№ 8 / 15 մայիս

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանության ընկալման «ասիական» մոդելը, որքան էլ ջանում ենք, դուրս չի գալիս մեր մտածելակերպից, քանի որ դարեր շարունակ ապրելով նման ընկալման պայմաններում՝ այն ուղղակի մեր արյան մեջ է մտել: Եւ որքան էլ արդիականացման-քաղաքակրթման-եվրոպականացման անհրաժեշտության մասին խոսում ենք, այնուամենայնիվ՝ լավագույն դեպքում արտաքին շղարշն է փոխվում, իսկ էությունը հիմնականում մնում է նույնը, երբ իշխանությունն ընկալում ենք որպես խանություն: Նույնիսկ՝ ոչ թե մելիքություն, այլ հենց՝ խանություն:

Այսօր էլ մարդիկ մտքում ծիծաղում են, երբ նրանց ասում ես, որ տերը իրենք են, իսկ ծառան՝ իշխանությունը: Չեն հավատում, և հենց այս անհավատությունը, այս քմծիծաղն է ժողովրդավարության արմատավորման մասին մեր ղեկավարների հավաստիացումների սնանկության ամենապերճախոս վկայությունը:

Իշխանավորն առաջվա պես իրեն պահում է տիրոջ նման, քաղաքացիներն էլ (միասին՝ ժողովուրդը) իրենց պահում են ծառայի պես: Ժողովրդավարական մոտեցմամբ վերլուծելով սույն իրավիճակը՝ կստացվի մի այնպիսի ծիծաղելի վիճակ, երբ ժողովուրդն իր ծառայի ծառան է, այսինքն՝ մենք ծառայում ենք մեր իսկ ծառաներին:

Եւ դրանում համոզվում ենք Աստծո ամեն օր: Օրինակներ բերելու կարիք էլ չկա, քանի որ յուրաքանչյուրը կարող է ինչքան ասես օրինակներ բերել: Ինքնին գեթ մեկ այցելությունը որևիցե պաշտոնյայի մոտ (անկախ նրանից՝ ընդունե՞ց, թե՞ ոչ) քեզ հստակից էլ հստակ ցույց կտա, թե ով է ծառան, ով՝ տերը: Եւ պետք էլ չէ զարմանալ, որ ծառան ընդունելության չի արժանացնում իր տիրոջը, նրա նամակին չի պատասխանում, նրան չի էլ լսում, լսելուց էլ՝ «մուննաթ» է անում: Ու մարդ չի ուզում հասկանալ, որ քանի դեռ ծառայի մոտ է գնում ծառայի հոգեբանությամբ, ապա իր հետ տիրոջ պես են խոսելու, չի ուզում հասկանալ, որ իր ծառայամտությունն է դրա պատճառը:

Սույն հոգեբանության դրսևորումն է նաև «բարի ցարի» մասին մշտարթուն առասպելը: Մեկ-մեկ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ոգևորությամբ պատմում են, թե ինչպես է նախագահն իրենց ընդունել և լուծում տվել մի հարցի, որը տարիներ շարունակ իրենք չէին կարողանում լուծել մինչ այդ իրենց դիմած բոլոր ատյաններում: Անհաջողակներն էլ մտածում են, որ իրենց նամակը չի հասել նախագահին ու փնովում են նրա շրջապատը, որ իրենց ձայնը չի հասցնում երկրի ղեկավարին:

Երկրի ղեկավարը չի կարող ընդունել բոլորին և պարտավոր էլ չէ, և անհնար էլ է: Լավ ղեկավարը նա է, ով ոչ թե ինքն է զբաղվում բոլոր հարցերով, այլ այնպիսի արդյունավետությամբ է գործարկում պետական կառավարման համակարգը, որ բոլոր օղակ-ներն անխափան աշխատում են: Որ մարդ իր մոտ գալու կարիքը չունենա: Որ մարդ գնա պետական ատյան ու անարգել ստանա իրեն անհրաժեշտ տեղեկանքը, իրեն հետաքրքրող տեղեկությունը: Որ մարդ դիմի դատարան և կարողանա առանց նախագահի պաշտպանել իր իրավունքները: Որ մարդ կարողանա դատարանի որոշումը ձեռքին գնալ պահանջվող տեղը, և իր վրա չծիծաղեն:

Այլապես, անիմաստ է դառնում պետական համակարգն ինքը:

Ընդունված խոսք է՝ լավ իշխանությունն այն է, որը չես նկատում:

——————————————————————————————-

Անցուդարձ

Ամեն տարի մայիսի 9-ին Ստեփանակերտը այսպես «ջիպառատ» է լինում` հայաստանյան եւ ղարաբաղյան իշխանությունների մեքենաների հաշվին:

«Պապայի ուսերի վրա նստած համ հարմար է, համ բոլորից լավ եմ տեսնում, համ էլ բոլորից մեծ եմ»:

Նույնիսկ անձրեւոտ եղանակը չխանգարեց ղարաբաղցիներին` մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված տոնական համերգին ու ականատեսը լինել շքեղ հրավառությանը:

Ֆրանսահայ Օլիվեր Ռաքեջյանը, ով հիմա Շուշիում է բնակվում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկում է Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի դիմաց գտնվող հին շենքի քանդումը: Նա Ս. Սարգսյանին տեղեկացրեց, որ անխնա քանդում են այդ պատմական նշանակություն ունեցող շենքը, ուր Շուշիի առաջին տպարաններից մեկն է եղել:

Ֆրանսահայը նշել է, որ Շուշիում բոլորի աչքի առաջ շարունակում են քանդել ամեն ինչ: Հայաստանի ղեկավարը հետաքրքրվեց, թե տեղական մարմիններն ինչ են ասում այդ կապակցությամբ, եւ պատասխանը լսելուց հետո  հայտնեց, որ իր համար արդեն ամեն ինչ հասկանալի է:

Հավսա’ր, զգա’ստ, հավասարությունը դեպի Եռատոն:

Պատրաստվում են մայիսիննյան տոնական համերգին:

«Մամ, ե՞րբ է սկսվելու համերգը»:

——————————————————————————————-

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ

Օրերս կառավարության նիստում հավանության արժանացան էներգետիկայի բնագավառի զարգացմանն ուղղված մի քանի ծրագրեր, ըստ որոնց մոտակա երեք տարիների ընթացքում էլեկտաէներգիայի արտադրությամբ հնարավոր կլինի ապահովել հանրապետությունում առկա պահանջների 90 տոկոսը, իսկ երկրորդ փուլում արդեն հնարավոր կլինի նաեւ էլեկտրաէներգիա արտահանել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ներկայումս աշխատանքները շարունակվում են հանրապետության տարբեր շրջաններում. ընթացքի մեջ են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի խմելու ջրի ծրագիրը, շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի դպրոցի շենքի, Վաղուհասի մանկապարտեզի կառուցումը, Հադրութի շրջանի Տող եւ Ակնաղբյուր գյուղերի դպրոցների վերանորոգումը, Տող-Հադրութ գազատարի անցկացման աշխատանքները եւ այլն:

Մայրաքաղաքում հողահատկացումների գործընթացը դադարեցվել է մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը, սակայն, ըստ քաղաքապետ Վազգեն Միքայելյանի, մինչեւ տարեվերջ հողահատկացումներ կիրականացվեն գլխավոր հատակագծի աշխատանքների շրջանակներում զոնինգ իրականացված հողատարածքներում:

2008թ. ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր շրջաններում եւ Ստեփանակերտում նախատեսվում է կառուցել 26 բնակելի տուն՝ բազմազավակ (վեց եւ ավելի երեխա ունեցող) ընտանիքների համար:

Ստեփանակերտի Ազատամարտիկների 9-ը հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանները նախատեսվում է տրամադրել զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ առանց ծնողական խնամքի մնացած մի քանի երեխաների, իսկ Տիգրան Մեծ փողոցում կառուցվող շենքի բնակարանները՝ նախկին Ղարմետաքսկոմբինատի հանրակացարանում բնակվող ընտանիքներին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում Մարտունու շրջանում սկսված է միայն Սպիտակաշենի խմելու ջրի ծրագիրը, որը կպահանջի շուրջ 270 հազար դոլար:

Մայիսի 7-ին Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Շմավոնի Մուսայելյանը:

Կառավարությունը որոշել է 1993թ.-ից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցում տրամադրել մինչեւ 1958թ. ծնված քաղաքացիներին£

Եռատոնի նախաշեմին պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքի կառավարմամբ մեքենաներ տրամադրվեցին արցախյան պատերազմի առաջին կարգի 8 հաշմանդամների՝ Արմեն Եղյանին, Անդրանիկ Ավանեսյանին, Համլետ Աբրահամյանին՝ Ստեփանակերտից, Արկադի Կարապետյանին՝ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից, Էդուարդ Միրզոյանին՝ Մարտակերտից, Սամվել Մեժլումյանին՝ Ասկերանից, Խորեն Կաֆյանին՝ Հադրութի շրջանի Տող եւ Յակով Ալթունյանին՝ Մեծ Թաղեր գյուղերից:

ԼՂՀ կառավարությունը «Բարեկարգում» ՓԲԸ պատկանող՝ Շուշիում տեղակայված վարչական եւ այլ շինություններ ուղիղ վաճառքի ձեւով տվել է «Բլաք գարդեն Թուֆենկյան» ընկերությանը, որը նախատեսում է մի քանի տարվա ընթացքում այդ տարածքում կառուցել տուրիստական մեծ կենտրոն՝ ներդնելով 465 հազար դոլար:

Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը սահմանել է «Արցախգազ» ՓԲԸ կողմից ամսական մինչեւ 10 հազար խ.մ. սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խ.մ. բնական գազի սակագինը՝ 84 000 դրամ, իսկ 10 հազար խ.մ. եւ ավելի սպառողների համար՝ 59 000 դրամ, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 4-ից:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

——————————————————————————————-

Ներպետական

ԵԹԵ ԿԱՐԵԼԻ Է՝ ՄԻ ԶԲԱՂՎԵՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Առկա կառույցները միանգամայն բավարար են, գործ անող է պետք

Արցախում այսօր, ղարաբաղցու ասած՝ «կեսօրից հետո», վերջապես օրախնդիր է դարձել տեղեկատվական քաղաքականություն ունենալու թեման, այն աստիճան, որ այս մասին խոսում են բոլորը՝ ով չի ծուլանում: Սա, ըստ իս, հակառակ ծայրահեղությունն է այն բանի, երբ ոչ ոք այս թեման առանձնապես չէր կարևորում:

Ասելիքս էլ միգուցե ծայրահեղության երանգներ պարունակի, բայց ես կարծում եմ, ավելին՝ համոզված եմ, որ այսօր պետք չէ այդ հարցով զբաղվել, հատկապես այսօրվա մեր հոգեբանության, առկա մտայնության, իշխանություն-հանրություն հարաբերությունների ներկայիս մակարդակի պարագայում:

Որովհետև մարդիկ, պաշտոնյաներ, բանուգործ թողած՝ խոսում են տեղեկատվական քաղաքականություն մշակելու մասին, այնքան կարևորելով դրա անհրաժեշտությունը, որ, կամա թե ակամա, ստվերում են իրենց իսկ գործի, իրենց իսկ անմիջական պարտականությունների կատարման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Ամեն ինչ կախվածության մեջ է դրվում տեղեկատվական քաղաքականությունից, ցանկացած ոլորտի հաջողությունը կամ անհաջողությունը պայմանավորում են տեղեկատվական քաղաքականության հաջողությամբ կամ անհաջողությամբ: Արդյունքում այդ քաղաքականության անհրաժեշտությունը պարզունակորեն ընկալվում և վերածվում է պարզապես գեղեցիկ փուչիկ ունենալու անհրաժեշտության: Այն աստիճան, որ ուզում ես բարեկամաբար խորհուրդ տալ՝ պարոնայք, հանգիստ թողեք այդ թեման, եկեք ամենքս զբաղվենք մեր գործով:

Որովհետև հենց գործով, գործի առկայությամբ, գործի չափով է պայմանավորված տեղեկատվական քաղաքականության հաջողության կամ անհաջողության չափը: Այս պահին, կարծում եմ, պետք չէ հատուկ զբաղվել տեղեկատվական քաղաքականությամբ: Պարզապես պետք է նախևառաջ արդիականացնել-արդյունավետացնել պետական կառավարման համակարգը, որի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է: Հսկայական միջոցներ ու մարդկային ռեսուրսներ են ներդրված այս համակարգում, բայց արդյունքն ուղղակի զավեշտական է: Սոսկ մի փաստ, որի վրա նորերս ուշադրություն բևեռվեց խորհրդարանական քննարկումներից մեկի ժամանակ: ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում աշխատում է նույնքան մարդ, որքան ԼՂՀ ԱԳՆ-ում (մոտ չորս տասնյակ): Եւ եթե դժվար է շոշափել ամբողջ ԱԳՆ-ի կոնկրետ աշխատանքը, ապա պատկերացրեք, թե որքան տաժանակիր աշխատանք կլիներ մեր ներկայացուցչության գործունեության հետքերը գտնելը (իհարկե, Ստեփանակերտից ժամանած պաշտոնյաներին ընդունել-սպասարկելուց բացի): Հիմա նման «արտաքին-քաղաքական» գործունեության բազայի վրա ի՞նչ արտաքին-տեղեկատվական քաղաքականության մասին կարող է, օրինակ, խոսք լինել:

Այս պայմաններում ուղղակի պիտի խնդրենք չզբաղվել տեղեկատվական քաղաքականությամբ: Եթե վերանայվի պետական կառավարման համակարգի նկատմամբ մոտեցումը ու դրական տեղաշարժեր լինեն, եթե ռեալ գործ արվի, ապա տեղեկատվական քաղաքականությունն ինքնաբերաբար կփոխվի, չուզենք էլ՝ կփոխվի: Միայն զարգացած տնտեսություն ունեցող երկրում կարող են ձևավորվել ժողովրդավարության կայուն մեխանիզմներ, միայն զարգացած տնտեսություն ունեցող երկրում կարող է գոյություն ունենալ անկախ լրատվամիջոցների ինստիտուտ:

Այնպես որ, նախքան տեղեկատվական քաղաքականությամբ զբաղվելը դեռ շատ անելիք կա: Առանց այդ առաջին անհրաժեշտության անելիքի եթե ձեռնամուխ լինենք տեղեկատվական քաղաքականությանը, ապա հաստատ «բարբադ ենք անելու»: Թե չէ արդեն խոսվում է լրատվական դաշտը համակարգող ու տեղեկատվական քաղաքականություն վարող նոր կառույցի անհրաժեշտության մա-սին, իսկ սա նշանակում է նոր անիմաստ գումարներ, նոր անիմաստ կառույց և նոր անիմաստ աշխատատեղեր: Եւ այդ ռեսուրսը պոկվելու է գործից, իրական գործից: Այս հարցում կարծիքս միանշանակ է՝ արդեն առկա կառույցները ոչ միայն բավարար են, այլև լիուլի: Գործ անող է պետք:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
հանուն նոր ու ժամանակակից լրատվամիջոցի

Նորերս Ղարաբաղում էին գտնվում հայաստանյան մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եւ գիտե՞ք, թե ինչ են նրանք հայտնագործել իրենց համար: Որ ոչ միայն բավարար տեղեկություն չունեն Ղարաբաղի մասին, այլեւ ղարաբաղցիներն իրենք տեղյակ չեն, ասենք, կարգավորման գործընթացին, կամ քաղաքական զարգացումներին նույնիսկ «հարեւան» Հայաստանում:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու այդպես ստացվեց եւ պարզապես արձանագրենք, որ մարդ, այնուամենայնիվ, պետք է տեղեկացված լինի սեփական ճակատագրի մասին: Ղարաբաղցիներս նույնիսկ տեղեկանալու իրավունքն ենք վերապահել «վերեւներին»:

Սակայն վերջերս հենց «վերեւներն» են սկսել խոսել տեղեկատվական եւ քարոզչական քաղաքականության թարմացման եւ ուժեղացման մասին: Այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Նրա ղեկավարած կառույցի՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայտարարության մեջ եւս ընդգծվում է արտաքին քաղաքականության ուժեղացման անհրաժեշտությունը:

Հայկական իրականության մեջ ընդունված է տարբերակել ներքին եւ արտաքին տեղեկատվական քաղաքականությունը: Այսինքն՝ գտնում են, որ ներքին քաղաքականություն վարելու համար իմաստ չկա մեծ միջոցներ ներդնել, ավելի լավ է արտաքինը զարգացնենք: Արդյունքում ոչ այն է ստացվում, ոչ մյուսը: Բայց չի ուսումնասիրվում աշխարհի ազդեցիկ լրատվամիջոցների փորձը, որոնք կարողանում են արտաքին աշխարհին հասցնել իրենց դիրքորոշումը, քանի որ վստահություն են վայելում սեփական երկրի ներսում: Այլ կերպ ասած՝ առավել էժան եւ արդյունավետ է գումարներ ներդնել մեկ, բայց մեծ ներուժ ունեցող լրատվամիջոցի մեջ: Ընդ որում՝ միաժամանակ զարգացնել տպագիր տարբերակը՝ տեղական ընթերցողի եւ ինտերնետային տարբերակը՝ միջազգային հանրության համար:

Արդեն երեք տարի է, ինչ պետական բյուջեում գումարներ են նախատեսվում ոչ պետական թերթերին աջակցելու համար: Առաջին տարում գումարները շատ թե քիչ տրամադրվել են, երկրորդ տարում կառավարությունը հրաժարվել է աջակցել, մասնավորապես, «Դեմո» եւ «Karabakh-open.com» թերթերին: Այս տարի նախատեսված գումարներն ընդհանրապես որոշել են չտրամադրել: Թե ինչու՝ կարելի է միայն ենթադրել: Համենայնդեպս, մասնավոր զրույցների ժամանակ «որոշողներն» ասում են, որ եթե ըստ օրենքի տրամադրեն, ապա պիտի միայն «Դեմո»-ին եւ «Karabakh-open.com»-ին տան (կուսակցություններին աջակցելուն զուգընթաց կուսակցական թերթերի աջակցման հարցը դուրս է եկել օրակարգից): Դրա համար էլ չեն տալիս:

Որպես «Karabakh-open.com»-ի ղեկավար՝ ես պատրաստ եմ հրաժարվել նման աջակցությունից եւ կոչ եմ անում մյուս ոչ պետական թերթերի ղեկավարներին հետեւել այդ քայլին: Հրաժարվում եմ ոչ թե արհամարհելու համար, այլ փոխարենը առաջարկում եմ «տնտեսված» գումարներն ուղղել ոչ պետական, բարձր պրոֆեսիոնալ մակարդակի թերթի կամ լրատվական-վերլուծական կենտրոնի կամ գործակալության ստեղծման: Լրատվամիջոց, որն ի զորու կլինի իրականացնել եւ ներքին, եւ արտաքին տեղեկատվական քաղաքականություն: Ի վերջո, դա նույնն է, պարզապես ընթերցողին հասու լինելու առումով Ղարաբաղի համար դեռ պետք է տպագիր մամուլ, ռադիո կամ հեռուստատեսություն, իսկ արտաքին աշխարհի համար՝ ինտերնետ:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ՈՏՔԵՐԻ, ՎԵՐՄԱԿԻ ՈՒ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Երկու կարծիքն արդեն շատ է: Նման միակարծիք են ներկայիս իշխանությունները, որոնք անցած տարվա ընտրություններից առաջ եւ հետո արեցին հնարավորինը, որպեսզի երկրորդ կարծիքը տարրալուծվի քաղաքական միասնականության մեջ:

Մեկ կարծիքը դեռ քիչ է: Հիմա էլ այդ մտքին են հանգում նույն իշխանությունները: Քանի որ արդեն հասկանալի է, որ դիմություն-ընդդիմություն հարաբերությունները պատասխանատվության հարց է:

Այդ համատեքստում հատկանշական է Արցախի ժողովրդավարական կուսակցության /ԱԺԿ/ երկրորդ համագումարում հնչած՝ ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանի ելույթը: Ելույթի որոշ դրույթներ ընդգծված արտացոլել է «Ազատ Արցախ» պաշտոնաթերթը:

Թերթի կայքէջում ԱԺԿ-ի համագումարի մասին նյութը կարդացվել է 92 անգամ, այն դեպքում, երբ նույն էջում զետեղված, ասենք, գազի թանկացման մասին նյութը կարդացվել է ընդամենը 8 անգամ:

Ըստ երեւույթին, քաղաքական դաշտի հստակման և ընկալման պահանջը մեծ է: Եւ դրա գիտակցումը օրեցօր մեծանում է:

Այլապես ԱԺ նախագահ, ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ Ա.Ղուլյանն իր ելույթում չէր ասի. «Քաղաքական համաձայնության պահպանումը միայն ԱԺԿ-ի խնդիրը չէ»: Գործընկեր որոշ կուսակցությունների, իր խոսքերով, «վերմակը իրենց կողմը քաշելու» փորձերը համագործակցության լավագույն խթան չեն հանդիսանում:

ԱԺԿ նախագահը կարեւորեց գործընկեր քաղաքական ուժերի հետ արդյունավետ աշխատանքը՝ միաժամանակ նշելով, որ կուսակցությունն իսպառ կաշկանդված չէ քաղաքական համաձայնության կապերով եւ որոշ հարցերի շուրջ ունի իր ուրույն դիրքորոշումը:

Անդրադառնալով կառավարության կողմից կատարված քայլերին՝ Ա.Ղուլյանը նշեց. «Տպավորություն է ստեղծվում, որ օպերատիվ հարցերում արագ եւ արդյունավետ գործելով հանդերձ՝ կառավարությունը դեռեւս չի ծրագրավորել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային խնդիրները, այդ մասին ասվել է նաեւ Ազգային ժողովի ամբիոնից»:

Կառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման լավագույն պայմանը, ըստ բանախոսի, պետական կառավարման համակարգի ապակենտրոնացումն է, ինչը տարբեր մակարդակներում ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքները:

Ահա այդպես: Կենտրոնացրել ենք, հույս ունենալով, որ մյուս ծայրին կհայտնվի մի ուժ, որը կպահպանի քաղաքական հավասարակշռությունը: Հիմա էլ ապակենտրոնացնում ենք, քանի որ այդ ուժը չկա: Քանի որ բոլորը գիտեն. եթե ամբողջ հասարակությունը հավաքվում է նավի մի անկյունում, նավը կարող է շուռ գալ:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

——————————————————————————————-

Համահայկական

ՄԻԺԻ-ի ՈՒՂԵՐՁԸ 

ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ մարդու և ազգի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է. ամեն պահի և հարաճուն,  և հանուն մարդկային ու ազգային հիմնական արժեքների

ՄԻԺԻ-ն, ի հետապնդումն իր կողմից հրապարակված ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ԿՈՉ-ի (տես` http://www.idhr.am) և զանազան ուժերի հետ ցայժմ ունեցած իր հանդիպումների, ներկա ուղերձն է ուղղում հիմնականում ՀՀ իշխանություններին, ընդդիմությանը և բովանդակ հայ ժողովրդին.

***

Մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունները, երբ իշխանության կողմից բռնություն կիրառվեց Երևանի Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարների նկատմամբ, և դրան հետևած մարտի 1-ի և 2-ի կամայականությունները, որն ըստ պաշտոնական տվյալների թողեց 10 զոհ և տասնյակ վիրավորներ ու ձերբակալվածներ, մեծ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ են և հայ մարդուն ու հայոց պետությանը խոցող վտանգավոր հիմարություն: Տեղի ունեցածը ՈՐԵՎԷ ԿԵՐՊ չի կարելի ԱՐԴԱՐԱՑՆԵԼ, մանավանդ ազգային և պետական անվտանգության անվան տակ, քանզի արվածը և հետևանքները հիմնականում ՀԱՐՎԱԾՆԵՐ ԷԻՆ հայ մարդու, ազգի ու պետության ԳԼԽԱՎՈՐ ՇԱՀԵՐԻ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԳՈՅՈՒԹՅԱՆ ու հզորացման դեմ:

Եթե որևէ քաղաքական իշխանության օրինականությունը (լեգիտիմությունը) թույլ ու խոցելի է և նա չի վայելում իր ժողովրդի, մանավանդ քաղաքական հասարակության, լիարժեք վստահությունը, ապա այն ԲՌՆՈՒԹՅԱՄԲ և ՈՒԺՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ստանալ, քանզի ԱՅՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, միայն ու միայն վաստակվում և շնորհվում է ժողովրդի կողմից և ուրիշ ոչ ոքից: Բռնությամբ  միայն ԵՆԹԱՐԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ կարելի է պարտադրել, այն էլ՝ ժամանակավոր, ԲԱՅՑ ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Սա քաղաքագիտական սկզբունք է և նույնիսկ տգետ «ախպերավարիությամբ» ու ամբոխավարությամբ էլ կարելի չէ այս մասին ստել և փորձել սա շրջանցել:

Արդի պետության հասկացության մեջ, եթե քաղաքական իշխանություն նվաճելու գործընթացներն ու մեթոդները հավաստի չեն ու կեղծվում են, ապա այդ քաղաքական իշխանությունը ԹՈՒՅԼ ու ԽՈՑԵԼԻ է և որևէ կերպ ընդունակ չէ կառավարելու: Այդ իրավիճակը վտանգավոր է նույն այդ պետության ու քաղաքական հասարակության համար, քանզի այն մեծ հարվածի տակ է դնում ու ճակատագրական մեքենայությունների զոհ դարձնում վերջիններիս ստեղծագործ գոյությունը և ներքին ու արտաքին անվտանգությունը.  ԲԵՐԴԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ է և ԲԵՐԴԻ ԿՈՐՍՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ուժգնացնում: Հզոր քաղաքական հասարակությունները, ժողովուրդները հարցը լուծում են ամենից առաջ ՀԱՎԱՍՏԻ ու ՕՐԻՆԱԿԱՆ գործընթացներ ու ինստիտուտներ ձևավորելով, իսկ կեղծիքի ու անօրինականության դեպքում համարձակ ընդունում են հիմնախնդիրը և օրինական  կերպով հրատապ ՃՇՏՈՒՄ այդ հանուն ավելի ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔԻ` իրենց մշակած պետական գաղափարի անվտանգության և քաղաքական հասարակության ու ազգի ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ (ստեղծագործ գոյությունը պետք չէ խառնել գոյատևման` զուտ կենդանի կամ ողջ մնալու հետ): Իսկ թույլ համախմբումները, ժողովուրդները, որ չունեն իրենց սեփական պետական գաղափարն ու ծրագիրը և չեն կայացել իբրև քաղաքական հասարակություն, որն է մեր պարագան, առավել թուլանում ու գործիք են դառնում ավելի ուժեղների պարտադրած գաղափարներին ու ծրագրերին:  Զոհ են դառնում ամեն տեսակ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ու ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, անօրինական կերպով քաղաքական իշխանությունը յուրացրած ներսի և դրսի ԲԱՆԵՐԻ կողմից:

Սխալ են այլասերված ընտրախավի կողմից հայոց ՕՐԱԿԱՐԳԻ վրա դրվող ներկա ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ` «ազգայինն» ընդդեմ «ժողովրդավարության» կամ` «Սերժ/Ռոբերտականն» ընդդեմ «Լևոնականի»: Հայ ժողովրդի ու պետության ներկայիս այս հիմնախնդիրները ՍԽԱԼ ձևակերպումներ են: Մարդ անհատը և հավաքական անհատականությունը` ազգը, ԳՈՐԾՈՆ են, երբ ունակ են ՍԵՓԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ճշմարիտ ձևակերպելու, մարդկային ու ազգային արժեքների հիման վրա իրենց ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ինքնուրույն մշակելու և հոգևոր ներուժով իրենց ներկան ու ապագան ԻՆՔՆՈՐՈՇԵԼՈՒ, ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ու ԿԵՐՏԵԼՈՒ: Եթե մարդը, ժողովուրդը և ազգն ընդունակ չեն դա անելու, նրանք վերածվում են ԳՈՐԾԻՔԻ: Գործիք, որն օգտագործվում է այլոց կողմից, այլոց սեփական շահերի, գաղափարների ու նպատակների համար, որոնք, ի դեպ, հաճախ չեն համընկնում իր իրական շահերին:

Ազգայինը և ժողովրդավարությունը հակասական չեն, այլ իրար ԼՐԱՑՈՒՑԻՉ անհրաժեշտ բաղկացուցիչներն են մեր պետության ստեղծագործ գոյության. իսկ հին և ներկա իշխանությունները հիմնականում միևնույն նոր-ազատական գաղափարախոսության կիրարկողներն են` զանազան ոճերով և կիսա-ֆեոդալական կամ կիսա-ազատական նույն գաղափարից սնվող, բայց տարբեր ոճերով խմբավորումներ են (Տես` «Տեսակետ-ՄԻԺԻ» թիվ 24, դեկտեմբեր 2007 խմբագրականը http://www.idhr.am): Այս բաժանված խմբերը` իշխանություն և ընդդիմություն, ներկայումս չեն ցանկանում իրար հետ բանակցել կամ երկխոսության մեջ մտնել: Առավել օտարացված, հուսախաբված, շփոթված ու բացառված է Ժողովրդի մեծամասնությունը. նա կրկին ոտնահարված ու անտեսված է:

***

Այսօր ազգի ՕՐԱԿԱՐԳԻ վրա է` հայ մարդու, հայ հասարակության և ժողովրդի ինքնուրույն ու ինքնիշխան ստեղծագործ ԳՈՅՈՒԹՅԱՆ խնդիրը, որը Ո°Չ ՄԻ ԶԻՋՈՒՄ չի թույլատրում, Ո°Չ ՄԻ ՆԱՀԱՆՋ չի հանդուրժում հայ գիտակից, ազատ, պետականամետ մարդու և հզոր ժողովրդի կողմից:

ՄԻԺԻ-ն, ելնելով մեր հայրենքիում ստեղծված խայտառակ իրավիճակից, մտահոգ լինելով մեր ազգի ու պետության ապագայով, վերարծարծելով «ՄԻԺԻ-Ի ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ԿՈՉԸ» (տես` http://www.idhr.am).

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է.

1.  Հստակ պատասխանել և անհապաղ հրապարակել ս.թ. մարտի 1-ի վաղ առավոտյան` Երևանի Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու որոշում ընդունող(ներ)ի և իրագործող(ներ)ի անունները, պաշտոններն ու լիազորությունները:

2.  Հայտնաբերել ս.թ. մարտի 1-ի առավոտյան դեպքերին հաջորդած, մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ու բռնությունների համար պատասխանատուներին և հրապարակային ԱՆԿԱԽ քննություն անցկացնել: Մարտի 1-ից անցել է արդեն 50 օր, սակայն չկա որևէ հստակ հաշվետվություն և տեղեկություն, թե վերջապես ի՞նչ է կատարվել այդ օրերին և ովքե՞ր են պատասխանատուները: ՀՀ դատախազության և ոստիկանության գործունեությունն ու տեղեկատվությունը որևէ վստահություն չեն ներշնչում, քանզի այս ինստիտուտները ինչպես շատ այլ պետական կառույցներ, լիովին վարկաբեկված են:

3.  Ստեղծել անկախ, ինքնուրույն, ազգային-պետական հետքննչական հանձնաժողով, որը պետք է քննի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունները: Այն պետք է գործի հրապարակային ու թափանցիկ: Անկախ հանձնաժողովը պետք է լինի զուտ հայաստանյան կառույց և իր մեջ ընդգրկի հայաստանյան առողջ ու սկզբունքային ուժերի ներկայացուցիչներին, որոնք դեռևս չեն վարկաբեկվել և ժողովրդի կողմից որոշակի վստահություն ունեն` համաձայնեցված քաղաքական ընդդիմության և հասարակության հետ: Միջազգային հանրությունը կարող է սույն գործընթացին մասնակցել միմիայն դիտորդի կարգավիճակով, այն էլ՝ հիմնականում մասնագիտական մակարդակով (դատաբժշկական քննություն, տեսաֆիլմերի մոնտաժային աշխատանքներ, զենքերի օգտագործման մասնագետների ներգրավում և այլն), միջազգային հանրությունը չպետք է իրավասու լինի տալու որևէ քաղաքական ու իրավական գնահատական, և նրանց մասնակցությունը պետք է անպայմանորեն լինի Հայաստանի Հանրապետության պաշտոնական հրավերով: Պետք է հասկանալ ու գիտակցել, որ ՀՀ պետական մարմինների կողմից արված քննություններին հասարակության գերակշիռ մասը չի հավատում, դրանք մեծամասամբ վարկաբեկված են ու ստախոսի համբավ ունեն, ուստիև պետք է ստեղծվի անկախ հետաքննող մարմին: Պետք է ցուցաբերել քաղաքական և դիվանագիտական խոհեմություն ու հեռատեսություն` թույլ չտալու համար, որ օտար ուժերը խառնվեն մեր ներքին պետական գործերին, մեզ լուծումներ թելադրեն ու պարտադրեն և իրենց ցանկացած ձևով վարեն գործընթացը` իրենց շահերին համապատասխան:

4.  Բանտերից անհապաղ ազատել հետընտրական իրադարձությունների հետ առնչվող բոլոր ձերբակալված անձանց: Նրանց նկատմամբ հետաքննչական աշխատանքները պետք է վերսկսվեն անկախ հանձնաժողովի գործունեության արդյունքում և դրանից հետո: Ընդդիմությունը և իշխանությունը պետք է համաձայնության գան, և պետք է ազատ արձակվեն այն բոլոր կալանավորները (ձերբակալվածները), որոնք առնչվում են այս դեպքերի հետ, իսկ հետագայում նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը պետք է բխի անկախ հանձնաժողովի իրականացրած հետաքննության արդյունքից:

5.  Ամբողջովին փոխել Հանրային հեռուստատեսության ղեկավար կազմը: Ներկայիս Հանրային հեռուստատեսության գործունեությունը վստահություն չի ներշնչում, և մասնավորապես՝ նախագահական ընտրությունների շրջանում իր «լուսաբանումների» պատճառով հասարակության շրջանում ամրապնդել է գործիքի ու ստախոսի համբավը: Հասարակության մեջ որոշակի վստահություն մտցնելու համար հարկավոր է փոխել Հանրայինի ղեկավարությունը և նշանակել ազնիվ, սկզբունքային ու ժողովրդի կողմից վստահելի ղեկավարություն:

Մենք իրավունք ունենք ստանալու ճշմարիտ և բազմակողմանի տեղեկատվություն, և Հանրայինը, որը գոյատևում ու վարձատրվում է մեր իսկ վճարած հարկերից, պարտավոր է տրամադրել այսպիսի տեղեկատվություն, հակառակ պարագայում պետք է դադարեցնել այս հեռուստատեսության որևէ ֆինանսավորում պետական բյուջեից:

6. Սկսել քաղաքական երկխոսություն կամ բանակցություններ ընդդիմության և իշխանության միջև: Հրատապ խնդիր է, որ այս ուժերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ և փորձեն հաղթահարել Հայաստանում ստեղծված ներքաղաքական ներկա ճգնաժամը: Այդ իմաստով իշխանությունները ՊԱՐՏԱՎՈՐ են հստակ կամք և քայլ ցուցադրել: Իշխանության կողմից կոչ է արվել սկսել երկխոսություն, սակայն այն չի ուղեկցվել երկխոսության պատրաստակամությունը հաստատող որևէ առաջարկով կամ քայլով: Եթե իրականում ցանկանում են երկխոսություն սկսել, ուրեմն այնպիսի առաջարկ են անում, որ մյուս կողմը չկարողանա հրաժարվել դրանից: Հակառակ պարագայում մնացած ամեն ինչը կեղծ արդարացումներ են ու մեղադրանքներ: Չպետք է թույլ տալ, որ երկխոսությունը թելադրվի ու պարտադրվի դրսից, դա թուլացնելու է մեր պետության ինքնուրույնությունը: Թոթափե°ք ստրկամիտ մտածելակերպը, լուծումների համար մի° վազեք օտարի մոտ, ինչպես դարեր շարունակ արել է հայ ազգի «ընտրախավը»: Ցուցաբերե°ք այդ խոհեմությունը և սկսե°ք բանակցությունները: Շեշտենք, սակայն, որ բանակցությունները չեն կարող լինել զուտ վերնախավային գործարք. դրանք պետք է բխեն ժողովրդի շահերից: Վաղ թե ուշ դուք նստելու եք բանակցությունների, սակայն, ավա¯ղ, դրսի պարտադրանքով, և ինչքան ուշացնեք, այնքան թուլանալու է մեր պետությունն ու նրա կշիռը միջազգային ասպարեզում:

Ունեցե°ք մարդկային ու ազգային նվազագույն գիտակցություն և արժանապատվություն և լսե°ք ու հնազանդվե°ք ձեր ԺՈՂՈՎՐԴԻՆ ու նրա ԳԵՐԱԳՈՒՅՆ շահերին: Ինքնիշխան ու ինքնուրույն ժողովուրդն ու պետությունը իրենց վստահած քաղաքական իշխանություններով ՉԵՆ իջնում այն խայտառակ ստրկային ու գաղութացված կարգավիճակին, ինչպիսին է, ցավոք, Հայաստանն այսօր, որ թույլ տան օտար պետության պաշտոնյաների օգնականները հոխորտան մեզ վրա ու թելադրեն ինչ անել: Արդեն իսկ եղավ նման նախադեպ, «Ժողովներ, հանրահավաքներ և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ  օրենքում ս.թ. մարտի 17-ին կատարված փոփոխությունները դրա վառ վկայությունն են. երբ հայաստանյան տարբեր ուժեր շեշտում և ասում էին այս օրենքի փոփոխությունների ոչ Սահմանադրական ու իրավական լինելու մասին, դրանք արհամարհվեցին, իսկ հիմա, Վենետիկյան հանձնաժողովի այցից հետո, իշխանություններն ընդունեցին, որ փոփոխություններն իսկապես «շատ վատն էին և պետք է շտկվեն»: Սա ուղղակի ողբալի մտածելակերպ և մշակույթ է, կարծես այս տեսակ մարդկանց (կառավարողներին) դուր է գալիս, որ իրենց գործիքի տեղ են դնում կամ իրենց գործիք լինելն անընդհատ փաստվում է:

ՄԻԺԻ-ն գտնում է, որ ներկա ճգնաժամի կարճաժամկետ հաղթահարումը ենթադրում է քաղաքական մի կոնսենսուս (փոխհամաձայնություն)` վերը նշված առաջարկների հիման վրա, որի նպատակը կլինի որոշ ժամանակ թուլացնել մեր հայրենիքում ստեղծված վտանգավոր լարված իրավիճակը, վերականգնել Հայաստանի դերը միջազգային ասպարեզում, ինչը թույլ կտա առավել ուժեղ հանդես գալ արցախյան հարցում:

Իսկ երկարաժամկետ լուծումներ տալու համար այս ընթացքում պետք է ուժգնացնել մեր հայրենիքում` Հայաստանում, և մեր ժողովրդի մեջ  որակական ու սկզբունքային ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ձևակերպումն ու ինքնակազմակերպումը, որը պատրաստ կլինի իր վրա վերցնելու հայոց արդի` արդար ու հզոր պետության գաղափարի մշակումը, քաղաքական հասարակության ձևավորումը և իրական բարեփոխումների առաքելությունն  և իրագործելու դրանք`

– հանուն մարդկային ու ազգային գլխավոր նպատակի` հավասարության, արդարության, քաղաքացիական գոտեկցության ու համերաշխության, ընդհանուրի բարօրության` հարգելով լիարժեք անհատականությունը (իբրև մարդ և ազգ),

– հանուն պետության կանոնավորող դերի ամրապնդման` իբրև արդար վերաբաշխման ու որակյալ հանրային ծառայությունների երաշխավոր, իբրև ազգի ու ժողովրդի քաղաքական, տնտեսական, մշակութային ու սոցիալական անվտանգության ապահովող,

– հանուն մարդու, բնության ու տիեզերքի ներդաշնակ համակեցության,

– հանուն համապարփակ մարդկային և ազգային, հայ մշակույթի զարգացման:

ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄՆ ու ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ մարդու, ժողովրդի և ազգի իրավունքն է, նրանց հիմնական իրավունքը` հանուն իրենց ստեղծագործ ԳՈՅՈՒԹՅԱՆ պաշտպանության. սրանք հատու են և ազդու, երբ խելամիտ ուղղորդվում են, երբ ծառայում են հավաքականության ստեղծագործ գոյության պաշտպանությանը, երբ մասնիկն են ծանրորեն մտածված ու նախապատրաստված, խելամիտ ծրագրված ու հմտորեն կազմակերպված  երկարատև ու հարատև ինքնուրույն սթափ պայքարի: Իբրև գիտակից գործոն` մենք ընտրում ենք այս ըմբոստացումն ու պայքարը հանուն մարդկային ու ազգային արժեքների լիարժեք կենսագործման մեր հայրենիքում, հանուն համընդհանուրի շահի` ստեղծագործ գոյության, հանուն արդարության, հավասարության, սոլիդարության և համընդհանուրի բարօրության: Ինքնուրույն քաղաքական ու քաղաքացիական ԲՈՂՈՔ (ոչ գանգատ) և ըմբոստացում ու պայքար` ամեն օր, ամեն պահ, ամենուր` հանուն հայ մարդու, հանուն մեր հայրենիքի մարդկային ու ազգային վերականգնման ու հզորացման:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ
Երևան , 21 ապրիլի, 2008թ.

——————————————————————————————-

Համահայկական

ՋՐԲԱԺԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Սիրելի Գեղամ:

Ողջույն: Այնքան ուրախ էի, երբ կարդացի «Առավոտ»-ում տպված քո «Եղբայր ենք մենք» հոդվածը, չես պատկերացնի: Ժամերով եւ անընդհատ ինքս ինձ կրկնում ու ասում էի. ՎԵՐ-ՋԱ-ՊԵՍ: Այո, վերջապես մի արցախցի մտավորական ելավ ու հրապարակայնորեն ասաց այն, ինչ բոլորս, վստահ եմ, մշտապես մտածում էինք: Ապրես, զորանաս, շատանաս… քո տեսակը նկատի ունեմ, հենց այդ տեսակն է, որ մեզ բոլորիս առաջ տանելով՝ խաղաղ հայրենիք է պարգեւելու հաստատ:

Իմ վիճակում որեւէ փոփոխություն չկա, ինձ նման գրեթե «մի օրի չէ, բայց մի հալի» բարեկամներիցս մեկի ինձ հասած նամակում գրածը լավագույնս ներկայացնում է իրավիճակը. «Նրանց գործը մեզ բռնելն է, մերը՝ չբռնվելը»:

Այս ընթացքում բավականին ազատ ժամանակ ունենալով՝ գրում, հա գրում եմ: Վերջերս ինձ մոտ եկած սփյուռքահայ մի ծանոթիս խնդրել էի հոդվածներիս մի քանիսը «ԴԵՄՈ»-ի էլեկտրոնային հասցեով քեզ հասցներ, հույս ունեմ, որ խնդրանքս կատարած կլինի:

Այսօր եւս այդպիսի բարեպատեհ իրավիճակի մեջ եմ հայտնվել ու այստեղից Երեւան գնացող վստահելի մարդիկ կան: Փորձում եմ այս երկտողս եւս նրանց հետ քեզ հասցնել: Լավ եղիր, լավ եղեք… Խնդրում եմ, հանուն մեր բոլորի ապագայի, եթե Արցախում քո կատարած քայլը անող ու հասկացողներ լինեն ու շատանան, հավատա, որ գալիք օրերն էլ ավելի կպայծառանան, մաքրամաքուր կլինեն անպայման:

Օգտվելով ստեղծված առիթից, ուզում եմ քո միջոցով իմ ջերմ բարեւները հաղորդել Արցախի իմ վաղեմի ազնվագույն բարեկամիս, հազվագյուտ իսկական մտավորական Վարդգես Օվյանին ու իր ընտանիքին: Հույս ունեմ, որ բոլորն էլ ողջ-առողջ եւ լավ են: Մեկ էլ, եթե հանկարծ տեսնելու, հանդիպելու լինես, իմ կողմից բարեւիր Մասիս Մայիլյանին: Ինչքան ափսոսում եմ, որ նրա նմանները պետականության զարգացման գործից դուրս են մնացել:

Շատ եմ ցավում, որ Երեւանում սկիզբ առած համաժողովրդական շարժման գոնե մի ալիքը այդպես էլ ոչ մի կերպ Արցախ չհասավ: Եթե մարդն ինքը ազատ չէ, չի կարող ազատ Արցախ ունենալ, այն ազատ պահել եւ այդտեղ ազատորեն ապագա կառուցել: Մի՞թե կարելի է օտարի լծից իբրեւ թե ազատագրել մի բուռ հող հայրենին, բայց յուրայինների «Սլավա ԽՄԿԿ»-ն շարունակել հանդուրժել:

Չգիտեմ, ափսոսում եմ, շատ ցավում ու ափսոսում եմ, որ հրադադարյան Արցախ աշխարհում արցախցին կայացած ազատ քաղաքացի չդարձավ այդպես էլ: Այս առթիվ ձեզ՝ իսկական մտավորականներիդ, կամք, ծով համբերություն, անկոտրում ուժ ու հարատեւ պայքար եմ մաղթում: Հաջողության բարեմաղթանքներովս, բարին ընդ քեզ, ձեզ, մեզ, բոլորիս…

Հարգանքներով՝ Սարգիս ՀԱՑՊԱՆԵԱՆ 
Ազատագրված տարածքներ, 
08.Մայիս.2008թ.

Վերջերս տեղից ամեն վեր կացողը պատեհ-անպատեհ ժողովրդի երկփեղկվածության, առաջացած խորը անդունդից, շիկացած մթնոլորտի հանդարտեցումից, փոխադարձ զսպվածության ու հանդուրժողականության դրսեւորման անհրաժեշտությունից, առկա ճգնաժամային իրավիճակի հաղթահարումից, երկխոսությունից է խոսում ու հար եւ նման դեղատոմսեր առաջարկող “բաժակաճառեր” է ասում:

Սա նշանակում է, որ դեղատոմս առաջարկողները մեր հասարակությունում ինչ-որ հիվանդություն են հայտնաբերել, ախտորոշել ու իմանալով դրա բուժման ձեւը՝ ահա, մեյդան են ընկել:

Բայց առկա հիվանդության բուժման առաջարկ անողները, փոխանակ դրա առաջացման պատճառներն ախտորոշելու և դրանք ընդմիշտ վերացնելու, չգիտես ինչու, հիվանդության հետեւանքների ժամանակավոր կասեցման դիմելով՝ հիվանդին միայն “ցավազրկիչ” են հրամցնում:

Հիվանդությունը պայմանականորեն եկեք փտախտ անվանենք, հիվանդին էլ գանգրենային վիճակում՝ իր երկու ոտքերը կորցնելու վտանգի հետ դեմ հանդիման ծանր վիճակում գտնվող մեր մայրը պատկերացնենք: Միայն այսքանը պատկերացնելն իսկ մեզ պետք է բավարար լինի մերժելու համար խորհրդային բուժանձնակազմի “պիծիմինուտկաները” հիշեցնող անտեղի, անհեթեթ ու կարծես մարդու կամքին հակառակ պարտադրվող բուժման ձեւերը: Մեր մայրը հիվանդ է, եւ գանգրենան նրա կյանքին է սպառնում: Սա այն դեպքն է, երբ մենք, չունենալով այլընտրանք, հիվանդատիրոջ իրավունքով, հանուն նրա կյանքի փրկության ընդունելու ենք հոգեպես ծանր, բայց որդիական միակ ճիշտ որոշումը՝ անդամահատությունը: Այլապես նա չի ապրի, կմահանա:

Հիմա սրսկիչները ձեռքներին մեզ փորձում են ամեն գնով պարտադրել «ցավազրկումը», բուժման իբրեւ միակ միջոց: Հիվանդատերը՝ մենք, իսկ նրանք ինքնիրեն  «գլխավոր» հռչակածի գրպանները լցնելու մոլուցքով տարված գրդոնչիներով հավաքված ուզում են իրենց սխալը հալած յուղի նման մեզ ընդունել տալ: Շատ լավ գիտակցելով հանդերձ, որ այդ անելով՝ հիվանդը չի բուժվի երբեք եւ կմահանա, բայց քանի որ նրանք «խորթ զավակի» հոգեբանությունն են կրում՝ մեր մոր ճակատագիրը նրանց բոլորովին չի հետաքրքրում:

Սա է ողջ ճշմարտությունը, եւ այսօր վիճակն այդպիսին է: Մենք այլեւս պահի վճռորոշության լուրջ պատասխանատվությունը կրող միակ իրական կողմն ենք ահա, քանի որ մեր հարազատ մոր փրկությունը, մտահոգ իր զավակներից բացի, ուրիշ էլ ու՞մ կարող է հետաքրքրել: Բացի մեզնից եւ ոչ ոքի, բնականաբար: Մեր մոր կյանքի փրկությունը գին ունի եւ մենք պիտի գիտակցենք, որ ինչքան էլ թանկ արժենա դա, հարկ եղածը ամեն գնով պիտի վճարենք անպայման: Ուստի, այս իրավիճակից դուրս գալու միակ ճիշտ ելքը իմ պատկերացումներում այսպիսին է ահավասիկ:

Մայր Հայաստանի իսկական եւ խորթ զավակների միջեւ անպայման պիտի ջրբաժան լինի, ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր ու նրանց ընտրած ճանապարհները չլինեն իրար հետ, ինչքան կարելի է հեռու լինեն իրարից ու տարբերվեն անպայման: Մեր ճանապարհով գնացողների մոտ, ի տարբերություն նրանց, ընտանիքի հանդեպ սեր, հայրենիքի հանդեպ հույս, իսկ հաղթանակի համար հավատք պիտի լինի:

Մեր ու նրանց ջրերը մի առվով պիտի չգնան երբեք: Մեր արյունը, ի տարբերություն նրանց ունեցածի, պիտի լինի մաքուր, ջինջ ու զուլալ: Մեր ճանապարհով քայլող հայ մարդկանց սրտերը պիտի լինեն բաց, խիղճը՝ մաքուր, հոգին՝ բարի: Ի տարբերություն նրանց, մեր ճանապարհորդների մոտ չարության նշույլն իսկ պիտի չլինի, նենգությունն ու խարդախությունը բացակայեն, սուտն ու կեղծիքը բացառվեն անպայման: Ի տարբերություն նրանց, մեր ուղեղներում դավադրություն, սրտերում թշնամություն, հոգիներում վրեժ պիտի չլինի երբեք: Մենք պիտի լինենք պարզ, հասարակ, ուղղամիտ հայ մարդիկ, ի տարբերություն նրանց, մեր հայացքներն ոչ ոքից եւ ոչ մեկ ժամանակ պիտի չփախցնենք, մարդկանց աչքերին պիտի նայենք միշտ ուղիղ ու շիտակ: Մի խոսքով, մենք պիտի լինենք սեւ ու սպիտակ՝ հակադիր քարերով ճատրակ խաղացողների նման եւ խաղի վերջում սպիտակներով էլ հաղթելու ենք անպայման: Քանի, գիտեմ, որ խավարը լույսին հաղթել չի կարող:

Հայաստանի անխտիր բոլոր որդիներին հիմա տրվել է ստի, կեղծիքի, խարդախության կամ ճշմարիտի, անկեղծի ու արդարի կողմ լինելու որոշումը կայացնելու եզակի հնարավորություն: Հայորդին իր ընտրությունը կատարելու է սեփական խղճի թելադրանքով, հոգու հանգստությամբ, սրտի մաքրությամբ, ի սեր ապագա Հայաստանի, ի նպաստ հայության գալիք օրվան:

Ուղիղ մեջտեղում գծելու ենք մի գիծ, որոշելով մեր տեղը՝ կանգնելու ենք գծից այս կամ այն կողմ: Սա ամենաազնիվ մոտեցումն է իր երկիրն ու պետությունը սիրող բոլոր հայերի համար, որոնք առանց վարանելու արտահայտելու են իրենց կողմնորոշումը բաց ճակատով սեւի եւ սպիտակի միջեւ:

Թող ոչ ոք չփորձի առկա գաղափարները հրապարակում ազատորեն արտահայտելու իրավունքից զրկված, ինձ նման մտածող հարյուր հազարավորների հասցեին թուք ու մուր թափել կամ միայն տհաս երեխային քնեցնելու համար պատմվող հեքիաթների օգնությամբ ստից «եղբայրություն-քույրություն» քարոզել: Ես ստախոսին, կեղծավորին, խարդախին իմ եղբայրը կամ քույրը չեմ համարում, ստորություններով սեփական գոյությունը պահպանելը գարշելի ապրելակերպ դարձրածներին չեմ ընդունում եւ այդպիսիների՝ իմ ժողովրդի կյանքը թունավորելը չեմ հանդուրժում: Անբարոյականությունների դեմ ձայնս բարձրացնելու համար ինձ իմ քնած տեղս ծեծ ու ջարդի ենթարկածներին էլ հանցավոր եմ գտնում եւ չեմ ներում: Երկրի բոլոր օրենքները մշտապես խախտող ապօրինիներին օրինավոր իշխանություն չեմ համարում, “հանուն Հայաստանի Հանրապետության”, այսինքն ժողովրդի անունից հանդես գալու իրավունք չեմ տալիս, նրանց լեգիտիմ չեմ ճանաչում: Կրկնում եմ՝ ես իմ բարոյական հատկանիշներով գծված գծից այն կողմ կանգնածներին ինձ քույր ու եղբայր չեմ համարում: Այնտեղ գիտակցաբար հայտնվածների կրած «արժեքները» ինձ խորթ են:

Բնության հրաշք մարդ արարածը մի քիչ հղի չի լինում, կամ հղի է լինում, կամ՝ ոչ: Այս բնատուր հրաշագործության շնորհքի ծնունդ լինելով, մեզ պարգևված կյանքի ընթացքում պիտի ջանանք մարդ էլ մնալ եւ չդառնալ տմարդ: Մեր գծից անդին գտնվողները բռնությամբ ուզում են ամեն գնով այս «մի քիչ հղի» ոչ բնական վիճակը մեզ ստիպելով ընդունել տալ: Այդ անելուց նույնիսկ գեթ մի անգամ չեն էլ մտածում, որ բնությունը իրեն բռնությամբ ձեւախեղողներին խստորեն պատժում է անպայման:

Սա է անհերքելի միակ ճշմարտությունը, որ պիտի հասկանանք:

Սարգիս ՀԱՑՊԱՆԵԱՆ

—————————————————————————————–

Դեմքեր

ԲԱՐԵԽԻՂՃ ՎԱՐՈՐԴԸ

Հայրենական մեծ պատերազմի տարիներին միայն Ստեփանակերտի շրջանի Նորագյուղից զորակոչվեց 256 հոգի, այդ թվում Ռուբեն, Արշավիր, Սերգեյ Ասրյան եղբայրները եւ նրանց քույր Մարուսյան: Նախ պատերազմի մեկնեց Արշավիրը, հետո թառը պատից կախեց ու ճակատ մեկնեց Ռուբենը: Երկու եղբայրներին ճակատում հանդիպելու, միասին մարտնչելու հույսով մարտի գնաց երրորդ եղբայրը՝ Սերյոժան /Սերգեյը/, սակայն Սերյոժան չգտավ իր եղբայրներին, մարտնչեց, ծանր վիրավորվեց, կազդուրվեց, նորից մարտադաշտ մեկնեց ու կռվեց մինչեւ վերջնական հաղթանակ: 1944-ին եղբայրներին գտնելու հույսով ճակատ մեկնեց նաև Մարուսյա Աղամիրի Ասրյանը, ծառայելով հակահրթիռային զորամասում:

Պատերազմն ավարտվեց, Սերգեյ եւ Մարուսյա Ասրյանները տուն դարձան: Իսկ նրանց Ռուբեն եւ Արշավիր եղբայրները իրենցից շուտ էին գյուղ հասել, բայց միայն հուշարձան դարձած 91 նորագյուղցիների հետ: Սերյոժան ու Մարուսյան հաղթանակից հետո դեռ երկար տարիներ աշխատեցին հարազատ գյուղի կոլտնտեսության դաշտերում: Մարուսյա քույրիկը պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով եւ էլի շատ մեդալներով, այժմ էլ շարունակում է ապրել իր որդիների, թոռների շրջապատում: Նա մեկն է այն չորս կանանցից, որ մեկնել են կռվի դաշտ Նորագյուղից՝ 1944-ին:

Սերյոժա Ասրյանը պատերազմն ավարտելուց հետո գյուղ վերադարձավ 1946-ին: Նա դարձավ անվանի վարորդ, արժանացավ շատ պարգեւների: Շուրջ 50 տարի աշխատեց հարազատ գյուղի կոլտնտեսությունում: Նա պահեստազորի սպա էր: Պատերազմի ավարտից 35 տարի հետո մարզզինկոմից եկան եւ գտան «Մարտական կարմիր աստղի» շքանշանի ասպետին, ու Սերյոժա Ասրյանը բազում մեդալների կողքին կրեց նաեւ այդ շքանշանը:

Սերյոժա Ասրյանը մինչեւ կյանքի վերջը պատվով ապրեց, վայելելով հասարակության հարգանքը: Նրա որդիները քայլեցին հոր ճանապարհով, աշխատեցին հոր օրինակով: Ավագ զավակը՝ Էլմիրան, շուրջ 40 տարի է զբաղվում է դպրոցականների կրթության եւ դաստիարակության գործով, աշխատում է Նորագյուղի Վ. Պետրոսյանի անցան միջնակարգ դպրոցում, չորս անգամ արժանացել է Ասկերանի շրջվարչակազմի կրթության բաժնի պատվոգրերի, 2004թ. ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ, խրախուսվել դրամական պարգեւով:

Էդուարդ Ասրյանը հորն է քաշել: Նա պատվով ծառայել է խորհրդային բանակում, արժանացել պատվոգրերի ու մեդալի, ավարտել է Ստեփանակերտի գյուղտեխնիկումի մեխանիզացիայի բաժինը, Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին օրերից եղբայր Լյովայի հետ անդամագրվել է գյուղի կամավորականների ջոկատին, մասնակցել է տարբեր բնակավայրերի համար մղվող մարտական գործողությունների, եղել է Հադրութում, Քարվաճառում, Փառուխում: 1993թ. մարտից որպես առաջին կարգի ավտովարորդ Էդուարդին վերցրել են ԿՊԲ /ՃԿՀ/, ծառայել է սակրավորների գումարտակում:  Հաղթանակից հետո ծառայել է մինչեւ 2003թ., ապա թոշակի անցել եւ ներկայումս աշխատում է «Վրեժ» ՓԲԸ-ում:

Այսօր էլ Էդուարդ Ասրյանը բարեխիղճ վարորդի ու սրտացավ մարդու համբավ ունի: Երեկոյան տունդարձի ճանապարհին պատահած բարձիչի աշխատողին կխնդրի եւ ավազաքար կբարձի գյուղի ճանապարհի փոսորակները հարթեցնելու համար: Միայն Նորագյուղում գյուղամիջի ճանապարհները անվարձահատույց բարեկարգելու նպատակով տեղափոխել է մի քանի տասնյակ բեռնատարի քարավազ: Այս մասին պատմում են համագյուղացիները: Առանձնակի ջերմությամբ է նրա մասին խոսում գյուղի համայնքի ղեկավար Արմավիր Գալստյանը:

Մի խոսքով, հոր արժանի զավակն է:

Ջամիլ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՄԱՐՏՈՒՆԻՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ…

Երբեք  չէի  մտածել,  որ մի օր էլ կհայտնվեմ քաղաքական դաշտում՝ այս խոսքերով սկսեց իր խոհերը կիսել  մեզ  հետ Մարտունու  քաղաքապետ Նելսոն Մուսայելյանը, առիթից օգտվելով երախտիքի խոսք հղելով բոլոր ընտրողներին և հավաստիացնելով, որ կանի ամեն ինչ, որ նրանց հուսախաբ չանի:

Մարտունին  այնքան էլ  մեծ քաղաք չէ, որ բնակիչները իրար չճանաչեն:  Ահա թե ինչու տեղական ինքնակառավարման  մարմինների  ընտրության ժամանակ  նրանք  իրենց  ձայնը տվեցին շատ հարազատ ու սիրելի մի անձնավորության, որը գիտի աշխատանքի  հարգը: Կոշտացած  ձեռքերը վկայում են,  որ միայն աշխատանքով և աշխատանքի մեջ է  գտել իսկական երջանկությունը շրջանում ճանաչված գործարար Նելսոն Մուսայելյանը: Մեր այն հարցին, թե որն է քաղաքապետի թիվ  մեկ հիմնահարցը, նա  պատասխանեց.

– Մարտունին  ունի  շատ  հոգսեր,  սակայն  ես կառանձնացնեի  փողոցների  բարեկարգման հարցը, քանի որ մոտ  20  տարի է,  ինչ այս հարցում սայլը տեղից չի շարժվել: Կարելի է ասել,  որ  արդեն  լուծված են  ծայրամասային փողոցների լուսավորման  և խճապատման  հարցերը: Դաժան ձմեռը  փոքր-ինչ  դանդաղեցրեց այդ աշխատանքները, սակայն, փառք  Աստծո, դրական լուծում ստացավ մարտունեցիներին հուզող այդ խնդիրը:

Մեր  զրուցակիցը  խառնվածքով   համեստ   անձնավորություն է, որն էլ, երևի թե, խանգարեց, որպեսզի պատմի մինչ  քաղաքապետ  ընտրվելը  իր  կատարած աշխատանքների մասին: Աշխատանքային  գործունեությունը  սկսել  է   շատ  վաղուց, երբ 1971-ին թիվ 1 սովխոզում աշխատում էր  որպես  բանվոր,  բայց ապագա ինժեներ-շինարարը   շինարարության   բնագավառում  արդեն   իսկ   ուներ  հստակ ծրագրեր: Նրա կյանքում  բեղմնավոր էին հատկապես Մարտունու   գինու   գործարանում,   «ՄԱՔՍ»  շինանյութերի կոոպերատիվում,   աղյուսի   գործարանում   աշխատած տարիները: 1988 թվականին, երբ Մարտունին  առանց  ջուր էր, մեծ էր Ն. Մուսայելյանի ներդրումը    անհավատալի թվացող Գիշի-Մարտունի ջրատարի կառուցման գործում:

Քաղաքապետին  անհանգստացնող  հարցերից մեկն էլ խաղողագործությունն է,  որը,  ցավոք, Մարտունիում կորցրել է իր նախկին համբավը: Այսօր խաղողագործությամբ շատ քչերն են զբաղվում: Ստացած բերքն էլ չի արդարացնում մարդկանց ակնկալիքները:

– Քիչ են նաև աշխատող ձեռքերը, սակայն ես  լավատես եմ  և  համոզված եմ,  որ  այդ հարցն էլ  իր լիարժեք լուծումը կստանա Մարտունիում, -ասում է նա:

Իսկ ես էլ համոզված եմ, որ քաղաքապետի հետ մեր հաջորդ հանդիպմանը նոր ծրագրերն արդեն կյանքի կոչված կլինեն:

Վարսիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼԱՎՆ ԷՐ

Ջամիլ Աթայի Մարտիրոսյանը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 22-ին Նորագյուղում: Գերազանց գնահատականներով ավարտել է գյուղի յոթնամյա դպրոցը: 1946 թվականին ընդունվել է Շուշիի մանկավարժական տեխնիկումը: 4 տարի հետո ավարտել է եւ 1950թ. աշխատանքի անցել հայրենի դպրոցում: Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է աշխատանքը դպրոցում: Հետո ուսումը շարունակել է Բաքվում, վերադարձել գյուղ, 1957-1996թթ. տեղի դպրոցում աշխատել որպես ռուսաց լեզվի ուսուցիչ: 1978-ին պարգեւատրվել է աշխատանքային գերազանցության համար մեդալով, կրթության գերազանցիկի կրծքանշանով, իսկ 2005 թվականին` «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Ունի մոտ 50 տարվա աշխատանքային փորձ:  Ներկայումս թոշակառու է, բայց թուղթն ու գրիչը միշտ ուղեկցում են նրան, թղթակցում է տեղական լրատվամիջոցներին: Նրա գրածների թեման մեր այսօրվա կյանքն է, մեր պատմությունը, իսկ նրա հերոսները մեր ժամանակակիցներն են, մեր ճանաչած մարդիկ: Ի՞նչ է մտածում նա այսօր, ի՞նչ հարցեր են նրան մտահոգում: Մեր զրույցի թեման, բնականաբար, կրթության ոլորտն էր:

– Ի՞նչ կարծիքի եք նոր կրթական համակարգի մասին:

– Շատ հաճելի է, որ մեր պետականությունն այսպիսի ուշադրություն է դարձնում կրթական ոլորտին: Երկրի բարեկեցությունը, մարդկանց կենսամակարդակը ուղիղ համեմատական են այս ոլորտի զարգացմանը, շատ բան հենց դպրոցից է կախված: Վերջին ժամանակներս շատ փոփոխություններ են եղել դպրոցական կյանքում, որոնցից մեկը 12-ամյա կրթության համակարգին անցնելն էր: Երիտասարդներին կուզեի հիշեցնել, որ նման փորձ եղել է անցյալ դարի 60-ական թվականներին, ինչը շատ կարճ տեւեց: Այսօր մենք արդեն անցել ենք 12-ամյա կրթական համակարգին, արդեն կան նախադրյալներ եւ համապատասխան մասնագետներ, եւ ես չեմ կարող փոխել այդ ընթացքը: Բայց կարծում եմ, որ պետք էր ավելի լավ նախապատրաստվել, որից հետո միայն անցնել նոր համակարգին, որովհետեւ կան դժվարություններ, ոչ բոլոր դպրոցներն են պատրաստ անցնել այդ համակարգին:

– Այսօրվա աշակերտը տարբերվո՞ւմ է խորհրդային շրջանի աշակերտից:

– Տարբերությունն, անկասկած, նկատելի է: Դա ոչ միայն, ասենք, լավ կողմից կամ վատ կողմից, այլ ընդհանրապես: Նախկինում աշակերտը զարգացման եւ գիտելիքներ ստանալու համար շատ ավելի քիչ հնարավորություններ ուներ, քան հիմա: Խորհրդային շրջանի աշակերտի համար զարգացման աղբյուրներ էին դպրոցը, ուսուցիչը, գրադարանը, ընթերցանությունն ու ինքնազարգացումը: Իսկ այժմ շատ այլ աղբյուրներ կան: Միևնույն ժամանակ, ներկայիս աշակերտը չունի դիմացինի, ուսուցչի, հայրենիքի եւ ծնողների նկատմամբ այն ակնածանքը, որ հատուկ է եղել այն ժամանակներին: Չեմ ուզում ոչ ոքի վիրավորած լինել, բայց բարեկրթության, կարգապահության ու պատասխանատվության առումով խորհրդային դպրոցը առավելություններ ուներ: Ընդհանրապես, խորհրդային դպրոցական համակարգը ոչ միայն գերազանցում է այսօրվանին, այլև լավագույններից մեկն էր ամբողջ աշխարհում:

Լյուդմիլա ՄՈՎՍԻՍՅԱՆ

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄԱՑԱՎ

Ջրափոս

Այս ախտով տառապողները ֆիզիկական ցավ չեն զգում: Ինկուբացիոն շրջանը սկսված է ինքնաստորացման զգացումից եւ արագ տարածվում է թռչնագրիպի պես: Վարակման աղբյուրները տարբեր են:

Մեր այս պատմության մեջ այն սկսվեց այն պահից, երբ միայնակ տարեց կինը (նախկինում՝ մանկավարժ) կորցնելով ճերմակ մազերի եւ իր իսկ խնդիր-պահանջի ներդաշնակությունը՝ թուղթ ու գրիչը ձեռքին գյուղում շրջում էր տնից տուն եւ չէր հեռանում մինչեւ համագյուղացիներից չստանար բաղձալի ստորագրություն (ինչպե՞ս կարելի է մերժել) իր գրած դիմումի տակ, որով իշխանություններից խնդրում է գյուղի դպրոցը անվանակոչել իր ամուսնու՝ դպրոցի նախկին տնօրեն Ա. Բալայանի անունով:

Իհարկե, արտառոց ոչինչ չկա այդ խնդրանքի մեջ, եթե հաշվի առնենք, որ վերջինս համեստորեն երբեք չի հավակնել նույնիսկ շրջանի լավագույն մանկավարժի կոչմանը: Այլոց պես դպրոցական դասագրքեր չի գրել, ի տարբերություն այսօրվա որոշ բարձրաստիճան ղեկավարների՝ հանդուրժել է արցախյան շարժումը եւ այդ ամենի հետ մեկտեղ տարիներ շարունակ պարտաճանաչ դասավանդել է ու աշխատավարձ ստացել, ինչպես բոլոր ազնիվ մարդիկ:

Արտառոցը կայանում է նրանում, որ երբ գյուղի համայնքի ավագանու (որի հինգ անդամներից առնվազն  երեքը միասին վերցրած ունեն ամենաշատը տասներկու դասարան կրթություն) որոշումը հաստատեց շրջվարչակազմը (ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը), գյուղը պառակտվեց: Ոգեւորված գյուղացիները սկսեցին ստորագրություններ հավաքել Այգեստանը վերանվանելու Շ. Հովհաննիսյանի անունով, իսկ մյուս մասը՝ հարեւան Նորաշեն գյուղը՝ Բ. Բալասանյանի անունով, քանի որ վերջիններս երկար տարիներ եղել են այդ գյուղերի բրիգադավարները:

Նորաթուխ պրպտող ավագանին պեղումներ է կատարում գերեզմանատանը, որպեսզի այն անվանակոչի առաջին մահացածի անունով, հարցում է ուղարկված ԶԱԳՍ-ի գրասենյակ՝ պարզելու գյուղում առաջին ամուսնական զույգի ազգանունը (հանդիսությունների տունը հո անտերունչ չպիտի մնա): Խոսակցություններ են գնում գյուղի երեք թաղամասերը վիճակահանությամբ անվանակոչել երեք ընտրված գյուղապետերի անուններով, իսկ ավերված ու չվերանորոգված շենքը անվանակոչել Վ. Գեւորգյանի անունով (նրա` Կոլխոզշինի տնօրինության օրոք է կառուցվել), գյուղամիջյան մայրուղին կոչել ազերի Մուսայի անունով (նա է առաջին անգամ տվել ջարդված ասֆալտը փափուկ հողով լցնելու գաղափարը, որը մինչեւ օրս կիրառվում է), բայց այդ մասին խոսում են շշուկով (հարցը քաղաքականացված է):

Անվանակոչությունը չբուժվեց իր սկսման փուլում եւ վտանգ կա, որ մի օր էլ կփորձեն վերանվանել… (տեսնես ո՞ր ղեկավարը ամենաշատը կշահարկի դա):

Հ.Գ. Ես ներողություն են խնդրում Այգեստանի նահատակներից, որ նրանց ոչինչ չմնաց անվանակոչելու: Մի նեղացեք, տղաներ, ձեր անվանակոչությունը մեր հիշողությունն է:

Պավել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

——————————————————————————————-

Հասարակություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԸ

ԼՂՀ Սահմանադրության 2-րդ գլխի 20-րդ հոդվածում ասվում է. «Յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությանբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունը»:

Մարդ իրեն պաշտպանված ու ապահով է զգում միայն քաղաքակիրթ հասարակության մեջ: Ասել, թե մեր հասարակությունը հասել է քաղաքակրթության զարգացման ճանապարհի գոնե կեսին՝ անհեթեթություն կլինի: Ոմանք քաղաքակրթության չափանիշ են համարում նորաձև մեքենաների ու հագուստի առկայությունը, զարգացած երկրներին հատուկ հանգստավայրեր ու շինություններ ունենալը: Նման մարդկանց կարծիքով այս ամենը վայելելն արդեն նշանակում է քաղաքակիրթ մարդ լինել: Այդ նույնն է, թե գորշ ու անորակ մի որևէ գրքույկ գեղեցկացնենք գույնզգույն, վառ ու փայլուն կազմով: Առաջին հայացքից այն լավ տպավորություն կթողնի, իսկ եթե բացենք…

Արդյո՞ք այսօր մարդն իրեն ապահով է զգում մեր հասարակությունում: Ապահով լինել չի նշանակում նյութական բարիքների տեր դառնալ, նկատի ունեմ առաջին հերթին հոգեպես ապահով լինելը: Արդյո՞ք մեր հասարակությանը հատուկ են խղճմտանքը, ըմբռնումը, սրտացավությունը, բարությունն ու այլ արժանիքներ:

Երբ մի լուր է կայծակի պես տարածվում Ստեփանակերտում, մարդ ասում է, որ պատճառը քաղաքի փոքր լինելն է: Մի՞թե միայն դա: Իսկ ի՞նչ ասել մարդկային չափազանց զարգացած հետաքրքրասիրության մասին, որը դրսևորվում է ոչ դրական ուղիներով, ասենք՝ տվյալ մարդը մի գիտություն ուսումնասիրելու, հետաքրքիր գիրք ընթերցելու փոխարեն դատական քննության է առնում դիմացինի կյանքն իր բոլոր կողմերով: Հետո լուրեր է տարածում՝ տոնածառի պես զարդարելով դրանք ու «ծաղկեցնելով»:

Զարգացած քաղաքներում անպատշաճություն է համարվում մարդուց հարցնել, թե նա ուր է գնում: Իսկ մեզ մոտ երթուղային նստես թե չէ՝ ծանոթդ տաքսու մյուս ծայրից աղաղակով, գոռում-գոչյունով հարցնելու է, թե այդ ուր ես գնում, որտեղից ես գալիս: Նման հարցերի շքերթում առաջին հորիզոնականն է գրավում «Այդ ինչու՞ այսօր մի տեսակ ես» արտահայտությունը: Եվ այդ խեղճ «մի տեսակ» մարդը պարտավոր է մի բան ստել, որ չասի իր ընտանեկան սուր վեճերի կամ կոշիկի չափազանց նեղ լինելու մասին: Ինչ-որ մեկը սխալմամբ նման պահելաձևը ազգին բնորոշ սովորութանման մի բան է համարում, սակայն ամենքս էլ գիտենք, որ դա պարզապես անքաղաքավարություն է:

Ընկերուհիս ԱՄՆ-ից ուղարկել էր իր նկարները: Մեզանից օվկիանոսով բաժանված այդ երկրում մարդ կարող է պառկել խոտերի մեջ՝ հանգստանալու: Իսկ Փարիզի բնակիչը հոգնած ոտքերին հանգստություն պարգևելու համար կարող է հանել կոշիկներն ու ոտաբոբիկ քայլել: Ոչ ոք նման արարքներին այս և նմանատիպ այլ երկրներում ոչինչ չի ասում: Պատկերացրեք այդ ամենը Ստեփանակերտում. լավագույն դեպքում կծիծաղեն վրադ, իսկ եթե, Աստված մի արասցե, բախտդ չբերի՝ կենթարկվես արդեն ֆիզիկական ծաղրանքի:

Ուսումնասիրելով քաղաքակիրթ երկրների բարքերը, պիտի հաշվի առնել մի կարևոր հանգամանք ևս՝ այնտեղ այնքան մաքուր է, որ մարդ կարող է պառկել գետնին: Հոլանդացիներին տուգանում են գետնին թքելու համար, մինչդեռ գետնին թքելը, կարելի է ասել, ամենատարածվածն ու սիրելին է Արցախի ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասի մոտ:

Եվրոպական քաղաքներում կան շատ հուշարձաններ, որոնք պատրաստված են ապակուց: Հարց է ծագում՝ մի՞թե ճարտարապետները չեն մտածել նման շինությունների կարճ կյանք ունենալու մասին: Պարզվում է՝ չեն մտածել ու չեն էլ պատկերացրել, որ մարդ ընդունակ է քարով ջարդել իր քաղաքը զարդարող այս կամ այն ստեղծագործությունը, ինչպես դա մեծ հաճույքով անում են Ստեփանակերտի բնակիչները՝ ջարդելով կենտրոնական փողոցի երկայնքով շարված ապակե ցուցագրերը: Ու թե ինչն է պատճառը՝ գաղտնիք է:

Արտասահմանում 14 տարեկան աղջիկը կարող է դասերից հետո փող վաստակելու նպատակով աշխատել ռեստորանում: Նրա հանդեպ հարգանք են ցուցաբերում, որ փոքր լինելով հանդերձ՝ թեթևացնում է ընտանիքի հոգսերն ու օգուտ բերում երկրին: Իսկ մեզ մոտ շաբաթը 2 անգամ հայտնվես նույն սրճարանում, իսկույն կեղտոտ կասկածանքներ ես հարուցելու ոմանց մոտ, էլ չեմ խոսում այնտեղ աշխատելու մասին:

Բարեկամս համացանցով հաճախ զրուցում է Փարիզի պետական համալսարանի դասախոսի հետ, որն իր ազատ ժամերին դուրս է գալիս փողոց ու խնդրում բակապանին իրեն թույլատրել օգնել նրան: «Ամենքս հավասար ենք,-ասում է նա,-ու ոչ ոք մեղավոր չէ, որ բախտի բերմամբ իրականացնում է այս կամ այն աշխատանքը»:

Իսկ ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերում արցախցին հավաքարարների նկատմամբ: Արհամարհանք ու սեփական առավելության անարժան զգացում: Ու եթե, Աստված չարած, մեկը որոշի իր փողոցը սրբել, իսկույն կարժանանա խելագարի պիտակին, քանզի հենց քննադատողներն են շպրտում ծխուկներն ու կոնֆետի թղթերն ուր պատահի:

Ծանոթս Մոսկվայում երթուղային տաքսի էր նստել: Կանգառներից մեկում մեքենա է մտել  մի երիտասարդ, հագին շոտլանդական կիսաշրջազգեստ: Ու որքան էր ընկերոջս զարմանքը, երբ նա ամենքի երեսին անտարբերություն տեսավ: Իսկ մեր հասարակության մեջ եթե համարձակվես մի փոքր շեղվել ընդունված «կանոններից» կամ «ետ մնալ» նորաձևությունից, որը, վերջիվերջո, Թուրքիան է թելադրում, վերջ՝ «երգդ երգված է», մտար 3-րդ կարգի մարդկանց շարքերը: Ու նման  «սպիտակ ագռավները» հաճախ են ենթարկվում անթաքույց ծաղրուծանակի:

Քննության է առնվում նաև մարդու անձնական կյանքը, նրա ամուսինների, կանանց, սիրեկանների, սիրուհիների քանակը, անգամ՝ որակը: Հասարակության մեծ մասին հուզում է ամուսնության բնույթը, հետաքրքրում է այն, թե ինչպես են ապրում, ում հետ են ապրում, օրական քանի անգամ են կռվում, հաշտվում, խանութ գնում, ինչ փոշիով են լվացք անում, նույնիսկ այն, թե ինչ մածուկով են այսօր մաքրել իրենց ատամներն այդ մանրադիտակի տակ հայտնված ընտանիքի անդամները:

Շատերի «տարերքն» է շտապեցնել երիտասարդներին ամուսնանալ, ու եթե վերջիններս չեն ենթարկվում, սկսում են կասկածել նրանց առողջ լինելու մեջ, սկսում են լավ բժիշկների հասցեներ տալ՝ չհասկանալով, որ նման պահելաձևն անքաղաքավարություն է, ոչ կոռեկտ: Գուցե տվյալ երիտասարդն ուզում է իրեն նվիրել աշխատանքին, գուցե դեռ չի գտել իր երկրորդ կեսին կամ գուցե ընդհանրապես չի ուզում հիմենեյան կապերով կապվել ինչ-որ մեկի հետ:

Ոչ, դու պիտի ապրես ճահճացած կարծիքների մեջ: Ու զարմանալի չէ, որ վախենալով նման հասարակությունից, շատերը հրաժարվում են սեփական գաղափարներից, իրենց ինքնատիպությունից, ապրում են «բոլորի պես», արդարացնելով իրենց՝ «բա ի՞նչ կասեն»:

Ստացվում է, որ նման հասարակության մեջ մարդն իրեն ապահով չի զգում, նա պաշտպանված չէ: Կան որոշակի «չգրված օրենքներ», որոնք խեղդում են շատերին: Ու երբ առաջադեմ գաղափարներով տոգորված մեկը հայտնվում է արտասահմանում, սպանես էլ՝ հետ չի դառնում, քանզի նոր հասարակությունն, օտար լինելով հանդերձ, պաշտպանում է անձին:

Եթե ամեն մեկն իրեն արդար դատավորի տեղ է դնում, չի ամաչում իր չափազանց անձնական հարցերից, «իր աչքի գերանը թողած` ընկերոջ աչքի շյուղն է տեսնում», էլ ու՞ր կորավ այդ քաղաքակրթությունը:

Այս ամենն ասվեց ոչ թե հասարակությանը քննադատելու, ծաղրելու համար: Այս ամենն ասվեց, որ մեզանից յուրաքանչյուրն իր արարքներին, մտքերին, հարցերին հաշիվ տա, լինի ավելի հանդուրժողական, լինի մի քիչ ավելի բարի, հանդուրժողական ու դիմացինի հանդեպ իրեն դատավոր չկարգի:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ

Բանավեճը շարունակվում է

ՀՈԳԵՀԱՑԻ ԱՆԻՄԱՍՏ «ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հարգելի խմբագրություն: Ես ուշի-ուշով կարդում եմ մեր ազգային, պապեպապ եկած սովորության՝ հանգուցյալի հոգեհացի արարողությանը նվիրված բանավիճային հոդվածները, որոնցում հիմնականում շոշափվում է այն հարցը, թե արդյո՞ք նպատակահարմար է հանգուցյալի հուղարկավորության օրը սգո սեղանին թույլատրել ելույթները հանգուցյալի հիշատակի առթիվ: Այս հարցում հոդվածագիրները տարակարծիք են:

Հ. Հայրապետյանը գտնում է, որ կարելի է թույլատրել մի երեք-չորս ելույթ, իսկ Վ. Սարգսյանը կատեգորիկ դեմ է ելույթներին: Իմ համոզմամբ, երկրորդ կարծիքը հիմնականում ճիշտ է, քանզի թաղման օրը հանգուցյալի տիրոջ դարդուցավը ելույթները չեն: Եվ, իսկապես, այդ օրը շատ հուզական օր է, եւ ինչպես ճիշտ նկատում է «վաստակավոր թամադա» Վ. Սարգսյանը, մի անզգույշ, նույնիսկ անմեղ ասված խոսքը կարող է անցանկալի հուզումների տեղիք տալ…

Ինչ վերաբերում է խմիչքի չարաշահման խնդրին, միանշանակ համաձայն եմ հոդվածագիրների հետ: Չգիտեմ ինչպես եւ ինչու շատ կարճ ժամանակում օղին դուրս մղեց դարեր, երեւի թե հազարամյակներ դիմակայած խմիչքին՝ գինուն: Հիշում եմ՝ ոչ շատ ժամանակ առաջ սգո սեղաններին գինի էին դնում, այն շատ ավելի հարմար է, օգտակար: Ի՞նչ պատահեց, ի՞նչ բեկում կատարվեց մարդկանց հոգեկերտվածքում ասեմ, թե ֆիզիկական կառուցվածքում, որ այդքան կարճ ժամանակամիջոցում օղին գրավեց գինու տեղը: Հիմա գինին ոնց որ դնում են սեղաններին, համարյա նույնությամբ էլ սեղաններից հավաքում են:

Պետք է խոստովանել, որ կենացների սահմանափակման խնդիրը չափազանց բարդ է. հո չե՞նք կարող բավարարվել երկու կենաց առաջարկելով: Առանց այն էլ նույնիսկ հինգ-վեց կենացը չի հերիքում բոլոր «անհրաժեշտ» կենացները նշելու համար: Հոգեհացից հետո այդ առիթով միշտ էլ տրտունջներ, նույնիսկ բարձրաձայն բողոքներ լինում են: Մեր կարծիքով, անհրաժեշտ է մի շատ լավ, կենսունակ, դյուրին իրագործվող ավանդույթի վերականգնումը: Հիշում եմ, ոչ հեռու անցյալում Արցախում գործում էին թաղման հանձնաժողովներ, որոնք զբաղվում էին հուղարկավորությունների կազմակերպման եւ անցկացման խնդիրներով: Ավանդույթի վերականգնումը՝ հանձնաժողովների ստեղծումը, կարող է նպաստել խմիչքի չարաշահման դեմ պայքարի հաջողությանը, ինչպես նաեւ մյուս արարողությունների կարգավորմանը:

Սակայն, սիրելի ընթերցող, իմ հիմնական ասելիքը դեռ մնում է. չէ՞ որ թվարկյալ խնդիրներից շատ ավելի կարեւոր է, թե ինչ ուտելիքներ են դրվում սեղաններին: Խոստովանենք, որ այս խնդրում  չափանցումը մեծ է, ընդունել է առասպելական չափեր. սեղաններին դնում են հավի միս, ձուկ, լոբի, որոշ դեպքերում՝ խորոված, խավիար /իկրա/, բաստուրմա, տարբեր տեսակի երշիկներ, պանիր, կարագ, խաշլամա, սոուս, տոլմա, պոմիդոր, վարունգ, կանաչեղեն, էլի ուրիշ բաներ՝ բոլորը չեմ նշում: Ով որ կարողանում է այսքանը ապահովել, այսքան ուտելիքներ դնել սեղաններին, բան չունենք ասելու՝ թող դնի: Սակայն ցավը նրանում է, որ հանապազօրյա հացը խանութներից նույնիսկ «գրովի» վերցնող կարիքավորները նույնպես չեն ուզում ետ մնալ ունեւորներից, ջանում են «համաքայլ» ընթանալ նրանց հետ, չեն ուզում «ոտքը իրենց յորղանն ուգյորա» մեկնել եւ ընկնում են հարյուր հազարավոր դրամների պարտքի տակ եւ այն էլ՝ նույնիսկ օրվա հացի փող չունենալու պայմաններում: Ընթերցողին ենք թողնում պատկերացնելու նման պարտապանների վիճակը ներկայիս շուկայական հարաբերությունների պայմաններում: Երեւի այս հեռանկարը նկատի ունենալով որոշ գյուղերում հոգեհացի արարողության հիմնական ուտելիքը մեր ավանդական կուրկուտն է (կորկոտ):

Իմ խորին համոզմամբ, առայժմ միակ հնարավորությունն այն է, որ որոշ սահմանափակում մտցնեն ուտելիքի «շքեղության» խնդրում, այսինքն՝ ամեն մեկը «ոտքը իր յորղանն ուգյորա մեկնի»:

Ռոբերտ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՀՈԳԵՀԱՑԻ ԱՆԻՄԱՍՏ «ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿՐԿԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ

Մեր երկրի զարգացման ու ներկայիս վիճակի վրա իրենց բացասական ազդեցությունն են թողել պատերազմի արհավիրքները: Առավել տուժածը Մարտակերտի շրջանն է իր շրջկենտրոնով ու գյուղերով, որոնք եթե ոչ ամբողջովին, ապա մեծամասամբ թալանվել ու ավերվել են: Բացառություն չէ նաև Մեծշենը: Գյուղն ունի բազմաթիվ պրոբլեմներ՝ անմխիթար են ճանապարհները, ցավոտ է խմելու եւ ոռոգման ջրի հարցը, տեխնիկայի բացակայության պատճառով գյուղատնտեսութունը դոփում է տեղում եւ այլն:

Բայց բնակչությանը հուզող առաջնային խնդիրը եղել ու մնում է բնակարանային հարցը: Ինչպես ասում են՝ «ամենակարեւորը չորս պատերն են», որոնց բացակայության պատճառով շատ պրոբլեմներ են առաջ գալիս: Այն առաջին հերթին հարվածում է բնակչության աճին: Գյուղի երիտասարդներն առանձնապես հակված չեն ընտանիք կազմելու, քանի որ չունեն բնակարան, իսկ ամուսնացածներն էլ… «Ունեմ 4 անչափահաս երեխա, ընտանիքս բաղկացած է 6 շնչից: Բնակվում ենք ուրիշի բնակարանում, սեփական բնակարան չունենք, արդեն 2 անգամ տեղափոխվել ենք տանտիրոջ վերադարձի պատճառով եւ հույս անգամ չունենք, թե կարող ենք երկար ապրել այս մեկում»,- մտահոգված է Էլմիրա Մուրադյանը:

Նման ընտանիքները քիչ չեն: Նրանք ցավով են նշում, որ գյուղում շատ անգամ բնակարաններ են վերանորոգվել, բայց, չգիտես ինչու, այնպիսի մարդկանց տներ, ովքեր դրա կարիքն այդքան էլ չեն զգում: Կամ, ասենք, նրանք ունեն բավարար հնարավորություններ ինքնուրույն, առանց կառավարության աջակցության վերանորոգելու իրենց բնակարանները: Իսկ այն ընտանիքները, որոնք հազիվ են ծերը ծերին հասցնում, քրտնաջան աշխատանքի շնորհիվ վաստակում հանապազօրյա հացը, հույսով սպասում են, թե երբ կգա իրենց հերթը:

Ո՞ր սարի ետեւում եք, արդարություն եւ խիղճ:

Էմմա ՄՈՎՍԻՍՅԱՆ
Լուսինե ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

——————————————————————————————-

Մշակույթ

Ադելա

(Արշալույս Վանյայի Սարգսյան)
Մանկավարժ, բանաստեղծ, բանահավաք, արվեստագետ

Ծնվել է 1937 թվականին, Արցախի Մարտունու շրջանի արծվաբույն Կաղարծի-Պառավաթումբ գյուղում, ուսուցչի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է Կաղարծու միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը և Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժինը: Աշխատանքային գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև 1964-ին ընտանիքով տեղափոխվել է  Հայաստան և հաստատվել Աբովյան քաղաքում: Աշխատել է թիվ 1 և 4 միջնակարգ դպրոցներում որպես ուսուցիչ և ուսումնական կոմբինատում, որպես կիրառական արվեստի բաժնի վարիչ:

Արշալույս Սարգսյանը հայ ժողովրդական հոգևոր ու նյութական մշակույթի հավաքման, ցուցադրման ու հրապարակման գործում խոշոր վաստակ ունի: Նա անձանձիր նվիրումով շրջում է Արցախ-Ղարաբաղի շեներում, հավաքում համապատասխան տեղեկություններ, լուսանկարում բնաշխարհին բնորոշ ինքնատիպ ու գեղահրաշ գորգեր, կարպետներ, տարազաձևեր, գոտիներ ու զարդեր: Իր հավաքած նյութերը տեսակավորում, դասակարգում և օժտում է ծանոթագրություններով: Ա. Սարգսյանը հեղինակ է ամսագրային, լրագրային հավաքածուների՝ նվիրված ժողովրդական մշակույթի տարբեր ճյուղերին: Նա իր հավաքածուն, ինչպես նաև իր ձեռքով արարած ասեղնագործ ու հելունագործ աշխատանքները ցուցադրել է հանրապետական ու տեղական ցուցահանդեսներում, արժանացել բարձր գնահատանքի:

2006 թվականին Ստեփանակերտում լույս է տեսել Ա. Սարգսյանի ծավալուն գիրք-ալբոմը՝ համապատասխան գիտական վերլուծությամբ: Տպագրության է պատրաստել «Արցախի տարազը» աշխատությունը, որը լույս կտեսնի 2008 թվականին:

Ավելորդ չեմ համարի նշել, որ Ա. Սարգսյանը շնորհալի բանաստեղծուհի է, մանկագիր, երգահան և ասեղնագործուհի:

Հայալեզու և ռուսալեզու բարբառախոս գրքերի հեղինակը՝ բազմավաստակ մանկավարժ-վետերան, երկու տասնյակից ավելի բանաստեղծության ու երգերի, հավաքածուների և ուսումնասիրությունների, ուսուցողական ձեռնարկների օրինական տերը՝ Ադելան /Արշալույս Սարգսյանը/, շուրջ երկու տասնյակից ավելի տարիներ շրջելով Արցախի գյուղերը, մտնելով տնետուն և զրուցելով մամիկ-տատիկների հետ՝ բանահավաքի հետևողականությամբ ու ջերմեռանդությամբ զրուցել-գրի է առել հայկական կենցաղում արմատավորված բազում ավանդապատումներ և ժողովել է ձեռագործական արվեստի 500-ից ավելի նմուշներ, ինչպես նաև գորգարվեստին ու Արցախի տարազին նվիրված բազմաթիվ նմուշներ: Դրանք իրենց ձևաբովանդակային կառուցվածքով, նրբահյուս լուծումներով զարդարվեստի հիասքանչ գործեր են, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է հեղինակի աշխարհընկալման զգացողությունը, մտածելակերպի յուրահատկությունը, գեղագիտական ճաշակը: Ընդհանուր առմամբ դրանք հստակ պատկերացում են տալիս կիրառական ու դեկորատիվ արվեստում արցախցու ձիրքի ու հմտության մասին:

Ադելան, հիրավի, մեծ ծավալի ու բարձր գնահատանքի գործ է կատարում՝ շրջանառության մեջ դնելով ինքնատիպ ու նրբին արվեստի նմուշներ՝ հագեցած գծապատկերային բովանդակությամբ, որ պատիվ կարող է բերել ցանկացած քաղաքակիրթ ժողովրդի:

Նրա աշխատությունները պատմամշակութային արժեք ունեն, որից էլ ածանցվում է նրա իմացաբանական և ճանաչողական նշանակությունը, վավերագրային արժեհավատությունը, որ Արցախ աշխարհը նաև մշակութային արժեքներով է դիմագրավել վաչկատուն ցեղերին՝ պահպանելով իր ինքնությունը, կորովն ու ոգին: Նրա աշխատությունները մեզանում նորույթ են և իսկական զրահ ու սուր՝ քարոզչական պատերազմում, հատկապես Արցախի մշակութային արժեքների ուսումնասիրման ու վերագնահատման և աշխարհին ի ցույց դնելու գործում:

Արշալույս Սարգսյանը Արցախի հայոց հոգևոր ու նյութական մշակույթի ազնիվ նվիրյալներից է: Նրա հեղինակությամբ 2006 թվականին Ստեփանակերտում լույս է տեսել «Արցախի ժանյակներ» խորագրով գիրք-ալբոմը: Ալբոմում ընդգրկված նմուշները հեղինակը հավաքել է Արցախի տարբեր բնակավայրերից, մի մասն էլ նրա շնորհաշատ ձեռքերի արգասիքն են:

Լինելով բնիկ արցախցի, քաջածանոթ հայրենի բնօրրանի ժողովրդի ստեղծագործ ոգու ինքնատիպ դրսևորումներին, իր տասնյակ տարիների շրջագայությունների ընթացքում կարողացել է նյութեր հավաքել նաև տարազի վերաբերյալ: Այժմ նա պատրաստել է գիրք-ալբոմ՝ նվիրված Արցախի, Սյունիքի և Գանձակի տարազին, որը նա իրավացիորեն դիտարկում է իբրև միասնական մի տարազաձևի տեղական տարբերակներ:

Ա. Սարգսյանը հեղինակ է մի շարք ցուցահանդեսների, որոնց ժամանակ ցուցադրված նրա ձեռագործ աշխատանքները արժանացել են բարձր գնահատանքի: Նաև ստեղծագործում է. նրա գրականով և բարբառախոս բանաստեղծությունները լույս են տեսել առանձին գրքերով:

Ա. Սարգսյանի «Արցախի տարազը» աշխատությունը անպայմանորեն արժանի է տպագրության և որքան շուտ, այնքան լավ:

Ա. ՂԱԶԻՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության իստիտուտի հայ ժողովրդական բանահյուսության  բաժնի վարիչ,  բան. գիտ.թեկ. 

Արցախ-Սյունիք-Գանձակի սիրելի հայրենակիցներ.

Խնդրում եմ Ձեր օգնությունը Արցախ-Սյունիք-Գանձակի «հայավարի» և «քաղքավարի» տարազը  լիարժեք ներկայացնելու:

Եթե ազգային տարազով լուսանկարներ կամ տարազի պատառիկներ դեռևս Ձեր տներում պահպանված կան, խնդրում եմ բերեք «Դեմո» թերթի խմբագրություն: Գրքի տպագրությունից հետո բոլոր այդ նյութերը կվերադարձվեն հասցեատերերին: Նախօրոք խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն զլանա այս հարցում ինձ օգնել:

Խնդրում եմ նշեք անուն, ազգանունը, ծննդավայրը և զբաղմունքը:

 ԱԴԵԼԱ

——————————————————————————————-

ՈՒՂԻՂ ՆԱՅԵՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԻՆ

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստեփանակերտի երիտասարդության պալատում նորերս դիտեցինք վավերագրական ֆիլմ, որը նվիրված էր Արցախի Տիգրանակերտի պեղումներին: Ֆիլմը մեկնաբանություններով դահլիճում հավաքվածներիս տեղեկացնում էր այն աշխատանքների մասին, որ կատարվել են եւ դեռ պիտի շարունակվեն մեր հնագետների կողմից: Առաջին հաջողությունները գոհացուցիչ եղան:

Այո, լավ սկիզբ է, սակայն դա չպիտի բավարարի մեզ, քանի որ գործ ունենք ազգի պատմության հետ, իսկ պատմությունը կենսագրություն է՝ իր դառը եւ քաղցր էջերով: Եւ պարտավոր ենք դրանք մատուցել այնպես, ինչպես կան: Լավը՝ լավ, սակայն ես ուզում եմ ընթերցողին ներկայացնել իմ նկատառումները, ակնկալելով արձագանքներ իմ գրածին, անկախ այն բանից, թե ով ինչպես կվերաբերվի դրանց:

Նախ, պալատի ընդհանուր մուտքից ոչ հեռու սյանն ամրացված ցուցապաստառի վերնամասում գրված էր. «Արցախի Տիգրանակերտի հայտնաբերումը, պեղումները, հետազոտության հեռանկարները»: Այս գրության մեջ տեղ գտած «հայտնաբերումը» բառը, ճիշտն ասած, ինձ զարմացրեց, ու ես մտորելով դահլիճ մտա:  Ստացվում է այնպես, որ իբր բնակավայրի մասին պատկերացում անգամ չունեինք, հայտնաբերվել է անհայտությունից, մի նոր «քիմիական» էլեմենտ է:

Իսկ ֆիլմի մեկնաբանության մեջ էլ նշվում է. «Դա ոչ միայն գիտական-ակադեմիական, այլեւ որոշակի արկածային տարրեր պարունակող մի հետազոտություն է»: Ցանկալի կլիներ այս մասին մանրամասն տեղեկանալ:

Խոսվեց նաեւ այն մասին, որ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարներից մեկը /անունը չի նշվում/ արշավախմբի ղեկավարին առաջարկել է գտնել եւ պեղել Արցախի Տիգրանակերտը, սակայն ինքը շատ թերահավատորեն է վերաբերվել գաղափարին, թեև խոստովանել է, որ ինչ-որ պատմություններ է լսել, կան լեգենդներ, բայց վստահ չէ, որ դրանք իրական են: Մի քանի օր մտածեցին, 10 քառակուսի կմ  տարածք հետազոտեցին, եւ արդյունքի հասան՝ «ծնվեց Տիգրանակերտը»:

Պատկերացնո՞ւմ եք: Չգիտեին ինչ են փնտրում, ինչ են պեղում, սակայն Տիգրանակերտ էր հոլովվում, Տիգրանակերտ էլ հայտնաբերվեց: Զարմանալին այն է, որ չէին հավատում, ավանդական զրույց էր ընդամենը /լեգենդ/, սակայն Տիգրանակերտ «հայտնագործվեց»:

Տարածքը հայկական բնակավայր լինելու մասին շատերը գիտեին, այդ թվում՝ ադրբեջանցիները, սակայն հայը անտարբեր էր, իսկ նրանք էլ հանգիստ նոր անուններ տալով՝ յուրացնում էին:

Խոսելով Մակար Բարխուդարյանցի մասին, ասում են, որ իբր նա ընդամենը եզրակացնում էր /ֆիլմի մեկնաբանություններում հենց այդպես էլ ասվեց/: Սա եղավ երկրորդ դրդապատճառը տարակուսելու, թե ինչպես հասկանալ «հայտնագործություն»-ը եւ «Մ. Բարխուդարյանցը ենթադրում էր» արտահայտությունները: Ստացվում է այնպես, որ տարածքը պեղողները քաջատեղյակ էին Սեբեոսի, Կաղանկատվացու տված տեղեկություններին, իսկ Բարխուդարյանցը՝ ոչ: Մինչդեռ Մ. Բարխուդարյանցն այնպես է նկարագրել թե Տիգրանակերտի, թե եկեղեցու, թե մյուս օբյեկտների տեղերն ու դիրքն իրար նկատմամբ /դրանց թվում նաեւ այժմ էլ գործող սպիտակ քարհանքը/, որ ցանկության դեպքում կարելի էր հեշտորեն գտնել, առանց տասնյակ կիլոմետրեր հետազոտելու:

Անդրադառնալով արցախյան գավառներին՝ Մ. Բարխուդարյանցը գրում է. «Գավառիս վերնամասումն է Տիգրանակերտ ավանն, որ ավերակ է այժմ: Բայց հարկ է հայտնել, որ ընդարձակ գիւղաքաղաք եղած է այս եւ երբեմն առաջնորդանիստ եւ գավառագլուխ. տակավին մնում է ընդարձակ եկեղեցու ավերակն, շուկայի եւ տների եւ բաղանիսների կիսավեր քարուկիր շինութիւններն եւս: Ավերակիս ստորոտումն է Շահ-բուլաղ մեծ աղբիւրն, իսկ վերին ծայրումն՝ հանգստարանն: Ավերակիս մոտ է եւ մի նոր բերդակ, որ շինուած է ամբողջապէս սրբատաշ քարով եւ կոչուում է Թառնագիւտի կամ Շահբուլաղի բերդ» /տես Մ. Բարխուդարյանց, «Արցախ», Բաքու, 1895, էջ 19/: Հեղինակը Տիգրանակերտի մասին խոսում է նաեւ իր «Աղվանից երկիր եւ դրացիք» գրքում, երբ թվարկում է տարածաշրջանի մեծ աղբյուրները, որոնց մեջ է նաեւ 5-րդը հանդիսացող «Շահ-բուլաղը» /«Մեծ աղբյուր», ինչպես, ասենք, ունենք նաեւ «Շահ մասուր», շահ թութ.- Հ.Հ./:

«Շահբուլաղ» հուշագրության մեջ Լեոն /Առաքել Բաբախանյան/ գրում է. «Ասում են, թե այստեղ է եղել Տիգրանակերտը: Եթե ճանապարհի ընկերդ քիչ ծանոթ է այս տեղերին, չես կարող չնայել սարի գագաթին. երբ կմոտենաս փոստի իջեւանին, նա կբռնի ձեռքդ եւ ցույց կտա հին շինությունը եւ կասե. «Տես, հայի եկեղեցի է»: Խոսեցնում եմ իջեւանի ծառային, տեսնում, որ նա ինձանից թունդ հնասեր է. բարձրացել է սարի գլուխը, դանակով քերել է խաչարձանը, որ շինության առջեւումն է, կարդացել է նրա վրա. «Ես Շահանշահ, որդի Աշոտայ, կանգնեցի զխաչս հոգվո իմոյ»…/տես Լեո, հ 8, էջ 142, 143/:

Ստացվում է, որ մենք ջնջում ենք մեր նախնիների արածները, որ նրանց տեղը դնենք մե՞րը: Նման «հաջողությամբ» հաջորդ սերունդն էլ կջնջի այսօրվա արածը: Էլ ինչո՞ւ ենք նեղանում օտարներից: Իմ պատկերացմամբ՝ մենք կգնահատվենք շատ լավ, եթե գնահատենք ու շնորհակալ լինենք մեզ թողած հոգեւոր ժառանգության համար մեր նախնիներից:

ԵՐԲ ՄԻԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՍ ԲՆՈՒԹՅԱՆԸ

Բնության տարերքներից տարբեր «վերքերի» գնով փրկված այս քարը գտնվում է Շուշիի Հոնուտի կիրճի ձախափնյա ժայռի վերնամասում: Այստեղից լավ երևում են Կովկասյան լեռները, Քիրսը, Սարի բաբան ու Մռովը, որոնք ձեռք-ձեռքի տված պահում են Արցախը: Այս տեղամասում մարդ իրեն ազատ ու հանգիստ է զգում: Նույնիսկ երբ մենակ չես, խմբով ես՝ դարձյալ մենակ ես մնում ինքդ քեզ հետ, որովհետև մտքերդ, կամա թե ակամա, պարուրում են քեզ: Այստեղ ամեն ինչ տրամադրում է մտորելուն, նպաստում ազատ մտածողությանդ ու ազատությանն ընդհանրապես: Այստեղի օդը սնուցում է միտքդ ու հոգիդ: Մի խոսքով՝ ուղղակի հրաշք է: Հապա ինքներդ փորձեք…

——————————————————————————————-

ԱՎՏՈՍԻՐՈՂՆԵՐ

Տաքսիների երկար հերթ: Հարբած մուժիկը ուզում է ձեռ առնել տաքսու վարորդին, իբր, տես, աշխատանք չունես: Մոտենում-հարցնում է.

-Հրամանատար, կեղտ կտեղափոխե՞ս:

Վարորդը նայում է նրան, ասում.

-Նստիր:

-Տուժող, դուք ճանաչո՞ւմ եք այն մարդուն, որը փախցրել է ձեր մեքենան:

-Նրա փաստաբանի ճառից հետո ես ընդհանրապես հավատացած չեմ, որ մեքենա եմ ունեցել:

***

Վարորդը մեքենայով գնում է: Ճամփեզրին տեսնում է արագությունը սահմանափակող նշանը՝ 40 կմ/ժ: Արագությունն իջեցնում է մինչեւ 20 կմ/ժ: Բայց, միեւնույն է, նրան կանգնեցնում է ավտոտեսչության աշխատակիցը եւ հարցնում.

-Էդպես գողեգող էդ ո՞ւր ես ճողոպրում:

***

Ավտոտեսուչը գալիս է տուն, իսկ կնոջ սիրեկանը տանն է… Սկսում է նրան որոնել: Նայում է պահարանը՝ չկա, պատշգամբը՝ չկա: Նայում է մահճակալի տակ՝ սիրեկանը հարյուր դոլարի թղթադրամը մեկնում է նրան:

-Ա’յ քեզ բա՛ն, այստեղ էլ չկա:

***

-Ժամում հարյուր քսան կիլոմետր,- ասում է ավտոտեսուչը վարորդին:

-Ի՞նչ եք ասում, ես գնում էի ամենաշատը ժամում 30կմ արագությամբ:

-Գուցե կասեք, որ տեղում կանգնա՞ծ եք եղել:

-Այո, փաստորեն այդպես էլ եղել է:

-Լավ, վճարեք տուգանքը. այստեղ կանգնելատեղ չկա, կանգնելն արգելված է:

***

Ոստիկանը կանգնեցնում է հարբած վարորդին, որի մեքենան ընթանում էր այդ գծով երթևեկությանը հակառակ:

-Դու էդպես ո՞ւր ես գնում, բարեկամ:

-Չգիտեմ, բայց կարծում եմ, որ ուշացել եմ, արդեն բոլորը ետ են գալիս:

***

Ավտոտեսուչը վիճակախաղի տոմսով միլիոն է շահում: Նրան հարցնում են, թե ինչպես է ծախսելու փողերը:

Իսկ նա.

-Խաչմերուկ եմ գնալու եւ աշխատելու եմ հենց այնպես, իմ քեֆին:

***

Տեսուչը արձանագրություն է կազմում:

-Դուք ե՞րբ եք նկատել, որ ձեր ավտոմեքենան փախցրել են:

-Երեկ երեկոյան: Ռեստորանից դուրս եկա, դռնակը բացեցի, նստեցի ղեկին, ուզում եմ շարժվել, իսկ մեքենան չկա:

***

-Դուք մեքենա կանգնեցրել եք ուղիղ հետիոտնային անցատեղում, իսկ դա, ըստ կանոնների, արգելված է:

-Հետո՞ ինչ,- առարկում է վարորդը,- չէ՞ որ ես բացել եմ դռները, որ մարդիկ կարողանան անցնել:

***

Ոստիկանը կանգնեցնում է կարգազանցին, որը զգալիորեն գերազանցել էր արագությունը:

-Բայց, սըր, ես կարող եմ բացատրել, թե ինչու եմ այդպես արագ…,- սկսում է վարորդը:

-Կբացատրես իմ շեֆին, իսկ առայժմ կնստես մեկուսարանում:

-Բայց ես ուզում եմ ասել…

-Լալկվիր:

Մի քանի ժամ անց ոստիկանը մտնում է կարգազանցի մոտ եւ ասում.

-Բախտդ բերել է, շեֆը հիմա իր աղջկա հարսանիքում է, երբ գա՝ տրամադրությունը լավ կլինի:

-Հույս չունենաս, ես փեսացուն եմ:

***

Մոտոցիկլավարը, որը սլանում էր մեծ արագությամբ, հանկարծ նկատում է ուղիղ դեպի իրեն թռչող ճնճղուկին: Նա սեղմում է արգելակները, ամեն կերպ ջանալով խույս տալ «ընդհարումից», եւ, այնուամենայնիվ, ճնճղուկը զարնվում է սաղավարտին ու մի քիչ այնկողմ ընկնում գետնին: Մոտոցիկլի վարորդը խղճաց թշվառ թռչնակին: Մի կերպ գտնելով գետնին ընկած թռչնակին, վերցրեց, հասցրեց տուն, տեղավորեց վանդակում, առջեւը դրեց մի աման ջուր, հացի փշրանքներ, որից հետո գնաց քնելու: Առավոտյան կողմ ճնճղուկը ուշքի եկավ, աչք ածեց չորս կողմը եւ.

-Որտե՞ղ եմ ես… Այդպես, այդպես. երկաթաճաղեր, ջրաման… Ի՞նչ սարսափելի է: Ես սպանել եմ մոտոցիկլի վարորդին:

***

Ավտոտեսուչը կանգնեցնում է վարորդին եւ հարցնում.

-Դեղարկղ ունե՞ք:

-Ոչ, բայց բուժքույրը ինձ հետ է:

***

Օդեսա: Խաչմերուկում կանգ է առնում «ժիգուլին»: Երեք հոգի մոտենում են վարորդին.

-Է՛յ, դուրս կորիր այդ գողացված մեքենայից:

-Ի՞նչ եք ասում, մուժիկներ, սա իմ մեքենան է:

-Ճիշտ է, քոնն էր: Իսկ հիմա գողացված է:

Թարգմանություն ”2005 СВЕЖИХ АНЕКДОТОВ. НОВЫЕ АНЕКДОТЫ ДЛЯ ТРЕЗВОЙ КОМПАНИИ”  գրքից / Թարգմանեց Հ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

——————————————————————————————-

ПОПОЛЗЕМ?

Мой путь – он мой,
Прямой, кривой – такой!
Со скрежетом мозгов,
Закусанной губой,
Мой друг, мой враг.
Я знаю почему –
С Гадрутом все не так.
Прогнило?
Что же?
На земле героев?
Мораль не в чести,
Другой правит закон:
“Урви побольше, или…
на поклон.”
Себя прекрасно чувствуют рвачи:
“Всегда мы будем силачи.”
Так что, смирись, о женщина,
Ползи,
Ужам тепло и сыро,
А орлы…
Нет.
Неуемны.
Умеющих летать
Ведь ползать не научишь,
И изворотливость
Самих вас погубит.
А мой Пегас – он все-таки
Парит!
Мой путь – он мой,
И он не кончен,
Я иду,
Иду в поту,
Я – загнанная лошадь,
Навьюченный осел,
Со всеми тяготами:
Болью и войной…
О, брат простой,
а земле родной,
Ты платишь, ты,
За все грехи
“назначенных”, “неизбранных” –
Тобою.
“Ну, голосуй, народ!”
И если в этот раз,
Наш голос не дойдет
В палаты – бункеры,
Куда все десять лет
Вход был – билет
Со штампом: “Услужи!”
Тогда погибнем мы во лжи.
Я безбилетна,
Как и ты, мой Люд,
Вбираю воздух,
Хочу еще свободно
Воспарить,
Вздохнуть,
Кусками разорвавшегося
Сердца.
Мой путь: “Я верю.
Верю вновь.
Народ и Родина
Мой кров.”
Нелли КАСПАРОВА
Гадрут

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s