երազում էին:

Լուսինե, 19 տ.- «Ճիշտ է, առաջին շաբաթը չափազանց դժվար էր, բայց որ նպատակ դրեցի, իրականացրեցի: Կյանքը շատ ավելի գեղեցիկ է առանց բամբասանքի»:

Կարեն, 22 տ.- «Սկզբում անհեթեթություն էի համարում սրան-նրան ժպտալը, բայց երբ պիտի աշխատանքի ընդունվեի, հինգ հոգուց միայն ինձ ընտրեցին` ասելով, որ իմ դեմքը բարի մարդ լինելուս մասին է վկայում: Այդ օրվանից ժպիտն իմ ընկերն է»:

Անահիտ, 20 տ.- «Մի քանի ամիս առաջ ամեն մի ծանոթ մարդու բողոքում էի յուրաքանչյուր դժվարությանս համար: Հենց որ վերջ տվեցի դրան, ամեն օր մի լավ բան է պատահում»:

Նման տպավորություններով կիսվեցին նաև մնացած 9 ուսանողները և հայտնեցին, որ այսուհետ վարելու են նմանատիպ կյանք ընդմիշտ:

Մնում է միայն ասել, որ ցանկալի կլիներ, որ երջանիկ մարդիկ մեր ժողովրդի մեջ, ինչպես նաև ողջ աշխարհում շատանան, ու մարդիկ չխորտակվեն բամբասանքի, չարության ու բողոքների գորշ ճահճում:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ

 

ՓՈՂ ՈՒ… ԿՐԱԿՈՑ

Ժամանցային վայրերի՝ «կաֆե-ռեստորանների» առօրյայի ամենահետաքրքիր մանրամասներին հոյակապ տեղեկացված է «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ X. Y-յանը: Օրական մի քանի անգամ 200 կմ/ժ արագությամբ դեպի սրճարան է սլանում X-ի ավտոմեքենան՝ ետեւից փոշու ամպ բարձրացնելով: Վա¯յ նրան, ով այդ պահին անցնելիս կլինի փողոցը:

Հասարակական կարգը պահող ոստիկանը այս դեպքում ստիպված է լինում մոռանալ իր այդտեղ կանգնած լինելու պատճառը: Ի՞նչ «ռիսկ» պետք է ունենա նա «00 000» համարի ավտոմեքենան կանգնեցնելու համար: Իսկ երբ որեւէ տուժած դիմում է ոստիկանին, նա ասում է. «Ինձ ավելորդ գլխացավանք պետք չէ…»: Ի՞նչ արած, կյանքի օրենքն է՝ «փող ունես՝ աշխարհը ոտքերիդ տակ կփռվի»:

X-ի մեքենան կանգնում է Ստեփանակերտի շքեղ «բարերից» մեկի առջեւ՝ համարյա դռներից ներս մտնելով: Խեղճ մեքենան ի՞նչ մեղք ունի. 200 կմ/ժ արագությամբ թռչող փոխադրամիջոցը արգելակելու դեպքում միանգամից կանգ չի առնում: Դա էլ ֆիզիկայում կոչվում է իներցիայի օրենք, բայց քանի որ X-ը կյանքում ֆիզիկայի դասագրքի երես տեսած չկա, բնականաբար, օրենքին էլ անտեղյակ է: Փոխարենը ամեն օր նա առնչվում է ռեստորանների բարձրորակ խմիչքների, գեղեցկուհի մատուցողների, նաեւ, իհարկե, իր գրպանի պարունակության հետ:

Եթե մի օր հանկարծ նա «բար» չգնար, ապա որոշ սեթեւեթ մատուցողուհիների համար դա իրենց կյանքի ամենադժբախտ օրը կլիներ: Պատճառն այն է, որ չէին լսի նրա անպարկեշտ արտահայտությունները, որոնք իրենց ականջին հնչում են որպես կոմպլիմենտներ, չէին հիանա նրա պարանոցին համապատասխանող հաստ շղթայով:

Քանի որ X-ը շատ պահանջկոտ ու շուտ ձանձրացող է, ուստի նրա ընկերությունը որեւէ մեկի հետ լավագույն դեպքում տեւում է 2-3 ժամ, որը ներառում է ռեստորանում միասին մի բան ուտելու կամ էլ սրճարանում մի բան խմելու ընթացքը: Ախորժակը բավարարելուց հետո դոլարները շպրտում է վաճառասեղանին, երբեմն նաեւ՝ սեղանակցի փոխարեն եւ, ալարելով անգամ «ցտեսություն» ասել, հեռանում:

Մշտապես դոլարներով լիքը գրպան, շուրջը գեղեցիկ աղջիկներ, բարձրորակ խմիչք, փափուկ, հարմարավետ ավտոմեքենա, վերջին արտադրության բջջային հեռախոս՝ էլ ի՞նչ է պետք X-ին երջանիկ լինելու համար: Թվում է՝ ոչինչ: Նա կարծում է, թե ամեն ինչ ունի, իր համար անհնարին ու անհասանելի ոչինչ չկա: Ինքն իրեն համարում է ամենաերջանիկ մարդը, քանի որ ունի շա¯տ-շա¯տ փող:

Օրերից մի օր, խաղատանը ներդնելով ողջ ժառանգությունը, այդ թվում եւ տունը, կորցնում է ամեն ինչ: X-ը չէր հավատում, որ հաշված րոպեների ընթացքում կարող է սնանկանալ:

Գիշերվա ժամը 3-ն էր. փողոցում կենդանի շունչ չկար, միայն նա էր՝ ամենակարող X. Y-յանը: Մթության մեջ լսվեց կրակոց:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

ԴԺՎԱՐ Է ՄՈՏԻԿԻՑ ՍԻՐԵԼ

Ղարաբաղի գյուղերից մեկում ապրում էր գեղեցիկ մի աղջիկ՝ Ռինա անունով, իսկ Հայաստանի փոքրիկ քաղաքներից մեկում մի տղա՝ Արթուր անունով: Արթուրը ղարաբաղցի մի ընկեր ուներ՝ Անդրեյը: Մի ամառ Անդրեյը Արթուրին իր հետ գյուղ բերեց: Արթուրը տեսավ Ռինային եւ սիրահարվեց, Ռինան էլ Արթուրին սիրեց: Հայաստան գնալուց առաջ տղան խոստացավ աղջկան, որ կվերադառնա մեկ ամիս անց՝ ծնողների հետ ու կնշանի նրան: Գնաց ու չվերադարձավ: Չվերադարձավ, որովհետեւ ծնողները թույլ չտվեցին հեռավոր ու անծանոթ Ղարաբաղից հարս բերել:

Ռինան ամուսնացավ ուրիշի հետ եւ տեղափոխվեց հեռավոր Ռուսաստան: Նա չէր սիրում ամուսնուն, որովհետեւ նրա սիրտն արդեն գրավված էր: Շուտով Ռինան տղա ունեցավ, սակայն նրա կյանքը լավ չդասավորվեց, ամուսնուն նրա ձեռքից բառացիորեն խլեց մեկ ուրիշ կին, եւ Ռինան մենակ մնաց փոքրիկ որդու հետ: Մոտ տաս տարի նա միայնակ մայր էր ու երբեմն-երբեմն մտածում էր, որ եթե Արթուրի հետ ամուսնանար, հիմա երջանիկ կլիներ:

Արթուրն էլ դժբախտ էր իր հերթին, նա ամուսնացավ առանց սիրելու, երեք երեխա ունեցավ, բայց վեճն ու կռիվը միշտ անպակաս էին նրանց ընտանիքից: Ամեն անգամ վեճից հետո նա դուրս էր գալիս փողոց, նստում մուտքի առաջ դրված նստարանին եւ բարկացած ծխում:

Այսպիսի բարկացած մի պահի Արթուրը հանդիպեց փոքրիկ որդուն զբոսանքի հանած հարեւանուհուն ու զրույցի բռնվեց: Երբ իմացավ, որ հարեւանուհին ղարաբաղցի է, նա ուրախացավ եւ սիրտը բացեց նրա առաջ:

-Ես սիրում էի ղարաբաղցի մի աղջկա, ափսոս, չստացվեց ամուսնանալ նրա հետ, եթե ես նրա հետ ամուսնանայի, հիմա երջանիկ կլինեի:

-Չեմ կարծում, թե դու ճիշտ ես ասում, ես ինչքան հասկացա, դուք կռվում եք կենցաղային մանր-մունր պրոբլեմների համար, ուստի ում հետ էլ ամուսնանայիր, միեւնույն է, դուք երեխաներ կունենայիք, երեխաները կլացեին, կինդ լվացք պիտի աներ, ճաշ եփեր, փոշի մաքրեր, փողը չէր հերիքի, դու դարձյալ կնոջդ չես օգնի տնային գործերում, կվիճեիք, կբարկանայիր ու դուրս կգայիր փողոցում հարեւանուհուդ հետ կնոջիցդ ու բախտիցդ բողոքելու:

– Չէ°, ես համոզված եմ, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե սիրածս աղջկա հետ ամուսնանայի:

– Ես էլ սիրելով եմ ամուսնացել, բայց մենք նույնպես վիճում ենք, կռվում, բոլոր կանայք էլ նույնն են, չարչարվում են, չեն հասցնում, բողոքում են ամուսիններից, երազում լավ ամուսին ունենալ, իսկ ամուսիններն էլ իրենց հերթին կանանցից են դժգոհում, ուր էլ փախչես, միեւնույն է, պրոբլեմներդ քեզ հետ կմնան: Գիտե՞ս, այդ պրոբլեմ ասվածը ինչ ահավոր թշնամի է սիրո համար, շատ հաճախ նա ճակատամարտի մեջ է մտնում սիրո հետ եւ սպանում կամ մահացու վիրավորում նրան: Այսպես գոնե սրտումդ պահած գեղեցիկ ու հաճելի մի հուշ ունես, որին երբեմն անդրադառնում ես տխուր պահերիդ, թաքուն փայփայում երազդ եւ հանգստացնում պրկված նյարդերդ: Մոռացի’ր, որ դու սխալ ընտրություն ես կատարել, ուրիշ աչքերով նայիր կնոջդ եւ սիրիր նրան, սիրիր այն, ինչ որ ունես:

-Չեմ կարող, չգիտեմ, թե դու որքանով ես ճիշտ, բայց ես հանգստանում եմ քեզ հետ զրուցելուց:

Այսպես երբեմն Արթուրը զրուցում էր խելացի հարեւանուհու հետ: Շատ չանցած Արթուրի կինը մահացավ ավտովթարից, երեք երեխաները որբացան: Նա վաղուց գիտեր, որ իր առաջին սերը նույնպես միայնակ է, չսպասեց կնոջ տարելիցին եւ ճանապարհվեց Ռուսաստանում ապրող իր կորցրած սիրո ետեւից: Արթուրն այնտեղից վերադարձավ Ռինայի եւ նրա որդու հետ: Նա պարզապես ճառագում էր երջանկությունից, երեխաները նույնպես ուրախ էին, որ նորից մայրիկ ու հայրիկ ունեն:

Սակայն երջանկությունը երկար չտեւեց, շուտով երկուսն էլ հասկացան, որ իրենք ամենասովորական մարդիկ են՝ բազմաթիվ թերություններով: Հարեւանուհին ճիշտ դուրս եկավ, շուտով սերը մահացավ, նրանք երկուսով սպանեցին իրենց այդքան երկար ու քնքշանքով փայփայած սերը: Սերն անցավ, մնացին դարձյալ առօրյա հոգսերն ու վեճերը: Նրանք հասկացան, որ ավելի հեշտ է սիրել հեռվից, իսկ մոտիկից սիրելը շատ է դժվար: Դե’, քանի որ շատ կարճ ժամանակում նրանք սպանեցին սերը, համատեղ ապրելն այլեւս անհնար էր, եւ նրանք բաժանվեցին:

Հիմա երկուսն էլ միայնակ են, առանց սիրո, եւ այլեւս իրենց սրտում գեղեցիկ հուշ չունեն, որպեսզի տխրության պահերին այցելեին նրան: Իրենց սրտներում նրանք այժմ մի մեծ ու տխուր դատարկություն ունեն:

Ինչո՞ւ է սերն այդպես գեղեցիկ ու քաղցր հեռվից, իսկ երբ մոտենում ես՝ կորցնում ես այն: Երանի նրանց, ովքեր կարողանում են մոտիկից սիրել:

Սուսաննա  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Ա՛յ քեզ բան…
ՊՏՏՎԻՐ, ՊՏՏՎԻՐ, ԿԱՐՈՒՍԵԼ

Ես քո երգը վաղուց եմ լսել

2004-2008 թթ. ԼՂՀ պետբյուջեից Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գրահրատարակչությանը հատկացվել է 46 մլն դրամ: Տպագրվել է 62 հեղինակի 100 անուն գիրք, ինչպես նաև բուկլետ և ալբոմ: Բաժին հասած գրքերի քանակով առաջին տեղում ԼՂՀ Գրողների միության նախագահ և վերոհիշյալ գրահրատարակչության խորհրդի փոխնախագահ Վարդան Հակոբյանն է: 5 տարում նրան բաժին է ընկել 7 գիրք (ներառյալ ս.թ. պլանով հաստատվածը)՝  5 մլն 782 հազար դրամ ընդհանուր գումարով: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի ներկայիս նախարար Նորեկ Գասպարյանին բաժին է հասել 4 գիրք:

2004-2008 թթ. ԼՂՀ պետբյուջեից վերոհիշյալ գրահրատարակչությանը հատկացված ֆինանսական միջոցների մոտ կեսը՝ 21 մլն դրամ, օգտագործվել է  7 գրողների 29 անուն գրքերի շքեղ տպագրության, իսկ մնացած 25 մլն դրամը բաժին է հասել 55 «շարքային» հեղինակների, որոնց թվում են Բագրատ Ուլուբաբյանը, Սարգիս Աբրահամյանը, Բոգդան Ջանյանը, Վազգեն Օվյանը և այլք:

Վերոհիշյալ թվերն ու փաստերը քաղել ենք 2004-2008 թթ. գրահրատարակչության խորհրդի կողմից տպագրության երաշխավորված և կառավարության կողմից հաստատված գրքերի ցուցակ-հաշվարկների փաստաթղթերից՝ մեկնաբանությունը թողնելով ընթերցողներին:

Հիշեցնենք միայն, որ վերջերս ԼՂՀ կառավարության նիստերից մեկում վարչապետ Արա Հարությունյանը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից տպագրության երաշխավորված գրքերի ցուցակից հանել է տվել ԼՂՀ ԳՄ նախագահ Վ. Հակոբյանի և Մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարար Ն. Գասպարյանի 2-ական գրքերից մեկը՝ պահանջելով նույն հեղինակից տարվա կտրվածքով տպագրել միայն մեկ գիրք:

Մեր կողմից մի փոքրիկ ճշտում. 2008 թ. տպագրվելիք գրքերի ցուցակում կա նաև Աշոտ Բեգլարյանի անունը: Մեր տեղեկություններով՝ նա սեփական հեղինակությամբ գիրք չի ներկայացրել գրահրատարակչություն: Ըստ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների՝ այս գումարը հատկացվելու է Նորեկ Գասպարյանի գրքերից մեկի ռուսերեն թարգմանությանը, այսինքն՝ նախարարի բաժինն այս տարի, այնուամենայնիվ, երկու գիրք է լինելու (իսկ ընդհանուր հաշվարկով՝ հինգ):

«ԴԵՄՈ»

ՄԻԿՐՈՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՄ՝ ՏՈՂԵՐ ՕՐԱԳՐԻՑ

Մարդ-քամելեոնի մի տեսակ կա, որ շարունակ գունափոխվում է ոչ միայն դրսի կողմից, այլև ներսից:

Նշանավոր մեկն ասել է. «Վատ է այն զինվորը, որ չի ուզում գեներալ դառնալ»: Սակայն, կարծում եմ, շատ ավելի վատ է այն զինվորը, որ ամեն գնով փորձում է գեներալ դառնալ:

Լավ շախմատիստը կամ լավ զորավարը պայքարում է յուրաքանչյուր զինվորի համար, իսկ լավ առաջնորդը կամ լավ ղեկավարը մտածում է ոչ միայն իր յուրաքանչյուր քաղաքացու մասին, այլև իր երկրի յուրաքանչյուր թիզ հողը պաշտպանելու մասին:

Եթե ամեն մարդ նստած չէ իր աթոռին, անկախ նրանից՝ այն գտնվում է վանդակաճաղերից այնկո՞ղմ, թե՞ այսկողմ, նշանակում է հասարակությունը բուժման կարիք ունի:

Ժողովրդի պատմական դերը հավասար է զրոյի, եթե նա չունի Առաջնորդ՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված ընտրություն է կատարում ոչ թե լավի և վատի, այլ վատի և վատթարագույնի միջև: Ցավն այն է, սակայն, որ հաճախ լինում են դեպքեր, չի հասկանում, թե որն է վատը և որը՝ վատթարագույնը:

Մեր սուրը փառքով դրեցինք պատյան… Չէ, դա հին բարի ժամանակներում էր: Այս անգամ պատյան դրեցինք մեր խիղճը, առողջ դատողությունը, արժանապատվությունը, հավատն ու երազանքները: Իսկ սուրը կախեցինք մեր գլխավերևից՝ ի հիշատակ Դամոկլի…

Աթոռն ամեն կերպ պաշտպանելու համար ծախսած էներգիայի մեկ քառորդը որոշ հայ ղեկավարներ եթե գործադրեին հանուն երկրի բարգավաճման, ապա այսօր չէինք ունենա աղքատների ու մուրացկանների հսկա բանակ:

Ճշմարտությունը հաճախ նմանվում է յուրօրինակ բազմածայր ռետինի: Ամեն ոք նրա ծայրերից բռնում ու քաշում է իր համար ցանկալի ուղղությամբ: Յուրաքանչյուր ոք գտնում է, որ ինքը ճիշտ է: Գուցեև տեսականորեն այդպես է, բայց նրանց այդ «ճիշտը» ընդհանուր ոչ մի կապ չունի Ճշմարտության հետ:

Կան մարդիկ, ովքեր նման են ճանճի. շատ փոքր ու չնչին են, բայց նրանց վրա բազմաթիվ մանրէներ ու բացիլներ կան:

Ամենավտանգավորը միջակություններն են: Նրանցից յուրաքանչյուրը պոտենցիալ Քաջ Նազար է:

Կան ղեկավարներ, որ նստելով բարձր աթոռի, այնպես են սոսնձվում նրան, որ հաճախ հնարավոր չի լինում մարդն ու աթոռը իրարից պոկել: Նրանք այնպես են կպչում աթոռին, ինչպես ժանգը՝ երկաթին: Այլևս ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում, նրանք իսպառ դադարում են մտածելուց: Աշխատում է միայն բնազդը, անասնական բնազդը, որ արձագանքում է միայն բոլոր այն ներազդեցություններին, որոնք ուղղված են իրեն աթոռից պոկելուն: Տարիների ընթացքում մարդ-աթոռները պարզապես դառնում են աթոռներ: Ղեկավարների այդ տիպերից ազատվելու միայն մի ելք է մնում. քերել-մաքրել աթոռի մակերևույթից, ինչպես ժանգն են քերում երկաթից:

Կարծես թե շատացել են դեպքերը, երբ ոչ թե գլուխները, այլ ոտքերն են ղեկավարում, և հաճախակի կարելի է տեսնել գրասեղանի հետևում նստած ոտքեր՝ բջջայինով հրամաններ արձակելիս:

Նոր ժամանակնե¯ր… Պարոնայք, հանեցեք ձեր գլխարկները, նորին մեծություն չարչիությունն է եկել:

Ոչ թե նաիրիհունանյաններ, այլ Թեհլերյաններ են պետք մեզ  և որքա¯ն անելիքներ կունենային նրանք: Ու այլևս պետք չէ եվրոպաները մեկնելու՝ ազգի դահիճներին հայտնաբերելու և ոչնչացնելու համար:

Մերազգի որոշ գործիչներ չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը  Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, այժմ էլ փորձում են Արցախյան շարժումը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով Յարոսլավ Հաշեկի այն հերոսին, որ փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից…

Բախտախնդիր արքաներ շատ ու շատ ազգեր ունեն, սակայն Քաջ նազարներ միայն հայ ժողովուրդն ունի:

Հայրենասերների մեջ էլ կա մեծ տարբերություն. կան մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են երկրի, ապա իրենց համար, կան նաև այնպիսիք, որ ամեն ինչ անում են իրենց, ապա՝ հայրենիքի համար:

Սրիկան միայն նա չէ, ով թալանում է, քանդում կամ այլ օրինախախտումներ անում, այլ նա, ով կարող է արգելել այդ ամենը, բայց չի անում: Նրանց տարբերությունն այն է, որ երկրորդն ավելի մեծ սրիկա է:

Պաշտոնյան պիտի ծառայի ոչ թե նրան, ով իրեն նշանակել է տվյալ պաշտոնում, այլ այն երկրին, որտեղ ապրում է, այն ժողովրդին, որ իրեն ծնել է…

Ղեկավարը պետք է նմանվի ոչ թե մեկ ջութակի կոնցերտի, այլ կարողանա ստեղծել այնպիսի մի նվագախումբ, որտեղ յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունենա:

Որքա¯ն հուդաներ կան, և դեռ շարունակում են ծնվել: Մինչդեռ վերջին Քրիստոսը խաչվել է երկու հազար տարի առաջ:

Վարդգես ՕՎՅԱՆ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s