ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ԸՆԹԵՐՑՈՂՆ Է ԵՂԵԼ

Լրագրությունում կա այսպիսի չգրված օրենք՝ նյութի հերոսը ոչ թե նա պիտի լինի, ում մասին գրվում է և ոչ էլ ինքը՝ նյութը պատրաստող լրագրողը։ Ոչ, ցանկացած նյութի գլխավոր հերոսը պիտի լինի ընթերցողը, հեռուստադիտողը կամ ռադիոունկնդիրը։ Մեր աշխատանքի հինգ տարիների ընթացքում «Դեմո»-ի բոլոր նյութերի գլխավոր հերոսն, ըստ իս, հենց ընթերցողն է եղել՝ Ավետարանոց գյուղի բնակիչ Արաքսյա տատիկից մինչև որեւէ չինովնիկ։ Մեր նյութերի կիզակետում միշտ էլ եղել են մարդն ու իր հոգսերը, և դա էր հենց հանրային թերթի հիմնական առաքելությունը։ Հինգ տարվա ընթացքում ես ականատեսն եմ եղել այն բանի, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ եկել մեզ մոտ՝ արտահայտվելու, որովհետև “լսված լինելու” ուրիշ տեղ ուղղակի չկար…

Մեզ տարբեր կերպ են անվանել՝ ընդդիմադիր թերթ, արևմտամետ, նեգատիվ և այլն։ Բայց մեզ՝ թերթում աշխատողներիս համար, անիմաստ էր արդարանալը, որովհետև մեր լրագրողական խիղճը մաքուր էր. մենք միայն մի պատվեր ենք կատարել՝ հանրության պատվերը, հասարակ մարդու պատվերը։ Դրա պերճախոս վկայությունը թերթի արխիվն է։ Անցած հինգ տարում մեր համարները թերթելու դեպքում կարելի է տեսնել մեր երկրի ողջ կյանքը՝ իր նվաճումներով ու հիմնախնդիրներով, ապագայի նկատմամբ սրտացավությամբ և անցյալի հանդեպ ակնածանքով։ Կտեսնեք այն, ինչով մենք տարբերվել ենք այլ լրատվամիջոցներից՝ մենք չենք եղել երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի կամ այլ պաշտոնյայի գործունեության ժամանակագիրը։ Մենք եղել ենք թերթ, որի դռներն ու էջերը միշտ էլ բաց են եղել յուրաքանչյուրի, ամենաշարքային մարդու առաջ։

Ափսոս, իհարկե, որ ղարաբաղյան լրատվամիջոցների համապատկերը զրկվում է «Դեմո»-ից՝ ԼՂՀ-ում այլընտրանքային տեղեկատվության գրեթե միակ աղբյուրից։ Բայց, ինչպես ասում են, կան քարերը նետելու և քարերը ժողովելու ժամանակներ։ Մեզ բոլորիս համար «Դեմո»-ում աշխատելը եղել է շատ կարևոր մի փորձ՝ ազատ լրագրության փորձ, որտեղ չկան թույլատրելիի և համընդունելիի սահմաններ։ Եւ թերթի այս վերջին համարում կցանկանայի երախտագիտություն հայտնել «Դեմո»-ի լրագրողների ողջ թիմին, մեր արտահաստիքային հեղինակներին, ովքեր հինգ տարի շարունակ հանդիսանում էին թերթի դեմքը, եւ, իհարկե, մեր բոլոր գլխավոր հերոսներին՝ մեր ընթերցողներին։

Շնորհակալություն ձեզ, և թող Նոր տարին բոլորիս բերի նոր հույսեր, սոցիալական հաջողություններ, քաղաքական կայունություն, խաղաղություն և անձնական երջանկություն։

Կարինե ՕՀԱՆՅԱՆ

About vanmarut

Marut Vanian
This entry was posted in Դեմո. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s